Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների

Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալելը և շեշտել վերջիններիս անգնահատելի վաստակը հայ մշակույթի զարգացման և հարստացման գործում։ Հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։ Հայ մշակույթի վետերանները կարևորել են արվեստի հանդեպ պետական հոգածությունը և համաշխարհային տարբեր հարթակներում հայ մշակույթը լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործություններից։
17:53 - 10 փետրվարի, 2022
Նախագահականի կողմնակից եմ, բայց պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց․ Ալեն Սիմնոնյան |parliamentmonitoring.am|

Նախագահականի կողմնակից եմ, բայց պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց․ Ալեն Սիմնոնյան |parliamentmonitoring.am|

Լուսանկարը՝ ԱԺ կայքից parliamentmonitoring.am։ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը պատասխանել է parliamentmonitoring.am-ի հարցերին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․ -Պարո՛ն Սիմոնյան, փետրվարի 1-ից ստանձնել եք ՀՀ նախագահի լիազորությունները․ որտե՞ղ եք Ձեզ ավելի հարմարավետ զգում՝ Ազգային ժողովո՞ւմ, թե՞ Բաղրամյան 26-ում: -Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում:  -Հնարավո՞ր է՝ Դուք էլ հասցրիք բախվել ՀՀ նախագահի սահմանափակ լիազորությունների խնդրին, ինչի մասին իր հրաժարականի հայտարարությունում հիշատակել էր Արմեն Սարգսյանը: -Մենք ընդդիմադիր գործիչներ ենք եղել և ընդհանրապես լիազորություն չենք ունեցել։ Մեր գործունեությամբ գործող իշխանություններին պարտադրել ենք տարբեր իրավիճակներ, լուծումներ։ Այո, երկար ժամանակ չէ, որ կատարում եմ Նախագահի լիազորությունները, բայց վստահ եմ, որ շատ ու շատ անելիքներ կան: -Կարծում եք՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը Սահմանադրության բացե՞րը չէին:  -Ես չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ բացեր կան, բայց, միաժամանակ, գործ անելու համար բավարար հիմքեր կան: Ի վերջո, նախագահի աշխատակազմում 100-ից ավելի աշխատակից կա:  -Կարծում եք՝ կրճատելու անհրաժեշտությո՞ւն կա: -Ես չեմ ուզում ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցնել, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել, բայց վստահ եմ, որ եթե դու 100 հոգանոց անձնակազմ ունես, դու, իրոք, անելիք ունես և կարող ես օրդ լցնել օգտակար գործողություններով:  -Ձեր՝ նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո նախագահականից հեռացավ Արմեն Գիչյանը, որը Արմեն Սարգսյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ Նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն էր: Նա հեռացավ, որովհետև չուզե՞ց աշխատել Ձեզ հետ, թե՞ Դուք չուզեցիք աշխատել նախկինների թիմակից պրոֆեսիոնալի հետ: -Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ:  -Դուք Գիչյանին խնդրեցիք հեռանալ, որովհետև ինքը ձեր թիմի՞ց չէր: Վստահության խնդի՞ր կար: -Ո՛չ։ Մենք քննարկել ենք պատճառը, և պատճառը բոլորովին դա չէր: Գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված: -ԱԺ-ում Ձեր օգնական Դավիթ Առաքելյանն էլ նշանակվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց մեկ ամիս անց Դուք թողնելու եք Նախագահի պաշտոնը: Ստացվում է, որ այս մեկ ամսում չեք վստահում այն թիմին, որն աշխատում էր Արմեն Սարգսյանի հետ:  -Այո՛, և Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է Ազգային ժողով: Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և, բնական է, պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։ Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ: Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված Նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի: -Ընդդիմությունը հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու Նախագահի ընտրությանը, մինչդեռ ՀՀԿ-ի ժամանակ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց մի քանի խմբակցությունների կողմից, բոլոր ուժերն էլ մասնակցեցին հարցի քննարկմանը: Այսինքն, հիմա ունենալու ենք նախագահ՝ ընտրված միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից: Սա չի՞ նվազեցնի վստահության աստիճանը Ձեր թեկնածուի նկատմամբ:  -Ճիշտ հակառակը, այսօր մենք գործող ընդդիմություն չունենք: Խորհրդարանում ունենք երկու խմբակցություն, որոնք չունեն օրակարգ, չունեն ասելիք, որոնք իրենք իրենց մեջ հաշտ չեն: Ես դա ասում եմ որպես խորհրդարանական: Երկու թեկնածու ենք տեսել ընդդիմության կողմից, մեկը Վազգեն Մանուկյանն էր, և հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է հիմա Վազգեն Մանուկյանը: Եվ երկրորդ թեկնածուն իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել(նկատի ունի Ռուբիկ Հակոբյանին): Սա է ընդդիմության թեկնածուների շրջանակը: Ինչ վերաբերում է մեկ ուժի կողմից ընտրված լինելուն, իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է Նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն, քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև Նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է:  -Օրերս սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջին նիստն արեց, բայց տպավորություն է, որ չկա հստակ որոշում, թե ինչ է լինելու․ փոխվելո՞ւ է կառավարման համակարգը, թե՞ ոչ: Դուք անձամբ ի՞նչ տեսակետ ունեք:  -Չկա լավագույն մոդելի ձևաչափ և միանշանակ վերաբերմունք: Կան նախագահական երկրներ, որոնք ձախողվում են, և կան նախագահական երկրներ, որոնք հաջողում են: Նույն տրամաբանությամբ, կան խորհրդարանական երկրներ, որոնք հաջողում են, և կան, որոնք ձախողվում են: Դրանց օրինակները բազմաթիվ են: Ես անձամբ շատ եմ սիրում նախագահական կառավարման ձևը, բայց մեր տարածաշրջանի իրադարձությունները խորհրդարանական երկրի պարագայում այլ դրական արտահայտումներ ունեցան: Օրինակ, պատերազմից հետո, նոյեմբերի 10-ից սկսած, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, և մենք տեսանք, որ ստաբիլության և կարմիր գծերը չհատելու գործում խորհրդարանական կառավարման ձևն իր դրական դերը խաղաց: Այդ նույն նեգատիվը, այդ նույն հարցադրումները տարածվեցին ամբողջ կառավարման համակարգի վրա, ամբողջ համակարգը այդ հարվածն իր վրա վերցրեց ու դիմակայեց: Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մենք լինեինք նախագահական երկիր, ու այդ ամբողջն ուղղվեր մեկ ուղղությամբ: Ինքս նախագահականի կողմնակից եմ, բայց սա օրինակ է, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց: Շարունակությունը՝ parliamentmonitoring.am-ում
11:43 - 09 փետրվարի, 2022
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 8-ին ստորագրել է՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն-ներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Անկանխիկ գործառնությունների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթները։
17:50 - 08 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

 Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։ Հայ մշակույթը և երաժշտասեր հասարակությունը մեծ կորուստ ունեն. կյանքից հեռացել է ժամանակակից հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ով անկրկնելի ավանդ ունի բազում տաղանդների բացահայտման, դաստիարակման և կայացման գործում։ Ցավակցում եմ սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստի բազմաթիվ երկրպագուներին»: 
20:16 - 04 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի այցն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը

Ալեն Սիմոնյանի այցն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը

Infocom-ի խմբագրությունը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից պարզաբանում է ստացել Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ այցի ու Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասին խոսքի վերաբերյալ, որում հնչած պնդումները ստուգել էր մեր փաստերի ստուգման թիմը։ Խոսնակի պարզաբանումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև․«Պարզաբանում «Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին» նյութի վերաբերյալ Infocom.am կայքի հարգելի խմբագրակազմ, փետրվարի 3-ին ձեր կայքում հրապարակված «Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին» նյութի վերաբերյալ հայտնում եմ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ այցի ու Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասին Ալեն Սիմոնյանի խոսքը տարընթերցումների առիթ է հանդիսացել, ինչի հիման վրա էլ կայքի վերոնշյալ հրապարակումն է արվել։ Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Միացյալ Նահանգներ է մեկնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերով և նրա հետ ունեցել աշխատանքային հանդիպում։ Հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանն այցի աննախադեպությունն այդ իմաստով է շեշտել, այսինքն՝ այն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի կողմից ստացած անմիջական հրավերի առումով, ինչը լրագրողի հիշատակած ԱԺ մյուս նախագահների պարագայում չի եղել»։ Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Ես չեմ ուզում ասել, որ դա իմ առավելությունն է, բայց, օրինակ, վերջին այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ աննախադեպ այց էր։ Աննախադեպ էր իր մակարդակի առումով, որովհետև նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Հայաստանի Հանրապետության համարժեք պաշտոնյայի հանդիպում եղել էր երևի 30 տարի առաջ՝ անկախության օրերին, և դրանից հետո նման այցելություն և նման հանդիպումներ չեն եղել»։
12:40 - 04 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Հունվարի 20-ի  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։ Երկու օր առաջ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ այցին ու Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես չեմ ուզում ասել, որ դա իմ առավելությունն է, բայց, օրինակ, վերջին այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ աննախադեպ այց էր։ Աննախադեպ էր իր մակարդակի առումով, որովհետև նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Հայաստանի Հանրապետության համարժեք պաշտոնյայի հանդիպում եղել էր երևի 30 տարի առաջ՝ անկախության օրերին, և դրանից հետո նման այցելություն և նման հանդիպումներ չեն եղել»։ Ալեն Սիմոնյանը, սակայն, սխալվում է․ վերջին 30 տարիների ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահներն ունեցել են։ Դեռևս 2005 թ․ սեպտեմբերին ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը Միացյալ Նահանգներ է մեկնել Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու և ԱՄՆ-ի  օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։ Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտի, Կոնգրեսի Դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիի (այժմ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ)  և այլ պաշտոնյաների հետ։ 2019-ի հուլիսին ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ընթացող Առաջնորդների ֆորումի շրջանակներում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այսպիսով, Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ այցն ու հանդիպումը Փելոսիի հետ աննախադեպ չեն․ դեռևս 2005-ին ՀՀ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտին, իսկ 2019-ին ԱԺ նախորդ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:Այս հրապարակումից հետո Infocom-ի խմբագրությունը ստացել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի պարզաբանումը Ալեն Սիմոնյանի խոսքի վերաբերյալ, համաձայն որի՝  Ալեն Սիմոնյանն այցի աննախադեպությունը շեշտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով, ինչը ԱԺ մյուս նախագահների պարագայում չի եղել։ Գլխավոր լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին Աննա Սահակյան  
19:10 - 03 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի իրավունքը Աբովյան 62-ի թիվ 6 բնակարանի նկատմամբ դադարել է 2016-ին, երբ այն օտարվել է, իսկ Կադաստրի տեղեկանքի ինֆորմացիան վրիպակ է․ պարզաբանում

Ալեն Սիմոնյանի իրավունքը Աբովյան 62-ի թիվ 6 բնակարանի նկատմամբ դադարել է 2016-ին, երբ այն օտարվել է, իսկ Կադաստրի տեղեկանքի ինֆորմացիան վրիպակ է․ պարզաբանում

Կադաստրի կոմիտեն պարզաբանումը է հրապարակել «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հոդվածում տեղ գտած որոշ տեղեկությունների վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասվում է․ «Թյուրըմբռնումներից և տարատեսակ շահարկումներից խուսափելու համար ՀՀ կադաստրի կոմիտեն հարկ է համարում պարզաբանել օրերս «Փաստերի ստուգման հարթակ»-ի կողմից հրապարակված «Ալեն Սիմոնյանը շարունակում է գույք թաքցնել իր հայտարարագրերում» հոդվածում տեղ գտած որոշ տեղեկություններ։ Հայտնում ենք, որ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի կողմից քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանը օտարվել է դեռևս 2016 թվականի մարտի 21-ի թիվ 859 առուվաճառքի պայմանագրով, որից հետո հիշյալ պայմանագիրը ներկայացվել է Կադաստրի կոմիտե՝ իրավունքների պետական գրանցման, և 2016 թվականի մարտի 25-ին այդ պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում, գրանցվել է Արմենուհի Փաշաբեզյանի սեփականության իրավունքը, իսկ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի իրավունքը նշված հասցեի նկատմամբ դադարել է։ Ինչ վերաբերում է 06.10.2021թ.-ին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված «Գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ» տեղեկանքին, ապա հայտնում ենք, որ տեղեկանքում քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 62 շենք, թիվ 6 հասցեի բնակարանի նկատմամբ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի անվամբ գրանցված իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը վրիպակ է, որը պայմանավորված է Կադաստրի կոմիտեում ներդրված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ»-ում 2012 թվականին տեղ գտած տեխնիկական խնդիրներով։Կադաստրի կոմիտեն պարբերաբար շտկում է վերոնշյալ էլեկտրոնային համակարգում նախկինում տեղ գտած տեխնիկական խնդիրները և հետևողականորեն բարելավում և զարգացնում համակարգը»։ Նշենք, որ «Փաստերի ստուգման հարթակ»-ի հոդվածին պատասխանել էր նաև Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ այդ բնակարանը մոտ 6-7 տարի առաջ վաճառվել է։ Դրան ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակեց փաստաթուղթ։
15:36 - 02 փետրվարի, 2022
Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է․ Ալեն Սիմոնյան |tert.am|

Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է․ Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Փաստ է, որ մամուլն այսօր ազատ է, քան երբևէ, այնքան ազատ է, որ անցնում է թույլատրելիության սահմանները` սկսած անձնական վիրավորանքներից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը։ Վերջինս, պատասխանելով ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին հարցին, ասաց. «Կներեք, ի՞նչ քաղաքական հետապնդում, ընտրությունները անցել ենք, մենք ամենաբարդ իրավիճակում հաղթել ենք ամենաբաց ընտրություններում, որոշ քաղաքներում պարտվել ենք։ Ձեզ թվում է՝ մենք դրա պատճառով պետք է գնայինք ինչ-որ քայլերի՞»։ Առանձին դատավորների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին հարցին անդրադառնալով՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Դատական համակարգը Հայաստանում «մաքրվելու» է։ Լինելու է ազատ դատական համակարգ, որի որոշումներով միշտ չէ, որ իշխանությունը բավարարված է լինելու, բայց դա լինելու է անկախ դատական համակարգ»։ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների գործունեությանը, նախկինում ունեցած ծեծկռտուքներին և փոխադարձ վիրավորանքներին, ասաց․ «Ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ ականատես եղան նման դեպքերի։ Այն ամբողջ փողոցային լարվածությունը, որ կար, եկավ լցվեց 100 հոգանոց դահլիճի մեջ։ Ես համարում եմ, որ, այնուամենայնիվ, մենք հաջողել ենք և կարողացանք պառլամենտը պահել պառլամենտի պես։ Հաշվի առնենք՝ որտեղից որտեղ ենք հասել` պատգամավորների տներ գնալ, իմ տան մոտ դե ժապավեն կախել, ահաբեկել, սպառնալ և այլն։ Ես հպարտանում եմ մեր ժողովրդի գիտակցությամբ, որ այդ կրիտիկական պահին չանցան կարմիր գծերը»։ Ալեն Սիմոնյանը խոսեց նաև իշխանության կողմից հնարավոր կոռուպցիոն գործարքների մասին։ «Դա անհնար բան է, առնվազն իմ թիմակիցների, էլ չեմ ասում երկրի ղեկավարի մասով, եթե մեզանից որևէ մեկը կոռուպցիոներ լինի, մենք չենք պլստա, կպատժվենք, եթե նման ուղղությամբ գնանք, հենց մեր գործընկերները մեզ կպատժեն։ Ասում են` ես ջրագիծ եմ անցկացնում, առանձնատուն եմ կառուցում, ես հրավիրում եմ, թող գան այդ ջրագիծը, կառուցվող առանձնատունը ցույց տան»,- ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:33 - 02 փետրվարի, 2022
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով համապատասխանում է նախագահի պաշտոնին |hetq.am|

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանն իր անցած ճանապարհով համապատասխանում է նախագահի պաշտոնին |hetq.am|

hetq.am: Հանրապետության նախագահի իշխող ուժի թեկնածուն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հերքում է մամուլի այն տեղեկությունները, թե Խաչատուրյանի թեկնածությունն առաջ է քաշել իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նրա խոսքով՝ Սուքիասյանը որևէ կերպ ներգրավված չէ ՔՊ վարչության քնարկումներին, քանի որ վարչության անդամ չէ: Ալեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ ՔՊ վարչությունում այլ թեկնածուներ ևս քննարկվել են, այդ թվում՝ իր թեկնածությունն են առաջադրել, սակայն ինքն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: «Երկար քննարկումներից հետո էդ որոշումը կայացրինք, դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց իր թեկնածությունը: Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք գտել, որն իր անցած ճանապարհով, պարկեշտությամբ համապատասխանում է և բավական լավ կիրականացնի էն պարտականությունները, որ նախատեսվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Ըստ Սիմոնյանի՝ մի քանի հոգու կողմից է առաջադրվել Խաչատուրյանի թեկնածությունը, սակայն անուններ չկարողացավ մտաբերել: Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին, Սիմոնյանն ասաց. «Մենք ում էլ ներկայացնեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր, մենք տեսել ենք ընդդիմության թեկնածուներին: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, կարող եմ իրենց հանգստացնել, նաև չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում են ու գալիս են քննարկումներին ուստի ընդդիմությունն ունի ընտրելու իր ձևը, մենք՝ մերը: Մենք լավ ընտրություն ենք կատարել, ինչի համար ուրախ եմ»,- ասաց նա: Սիմոյանը, սակայն, քիչ հավանական համարեց, որ նախագահն առաջին փուլով ընտրվի, կարծում է, որ Խաչատուրյանը կընտրվի երկրորդ փուլով: Նշենք, որ Վահագն Խաչատուրյանն այսօր խորհրդարանում հանդիպում էր իշխանական պատգամավորների հետ:
17:35 - 01 փետրվարի, 2022
ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները: Ըստ մեկ այլ արձանագրության՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»։  
10:34 - 01 փետրվարի, 2022