ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ և ԶՈւ ԳՇ նորանշանակ ղեկավարներին |azatutyun.am|

Վարչապետը ներկայացրել է ԱԱԾ և ԶՈւ ԳՇ նորանշանակ ղեկավարներին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին ներկայացրել է ԱԱԾ ղեկավար կազմին և սպայակազմին։ Ներկայացնելով Արգիշտի Քյարամյանին վարչապետը նշեց. «Ուզում եմ ընդգծել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց նաև պետք է արձանագրենք, որ մարտահրավերները և նրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու և բարեփոխվելու կարիք ունեն: Պարոն Քյարամյանի առաջ ես հենց այդ խնդիրն եմ դրել, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը ավելի էֆեկտիվ կարողանա արձագանքել այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում», - հայտարարեց վարչապետը: Վարչապետը նշեց, որ այս երկու տարին բավարար ժամանակ էր, որպեսզի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «դիրքավորվեին ժողովրդի իշխանության և նրա արժեքների նկատմամբ»: «Կարծում եմ՝ հիմա եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունն ով ինչպես է օգտագործել և այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելով ինձ համար կարևորագույն խնդիր է եղել հատկապես այնպիսի կառույցներում, ինչպիսին Ազգային անվտանգության ծառայությունն է, ուժային մարմիններն են, ապահովել համակարգերի կայունությունը», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը սպայական կազմին ներկայացնելով նորանշանակ ԶՈւ ԳՇ պետին՝ նշեց. «Ըստ էության կարող ենք ասել, որ զինվորականությունը որպես խավ կայացել է Հայաստանի Հանրապետությունում և զինվորականությունն այսօր մի մեծ ընտանիք է, որը մեր պետության ողնաշարի դերն է կատարում»: Վարչապետն իր ելույթում նաև հավելեց. «Զինված ուժերի նկատմամբ հանրային վերաբերմունքը, հարգանքը գտնվում է հնարավոր ամենաբարձր մակարդակի վրա, և մեր խնդիրն է Զինված ուժերում ծառայության իմիջը հավասարեցնել կամ առնվազն էականորեն մոտեցնել Զինված ուժերի իմիջին: Զինվորականությունը պետք է մշտապես զգա իր կյանքում փոփոխություն, իր աշխատանքային կայանքում, իր սոցիալական երաշխիքներում պետք է զգա փոփոխություն»: Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեցին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ: Ուժային այս կառույցների այլևս նախկին ղեկավարները՝ Արտակ Դավթյանը, Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը նախագահի այլ հրամանագրերով ազատվեցին պաշտոններից։
10:16 - 09 հունիսի, 2020
ԱԱԾ, ոստիկանության, ԳՇ նորանշանակ պետերի կենսագրությունները

ԱԱԾ, ոստիկանության, ԳՇ նորանշանակ պետերի կենսագրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է  Ոստիկանության պետ: Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանն էլ նշանակվել է ԱԱԾ տնօրեն: Համապատասխանաբար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ պետի և գնդապետ Արման Սարգսյանը՝ ոստիկանության պետի  պաշտոններից։  Երեկ «Հրապարակ» օրաթերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ կայացել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսը՝ պաշտպանության նախարարության կենտրոնական մասնաշենքից ոչ հեռու գտնվող  շտաբի  պետի շքեղ առանձնատանը։ Ըստ էության, հարսանյաց հանդեսը տեղի էր ունեցել արտակարգ դրության մի շարք կանոնների խախտմամբ  Արտակ Դավթյանը,  չի հերքել, որ կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանյաց հանդեսն է կազմակերպել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել է. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»: Infocom.am-ը ներկայացնում է նորանշանակ պաշտոնյաների կենսագրական տվայլները։  Ոստիկանության նորանշնակ պետ Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ.-ին, Իջևան քաղաքում: 1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում:27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ է եղել  , 16.01.2004-23.12.2005թթ.  եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ։ 23.12.2005-03.02.2007թթ.  եղել էՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/, 03.02.2007-28.02.2008թթ. եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր։ 28.02.2008-22.12.2009թթ. եղել է  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր։22.12.2009-12.01.2012թթ. աշխատել է որպես ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։ 12.01.2012-11.03.2016թթ.  որպես՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով։11.03.2016-19.05.2018թթ.  եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, իսկ 19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Գլխավոր շտաբի  նորանշանակ պետ, Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը այսօր  նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Օնիկ Վիկտորի Գասպարյանը ծնվել է 1970 թվականին  Իջևանում ։  1988-1990 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է։1993-2010 թթ. - Իջևանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: 2019 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում: Վարչապետի ևս մեկ որոշումով գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն: ԱԱԾ նորանշանակ պետ Արգիշտի Քյարամյանը ծնվել է 1991 թ․, մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: 2013թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան: 2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը: 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ԵՊՀ իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2013-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության  ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում՝ որպես քննիչ: 2016թ. Աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի  դատախազությունում՝ որպես դատախազ: 2016-2018թթ. Աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի  դատախազությում՝ որպես դատախազ: 2018թ. հունիսի 8-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում՝ որպես վարչության պետ: 2018թ. հուլիսի 10-ից աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ   հետաքննության վարչությունում՝ որպես վարչության պետ: 2019թ. փետրվարի 15-ից  աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ: 2019թ. մարտի 1-ից աշխատել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական: 2019թ. ապրիլի 10-ից աշխատել է  ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից նշանակվել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող: 2020թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: 2020թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ԱԱԾ առաջին տեղակալ: 2017թ.  պարգևատրվել է գերատեսչական մեդալով: 2018թ.  շնորհվել է հարկային ծառայության փոխգնդապետի հատուկ կոչում: Նշենք, որ Արգաշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելուց առաջ նրան ՊՎԾ-ից տեղափոխեցին ՔԿ՝ նշանակելով Կոմիտեի տեղակալի պաշտոնում, ապա նշանակեցին ԱԱԾ պետի տեղակալ։ Բանն այն է, որ ՊՎԾ պետի պաշտոնից նա միանգամից ԱԱԾ չէր կարող տեղափոխվել, քանի որ օրենքը դա թույլ չէր տալիս։   Մասնավորապես, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․ «Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»: Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ Դրա համար էլ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։ Իսկ այսօր նա նշանակվեց ԱԱԾ տնօրեն։
16:35 - 08 հունիսի, 2020
ՀՀ սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
 |armtimes.com|

ՀՀ սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն |armtimes.com|

armtimes.com: Կարող եմ վստահեցնել, որ սահմանների պահպանության ուղղությամբ մենք բավականին մեծ աշխատանքներ ենք տարել։ Համեմատության կարգով կարող եմ նշել, որ 2018 թվականին եղել է 38 սահմանահատման դեպք, 2019 թվականին՝ 35։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Նա ասաց, որ այս տվյալներն ընդհանուր են եւ նշված են բոլոր՝ հայ-վրացական, հայ-թուրքական, հայ-իրանական սահմանների մասով։ Մարտիրոսյանը հայտարարեց նաեւ, որ արդեն սահմանախախտման 4 դեպք է արձանագրվել 2020 թվականին, եղել են նաեւ հետախուզվողների ձերբակալություններ սահմանի հատվածում։ Դրանցից մեկը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն, ինչպես ասաց ԱԱԾ տնօրենը, այդ մասին չի լուսաբանվել։ «Հետախուզությամբ եւ հակահետախուզական աշխատանքներն ամբողջ ծավալով ընթանում են, եւ մեր պետության անվտանգությունն ապահովված է, իսկ սահմանները՝ անսասան, դա ամենամեծ երաշխիքն է մեր ծառայության, լավ աշխատանքի»,- եզրափակեց Մարտիրոսյանը։
20:12 - 05 հունիսի, 2020
Օֆշորային բանկի փաստաթղթերը բացահայտել են «Գոլդեն Փելիսի» սեփականատերերի գործարքները. ԱԱԾ-ն հյուրանոցի դիմաց կարճել է քրգործը  |hetq.am|

Օֆշորային բանկի փաստաթղթերը բացահայտել են «Գոլդեն Փելիսի» սեփականատերերի գործարքները. ԱԱԾ-ն հյուրանոցի դիմաց կարճել է քրգործը |hetq.am|

hetq.am: ԱԱԾ-ի կողմից փողերի լվացման եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու գործով անցնող մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն իր հյուրանոցային բիզնեսի համար օգտագործել է օֆշորային բանկային հաշիվներ: Սա ապացուցվում է Կայմանյան ազգային բանկից (Cayman National Bank) արտահոսած եւ «Հետքի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերով: Հետաքրքիր են հատկապես այդ հաշիվներով արված տրանսֆերտներն ու հաշիվների փակվելու պատմությունը: Մենք նաեւ պարզել ենք, որ ԱԱԾ-ն տեղեկություններ չի ունեցել Ավետիսյանի՝ կայմանյան բանկում պահվող գումարների մասին:   Անցյալ տարվա աշնանը Phineas Fisher (HackBack) անունով ներկայացող հաքերը համացանցում տեղադրել էր ավելի քան 2 տերաբայթ ծավալով բանկային ինֆորմացիա: «Cayman National Corporation»-ը (ներառում է ընկերություններ Կայմաններում, Մեն Կղզում, Դուբայում) հայտարարել էր, որ արտահոսք է եղել իրեն ենթակա 2 ընկերություններից՝ Մեն Կղզում գտնվող «Cayman National Bank (Isle of Man) Limited»-ից եւ «Cayman National Trust Company (Isle of Man) Limited»-ից: Հասանելի է դարձել 1400 հաճախորդի բանկային ինֆորմացիա 3800 հաշիվներից: «Հետքն» իր գործընկեր OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) հետ համատեղ ուսումնասիրել է մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի վերաբերյալ արտահոսած փաստաթղթերն ու ուշագրավ բացահայտումներ է արել:     Այն բանից հետո, երբ մարտի 1-ին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրվեց, վարակված քաղաքացին եւ նրա հետ շփում ունեցած անձինք մեկուսացվեցին: Շատ չանցած հայտնի դարձավ, որ կարանտինի մեջ գտնվող անձանց տրամադրվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը (պարետատնից տեղեկացել ենք, որ ներկայում այն դատարկ է): Այն, որ հարուստ երկրի համբավ չունեցող Հայաստանը 5-աստղանի հյուրանոցը դարձրել է կարանտինային գոտի, լույսի արագությամբ տարածվեց համացանցում, այդ թվում՝ օտարալեզու կայքերում: Կառավարությունը դժվար թե նման շքեղություն իրեն թույլ տար, եթե հյուրանոցը պատկաներ մասնավորի, ով ծառայությունների համար հավանաբար հսկայական գումար կպահանջեր: 2013-ին մարտին բացված «Գոլդեն Փելիսը» 2019-ի սեպտեմբերից պատկանում է պետությանը, որը ներկայում փորձում է այն օտարել աճուրդի միջոցով: Մինչ այդ համալիրը պատկանել է մաքսային պետական կոմիտեի նախկին (2001-2008 թթ.) նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքին: Ծաղկաձորի այս հյուրանոցը նախապես ծառայում էր մեկուսացման ռեժիմի մեջ գտնվող անձանց, ապա՝ հիվանդներին, իսկ այժմ դատարկ է Արժե հիշեցնել, որ Ավետիսյանը հենց հյուրանոցային բիզնես վարելու հանգամանքով հայտնվեց քրեական գործի առանցքում: Քրգործ՝ ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու եւ փողերի լվացման հիմքով 2018-ի հոկտեմբերի 11-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հարուցվել է քրգործ Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ: Քրգործը, ինչպես հետո տեղեկացել է «Հետքը», հարուցվել էր հոկտեմբերի 6-ին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ա. Ավետիսյանը, 2001 թ.-ից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» (Golden Palace Hotel) հյուրանոցային համալիրի կառուցումը (կարճ ասած՝ պաշտոնյա համարվող Ավետիսյանն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրությամբ): Իր եւ մյուսների մասնակցությունը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է օֆշորային Կիպրոսում հիմնադրված «Riverhill Holdings Limited»-ին՝ հանրությանն այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր դոլարները օտարեկրյա ներդրում են Հայաստանում: Արմեն Ավետիսյանն, ԱԱԾ-ի փոխանցմամբ, անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաեւ նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:   «Օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թ. հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որեւէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացի, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն»,- հայտարարել էր ԱԱԾ-ն: Բացմանը մասնակցել էր այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նշել էր, թե հյուրանոցի բացումը վկայում է օտարեկրյա ներդրողների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության մասին: ԱԱԾ-ն նաեւ հայտնել էր, որ 2010-2012 թթ. կիպրական «Riverhill Holdings Limited»-ի անունից Ծաղկաձորում կառուցվել է երկրորդ «Գոլդեն Փելիսը» (Golden Palace Hotel Resort & Spa GL), որը, ինչպես նշեցինք, բացվել է 2013-ի մարտին, այս անգամ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ (լուսանկարում):   Արտաշես Ավետիսյանն ու Սերժ Սարգսյանը, վերջինի թիկունքում՝ Արմեն Ավետիսյանը. 02.03.2013 Մի փոքր առաջ անցնելով՝ նկատենք, որ երեւանյան «Գոլդեն Փելիսը» 2015-ին կառավարման է հանձնվել «Carlson Rezidor Hotel Group»-ին (ներկայում՝ «Radisson Hotel Group»), որը մի շարք հայտնի հյուրանոցային ցանցերի շահագործող է: Ավետիսյանների հյուրանոցը մտցվել է «Radisson Blu» ցանցի մեջ՝ դառնալով «Radisson Blu Hotel Yerevan»: Այդուհանդերձ, ըստ էկոնոմիկայի նախարարության, այս հյուրանոցի շահագործողը շարունակում է մնալ Ավետիսյաններին պատկանող ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ն, որին դեռ կանդրադառնանք: Սա նշանակում է, որ հյուրանոցը ֆրենչայզինգի հիմունքներով է կրում «Radisson Blu» հայտնի ապրանքանիշը:   Radisson Blu Hotel Yerevan ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2012-ին «Riverhill Holdings Limited»-ի փոխարեն երեւանյան ու ծաղկաձորյան հյուրանոցների սեփականատեր է դարձել Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Golden Group Limited»-ը, որի 100 տոկոս սեփականատերը եղել է Ա. Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Այս ինֆորմացիան մասամբ սխալ է, ինչին կանդրադառնանք ստորեւ: Ըստ իրավապահ կառույցի՝ 2018-ին հայր եւ որդի Ավետիսյանների կողմից Երեւանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը (Golden Palace Hotel Yerevan), սակայն վերջինիս կայքում ասվում է, որ այն բացվել է 2017-ի տարեվերջին: ԱԱԾ-ն նաեւ նշել էր, որ Ավետիսյանների 3 հյուրանոցների ընդհանուր շուկայական արժեքը 2016-ին գնահատվել է շուրջ 90 մլն դոլար՝ հավելելով, որ քրգործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ անհետաձգելի քննչական գործողություններ՝ հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին եւ հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ: Մաքսայինի նախկին ղեկավարին, ըստ էության, լավ բան չէր սպասվում, եթե հաշվի առնենք քրգործի հիմքում դրված հոդվածներով նախատեսված պատժի խստությունը: Ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելը պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Իսկ առանձնապես խոշոր չափերով (10 մլն դրամը գերազանցող) փողերի լվացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Ավետիսյանները նվիրեցին հյուրանոցը, ԱԱԾ-ն էլ կարճեց գործը Այդուհանդերձ, բանը չհասավ դատ ու դատաստանի, ինչին նպաստեց Ավետիսյանների քայլը: ԱԱԾ-ի հաղորդագրությունից շաբաթներ անց՝ 2018-ի նոյեմբերին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ավետիսյանները պատրաստակամություն են հայտնել ծաղկաձորյան հյուրանոցը նվիրել պետությանը: Գույքի հավանական ընդունող պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն իր հերթին նշեց, թե անհրաժեշտ է ԱԱԾ-ի եզրակացությունը, քանզի չի բացառվում, որ գույքն ապօրինի է ձեռք բերվել, եւ այդ դեպքում ճիշտ չէ այն իբրեւ նվեր ընդունելը: Մյուս կողմից, սակայն, Բաբայանը ասել էր, թե քաղաքական որոշում կայացնողը կառավարությունն է, որը կարող է հաշվի առնել կամ չառնել այդ եզրակացությունը: 2019-ի ամռանը շրջանառության մեջ դրվեց կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում էր ընդունել Ավետիսյանների նվեր հյուրանոցը: Ն. Բաբայանը լրագրողներին հայտնել էր, թե նվերն ընդունելու հարցում իրավական խնդիր չկա: 2019-ի սեպտեմբերին գործադիրն ընդունեց նվիրատվությունը: Մինչ այդ հյուրանոցի շուկայական արժեքը գնահատվել էր 7.535.889.000 դրամ կամ 15,8 մլն դոլար: Այժմ պետգույքի կառավարման կոմիտեն փորձում է աճուրդով վաճառել այն, սակայն դեռ չի ստացվում: Կոմիտեի հայտարարած առաջին երկու աճուրդները չեն կայացել մասնակից չլինելու պատճառով: Բաբայանը նշել է, որ անցկացվելու են եւս երկուսը, ինչպես որոշել է կառավարությունը: Եթե այդ դեպքում էլ չհաջողվի օտարել հյուրանոցը, ապա կա՛մ աճուրդները կշարունակվեն, կա՛մ գույքը կտրվի հավատարմագրային կառավարման: Երկրորդ աճուրդում հյուրանոցի մեկնարկային գինը 7.150.134.910 դրամ էր: Հերթական աճուրդում այն 5 տոկոսով ավելի էժան կլինի:         Այն բանից հետո, երբ 2019-ի սեպտեմբերին կառավարությունն ընդունեց հյուրանոցն իբրեւ նվեր, հոկտեմբերին ԱԱԾ-ն Արմեն Ավետիսյանի հանդեպ քրեական գործը կարճեց: Գլխավոր դատախազությունն իրավիճակը «Հետքին» պարզաբանել էր այսպես. «31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական գործի վարույթը կարճելու եւ Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (փողերի լվացում) նախատեսված հանցանք կատարելու համար՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՔՕ 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հանցանք կատարելու համար՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով»: Այսինքն՝ նախաքննությունը եկել էր հետեւության, որ Ավետիսյանը փողեր չի լվացել, ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու հիմքով էլ չի կարող պատժվել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է: Ավելին՝ դատախազությունը «Հետքին» հայտնել էր, որ նախկին պաշտոնյան ամբողջ նախաքննության ընթացքում ունեցել է վկայի կարգավիճակ, իսկ գործում մեղադրյալի կարգավիճակ ստացած անձ առհասարակ չի եղել: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու է Ավետիսյանը 5-աստղանի հյուրանոցը նվիրել պետությանը, միեւնույնն է՝ չէր դատվելու: Բայց այն փաստը, որ ԱԱԾ-ն մեկ տարի քննել է գործն ու դրա վարույթը կարճել միայն այս նվիրատվությունից շաբաթներ անց, արդեն իսկ տրամաբանական կասկածներ է հարուցում: Տպավորություն է ստեղծվում, որ նախաքննական մարմնի ու Ավետիսյանի միջեւ տեղի է ունեցել, այսպես ասած, գործարք՝ քրգործի կարճում «մուծվելու» դիմաց: Եվ դա ամրագրվել է կառավարության մակարդակով (գուցե եւ անմիջական կարգադրությամբ), որն ընդունել է նվեր հյուրանոցը:   Չնայած գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն հայտարարել են, որ փողերի լվացման հանցակազմ չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 6-ին ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց. «Ժամանակին շատ մեծ, աղմկոտ եւ հաջող օտարերկրյա ներդրում եղավ, որի արդյունքում Հայաստանում ստեղծվեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցը: Իսկ հետո ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ էդ գույքը առնվազն Ծաղկաձորի մասով Հայաստանի Հանրապետության սեփականությունն ա եւ առգրավվել ա, «նվիրաբերվել ա» որպես կոռուպցիոն գույք»: Ի՞նչ կոռուպցիոն գույքի մասին է խոսում վարչապետը, եթե դրա սեփականատերն, ըստ նախաքննության, հանցավոր ճանապարհով ստացված գույք (գումար) չի օրինականացրել, այլ կերպ ասած՝ փող չի լվացել: Բարձր ամբիոնից երկրի գործադիր ղեկավարը պաշտոնապես հայտարարում է կոռուպցիոն գույքի առգրավման մասին: Առգրավում ի՞նչ իրավական հիմքով, պարոն Փաշինյան. Ձեզ ենթակա ԱԱԾ-ն որեւէ հիմք չի կարողացել գտնել կամ, ավելի հավանական է, չի ուզել: Այս ամենի պատասխանը մեկն է. վարչապետի խոսքերը կարող ենք համարել վերը նշված գործարքի խոստովանություն: Գործարք, որը չունի իրավական հիմք: Ամփոփենք վերը ներկայացվածը. Ավետիսյանների 3 հյուրանոցներից երեւանյան «Գոլդեն Փելիսն» այժմ կոչվում է «Radisson Blu Hotel Yerevan», չնայած էլի շահագործվում է նրանց կողմից: Ծաղկաձորյան «Գոլդեն Փելիսը» պատկանում է պետությանը, որը փորձում է օտարել այն, Հյուսիսային պողոտայում գտնվող երրորդ հյուրանոցը (Golden Palace Hotel Yerevan) եւս կառավարում է նախկին պաշտոնյայի ընտանիքը: Հիմա մի փոքր հետ գնանք ու տեսնենք, թե դե յուրե ովքեր են գրանցվել այս հյուրանոցների սեփականատեր, եւ ինչպես են դրանք կառավարվում:Ավելին՝ hetq.am-ում։
19:20 - 05 հունիսի, 2020
Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել ․ ԱԱԾ տնօրենը՝ Գուրգեն Խաչատրյանի մասին |a1plus.am|

Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել ․ ԱԱԾ տնօրենը՝ Գուրգեն Խաչատրյանի մասին |a1plus.am|

a1plus.am: «Կորոնավիրուսի դեմ պայքարը ցանկացածիս խնդիրն է»,- լրագրողների հետ զրույցում ասած  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Անդրադառնալով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում երեխաների կուտակումների հետ կապված դեպքին՝ Մարտիրոսյանը նշեց, որ Ոստիկանության ուժերը չէին բավարարում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին է խնդրել այդ հարցով զբաղվել։ Խոսելով «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի՝ երկիրը լքելու մասին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այս դեպի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մինչ անհետանալը Խաչատրյանի հետ կապված ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական աշխատանք չի իրականացրել, տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվել․ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»։ Դիտարկմանը, որ պատգամավորներն ասում են, թե Խաչատրյանը հիմա Ռուսաստանում է, և հարցին՝ ստուգե՞լ են այդ տեղեկությունը, պատասխանեց, որ ստուգել են, և դա չի համապատասխանում իրականությանը։  Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասով ասաց, որ հստակ տեղը իմանալու դեպքում կասվի դրա մասին։ Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձավ Պտղնիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած արարողության տեսանյութին, որում մի քանի անձ պարում է ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի համազգեստներով։ «Իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացման կատարումն այդքան էլ ընդունելի չէ»,- նշեց նա։
16:53 - 05 հունիսի, 2020
ԱԱԾ-ը պարզել է հունիսի 1-ին տոնական միջոցառում կազմակերպած անձանց

ԱԱԾ-ը պարզել է հունիսի 1-ին տոնական միջոցառում կազմակերպած անձանց

Ս.թ. հունիսի 2-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ս.թ. հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բակում կազմակերպել են տոնական միջոցառում, որի ընթացքում, անտեսելով պարետատան պահանջները, մասնակցել են մոտ 50 անձինք, այդ թվում՝ երեխաներ և ծնողներ: Միջոցառման կազմակերպիչները պարզվել են, նրանց նկատմամբ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է վարչական վարույթ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, ինչպես նաև մեր և մեր հարազատների առողջությունը չվտանգելու նպատակով ցուցաբերել անձնական պատասխանատվություն, խուսափել հանրային միջոցառումների կազմակերպումից և խստորեն պահպանել ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնները: Ազգային անվտանգության ծառայությունը հետևողական է լինելու նմանատիպ միջոցառումներ կազմակերպողներին հայտնաբերելուն և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն:
19:13 - 02 հունիսի, 2020
Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին. պաշտպանն ու դատախազը բանավիճեցին |armtimes.com|

Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին. պաշտպանն ու դատախազը բանավիճեցին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվում է ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է. ուսումնասիրվում են որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ ընտրելու, առգրավումներ եւ զննություններ կատարելու որոշումները, որոնց վերաբերյալ կողմերը հիմնականում հայտարարություններ չեն անում. ըստ նրանց՝ դրանք գործի ելքի համար ապացուցողական նշանակություն չունեն: Այն պահին, երբ դատավորը ընթերցեց գործում առկա փաստաթղթերը, ըստ որոնց՝ 2013 թվականին Դավիթ Սանասարյանը մեքենայի առուծախի հետ կապված գործարք է արել, նրա պաշտպան Արսեն Սարդարյանը հայտարարություն արեց. «Հարգելի՛ դատարան, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այն կարգի է եղել Դավիթ Սանասարյանի գույքերի նկատմամբ հետաքրքրությունը, որ նույնիսկ 2013 թվականին մեքենայի առքուվաճառքի վերաբերյալ տեղեկություն են կցել գործին»: Արձագանքելով պաշտպանին՝ դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք դա օրենքով արգելվո՞ւմ է. «Չէ՛, ուղղակի ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականին չնմանվող մոլությամբ է փորձել Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել»,- ասաց Սարդարյանը՝ նշելով, որ նման խորությամբ գործի իր պրակտիկայում չէր հանդիպել. «Ես ինչ գործ ունեցել եմ, սովորականին չնմանվող է,- ընդգծեց դատավոր Դավիթ Բալայանը,- ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, բերում դնում է գործի մեջ»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:48 - 01 հունիսի, 2020
Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, նախկին քաղաքապետը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված ապօրինի մրցույթի արդյունքների հիման վրա 2010 թվականի հունվարի 26-ին է կայացրել այդ որոշումը: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիակնությունը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
16:46 - 30 մայիսի, 2020
Բացահայտվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ

Բացահայտվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում  են հետևողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ: Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ դրանց զուգահեռ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը: Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել ևս 8 անձինք: Վերոնշյալ անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցավոր գործողությունները պարզելու և խափանելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:44 - 22 մայիսի, 2020
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից. ասում է՝ ԱԱԾ-ում խմորումներ չկան, ուղղակի հոգնել էր |armtimes.com|

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ազատվել է աշխատանքից. ասում է՝ ԱԱԾ-ում խմորումներ չկան, ուղղակի հոգնել էր |armtimes.com|

armtimes.com: ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը ազատվել է աշխատանքից: Արդեն նախկին պաշտոնյան վստահեցրեց, որ իր դիմումը կապ չունի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակման հետ: «Ոչ մի բանի հետ կապ չունի իմ որոշումը: Աշխատանքից ազատման զեկուցագիր եմ գրել, խնդրել եմ, որ բավարարեն, չէին բավարարում: Մայիսի 12-ից հրամանը եղել է, հիմա վայելում եմ ազատությունս»,-  ասաց Աղաջանյանը: Հարցին, թե արդյոք բացի իրենից այլ պաշտոնյաներ ե՞ւս ազատվել են աշխատանքից, քննչական դեպարտամենտի նախկին պետն ասաց, որ մյուսներից տեղյակ չէ: Խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե Քյարամյանի նշանակումից հետո խմորումներ են սկսվել ԱԱԾ-ում՝ Աղաջանյանը պատասխանեց. «Խժդժություն, խմորումներ զինվորական հիմնարկում ընդհանրապես չի լինում ու չկա: Բոլորս զինվորական ենք ու պետությանն ենք ծառայում: Ես ազատման դիմում գրել եմ, անցել եմ կենսաթոշակի՝ հաշվի առնելով աշխատանքի բերումով իմ լարված, ծայրահեղ լարված հոգեվիճակը: Ասացի բավական է՝ թող մի քիչ էլ երիտասարդներն աշխատեն»: Ավելին՝ armtimes.com-ում։ 
13:33 - 19 մայիսի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը:  «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչը, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը և վարումը ապահովելու համար, արխիվային տեղեկանքներ տրամադրելիս մի շարք քաղաքացիներից, նրանց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ աշխատանքային կենսաթոշակի առավել բարձր գումարի չափն ապահովելու նպատակով, իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենքի պահանջները դիտավորությամբ խախտելու, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու, դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելու համար, մի շարք ՀՀ քաղաքացիներից որպես կաշառք պահանջել է 60.000-ից 200.000 ՀՀ դրամ, առանձին դեպքերում սակարկումներից հետո նվազեցրել պահանջվող գումարը։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում, ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, հիշյալ պաշտոնյան հերթական անգամ իր աշխատասենյակում կաշառք ստանալուց հետո առձեռն բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, կաշառք տվող և ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:28 - 16 մայիսի, 2020