Հայաստան

2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան
 |armtimes.com|

2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: 2021-ին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ 3 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը, արդեն իսկ ունեին ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրեր Սերբիայի հետ, եւ այս բազմակողմ համաձայանագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս միանալով արտոնյալ ռեժիմին՝ առեւտրի մասով մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Սերբիայի տնտեսական տարածքում»,- ասաց նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ մյուս առանձնահատկությունն այն է, որ այդ միացման գործընթացում ունեցել են որոշակի քվոտային առանձնահատուկ կարգավորումների հնարավորություն. «Այդտեղ մեզ համար առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը»: Նախարարը նշեց, որ խոսքն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի համար արտահանման պայմաններն են:     
17:28 - 05 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել

 |armenpress.am|

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2020թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, սակայն չի կրճատվել ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեր ապրանքաշրջանառության նկատմամբ ուներ առաջանցիկ աճ: Եթե 2019թ. ընթացքում ընդհանուր առմամբ մեր ապրանքաշրջանառությունն աճել էր 10,4%-ով, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել էր 15,1%-ով: Այս տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր 8 ամիսների վիճակագրությամբ` պատկերն ավելի բարվոք է: Եթե մենք այդ 8 ամիսների կտրվածքով ունեցել ենք ապրանքաշրջանառության 10,2%-ով կրճատում, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մենք չենք ունեցել կրճատում»,- ասաց Խաչատրյանը:      
17:24 - 05 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «2021թ. ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Սերբիայի միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ` ՌԴ, Բելառուս, Ղազախստան, արդեն ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր: Այս բազմակողմ համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին` միանալով արտոնյալ ռեժիմին, ստեղծել մեզ համար Սերբիայի տնտեսական տարածքում առևտրի ավելի բարենպաստ պայմաններ: Ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ-ի ու Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է նաև այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի: «Կան մի շարք երկրներ` Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որոնց հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները կունենան ընթացք և շոշափելի առաջընթաց»,- նշեց նախարարը: 2021 թվականին նախատեսվում է սկսել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները:
16:42 - 05 նոյեմբերի, 2020
Հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու դեպքի առթիվ

2020 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի XXIX նստաշրջանի բանաձևով հաստատված ագրեսիվ ռազմական գործողությունների արգելքը, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը՝ ոչ ընտրովի հարձակման օբյետներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները:  Մասնավորապես՝ ոտնձգելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ Ադրբեջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքեր են կիրառել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր, Շատջրեք, Մեծ Մասրիկ և Ակունք բնակավայրերում: Դրանք հայտնաբերվել և ոչնչացվել են ՀՀ զինված ուժերի կողմից: Դեպքի առթիվ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝
16:37 - 05 նոյեմբերի, 2020
ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն 3 երկիր դեռ պաշտոնապես չի տեղեկացրել Բրյուսելին. Ադոնց
 |1lurer.am|

ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, սակայն 3 երկիր դեռ պաշտոնապես չի տեղեկացրել Բրյուսելին. Ադոնց |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության անդամ 27 երկրները վավերացրել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, վավերացման գործընթացը, կարծես, ավարտվել է: Այդ մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:  «Սակայն կան դեռ երեքը՝ Իսպանիան, Իտալիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանը վավերացման գործընթացի ավարտի մասին: Դա տեխնիկական է, ֆորմալ է, այսինքն՝ կա վավերացված փաստաթուղթը, բայց դրա մասին պետք է պաշտոնապես տեղեկացվի Բրյուսելին, որի արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է: Դրանից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կսկսի կիրարկվել: Այժմ իրականացվում է փաստաթղթի միայն 80 տոկոսը»,- ասաց Ադոնցը:
14:34 - 05 նոյեմբերի, 2020
Վերջ դնել Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը. Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների նամակը Մակրոնին

Վերջ դնել Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը. Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների նամակը Մակրոնին

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի անդամները նամակ են հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիան տեղեկացնում է, որ շրջանավարտների համայնքը խնդրում է նախագահ Մակրոնին օգտագործել իր կառավարության տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ռազմական գործողություններին և Թուրքիայի ագրեսիվ միջամտությանը վերջ դնելու համար: Ասոցիացիան խնդրում է հետևել, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ ահաբեկչական խմբավորումների հավաքագրմամբ զբաղվող պետությունների դեմ կիրառվեն միջազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները: Այդ թվում խախտումներ, որոնք սակայն չեն սահմանափակվում, ռազմագերիների խոշտանգումներով և սպանություններով, զոհված զինվորների ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով, քաղաքացիական թիրախների` մասնավորապես դպրոցների ու հիվանդանոցների զանգվածային ռմբակոծություններով, արգելված զինամթերքի օգտագործմամբ:  Խնդրում է նաև դիտարկել անջատում հանուն փրկության հիմքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որպես կյանքի հիմնարար իրավունքն ապահովելու միակ հնարավոր երաշխիք: «Պարոն Նախագահ, ցանկանում ենք հայտնել Ձեզ մեր խորին ցավակցությունը Ֆրանսիան պատուհասած ահաբեկչությունների կապակցությամբ: Մտքերով մենք զոհերի հարազատների և մեր սիրելի Ֆրանսիայի ժողովրդի հետ են:  Վստահ լինելով ձեր հանձնառության մեջ՝ խնդրում ենք ընդունել, պարոն Նախագահ, մեր հարգանաց հավաստիքը»,-ասված է նամակում։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՈՒՖԱՌ) շրջանավարտները նշում են, որ կրթվել են Ֆրանսիայի կողմից, որը ՈՒՖԱՌ-ի միջոցով իր ներդրումն է ունենում հայ երիտասարդության ուսումնառության մեջ: Նույն երիտասարդության, որն այսօր սպանվում Ադրբեջանի կողմից: «2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ հայերը բախվում են Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած աննախադեպ ագրեսիայի: Սույն հարձակումը տեղի է ունենում Covid-19 համավարակի համատեքստում, մինչդեռ Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ էր արել աշխարհում համընհանուր զինադադար հաստատել: Այս պատերազմն ուղեկցվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով. ադրբեջանական ուժերը միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական հաստատություններ, մասնավորապես դպրոցներ ու հիվանդանոցներ, միևնույն ժամանակ օգտագործելով միջազգային օրենքով արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային և ֆոսֆորային զինամթերք: Սույն պատերազմը հղի է ժողովրդագրական, տնտեսական և առողջապահական ճգնաժամի, ինչպես նաև զանգվածային արտագաղթի հետևանքներով: Մինչ օրս մեր հազար հարյուր յոթանասունյոթ հայրենակից, այդ թվում՝ ՈՒՖԱՌ-ի համայնքի չորս երիտասարդ ներկայացուցիչ, հերոսաբար ընկել են մարտական գործողություններում: Պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում արդեն կա քառասունվեց զոհ և հարյուր քառասունմեկ վիրավոր: Վերոգրյալ աղետալի թվերին ավելանում են նաև Ղարաբաղի ավելի քան յոթանասուն դպրոցական հաստատությունների ռմբակոծության արդյունքում ներկայումս կրթության իրավունքից զրկված քսանչորս հազար երեխաները: Պարոն Նախագահ, դուք առաջին օտարերկրյա ղեկավարն եք, ով դատապարտեց այս հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների ներգրավվածությունը և մատնանշեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից կատարած առաջին հարվածների անհիմն լինելը: Օգտվելով առիթից, շնորհակալություն ենք հայտնում փաստերի վրա հիմնված այս ճշմարտությունները բարձրաձայնելու համար: Հիրավի, Հայաստանի և Ղարաբաղի խաղաղ բնակչությունը մտադրություն չուներ պատերազմելու և ամենևին չի ցանկանում այն շարունակել: Մենք միայն մեկ բան ենք ցանկանում` խաղաղ ապրել և արարել մեր նախնիների հողում: Ցավոք, Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիվ ձեռք բերված երեք զինադադարները խախտած ագրեսորը մերժում է ցանկացած խաղաղ կարգավորում, և իր հարձակումները համատեղում է հայերի հանդեպ ատելության կոչերով»,-ասված է նամակում: Համալսարանի շրջանավարտները հիշեցնում են, որ 1915 թ.-ին, երբ սարսափելի հանցագործություն կատարվեց մեր ժողովրդի դեմ, Ֆրանսիան հյուրընկալեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին: Նրանք չեն մոռանում ֆրանսիական նավատորմի կողմից Մուսա լեռան վրա հիսուներեք օր հանգրվանած չորս հազար ինսուներկու հայերի փրկությունը: Չենք մոռանում նաև, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո, Ֆրանսիան Շառլ Ազնավուրի հետ միասին մոբիլիզացվեց` օգնության ձեռք մեկնելու աղետի գոտու բնակչությանը: Նշվում է, որ այս բոլոր դրվագները նշանավորեցին երկու ժողովուրդների հարաբերությունների պատմությունը և, կարծում են, որ այժմ հայ-ֆրանսիական բարեկամության նոր էջ է գրվում: Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները և Ֆրանսիայի հայերն արդեն իսկ մարդասիրական օգնություն են տրամադրում հակամարտությունից տուժած բնակչությանը, և մամուլում հայտարարվել է կառավարության կողմից նախապատրաստվող օգնության մասին: Շրջանավարատները շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր մոբիլիզացված են այս կարևոր աշխատանքի համար:
12:37 - 05 նոյեմբերի, 2020
Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

Հայաստանը բարեկամների պակաս չունի աշխարհում. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս չունի: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին վստհեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց. «Եթե ավելի շատ գումարներ ծախսեինք դիվանագիտության վրա, այսօր միգուցե ավելի շա՞տ դաշնակիցներ ունենայինք մեր կողքին, որոնք նույնիսկ պատրաստ կլինեին արյուն թափել մեր կողքին: Կարծում եք՝ դա կարո՞ղ էր, արդյոք, լինել, թե ոչ»: Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց՝ ինքն այդպես չէր թերագնահատի Հայաստանի աշխատաքաղաքական դիրքերը միջազգային հարաբերություններում, նաև չէր էլ գերագնահատի: Անդրադառնալով ռեսուրսներին՝ նշեց. «Ուղղակի գումարը բավարար չէ: Եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարվում և իրական ծրագրված կարողությունների ամրապնդման նպատակ չի հետապնդում, այդ գումարները կարող են որևէ որակական փոփոխություն չտալ: Մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի արտաքին գերատեսչության բյուջետային սնումը եղել է շատ խնայողական»: ԱԳ նախարարը, սակայն, նշեց, որ այս կառավարությունում, վարչապետի շատ հստակ մոտեցումների շնորհիվ հնարավորություն է տրվել իրականացնել հենց վերոնշյալ նպատակը: «Ոչ թե ուղղակի խոսել ֆինանսներից, այլ խոսել ֆինանսներից, որոնք նպատակային են, իաստ ունեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորման մեջ՝ ամրապնդելու ինստիտուցիոնալ կարողությունները»,- ասաց Մնացականյանը: Նախարարը նաև չհամաձայնեց պատգամավորի հետ այն առումով, թե Հայաստանն աշխարհում բարեկամների պակաս ունի: «Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Մենք շատ հստակ ենք մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձևավորման տրամաբանության առումով: Այդ տրամաբանությունը կառուցված է մեր ազգային շահերի հետապնդման գերակա նպատակի վրա: Մեր ազգային անվտանգության ճատարապետությունը կառուցված է շատ գիտակցաբար»,- ասաց Մնացականյանը:
12:08 - 05 նոյեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվեցողության նորմերը

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվեցողության նորմերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքում հետևել միջազգային նորմերին: Ստրասբուրգյան դատարանի համապատասխան հայտարարությունը ստացվել է ТАСС գործակալության փարիզյան ներկայացուցչությունում:Դատարանն ընդգծել է, որ «շատ դիմումներ է ստացել որոշ գերիների վերաբերյալ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Ատյանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկություն տրամադրել՝ արդյոք այդ անձինք գերեվարվել են: «Եթե այդպես է, ապա դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք պահվում, անցնո՞ւմ են արդյոք բուժզննում կամ բուժում»,- ասվում է դատարանի հաղորդագրությունում։ Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյության մասին և կոչ է անում կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերի: ՄԻԵԴ-ը մտադիր չէ նոր որոշումներ կայացնել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ անվտանգության միջոցառումների մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:  «Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները և հիմք չի տեսնում նոր միջանկյալ միջոցների համար», - նշվել է հաղորդագրության մեջ։ ՄԻԵԴ-ը հիշեցրել է նաև իր՝ կողմերին ուղղված կոչերի մասին, հրաժարվել ցանկացած միջոցառումներից, որոնք խախտում են քաղաքացիական անձանց իրավունքների մասին Կոնվենցիան: Դատարանը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը, ներառյալ Թուրքիան, պետք է հրաժարվեն գործողություններից, որոնք հակասում են նշված փաստաթղթի դրույթներին։ Նա նրանց կոչ է արել «կատարել այս Կոնվենցիայից բխող պարտավորությունները»: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
23:17 - 04 նոյեմբերի, 2020
Եվրոպական ուսանողական միությունը ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել |tert.am|

Եվրոպական ուսանողական միությունը ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել |tert.am|

tert.am: Եվրոպական ուսանողական միությունը միացել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային՝ եվրոպական հաստատություններին և ԵՄ երկրներին կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները դատապարտելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար․ այս մասին ասվում է եվրոպական ուսանողական միության պաշտոնական կայքում։Նշվում է, որ միության կառավարման խորհրդի 79-րդ ժողովի ընթացքում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան խորհրդի քննարկմանն է ներկայացրել հատուկ բանաձև, որում մասնավորապես ասվում է, որ չնայած մինչև այս ժողովրդավարության, բարեկեցության և կայունության հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ տարածաշրջանում կարելի է ականատես լինել արյունալի պատերազմի, որը խեղել է հազարավոր կյանքեր։«Մենք ցնցված ենք ռասիզմի և անհանդուրժողականության մասին Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած զեկույցից, որում ասվում է, որ Ադրբեջանի քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են ատելության խոսքեր օգտագործել հայերի նկատմամբ. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ ատելության այս հռետորաբանությունը լսելով է մեծացել: Հայաստանի հետ հաշտության հաստատման ուղղությամբ աշխատող իրավապաշտպաններն Ադրբեջանում վիճահարույց մեղադրանքներով ծանր բանտարկությունների են դատապարտվել»,- ասվում է բանաձևի տեքստում և ընդգծվում, որ Եվրոպական ինստիտուտների և երկրների կոչերն ու մինչև այժմ դրսևորած չեզոքությունն այժմ միայն տարածաշրջանում խաղաղության հաստատման թշնամիներն են։«Կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձերը և հարևանների հետ խաղաղ կյանքի, ինքնորոշման և խաղաղ համակեցության իրավունքով նրանց ապահովել»,-ասվում է բանաձևում։
15:27 - 04 նոյեմբերի, 2020
ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լրամշակումների մասին |1lurer.am|

ՌԴ փոխարտգործնախարարը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լրամշակումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ կան որոշակի լրամշակումներ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «Առայժմ կան միանգամայն որոշակի լրամշակումներ, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ներկայումս խոսքը հենց դրանց մասին է»,- հայտնել է Ռուդենկոն: ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը: «Մենք միանշանակ ելնում ենք նրանից, որ այս հակամարտությանը ռազմական կարգավորում չի կարող լինել: Լուծումը պետք է լինի միայն քաղաքական, համապարփակ՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Նա նաև ընդգծել է, որ դեռևս վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին: «Բանակցություններ են ընթանում փորձագետների մակարդակով: Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այլ բանի մասին խոսելը վաղ է»,- նշել է նա: Նրա խոսքով՝ Մոսկվան, ընդհանուր առմամբ, «նախընտրում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը չշահարկել»:
14:45 - 03 նոյեմբերի, 2020
ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավարևելյան և հարավային ուղղություններում

ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավարևելյան և հարավային ուղղություններում

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, ինչպես նաև 1 տանկ: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։ Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր: Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
09:22 - 03 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը խոսել է ԼՂ-ում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունների մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը խոսել է ԼՂ-ում կատարված հնարավոր ռազմական հանցագործությունների մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակավայրերի, դպրոցների և հիվանդանոցների վրա: Նա նշել է, որ հրետանային հարվածները Լեռնային Ղարաբաղում  ռազմական հանցագործություններ կարող են լինել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։  «Չնայած անցյալ ուրբաթ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված՝ քաղաքացիական բնակչությանը միտումնավոր չթիրախավորելու մասին համաձայնությանը՝ հանգստյան օրերին հաղորդվել է բնակեցված տարածքների ուղղությամբ հրետանային հարձակումների մասին»,- ասել է Միշել Բաչելետը՝ վկայակոչելով Ստեփանակերտի կենտրոնական շուկային և Թարթառ քաղաքին ուղղված հարվածները: «Չնայած սոցիալական ցանցերում շրջանառվում են բազմաթիվ կեղծ լուսանկարներ՝ լրատվական կազմակերպությունների՝ ադրբեջանական զորքերի կողմից զինվորական համազգեստով երկու հայ գերիներին մահապատժի ենթարկելու հոլովակների խորը հետաքննությունը բացահայտեց համոզիչ և խորապես անհանգստացնող տեղեկատվություններ»,- ասել է Բաչելետը հայտարարության մեջ՝ նշելով, որ դա Ժնևի կոնվենցիաների համաձայն կարող է ռազմական հանցագործություն լինել:
22:23 - 02 նոյեմբերի, 2020
Ցեղասպանագետները կոչ են անում միջազգային կառույցներին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները

 |armenpress.am|

Ցեղասպանագետները կոչ են անում միջազգային կառույցներին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները |armenpress.am|

armenpress.am: «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրատապ ահազանգ նամակով դիմել է ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատող ավելի քան 150 միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանին և Թուրքիային ՝ Արցախի բնակչության դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների համար: «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նամակը ստորագրել են ավելի քան 26 երկրների ավելի քան 50 կազմակերպություններ և անհատներ:   «Այս նամակը հրատապ ահազանգ է բոլոր այն միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդկության դեմ գործած ամենազազրելի հանցագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար։   Այսպիսով, մենք մասնավորապես հորդորում ենք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. բացահայտել և դատապարտել Ադրբեջանի պատերազմական հանցագործություններն ու ցեղասպան գործողությունները ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության դեմ, ճնշում գործադրել ամբողջ աշխարհի կառավարությունների և ընկերությունների վրա՝ դադարեցնելու համար Թուրքիային և Ադրբեջանին արգելված զենքեր տրամադրելը, որոնք բազմիցս օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, դատապարտել Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչների տեղափոխումը տարածաշրջան ՝ այն դարձնելով միջազգային ահաբեկչության նոր հանգույց և, մասնավորապես, դրանց օգտագործումը Արցախի հայերի դեմ, համագործակցել մարդասիրական ոլորտներում և ապահովել, որ Արցախում հարգվեն քաղաքացիական անձանց հիմնական իրավունքները (առողջապահություն, կրթություն և այլն)։ Ոչ ոք չի կարող իրեն ապահովագրված զգալ այն սարսափներից, որ վերապրում և ապրում են այսօր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչները, եթե այսօր իսկ որոշում չընդունենք, եթե այսօր իսկ չասենք «այլևս երբեք»՝ ապա գուցե առաջիկայում ականատես կլինենք  երկրորդ Հայոց ցեղասպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ: «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ ընդգծվում է, որ  աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանությունը պետք է ընկալվի որպես ողջ միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ որպես յուրաքանչյուրիս, այնպես էլ ողջ մարդկության պատասխանատվություն:  
19:36 - 02 նոյեմբերի, 2020