Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

«Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել

«Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել

Երևանի քաղաքապետանի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ «Սանիթեքն» արդեն չորրորդ օրն է հրաժարվում է աղբահանություն կատարել։  «Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում: Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։ Գործող օրենսդրությամբ և «Սանիտեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ «Սանիտեքի» նկատմամբ պատժամիջոցների կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա: Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիտեքը» վստահաբար բացառություն չէ: Անցած ամիսների ընթացքում քաղաքը աղբահանության կոլափսից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկը իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը: Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևան քաղաքի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ է, տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից:«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա:    
07:43 - 01 սեպտեմբերի, 2019
Մարությանը ուղևորափոխադրող ընկերությունների հետ քննարկել է նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր |armenpress.am|

Մարությանը ուղևորափոխադրող ընկերությունների հետ քննարկել է նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր |armenpress.am|

Երևանի քաղաքապետը հանդիպել է մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ:Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են առաջիկա անելիքների, տրանսպորտային համակարգում սպասվող փոփոխությունների ու նոր երթուղային ցանցի հետ կապված հարցեր: Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են նոր երթուղային ցանցով: Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: «Բոլոր բանակցություններում թե կառավարության, թե ձեզ հետ, կարևորում եմ քաղաքի ու քաղաքացիների շահը: Մայրաքաղաքի համար այս նախագիծը պետք է հնարավորին մատչելի լինի, բնակիչների համար ապահովի առավելագույն հարմարավետություն, և քաղաքն ու բնակիչները պետք է զերծ մնան ինչ-որ կոլապսներից, տրանսպորտային խնդիրներից: Հաշվի ենք առնում նաև բնապահպանական խնդիրները՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց ունենալու համար»,- նշել է Մարությանը: «Երթուղային նոր ցանցի սպասարկման հարցում կարծիքներն ու մոտեցումները դեռևս տարբեր են»,- նկատում է քաղաքապետն ու ընդգծում՝ կա երկու տարբերակ՝ կամ այն իր վրա կվերցնի համայնքը, կամ կլինի համայնք և մասնավոր հատված համագործակցություն:«Հաշվի ենք առել առաջադեմ պետությունների փորձը՝ բնակչության սպասարկման այս ոլորտում, որը ևս ստրատեգիկ նշանակություն ունի: Պետությունը պետք է միշտ վերահսկողություն ունենա այս ամեն ինչի նկատմամբ»,- նշում է քաղաքապետը: Տրանսպորտային նոր ցանցի ներդրման համար կպահանջվի առնվազն երկու տարի.վարկի տրամադրում, մրցույթի միջոցով նոր շարժակազմի ձեռքբերում, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում: Մինչ այդ, Երևանի քաղաքապետը մի շարք առաջարկներ է ներկայացրել մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերություններին: Հաջորդ տարվանից շուրջ 400 միկրոավտոբուս պետք է դուրս գա երթուղային ցանցից, քանի որ դրանց շահագործման ժամկետներն (15 տարի)ավարտվում են: Սա այն դեպքում, երբ այսօր քաղաքային երթուղին սպասարկում է շուրջ 900 միկրոավտոբուս: Այսինքն՝ գրեթե կեսը:«Բնականաբար մեզ ձեռք է տալիս, որ այն երթուղիները, որոնք ունեն նման միկրոավտոբուսներ, սեփական միջոցներով փոխարինեն և սկսեն աշխատել մինչ նոր ցանցի ներդրումը: Առնվազն երկու տարի դուք կարողանալու եք այս եղած շարժակազմով աշխատել, որը ձեռք կբերեք, կփոխարինեք»,- նշել է քաղաքապետը: Ներկայումս գործող ընկերությունները կարող են թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը: Հարցուպատասխանի միջոցով մասնակիցները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները՝ գործող և նոր երթուղային ցանցի ու ներկայացված առաջարկների վերաբերյալ:Առաջիկայում մայրաքաղաքի երթուղիները սպասարկող տրանսպորտային ընկերությունները կներկայացնեն իրենց տեսլականը՝ համայնքի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման հարցում:
11:08 - 30 օգոստոսի, 2019
Երևանի աղբահանությանն ուղղված գումարները՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների կտրվածքով

Երևանի աղբահանությանն ուղղված գումարները՝ 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների կտրվածքով

2019 թվականի ապրիլի 23-ին Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Հիմնարկի և «Սանիթեք» ընկերության աշխատանքներն ընթանալու են միաժամանակ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը սույն թվականի հուլիսի 11-ին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցի ժամանակ նշել է, որ իր գալու առաջին օրվանից կարող էր «Սանիթեք» ընկերությանն ասել, որ գնան, սակայն իր քայլերը պետք է այնպես լինեն, որ դատարանում հայտնվելու դեպքում միլիոնավոր տույժեր չվճարի Հայաստանի Հանրապետությունը, քանի որ «Սանիթեք»-ը միջազգային ընկերություն է և ներդրում է կատարել: Քաղաքապետի վերոնշյալ բացատրությանն ի հակառակ՝ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նշել էր. «Պայմանագրային պարտավորությունների ձախողումը «Սանիթեք»-ի կողմից ակնհայտ է, ինչպես նաև ակնհայտ է, որ իրենց բարձրաձայնած խնդիրները ևս ունեն օբյեկտիվ կողմ, այն մասով, որ ունենք վնասվող աղբամաններ, ունեինք աղբավայր որտեղ ելք ու մուտքը մեքենաների համար վտանգավոր էր և վնաս էր առաջացնում, և ակնհայտ էր, որ պետք էր վերանայումներ իրականացնել քաղաքապետարանի և Սանիթեքի համագործակցության շրջանակներում: Դրա տեղի չունենալուց հետո քաղաքապետարանը ներկայումս ունի մեկ ելք՝ լուծել պայմանագիրը: Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք մի քանի միլիարդ վճարում ենք մեր համայնքային հիմնարկին՝ աղբահանություն իրականացնելու համար և շարունակում ենք, ինչպես քաղաքապետը նշեց, իրենց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել...»: Infocom-ը որոշեց պարզել, թե  Երևանի քաղաքապետարանի կողմից որքան գումար է վճարվել «Սանիթեք» ընկերությանը 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին և որքան գումար է տրամադրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին: Տվյալները տրամադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից սույն թվականի օգոստոսի 22-ի դրությամբ՝ նախորդ ամիսների համար: Ինչպես կարող ենք տեսնել ստորև ներկայացված գրաֆիկներից, համայնքային հիմնարկի շահագործումից հետո Երևանի քաղաքապետարանը վճարել է հուլիս ամսին՝ 595 հզ. ՀՀ դրամի չափով: «Սանիթեք» ընկերությանը մարտ ամսից վճարվել է պայմանագրով նախատեսված գումարից պակաս՝ կապված ընկերության նկատմամբ կիրառվող տույժերի հետ: «Սանիթեք» ընկերության նկատմամբ կիրառվել է 90 մլն 519 հզ. ՀՀ դրամի տույժ՝ մարտ-հունիս ամիսների կտրվածքով:  Ի հավելումն նշենք, որ համայնքային հիմնարկի աշխատանքային գործունեության համար գնվել են աղբատար մեքենաներ և աղբամաններ, որոնց քանակությանը և գներին կանդարադառնանք առանձին հոդվածով: Timeline Dark InfographicInfogram
13:02 - 28 օգոստոսի, 2019
Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը

Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։ Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով:Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։ «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է և վնաս է կրում քաղաքապետարանը»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։Հիմնական խնդիրներից մեկը բնակարանի վերանորոգումից հետո մնացած շինարարական աղբն է, որը պետք է տեղափոխվի Նուբարաշենի աղբավայր։ Այստեղ մեկ այլ խնդիր են ապօրինի շինաղբավայրերը։ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ շարունակում է հսկողությունը այդ տարածքներում՝ շինաղբով բեռնված մեքենաների վարորդներին զգուշացնելով և ուղորդելով Նուբարաշեն։ Կոչերն անտեսելով՝ վերջերս վարորդներից մեկն, այնուամենայնիվ, ընտրել էր մոտակայքում գտնվող ապօրինի աղբավայրի ճանապարհը։ Հետևանքը՝ մեքենան ընկել էր աղբի ձորակը։Նշեցինք, որ քաղաքային աղբարկղերն ու աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, սակայն օրեր առաջ Դավթաշենի աղբարկղերից մեկում հայտնաբերվեցին բժշկական պարագաներ, այդ թվում օգտագործված ներարկիչներ։ Վտանգավոր թափոնը հարևանությամբ գործող բժշկական կենտրոնինն էր։«Խոսեցինք տնօրինության հետ, իրենք ընդունեցին սխալը և նշեցին, որ անփութության հետևանք է եղել: Բացի այդ, մենք ստուգեցինք նրանց պայմանագիրը համապատասխան ընկերության հետ»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:«Թափոնների մասին» օրենքն ասում է, որ բժշկական և վտանգավոր այլ թափոնները վտանգում են մարդու առողջությունը և միջավայրը։ Դրանք պետք է պահվեն հատուկ առանձնացված հատվածներում և այրման եղանակով ոչնչացվեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։«Գրություն է ուղարկվել առողջապահական տեսչական մարմին, որպեսզի վարչական վարույթ իրականացվի և բժշկական կենտրոնը տուգանվի (100-150 հազար ՀՀ դրամ) »,-նշել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:Այժմ ստուգումներ են Երևանի բոլոր բուժհաստատություններում։ Ստուգվում է թափոնների կառավարման պայմանագրերի առկայությունը։ Քաղաքացիներից ստացված ահազանգի հետքերով մեր նկարահանող խումբը եղավ բժշկական ծառայություններ մատուցող մի քանի կենտրոններում։Թեև որևէ տեղ գրված չէ, թե ինչպես է պետք օգտվել քաղաքային աղբամաններից, սակայն կարևոր է իմանալ, որ կենցաղային աղբը թափելուց հետո աղբամանների կափարիչները պետք է փակվեն։Պետք է հստակ գիտակցել՝ աղբահանության համար ձեռք բերված գույքը քաղաքի բոլոր բնակիչների սեփականությունն է, և որքան խնամքով մենք այն գործածենք, այնքան երկար կծառայի ան մեզ՝ նվազեցնելով մեր իսկ գրպանից արվող ծախսերը:Իսկ առաջիկայում քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը:«Մասնավորը փորձնական 25 աղբաման կտեղադրի Երևանում տեսակավորված աղբի, պլաստիկի համար: Հորդորում ենք առանձնացնել նաև ստվարաթուղթը, որն առանձին կազմակերպություն կգա և կտանի»,-ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը: Մինչ ոլորտի ամբողջական բարեփոխումը՝ քաղաքապետարանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով, համալրվող տեխնիկայով ու նոր աղբամաններով կշարունակի զբաղվել քաղաքի մաքրությամբ: Ի դեպ, Դավթաշենում քաղաքացիները փոփոխությունն արդեն զգում են:Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի:  
14:00 - 26 օգոստոսի, 2019
Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն. հսկողությունը կուժեղացվի

Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն. հսկողությունը կուժեղացվի

Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն:«Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև Կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,-նշել է քաղաքապետը: ***Երևան համայնքն իր միջոցներով շարունակելու է նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվու՞մ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեքում» նման հարց չեն քննարկում: Զեկուցվել է, որ այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեք»-ում կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:***Նախորդ շաբաթ շարունակվել են ստուգայցերը՝ արգելելու բացօթյա ապօրինի առևտուրը: Բացատրական աշխատանքներից հետո գործունեությունը չդադարեցնելու համար 20 դեպքում քաղաքացիները տուգանվել են:
12:17 - 13 օգոստոսի, 2019
Այս տարի 20 վերելակ կփոխարինվի նորերով

Այս տարի 20 վերելակ կփոխարինվի նորերով

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերն ունեն շուրջ 4400 վերելակ, դրանց մեծ մասը փոխարինման կարիք ունի: Դրանք տեղադրվել են դեռևս 1956-1993թթ., թեպետ շահագործման սահմանված ժամկետը մինչև 25 տարի է: Այսինքն՝ գրեթե բոլոր վերելակները սպառել են այդ ժամկետը: 2007-2008թթ. պետական բյուջեից հատկացված 3 մլրդ դրամով Երևանում տեղադրվեց 35 նոր վերելակ, նորոգվեց շուրջ 2500-ը: Սակայն նորոգվածներն արդեն վերանորոգման կարիք ունեն, խնդիրը պահանջում է համապարփակ լուծում: Նշենք նաև, որ շենքերի մեծ մասի բնակիչներն այդքան միջոցներ չունեն: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքն ասում է. վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին:Յուրաքանչյուր շենք ունի սպասարկող ընկերություն, որի ծառայությունների դիմաց բնակիչները սպասարկման վճար են տալիս: Եվ, եթե ընթացքի ժամանակ վերելակը փչացել է, հենց նրանց էլ պետք է դիմել: Հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է վերելակների փոխարինման ընդգրկուն ծրագիր. խոսքը 3500 նոր վերելակի մասին է: Այս թվում ներառված չեն վթարային շենքերի, նորակառույցների, նաև շենքերի բեռնատար վերելակները: «Հունվարին հայտարարել էինք, որ մտնում էինք վերելակների փոխարինման համապարփակ նախագծի փուլ: Խոր ուսումնասիրություններ, դիտարկումներ, հարցումներ: Լուծումները ներառել ենք նախագծում, որը վերջերս ներկայացվեց Կառավարությունում և արժանացավ հավանության: Ստեղծվել է միջգերատեսչական խումբ»,-նշել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Նախնական հաշվարկով՝ 3500 վերելակի փոխարինումը կտևի 4 տարի: Մնում է շենքերի բնակիչների մեծամասնության համաձայնությունը: «Քաղաքը, որպես առանձին բյուջետային միավոր, չունի այդ ֆինանսական հնարավորությունը, որովհետև խոսքը 32 մլրդ դրամի մասին է, իսկ, ինչպես գիտեք, դա մեր մեկ տարվա մուտքերի ծավալն է: Քաղաքապետի հանձնարարությամբ մենք նախնական փորձնական մի ծրագիր ենք իրականացնում, որի շրջանակում 20 վերելակ կփոխարինվի նորերով»:Շենքերն ընտրվել են տասը վարչական շրջաններից: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: «20 վերելակները կփոխարինվեն համայքնային միջոցներով՝ մոտավորապես 190 մլն դրամ է: Դա քաղաքի ու երկրի մասշտաբով աննախադեպ ծրագիր է: Մինչև տարեվերջ կունենանք տեղադրված վերելակները. օրեր առաջ մրցույթը տեղի ունեցավ և ամենաուշը դեկտեմբերին կունենանք նոր վերելակներ»,-նշել է Հայկ Սարգսյանը: Նախքան վերելակների փոխարինման ծրագրի ամբողջական իրագործումը՝ քաղաքը վերելակային ֆոնդի պահպանման և շահագործման ծախսերի առումով շարունակելու է աջակցել բնակիչներին: Այս տարի համայնքի բյուջեից այդ նպատակին տրամադրվել է շուրջ 121 մլն դրամ. ավելին՝ քան նախորդող տարիներին:
11:27 - 13 օգոստոսի, 2019
Երևանի համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա և 4400 աղբաման

Երևանի համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա և 4400 աղբաման

Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա: Համայնքային հիմնարկը ներկայումս արդեն 10 միավոր տեխնիկա ունի, և ամեն օր վաղ առավոտից աշխատակիցները դուրս են գալիս փողոց՝ մաքրելու աղբը: Այս պահին տեխնիկայի և աշխատակիցների համալրումը շարունակվում է: Աղբը Երևանի փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքը առնվազն 40 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշել է, որ այժմ մի շարք վարչական շրջաններում աղբահանության խնդիր կա, որովհետև այնտեղ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենա գրեթե չի մտնում:«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում պետք է տեղադրված լիներ 16 հազար աղբաման, իսկ այսօր Երևանում տեղադրված է ընդամենը 4 հազար աղբաման, որոնց մեծ մասը շարքից դուրս է եկել: Համայնքը կունենա նաև սեփական աղբամաններ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Երևանում է` շուրջ 400 հատ: Դրանց թիվն առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով 4400-ի:   Երևանի քաղաքապետարան
11:03 - 05 օգոստոսի, 2019
Երևանում վերելակներին ուղղվող գումարները չեն կրճատվել |fip.am|

Երևանում վերելակներին ուղղվող գումարները չեն կրճատվել |fip.am|

fip.am: Երևանի քաղաքապետարանի դիմաց հուլիսի 31-ին բողոքի ակցիա էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները, որոնք «դեղին քարտ» ցույց տվեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ մատնանշելով քաղաքում չլուծված խնդիրները։ ՀՅԴ ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը, մասնավորապես, բարձրաձայնեց քաղաքի վերելակների խնդրի մասին՝ հայտարարելով, որ «գոնե մեկ վերելակ չի փոխվել, իսկ փոխարենը 71 տոկոսով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը»։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, սակայն, հակադարձել է Ռոստոմյանի այս պնդմանը՝ նշելով, որ վերելակների սպասարկման, նորոգման համար նախատեսվող բյուջեն ոչ թե կրճատվել է 71 տոկոսով, այլ հակառակը՝ ավելացել է 20-ով։ «2019-ին 120 միլիոն 779 հազար դրամ՝ 2018 թվականի 96 միլիոն 528 հազար դրամի փոխարեն»,- ասել է Կարապետյանը։  Fip.am-ը որոշեց պարզել, թե իրականում որքա՞ն գումար է քաղաքային վարչակազմն ուղղել Երևանի վերելակների հիմնանորոգման համար, և արդյո՞ք նախատեսվում է քաղաքում նոր վերելակներ տեղադրել։ Ինչ վերաբերում է ՀՅԴ ներկայացուցչի հիշատակած վերելակների նորոգման համար նախատեսված բյուջեի՝ 71 տոկոսով կրճատվելուն, ապա, իսկապես, նախորդ տարի դեկտեմբերին հաստատված Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեով վերելակների հիմնանորոգմանն ուղղվող գումարը 30.7 մլն դրամ էր՝ 2018-ին ուղղված 108,7 մլնի դիմաց (կատարողականով՝ 96.6 մլն դրամ)։ Սակայն այս տարվա մարտին Երևանի քաղաքային վարչակազմը ներկայացրեց 2019 թ. բյուջեի լրամշակված տարբերակ (խմբ. քաղաքային բյուջեն ավելացվել էր 10 մլրդ դրամով), որով «Վերելակների հիմնանորոգում» ծրագրին ուղղվեց ևս 90 մլն դրամ՝ տարվա կտրվածքով կազմելով ավելի քան 120.7 մլն դրամ։ Այսպիսով, Հակոբ Կարապետյանի հայտարարած թվերը ճշգրիտ են։     Հատկանշական է, որ վերելակների թեմային հուլիսի 31-ին անդրադարձել էր նաև «Իրավունք» կայքը։ Լրատվականը գրել էր, թե իրենք չեն կարողանում գտնել «այդ 120 միլիոնը» քաղաքապետարանի կայքում ներկայացված մայրաքաղաքի բյուջեի մասին փաստաթղթում։ Ինչպես արդեն նշեցինք, սակայն, համապատասխան փաստաթուղթն առկա է քաղաքապետարանի պաշտոնական կայքում (https://www.yerevan.am/am/finance/, 9-րդ կետ): Նոր վերելակներ՝ Երևանում Ինչ վերաբերում է նոր վերելակներին, ապա Հակոբ Կարապետյանը 1in.am-ի հետ զրույցում նշել է, որ շուտով քաղաքում նոր վերելակների պիլոտային ծրագիր կիրականացվի։ «Այս պահին արդեն 20 վերելակ է փոխարինվելու Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Ծրագիրը պիլոտային է լինելու՝ հասկանալու, վեր հանելու հետագա խնդիրները։ Եթե չեմ սխալվում, մոտ օրերս այդ պիլոտային ծրագրի շրջանակներում մեկ վերելակ կտեղադրվի»,- նշել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։ Հավելենք, որ պետական գնումների armeps.am կայքում արդեն տեղադրվել է վերելակների գնման մրցույթի հայտարարությունը։
07:51 - 02 օգոստոսի, 2019
Մայրաքաղաքի երեք պոլիկլինիկայում ներդրվող էլեկտրոնային ընդունարանները բնակիչներին կազատեն հերթերից |armenpress.am|

Մայրաքաղաքի երեք պոլիկլինիկայում ներդրվող էլեկտրոնային ընդունարանները բնակիչներին կազատեն հերթերից |armenpress.am|

armenpress.am:  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում հերթերի խնդիրը կարգավորելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը համագործակցում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հետ՝ առայժմ մայրաքաղաքի երեք պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարաններ ներդնելու ուղղությամբ: «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը նշեց, որ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Պոլիկլինիկա դիմած պացիենտների Էլեկտրոնային եղանակով հերթագրման, վերջիններիս բժիշկների մոտ ուղեգրման» փորձարարական ծրագրի շրջանակում ներկայումս էլեկտրոնային ընդունարանների ներդրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի երեք՝ թիվ 1, թիվ 11 («Նոր Արաբկիր» առողջության կենտրոն ) և թիվ 17 պոլիկլինիկաներում: «Էլեկտրոնային ընդունարանը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի գործիքներից է, որի ներդրումը քաղաքացիների համար առաջին հերթին օգտակար է նրանց հերթերից ձերբազատելու առումով: Այսինքն, կոնկրետ պոլիկլինիկային կցագրված քաղաքացին հնարավորություն կունենա, զանգահարելով կամ այցելելով բուժհաստատություն, նախապես այց գրանցել, պոլիկլինիկայի ընդունարանում ադմինիստրատորը այն կընդունի կամ կառաջարկի այլ տարբերակ: Այսինքն՝ մի կողմից բնակչի համար ապահովվում է արագ սպասարկում, մյուս կողմից՝ բուժհաստատությունը կարողանում է ավելի արդյունավետ կառավարել իր մարդկային և նյութական ռեսուրսները: Մյուս առավելությունն այն է, որ պոլիկլինիկայի ղեկավարության և հիմնադրի համար շարժը դառնում է թափանցիկ»,-համակարգի ներդրման առավելություններն է ներկայացնում Ավետ Մանուկյանը: Էլեկտրոնային ընդունարանի ներդրումը նա համարում է կարևոր քայլ նաև էլեկտրոնային առողջապահության համակարգին անցնելու տեսանկյունից, երբ քաղաքացին կկարողանա այց գրանցել արդեն միանգամից առցանց եղանակով՝ հենց տնից և մի շարք ծառայություններից օգտվել էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչպես եվրոպական մի շարք երկրներում: Պոլիկլինիկաների համապատասխան մասնագետներն արդեն իսկ ներգրավված են Առողջապահության նախարարության և «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ՝ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպվող դասընթացներում, որի ընթացքում ծանոթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվելու կանոններին: Հաստատություններն ապահովված են նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով: Երեք պոլիկլինիկաներում էլեկտրոնային ընդունարանների ներդրման գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթների ընթացքում, որից հետո արդեն կսկսվի պրակտիկ կիրառությունը: Հաջողության դեպքում համակարգը նախատեսվում է ներդնել նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մյուս պոլիկլինիկաներում։
06:21 - 01 օգոստոսի, 2019
Օգոստոսի 1-ից 48 համարի երթուղին չի գործի․ քաղաքապետարանն այլընտրանք է առաջարկում

Օգոստոսի 1-ից 48 համարի երթուղին չի գործի․ քաղաքապետարանն այլընտրանք է առաջարկում

Շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը: Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով՝ ա) միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգիծը Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ.48 երթուղու վերջնակետ). բ) մասնակիորեն կփոփոխվի միկրոավտոբուսային հ.52 երթուղու ուղեգիծը. այն 15-րդ թաղամասից (Գ.Չաուշի հրապարակից) կշահագործվի միկրոավտոբուսային հ.48 երթուղու ուղեգծով՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով մինչև Սեբաստիայի փողոց, այնուհետև գործող ուղեգծով: Միկրոավտոբուսային հ.48 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք համաքաղաքացիների ներողամտությունը:
17:19 - 31 հուլիսի, 2019
Մայրաքաղաքի կանաչ գոտիների թերի ոռոգման հիմնական պատճառը ոռոգման ջրի անկանոն մատակարարումն է. քաղաքապետարան

Մայրաքաղաքի կանաչ գոտիների թերի ոռոգման հիմնական պատճառը ոռոգման ջրի անկանոն մատակարարումն է. քաղաքապետարան

Ամռան ամիսներին, երբ ջերմաստիճանը մայրաքաղաքում հաճախ հատում է 40 աստիճանի սահմանագիծը, կանաչ տարածքների պատշաճ և խնամված տեսքն ապահովելու համար անհրաժեշտ է կազմակերպել պարբերական ոռոգում: Ընդ որում, օդի չորության և անբարենպաստ հողային կառուցվածքի պայմաններում Երևանի ոռոգման համակարգը շուրջ 10-ն անգամ գերազանցում է, օրինակ, ԱՊՀ մյուս մայրաքաղաքների ցանցերը: Մեկ տարեշրջանի ընթացքում մայրաքաղաքում 1 հա կանաչ զանգված ոռոգելու համար անհրաժեշտ է 8-9 հազ. խմ ջուր, իսկ խիստ տապի պայմաններում՝ 12-14 հազ. խմ: Այնինչ, մի շարք պատճառներից ելնելով, որոնցից հիմնականներն են՝ ջրատարների ընթացիկ վերանորոգումը, ջրի ճնշման անկումը, ֆիզիկապես որոշակիորեն մաշված խողովակաշարերը, կանաչ գոտիները թերի են ոռոգվում, ինչն էլ իր հերթին ոչ միայն լիարժեք կանաչ տարածքներ չի ապահովում, այլև կարող է նպաստել հրդեհավտանգ իրավիճակի ի հայտ գալուն: Ջրի ոչ լիարժեք ապահովման պատճառներից մեկն էլ մի քանի վարչական շրջաններ սնուցման նույն աղբյուրից ոռոգման ջուր մատակարարելն է (Աջափնյակ-Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր-Կենտրոն): Ներկայումս նախագծանախահաշվային փաստաթղթեր են մշակվում՝ ոռոգման ցանցերն ըստ վարչական շրջանների հնարավորին առանձնացնելու համար: Մինչ այդ, Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում առկա իրավիճակում մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման պարբերականությունն ավելացնելու և կանաչ գոտիների տեսքն ու նպատակային նշանակությունը վերականգնելու նպատակով:   Երևանի քաղաքապետարան
12:08 - 30 հուլիսի, 2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը հայտնաբերել է պիտանիության ժամկետն անցած ապրանքներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը հայտնաբերել է պիտանիության ժամկետն անցած ապրանքներ

Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել: Ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2019 թվականի հուլիսի 26-ին վարչության աշխատակիցները Սունդուկյան փողոցի թիվ 9 հասցեում գործող՝ «Եվա և Սյուզի» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ» սուպերմարկետում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած բազմատեսակ և բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես` սննդամթերք։ «Շիրակ» սուպերմարկետի տնօրենը և աշխատակիցները փորձել են թաքցնել նշված ապրանքները, ինչից և պարզ է դարձել, որ վերջիններս գիտակցաբար իրացնում են ժամկետանց սննդամթերք։ Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ առանց պիտանիության ժամկետի կամ ժամկետն անցած ապրանքների իրացումից։
17:01 - 29 հուլիսի, 2019
Երևանում փակվում են բարձրահարկ շենքերի աղբամուղները. որոշումը բնակիչներինն է, կան նաև դժգոհողներ |armenpress.am|

Երևանում փակվում են բարձրահարկ շենքերի աղբամուղները. որոշումը բնակիչներինն է, կան նաև դժգոհողներ |armenpress.am|

armenpress.am։ Բնակիչների դիմումներով Երևանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի 185 մուտքում փակվել և զոդվել են բոլոր աղբամուղները: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանը: «Բազմաբնակարան շենքերի աղբամուղները փակելու որոշում չկա և չի կարող լինել, քանի որ դրանք բնակիչների սեփականությունն են: Վերջիններն են որոշում, թե ինչպես օգտագործել ընդհանուր բաժնային սեփականությունը (գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային- խմբ.): Շենքերի սեփականատերերի ժողովի ժամանակ, եթե 51 տոկոսը որոշում կայացնի, որ պետք է աղբատարը փակվի, ապա այդ փաստն ունի իրավական ուժ: Բնակիչները կարող են իրենց կայացրած որոշումով դիմել կառավարման մարմին: Որոշումը կարող է լինել օրինակ՝ ստորագրության ձևով»,- նշեց Խաչատրյանը: Անդրադառնալով աղբամուղները փակելու նկատմամբ մարդկանց արձագանքին՝ նա նշեց, որ դժգոհություններ շատ չեն հնչել, հիմնականում հնարավոր է եղել բացատրել բոլորին, որ աղբամուղի փակելն ամենակարևորը կնպաստի շենքի մուտքի մաքուր լինելուն: «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ փակված է 185 աղբամուղ: Այս պահին գործընթացը մի փոքր ակտիվացել է, քանի որ ներկայում հավուր պատշաճի չի կատարվում աղբահանությունը: Այսօր խնդիր է առաջանում նաև բակերում կայանող մեքենաների պատճառով, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում բակեր մուտք գործել»,- նշեց Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ որոշ շենքերի աղբամուղները չփակելու դեպքում անհրաժեշտ է լինելու լուծել աղբատար փոքր մեքենաներ ունենալու խնդիրը, որպեսզի բակեր մտնելը հեշտ լինի. Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 10 փոքր աղբատար մեքենա: Նախապես մրցույթ է հայտարարված եղել, հաղթել է «Մուլտի մոթորս» կազմակերպությունը և մինչև հոկտեմբերի 15-ն այդ մեքենաները կլինեն Երևանում:
05:59 - 26 հուլիսի, 2019