Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Քրեական գործեր, կասկածելի գործարքներ և խախտումներ՝ Նորքի սրտաբանականում
 |hetq.am|

Քրեական գործեր, կասկածելի գործարքներ և խախտումներ՝ Նորքի սրտաբանականում |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որն առավել հայտնի է «Նորքի սրտաբանական» անվամբ, մի շարք կասկածելի գործարքներ են իրականացվել։ «Հետք»-ն ուսումնասիրել է բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտները, ԲԿ-ում պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունը և ԲԿ-ի կարիքների համար արված գնումները, որոնց մի մասն իրականացվել է առանց գնման ընթացակարգերի՝ «զանգերով»։ Հիմնական բացահայտումները՝ 66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում։ Անգործության հետևանքով ԲԿ-ի բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ։ ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը եւ զանգով պատվերներ կատարում։ ԲԿ-ն վնասով է աշխատել։ 2 քրեական գործ՝ ԲԿ-ի գործունեության վերաբերյալ։   66 միլիոն դրամով գնված սարքավարումը չեն օգտագործում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2020 թ.-ի մարտի 20-ին վիրահատական համակարգ ձեռք բերելու նպատակով բաց մրցույթ է հայտարարել։ Մոտ 2 շաբաթ անց՝ ապրիլի 8-ին, արդեն պայմանագիր է կնքել մրցույթի հաղթող «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊ ընկերությունը 66 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով պարտավորվել է բժշկական կենտրոնին մատակարարել «Ackermann Instrumente GmbH» ընկերության արտադրության վիրահատական համակարգ, որը նախատեսված է ընդհանուր լապարասկոպիկ, կրծքավանդակի և սրտային վիրահատությունների համար: Ըստ պայմանագրի, համակարգի բոլոր բաղկացուցիչ մասերը և պարագաները պետք է լինեն նույն արտադրողինը: Այս մրցույթի հապճեպ անցկացումը երևում է մրցույթի փաթեթի փաստաթղթերից։ Ապրիլի 6-ին միակ մասնակից «Մեդ քեփիթլ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, ապրիլի 7-ին ՍՊԸ-ին առաջարկվել է պայմանագիր կնքել, ապրիլի 8-ին ՍՊԸ-ն կնքված պայամնագիրը մուտք է արել «Նորք-Մարաշ» ԲԿ, նույն օրը ԲԿ-ն է ստորագրել պայմանագիրը։ «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն 2019 թ.-ին հիմնադրել է Լիլիթ Քոչարյանը, սակայն վերը նշված գործարքից առաջ ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Յանա Բազիկյանը։ 66 մլն դրամ արժողությամբ պայմանագրի կնքումից հետո՝ 2021 թ.-ին, Յանա Բազիկյանը դուրս է եկել ընկերությունից՝ 100 % բաժնեմասը փոխանցելով ընկերության տնօրեն Աննա Բալայանին։ «Նորք Մարաշ» ԲԿ-ն, ձեռք բերելով 66 միլիոն դրամ կամ ներկայիս փոխարժեքով` 162 հազար ԱՄՆ դոլար արժեցող սարքը, մինչ օրս որևէ վիրահատություն չի իրականացրել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե իբր նախատեսվել էր թանկարժեք այդ սարքը շահագործել արտասահմանից ժամանած վիրաբույժների միջամտությամբ, որոնց հետ վաղուց բանակցություններ էին վարվել։ «Սակայն Covid 19-ով պայմանավորված՝ համաշխարհային պանդեմիայի ընթացքում, այնուհետև պանդեմիային հաջորդած պատերազմական և հետպատերազմական շրջանում բժիշկները չեղարկել են իրենց այցը Հայաստան՝ տեղաշարժման սահմանափակումների պատճառով»,- փոխանցել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այս պարզաբանումը կարելի էր տրամաբանական համարել, եթե չտեսնեինք մրցույթի անցկացման ժամանակագրությունը։ Սարքավորման ձեռքբերման մասին ԲԿ-ն հայտարարել է 2020 թ.-ի մարտի 20-ին, երբ Հայաստանում արդեն տարածվել էր կորոնավիրուսային համավարակը և կար հաստատված 136 դեպք։ Այսինքն` մրցույթը հայտարարելիս արդեն հայտնի էր, որ բազմաթիվ երկրներ փակել են իրենց սահմանները, կարանտին հայտարարել և հայտնի էլ չէ, թե երբ է հնարավոր վերադառնալ նախկին կյանքին՝ առանց տեղաշարժի սահմանափակումների։ «Նորք Մարաշ» ԲԿ-նարդեն 2 տարի «քնեցրել է» անգործության է մատնել թանկարժեք սարքը ՝ գնում կատարելով մի ընկերությունից, որի բաժնետերը այդ գործարքին նախորդող ժամանակահատվածում փոփոխվել է, իսկ գործարքն իրականացնելուց հետո՝ դուրս եկել ընկերությունից։  30 միլիոն դրամի բռնագանձումը չի կատարվել Պետական վերահսկողական ծառայությունը 2020 թ.-ին ուսումնասիրել է Նորք Մարաշ ԲԿ-ի գնումներից մեկը և առկա խախտումների մասին գրավոր տեղեկացրել Երևանի քաղաքապետին (այդ ժամանակ Երևանի քաղաքապետը Հայ Մարությանն էր)։  Ուսումնասիրության համաձայն, ԲԿ-ի կարիքների համար հայտարարված մրցույթներից մեկում հաղթող ճանաչված «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ 2020 թ.-ի մարտի 13-ին 27 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքվել։ ՍՊԸ-ն պետք է բժշկական կենտրոնին մատակարեր «Medtronic» և «Abbott» ընկերությունների արտադրած դեղապատ ստենտներ։ Պայմանագրի հավելվածի համաձայն, մատակարարը պատվիրատուին պետք է ներկայացներ ստենտներն արտադրող ընկերության տրամադրած երաշխիքային նամակը։ Պայմանագրի կնքումից հետո, երբ ԲԿ-ն ունեցել է համապատասխան ֆինասական միջոցներ, ընկերության հետ կնքել է համաձայնագիր։ Դրա հիման վրա «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն մատակարարել է պահանջված ստենտների առաջին խմբաքանակը՝ ԲԿ-ին ներկայացնելով ընդամենը մի փաստաթուղթ ապրանքների ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ։ Մինչդեռ պայմանագրի համաձայն, մատակարարը պարտավոր էր երաշխիքային նամակ ներկայացնել, ոչ թե մատակարարման աղբյուրի մասին փաստաթուղթ։ ԲԿ-ն մատակարարին գրավոր հայտնել է, որ չի կարող ընդունել ապրանքները։ Նույն պատմությունը մեկ անգամ էլ է կրկնվել, մատակարարը կրկին երաշխիքային նամակի փոխարեն նախկինում ներկայացրած՝ ապրանքի ձեռքբերման աղբյուրի մասին փաստաթուղթ է տրամադրել։ ԲԿ-ն 3 օր ժամանակ է տվել մատակարարին երաշխիքային նամակը ներկայացնելու համար: Այն այդպես էլ չի ներկայացվել։ Դրանից հետո մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն 2020 թ.-ի հունիսի 26-ին դիմել է բժշկական կենտրոնին և խնդրել լուծել պայմանագիրը՝ մատակարարման համար անհաղթահարելի խոչընդոտների առկայության հիմքով։ ՍՊԸ-ն անհաղթահարելի խոչընդոտները բացատրել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված լոգիստիկ խնդիրներով։ Պետական վերահսկողական ծառայությունը համարել է, որ երբ մատակարարը չի ներկայացրել երաշխիքային նամակը, ԲԿ-ն պետք է միակողմանի լուծեր պայմանագիրը։ Բացի այդ, մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ից պետք գանձեր պայմանագրի ապահովման գումարը՝ 2.75 միլիոն դրամ, որակավորման ապահովման գումարը՝ 27.5 միլիոն դրամ և հաշվարկեր ու գանձեր 137 հազար դրամ տուգանք։ Ավելին, բժշկական կենտրոնը մատակարարին գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց «սև ցուցակ» ներառելու նպատակով պետք է դիմեր Ֆինանսների նախարարություն, ինչը նույնպես չի կատարել։  ՊՎԾ-ն արձանագրել է, որ «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնն անգործություն է ցուցաբերել, որի հետևանքով, հօգուտ ԲԿ-ի չի գանձվել 30 միլիոն 287 հազար դրամ։ Պետական վերահսկողական ծառայությունն, այդուհանդերձ, Երևանի քաղաքապետին ընդամենն առաջարկել է ԲԿ-ի՝ իրենց պարտականություններում թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ կիրառել։  Երևանի քաղաքապետարանը նշված գործարքի վերաբերյալ ներքին աուդիտ է իրականացրել և բավարարվել է ԲԿ-ի տնօրենի բացատրությամբ, որ արտակարգ դրության պայմաններում չէր կարող այլ գործողություններ կատարել։ Տեխնիկական բնութագրերը խտրական ձեւով են կազմվել 2021 թ.-ին Երևանի քաղաքապետարարանն ուսումնասիրել է իր ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» ԲԿ-ի բաց մրցույթներից մեկը և կոպիտ խախտումներ հայտնաբերել։ 13 չափաբաժնից բաղկացած բաց մրցույթում ԲԿ-ի համար պահանջվող ապրանքների տեխնիկական բնութագրերը կազմվել են ոչ մրցակցային և խտրական ձեւով, քանի որ բոլոր ապրանքների դեպքում առկա են եղել հղումներ կոնկրետ ընկերության անվանման և առևտրային նշանի։  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի ուսումնասիրության եզրակացության մեջ նշված է, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի պատասխանատու ստորաբաժանումները գնման հայտը նախագծելիս կոպտորեն խախտել են «Գնումների մասին» օրենքի պահանջները՝ տեխնիկական բնութագրերում հղում են կատարել կոնկրետ ընկերությունների և ապրանքային նշանների։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:37 - 24 հունիսի, 2022
Ժամանակավորապես կփակվի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը

Ժամանակավորապես կփակվի «Լամբադա» տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պողոտա-Ազատության պողոտա ուղղությունը

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) - Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը: Քաղաքապետարանը հիշեցնում է, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:40 - 23 հունիսի, 2022
Հրազդանի կիրճում հողազանգվածի սահքի հետևանքով փակված ճանապարհը արդեն երկկողմանի բաց է

Հրազդանի կիրճում հողազանգվածի սահքի հետևանքով փակված ճանապարհը արդեն երկկողմանի բաց է

Հունիսի 22-ին` ժամը 23:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում. հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված, ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ Հրազդանի կիրճում տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ»,- ասվում է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ավելւի ուշ ԱԻՆ-ը թարմացում է հրապարակել՝ նշելով, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ «Տեղական ինքնակառավարման մարմինները և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինժեներական տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրվել է․ ժամը 03։30-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է»,- նշել են գերատեսչությունից: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:22 - 23 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին:   Կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի դերը՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ վերջինները պետք է մշտական կապի մեջ լինեն բնակիչների հետ ու տեղերում հասկանան առկա խնդիրները: «Քաղաքում նախաձեռնված լայնածավալ նախագծերին զուգահեռ՝ վարչական շրջաններից յուրաքանչյուրն էլ իր հերթին է ծրագրեր իրականացնում: Շատ կարևոր է, որ դուք մշտական շրջայցերի ընթացքում տեղերում ծանոթանաք վարչական շրջանների խնդիրներին, ու բնակիչների հետ միասին կարողանանք գտնել արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետը:   Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:   Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրեն Ղամբարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:
19:00 - 22 հունիսի, 2022
Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

 |armenpress.am|

Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և թվով 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար: Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման տասը տարին լրանում է այս տարի, և տեխնիկական խնդիրները լուծելու համար  Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան: «Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և  մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին  87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երևանում:  
17:32 - 21 հունիսի, 2022
Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը սեփականության իրավունքով կտրամադրվի Մալխաս Ամոյանին

 |armenpress.am|

Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը սեփականության իրավունքով կտրամադրվի Մալխաս Ամոյանին |armenpress.am|

armenpress.am: Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.4՝ 92.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունա-հռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին: Որոշումը քվեարկության դրվեց Երևանի ավագանու նիստում: Որոշման նախագծի համաձայն` Մալխաս Ամոյանը իր ծնողների, եղբոր և քրոջ հետ բնակվում է Քրիստափորի փողոցի հ. 154/2 հասցեում գտնվող 67.7ք.մ. մակերեսով տանը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Մալխաս Ամոյանի անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը լրացուցիչ խթան և ոգևորող հանգամանք կլինի անվանի մարզիկի համար մեր երկիրը հետագա առաջնություններում ներկայացնելու ընթացքում: Մալխաս Բիմբաշի Ամոյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երևան քաղաքում: 2015–2022թթ. ընթացքում դարձել է բազմաթիվ առաջնությունների հաղթող և մեդալակիր, 2022 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Մալխաս Ամոյանի վերջին ամենակարևոր նվաճումներն են 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալները: Որոշման նախագիծն ընդունվեց միաձայն:  
15:56 - 21 հունիսի, 2022
Երևանի 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ

 |armenpress.am|

Երևանի 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ |armenpress.am|

armenpress.am: «Երևանի հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ՝ «Երևանի Գևորգ Արշակյանի անվան հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստում: «Երևանի հ.22 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշավիրի Արշակյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է դպրոցի տնօրինության կողմից: Հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական և կառավարման խորհուրդների կողմից: Գևորգ Արշակյանը Մատաղիսում զինվորական ծառայությունն ավարտել է 2020թ. օգոստոսին, ստացել ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել: 44-օրյա պատերազմի լուրն ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս, իսկ նահանջից հետո երկու շաբաթ գտնվել է Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, բուժվելուց հետո նորից վերադարձել է Ալաշան: Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է: Գևորգ Արշակյանը հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապահովման գործում նշանակալի ավանդ է ներդրել, ինչի համար Արցախի Հանրապետության նախագահի 2021թ. փետրվարի 17-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչի» առաջին աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի 2021թ. մայիսի 12-ի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
15:41 - 21 հունիսի, 2022
Դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս. Սուրեն Ղամբարյան

Դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս. Սուրեն Ղամբարյան

Նոր Նորքի ղեկավար Սուրեն Ղամբարյանը հայտնել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի՛ Նոր Նորքի բնակիչներ, հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից դադարեցնում եմ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Պարտքս և պատիվս եմ համարում հայտնել ձեզ, որ պաշտոնավարման ընթացքում սիրով ու նվիրումով եմ կատարել իմ աշխատանքը, ձգտել եմ հնարավոր բոլոր միջոցներով անել ամեն ինչ՝ այլևս ինձ հարազատ դարձած վարչական շրջանում առկա խնդիրները լուծելու, այն ավելի բարեկարգ և ապրելու պայմաններն առավել հարմարավետ դարձնելու համար։ Սիրելի հայրենակիցներ, իմ առաջնային նպատակն եմ համարել հարկավոր պահին ձեզնից յուրաքանչյուրի կողքին գտնվելը, աջակցելը, ձեր հոգսերը թեթևացնելը, բոլորիս ջանքերի համատեղմամբ՝ փոխադարձ սիրո և ուշադրության միջավայրի ստեղծումը։ Իմ անկեղծ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ, որ պատրաստակամ և ջանադիր եղաք օր օրի համատեղ շենացնել մեր հարազատ Նոր Նորքը, մեր չքնաղ մայրաքաղաքի՝ ուրույն դիմագծով և կոլորիտով այս շրջանը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ վստահել էին այս պատվաբեր և բարձր պաշտոնը, հնարավորություն տվել ծառայելու ձեզ և վայելելու ձեր հարգանքն ու ջերմ վերաբերմունքը։Խորին շնորհակալությունս եմ հայտնում վարչական շրջանի բոլոր կրթօջախների աշխատակիցներին, իմ սիրելի աշխատակազմին՝ մեր ջանադիր և արդյունավետ համագործակցության համար։ Առողջություն և ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ։ Երջանիկ եղեք, սիրելիներս»,- գրել է Սուրեն Ղամբարյանը:
09:27 - 21 հունիսի, 2022
«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

news.am: Խողովակների փոխարինման միակ նորմալ կազմակերպողը ձեր կազմակերպությունն էր. ուզում էի հասկանալ՝ բա՞ն է փոխվել. Կիեւյան-Օրբելի խաչմերուկից ավազը բերած, լցրած է, վրեն ոչ մի ծածկ չկա ընդհանրապես, նշանները գետնին տապալված է, քամին էլ ավազը այս ու այն կողմ է տանում. ես երեկ երեկոյան եմ տեսել, ենթադրում եմ՝ ուրբաթ բերել, թողել են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Վեոլիա ջուր»-ի ներկայացուցչին: Վերջինս տեղեկացրել էր, որ մեկ շաբաթում գրանցվել է 505 վթար, քանդվել է 256 քմ ասֆալտ, որից 155-ը վերականգնվել է, մնացածը կվերականգնվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագրեր ՀԷՑ-ի «Վեոլիա Ջուր»-ի, «Գազպորմ Արմենիա»-ի և կապի հետ, որոնք վերաբերում են վթարա-վերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին: Նրա խոսքով՝ այդ պայմանագրերում գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի պահանջները և շինհրապարակի կահավորումը. «Պարոն քաղաքապե՛տ, ես խնդրում եմ ձեր հանձնարարականները, որպեսզի վարչական շրջանի ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պարտականություններն այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ»,-ասաց Արեյանը: Քաղաքապետի խորհրդականը հավելեց, որ պայմանագրի վերահսկողությունն վարչական շրջանների ղեկավարների վրա է, վարչական պատասխանատվություն կրում են շինարարական աշխատանքներ կատարողները, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավասությունը կրկին վարչական շրջանների ղեկավարներինն է: «Պետք է խիստ վերահսկողություն լինի մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Խնդրում եմ, որ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունն ևս ամբողջությամբ վերանայի իր աշխատանքները: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը»,-հայտարարեց Կամո Արեյանը:    
12:01 - 20 հունիսի, 2022
Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և հանձնվել շահագործման․ Քաղաքապետարան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և հանձնվել շահագործման․ Քաղաքապետարան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Այս մասին հայտնում է Երերանի քաղաքապետարանը։ Պաշտոնական հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորեւ․ «Հարգելի քաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով: Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով: Եվս մեկ անգամ հայցում ենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»։ Հիշեցնենք՝ ճանապարհատվածի փլուզման հետեւանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էր մայիսի 20-ից։
23:16 - 13 հունիսի, 2022
ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

ՀԿԵ-ն և Երևանի քաղաքապետարանը տոննաներով աղբ են հանել երկաթուղային գծերից

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մաքրման աշխատանքներ է կազմակերպել մայրաքաղաքի վարչական շրջաններով անցնող երկաթուղային գոտու աղբը հեռացնելու համար։ Քանաքեռ-Զեյթուն համայնքում երկաթուղային գծից և ճանապարհի երթևեկելի հատվածից տոննաներով աղբ է հանվել, ինչի համար ներգրավվել է ընկերության և քաղաքապետարանի հատուկ տեխնիկա։ Ալմաստ-Քանաքեռ գծի ոչ ակտիվ հատվածում աղբը թափում են քաղաքին հարակից խիտ բնակեցված տարածքների բնակիչները։ Աղբը այնտեղ է բերվել նաև բեռնատար ավտոմեքենաներով: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իր երախտագիտությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին երկաթուղային գծի մաքրման գործում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև հույս է հայտնում, որ քաղաքային իշխանությունները կվերահսկեն քաղաքային երկաթուղային գծերում առկա սանիտարական իրավիճակը: Ընկերությունը հույսը ունի նաև, որ երկաթուղային գծերի մոտ ապրող քաղաքացիները կլինեն բարեխղճ և կպահպանեն մաքրություն։
21:00 - 13 հունիսի, 2022