Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում. Ն․ Փաշինյան

Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում. Ն․ Փաշինյան

Շարունակվում է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես։ Այցի երկրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին։ Համաժողովին մասնակիցների թիվը շուրջ 250 է՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքերով Հայաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ողջունել են Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Մարիա Սալինասը, Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի ղեկավար Սթիվեն Չանգը, Լոս Անջելեսի բիզնես ֆեդերացիայի ղեկավար Թրեյսի Հերնանդեզը, Լոս Անջելեսի քաղաքային կենտրոնական ասոցիացիայի փոխնախագահ Թինա Օհը։ Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին Հայաստանի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կալիֆորնիայի գործարար համայնքի հարգելի անդամներ, Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Տիկնայք եւ պարոնայք, Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ այստեղ եւ պատիվ ունեմ դիմել Լոս Անջելեսի գործարար համայնքի հարգարժան անդամներին, ներառյալ Կալիֆորնիայի Մեծ նահանգի հայկական համայնքը։ Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում Կալիֆորնիայի հսկայական առևտրային և ներդրումային ներուժն օգտագործելու առումով: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս կարող է գործարար կապեր հաստատել Կալիֆորնիայի հետ: Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած ոլորտներից են: Միևնույն ժամանակ, դրանք այն ոլորտներն են, որտեղ Կալիֆորնիան երկար տասնամյակներ պահպանում է համաշխարհային առաջատարի իր դիրքերը: Ինչպես տեսնում ենք, պարարտ հող կա համատեղ ձեռնարկատիրական նախաձեռնությունների համար: Աշխույժ և գործունյա հայկական համայնքի առկայությունը, որն աղերսում է մեր երկու երկրները, ևս մեկ համոզիչ փաստարկ է առ այն, որ մենք պետք է միասին աշխատենք՝ Հայաստանի և Կալիֆորնիայի միջև առևտրային և ներդրումային կապերը ամրապնդելու ուղությամբ: Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, ինքնատիպ պատմությամբ, հյուրընկալությամբ և զարմանալի լանդշաֆտներով: Բայց սա բավարար չէ մեր երկրի պատկերն ամբողջական դարձնելու համար։ Այսօր մենք փոխում ենք մեր երկրի և մեր տնտեսության կառավարման ձևը: Միևնույն ժամանակ մենք պետք է այնպես անենք, որ Հայաստանի տնտեսությունը լինի առավել ճկուն և արագ արձագանքի աշխարհում տեղի են ունեցող փոփոխություններին: Անցյալ տարի հայ ժողովուրդն ընտրեց փոփոխությունների ուղին: Մենք ընտրեցինք ազատությունն ու ժողովրդավարությունը և ցույց տվեցինք, որ ոչինչ ավելի զորեղ չէ, քան ժողովրդի կամքը, հավատը և նախաձեռնությունը: Այդուամենայնիվ, քաղաքական փոփոխությունները միայն առաջին քայլն են: Մենք մեր ժողովրդի կամքն ու ձգտումները կվերածենք տնտեսական և սոցիալական զարգացման, և այժմ ընթանում է «Տնտեսական հեղափոխություն»: Տնտեսական հեղափոխությունը կարող է հիմնված լինել միայն արդար ինստիտուտների, հավասար միջավայրի և բոլորի հանդեպ անաչառ վերաբերմունքի վրա: Դա նշանակում է, որ կառավարությունն ասում է ՈՉ կոռուպցիային, ՈՉ մենաշնորհներին, որպեսզի խրախուսի մեր ժողովրդի ստեղծագործ ձիրքն ու տաղանդը և հայկական տնտեսությունը մրցունակ դարձնի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում Ես կարծում եմ, որ մեր բարեփոխումները երկարաժամկետ և ռազմավարական են: Եվ, հետևաբար, տնտեսական հեղափոխությունը երկարատև ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման և մարդկանց կյանքի վրա։ Այժմ թույլ տվեք ձեզ ներկայացնել արդեն իսկ արձանագրված որոշ արդյունքներ. 2018-ին մենք գրանցեցինք 5.2 տոկոս տնտեսական աճ և պահպանեցինք միջին գնաճի մակարդակը: Սրանք շատ դրական արդյունք են հեղափոխական տարվա համար: Արտահանման 9 տոկոս աճ ենք ունեցել։ Դրական դինամիկան շարունակվում է այս տարի՝ առաջին կիսամյակում հասնելով 6,5 տոկոսի: Վերջերս Moody's-ը բարելավեց Հայաստանի վարկանիշը՝ դարձնելով այն Ba3: Այս արդյունքները խոստումնալից են, սակայն հարկ է անել ավելին: Հին ասույթը դեռևս արդիական է այս արագ փոփոխվող աշխարհում. «Մենք պետք է հնարավորինս արագ վազենք, որպեսզի մնանք մեր տեղում»: Եվ եթե մենք ցանկանում ենք որևէ տեղ գնալ, մենք պետք է երկու անգամ ավելի արագ վազենք: Այսպիսով, մենք պետք է լինենք ավելի արագ, ավելի արդյունավետ, ավելի մրցունակ և թիրախավորենք հավակնոտ նպատակներ: Սա է մեր փոխակերպման ռազմավարության հիմնաքարը: Մենք պետք է հստակ պատկերացնենք մեր առավելությունները, մեր ուժը, որը Հայաստանը կհասցնի նոր հորիզոնի: Մենք հավատում ենք, որ այս փոփոխության շարժիչ ուժը տաղանդավոր, ստեղծագործ և աշխատասեր հայն է: Սա է մեր երկրի ամենաարժեքավոր առանձնահատկությունը։ Մենք գիտենք, որ տարբեր դարաշրջաններում եղել են կապիտալի տարբեր ձևեր, որոնք նպաստել են տնտեսական աճին ու զարգացմանը: Ագրարային հասարակություններում դա հողն էր, արդյունաբերական հեղափոխության ժամանակ՝ էլեկտրաէներգիան, ֆինանսական բումի տարիներին՝ ֆինանսական կապիտալը, բայց հիմա դա մարդն է: Եթե ինձ հարցնեք, թե ինչու պետք է ներդրումներ կատարել Հայաստանում, իմ պատասխանը կլինի այն, որ փոքրիկ, բայց գլոբալ ցանցերով օժտված և տաղանդավոր ժողովուրդ ունեցող երկրում ներդրումներ կատարելը խոստումնալից ձեռնարկ է: Մենք նպատակ ունենք ներդնել տեխնոլոգիական կրթություն, զարգացնել «նուրբ հմտություններ» և օգնել ուսանողներին պարզել իրենց հմտությունները՝ նախնական, արհեստագործական և բարձրագույն կրթության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով: Հայաստանը հիանալի հնարավորություն է ընձեռում ներդրողներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, էներգետիկան և այլն: Մեր կառավարությունն իրականացնում է բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրումների նկատմամբ՝ ապահովելով սեփականության ամբողջական եւ լիակատար իրավունք: Օտարերկրյա ներդրողները երկրի ներսում կարող են անսահմանափակ մուտք ունենալ ցանկացած ոլորտ և աշխարհագրական վայր՝ անձնակազմի հավաքագրման, շահույթի ազատ եւ անսահմանափակ օտարման, շուկայական փոխարժեքով տարադրամի անսահմանափակ փոխանակման և ազգայնացման բացառման երաշխիքներով հանդերձ: Օտարերկրյա ներդրողներին պաշտպանող հնգամյա դրույթը ևս, որը նրանց անձեռնմխելի է դարձնում օրենսդրական փոփոխությունների նկատմամբ, հանդիսանում է մեր արտաքին ներդրումների շրջանակի մաս։ Միջազգային տնտեսական հարաբերությունների առումով, Հայաստանը ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր ունի 43 երկրների հետ, ներառյալ Միացյալ Նահանգները: Հայաստանը ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնի անդամ է։ Մենք ունենք պայմանագրեր 46 երկրների հետ կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելու կանխարգելման վերաբերյալ: Սա նշանակում է, որ պայմանավորվող կողմերի ներդրողներին տրվում են մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ ազգային վերաբերմունք, ունեցվածքի բռնազավթումից պաշտպանություն, միջոցների անվճար փոխանցում, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն: Համաշխարհային բանկի տվյալներով՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ Հայաստանը 190 երկրների շարքում զբաղեցնում է 41-րդ տեղը: Իսկ բիզնես նախաձեռնելու մատչելիությամբ Հայաստանը 8-րդն է և վերջապես 14-րդն է՝ գույքի և սեփականության գրանցման ցուցանիշով: Տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանը 47-րդ ամենաազատ տնտեսությունն է աշխարհում։ Մենք շարունակում ենք խորը և համապարփակ բարեփոխումներ իրականացնել մեր բիզնես միջավայրը բարելավելու նպատակով: Կառավարությունն աշխատանքներ է տանում օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, ներառյալ օտարերկրյա ներդրողների համար առավել բարենպաստ ռեժիմի սահմանումը, օտարերկրյա ներդրողներին երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ներդնումը: Ներկայում մենք աշխատանքներ ենք տանում հնարավորությունների ընդլայնման և պետությում-մասնավոր հատված գործընկերության իրավական դաշտի հստակ ձեւակերպման ուղղությամբ: «Հայաստանը փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող երկիր է» - սա այն ձևակերպումն է, որը կարող եք գտնել բազմաթիվ գրքերում և հոդվածներում: Թեև դժվար է չհամաձայնել այն մտքի հետ, որ մենք փոքր երկիր ենք, բայց փոխարենը մենք գլոբալ ցանց ունենք, ինչը մեծ առավելություն է տալիս մեզ: Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական վայրում, որը կամրջում է մշակույթներն ու տնտեսությունները: Ոմանք գուցե պնդեն, թե Հայաստանը փոքր շուկա ունի, բայց ես այստեղ եմ այդ տեսակետը վիճարկելու համար: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շուկայի մի մասն է, որն ունի ավելի քան 180 միլիոն սպառող: Հայ արտադրողներմ օգտվում են GSP + արտոնյալ ռեժիմից Եվրամիության հետ, և GSP ռեժիմից՝ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հետ: Հայաստանը նաև խորացնում է համագործակցությունը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով: Այս հավակնոտ համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանն ու Եվրոպական միությունը համատեղ կաշխատեն ի նպաստ ՀՀ քաղաքացիների՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, ստեղծելով ավելի շատ աշխատատեղեր և բիզնես հնարավորություններ, մշակելով ավելի արդար օրենքներ, ապահովելով անվտանգության ավելի բարձր մակարդակ, ավելի մաքուր միջավայր, ինչպես նաև ինչպես նաև ավելի լավ կրթություն և հետազոտությունների հնարավորություններ: Մենք շարունակում ենք մեր ջանքերը Միացյալ Նահանգների հետ համագործակցության խորացման ուղղությամբ բազմաթիվ գործիքների միջոցով, ինչպիսիք են ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը ռազմավարական հիմքեր և սկզբունքներ է առաջադրում առևտրի և ներդրումների հետ կապված երկխոսության համար: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել բոլորի համար հավասար հնարավորությունների երկիր՝ խթանելով գործարարությունն ու նորաստեղծ ձեռնարկությունները, որպեսզի մեր երկիրը դառնա ներդրումների համար գրավիչ հանգրվան: Այսօր իմ կոչն ու ուղերձն է՝ միավորել մեր ջանքերը հանուն նոր Հայաստանի կառուցման, համախմբել մեր ուժերը` Հայաստանն առավել մրցունակ և գրավիչ դարձնելու նպատակով: Եկեք Հայաստանը դարձնենք մեր երազանքի երկիրը: Շնորհակալություն ուշադրության համար»։ Հաջորդիվ ելույթներով են հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով անդրադարձել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղություններին, և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։ Արտերկրյա մասնավոր ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչ Բրայան Չըրչհիլն էլ իր խոսքում անդրադարձել է հայ-ամերիկյան ներդրումային համագործակցության զարգացման հնարավորություններին։ Հայաստան-Լոս Անջելես բիզնես ֆորումի ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման երկու հուշագիր՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Լոս Անջելեսի առևտրաարդյունաբերական պալատի միջև և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև։ Համագործակցության հուշագրերի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը և փորձի փոխանակում կիրականացնեն, մասնավորապես, տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում։ Համաժողովի ավարտից հետո ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «FoxNews11» հեռուստաալիքին։ Հայաստանի վարչապետի՝ Լոս Անջելես այցի օրակարգն ավարտվել է։ Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սան Հոզե, որտեղ նախատեսվում են ՀՀ վարչապետի այցելությունները Սիլիկոնային հովտում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ, հանդիպումներ և քննարկումներ ընկերությունների ղեկավարության և հայազգի մասնագետների հետ, ինչպես նաև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրում։
05:39 - 24 սեպտեմբերի, 2019
Լոս Անջելես քաղաքը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. Փաշինյան

Լոս Անջելես քաղաքը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. Փաշինյան

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.«Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս,Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան,Պատվավոր պետական այրեր,Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին Սոլիս,Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ,Գերաշնորհ հոգևոր հայրեր,Ձերդ Գերազանցություններ,Ընտրյալ և առաջադրված պաշտոնյաներ,Հարգելի հյուրեր,Տիկնայք և պարոնայք,Շատ ուրախալի է ինձ համար այսօր այստեղ գտնվել: Ես կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Գարսեթիին՝ այս գեղեցիկ իրադարձությունը կազմակերպելու և մեր հաղորդակցության համար առիթ ընձեռելու համար:Պարոն Գարսեթի, մենք բարձր ենք գնահատում Ձեր նվիրվածությունն ու աջակցությունը հայ համայնքին: Օգտվելով առիթից` ես կցանկանայի նաև իմ խորին գնահատանքը հայտնել Խորհրդի անդամ Փոլ Քրեկորյանին, վերահսկիչներ Քեթրին Բարգերին և Հիլդա Սոլիսին` հանրային միջոցառման կազմակերպման գործում իրենց արժեքավոր ներդրման համար:Կցանկանայի շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուզոմին, ով չկարողացավ մասնակցել այս հանդիպմանը, և ում հետ հանդիպելու եմ ավելի ուշ Նյու Յորքում՝ բարեկամության և Հայաստան-Կալիֆորնիա գործընկերությունն առաջ մղելու գործին իր նվիրվածության համար: Այդ հանդիպմանը Հայաստանի և Կալիֆորնիայի միջև կստորագրվի համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։ Իմ անկեղծ շնորհակալությունը փոխնահանգապետ Ելենի Կունալակիսին` մեզ հետ այսօր լինելու համար:Հայաստանը մեծապես գնահատում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների, Կալիֆորնիա մեծ նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ: Սա աշխարհի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ մենք ունենք հայկական մտավոր, մշակութային, կրոնական և ֆինանսական ներուժի մեծ կենտրոնացում: Եվ սա շատ առումներով ծնում է հզոր կենտրոնաձիգ ուժ աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի համար: Ես ուրախ եմ այսօր, երբ տեսնում եմ այս միջոցառմանը ներկա հայկական ավանդական բոլոր կուսակցություններին և կազմակերպություններին: Ես ուրախ եմ, որ տեսնում եմ բոլոր քրիստոնեական դավանանքների ծաղկուն համայնքները: Ես ուրախ եմ, որ այստեղ եմ տեսնում մշակութային, կրթական, ֆինանսական և փաստաբանական կազմակերպություններ: Լոս Անջելեսը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով հայերի հիմնարար ինտեգրման հիանալի օրինակ է ամերիկյան հասարակության մեջ:Սա շատ ամուր հիմք է, մնայուն կռվան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում, որն իսկապես փոխլրացնող և օգտակար է: Այսօր մեր ամուր կապերը շարունակում են էլ ավելի ամրապնդվել մշակութային փոխանակումներով, համատեղ ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն անշեղորեն բարձրացնում է մեր փոխվստահության, փոխադարձ աջակցության ու փոխըմբռնման մակարդակը:Հաջորդ տարի մենք նշելու ենք Երևանի և Լոս Անջելեսի միջև Քույր քաղաքների համաձայնագրի 15-ամյակը, ինչը կնշանավորվի մի շարք նախաձեռնություններով, որոնք կնպաստեն երկու քաղաքների միջև համագործակցությանը: Մենք բարձր ենք գնահատում նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի և ներկայիս քաղաքապետ Էրիկ Գարսեթիի` այս համագործակցությունը խթանելու և ընդլայնված գործընկերության նոր հնարավորություններ դիտարկելու ջանքերը:Այս այցի ընթացքում մենք ևս մեկ քայլ կձեռնարկենք մեր բարեկամությունն առավել գործնական և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Վաղը մենք ունենք մեծ Կալիֆորնիա-Հայաստան գործարար սիմպոզիում, որին կհաջորդի երկու կարևոր պայմանագրերի կնքման արարողությունը` ուղղված մեր առևտրատնտեսական կապերի զարգացմանը:Սա լավ առիթ է՝ մեր երախտագիտությունը հայտնելու Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի իշխանություններին՝ մեր երկրի մշակութային և ավանդույթային արժեքները մշտապես ի ցույց դնելու համար: Դա արժեքավոր ներդրում է այս երկրում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու և այն ամերիկյան տուրիստական քարտեզների վրա երևակելու ուղղությամբ: Բոլոր այդ փառատոնները, կինոցուցադրությունները, համերգները և մյուս միջոցառումներն ազդակներ են ստեղծում Հայաստանի և Կալիֆորնիայի միջև ավելի ակտիվ փոխանակումների, մարդկանց միջև ավելի ինտենսիվ շփումների համար։ Կցանկանայի նաև հավաստել մեր երախտագիտությունը Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի իշխանություններին` այս մեծ քաղաքի հենց սրտում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանն օժանդակելու համար: Այն վեր է հառնում որպես Լոս Անջելեսի հանրային տարածքի վրա կառուցված առաջին հուշահամալիր՝ նվիրված Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Այն նաև մեր համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկացի ժողովրդին, Կալիֆորնիա նահանգին և այս գեղեցիկ քաղաքին:Մենք ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը Կալիֆորնիայի իշխանությունների հետ: Մենք ակնկալում ենք սերտացնել մեր փոխանակումները Լոս Անջելես քաղաքի հետ: Մենք պատրաստ ենք ամրապնդել մեր բարեկամությունը Կալիֆորնիայում ընտրված պաշտոնյաների հետ, որոնցից շատերը Հայաստանի նվիրյալ բարեկամներն են Կալիֆորնիայի հայամետ պատգամավորական խմբում, Սենատի Կալիֆորնիայի հանձնախմբում, Հայաստանի և Արցախի հետ փոխադարձ առևտրի կենտրոններում, արվեստի և մշակութային փոխանակման օջախներում, և իհարկե, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում:Մենք առաջ կշարժվենք հայ-կալիֆորնիական համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերում, իսկ Լոս Անջելես քաղաքը կլինի հիմնական կիզակետը՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան՝ ընդգրկելով նորանոր նախաձեռնություններ և համատեղ ջանքեր:Շնորհակալ եմ բոլորիդ, որ այսօր այստեղ եք»։Ելույթներով են հանդես եկել նաև Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։
06:57 - 23 սեպտեմբերի, 2019
Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնել, ուզում են վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը․ վարչապետ |shantnews.am|

Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնել, ուզում են վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը․ վարչապետ |shantnews.am|

shantnews.am։ Արդյո՞ք հանդիպել է Ջորջ Սորոսի հետ և ինչպե՞ս է վերաբերվում այն պնդումներին, որ ինքը «Սորոսի մարդն է»․ նման հարց է հնչել Լոս Անջելեսում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ Դավոսի ֆորումից առաջ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել հանդիպել վարչապետի հետ, սակայն հագեցած գրաֆիկը թույլ չի տվել։ «Հիմա 2 վարկած կա։ Առաջին վարկածը․ դավադրության տեսության հեղինակներն ասում են՝ հա, ուրեմն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են Ձեզ հայտնի հեղափոխությունները, իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե այս հեղափոխությունը մենք չենք արել, ապա այդ ո՞վ է համարձակվել առանց մեր թույլտվության անի հեղափոխություն։ Այնպես որ, ես բոլոր կողմերին խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր չեն եղել իրենց կաբինետներում և իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, ապա գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես։ Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերում, և այս պատմությունը երկար տարիների պատմություն ունի»,-նշեց նա։Փաշինյանն ավելացրեց․ «Այս հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին՝ ինչ-որ օտար մարդկանց, անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությունը»։
06:37 - 23 սեպտեմբերի, 2019
Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ |armtimes.com|

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com։ Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ մեր հիմնական ուղերձը լինելու է համահայկականության հայեցակարգի գործնական խնդրի ձեւակերպումը, եւ իմ կարծիքով այսօրվա մեր մեծագույն խնդիրը Հայաստանի տնտեսական հզորացումն է։ Այս մասին այսօր Կալիֆորնիայում հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշեց, որ ազգային օրակարգում եղած բոլոր հարցերը ուժեղ պետության լուծելիք հարցերն են, իսկ ուժեղ պետություն ասելիս առաջին հերթին պետք է հասկանալ տնտեսապես զարգացած պետություն․«Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, այս փուլում շատ կարեւոր է, որ այն դինամիկան, որն ունենք տնտեսության մեջ, կարողանանք վերածել տնտեսական մոմենտումի, որը հնարավորություն կտա Հայաստանը նոր հարթության վրա բարձրացնել»,- նկատեց վարչապետը։ Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ տարբեր ղեկավարներ տարբեր մոտեցումներ են ունեցել հայկական սփյուռքի դերի մասին, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում էր որ սփյուռքի մեր հայրենակիցները չպիտի մասնակցեն ներպետական ընտրություններին, Սերժ Սարգսյանը կարծում էր, մենք պետք է ունենանք երկպալատանի խորհրդարան՝ սփյուռքի ներկայացուցիչներով, իսկ ո՞րն է Փաշինյանի մոտեցումը՝ սփյուռքի ռեսուրսները երկրի ղեկավարման գործում օգտագործելու հարցում, վարչապետը պատասխանեց․«Քանի որ հարցը տեղադրեցիք ՀՀ-ն տարբեր ժամանակներում ղեկավարած գործիչների մոտեցումների տրամաբանության մեջ, իմ կարծիքով՝ այդ ամենը ոչ թե պետք է հակադրել, այլ ընկալել որպես թեմայի զարգացում։ Այնպես չէ, որ ինքս Սփյուռք – Հայաստան հարաբերությունների վերաբերյալ միշտ ստատիկ կարծիք եմ ուենցել, դա իսկապես շատ կարեւոր հարց է, Երրորդ Հանրապետության ամենակարեւոր օրակարգային հարցերից մեկը, եւ իրեն պետք է նայել դինամիկայի մեջ։ Ես ասել եմ, որ ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով սահմանները վերացնելն է, որովհետեւ, ենթադրենք, այն մարդը, որը Հայատսանից արտագաղթել է 2015 թվին, ինքը սփյուռքահա՞յ է , թե ոչ, իմ ընկալմամբ՝ ոչ, 2013 թվինն էլ, 2001-ինն էլ։ Մարդիկ հեռացել են տարբեր պատճառներով, հիմա 1969-ին իմ եղբայրն էլ գնացել է ՌԴ-ում է ապրել, վերաբերվեմ որպես սփյուռքահայի՞»,- ասաց Փաինյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ պետք է ջնջել այդ սահմանները եւ որ ժամանակակից աշխարհում մարդու գտնվելու վայրը շատ հարաբերական երեւույթ է․«Մարդիկ տարբեր տեղերում են ապրում, խնդիրն այն է, թե որ երկրի հետ են իրենց նույնականացնում։ Ես համոզված եմ, որ աշխարհում ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ եւ Հայաստան-սփյուռք գաղափարաբանական սահմանները պետք է վերանան։ Յուրաքանյրուր հայ իրեն պետք է համարի ՀՀ-ի շահառու, ինչքան ՀՀ-ում բնակվողները։ Բոլոր հայերը պետք է ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչ-որ ընթացք ապրեն Հայաստանում»։Փաշինյանն անդրադարձավ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների ընտրելու եւ ընտրվելու հնարավորությանն ու իրավունքին։ Նա ասաց, որ խնդիր է, երբ մեր օրենդրությունն արգելակում է Սփյուռքի ներուժը լիարժեք ներգարվել ՀՀ կառավարման գործում։Իսկ ինչ վերաբերում է ընտրելու իրավունքին, վարչապետը մանրամասնեց․«Օրինակ, եթե ասում ենք՝ Սփյուռքի մեր քաղաքացիներին ընտրելու հնարավորություն ենք տալիս, դա նշանակում է, որ նրանց համար ենթակառուցվածքային առումով նույն պայմանները պետք է ստեղծենք, ինչ ՀՀ քաղքացիների համար, ինչը նշանակում է, որ ամեն 2 հազար ընտրողի համար պետք է գոյություն ունենա տեղամաս։ Հիմա սա նշանակում է, որ ամբողջ աշխարհում ամեն 2000 ընտրողի համար պետք է ստեղծենք մի տեղամաս, կարող է պարզվի՝ տեղմասերի 80 տոկոսը գտնվելու է ՀՀ տարածքից դուրս, մենք պատկերացնում ե՞նք ազգային անվտանգության ինչ խնդիրներ կարող են լինել»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
05:22 - 23 սեպտեմբերի, 2019
Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին հայ համայնքի խոշորագույն կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ շուրջ 70 անձ, ներկա էին նաև ՀՀ պատվո հյուպատոսները Ֆրեզնո և Լաս Վեգաս քաղաքներում, հայ համայնքի հոգևոր հայրեր։ Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ,Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներ,Հոգևոր հայրեր, շատ ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար։ Սա իսկապես կարևոր հանդիպում է, որը պլանավորվում էր դեռ անցյալ տարվանից, և կարող եմ ասել, որ հենց օդանավակայանից դուրս գալու առաջին րոպեից զգում եմ այն մթնոլորտը, որ ձևավորված է այս օրերին՝ Լոս Անջելեսի հայ համայնքի կողմից, և ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին այդ մթնոլորտի, պատրաստակամության համար։ Այնպես է ստացվել, որ ես այսօր բավական երկար խոսելու առիթ դեռ ունենալու եմ, և այսօրվա հանդիպմանը կուզենայի ավելի շատ լսողի կամ պատասխանողի դերում լինեի, որովհետև այսօր հանրային հավաքին ես մանրամասն ելույթ եմ ունենալու։ Այս պահին ուզում եմ ասել՝ շատ ուրախ եմ, որ այս առիթն ունեմ, իհարկե, ձեզնից շատերի հետ տարբեր առիթներով հանդիպել ենք, քննարկել ենք, բայց այսպիսի ընդլայնված կազմով առաջին անգամ ենք հանդիպում։ Հույս ունեմ, որ դեռ էլի հանդիպելու առիթներ կունենանք՝ մեր հանդիպումներն ավելի գործնականացնելու, ավելի կոնկրետ, գործնական հարցեր քննարկելու համար։ Կուզենայի լսել ձեզ և եթե կունենաք հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»։ Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարները ողջունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում և նշել, որ ոգևորված են Նիկոլ Փաշինյանի այցով, նրա հետ հանդիպման ու մայր հայրենիքին, Հայաստան-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր քննարկելու հնարավորությամբ։ Անդրադառնալով Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարների հարցադրումներին՝ Հայաստանի վարչապետը ներկայացրել է համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման տեսլականը, խոսել Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշների և դրական միտումների, տնտեսական ակտիվության, զբոսաշրջության առաջանցիկ տեմպերի մասին, անդրադարձել Արցախի հարցի կարգավորմանը, Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կեղծ լրատվության դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք այլ հարցերի։
05:12 - 23 սեպտեմբերի, 2019
Այդպիսի բան վերջին անգամ արել են 91 թվականի պուտչիստները. Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին

Այդպիսի բան վերջին անգամ արել են 91 թվականի պուտչիստները. Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Արթուր Վանեցյանի հայտարարության վերաբերյալ հարցին, ասաց․ «Պարոն Վանեցյանը իր Հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին։ Այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր ղեկավարի, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա։ Ես, իմիջիայլոց ասեմ, չեմ իմացել, որ այդ հայտարարությունը ԱԱԾ կայքում է տեղադրվել։ Սպա՞ն, այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է։ Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը։ Այդպիսի բան վերջին անգամ արել են 91 թվականի պուտչիստները։ Փառք աստսո, նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չի, և Հայաստանի Հանրապետությունn այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա անարգանք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել է»։
20:04 - 22 սեպտեմբերի, 2019
Հավաքվել ենք ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան. Նիկոլ Փաշինյան

Հավաքվել ենք ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել Գյումրիում: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի կապակցությամբ:«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Վեհափառ Տեր, Ազգային Ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, պետական այրեր, հարգելի հյուրեր, Այսօր սեպտեմբերի 21-ն է, մեր ժողովրդի պատմության ամենակարևոր օրերից մեկը, ամենամեծ տոներից մեկը, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի Անկախության հանրաքվեն և Հայաստանի բնակչության 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին: Դա մի գործընթաց էր, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հասավ իր կուլմինացիային: Այդ գործընթացը սկսել էր 1988 թվականին` Ղարաբաղյան շարժմամբ, երբ մեր ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բարձրաձայնեց ազատ, միասնական և հզոր լինելու իր կամքը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ից առաջ, 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվել էր Հայաստանի Անկախության հռչակագիրը և այդպիսով նաև դե յուրե հայ ժողովուրդն իր ընթացքն էր սկսել դեպի անկախություն: Անկախությունից, միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելուց անմիջապես հետո մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախը կանգնեցին մեծ փորձությունների առաջ: Ըստ էության, դեռևս մի քանի տարի առաջ սկսած կոնֆլիկտը վերաճեց մի լիարժեք պատերազմի, որում հայ ժողովուրդը միասնության, կամքի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել: Այդ հաղթանակը բերեցին առաջին հերթին այն ազատամարտիկները, ովքեր կամավոր զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանության գործին: Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը և թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի, որից հետո սկսվեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթացը: Եվ մենք անկախության տարիներին տեսանք բազմաթիվ հիասթափություներ, տեսանք արտագաղթ, տեսանք տնտեսական և քաղաքական դժվարություններ, տեսանք բավականին տխուր ընթացք, երբ եկավ մի ժամանակ, երբ գրեթե ամեն օր մամուլում հարց էր հնչում, թե ինչպիսին կլինեն արդյունքները եթե այսօր, այսինքն 1991 թվականից 5 տարի անց, 10 տարի անց, 15 տարի անց, 20 տարի անց լիներ անկախության հանրաքվե: Իհարկե, ես միշտ համոզված եմ եղել, որ բոլոր ժամանակներում, երբ էլ տեղի ունենար անկախության հանրաքվեն՝ մեր ժողովուրդը միասնական «Այո» կասեր անկախությանը: Ես երբեք դրանում չեմ կասկածել, բայց պետք է արձանագրեմ, որ նաև այս ընթացքում շատ կասկածողներ են եղել և ի վերջո նաև տրվել է այս հարցի պատասխանը, որովհետև ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ անկախության մի նոր հանրաքվե և հարյուրհազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում՝ նրանք դուրս եկան նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ «Այո» ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը: Դա անկախության մի նոր հանրաքվե էր, որն ասաց, որ հայ ժողովուրդը 28 տարվա, 27 տարվա ընթացքում, ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլև այս ողջ ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ և ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա:Եվ ուրեմն այսօր սեպտեմբերի 21-ն է, 28 տարվա սեպտեմբերի 21 և մենք հավաքվել ենք ահա այստեղ ևս մեկ անգամ արձանագրելու, որ Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան և հայ ժողովուրդը, որպես մի մեծ հավաքականություն՝ ունի բավարար կամք, ունի բավարար իմաստություն, ունի բավարար գիտելիք, ունի բավարար տաղանդ և ունի բավարար վճռականություն իր ուսերին կերտելու, իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությունը և ապրելու ազատ և երջանիկ այդ պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի:Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում: Կեցցե՛ն մեր թոռները, կեցցե՛ն մեր ծոռները, կեցցե՛ն մեր թոռների և ծոռների թոռները և ծոռները, ովքեր ապրելու են ազատ, երջանիկ, հզոր, անկոտրում ու հաղթանակած Հայաստանում»:
12:08 - 21 սեպտեմբերի, 2019
ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից

ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը: Հարգելի Նիկոլ Վովայի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ուղերձում նշված է. «Մեծարգո վարչապետ,Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարևոր տոնի առթիվ»։ *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ հայ ժողովրդին։ Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ և կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում։ Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։ Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»։ *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ բելառուսա-հայկական համագործակցությունը, հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի անշեղորեն զարգանալ և կատարելագործվել: Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են հավասարության, փոխադարձ ըմբռնման և վստահության վրա, կշարունակեն զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների: Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջընթաց և բարգավաճում»: *** Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ուղերձում ասված է. «Հարգարժան Նիկոլ Վովայի Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Իմ խորին վստահությունն եմ հայտնում, որ Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա, կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման: Տոնական այս օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Հուսով եմ, որ Եգիպտոսի և Հայաստանի միջև առկա ավանդական գերազանց հարաբերություններն առավել կամրապնդվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը նորանոր հաջողություններ Ձեր պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ հարատև առաջընթաց և բարեկեցություն: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը: Ուղերձում նշված է. «Օգտվելով Ձեր երկրի Ազգային տոնի առիթից՝ պատիվ ունեմ հղելու Ձերդ Գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ոկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը: Ուղերձում նշված է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները զգալի ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում: Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության հարցերով համատեղ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի գործընկեր, քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ բարեփոխումների իրականացման գործում՝ ի շահ հայ ժողովրդի»: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։ Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի կառավարությունը շարունակում է սոցիալ-տնտեսական համակարգի բարեփոխման և երկրի սոցիալական կյանքի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և հետևողական աշխատանքը։ Ձեռնարկվող ջանքերի վերջնական նպատակն է ժողովրդի կենսամակարդակի նշանակալի բարձրացումը, քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացումը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդումը։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձր են գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, քննարկելու և լուծելու առկա կամ առաջացող խնդիրները դաշնակցային մթնոլորտում։ Հարգելի Նիկոլ Վովայի, այս նշանակալի օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի և նրա ժողովրդի»։ *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, որում նշված է. «Մեծարգո Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն Հայաստանի»: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Սեպտեմբերի 21-ը կարևոր օր է ձեր երկրի պատմության մեջ: 1991 թվականին հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ կողմից անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվեն: Այսօր հանրապետությունը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում, վաստակել է բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում: Մաղթում եմ Ձեզ՝ կարկառուն պետական և քաղաքական գործչին, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, անսպառ էներգիա և նորանոր հաջողություններ Ձեր ազնիվ (առաքինի) գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման և բարեկեցության»: *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Ուղերձում նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի ուրախ առիթով իմ ու կիպրահայության անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ ու Հայաստանի կառավարությանը: Հուսով եմ, որ հաջորդ տարիները մեր Հայրենիքի, Լեռնային Ղարաբաղի ու համայն հայության համար կլինեն անկյունադարձային ու արդյունավետ՝ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումներով: Հավատում եմ նաև, որ միասնական ու համառ աշխատանքով կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կերտել նոր ու փայլուն ապագա հաջորդ սերունդների համար»:
08:19 - 21 սեպտեմբերի, 2019
Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և հետագա անելիքները

Վարչապետի մոտ քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և հետագա անելիքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի վերաբերյալ։ Վարչապետը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Մենք հավաքվել ենք քննարկելու ճանապարհաշինության ոլորտում ընթացիկ իրավիճակը և առաջիկա անելիքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված էլ նորություններ ունենք, մյուս տարվա հետ կապված էլ հայտարարություններ ենք արել ու նաև նորից հասկանանք՝ այս տարվա մասով ուր ենք հասել: Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու, և բոլոր ընկերությունները, որ զբաղված են ճանապարհաշինությամբ, նախապես պետք է դա իմանան: Մենք վաղուց ասել ենք, որ դա պետք է բացառվի, այսինքն՝ որակական չափանիշների հարցում որևէ կոմպրոմիս չի կարող լինել»: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը զեկուցել է միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրերի՝ ՀՀ պետական բյուջեի շրջանակում հիմնանորոգման ծրագրի, ՀՀ պետական բյուջեի շրջանակում միջին նորոգման ծրագրի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագրի, Բագրատաշենի անցակետի կամուրջի շինարարության ծրագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքի մասին: Նրա խոսքով՝ նախորդ տարի 2019 թ. պետբյուջեի պլանավորման շրջանակում ի սկզբանե նախանշված է եղել 164 կմ ճանապարհի շինարարություն՝ 33.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, այժմ 2019 թ. համար նախանշված է նոր ցուցանիշ՝ առնվազն 330 կմ ճանապարհի շինարարություն 47.3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Այս պահի դրությամբ կատարողականը կազմում է 12.9 մլրդ ՀՀ դրամ, 310 կմ վրա աշխատանքներն ընթանում են բոլոր ուղղություններով: Այս տարվա շրջանակում կնքված պայմանագրերը ներառել են 400 կմ, որից առնվազն 330 կմ-ը ավարտին կհասցվի այս տարի, մնացածը կփոխանցվի մյուս տարի, այսինքն՝ հաջորդ տարին սկսվելու է մոտ 70 կմ ճանապարհաշինության համար կնքված պայմանագրերով: Ներգրավված է 27 կապալառու կազմակերպություն, 3 ծրագրերի՝ հիմնանորոգման, միջին նորոգման և կենսական նշանակության ճանապարհների շինարարության ծրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 29.5 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում 5.4 մլրդ ՀՀ դրամ տնտեսում է եղել։ Այս տարի շատ կապալառուներ ձեռք են բերել և շարունակում են ձեռք բերել նոր տեխնիկա, ինչպես նաև ասֆալտբետոնի մեջ կիրառվել է մեծ ծավալով հանքային փոշի, ինչը ընդհանուր առմամբ նպաստում է ճանապարհների որակի բարձրացմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ եղանակային պայմանները և մնացորդային ծավալները համադրելի են, և նախատեսված ծավալները մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն: Տեղեկատվություն է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վերաբերյալ. նշվել է, որ ներկայում ընթացքի մեջ են Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհաշինական աշխատանքները, Տրանշ 4 (Արտաշատ-Ագարակ) և Տրանշ 5 ճանապարհահատվածների մասով (Գյումրիի շրջանցում և Գյումրի-Բավրա) արդեն առկա են նախագծանախահաշվային փաստաթղթերը։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թ. նախանշվող ճանապարհաշինության ծավալներին և այդ ուղղությամբ անելիքներին, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շրջանակում հետագա աշխատանքներին, ինչպես նաև ճանապարհների որակական չափանիշներին, շինարարական աշխատանքների լոտերի չափերին, ճանապարհաշինության ոլորտում կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր։
11:46 - 20 սեպտեմբերի, 2019
Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք. Վարչապետը՝ զոհված զինծառայողների մայրերին |aysor.am|

Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք. Վարչապետը՝ զոհված զինծառայողների մայրերին |aysor.am|

aysor.am։ Կառավարության դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զոհված զինվորների մայրերին ու կանանց հանդիպելու եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Երբ 2018-ին դարձա վարչապետ, ՀՀ զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Առաջին որոշումներից մեկը, որ կայացրինք, այդ հիմնադրամի գործունեության ժամկետը երկու տարով տարանք հետ, այսինքն՝ սկսեց վճարվել 2014 թվականից», - հայտարարեց վարչապետը։Նա նշեց, թե այդ որոշումը կայացնելուց մեկ ամսից անց, Եռաբլուրում իրեն են մոտեցել զոհված զինծառայողների մի քանի մայր՝ ասելով, թե վիրավորված են վարչապետից։ Նրանք վարչապետին ասել են, թե իրենց երեխաներն ավելի վաղ են զոհվել։«Ես իրենց ասացի, որ կառավարությունը քայլ է անում և այդ ուղղությամբ է գնում։ Դրանից ընդամենը յոթ ամիս անց այդ նույն 1000 դրամների հետ կապված որոշում կայացվեց, որ սկսել ենք վճարել 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար», - ասաց վարչապետը՝ նշելով, որ ընդամենը 1 տարվա մեջ վճարման դեպքերը 9 տարով հետ են տարել։ Վարչապետի խոսքով՝ 1000 դրամները պետք է վճարելով հասնի մինչև 90-ականների դեպքերը։«Դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն։ Երբ մենք որևէ տեղ որևէ հարց լուծում ենք, խնդրում եմ, թող ձեր ռեակցիան չլինի վիրավորվելը, թե ինչու այ նրա հարցերը լուծվեցին։ Խնդրում եմ, թող ձեր ռեակցիան լինի այն, որ ինչ լավ է, Հայաստանում կառավարություն է ձևավորվել, որ բոլորի հարցերը լուծելով գնում է։ Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք։ Ես որպես վարչապետ ամաչում եմ, որ հիմա այսպիսի հարց է բարձրացել, որովհետև համարում եմ, որ այս հարցը պետք է վաղուց լուծված լինի», - ասաց նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նրանք, ինչ ասում են, ասում են՝ ճիշտ։
11:14 - 19 սեպտեմբերի, 2019
Նիկոլ Փաշինյանի թերի ներկայացրած փաստը՝ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի թերի ներկայացրած փաստը՝ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ

Օրեր առաջ՝ ապրիլի 16-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Փաշինյանն իր ասուլը սկսեց «նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակմամբ»։ Վերոնշյալ փաստերից մեկում Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Կառավարությունը հաստատել է 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզերում: Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը՝ համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում՝ 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբարեկարգվեն։ 58 բնակավայրում կիրականացվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, 37 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, 42 բնակավայրում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, 58 բնակավայրում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր, 53 բնակավայրում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,15 բնակավայրում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,23 բնակավայրում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր։24 բնակավայրում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»: Նախ ներկայացնենք, թե 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսված սուբվենցիոն ծախսերից, որքանն են կատարվել։   // Untitled infographicInfogram Ինչպես տեսնում ենք, 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին սուբվենցոն ծախսերը կազմել են 2 մլրդ 626 մլն 272 հզ դրամ։ Թերակատարվել են և՛ ընթացիկ, և՛ կապիտալ սուբվենցիաների գծով ծախսերը՝ համապատասխանաբար 36 և 66 տոկոսներով։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ պետության համար կապիտալ ծախսերն ավելի կարևոր են ընթացիկներից, քանի որ հիմնական միջոցների հետ է կապված, այլ ոչ՝ ընթացիկ ակտիվների։ 2019 թվականի հունվար-հունիս ամիսների պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ցույց է տալիս, որ ունեցել ենք 121․9 միլիարդ դրամի պետական բյուջեի հավելուրդ։ Ըստ վերոնշյալի՝ մենք դեռևս օգոստոսին Ֆինանսների նախարարություն հարցում էինք ուղարկել, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղություններով է նախատեսվել ծախսել 121․9 միլիարդ դրամ հավելուրդը։ Օգոստոսի 26-ին մեր հաարցմանը ստացված պատասխանով պարզ դարձավ, որ նշված հավելուրդի օգտագործման ուղղություններից մեկը համայնքային ծրագրերի իրականացման համար սուբվենցիաներն են։ 121․9 միլիարդ դրամ պետական բյուջեի հավելուրդից համայնքային սուբվենցիաներին է ուղղվել 10 միլիարդ դրամ։ Հարցման պատասխանը ստորև․ Ընդ որում, ինչպես տեսնում ենք այդ 10 միլիարդը տրամադրվել է որպես դեպոզիտ՝ սուբվենցիոն ծրագրերի համար և դրա շրջանակներում ընդամենը  403 մլն դրամ գումարի հատկացման ՀՀ կառավարության որոշման նախագիծ է քննարկման ներկայացվել։ Պարզելու համար, թե ինչ սուբվենցիոն  ծրագրեր են ներկայացվել և հավանության արժանացել՝ հարցում ուղարկեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Այնտեղից սեպտեմբերի 10-ին ստացանք պատասխան, որը ներկայացնում ենք ստորև․ Պատասխանից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների սուբվենցիայի ծրագրով պետական բյուջեից համաֆինանսավորում չի իրականացվել։ Չնայած նրան, որ շուրջ 483 ծրագրեր հավանության են արժանացել, այնուամենայնիվ դեռևս ֆինանսավորում չի իրականացվել, քանի որ դեռևս գնման գործընթացներ պետք է իրականացվեն։ Այսպիսով, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը փաստ է ներկայացրել դեռևս ավարտին չհասած և նախնական փուլում գտնվող գործընթացների մասին։ Պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով հատկացվել է ոչ թե 12․9 միլիարդ, այլ՝ 10 միլիարդ, այն էլ պետական բյուջեի հավելուրդի հաշվին, սակայն սա դեպոզիտ պահված գումար է և նշվածից միայն 403 մլն դրամի նախագիծն է դեռևս քննարկման ներկայացվել։ Հետևաբար,խոսել փաստերի և ձեռբերումների մասին առանց կոնկրետ  սուբվենցիոն ծրագրերի համար վճարված գումարների և ծրագրի փաստացի հաջող ավարտի,  մանիպուլյատիվ է։ Արփի Ավետիսյան
15:33 - 18 սեպտեմբերի, 2019