Բելառուս

Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար. Լիտվայի արտգործնախարար |tert.am|

Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր որոշում կայացնելու համար. Լիտվայի արտգործնախարար |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ժամանակ է հարկավոր հետագա գործունեության վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այս մասին այսօր` օգոստոսի 13-ին, Ziniu radijas ռադիոկայանի եթերում հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, գրում է korrespondent.net կայքը: Լինկյավիչուսը նշել է, որ Տիխանովսկայայի համար ընդմիջման կարիքը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա ծանր պայմաններում է հայտնվել: «Եկեք նրան ժամանակ տանք, որի կարիքը նա ունի վերապրած սթրեսից հետո, որոշումներ ընդունելու համար, որոնց մասին նա ինքը կհայտնի: Տիխանովսկայան քաղաքական գործիչ չէ, դրա մասին ինքը նույնպես հայտարարել է, նրա ուսերին մեծ ծանրություն է ընկել, որին նա, հնարավոր է, պատրաստ չէր»,-ասել է Լինկյավիչուսը: Նա նաև Տիխանովսկայային «ընտրությունների խորհրդանիշ» է անվանել, և կարծում է, որ նրա գործունեությունը «խթան է հանդիսացել այն հասկացության համար, որ Բելառուսում պետք է ձևավորվի քաղաքացիական հասարակություն»: Արտգործնախարարի խոսքով` Տիխանովսկայան ներկայում 14-օրյա ինքնամեկուսացման մեջ է, ինչը պարտադիր է Բելառուսից Լիտվա եկած անձանց համար: Ավելի վաղ Լինկյավիչուսը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահի թեկնածու, ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է՝ անվտանգության մեջ:
14:58 - 13 օգոստոսի, 2020
Ուկրաինան բողոքի 2 նոտա է հղել Բելառուսին |tert.am|

Ուկրաինան բողոքի 2 նոտա է հղել Բելառուսին |tert.am|

tert.am: Ուկրաինայի արտգործնախարարությունը բողոքի երկու նոտա է հղել Բելառուսի իր գործընկերներին` պահանջելով տեղեկություն տրամադրել Բելառուսում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ուկրաինացիների մասին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային: «Ուկրաինան կառուցողական երկխոսության է տրամադրված Բելառուսի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ կոշտ կերպով պաշտպանելու ենք Բելառուսում Ուկրաինայի քաղաքացիների շահերն ու իրավունքները: Դրա վերաբերյալ ոչ ոքի մոտ թող որևէ պատրանք չլինի»,-հայտարարել է Կուլեբան: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բելառուսի իշխանությունները տեղեկություն չեն տրամադրում ձերբակալված ուկրաինացիների մասին, և հյուպատոսը հերթով այց է կատարում քաղաքացիների ժամանակավոր պահման վայրեր` տեղեկանալու ուկրաինացիների գտնվելու վայրի մասին: «Մենք անհապաղ հյուպատոսի հանդիպումն ենք պահանջում այդ ձերբակալված անձանց հետ»,-ընդգծել է նախարարը: Կուլեբան հայտարարել է նաև, որ իրենք պահանջում են ազատ արձակել ձերբակալված ուկրաինացիներին` նրանց հայրենիք վերադարձնելու համար: Առայժմ հայտնի է Ուկրաինայի՝ ձերբակալված 3 քաղաքացու մասին:
14:41 - 13 օգոստոսի, 2020
Երկուշաբթի՝ 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ 1000. Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է՝ քանի մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ժամանակ |tert.am|

Երկուշաբթի՝ 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ 1000. Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է՝ քանի մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ժամանակ |tert.am|

tert.am: Բելառուսի իշխանությունները հայտնել են, որ հետընտրական բողոքի ակցիաների և ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 6000 մարդ, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ կիրակի կայացած նախագահական ընտրությունների վիճահարույց արդյունքների հրապարակումից հետո երկրում չեն դադարում ցույցերը, որոնք զսպվում են ամենախիստ ու դաժան ձևով:Բելառուսի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ընտրություներից հետո տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկուշաբթի ձերբակալվել է 3000, երեքշաբթի՝ 2000, չորեքշաբթի՝ հազար մարդ:Ընդդիմությունը ոստիկանությանը մեղադրում է ցուցարարներին բռնության ենթարկելու ու դրա համար անպատիժ մնալու համար: Հրապարակված տեսանյութերից մեկում երևում է՝ ինչպես են ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակում անցորդներին ու մահակներով ծեծում ցուցարարներին:Պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել է մի տեսանյութ, որում իրավապահներից մեկը ծեծված ցուցարարներին արհեստականորեն փոխված ձայնով հարցնում է.«Դե ինչ՝ էլի՞ եք ուզում հեղափոխություն անել»: Դրան ի պատասխան ցուցարարները տարուբերում են գլուխները:Նշվում է, որ հուսահատ ընտանիքներն ամեն առավոտ հավաքվում են ոստիկանական բաժանմունքի մոտ՝ իրավապահներին խնդրելով որևէ տեղեկություն փոխանցել ցույցերի ժամանակ անհետ կորած իրենց հարազատների մասին: Այդ ֆոնին ժամանում են նոր ոստիկանական մեքենաներ՝ ձերբակալված ցուցարարների նորանոր խմբերով: Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան նաև տասնյակ ռուս լրագրողներ:Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, անդրադառնալով զանգվածային ձերբակալություններին, նշել է.«Այսպես կոչված ցուցարարների մեծ մասը քրեական անցյալով ու ներկայում գործազուրկ մարդիկ են»:Մինչդեռ Եվրոպական միությունը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել ընտրությունների հավանական կեղծման և ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ  կիրակի օրվա ընտրությունները «ո՛չ ազատ, ո՛չ էլ ազնիվ» են եղել: Բարձրաստիճան պաշտոնյան խոստացել է խորապես վերանայել ԵՄ-ի՝ Բելառուսի հետ հարաբերությունները՝ սպառնալով պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են  բռնության կիրառման, չարդարացված ձերբակալությունների և ընտրակեղծարարության համար:
13:38 - 13 օգոստոսի, 2020
Բելառուսի դեսպանը Չեխիայի ԱԳՆ է կանչվել՝ Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ տալու համար |tert.am|

Բելառուսի դեսպանը Չեխիայի ԱԳՆ է կանչվել՝ Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ տալու համար |tert.am|

tert.am: Չեխիայում Բելառուսի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ բացատրություն տալու Ալեքսանդր Լուկաշենկոյի արած այն հայտարարության վերաբերյալ, թե Մինսկում տեղի ունեցած հետընտրական բողոքի ցույցերը Չեխայից են կառավարվել, հայտարարել է Չեխայի ԱԳ նախարար Թոմաշ Պետրժիչեկը: Լուկաշենկոն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո Մինսկում մեկնարկած բողոքի ցույցերը Չեխիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից են ուղղորդվել: Չեխիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Բելառուսի դեսպանին է փոխանցել իր դիրքորոշումն առ այն, որ Բելառուսում տեղի ունեցողն անընդունելի է, քանի որ, ըստ չեխ պաշտոնյայի, ցույցերը ճնշվում են, ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ ճնշումներ են եղել:
09:43 - 13 օգոստոսի, 2020
Բելառուս․ բողոքների 4-րդ օրը՝ ամփոփ

Բելառուս․ բողոքների 4-րդ օրը՝ ամփոփ

Բելառուս․ բողոքների 4-րդ օրը՝ ամփոփ։ •  Օգոստոի 12-ի ցերեկը Մինսկում ու Բելառուսի այլ քաղաքներում կանայք դուրս էին եկել ակցիաների ու կազմել կենդանի շղթաներ։ Բժշկական համալսարանի մոտ բժիշկներն ակցիա էին կազմակերպել; •  Երեկոյան ցուցարարները նոր մարտավարություն էին կիրառում՝ փորձելով փակել ճանապարհներն, ինչն այնքան էլ չէր հաջողվում։ Մարդիկ փորձում էին կենդանի շղթաներ կազմել նաև հետիոտնի անցումների վրա, սակայն այդ շղթաներն արագորեն քանդվում էին; •  Ակցիաները հիմնականում տեղի էին ունենում կենտրոնից հեռու։ •  Ուժայինները ավելի քիչ էին կիրառում հատուկ տեխնիկա, երեկ երեկոյան Մինսկում ընդամենը մի քանի անգամ են կիրառվել լուսաձայնային նռնակներ։ •  Բերման էին ենթարկում հիմնականում առանձին վայրերում։ •  Երեկ պետական մի շարք հեռուստաալիքներից մի քանի լրագրող դուրս է եկել աշխատանքից։  •  Համացանցում սկսեցին տարածվել լուսանկարներ ու հոլովակներ, թե ինչպես են զինծառայողներն ու ոստիկանները հանում ու դեն նետում իրենց համազգեստը։   Աղբյուրը՝ bbc.com Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:10 - 13 օգոստոսի, 2020
Անվտանգության խորհրդի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը. Ալեքսանդր Լուկաշենկո |tert.am|

Անվտանգության խորհրդի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը. Ալեքսանդր Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է սահմանադրական կարգը պաշտպանելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին: «Ինչպես և պայմանավորվել էինք մինչև ընտրությունները, պետք է հանդիպեինք և քննարկեինք մեր պետության համար արդիական հարցերը: Ստեղծված իրավիճակից պարզ է, որ իշխանության մարմինների և հատկապես Անվտանգության խորհրդի առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը, սահմանադրական կարգի պաշտպանությունը և կառավարման պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումը»,- БелТА գործակալության փոխանցմամբ` ասել է Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: Լուկաշենկոն ընդգծել է, որ առաջնահերթ է շարունակում մնալ տնտեսության գործունեության հարցը: Շարունակությունը՝ tert.am-ում
21:02 - 12 օգոստոսի, 2020
Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը

 |armenpress.am|

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը: Երկրների առաջնորդները նաև անդրադարձ են կատարել Լիբանանում առկա վիճակին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում: Բելառուսում մասսայական բողոքի ակցիները սկսվել են օոգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի՝ ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն:  
19:35 - 12 օգոստոսի, 2020
Լուկաշենկոյի մրցակիցները բողոքարկել են նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

Լուկաշենկոյի մրցակիցները բողոքարկել են նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

tert.am: Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայից հետո բողոք են ներկայացրել նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մյուս 3 մրցակիցները` Աննա Կանոպացկայան, Անդրեյ Դմիտրիևը և Սերգեյ Չերեչենը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը տեղեկացրել է, որ ինքը բողոք է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում նշել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքներն ու ձայների վերահաշվարկ է պահանջում: «Համաձայն այն տվյալների, որոնք կան մեր տրամադրության տակ, առնվազն երկրորդ փուլ պետք է լինի, որին ձայների մեծ տարբերությամբ պետք է մասնակցեն Սվետլանա Տիխանովսկայան և Ալեքսանդր Լուկաշենկոն»,-հայտարարել է Դմիտրիևը: Գործակալության հարցին այն մասին, թե արդյոք ինքն ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները, Դմիտրիևն ասել է. «Ոչ, չեմ ընդունում: Երկրորդ փուլն արդեն սկսվել է: Այն կազմակերպել է ինքը՝ իշխանությունն իր այն ստով, որը մենք հերթական անգամ լսեցինք հեռուստացույցներից: Երկրորդ փուլը, ըստ ընտրական օրենսգրքի, օգոստոսի 23-ին չի անցկացվի, բայց ես համոզված եմ, որ այն կլինի»: Իր հերթին, նախագահի թեկնածու Սերգեյ Չերեչենը գործակալությանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես բողոք է ներկայացրել ԿԸՀ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: «Երեկ բողոք ենք ներկայացրել: Խնդրում ենք նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել»,-հայտարարել է Չերեչենը: Ավելի վաղ իր ներկայացրած բողոքի մասին տեղեկացրել էր նաև նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան:
17:43 - 12 օգոստոսի, 2020