Բելառուս

Լիտվան պատրաստ է ապաստան տրամադրել Բելառուսի ընդդիմադիր գործիչներին. երկրի ՆԳ նախարար |tert.am|

Լիտվան պատրաստ է ապաստան տրամադրել Բելառուսի ընդդիմադիր գործիչներին. երկրի ՆԳ նախարար |tert.am|

tert.am: Լիտվան պատրաստ է քննարկել բելառուս ընդդիմադիր գործիչներին ապաստան տրամադրելու հարցը, եթե նրանք այդպիսի խնդրանքով դիմեն: Այս մասին հայտարարել է բալթյան հանրապետության ներքին գործերի նախարար Ռիտա Տամաշյունենեն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Առաջին անգամ չէ, որ բելառուս ընդդիմադիրներն ապաստան են փնտրում մեր երկրում, եթե այս անգամ էլ քաղաքական կամ սպառնալիքների պատճառով դա կրկնվի, Լիտվան պատրաստ է օգնության հասնել նրանց, մինչև պայմաններ ստեղծվեն անվտանգ տուն վերադառնալու համար»,-հայտարարել է Տամաշյունենեն: ՆԳՆ ղեկավարի խոսքով` Լիտվայի պատասխանատու կառույցներն ապաստան ստանալու համար Բելառուսի քաղաքացիների դիմումների թվի ավելացման դեպքում գործողությունների ծրագիր են մշակել: Օգոստոսի 11-ին Լիտվա էին մեկնել Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և նրա շտաբի ղեկավար Մարիա Մորոզը:
14:41 - 12 օգոստոսի, 2020
Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է Մինսկում ցույցերի կազմակերպիչների ձերբակալման մասին. ոստիկանության տվյալներով՝ ցուցարարներին վճարում են ակցիաներին մասնակցելու համար |tert.am|

Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է Մինսկում ցույցերի կազմակերպիչների ձերբակալման մասին. ոստիկանության տվյալներով՝ ցուցարարներին վճարում են ակցիաներին մասնակցելու համար |tert.am|

tert.am: Բելառուսի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Մինսկում «զանգվածային անկարգությունների կազմակերպիչների» ձերբակալման մասին: Այս մասին գրում է meduza.io կայքը: Ձերբակալվածներից մեկը Մինսկի բնակիչ է, որը «Բելառուս» հյուրանոցի 17-րդ հարկում սենյակ էր վարձել և այնտեղից համակարգում էր բողոքի ակցիաները: Ըստ տվյալների` նա ղեկավարում էր 3 անձանց գործողությունները, որոնք, իրենց հերթին, ղեկավարում էին հարյուրավորներին: Օգոստոսի 12-ի առավոտյան ՆԳՆ-ն հայտարարել է նաև «անկարգությունների մասնակիցներին վճարող» անձի ձերբակալման մասին: «Տղամարդու պայուսակում հայտնաբերվել է ավելի քան 10 000 դոլար գումար, որը նախատեսված էր զանգվածային անկարգության մասնակիցներին վճարելու համար»,-ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: Ձերբակալության ժամանակ տղամարդն ակտիվ դիմադրություն է ցույց տվել ՆԳՆ աշխատակիցներին` կոտրելով նրանցից մեկի քիթը: ՆԳՆ տվյալների համաձայն` նա ավելի վաղ բազմիցս վարչական պատասխանատվության է ենթարկվել և դատվել է հոգեմետ միջոցներ պահելու համար: Լուսանկարները՝ այստեղ:
13:40 - 12 օգոստոսի, 2020
Տիխանովսկայան մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ․ Լինկյավիչուս |azatutyun.am|

Տիխանովսկայան մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ․ Լինկյավիչուս |azatutyun.am|

azatutyun.am: Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը երեկ երեկոյան Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսի նախագահական ընտրություններում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան այս պահին գտնվում է պաշտոնական Վիլնյուսի կողմից տրամադրված բնակարանում՝ «Լիտվայի կառավարության հյուրի կարգավիճակում»։ Տիխանովսկայան Բելառուսը լքել էր օգոստոսի 10-ի երեկոյան՝ առայժմ մինչև վերջ չպարզված հանգամանքներում։ «Պարզ է, որ նա որոշակի ճնշման է ենթարկվել և այլ ելք չուներ քան լքել երկիրը։ Տիխանովսկայան լիտվական մուտքի վիզա ունի ինչը նշանակում է, որ նա կարող է ազատորեն մեկ տարի գտնվել Լիտվայի տարածքում։ Լիտվա մեկնելը ըստ ամենայնի հենց Տիխանովսկայայի ընտրությունն էր։ Դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ [Լիտվայի] կառավարությունը որևէ կերպ չի խոչընդոտել կամ չի նպաստել դրան», - հայտարարել է Լինկյավիչուսը։ Այսօր առավոտյան Լինկյավիչուսը Twitter-ում գրել է, որ զրուցել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ «Նա լավ տրամադրություն ունի, մոտ ապագայում հանդես կգա հայտարարությամբ», - գրել է Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
13:18 - 12 օգոստոսի, 2020
Բելառուսի ԱԳՆ-ն անընդունելի է համարել ԵՄ-ի գնահատականը՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին

Բելառուսի ԱԳՆ-ն անընդունելի է համարել ԵՄ-ի գնահատականը՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին

Երեկ Բելառուսի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պատասխան Եվրամիության ավելի վաղ տարածած հայտարարության։ Բելառուսի ԱԳՆ-ն անընդունելի է համարել ԵՄ-ի գնահատականը, քանի որ այն հիմնված է «միակողմանի տեղեկատվության վրա»։  «Ավելի քան 250 տուժած, բարիկադներ փողոցներում, ադմինիստրատիվ շենքերի գրավման փորձեր․․․ Եվ սա դեռ խաղա՞ղ բողոքի ակցիա է։ Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ կարծիքն օբյեկտիվ լինի։ Դեռ նախքան նախընտրական արշավի մեկնարկը մենք դիմել էինք մեր գործընկերներին օգնության համար՝ խոսելով արտաքին ազդեցության ուղիղ փաստերի մասին։ Մենք քանիցս առաջարկել ենք ձեզ՝ մեզ այսօր քննադատողերին, միասին հասկանալ իրավիճակը։ Սակայն դրա փոխարեն արդեն երկրորդ օրն է, ինչ հնչեցվում են պատժամիջոցների կոչեր։ Եվ ինչպե՞ս այսքանից հետո մենք կարող ենք հավատալ ձեր խորհուրդների անկեղծությանը», - ասված է հայտարարության մեջ։  Բելառուսի ԱԳՆ-ն նաև նշում է, որ բելառուսական կողմը պատրաստ է իր արտասահմանյան գործընկերներին տրամադրել «կոնկրետ անհերքելի փաստեր», որոնք ապացուցում են արտաքին ազդեցությունը։
12:16 - 12 օգոստոսի, 2020
Եվրահանձնաժողովը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը |azatutyun.am|

Եվրահանձնաժողովը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ այն անձանց, ովքեր պատասխանատու են ոստիկանական բռնությունների և ընտրակեղծիքների համար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը: Նրա խոսքով՝ երկրում ընտրությունները «ո՛չ ազատ, ո՛չ արդար» են անցել, և իշխանությունները դիմել են «անհամաչափ և անընդունելի բռնության»: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանո էլ ասել է. «Մենք դատապարտում ենք բռնությունը, մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ապօրինի են ձերբակալվել, բացառապես քաղաքական դրդապատճառներով»: Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այժմ գտնվում է Լիտվայում. դա պաշտոնապես հաստատել են նաև Վիլնյուսում: Վիզան թույլ է տալիս նրան մեկ տարի մնալ այնտեղ: Նրա աջակիցները վստահ են, որ Տիխանովսկայան փախել է աննախադեպ ճնշման պատճառով: Նրանք հայտարարում են պայքարը շարունակելու մասին:
10:40 - 12 օգոստոսի, 2020
Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից

Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․  փոխել կառավարությունը ԵԱՀԿ չափանիշների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով, խաղաղ ցույցեր և ազատ հավաքներ  իրականացնել իրենց ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության համար և դրանց խախտումների դեմ, չենթարկվել բռնությունների և կամայական ազատազրկումների, ունենալ տեղեկատվության և մամուլի լիակատար ազատություն:  Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև ոստիկանության կողմից անհամաչափ և չարդարացված ուժի կիրառումը, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել և հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։   Հայաստանի ժողովրդավարությունը և զարգացումը բռնի կերպով կասեցվել են բազմաթիվ կեղծված ընտրություններով։ 2008 թ․ ժողովրդի քվեարկության նմանատիպ կեղծման և հանրային դժգոհության բռնի լռեցման արդյունք էր պետության լայնածավալ զավթումը, անպատժելիության, կոռուպցիայի և մարդու իրավունքների համակարգային խախտումների խորացումը։ Միայն 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխության միջոցով Հայաստանի ժողովուրդը կարողացավ վերականգնել արդարությունը, սակայն մինչ օրս՝ երկու տարի անց, դեռ պայքարում է բռնության և կոռուպցիայի մնացորդների դեմ։   Լիարժեք համերաշխություն հայտնելով Բելառուսի ժողովրդին` մենք ողջունում ենք նրանց ուժեղ կամքը, ոգին և պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական իշխանություն ընտրելու իրենց լեգիտիմ իրավունքը, վերականգնելու իրենց արժանապատվությունը, իրավունքներն ու արդարությունը։   Մենք պահանջում ենք Բելառուսի գործող նախագահից.  ապահովել ընտրական գործընթացի անկախ վերանայումը և ձայների վերահաշվարկը, անհապաղ դադարեցնել քաղաքական ընդդիմադիրների և խաղաղ ցուցարարների հետապնդումը, ազատել բոլոր քաղբանտարկյալներին։ —————— Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հանրային լրագրության ակումբ«Խաղաղության Երկխոսություն» ՀԿԳլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն«Իրազեկ քաղաքացիների միավորում»Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
10:21 - 12 օգոստոսի, 2020
Ձայնալուսային նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, հարձակումներ լրագրողների վրա․ իրավիճակը Բելառուսում․ ամփոփ

Ձայնալուսային նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, հարձակումներ լրագրողների վրա․ իրավիճակը Բելառուսում․ ամփոփ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում արդեն երրորրդ օրն է, ինչ տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ուժայինների միջև։ Երեքշաբթի օրը նորից կիրառվել են ձայնալուսային նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Բելառուսի պաշտոնական տվյալների՝ ցույցերից հետո ավելի քան 200 հոգի հայտնվել է հիվանդանոցներում։ Ավելի քան 2000 հոգի բերման է ենթարկվել։ Իրավապաշտպանները հայտնում են, որ ուժայինները միտումնավոր ծեծի են ենթարկում լրագրողներին և կոտրում տեսախցիկները։  Տելեգրամյան ընդդիմադիր ալիքները կոչ են արել օգօստոսի 11-ից սկսել անժամկետ գործադուլ։ Սակայն դեռ չկան ապացույցներ, որ մարդիկ զանգվածաբար գործադուլ են անում։ Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան գնացել է Լիտվա։ Այնտեղից նա տեսաուղերձ է հղել, որտեղ հայտնում է, որ չուներ այլընտրանք։ Դրանից հետո իշխանամետ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է մեկ այլ տեսաուղերձ, որտեղ Տիխանովսկայան, ակնհայտորեն թղթից կարդալով տեքստը, կոչ է անում դադարեցնել բողոքի ակցիաները։ Ընդդիմությունը կարծում է, որ երկրորդ տեսաուղերձն արվել է ճնշումների ներքո և  ձայանգրվել է Բելառուսի ԿԸՀ-ում։  Մինսկում հարձակումներ են տեղի ունեցել լրագրողների վրա․  նրանց բերման են ենթարկել, ծեծել, խլել հիշողության կրիչներն ու կոտրել տեսախցիկները։ Մի քանի ռուս լրագրող ազատ է արձակվել և տարհանվել երկրից։ BBC-ի՝ օգոստոսի 11-ի իրադարձությունները լուսաբանող երեք լրագրողի վրա հարձակվել է «առանց տարբերանշանների ուժայինների մի խումբ»։ Այս մասին հայտնում է ալիքի ռուսական ծառայությունը։  Լրագրողներն ունեցել են համապատասխան փաստաթղթեր և թույլտվություն Բելառուսի ԱԳՆ-ից, կրել են համապատասխան տարբերակիչ հագուստ։ Ըստ BBC-ի տվյալների՝ լրագրողների վրա հարձակվողները փորձել են խլել ու կոտրել տեսախցիկները, սակայն բերման չեն ենթարկել նրանց։ Երեկ գիշեր բողոքի ակցիաները Մինսկում տեղի են ունեցել քաղաքի կենտրոնից հեռու։ Մարդիկ փորձել են բարիկադներ կառուցել, սակայն Ոստիկանության հատուկ զորքերն անմիջապես ոչնչացրել են դրանք։ Ոստիկանության հատուկ զորքերը երեկ նաև հարձակվել են մեքենաների վրա, կոտրել ապակիներն ու բերման ենթարկել վարորդներին։  Ուժայինները մարդկանց քշել են շենքերի բակեր և այնտեղ ծեծի ենթարկել։ Ոստիկանության հատուկ զորքերը կրակել են այն մարդկանց ուղղությամբ, որոնք իրենց տների պատշգամբներից նկարել են տեղի ունեցող իրադարձություններն ու սպառնալիքներ հնչեցրել ուժայինների հասցեին։   Լիլիթ Հարությունյան
09:59 - 12 օգոստոսի, 2020
Բելառուսի նախագահական ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար․ ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին

Բելառուսի նախագահական ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար․ ԵՄ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Բելառուսում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, որով կոչ է անում երկրի իշխանություններին անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։  ԵՄ-ն ուշադիր հետևում էր ընտրություններին նախորդող իրադարձություններին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բելառուսի ժողովուրդը ցույց տվեց իր երազանքը՝ ունենալ ժողովրդավարական փոփոխություններ։ Սակայն, ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ էլ արդար։ Պետական իշխանությունները կիրառեցին անհամաչափ ու անընդունելի բռնություն, որի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է ու շատերը՝ վնասվածքներ ստացել։ Հազարավոր մարդիկ բերման են ենթարկվել, իսկ ճնշումները հավաքների, մամուլի ու խոսքի ազատության նկատմամբ էլ ավելի են սաստկացել։Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին։ Ավելին, տեղացի դիտորդների զեկույցները վկայում են, որ ընտրական գործընթացը չի համապատասխանել այն միջազգային չափորոշիչներին, որոնց պահպանումը ակնկալվում է ԵԱՀԿ անդամ պետությունից։ Բելառուսի ժողովուրդն ավելի լավին է արժանի։ 2015թ․ Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո երկրի ու ԵՄ միջև հարաբերությունները բարելավվեցին։ Սակայն, առանց մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ոլորտներում առաջընթացի, ԵՄ – Բելառուս հարաբերությունները կարող են միայն վատթարանալ։ Հենց այս կոնտեքստում ենք մենք գնահատելու Բելառուսի իշխանությունների գործողությունները՝ կարգավորելու առկա իրավիճակն ու խորքային վերանայելու ԵՄ հարաբերությունները Բելառուսի հետ։ Դա կարող է ներառել նաև պատժամիջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են բռնությունների, անհիմն ձերբակալությունների ու ընտրությունների արդյունքների կեղծման համար։ Մենք կոչ ենք անում Բելառուսի քաղաքական ղեկավարությանը ձեռնամուխ լինել ներառական երկխոսությանը հասարակության լայն շերտերի հետ՝ խուսափելու հետագա բռնություններից։ ԵՄ-ն կշարունակի իր աջակցությունը հանուն ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան, բարգաված ու կայուն Բելառուսի»։
22:15 - 11 օգոստոսի, 2020
Տիխանովսկայայի թիմակիցները կարծում են, որ նրա տեսաուղերձը նկարահանվել է ճնշման տակ
 |tert.am|

Տիխանովսկայայի թիմակիցները կարծում են, որ նրա տեսաուղերձը նկարահանվել է ճնշման տակ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան հայտարարել է, որ թեկնածուի տեսաուղերձը, որում նա կոչ է անում դուրս չգալ փողոց` բողոքի ակցիաների, տեսանկարահանվել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և, հնարավոր է, ճնշման տակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Որպես մարդ, որը երկար ժամանակ Սվետլանայի կողքին է եղել, կարող եմ ասել, որ նա ընտրություններում իրեն հաղթող է համարում... Կարող եմ ենթադրել, որ նա նման բան ասել չէր կարող»,-հայտարարել է Կովալկովան։Նա տեղեկացրել է նաև, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ից Տիխանովսկայայի հետ կապը բացակայել է: «Դատելով այն հագուստից, որը նա կրում է տեսանյութում, իսկ նա այդ հագուստով էր այն ժամանակ, երբ մենք բաժանվեցինք նրա` ԿԸՀ գնալուց առաջ, տեսանկարահանումն արվել է ԿԸՀ-ի շենքում: Առաջ նա ասում էր, որ բոլորը պետք է օրինական կերպով գործեն, բայց երեկ նա դա կարդում էր թղթից: Եթե Բելառուսը լքելու որոշումը նա ինքն է կայացրել` առանց համաձայնեցնելու թիմի և ԿԸՀ-ի հետ, կարող եմ ենթադրել, որ այդ տեսաձայնագրությունները նույնպես այնտեղ են արվել»,-ավելացրել է Կովալկովան: Իր հերթին, Տիխանովսկայայի թիմակից Մարիա Կոլեսնիկովան հայտարարել է, որ Տիխանովսկայան շուրջ երեք ժամ խոսել է ԿԸՀ-ում, որտեղ նա գնացել էր ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոք ներկայացնելու, և այնտեղ են գնացել նաև ուժային կառույցների երկու բարձրաստիճան պաշտոնյա: Կոլեսնիկովան ավելացրել է, որ ԿԸՀ-ի շենք են մտցրել նաև մեծ պայուսակներ, որոնց մեջ հնարավոր է նկարահանող սարքեր լինեին: «Երբ քո շրջապատն ու ընտանիքը պատանդված են, դժվար է ճնշման տակ հայտարարություններ չանել»,-հավելել է Կոլեսնիկովան:
19:31 - 11 օգոստոսի, 2020
Եվրոպական հանձնաժողովը կասկածներ է հայտնել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ |tert.am|

Եվրոպական հանձնաժողովը կասկածներ է հայտնել Բելառուսի նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովը տեղեկացրել է Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների վերաբերյալ լուրջ կասկածների մասին` հիմնվելով տեղի դիտորդների տվյալների վրա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ցավոք, միջազգային դիտորդների մասնակցության հնարավորություն չկար... Այնուամենայնիվ, այնտեղ տեղացի անկախ դիտորդներ են եղել: Մեր ստացած տեղեկատվության հիման վրա կան լուրջ կասկածներ Ընտրական հանձնաժողովի հայտարարած տվյալների ճշմարտացիության վերաբերյալ»,-հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ:
16:39 - 11 օգոստոսի, 2020
«Չեռնոբիլի երեխան», որը Բելառուսի համար քաղաքական հույս է դարձել. The Guardian-ն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի անցյալի վերաբերյալ |tert.am|

«Չեռնոբիլի երեխան», որը Բելառուսի համար քաղաքական հույս է դարձել. The Guardian-ն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի անցյալի վերաբերյալ |tert.am|

tert.am: Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Բելառուսում ծավալվող ներքաղաքական բուռն իրադարձությունների կիզակետում հայտնված, նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային՝ մի կնոջ, որը «Եվրոպայի վերջին բռնապետին» իշխանությունից հեռացնելու համար իրեն նետել է քաղաքական թոհուբոհի մեջ:Պարբերականը նշում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին մարտահրավեր նետած Տիխանովսկայան այսպես կոչված «Չեռնոբիլի երեխաներից» մեկն էր, որի առողջական վիճակը տուժել էր 1986թ. Չեռնոբիլում տեղի ունեցած միջուկային աղետից և որը 12 տարեկանում առաջին անգամ Իռլանդիա է մեկնել գյուղական վայրում առողջությունը վերականգնելու նպատակով:Պարբերականը զրուցել է այն ընտանիքի հետ, որը տասնամյակներ առաջ իր տանը հյուրընկալել է Բելառուսից եկած փոքրիկ Սվետային: Աղջիկը բնակվում էր Միկաշևիչի գյուղում, որն Ուկրաինայի հետ սահմանին մոտ է ու խիստ տուժել է Չեռնոբիլի պայթյունից:«Որպես երեխա՝ նա շատ խելացի էր և ի տարբերություն հասակակից բրիտանացի երեխաների՝ ավելի շատ գիտելիք ուներ»,-նշել է Տիխանովսկայային հյուրընկալած Հենրի Դինը:Նա պատմել է, որ, ի տարբերություն ԽՍՀՄ-ից եկած այլ երեխաների, Տիխանովսկայան շատ է մտերմացել իր ընտանիքի հետ ու մի քանի անգամ վերադարձել է Իռլանդիա:«Նա շատ համեստ ու խոնարհ աղջիկ էր: Ցանկացած տեսակի գործ անում էր, որպեսզի վերադառնա Բրեստ ու ուսում ստանա այնտեղ»,-պատմել է տղամարդը՝ հավելելով, որ Տիխանովսկայան շարունակել է Իռլանդիա վերադառնալ նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն քսանն անց աղջիկ էր:«Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ երեխա էր, Սվետան բաց էր շփման հարցում ու պատմում էր Բելառուսում տիրող քաղաքական խառը իրադրության մասին: Նա երկարաժամկետ քաղաքական հավակնություններ չունի, սակայն առաջ է նետվել հանուն Բելառուսի ժողովրդի համար ունեցած մտահոգությունների»,- ասել է Դինը։ Առավել մանրամասն՝ tert.am-ում
15:55 - 11 օգոստոսի, 2020
Համերաշխություն ենք հայտնում հանուն իրենց խախտված իրավունքների Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին․ ՔՈ ՍԴԿ

Համերաշխություն ենք հայտնում հանուն իրենց խախտված իրավունքների Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին․ ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը մեծ ուշադրությամբ հետևում է Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։ Խորը ցավով ենք տեղեկացել, որ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների անհնազանդության գործողությունների ընթացքում հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու վիրավորներից։ Որպես հեղափոխական գործընթացներով անցած հանրության մասնիկ, կուսակցություն, մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իրենց խախտված հիմնարար իրավունքների պաշտպանության Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին։ Բելառուսի ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ խորին հավատով՝«Քաղաքացու որոշում» կուսակցություն»։
15:49 - 11 օգոստոսի, 2020
Մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք․ ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է․ Տիխանովսկայան խոսել է Բելառուսից հեռանալու մասին

Մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք․ ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է․ Տիխանովսկայան խոսել է Բելառուսից հեռանալու մասին

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձ է հրապարակել, որտեղ խոսում է Բելառուսից իր հեռանալու որոշման մասին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Գիտեք, կարծում էի, որ այս ամբողջ արշավը շատ ուժեղացրեց ինձ ու այնքան ուժ տվեց, որ կարող եմ ամեն ինչ տանել։ Բայց երևի ես մնացի այն թույլ կինը, որն էի ի սկզբանե։ Ես ընդունել եմ ինձ համար շատ ծանր որոշում։ Այս որոշումն ընդունել եմ բացառապես միանձնյա․ ո՛չ ընկերները, ո՛չ բարեկամները, ո՛չ շտաբը, ո՛չ Սերգեյը որևէ կերպ ուղղակի չէին կարող ազդել այդ որոշման վրա։ Գիտեմ՝ շատերն ինձ կհասկանան, շատերը կմեղադրեն, իսկ շատերն անգամ կատեն։ Բայց գիտեք, Ատսված չտա, որ հայտնվեք այնպիսի ընտրության առջև, ինչպիսին իմ առաջ էր։  Դրա համար, մարդի՛կ, ձեզ լա՛վ նայեք՝ խնդրում եմ, ոչ մեկի կյանքը չարժե նրան, ինչ հիմա կատարվում է։ Երեխաներն ամենթանկն են, ինչ կա այս կյանքում»։ Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան այս պահին Լիտվայում է։
13:00 - 11 օգոստոսի, 2020
Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ |tert.am|

Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ |tert.am|

tert.am: Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը չի շնորհավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ավստրիացի նախագահի մամուլի քարտուղար Ռեյնհարդ Պիկլ-Հերքը: «Դաշնային նախագահը շնորհավորական հեռագիր չի ուղարկի»,-ասել է գործակալության զրուցակիցը: Մամուլի քարտուղարը նախագահի որոշման պատճառը չի նշել: Ավելի վաղ Լուկաշենկոյին հաղթանակի առիթով շնորհավորել էին մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահն ու Չինաստանի ղեկավարը: Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները. Մինսկում երեկ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայինները ցուցարարներին հեռացրել են մայրաքաղաքի փողոցներից. արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, կա 1 զոհ: Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով: Ավելին՝ tert.am-ում
12:41 - 11 օգոստոսի, 2020