Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Մինչև 2022 թ. էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. Արցախի նախագահն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին

Մինչև 2022 թ. էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. Արցախի նախագահն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի և տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն: Հանրապետության նախագահի խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաև սակագների վերանայումը, մեծապես փոխելու են ոչ միայն հանրային տրամադրությունները, այլև իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի ներդրումային դաշտի գրավչության վրա: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ, չնայած համավարակի պատճառով ներկրված նոր սարքավորումների տեղադրումը դանդաղել էր, բայց այս օրերին ընկերությունը ողջ ծավալով շարունակում է աշխատանքները: Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Իսկ մինչև տարեվերջ նոր 3G-ի ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները: Մինչև 2022 թ. էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին:
11:38 - 04 սեպտեմբերի, 2020
ԱՀ Նախագահն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և ծանոթացել Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին

ԱՀ Նախագահն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և ծանոթացել Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի՝ օրերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին, ապա զրուցել բերքաձորցիների հետ համայնքում առկա խնդիրների մասին: Նախագահ Հարությունյանը համայնքի բնակիչներին շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա առթիվ և ընդգծել, որ բարձրացված բոլոր հարցերը հավուր պատշաճի կքննարկվեն, և ըստ առաջնահերթությունների կտրվեն համապատասխան լուծումները: Հանրապետության նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
21:43 - 02 սեպտեմբերի, 2020
Մեր թշնամիներն են նրանք, ովքեր ՀԷԿ-երը փակելու հայտարարություն են անում, մեր բնական հարստությունը դա է. Արայիկ Հարությունյան |tert.am|

Մեր թշնամիներն են նրանք, ովքեր ՀԷԿ-երը փակելու հայտարարություն են անում, մեր բնական հարստությունը դա է. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Անունս, այո, կապվում է ՀԷԿ-երի հետ, պատճառն այն է, որ որպես կառավարության ղեկավար ՀԷԿ-երը այն ժամանակ եղել են իմ գլխավոր տնտեսական ուղղությունը, և հայտարարել ենք, որ Արցախը պետք է դառնա էներգետիկ տեսանկյունից անկախ և արդեն դարձել է;Այս մասին պաշտոնավարման 100 օրը ամփոփելու առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ խորհրդարանում ընտրություններից առաջ հանձնաժողով էր ստեղծվել, և մարդիկ էլ ակցիաներ էին անում ՀԷԿ-երը փակելու համար, կամ դրանց թիվը պակասեցնելու պահանջով, այդ հարցն ի՞նչ եղավ և ինչո՞ւ է Ձեր անունը կապվում ՀԷԿ-երի հետ: «Առաջին ՀԷԿ-երը կառուցելու ժամանակ բոլորը ողջունում էին, հետո հասկացան, որպես քաղաքական գործիչ այդ ՀԷԿ–երը քաղաքական հնարավորությունները մեծացնում են, սկսեցին քննադատել: Մեր ՀԷԿ-երի հետ կապված միայն մեկ բան կա՝ պետք է միջազգային ստանդարտներին համապատասխանեն, եթե կա խախտում, ապա պետք է վերացվի խախտումը, եթե հնարավոր չէ վերացնել այն, պետք է գործունեությունը դադարեցնել»,- ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
17:42 - 02 սեպտեմբերի, 2020
Արցախի նախագահն Ադրբեջանի կողմից ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի տեսնում |armenpress.am|

Արցախի նախագահն Ադրբեջանի կողմից ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկում ունենալ բանակցությունների չնպատակադրված Ադրբեջանի հետ: Այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում: Այնպիսի թշնամի, հակառակորդ ունենք, որը Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ հարձակում է իրականացրել, նպատակադրված չէ հակառակորդը բանակցությունների: Երբ հակառակորդն ասում է՝ խփելու է ատոմակայանին, Ստեփանակերտն ու Արցախը լինելու են ադրբեջանական, ի՞նչ քննարկենք այդ հակառակորդի հետ: Քննարկելու ցանկություն չունեմ այդպիսի նպատակներ ունեցող հակառակորդի հետ»,- ասաց Հարությունյանը: Արցախի նախագահը նշեց, որ պետք է իրատես լինել և հասկանալ, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծման հավանականությունը մոտ ապագայում շատ ցածր է: «Բանակի հզորացման շնորհիվ պետք է պարտադրել հակառակորդին՝ հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս քվոն պահպանել մինչև աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որոնք հնարավոր է՝ բերեն Արցախի խնդրի գոնե մասնակի լուծման»,- նշեց Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը հավելեց, որ անգամ բանակցությունների վերսկսման պարագայում հայկական կողմը չի քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը:
17:28 - 02 սեպտեմբերի, 2020
Արթուր Վանեցյանի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, եկեք բավարարվենք այսքանով. Արայիկ Հարությունյան |tert.am|

Արթուր Վանեցյանի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, եկեք բավարարվենք այսքանով. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Եկեք չկարևորենք որևէ քաղաքական ուժի հանդիպե՞լ ենք, չե՞նք հանդիպել, ի՞նչ ենք խոսել, չենք խոսել, այս մասին պաշտոնավարման 100 օրը ամփոփող ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հրաժարվե՞լ էր արդյոք պաշտոնապես հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, չնայած մամուլը գրել է, որ ոչ պաշտոնական հանդիպում եղել է, արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ցանկացած հարց, այդ թվում և պաշտոնական հանդիպումների հարցը համաձայնեցվում է, թե ոչ և արդյո՞ք Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել են այդ հարցը:«Հաստատ ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, որովհետև շատ ավելի կարևոր հարցեր կան. մենք խոսում ենք բանակի սպառազինության մասին, ստրատեգիական, տնտեսական ծրագրեր ենք քննարկել, ներքաղաքական այդ թեմաները երբևէ չենք քննարկել: Իհարկե, գուցե մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա, չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին մենք պետք է խոսենք»,- ասաց նա:Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ Արթուր Վանեցյանի հետ չհանդիպելը որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ դա քննարկելու կամ չքննարկելու հետ։ «Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Լինում է, որ հանդիպում ենք, լինում է, որ չենք հանդիպում: Այո, հանդիպում ենք այն բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են, այն արտախորհրդարանական ուժերի հետ մտածում ենք, քննարկում ենք՝ հանդիպե՞նք, թե ոչ»,- հայտարարեց նա: Ավելին՝ tert.am-ում
17:20 - 02 սեպտեմբերի, 2020
«Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի պայմանագրի ստորագրման աշխատանքները սկսված են. Արայիկ Հարությունյան |tert.am|

«Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի պայմանագրի ստորագրման աշխատանքները սկսված են. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: «Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի պայմանագրի ստորագրման աշխատանքները սկսված են։ Այս մասին այսօր Արցախում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե վերջերս Հայաստանի և Արցախի ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախագահը կողմ էր արտահայտվել նախորդ տարի Արցախում գումարված «Հայաստան-Արցախ ռազմական դաշինք» ֆորումի հիմնադրույթներին և հարցին՝ ի՞նչ է արվել 100 օրվա ընթացքում այդ պայմանագրի ստորագրման ուղղությամբ, Հարությունյանը արձագանքեց, որ ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպելն արդեն կարևոր քայլ է, բայց սրանից զատ ռազմական դաշինքի մասով քննարկումներ են եղել Հայաստանի իշխանությունների, վարչապետի, ԱԺ նախագահի հետ: «Մենք երկու կարևոր հարց ունենք: Շատ են հարցնում, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը և երկրորդ ինչու չենք ստորագրում ռազմական դաշինքի պայմանագիրը: Առաջինը պարզ է, որ քաղաքական առումով ավելի երկար պետք է մտածենք և հաշվարկենք, իսկ պայմանագրի ստորագրման առումով աշխատանքները սկսված են»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդներն աշխատում են փաստաթղթի ձևավորման շուրջ:
17:08 - 02 սեպտեմբերի, 2020
Խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ. Արցախի նախագահ |armenpress.am|

Խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ. Արցախի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման և բանակի հզորացման համար ֆինանսներ չեն տնտեսվելու: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Պաշտպանության ոլորտում մենք որդեգրել ենք «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված հայրենիք» սկզբունքը: Այս սկզբունքի կյանքի կոչման նպատակով անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման, բանակի մարտունակության մակարդակի հետևողական բարձրացման ուղղությամբ: Անվտանգության ապահովման և բանակի համար ֆինանսներ չեն տնտեսվի»,- ասաց Հարությունյանը: Արցախի նախագահը նշեց, որ հակառակորդին խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ, իսկ ժամանակակից զինտեխնիկայով և սպառազինությամբ բանակի համալրումը լինելու է շարունակական:
16:57 - 02 սեպտեմբերի, 2020
«Վիվասել ՄՏՍ»-ն ու «Բիլայնը» մերժել են Արցախին կապի ծառայություններ մատուցել, «Յուքոմը» չի էլ պատասխանել դիմումին. վաղվանից Արցախի տարածքում ունենալու ենք 3G կապ. Արայիկ Հարությունյան |tert.am|

«Վիվասել ՄՏՍ»-ն ու «Բիլայնը» մերժել են Արցախին կապի ծառայություններ մատուցել, «Յուքոմը» չի էլ պատասխանել դիմումին. վաղվանից Արցախի տարածքում ունենալու ենք 3G կապ. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ «Ղարաբաղ տելեկոմի» մենաշնորհի հետ կապված խնդրին՝ նշելով, որ մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002 թվականից 30 կամ 35 տարի ժամկետով:«Պաշտոնավարման վերջին օրերին նամակ եմ գրել «Յուքոմ»–ի հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին,  MTS Հայաստանի գլխավոր տնօրեն պարոն Յիրիկյանին և Պյատախինին՝ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենին: Բովանդակությունը նույնն է. հրավիրել եմ Արցախում կապի բնագավառում ծառայություններ մատուցելու, երկուսի պատասխանը մոտս է՝ բացասական, «Յուքոմ»–ը պատասխան չի տվել: Եսայանին, որ հանդիպել եմ, հարցրել եմ՝ ինչո՞ւ գոնե չեք պատասխանել բացասական, ասաց՝ նամակը չենք էլ մուտքագրել»,- պարզաբանեց Հարությունյանը:Արցախի նախագահը նշեց, որ սա ասում է, քանի որ մշտապես խոսվում է մենաշնորհի մասին, սակայն իրենք մշտապես այդ ուղղությամբ աշխատանք կատարել են: «Նոր օպերատոր, որը հայկական օպերատոր չլինի, որևէ առավելություն Արցախին չի տալու, հակառակը՝ ունենալու ենք ավելի մեծ պրոբլեմներ, դրա համար ես միշտ աշխատել եմ ստեղծված իրավիճակում ունենալ օպտիմալ լուծումներ: Օրեր առաջ եղել եմ Լիբանանում և հանդիպել եմ «Ղարաբաղ Տելեկոմ»–ի միակ սեփականատեր Պիեր Ֆատուշի հետ, և մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ և մատչելի գներ»,- ասաց նա: Նա նշեց, որ նախընտրական փուլում հայտարարել է՝ ամիսների ընթացքում Արցախն ունենալու է Հայաստանի կապի որակին համապատասխան կապ: «Իհարկե, այդ աշխատանքները պետք է սկսած լինեին մայիս-հունիս ամիսներին, սարքավորումները եկել են Ղարաբաղ, բայց մասնագետները չեն եկել՝ պայմանավորված կորոնավիրուսով:«Ղարաբաղ Տելեկոմի» մասնագետները, հեռավար բանակցելով, արդեն այս գիշեր վերագործարկելու են նոր կայանները: Շատ երկար ու ծանր է եղել, վաղվանից Արցախի հիմնական տարածքում ունենալու ենք բարձրակարգ 3G համակարգ, իսկ 4G Համակարգ Ստեփանակերտում և մնացած խոշոր բնակավայրերում ծրագրվում է առաջիկայում՝ հիմնականում մյուս տարի»,- ասաց նա։
16:48 - 02 սեպտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության օրվա առթիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

Արցախի Հանրապետության օրվա առթիվ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Արայիկ Հարությունյանը և Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին և ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի հուշաքարին: Պաշտոնական արարողակարգին մասնակցում էին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականներ, կառավարության բարձրաստիճան անդամներ, Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:
13:33 - 02 սեպտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարիներ առաջ համայն հայության աջակցությամբ արցախահայությանը հաջողվել է մարդկային մեծ կորուստների գնով իրացնել անկախ ապրելու իր իրավունքն ու ստեղծել պետականություն, որի գոյության եւ զարգացման համար ՀՀ իշխանություններն ստանձնել են մեծագույն պատասխանատվություն: Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցն Արցախ՝ Արայիկ Հարությունյանը փաստել է, որ համավարակով պայմանավորված թեպետ չեն անցկացվելու տոնական միջոցառումներ, այդուհանդերձ սեպտեմբերի երկուսը չի կորցնում համահայկական տոնի խորհուրդը, քանի որ Արցախի անկախությունը նվաճում էր, ողջ հայության համար մեծ երազանքի իրականացում: Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ընդլայնված հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
11:48 - 02 սեպտեմբերի, 2020
Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք  ազգովի. ԱՀ նախագահի շնորհավորական ուղերձը`Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք ազգովի. ԱՀ նախագահի շնորհավորական ուղերձը`Արցախի Հանրապետության օրվա առթիվ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին: Այս կարևորագույն պետական տոնը մենք կերտել ենք միասին՝ ազգովի, համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը: Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, ում կյանքի գնով իրականություն է դարձել այս պանծալի տոնը: Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը: Կեցցե՛ հայ ժողովուրդը»:
09:34 - 02 սեպտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Հանրապետության նախագահը ողջունել է պատգամավորների այցն Արցախ՝ հայության համար կարևորագույն տոներից մեկի՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով, որ առանցքային ոլորտներում Մայր հայրենիքի հետ համագործակցությունը և միասնական քաղաքականության իրականացումն Արցախի իշխանությունների առաջնահերթություններից են։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունը մշտապես գտվում է համայն հայության ուշադրության կենտրոնում, և Հայաստանում մեծ ուրախությամբ հետևում են երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացման և սոցիալ-տնտեսական առաջընթացի տեմպերին։ Հանդիպմանը, որին մասնակցում էին «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ,  քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
21:02 - 01 սեպտեմբերի, 2020
ԱՀ նախագահը Արցախի Հանրապետության օրվա առթիվ պարգևներ է հանձնել մի շարք պաշտոնյաների

ԱՀ նախագահը Արցախի Հանրապետության օրվա առթիվ պարգևներ է հանձնել մի շարք պաշտոնյաների

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին  ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:   Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել Պաշտպանության բանակի զինծառայողների, ազատամարտիկների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների, առողջապահության, կրթության, գիտության ոլորտների ներկայացուցիչների: Գիտության, կրթության և առողջապահության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են ԼՂՀ պատվավոր կոչումներ: Գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՊԲ զինծառայողներ Կարեն Շաքարյանին, Կարեն Առստամյանին և Սամվել Պողոսյանին և ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Գրիգորյանին: Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանին և Սասուն Գաբրիելյանին: Նախագահ Հարությունյանը շնորհավորել է պարգևատրվածներին ու նշել է, որ սեպտեմբերի 2-ը պատմական օր է, համազգային հպարտության, հայ ժողովրդի արցախյան հատվածի երբեմնի ոտնահարված իրավունքների վերականգնման և արժանապատիվ ներկան ու ապագան խորհրդանշող օր: «Միասնականությունը և ներդաշնակությունը համազգային գաղափարի շուրջ, որ դրսևորեց հայ ժողովուրդն այդ փուլում, օրինակելի էր»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այսօր, առավել քան երբևէ, մեր ազգային հավաքական ուժի շնորհիվ պետք է  կառուցենք մեր երազանքների Հայրենիքը: Խոսելով անելիքների մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ պետականությունը պետք է պաշտպանել, շարունակաբար ամրապնդել ու զարգացնել, որի համար առկա է ամենակարևոր նախադրյալը՝ մարդկային ռեսուրսը:  
19:39 - 01 սեպտեմբերի, 2020
Մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն. ԱՀ նախագահն այցելել է «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերություն

Մեղվապահության զարգացման նպատակով նոր ծրագրեր կիրականացվեն. ԱՀ նախագահն այցելել է «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարան և ծանոթացել աշխատանքի պայմաններին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Պետական աջակցությամբ ստեղծված ընկերության նպատակն է Արցախում զարգացնել մեղվապահությունը, արտադրել էկոլոգիապես մաքուր և որակական բարձր չափանիշներին համապատասխան մեղր, գտնել իրացման շուկաներ նաև արտասահմանում և մեղվապահության ծրագրում ընդգրկել հիմնականում թոշակառու սպաներին: Ընկերության պատասխանատուները նախագահին ներկայացրել են արդեն արձանագրված հաջողությունները, մասնավորապես՝ արտադրանքի համար ստացած միջազգային որակի սերտիֆիկատը, առկա պահանջարկը և առաջին 25 մեղվապահների հետ հաջողված համագործակցությունը: Երկրի ղեկավարը կարևորել է ընկերության աշխատանքը, նկատելով, որ մեղվապահությունը մեծ հեռանկարներ ունի Արցախում, և կառավարությունը առաջիկայում ճյուղի զարգացման համար նոր ծրագրեր է իրականացնելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ծրագրում ընդգրկվելու են ինչպես թոշակառու սպաները, այնպես էլ բոլոր ցանկացողները: Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:
13:40 - 01 սեպտեմբերի, 2020