Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Ինչ փոփոխություններ են առաջարկվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում |hetq.am|

Ինչ փոփոխություններ են առաջարկվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է  փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում։ Մասնավորապես՝ քննարկման ներկայացված նախագծով նախարարությունն առաջարկում է շահագրգռվածություն ունեցող բաժնետերին իրավունք չտալ ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը։  Գործող կարգով՝ որոշումը գործարք կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ժողովի կողմից, եթե` ա) գործարքով վճարման ենթակա գումարը կամ գործարքի առարկա հանդիսացող գույքի` հաշվարկված շուկայական արժեքը հավասար է ընկերության ակտիվների արժեքի առնվազն 10 տոկոսին, բ) գործարքը և/կամ մի շարք փոխկապակցված գործարքներ կնքվում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, և որոնց քանակն ավելի է ընկերության` արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է բաժնետերերի ժողովի գումարման մասին բոլոր բաժնետերերին ծանուցել առնվազն 21 օր առաջ՝ անկախ բաժնետերերի քանակից: Նշենք, որ այժմ այդ պահանջը տարածվում է միայն հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունների վրա, ինչի արդյունքում մինչև և ներառյալ հիսուն բաժնետեր ունեցող բաց բաժնետիրական ընկերություններում ծանուցման ժամկետը սահմանվում է կանոնադրությամբ։ «Նախագծի մշակումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ապահովման, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացի ապահովման նպատակով»,-հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը:
14:30 - 09 հուլիսի, 2020
Այս տարի արտահանվել է 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն |armenpress.am|

Այս տարի արտահանվել է 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ակտիվ գյուղատնտեսական շրջան է, արտահանումն իրականացվում է սահուն, առանց լուրջ խնդիրների: Այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: «Բեռնատարներն առանց խնդիրների անցնում են սահմանային անցակետերը և ժամանակին գյուղմթերքը հասցնում արտաքին շուկաներ: Համաձայն մեր օպերատիվ տվյալների՝ արդեն արտահանվել է 13 հազար տոննա ծիրան, շուրջ 3 հազար 200 տոննա կեռաս, 21 հազար տոննա լոլիկ, 800 տոննա ելակ և այլն: Ընդհանուր առմամբ արտահանվել է 58 հազար տոննա պտուղ-բանջարեղեն»,- ասաց Արման Խոջոյանը: Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 15 տոկոսով քիչ է: Պակաս արտահանումը կապված է խնձորի բերքի հետ: Այս տարի արտահանվել է 5 հազար 500 տոննա, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 11 հազար 500 տոննա: Նախարարի տեղակալը նկատեց, որ այս տարի արտահանված խնձորը 2019 թվականի բերքն է, իսկ 2019 թվականին առավել քիչ բերքատվություն է եղել 2018 թվականի համեմատ՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: Արտահանման ցուցանիշներում որոշակի անկում է նկատվում նաև ծիրանի հետ կապված: Գրեթե 3 հազար տոննա պակաս է արտահանվել: Տարվա սկզբին առատ բերք էր սպասվում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները պատճառ դարձան ունենալ ավելի քիչ քանակ, քան սպասվում էր: Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ ակտիվ են ընթանում մթերման գործընթացները: Վերջին տվյալներով մթերվել է 5 հազար 500 տոննա պտուղ­-բանջարեղեն: Դրանից 1 200 տոննան բանջարեղենն է, իսկ 4 300 տոննան՝ պտուղը:
15:10 - 08 հուլիսի, 2020
Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք այս ժամանակահատվածում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Որպես չափորոշիչ՝ մենք ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը: Բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը: Նա թվարկեց այն 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում 3 կետեր կան, առաջինը՝ Գորհայք, Ծղուկ, Սառնակունք կամ Սպանդարյան, 2-րդ ուղղությունը՝ Ծավ, Նոր Հանդ, Սրաշեն, Շիշկերտ եւ 3-րդ կետը Մեղրի համայնքն է։ Գեղարքունիքում 1 ուղղություն կա՝ Ծափաթաղ, Ջիլ, Փամբակ համայնքներ։ Արարատում կա 2 ուղղություն։ Առաջինը՝ Դվին, Վերին Դվին, Նորաշետ եւ Վերին Արտաշատ, 2-րդը՝ Ուրցաձոր, Վեդի, Շաղափ եւ Լանջանիստ։ Շիրակում կա 4 կետ։ Առաջինը՝ Արթիկ, Փանիկ, Մեծ Մանթաշ, Նոր կյանք։ Երկրորդը՝ Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Ազատան։ Երրորդ՝ Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ։ 4-րդ՝ Աշոցք, Սիզավետ եւ Բավրա։ Լոռիում՝ 2 ուղղություն։ Առաջինը՝ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ եւ Կուրթան։ Երկրորդը՝ Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ եւ Ձորագետ։ Արագածոտնում 2 ուղղություն։ Առաջինը՝ Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր։ Երկրորդը՝ Թալին, Աշնակ, Կաթնաղբյուր, Մաստարա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
12:57 - 02 հուլիսի, 2020
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ

Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Ծրագրի շրջանակում մասնակի կսուբսիդավորվի  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցների  լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը:  Էկոնոմիկայի նախարարությունը դիմումը մուտքագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին:
11:39 - 02 հուլիսի, 2020
Առաջարկվում է մասնակի փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը |hetq.am|

Առաջարկվում է մասնակի փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է ցորենի արտադրության ծավալների ավելացման նպատակով աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել՝ խթանելով աշնանացան ցորենի արտադրությանը։   Էկոնոմիկայի նախարարությունը նման ծրագիր է քննարկման ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։ Նախարարությունը, մասնավորապես, առաջարկում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված, ներմուծված աշնանացան ցորենի սերմերի գինը մասնակի սուբսիդավորել կամ փոխհատուցել։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվելու է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայականից առավել ցածր գնով։  «Կորոնավիրուսի տարածման հետևանքով, ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում, խնդիր է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,-ընդգծել է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նախարարության կանխատեսումներով՝ այս նախագծի ընդունումը կնպաս­տի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։ Նախարարությունը հայտնել է, որ վերջին տարիների ընթացքում աշնանացան ցորենի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշները նվազել են. 2019 թվականին, 2015 թվականի համեմատ, ցանքատարծությունները շուրջ 44 %-ով, բերքատվության մակարդակը՝ 42 %-ով, որի արդյունքում էլ նվազել է համախառն բերքը` 68,7 %-ով։ Մինչդեռ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 250 – 330 հազար տոննա ցորեն։  «Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատա­կաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, սերմնաբուծության և սերմարտադրությանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացմանը»,-հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
16:33 - 29 հունիսի, 2020
Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գտնվող Հայաստանի խաղողի և ծիրանի կոլեկցիոն և ցուցադրական այգիներում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է արտադրողներից կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներով: Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է կառավարության հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով: Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը։ Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում կառավարությունը սահմանված կարգով մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները: Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։ «Արձանագրենք, որ այս տարի խաղողի առատ բերք է սպասվում:  Հասկանալի է, որ կառավարությունը ցանկանում է, որ բերքը չմնա ֆերմերի մոտ, բիզնեսի համար էլ շահավետ գործունեություն լինի: Պետք է այստեղ գտնենք հավարակշռված, փոխզիջումային լուծումներ: Մենք վերջերս փոփոխություններ կատարեցինք Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում: Ինչպես գիտեք, պետական սուբսիդավորման արդյունքում վարկը մինչև տարվա վերջ հասանելի է տարեկան 0 % տոկոսադրույքով», - ասել է էկոնոմիկայի նախարարը: Նշվել է, որ այս տարի կտրամադրվի նաև լրացուցիչ վարկ՝ մթերված խաղողից ստացվող գինենյութի պահպանման համար օգտագործվող պարագաների ձեռք բերման անհրաժեշտ գումարի չափով: Գինի արտադրողները բարձրացրել են նաև այլ հարցեր՝ կապված երկարաժամկետ վարկերի, ներմուծման և արտահանման ընթացակարգերի, ներքին շուկայում վաճառքի ծավալների մեծացման հետ: Նախարարը հանձնարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենին և իր տեղակալներին ոլորտի մասնագետների հետ միասին մշակել որոշ կարևոր թիրախային շուկաների ուսումնասիրություն՝ հաշվի առնելով այդ երկրների հետ նոր առևտրային կարգավորումները:  Հանդիպման ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նախարարին և փոխնախարարներին ներկայացրել է ՀՀ խաղողի կոլեկցիոն և ցուցադրական, ինչպես նաև  ֆիլոքսերադիմացկուն սորտպատվաստակալների մայրուտ այգիները, դրանցում կատարված աշխատանքները, կոլեկցիոն այգում զետեղված խաղողի սորտերն՝ ընդգծելով Հայաստանում առկա խաղողի սորտերի գենետիկական  ռեսուրսների պահպանման կարևորությունը։
13:25 - 27 հունիսի, 2020
Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Ռուսաստանի արտահանման կենտրոնի արտահանման գործունեության կարգավորման  բարելավման գծով գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը տեսակապով քննարկել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի պատասխանատու աշխատակիցները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնատար անձինք։    Ռուսաստանի արտահանման կենտրոնի փոխգործակցության առաջարկի համատեքստում կողմերը քննարկել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համակարգային գործընկերության ձևավորման հարցը, նպատակ ունենալով փոխանակել ընտրված բարձրորակ նախագծերը, իրականացնել գործարքների համատեղ նախաձեռնում, գործընկերների հուսալիության ընտրություն և ստուգում, նախագծերի ապահովագրական և վարկային–երաշխիքային աջակցություն, ցուցահանդեսային և տոնավաճառային գործունեություն, լավագույն փորձի և վերլուծությունների փոխանակում, նախաձեռնել կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացում:  Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում փոխանակել Ռուսաստանի արտահանման կենտրոնի և Հայաստանի Ներդրումների աջակցման կենտրոնի միջև համագործակցության հանաձայնագրի տեքստը` փոխգործակցության հստակ  ձևաչափերի ձևակերպմամբ:
14:34 - 23 հունիսի, 2020
Առաջարկվում է բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված դարակով  |hetq.am|

Առաջարկվում է բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված դարակով |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է առևտրի օբյեկտներում բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված դարակով (հատվածով) և «Կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանք» հատուկ նշումով, որը կլինի ընթեռնելի և կտեղադրվի տեսանելի վայրում։ Նշենք, որ իրավական կարգավորմամբ այժմ նման պահանջ սահմանված չէ։ Էկոնոմիկայի նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։ «Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև։ Ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար»,- հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նախարարությունն ընդգծել է, որ հունվարի 23-ի կառավարության նիստին վարչապետը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել այդ խնդրի կարգավորման նպատակով։ Այդ իսկ պատճառով, էկոնոմիկայի նախարարությունը մշակել է այս օրենսդրական փաթեթը։ «Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը»,-որպես նախագծի հիմնավորում նշել է Էկոնոմիկայի նախարարությունը։
12:08 - 23 հունիսի, 2020
Փրկության առաջին քայլն է. տնտեսավարողները ոգևորված են շահութահարկի սպասվող փոփոխությունից |armenpress.am|

Փրկության առաջին քայլն է. տնտեսավարողները ոգևորված են շահութահարկի սպասվող փոփոխությունից |armenpress.am|

armenpress.am: Պետությունն առաջարկում է նոր հակաճգնաժամային գործիք, ավտոմատ կերպով կընտրվի եռամսյակի շահութահարկի կանխավճարի կատարման այն տարբեակը, որն ի օգուտ տնտեսավարողի է: Կանխավճարը կկատարվի նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի կամ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։  ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանի խոսքով՝ այս հարցը բարձրացվել է մի շարք տնտեսավարողների, հատկապես զբոսաշրջային ոլորտի տնտեսավարողների կողմից: «Նման առաջարկ հնչել էր նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացման ենթախորհրդի նիստում վերջերս: Եվ սա կարծես հակաճգնաժային գործիք է դառնում, որպեսզի համավարակի արդյունքում հատկապես ամենաշատ տուժած ոլորտներից մեկի՝ զբոսաշրջության բեռը թեթևանա»,-ասաց նա: Ներգնա զբոսաշրջային գործակալների շահերը ներկայացնող «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ սա իրենց համար փրկության առաջին քայլն էր: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց ոլորտը իսկապես վատ վիճակում է: Մարտից, երբ արդեն պետք է սկսվեր հոսքը, կորոնավիրուսը տարածվեց, և դրա պատճառով հոսքը կանգնեց, զբոսաշրջային գործակալները հայտնվեցին վատ վիճակում: «Նույնիսկ այս պահին մենք ակնկալում ենք, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, առաջին զբոսաշրջիկները կունենանք ոչ ավելի շուտ, քան 2021-ի մարտին»,-ասաց Ազոյանն ու նշեց՝ այս ծանր իրավիճակը նկատի ունենալով դիմել են Էկոնոմիկայի նախարարին՝ շահութահարկի վերանայում անելու առաջարկով:   Ասոցիացիան խնդրել է նախարարին՝ հնարավորություն տալ զբոսաշրջային գործակալներին աշխատել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային եղանակով՝ վճարում կատարելով նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով: Գործող օրենքով՝ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով: «Հունիսի 20-ին պետք է վճարեինք նախորդ տարվա արդյունքներով հաշվարկած շահութահարկի 20 տոկոսը: Մեր ասոցիացիայում կան տուրօպերատորներ, որոնք նախորդ տարի 12 հազար զբոսաշրջիկ են սպասարկել: Ունենք գործակալ, որը պետք է վճարեր մինչև 20 մլն դրամ: Այս տարի զբոսաշրջային գործակալներն ընդհանրապես չունեն որևէ շահույթ, դա մեծ խնդիր էր: Եվ հիմա դիմեցինք նախարարին, բացատրեցինք, որ չենք կարող, քանի որ այս տարի ընդհանրապես չենք սպասարկում զբոսաշրջիկների: Նախկինում մինչև մարտի 20-ը դիմելու պարագայում տնտեսավարողը հնարավորություն էր ստանում նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսը վճարել, սակայն մենք չէինք հասցրել դիմել: Հիմա այս առաջարկվող օրենքով ասվում է, որ երկուսն էլ կդիտարկեն, կհաշվարկեն այն, որը ամենաձեռնտուն կլինի տվյալ տնտեսավարողի համար»,-ասաց Ազոյանը: Նրա խոսքով՝ որոշ զբոսաշրջային կազմակերպություններ փակվելու վտանգի առաջ են, բայց եթե շահութահարկի հարցը լուծվի, բավականաչափ կթեթևացնի բեռը, կկարողանան գրասենյակները պահել: «Սրանով պետությունը օգնում է մեզ մեծ բեռից ազատվել, մենք կկարողանանք գոնե կենտրոնանալ մյուս հարցերը լուծելու վրա: Պատկերացնում եմ, որ սա մեր համագործակցության առաջին քայլն է: Եվ այս հարցի լուծումը մեզ շատ ոգևորել է: Նախարարը մեզ լսեց ու հետամուտ եղավ խնդրին»,-ասաց Ազոյանն ու շնորհակալություն հայտնեց հետևողականության համար:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
17:44 - 15 հունիսի, 2020
Տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով

Տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով

Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով: Հանդիպման ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գոյություն ունեցող ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման վերաբերյալ։Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության ջանքերը՝ ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական, սոցիալական և առողջապահական մարտահրավերները համաչափ լուծելու ուղղությամբ, և ներկայացրել է «EU4Business» (ԵՄ-ն բիզնեսի համար) ծրագրով ընթացիկ, ինչպես նաև նոր աջակցության մանրամասները Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: ԵՄ-ն և իր անդամ պետությունները միասին աշխատում են TeamEurope մոտեցմամբ, աջակցելու՝ հայ ժողովրդին և բիզնեսին միջնաժամկետ տնտեսական վերականգնման և հակաճգնաժամային միջոցառումների ուղղությամբ։ Այդ նպատակով ԵՄ-ն և Հայաստանը համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ՝ ԵՆԲ, ՎԶԵԲ, Գերմանական զարգացման բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալությունը, «Finance in Motion» ընկերությունը, ԱՄՀ-ը, ՀԲ-ն, ՏԶՀԿ-ն։
16:12 - 15 հունիսի, 2020
Ձևավորել ենք ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել է 800 կազմակերպություն․ էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

Ձևավորել ենք ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել է 800 կազմակերպություն․ էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

1lurer.am: «Ձգտում ենք եղած սահմանափակ միջոցներն առավելագույն արդյունավետությամբ հասցեավորել շահառուներին»,- ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով համավարակի պայմաններում հարկային արտոնությունների տրամադրմանը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։  Նախարարի խոսքով՝ մի շարք երկրներ կիրառեցին այն փորձը, որ հետաձգեցին կամ ազատեցին բոլորի հարկերը։ Խաչատրյանը շեշտեց՝ դրանք այլընտրանքային են. փոխարենը իրենք հարկերը վճարելու համար անտոկոս վարկ են տրամադրել։ «Մեր կառավարության մոտեցումն այն է եղել, որ կան տարբեր կազմակերպություններ, որոնց մի մասի գործունեությունը բարդացել է, մի մասինը՝ ոչ։ Եթե նրանց գործունեությունը չի բարդացել, հարկային արտոնություն տրվի ո՞ր ինչ լինի։  Բա ո՞վ վճարի այն հարկերը, որ աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով տուժած ոլորտներին տրվող աջակցության ծրագրերին՝ նախարարն ընդգծեց, որ, օրինակ, 3-րդ միջոցառմամբ փոքր բիզնեսի համար աննախադեպ արագ և որակյալ վարկային ռեսուրսներ են առաջարկում։ Ըստ նախարարի՝ աննախադեպ է, քանի որ, որքան հիշում է՝ միակ դեպքն է վերջին տարիներին, երբ ասում են՝ բանկային համակարգը չի որոշում՝ այդ կազմակերպությանը վարկ տա՞, թե՞ ոչ։  Եթե կազմակերպությունը ցուցաբերել է իրեն որպես օրինապահ հարկ վճարող  և օրինապահ վարկառու, ապա իր 2019 թվականի շրջանառության 10 տոկոսի չափով, ավտոմատ եղանակով, վարկային ռեսուրս է հատկացվում։ 2 տարի ժամկետով ոչ մի տոկոսագումար վճարելու խնդիր չի ունենում։ «Ձևավորել ենք այնպիսի ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել են 800 կազմակերպություն, փոքր բիզնեսներ։ Հանրագումարով՝ այսօրվա դրությամբ  9 միլիարդ դրամ այդ եղանակով տրված վարկային ռեսուրսներ երկու ամսվա ընթացքում հասցվել են մասնավոր հատվածին, որ կարողանան, իրենց կարիքները գնահատելով, հասնել վաղվա օրվան»,- շեշտեց Խաչատրյանը։ Նախարարը նաև նշեց, որ չեն համարում, որ բոլոր հարցերի ճիշտ պատասխաններն  առ այսօր գտել են։ Չբացառեց, որ առանձին ոլորտներում  առանձնահատուկ կարգավորումներ կլինեն։ Ընդգծեց, որ մասնավոր հատվածը դեռևս չի հաղթահարել ճգնաժամից դուրս գալու ժամանակահատվածի շոկը, երբ հասնեն այն կետին, որ պետք է քննարկեն, թե կազմակերպությունները ոնց պետք է վերականգնեն՝  հնարավոր է նոր համապատասխան լուծումներ լինեն։
15:47 - 08 հունիսի, 2020
Գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների ուսումնասիրված դիմումների մոտ 49 տոկոսը բավարարվել է․ 5-րդ ալիքը մանիպուլատիվ է ներկայացնում միջոցառման արդյունքները

Գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների ուսումնասիրված դիմումների մոտ 49 տոկոսը բավարարվել է․ 5-րդ ալիքը մանիպուլատիվ է ներկայացնում միջոցառման արդյունքները

5-րդ ալիքը մայիսի 22-ին «Գյուղատնտեսական վա՞րկ, թե՞ դասական մանիպուլացիա» վերնագրով ռեպորտաժ է եթեր հեռարձակել, որտեղ ներկայացնում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության երկրորդ ծրագրին դիմած և մերժում ստացած քաղաքացիներին: Կառավարությունը 2020 թվականի մարտի 26-ի նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկրորդ ծրագիրը, ըստ որի, գյուղատնտեսական վարկերի որոշ տեսակների տոկոսադրույքները կսուբսիդավորվեն՝ հասնելով 0 %-ի, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում, բացի տոկոսները սուբսիդավորելուց, վարկերը նաև կհամաֆինանսավորվեն կառավարության կողմից: Ռեպորտաժում նշվում է, որ ըստ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի՝ սա խաբեություն է, դասական մանիպուլյացիա. բանկերին փող են տալիս, անունը դնում, թե գյուղացուն օգնեցին: Այնուհետև, շարունակելով բանկերի թեման, ռեպորտաժի մեկ այլ հատվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Հա, մենք փողը տալու ենք բանկերին, բայց բանկը պիտի որոշի՝ ում տա, ում չէ», որին հետևում է կառավարության նիստից մի հատված, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Լավ բանաձև ենք գտել, որն իր կենսունակությունը դեռ պետք է պրակտիկայում ապահովի»: Այս խոսքերից երկրորդը վերաբերում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրին, որտեղ Նիկոլ փաշինյանն ասում է. «Մենք ոչ թե պետք է զուգահեռ օրգանիզմներ ստեղծենք, այլ մենք պետք է այս գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապարհով գնանք: Դրա համար մենք երկու գործիք ենք կիրառել: Առաջին գործիքը հետևյալն է. մենք ասել ենք, որ տոկոսները սուբսիդավորում ենք և ըստ էության ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում ենք վարկի տոկոսները, մնացած դեպքերում էականորեն իջեցնում ենք: Երկրորդ գործիքը հետևյալն է. քանի որ շուկան վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինել էդպիսի վարկավորում տալուն, որովհետև իրենք կարող է մտածեն՝ ինչու իրենք ռիսկերը միայնակ կրեն: Եվ որպեսզի բանկերին նույնպես խթանենք, որ իրենք շահագրգռված լինեն, կառավարությունն ասում է, որ ըստ ծրագրերի աշխատավարձերի դեպքում փողի 50% ենք տալիս, հարկերի և տուրքերի դեպքում փողի 50% ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 40% ենք տալիս, հումքի դեպքում փողի 40%-ը, սարքավորումների պարագայում՝ 25%, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30%: Ես կարծում եմ, որ մենք լավ բանաձև ենք գտել, որն իր կենսունակությունը դեռ պետք է պրակտիկայում ապահովի և մեր պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք անընդհատ մոնիթորինգի տակ կպահենք պրոցեսները և որ տեսնենք չի աշխատում, կհասկանանք՝ ինչում է խնդիրը և բանաձևերը արագ կփոխենք»: Իսկ լրագրողի մեջբերած խոսքը, թե կառավարությունը փողը տալու է բանկերին, բայց բանկը պիտի որոշի՝ ում տա, ում չէ, այդ օրվա նիստում չի հնչել: Ընդհանուր առմամբ վարկավորման, վարկառուների հայտերը բավարարել կամ մերժելու իրավասությունները բանկերինն է, բայց կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն այդպիսի խոսք չի հնչեցրել: Հետևաբար ռեպորտաժում ներկայացված հատվածը մանիպուլյացիա է: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը ռեպորտաժի մեկ այլ հատվածում էլ ասում է. «Եթե Հայաստանում գյուղատնտեսությունը սկսում է մարտի 1-ից կամ 10-ից, ո՞նց կարող է այդ հարցը քննարկվել մարտի վերջին կամ ապրիլին: Այդ հարցը պետք է քննարկվեր հունվարին»: Սակայն, պետք է նշել, որ այս ծրագիրը միտված էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը և հունվարին լինել չէր կարող, քանի որ հունվարին Հայաստանում դեռևս կորոնավիրուսային համաճարակ չկար: Այնուամենայնիվ՝ պարզելու համար, սա «խաբեություն» է, թե  պարզապես խնդիրը ներկայացվում է միակողմանի, հարցում ուղարկեցինք էկոնոմիկայի նախարարություն: Ըստ հարցման պատասխանի՝ 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակներում ստացվել է թվով 33.242 հայտ, որից բավարարվել է 7125-ը, մերժվել` 7484-ը: Սպասման փուլում է գտնվում 18.633 հայտ: Վարկային հայտերի ընդհանուր ծավալը կազմում է 67.225.991.000 ՀՀ դրամ, որից բավարարված հայտերի ծավալը կազմում է 10.058.994.000 ՀՀ դրամ: Վարկային հայտերի ընդհանուր թվի մեջ ներառված ֆիզիկական անձանց համար տրամադրվող գյուղատնտեսական միկրովարկերի համար ստացված դիմումների քանակը կազմում է 23.845 հայտ, որից բավարարվել է 6165-ը, մերժվել՝ 5586-ը: Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական միկրովարկերի հայտերի գումարը կազմում է 23.750.161.000 ՀՀ դրամ, որից բավարարվել է 5.183.180.000 ՀՀ դրամը:  Եթե դիտարկենք միայն բավարարված և մերժված հայտերը, ապա 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ բավարարվել է շուրջ 7125 հայտ, մերժվել՝ 7484-ը: Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը մեզ հետ զրույցում մերժման հիմքերի վերաբերյալ ասաց, որ քաղաքացիների վարկունակությունը որոշում են բանկերը, իսկ մերժված դիմումների վերաբերյալ նշեց, որ մեծամասամբ մերժվել են բանկերի սև ցուցակում գտնվող և վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները: Ընդհանուր առմամբ գյուղատնտեսական վարկերի համար դիմած քաղաքացիների դիմումների 51.23%-ը մերժվել է, չհաշված սպասման փուլում գտնվող դիմումները, սակայն ծրագրի շրջանակներում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ վարկավորվել են շուրջ 7125 դիմող, որոնց տրամադրվել է ավելի քան 10.058 մլրդ դրամ: Այսպիսով՝ 5-րդ ալիքի ռեպորտաժը միակողմանի է ներկայացնում թեման, պարունակում է մանիպուլյացիաներ և չի արտացոլում իրական պատկերը: Հեղինակ՝ Նարեկ Մարտիրոսյան
13:32 - 04 հունիսի, 2020
Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

Ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է կառավարության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների, փաստացի ոլորտային արդյունքների, ռազմավարությունների ընթացքի, վարչապետի հանձնարարականների կատարողականի, ինչպես նաև գերատեսչության առաջիկա անելիքների մասին:   Կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում՝ 2019թ. կատարվել է 56 միջոցառում, 2020թ. առաջին 4 ամսվա արդյունքով՝ 6 միջոցառում: 2019 թ. միջոցառումներն ուղղված են եղել գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) իրավական կարգավորումների սահմանմանը, միջազգային համագործակցության խորացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, գյուղատնտեսության աջակցությանը, 2020թ. առաջին 4 ամսվա ընթացքում՝ ԵԱՏՄ շրջանակում և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը, երրորդ երկրներից ՀՀ ներմուծման և արտահանման ընթացակարգերի սահմանմանը, ՊՄԳ վերաբերյալ տվյալների շտեմարանի ստեղծմանը և այլն: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ 2019թ. որոշ միջոցառումներ հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չեն կատարվել և կիրականացվեն 2020թ. միջոցառումների ծրագրին զուգահեռ: Գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 57 ծրագրի՝ 175 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն՝ 15 ծրագրի՝ 58.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում բարեկարգվել են Տաթևի վանք տանող ճանապարհը, «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհը, իրականացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման ճանաչողական միջոցառումներ: ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև համագործակցության ամրապնդման շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Սկսնակ գործարարներին աջակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել ծառայությունների և արտադրության ոլորտի 400-ից ավելի ներկայացուցիչների և 100-ից ավելի գործարարների համար: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվել է 49.4 մլրդ դրամի աջակցություն, գործարարների համար կազմակերպվել են երկու տասնյակից ավելի վեբինարներ, որոնք հասանելի են նաև առցանց: Զեկուցվել է նաև Ներդրումների աջակցման կենտրոնում ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում գտնող ծրագրերի մասին: Նախարարը նշել է, որ համավարակով պայմանավորված իրավիճակն արտացոլելու նպատակով լրամշակման փուլում են արդյունաբերության, ՓՄՁ, զբոսաշրջության և չափագիտության ռազմավարությունները: Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մեկնարկել է 23 միջոցառում, ընդունվել է գործարար միջավայրի բարելավման ռազմավարությունը: Առաջիկա անելիքների առումով իրականացվելու են գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, արդյունաբերության զարգացման, ՓՄՁ խթանման, գյուղատնտեսության աջակցության և արդիականացման շարունակական միջոցառումներ:Նախարարի զեկուցումից հետո Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է առաջնահերթ ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքով և որակով: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան, մասնավորապես,  զեկուցվել է, որ    - պետություն-մասնավոր գործընկերության զարգացման  նպատակով մշակվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգերը սահմանող իրավական կարգավորումներ, որոնք նախատեսվում է կիրառել թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի կողմից նախաձեռնությունների ներկայացման դեպքում: Վարչապետին ներկայացվել են ՊՄԳ կազմակերպման հիմնական սկզբունքները, նշվել է, որ նախագիծը կառավարությունում քննարկման փուլում է: - Doing Business-ի բարելավման աշխատանքների շրջանակում ամփոփվել են ըստ պատասխանատու գերատեսչությունների կատարված միջոցառումները, ակնկալվում է որոշ ուղղություններով Հայաստանի դիրքերի բարելավում: - Էկոնոմիկայի նախարարության վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ առաջարկներ են մշակվել՝ անհրաժեշտ գործիքակազմի ձևավորման, համապատասխան մասնագետների ներգրավման և տեղեկատվության հասանելիության օրենսդրական կարգավորումների բարելավման վերաբերյալ: Նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն ունենալ համապատասխան մոդել: Վարչապետը հետաքրքրվել է գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացման ընթացքով: Նախարարը զեկուցել է, որ աշխատանքները տարվում են գործող աջակցության ծրագրերի լավարկման, հարկային կարգավորումների բարելավման, հողային ռեֆորմի իրականացման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրի իրականացման և պարտադիր սպանդանոցային մորթի իրականացման համակարգի գործարկման ուղղություններով: Նշվել է, որ գյուղոլորտի պետական աջակցության շրջանակում իրականացվում է 12 ծրագիր, այդ թվում՝ գյուղոլորտին և ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում՝ 60 մլրդ դրամ, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցություն՝ ավելի քան 5 մլրդ դրամ: Ներկայացվել է նաև ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի ներդրման միջոցառումների ընթացքը: Վարչապետը կարևորել է գյուղոլորտի պետական աջակցության արդյունավետ իրականացումը և հանձնարարել ձեռնարկել առավել դանդաղ տեմպով իրականացվող միջոցառումները խթանող քայլեր: Հողային ռեֆորմի մասով նշվել է, որ նախատեսվում է այն սկսել Արմավիրի և Արարատի մարզերից: Միջոցառումներն արդեն մեկնարկել են, իրականացվում են ֆերմերային տնտեսությունների հետ համատեղ: Նախարարի խոսքով՝ համավարակային իրավիճակի որոշակի կարգավորումը կնպաստի մինչև տարեվերջ չափելի արդյունքների արձանագրմանը: Վարչապետին զեկուցվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ծրագրում սահմանված են գործընթացի ուղղություններն ու քայլերը: Պատասխանատուների վստահեցմամբ՝ կառավարության  հաստատումից հետո այն հնարավոր կլինի սկսել, նախատեսվում է զուգահեռ կազմակերպել նաև շահառուների լայն իրազեկման գործընթաց:  Այս համատեքստում ներկայացվել են նաև ոչխարաբուծության, տոհմային անասնաբուծության ծրագրերի իրականացման ընթացքը, սպանդանոցների կառուցման աշխատանքները: Գյուղոլորտի հարկային կարգավորումների բարելավման հարցի առնչությամբ նախարարը նշել է, որ դրա նպատակը հարկային ռեժիմների ներդաշնակեցման, լավարկման ճանապարհով փոքր ֆերմերային տնտեսություններին աջակցությունն է և տեղական արտադրության խթանումը: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նշվել է, որ այս տարվա հուլիսին կներկայացվի կոնկրետ առաջարկների փաթեթ: Անդրադարձ է եղել նաև հանձնարարականների կատարողականին: Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարության 2019թ. գործունեությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատանքներին տեմպ և արդյունավետություն հաղորդելու կարիք կա: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ:  
18:18 - 03 հունիսի, 2020
ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար․ նախարար

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար․ նախարար

Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետեւանքների մեղմացման միջոցների միայն երրորդ ծրագրում ընդգրկված է 800 շահառու, որոնցից 270 ընկերություններ ներկայացնում են զբոսաշրջության  ոլորտը։ «Դրանք հյուրանոցային համալիրներ են ու հասարակական սննդի կետեր, եւ գիդեր։ Պետական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,7 մլրդ դրամ։ Առաջին ծրագրի շրջանակներում բաշխվել է 800 մլն դրամ։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ կառավարությանը հաջողվել է նաեւ զբոսաշրջության ոլորտում աշխատող ձեռնարկություններին ապահովել մոտ 1,5 մլրդ դրամի արտոնյալ վարկերով»,- նշեց նախարարը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Ֆինասների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ փնտրվում են նոր լուծումներ, որոնց մասին լրացուցիչ կհայտարարվի։ Խաչատրյանը կրկին արձանագրեց, որ պետական աջակցությունից կարող են օգտվել լավ վարկային պատմություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաեւ բարեխիղճ հարկատուները։ Միաժամանակ, նախարարը հերթական անգամ մերժեց հարկային արտոնությունների կիրառման հնարավորությունը։
20:20 - 27 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկեց Հայաստանի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am:  Խորհրդարանը քննարկեց կառվարության կողմից ներկայացված արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը, 2015-ի անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել է արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտում էր 2020 թվականի հունվարի 1-ին: «Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը ևս 1 տարով երկարացվեն՝ բացառություն սահմանելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում»,-ասաց Սիմոնյանը: Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնն, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված  ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը և այլ յուղերը, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը: Այս արձանագրության վավերացումը թույլ կտա ՀՀ տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, նախնական համեստ հաշվարկներով խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի  հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
17:11 - 26 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԵԱՏՄ-ի շրջանակում արձանագրություն վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Տնտեսական միության շրջանակում ևս մեկ տարով մաքսային արտոնություն է տրվում Ղրղզստանի Հանրապետությանը:   Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել արձանագրությունը: Արձանագրությամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ: Ղրղզստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ այդ թվում միանալով ԵԱՏՄ գործող մաքսատուրքերին: Սակայն, հաշվի առնելով, որ մաքսատուրքերի միացումը կբերեր որոշակի ապրանքների թանկացմանը, վերջինիս տրվել է առավելություն՝ 5 տարի ժամանակահատվածով կիրառել արտոնյալ մաքսային դրույքաչափեր այն ապրանքների նկատմամբ, որոնք կսպառվեն Ղրղզստանում: Խոսքը մոտ 221 ապրանքատեսակների մասին է, որոնցից 82-ը վերաբերում են 87 ապրանքային խմբում դասվող տրանսպորտային միջոցներին: 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց Ղրղզստանի համար այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբին դասվող տրասպորտային միջոցների»,-ասաց փոխնախարարը: Այսպիսով, Ղրղզստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում ևս մեկ տարի ունենալ արտոնյալ մաքսատուրքեր՝ որոշ ապրանքատեսակների մասով: Այդ իրավակարգավորումը Ղրղզստանի համար կգործի հետադարձ ուժով՝ 2020 թվականի հունվարի 1-ից սկսած:
16:30 - 26 մայիսի, 2020