ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել

Հայաստանի Քննչական կոմիտեի եւ ոստիկանության Կոտայքի մարզի ծառայողները 2022թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ են բացահայտել, պարզել մեխանիզմը, հանցավոր շղթայում ներգրավված 10 անձի՝ թմրամիջոցներն իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը, անհատականացրել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման հիշյալ դեպքերը փոխկապակցված են և դրանց վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 8 քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Նախաքննության ընթացքում կատարված խուզարկություններով ընդհանուր առմամբ առգրավվել են 41 գրամ քաշով «Մարիխուանա», 3.5 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, թվով 170 հատ տարբեր չափերի կանեփի բույսեր, ինչպես նաև` թմրամիջոցներն օգտագործելու համար նախատեսված պրեկուրսորներ: Հայտնաբերված զանգվածներով նշանակվել են  անհրաժեշտ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվել են: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նշված 10 անձանց մեղադրանք է ներկայացվել: Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
16:52 - 25 օգոստոսի, 2022
 Պետությանը խոշոր չափի վնասներ պատճառած ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումներում

Պետությանը խոշոր չափի վնասներ պատճառած ընկերությունը շարունակում է հաղթել պետական գնումներում

Հայաստանում արագաչափ և անվտանգության տեսախցիկներ արտադրող «Էլլիպս ՋիԷյ» ընկերությունը հունիսի մեկին  Ոստիկանության հետ կնքել է «բջջային հավելվածների ծրագրային ապահովման մշակման ծառայությունների»՝ 450 000 ընդհանուր արժեքով պայմանագիր։ 2021-2022 թվականներին ընկերությունը տարատեսակ ծառայություններ է մատուցել Մասիսի և Վեդու համայնքապետարաններին, Արդարադատության նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և պետական այլ մարմինների։  Ընկերության վերջին ամենախոշոր պայմանագրի ընդհանուր արժեքը շուրջ 534 միլիոն դրամ է՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկին տեսահսկման սարքավորումածրագրային համակարգեր մատակարարարելու համար։  Հերթական վճարումը  ԱՆ-ն կատարել է  այս տարվա մայիսի վերջին։ Նախարարությունը պայմանագիրը կնքել է 2021 թվականին, իսկ վճարումները շարունակվելու են 2022 թվականի ողջ ընթացքում։   Մատակարար «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն հայտնի է որպես անվտանգության տեսախցիկներ և արագաչափեր արտադրող ընկերություն։ Ընկերության բաժնետերերը Ալեքսան և Գուրգեն Զաքարյաններն են։ Յուրաքանչյուրը տնօրինում է ընկերության 50 %-ը։ Եղբայրներին նույն համամասնությամբ պատկանում է նաև հայտնի «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը։  «Սեքյուրիթի դրիմը» Հայաստանի Հանրապետությանը երկար տարիներ արագաչափ տեսախցիկներ և դրանց սպասարկման ծառայություններ էր մատակարարում «Էլլիպս ՋիԷյ»-ի հետ համագործակցությամբ։  Պետությունը «Սեքյուրիթի դրիմի» հետ համագործակցությունը դադարեցրեց 2018 թվականին հարուցված քրեական գործից հետո՝ նոր պայմանագրեր չկնքելով ընկերության հետ։ Սակայն, նույն գործունեությամբ զբաղվող, նույն սեփականատերերն ունեցող և նույն քրեական գործերով անցնող «Էլլիպս ՋիԷյ»-ը շարունակում է հաղթել պետական գնումների մրցույթներում։  Զաքարյան եղբայրները Հայաստանում և Հայաստանից դուրս բազմաթիվ այլ ընկերություններ էլ ունեն։   Քրեական գործերը դեռևս քննվում են Խաբեության եղանակով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ 2018 թվականի հունիսին քրեական գործեր էին հարուցվել, մեղադրանք էր առաջադարվել երկու ընկերության մի շարք աշխատակիցների։ Ըստ քրեական գործի նյութերի՝ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրենությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ «միմյանց միջև նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակում 2017 թվականի փետրվարից մինչև 2018-ի հունիս կազմել է փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր»:  Քրեական գործի շրջանակում պարզվել է պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը․ այն կազմում է ավելի քան 210 միլիոն դրամ։ Ընկերությունների աշխատակիցները մի քանի տարվա ընթացքում պետության հետ կնքված պայմանագրերով յուրացրել էին ավելի քան մեկ միլիարդ դրամ գումար։  Գլխավոր դատախազությունից, ի պատասխան Infocom-ի հարցման, հայտնեցին, որ Քննչական կոմիտեում գործի քննությունը դեռևս շարունակվում է, մեղադրանք է առաջադրված վեց անձի։ Իսկ նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը հասցված ավելի քան 290 միլիոն դրամի վնաս։ Այս տարվա փետրվարին civic.am կայքը հայտնել էր «Էլլիպս ՋիԷյ»-ի դեմ  նոր քրեական գործի մասին՝ հղում անելով Քննչական կոմիտեին։ Ըստ դրա՝ ընկերությունը հերթական անգամ դիմել էր խարդախության։ «Էլլիպս ՋիԷյ»-ի նկատմամբ այլ քրեական գործերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Դատախազությունից հայտնեցին, որ ընկերությունը «պետությանը խոշոր վնաս պատճառելու», ինչպես նաև «հարկն առանձնապես խոշոր չափով չվճարելու» նպատակով կեղծել է մի շարք փաստաթղեր և ներկայացրել կեղծ տվյալներ։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման՝ կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել։ Այս քրեական գործով մեդադրանք է առաջադրված երեք անձի։ Այս տարվա հուլիսի վերջին ևս Քննչական Կոմիտեն խուզարկություն էր իրականացնում երկու ընկերությունների գրասենյակներում։ Միևնույն ժամանակ, «Էլլիպս ՋիԷյ»-ը շարունակում է մեծ և փոքր ծառայություններ մատուցել պետական մարմիններին։    Անի Ավետիսյան
15:31 - 25 օգոստոսի, 2022
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման վարույթով նախաքննությունն ավարտվել է

«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակչուհին, 2020 թ. ապրիլից մինչև 2022 թ. հունվարը, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 24-ամյա երիտասարդի հետ կազմակերպել և ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորում: Վերջիններս «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են էջեր, որոնք կառավարել են ինչպես անձամբ, այնպես էլ՝ խմբավորման մեջ ներգրավված մի շարք անձինք: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել են թմրամիջոցների ապօրինի շրջա­նառությամբ զբաղվող «Ivery Organics» անվամբ էջ, դրա միջոցով իրականացրել թմրամիջոցների ապօրինի վաճառք՝ էջում տեղադրելով թմրամիջոցների տեսակների, որակական հատկանիշների և դրանց ձեռք բերման պայմանների վերաբերյալ տեղեկություններ պարունակող գովազդային լուսանկարներ: Այնուհետև, թմրա­միջոցներն առանձ­նացրել են ըստ տեսակի և քաշի, ապա դրանք փաթեթավորել և տեղադրել Երևանի քաղաքի և ՀՀ տարբեր մարզերի տարածքներում գտնվող թաքստոց­ներում, լուսանկա­րել դրանց գտնվելու վայրերը, նշել կոորդի­նատ­ները և դրանք ուղարկել իրենց կողմից բացված և կառավարվող Ivery Organics անվամբ առցանց խանութի էջին: Տելեգրամյան ալիքի աշխատանքի և հաճախորդների քանակի ավելացմանը զուգահեռ, ամուսիններն իրենց կողմից ստեղծված ու ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ են ներառել այլ անձանց ևս, ովքեր, համաձայն դերաբաշխման, կատարել են տարբեր աշխատանքներ. նրանցից մեկը ստանձնել է Ivery Organics անվամբ էջի տնօրենի պարտականությունները՝ օգնելով «հաշվապահական» հարցերում, կատարելով հաշվարկ­ները և վճարելով հանցավոր կազմակերպության անդամների աշխատավարձերը, ոմանք կատարել են նշված էջի օպերա­տորի աշխատանքը և թմրամիջոցների վաճառքի արժեքի ու ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, իսկ ուղարկված գումարը ստանալու հանգամանքը հաս­տատ­վելուց հետո հաճախորդներին ուղարկել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարբեր հատված­ներում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված թմրամիջոցների տեղա­կայման վայրերի լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով, մասնակիցներից մեկը հետևել է առաքիչների և փաթեթա­վորողների ընդհանուր աշխա­տանքին, իսկ մյուսը՝ կատարել է առաքիչի աշխատանք, այն է՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից վերցրել է տեղադրված թմրանյութերի փաթեթները, տեղադրել տարբեր վայրեում, լուսանկարել դրանք և ստույգ կոորդի­նատների հետ միասին ուղարկել վերը նշված էջին, իսկ աշխատանքներում ընդգրկված անձանցից մեկը, փաթեթավորել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց պարունակող կոնֆետները և թխվածքաբլիթները, որոնք ևս գովազդվել ու վաճառվել են «Ivery Organics» տելեգրամյան էջի միջոցով։ Երիտասարդ զույգի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ ներառվել է նաև «Տելեգրամ» հավելվածում «Tiin» անվամբ գրանցված անձը, ով պարտավորվել է տրամադրել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ «Ivery Organics» էջի միջոցով վաճառելու նպատակով, ինչից հետո վաճառվող թմրամիջոցների մի մասը ձեռք են բերվել նշված անձից: Հանցավոր խմբավորման աշխատանքները հստակ իրականացնելու նպատակով կազմակերպիչները «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են «Штаб» անվամբ խումբ, որտեղ խմբավորման ղեկավարները հանդես են եկել Бoсс և Rich անուններով՝ խմբում ընդգրկելով նաև Kali, Таня, Drake Carleone, PON, Ivoryoperator անվամբ էջերն ու խմբի՝ ինչպես անձը չպարզված, այնպես էլ՝ հայտնի անդամներին, տեքստային և ձայնային հաղորդագրությունների միջոցով, տվել են հստակ ցուցումներ՝ աշխատանքները կազմակերպելու նպատակով: 2022թ. հունվարի 6-ի գիշերը խմբի անդամներից մեկն իր տելեգրամյան էջին հերթական անգամ ստացել է կարգադրություն, որի համաձայն՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից՝ Երևան քաղաքի Այգեձոր թաղամասում գտնվող, հանցավոր կազմակերպության համար որպես գրասենյակ ծառայող առանձնատնից վերցրել է խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրանյութով լցված 28 փաթեթ, որոնք պետք է թողներ Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում՝ մատնանշված վայրում: Իր մոտ եղած նշված փաթեթ­ներից մեկը թողնելով պայմանավորված վայրում, փորձել է հեռանալ, սակայն ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 25,22 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունա­կությամբ թվով 27 հատ փաթեթ, իսկ որպես գրասենյակ ծառայող հիշյալ առանձնատնից՝ 2.19 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունա­կու­թյամբ թխված­քաբլիթներ, ընդհանուր 1.12 գրամ «Տետրահիդրո­կաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շոկոլադե գնդեր և սալիկներ, առանձնապես խոշոր չափերով՝ 125,31 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ 3,97 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրա­միջոց, 0,96 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, հանցավոր կազմակերպության ղեկա­վար­ների կողմից վարձակալված Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնա­բերվել է խոշոր չափերով՝ 55,29 գրամ հաստատուն չոր քաշով «Մարի­խուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 2,71 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկան­նաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, շոկոլադանման զանգված՝ 0.13 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, 0,1 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, 2 հատ թարմ «Տետրահիդրո­կաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տեսակի բույս։ Խմբի երեք անդամների կողմից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում վարձակալած տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 14,5 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 7,68 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկա­ննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, իսկ հանցավոր կազմակերպության օպերատորներից մեկի անձական խուզարկությամբ հայտնա­բերվել է 0,56 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարու­նակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց։ Բացի այդ, խմբավորման ղեկավարները, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների հանցա­վոր ծագումը, իրական բնույթը, իրենց պատկանող և իրենց կողմից կառավարվող Telegram հեռահաղոր­դակցման հավելվածի Ivery Organics խանութ-հարթակի միջոցով վաճառվող թմրամիջոցը գնելու ցանկություն հայտնած անձանց առաջարկել են վճարումը կատարել Dashqoin տեսակի կրիպտոարժույթով, ինչի նպատակով վերջիններիս տրամադրել են հիմնականում մեկանգամյա օգտագործման հաշվեհա­մարներ, ուղղորդել նշված հաշվեհամարին գումար փոխան­ցելու նպատակով նամակագրության միջոցով կապ հաստատել Telegram հեռահաղոր­դակցման հավելվածում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող CryptocellerArmenia, Armbitcoinbot, ինչպես նաև՝ այլ նմանատիպ հարթակների հետ, վերջիններիս ուղարկել իրենց պատվիրած թմրամիջոցի արժեքին համապատասխան ՀՀ դրամ գումարը և իրենց կողմից հաճախորդին տրամադրված՝ հիմնա­կանում մեկանգամյա օգտագործման Dashqoin տեսակի կրիպտոարժույթի դրամապանակի հասցեն՝ թմրամիջոցի համար նախատեսված գումարին համարժեք կրիպտոարժույթը դրան փոխանցելու նպատակով: Այնուհետև, ստացված կրիպտո­արժույթն իրենց կողմից բացված մեկանգամյա օգտագործման դրամապանակներից փոխանցել են իրենց պատկանող և իրենց կողմից շահագործվող «Dashqoin» տեսակի կրիպտո­արժույթի այլ դրամապանակների, ինչի արդյունքում 2021թ. ընթացքում տարբեր ժամանակահատված­ներում իրենց պատկանած և իրենց կողմից շահագործված «Դաշքոին» կրիպտոարժույթի թվով երեք դրամապա­նակներին ընդհանուր՝ 1165 հատ փոխան­ցումներով ստացել են ընդհանուրը 30.535․666,72797 ՀՀ դրամին համարժեք՝ 380.72 Dashqoin տեսակի կրիպտոարժույթ: Այնուհետև Ivery Organics խանութ-հարթակում որպես օպերատոր աշխա­տած անձանց նշված դրամապանակներից վճարվել են աշխատավարձեր՝ կատարված աշխատանքին համարժեք գումարին համահավասար դաշքոին տեսակի կրիպտոարժույթը փոխանցելով վերջիններիս կողմից ստեղծված և նրանց պատկանող Dashqoin դրամապանակներին, որից հետո Telegram հեռահաղորդակցման հավելվածում կրիպտո­արժույթի փոխանակմամբ զբաղվող CryptocellerArmenia, Armbitcoinbot և նմանա­տիպ այլ էջերին են վաճառել վերը նշված էլեկտրոնային դրամա­պանակներին ստացված՝ 380.72 Dashqoin կրիպտոարժույթը, ապա դրան համա­հավասար 30․535․666,72797 ՀՀ դրամ գումարը ստացել են իրենց կողմից նշած բանկային քարտերին կամ վճարահաշ­վար­կային համակարգերում բացված էլեկտրո­նային դրամապա­նակներին, այդ կերպ փոխարկել, նյութականացրել և կանխիկ գումարների են վերածել թմրամիջոցների վաճառքի արդյունքում գոյացած, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները, որոնք բերել են օրինական շրջա­նառության դաշտ և տնօրինել։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հանցավոր խմբի երկու կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետե­րով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, խմբավորման յոթ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քրեական վարույթով 9 մեղադրյալի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին: Հանցավոր խմբավորման՝ ինքնությունը չպարզված անդամների, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի (աղբյուրների) մասով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:27 - 23 օգոստոսի, 2022
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում անկարգությունների դեպքով մեղադրյալներից ևս մեկի մասով նախաքննությունն ավարտվել է

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում անկարգությունների դեպքով մեղադրյալներից ևս մեկի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022 թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի մի շարք հանգամանքներ, անհատականացվել մասնակիցների գործողությունները. քրեական վարույթով մեղադրյալներից մեկի՝ քրեական վարույթի շրջանակներում հայտարարված հետախուզմամբ հայտնաբերված Գ.Սարգսյանի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար, հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկաններին: Նշված զանգվածային անկարգություններում ներգրավված քաղաքացի Գ.Սարգսյանը, հավաքված ամբոխի շարքերից նախ ձեռքերով հարվածել է պատնեշ կազմած ոստիկաններին, ապա բարձրադիր վայրից քար և շիշ նետել նրանց ուղղությամբ: Զանգվածային անկարգության մասնակիցների, այդ թվում՝ Գ.Սարգսյանի գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, (որը համապատասխանում է 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
13:26 - 22 օգոստոսի, 2022
Մասիսի քաղաքապետարանում ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Մասիսի քաղաքապետարանում ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Հիշյալ դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 17:40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից և տեղեկացվել, որ Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է՝ քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: Նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում նույն տղամարդը գնացել է Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս՝ հրել է պահակին, հայհոյանքներ հնչեցնելով բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել:Տղամարդուն վնասազերծելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակներում 2022 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Մասիսի համայնքապետարանի 4-րդ հարկում տեղակայված՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին՝ գլխի քունքային հատվածում հրազենային մուտքային և ելքային վնասվածքով:Կատարված դեպքի վայրի զննությամբ համայնքապետարանի վարչական շենքի առջև գտնվող տարածքում հայտնաբերվել է պայթյունի օջախ և բեկորային վնասվածքներով «Մազդա » և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:36-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին:Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ, նշանակվել է փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:30 - 20 օգոստոսի, 2022
Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով 11 մլն դրամ է հափշտակել

Տղամարդը ներկայացել է որպես լրագրող և զինվորին օգնելու պատրվակով 11 մլն դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ որպես լրագրող, տարբեր նախարարությունների աշխատակից, մտերիմ կամ որևէ այլ՝ մտացածին անձ ներկայանալով զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով տարբեր քաղաքացիներից, տնտեսվարող սուբյեկտներից առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական վարույթով իրականացված  քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և նրանց օժանդակությամբ, ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ 2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2021թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տարբեր հեռախոսահամարներով կապ հաստատելով մի շարք քաղաքացիների հետ, հեռախոսազրույցի ժամանակ թաքցնելով իր իրական տվյալները, զորամասում ծառայող զինվորին գումար փոխանցելու պատրվակով, խեղաթյուրելով իրականությունը` տարբեր անձանցից հափշտակել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերով շուրջ 11մլն. ՀՀ դրամ գումար: Նշված գումարը փոխանցվել է այլ անձանց անվամբ բացված տարբեր հաշվեհամարներին՝ հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:14 - 19 օգոստոսի, 2022
Քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության առկայության մասին. ՔԿ նախագահ

Քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության առկայության մասին. ՔԿ նախագահ

Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, սակայն այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։ Այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով «Սուրմալու»-ի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։ Քյարամյանը հավելեց, որ այս պահին քրեական գործում առկա ապացույցները «ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ տեսագրություններից պարզ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է․ «Քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, այսպես ասած ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը, ըստ էության, բացառվում է։ Տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, և, ըստ էության, նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում  է այդ հանգամանքը»։ Փաշինյանը նաև ասաց, որ 2020 թ․-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո համապատասխան գերատեսչություններին հանձնարարական է տվել՝ հավաքել բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ իրերի հետ, նաև տեղեկություններ հավաքել այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող  են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր։ «Եվ, իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որ արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ։ Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունը ամփոփվում է։ Պիտի հանձնարարեմ, որ ՊՎԾ-ն կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ ամբողջական զեկուցի, թե իմ տված հանձնարարականը ինչպես է կատարվել»։ Փաշինյանը հավելեց, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետներ չեն եղել․ «Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որ Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։ Հարցաքննվել է 50 անձ, այդ թվում՝ տաղավարների սեփականատերեր։ Առևտրի կենտրոնի սեփականատերը դեռևս չի հարցաքննվել։
12:02 - 18 օգոստոսի, 2022
Հարցաքննվել են «Սուրմալու»-ի տաղավարների սեփականատերերը և տուժողները

 |factor.am|

Հարցաքննվել են «Սուրմալու»-ի տաղավարների սեփականատերերը և տուժողները |factor.am|

factor.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով այս պահին հարցաքննվել են մոտ 50 քաղաքացիներ, այդ թվում՝ տուժողներ, տաղավարների սեփականատերեր։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։  Առևտրի կենտրոնի սեփականատերն առայժմ չի հարցաքննվել։ Այս պահին նոր հարցաքննվողներ չկան։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցածի հանգամանքները, տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով։ 
16:13 - 17 օգոստոսի, 2022
«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է՝ «մենք խախտում չենք ունեցել»
 |azatutyun.am|

«Սուրմալու»-ի տնօրենը պնդում է՝ «մենք խախտում չենք ունեցել» |azatutyun.am|

azatutyun.am: «Սուրմալու»-ի տնօրենը պնդում է, թե իրենք վերացրել են նախորդ տարի հայտնաբերված հակահրդեհային կանոնների շուրջ երկու տասնյակ խախտումները։ Նախօրեին առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը հայտարարեց, որ «Սուրմալու»-ում 2021-ի ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները վերացված չեն եղել։ Առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, «Ազատության» հետ կարճ հեռախոսազրույցում, այսօր միայն հերքեց տեսչական մարմնի հայտարարությունը՝ արագ անջատելով հեռախոսը։ «Վերացրել է խախտումները, մենք խախտում չենք ունեցել», - ասաց Մադաթովան։ Ավելի քան 3 հազար քառակուսի մետր մակերեսով տոնավաճառում քաղաքաշինական և հակահրդեհային կանոնների շուրջ 20 խախտումները վերացնելու համար տեսչական մարմինը «Սուրմալու»-ի ղեկավարությանը ժամանակ էր տվել մինչև նախորդ տարեվերջ։ Դրանից հետո նոր ստուգում չէր իրականացվել։ Մահաբեր պայթյունից երեք օր անց էլ տոնավաճառի ղեկավարությունը դեռ չի հարցաքննվել, փոխանցեցին Քննչական կոմիտեից։ Ինչո՞ւ սեփականատեր Ռազմիկ Զախարյանը չի կանչվել հարցաքննության, այս հարցին իրավապահները չեն պատասխանում։ Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը փոխանցեց միայն, որ հարցաքննվել է մոտ երկու տասնյակ մարդ՝ հիմնականում տուժողներ։ Դեռևս չկան կասկածյալներ ու մեղադրյալներ։ «Հարցաքննվողների մեծ մասը վարձակալներն են, նրանք հանդիսանում են նաև տուժողներ։ Պարզվում է առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող սեփականատերերի, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ է տրվել հետաքննության մարմիններին», - ասաց Թադևոսյանը։ Հարցաքննություններին զուգահեռ իրավապահները դեպքի վայրում փորձագետների հետ միասին զբաղված են դեպքի վայրի զննությամբ։ «Ես չեմ կարծում, որ քննիչներն այսքան շուտ կարող են տեղեկատվություն տալ իրականում ինչից է առաջացել հրդեհ, որովհետև դեռ աշխատանքները շարունակվում են այնտեղ, որոնողական աշխատանքներ», - ասաց կոմիտեի խոսնակը։ «Սուրմալու»-ի սեփականատեր, 86-ամյա Ռազմիկ Զախարյանի հետ կապվել չի հաջողվում։ Բիզնես գործունեությամբ զբաղվող Զախարյանը քաղաքական անցյալ ունի՝ 1991-ին եղել է Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ։
16:14 - 16 օգոստոսի, 2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով ավելի քան 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով ավելի քան 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր: Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև առևտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաև՝ հարակից շինություններ և կայանված ավտոմեքենաներ: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Պարզվում են առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունները, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին:  Նախաքննությունը շարունակվում է:
20:08 - 15 օգոստոսի, 2022
Ընդդիմության հավաքներին տեղի ունեցած անկարգությունների դեպքով ևս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Ընդդիմության հավաքներին տեղի ունեցած անկարգությունների դեպքով ևս մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Քաղաքական ընդդիմության նախաձեռնությամբ անցկացված հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2022թ. մայիսի 30-ին «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքի ժամանակ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, խուլիգանության և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ անկարգություններին մասնակից անձանցից 9-ի ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ: Քննությամբ պարզվել է նաև, որ Արարատի մարզի՝ 35-ամյա բնակիչը, մասնակցելով զանգվածային անկարգություններին, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, չենթարկվելով և հակադրվելով ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյել է ոստիկաններին և բռունցքներով հարվածներ հասցնելով՝ բռնություն գործադրել նրանցից մեկի նկատմամբ, և միայն ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում է հնարավոր եղել կասեցնել ու խափանել հիշյալ բնակչի ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հակաիրավական գործողությունները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասը քրեական վարույթից անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և իրավասու դատարանին հանձնելու միջնորդությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը «Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպվել էր հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները գնացել էին ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենք: Նույն օրը՝ ժամը 11:30-12:00-ի սահմաններում, ընդդիմադիր պատգամավորները ցանկացել էին մուտք գործել մասնաշենք, սակայն հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել էին, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել նրանց: Այնուհետև, հավաքի մասնակիցներից մի քանիսը, զանգվածային անկարգությունները կազմակերպած, գործով դեռևս ինքնությունները չպարզված անձանց դրդմամբ և ուղղորդմամբ, շարժվել էին դեպի նշված մասնաշենքի մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշի ուղղությամբ և չենթարկվելով ու հակադրվելով նախարարությունների շենք մուտք չգործելու, տարածքն ազատելու՝ ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սպառնալով հասարակական անվտանգությանը՝ բռնություն էին գործադրել ոստիկանների նկատմամբ, ճեղքել պատնեշը, կոտրել էին մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք էին գործել մասնաշենքի նախասրահ, ինչպես նաև՝ վնասել հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները: Հավելենք, որ երկու մեղադրյալի մասով ևս ավարտվել է նախաքննությունը, իսկ մյուս մեղադրյալների, ինչպես նաև՝ դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
20:23 - 12 օգոստոսի, 2022
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման դեպքով վարույթի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման դեպքով վարույթի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի՝ 83-ամյա բնակչի առևանգման դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևան համայնքում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հիշյալ գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից: Կարճ ժամանակ անց վերջինիս տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո՝ ժամը 11:00-ի սահմաններում, նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը: Հանցակիցներից մեկը, մինչև  2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան: Պարզվել է նաև, որ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը: Այնուհետև Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում»- ասվում է հաղորդագրության մեջ:  Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 11-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:  Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: 
21:46 - 11 օգոստոսի, 2022
Զինծառայողի կողմից իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայողի կողմից իրեն հրազենային մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 9-ին:Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական  առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնել), ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ:
10:28 - 11 օգոստոսի, 2022