ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն է։ Կուսակցության ԳՄ քարտուղարն այժմ Գոռ Հակոբյանն է։

ՔՈ-ն մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն էր։

Կուսակցությունն ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 3 775 ձայն (0.3%):

Հոկտեմբերի 19-ին մեր վիճակը ծանր էր, ծանր էր նաև թշնամու վիճակը, և պատերազմի ելքը դեռ որոշված չէր․ Սուրեն Սահակյան

Հոկտեմբերի 19-ին մեր վիճակը ծանր էր, ծանր էր նաև թշնամու վիճակը, և պատերազմի ելքը դեռ որոշված չէր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ երկրորդ ու վերջին հանդիպումը (հոկտեմբերի 19-ին) քննարկման լայն թեմա է դարձել։ Ըստ էության, փակ հանդիպման նույնիսկ ամենավերջին մանրամասները դուրս սպրդեցին։ Ընդ որում, մասնակիցներից ամեն մեկն ի՛ր ընկլամամբ մատուցեց եղելությունը։ Բանը հասավ նրան, որ պատերազմում պարտության պատճառները վեր հանող վերլուծաբանները հաճախ հիմնվում են այդ հանդիպման մասին մամուլում հրապարակված ոչ այնքան ճիշտ մեկնաբանություններին։ Մինչդեռ թե՛ մասնակիցները, թե՛ այդ հանդիպման մասին կադրերը վկայում են, որ ես համարյա սղագրում էի թե՛ վարչապետի հայտնած տեղեկություններից կարևորները, թե՛ իմ հարցերն ու խոսքը։ Ըստ այդմ, պարտավորված եմ զգում պատմել եղելությունը, որպեսզի պատմության ու վերլուծությունների համար հանրային դաշտում լինեն ոչ միայն այդ հանդիպման մասին առանձին մարդկանց ընկալումները, այլև իրականությունը։ Նախ, հանդիպումը տևել է ընդամենը մեկ ժամ, ինչը բավականին կարճ ժամանակ է, եթե հաշվենք, որ բացի պաշտոնական կողմն այնտեղ ներկայացված էին 9 կուսակցություններ, որոնցից ամեն մեկն իր ասելիքն ու հարցերն ուներ։ Վարչապետը սկսեց նրանից, որ առավոտյան Արցախի նախագահից նամակ է ստացել, որտեղ ասվում է, թե Արցախը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադարձնել 7-ից 5 շրջանները և նստել բանակցելու հայրենիքի մյուս հատվածների մասին (Լավրովի պլան)։ Ասվեց, որ դրա հետ իրենց համաձայնությունն են հայտնել Արցախի երկրորդ և երրորդ նախագահները, Հայաստանի առաջին և երրորդ նախագահները (Ռ․Քոչարյանի կարծիքի մասին, անկեղծ ասած չեմ հիշում, որ խոսք գնացած լինի, ինչը չի բացառում, որ ուղղակի ես չեմ արձանագրել)։ Ներկաներին տեղյակ պահվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ այդ թեմայով խոսակցության մասին։ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՌԴ նախագահին հարցրել է, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է պատկերացնում Ռուսաստանը։ Ըստ Փաշինյանի, Պուտինը պատասխանել է, որ լուծումը «Լավրովի պլանն է»՝ վերդարձվում են 5 շրջանները, սկսում են բանակցությունները մնացած 2 շրջանների վերադարձի ժամկետների և պայմանների մասին, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային։ Հատուկ շեշտվեց, որ Փաշինյանը ոչ համաձայնել է, ոչ էլ մերժել այդ առաջարկը, այլ հարց է բարձրացրել՝ «եթե ասենք այո, Ռուսաստանը կարո՞ղ է ապահովել պատերազմի դադարեցումը»։ Պատասխանը եղել է այն, որ ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ այդ ծրագիրը իրականություն դառնա, սակայն չունի նախկին այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին համոզմունք հայտնել, որ այդպես էլ կլինի»։ Այնուհետև Ն․ Փաշինյանը հարցրել է․ «Եթե հայկական կողմը այդ ծրագրին իր հավանությունը չտա, դա կարո՞ղ է ռուսական կողմից ընկալվել որպես ապակառուցողական մոտեցում և վիրավորանք ՌԴ միջնորդական ջանքերին»։ Պուտինը, ըստ Փաշինյանի, պատասխանել է․ «Իհարկե՝ ոչ»։ Ինչպես հետագայում պարզվեց, ՌԴ նախագահի հետ այդ խոսակցությունը շարունակվելու էր նկարագրված հանդիպումից անմիջապես հետո՝ ժամը 20։00-ին։ Առաջ անցնելով ասեմ, որ Ադրբեջանը մերժել էր այդ առաջարկը և պատերազը շարունակվեց։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր շարունկում են պնդել, թե հայկական կողմը թղթերը ստորագրելով ամեն պահի կարող էր կանգնեցնել պատերազմը։ Հաջորդ դրվագը, որ ներկայացվեց ներկաներին, այն էր, որ հայկական կողմի խնդրանքով հոկտեմբերի 19-ի կեսօրի դրությամբ ռուս սահմանափահները տեղակայվել են Հայաստանի սահմաններին Մեղրիից մինչև Վարդենիս՝ արևելյան ուղղությամբ և Նախիջևանի սահմանով՝ արևմտյան ուղղությամբ։ Հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, ռուսական կողմից հավաստիացրել են, թե այդ զինվորների ուղղությամբ ցանկացած հարված կարող է ընկալվել որպես Ռուսաստանին հայտարարված պատերազմ։ Մասնակիցների կողմից բարձրացված հարցերից ինձ համար արձանագրել եմ ՀՅԴ ներկայացուցչի հարցը, թե այդ պայմաններով փաստաթուղթ ստորագրելը, ըստ էության, նշանակում է կապիտուլյացիա և մի՞թե այլ տարբերակ չկա։ Վարչապետը համաձայնեց կապիտուլյացիայի մասին կարծիքին (հոկտեմբերի 19-ի դրությամբ այդպիսի պայմաններով պատերազմը դադարեցնելն, իրոք, ծանր ու նվաստացուցիչ կապիտուլյացիա էր ընկալվում), միաժամանակ, ի պատասխան, որպես խոչընդոտ և խնդիրներից ամենամեծը ներկայացրեց անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայությունը։Առաջ անցնելով ասեմ, որ դրանից բառացիորեն ժամեր անց ՊՆ-ը հաղորդագրություն տարածեց, որ խոցել է թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ, ինչից հետո նման լուրերը պարբերական դարձան (ըստ էության, հարցը կարելի էր լուծված համարել)։ Խոսվեց նաև այն մասին, որ ըստ Արցախի ռազմական ղեկավարության, հայկական կողմին հաջողվել է խոցել ադրբեջանական բանակի ծանր սպառազինության և օդուժի 80 տոկոսը և ռազմաճակատում վատ վիճակը ոչ միայն մեզ մոտ է, այլ նաև թշնամու մոտ։ Անդրադառնամ իմ հարցերին ու խոսքին, ինչի մասին նույնպես հրապարակային խոսվել է և կարծիք ձևավորվել։ Ես սկսեցի նրանից, որ վարչապետին հիշեցրի ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքի մասին, թե «Եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու։ Եթե մեր մտքում ու հոգում մեզ պարտված համարենք, ապա ռազմի դաշտում պարտվելն ընդամենը ժամանակի հարց է»։ Հարցրեցի՝ ձե՞ր խոսքերն են։ Վարչապետը գլխով հավանության նշան արեց։ Կարծիք հայտնեցի, որ չի կարելի մտքում և հոգում պարտվել (էդ դեպքում իրական պարտությունը այլընտրանք չի ունենա)։ Այնուհետև հարցրել եմ, թե ի՞նչ ա նշանակում ԱԹՍ-ների դեմ արդյունավետ պայքարի միջոց չունենք՝ չէ՞ որ դրանց դեմ արդյունավետ պայքարում են Սիրիայում և Լիբիայում, ու երբեմն էլ հաղթանակներ տոնում։ Հետևաբար, ի՞նչ խնդիր է՝ քաղաքակա՞ն է (մեզ պատշաճ ու բավարար զենք չե՞ն վաճառում), թե՞ փողի խնդիր է։ Հարցերից հետո, ելնելով տեղում քննարկման բովանդակությունից, անձնական որոշակի դիրքորոշումներ եմ հայտնել։ Առաջինը խոսեցի ԱԹՍ-ների դեմ պայքարի արդյունավետության բացակայության պայմաններում հնարավոր պարտության մասին։ Կարծիքս հայտնեցի, որ գուցե պետք է կյանքի կոչել 1989թ դեկտեմբերի 1-ի միացման որոշումը ու շարունակել կռվել այն մտքով, որ ինչը կորցնենք, պահպանենք դրա նկատմամբ միջազգային իրավունքները, որպեսզի պարտության դեպքում չստացվի, թե հայկական կողմը ագրեսոր էր և ադրբեջանական կողմը, իրոք, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը (ԼՂԻՄ տարածքը երբեք ադրբեջանական չի եղել)։ Առաջին հանդիպման ժամանակ խոսել էի ԱՀ անկախության իրավունքի ճանաչման մասին, բայց սա լրիվ ուրիշ պատմություն է։ Հայտնածս հաջորդ դիրքորոշումն այն է, որ պարտությունը ոչ միայն Արցախի կորուստ է, այլև Հայաստանի տնտեսական ու սոցիալական խորը ճգնաժամ և քաղաքական մեծ ցնցումներ, որոնցից Հայաստանը կարող տասնամյակներով խելքի չգալ։ Դրա համար առաջարկել եմ մտածել միայն հաղթանակի մասին։ Վերջում կարծիք եմ հայտնել, որ պատմություն ցույց է տվել՝ այնտեղ, որտեղ ռուսական խաղաղապահներ են եղել, հետագայում չի հաջողվել խուսափել պատերազմից և առաջարկել եմ խաղաղապահների առկայությունը չդիտարկել որպես խաղաղության վերջնական երաշխիք։ Ըստ էության, սրանով ավարտվել է հանդիպումը, եթե չհաշվենք, որ«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը ուզում էր խոսք ասել, բայց վարչապեն արդեն շտապում էր հեռախոսազրույցի։ Եթե այսքանից հետո դեռ պահպանվի կարծիքը, թե այդ հանդիպման ընթացքում խոսք է գնացել Հայաստանի ծանրագույն վիճակի, պարտության պայմաններում տեղի ունեցած հանդիպման մասին, ուրեմն ես ինչ-որ կարևոր բան սխալ եմ հասկանում։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ մեր վիճակը ծանր էր, բայց ծան էր նաև թշնամու վիճակը և պատերազմի ելքը դեռ որոշված չէր»։
15:28 - 07 դեկտեմբերի, 2020
ՔՈ-ն ներքաղաքական դաշտում ձևավորված երկու հակադիր կողմերին առաջարկում է իրենց ամենասկզբունքային դիրքերից մեկ քայլ նահանջել և հանրությանը չտանել անխուսափելի արյունալի բախման

ՔՈ-ն ներքաղաքական դաշտում ձևավորված երկու հակադիր կողմերին առաջարկում է իրենց ամենասկզբունքային դիրքերից մեկ քայլ նահանջել և հանրությանը չտանել անխուսափելի արյունալի բախման

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Պետք է փաստել, որ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը ի վիճակի չեղավ դիմակայել սեպտեմբերի 27-ին սկիզբ առած Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և ադրբեջանական բանակի համատեղ հարձակմանը։ Թե ինչպես դա տեղի ունեցավ, կպարզի ապագայում ձևավորվելիք հետաքննող մարմինը` պատասխանատվության կանչելով մեղավորներին։ Սրան մենք հետամուտ կլինենք։ Հրադադարի մասին նոյեմբերի 10-ին եռակողմ տարածած հայտարարությունը եկավ փաստելու այդ իրականությունը։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ հայտարարությամբ սկսած գործողությունների իրավազորությունը միջազգային իրավունքի տեսանկյունից որոշակի հարցեր է առաջացնում, նույնիսկ այն դեպքում, երբ միջազգային իրավունքի նորմերի պաշտպանելուն միտված միջազգային կառույցներն ու առանցքային պետությունները ողջունել են նման համաձայնությունն ու դրանից բխող գործողությունները։ Համաձայնությունը, որ կայացել է կողմերի միջև, մեծացրել է նոր պատերազմի հավանականությունը ավելի, քան այն կարելի էր պատկերացնել պատերազմից առաջ։ Իրավիճակը դուրս է եկել ԵԱՀԿ կարգավորման շրջանակից, մինչդեռ հենց ԵԱՀԿ անդամ երկրներին էր տրված հակամարտությունը հանգուցալուծելու միջազգային մանդատը։ Շարունակում են օկուպացված մնալ Արցախի Հանրապետության նույնիսկ այն տարածքները, որոնք իրենց պատմության ողջ ընթացքում հայկական են եղել։ Պետական ու քաղաքական շրջանակների հետ մեր շփումների արդյունքում գտնում ենք, որ այդ շրջանակները չունեն ստեղծված ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու հիմնավոր պատկերացումներ։ Հանրության քաղաքական առաջնորդության այս ձախողումը իրական սպառնալիք է ստեղծում, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից և կսկսվեն զինված բախումներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող դրականորեն ազդել ո՛չ Արցախի շուրջ ծավալվող գործընթացի, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական կյանքի ու ապագայի վրա։ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներքաղաքական դաշտում ձևավորված երկու հակադիր կողմերին առաջարկում է իրենց ամենասկզբունքային դիրքերից մեկ քայլ նահանջել և հանրությանը չտանել նման զարգացումների բերումով անխուսափելի արյունալի բախման։ Մեր արյունը արդեն բավական հեղվել է։ Կողմերի նման պատրաստակամության դեպքում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը կարող է իր ուժերի առավելագույնն ի սպաս դնել միջնորդական հանձնառությանը։ Բախումից ոչ մի կողմ չի շահելու, իսկ տուժելու է հայ ժողովուրդը Արցախում և Հայաստանում։ Դեռևս կա հնարավորություն սահմանադրականության սկզբունքով գտնել խնդրի հանգուցալուծմը։ Ժամանակն է վերաիմաստավորելու մեր գոյությունը և որդեգրելու իրական արժեքներ որպիսին են արդարությունը, անկախությունն ու համերաշխությունը։ Մեր կարճաժամկետ ապագա պատմությունը պետք է իմաստավորվի անդուլ աշխատանքով՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, նրա յուրաքանչյուր քաղաքացու և մարդկանց, որոնց սիրտը ցավում է ավելի լավ Հայաստանի և ավելի լավ աշխարհի համար»։
01:40 - 16 նոյեմբերի, 2020
Որպես քաղաքացի այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ պատկերացնում․ Սուրեն Սահակյան |lragir.am|

Որպես քաղաքացի այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ պատկերացնում․ Սուրեն Սահակյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի հետ։ Պարոն Սահակյան, 17 կուսակցություն պահանջում է վարչապետի հրաժարականը, ԱԺ արտահերթ նիստ։ Ստեղծված իրավիճակին Ձեր գնահատականը։ Ի՞նչ լուծում եք Դուք տեսնում։ Մենք տագնապալի օրեր ենք ապրում, երբ լավագույն լուծումը միավորվել ու ելքեր փնտրելն է։ 17 ուժերի հռչակած նպատակներն ինձ որոշ չափով հասկանալի են։ Դրանք ավելի հասկանալի կլինեին, եթե հնչեր առաջարկ, թե որոնք են լինելու վարչապետի հրաժարականից հետո իրականացվող քայլերը և համոզիչ փաստարկներ հնչեին, թե ստեղծված իրավիճակում ինչպես են բարելավվելու հայկական կողմի բանակցային դիրքերը։ Մեր նախաձեռնությամբ որոշակի կոնտակտներ եղել են, սակայն ցավոք, նման քայլերի մասին տեղեկատվություն չենք ստացել։ Միաժամանակ, կառավարող ուժը, որպես պատերազմում պարտություն արձանագրող ուժ, առաջինը պետք է շահագրգռված լիներ ապահովել այն կապուղիները, որ հնարավորություն կտային միասնական քննարկումների միջոցով լուծում գտնել։Ձերբակալություններն ու անվստահությունը հնարավոր վատագույն սցենարներից էր։ Դրանից մի փոքր ավելի վատ սցենար էլ հեղաշրջման փորձն էր, իսկ ամենավատ սցենարը՝ քաղաքացիական պատերազմը։ 17 ուժերի պահանջը շատ քաղաքացիների հոգում կարող է արձագանք գտնել, որ այս կամ այն կերպ արտահայտվում է, սակայն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ այս պայմաններում կա քաղաքացիների բավականին մեծ շերտ, որ դեռևս սատարում է կառավարող ուժին։ Խնդրանքս ու կոչս է, որ կողմերը ամենասկզբունքային դիրքերից մի քայլ նահանջեն, միավորվեն՝ լուծումներ գտնելու ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Գրառում էիք արել, որ Շուշին չի ընկել, չի պարտվել, այն հանձնվել է։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։ Ակնարկում եք, որ դավաճանությո՞ւն է եղել։ Պետական դավաճանությունը շատ ծանր մեղադրանք է, թերևս մեղադրանքներից ամենածանրը։ Այդպիսի մեղադրանք առաջադրելու համար պետք է տիրապետել ամբողջական ինֆորմացիային։ Ես վստահ եմ, որ ապագայում այդ գնահատականը տրվելու է։ Ժողովուրդը, արցունքն աչքերին Շուշին թողնող զինվորները, զոհվածների հարազատները իրավունք ունեն իմանալ՝ ինչ պայմաններում է տեղի ունեցել Շուշիի հանձնումը։ Ինձ հայտնի է, որ անկման նախորդ օրը նախօրեին Շուշի մտած դիվերսիոն մեծ խումբը ջախջախվել է։ Այնուհետև եղել է նահանջի հրաման։ Սա մեծ գաղտնիք չէ։ Հայաստանը շատ փոքր երկիր է նման բաներ կոծկելու համար։ Այնտեղ հազարավոր մարդիկ են եղել, զինվորներ։ Եթե լավ փնտրենք, մեզնից յուրաքանչյուր երրորդն էնտեղ հարազատ ունեցած կլինի։ Շուշիի գրավումը, կռվելու դեպքում, գործնականում անհնար է։ Կողմնակի՞ց եք արտահերթ ընտրական գործընթացներին։ Նիկոլ Փաշինյանը 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո հայտնել է իր կարծիքը, որ պատերազմում պարտված հրամանատարը պետք է հրաժարական տա։ Ես համաձայն եմ իր այդ կարծիքի հետ։ Սակայն, անկեղծ ասած, այս պահին ես արտահերթ ընտրական գործընթացներ չեմ  պատկերացնում։ Սա բացառապես իմ, որպես մի քաղաքացու, կարծիքն է։ Ընտրական գործընթացները նրա մասին են, որ ժողովրդի համար առավելագույնս հարմար պայմաններ ստեղծվեն, որտեղ ինքը կուսումնասիրի առաջարկված ծրագրերը և գիտակցված, գաղափարական ընտրություն կկատարի։ Այս պահին ես դա լավ չեմ պատկերացնում։ Այս պահին ընտրությունը բացառապես էմոցիաների վրա կլինի, իսկ մենք հերթական անգամ սխալվելու ռեսուրս չունենք։ Շարունակությունը՝ lragir.am-ում
14:23 - 12 նոյեմբերի, 2020
ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել, իսկ այդ իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում․ Միքայել Նահապետյան

ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել, իսկ այդ իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում․ Միքայել Նահապետյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները վաղը՝ հոկտեմբերի 29-ին, հանդիպելու են Ժնեւում՝ քննարկելու արցախյան հակամարտության կարգավորման հարցը։ Համանախագահների համատեղ հայտարարությունում նշված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամանակացույցին համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար, որոնք կբերեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքներին համապատասխան: Այս ժամանակցույց ասվածը, ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի, կարող է վերաբերել մի շարք հարցերի, այդ թվում՝ երբ է հաստատվում հումանիտար հրադադար, երբ է հաստատվում հիմնական հրադադար, ինչ ժամկետներում են կրառվում վերիֆիկացիոն մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարզել՝ ագրեսիան ով է սանձազերծում եւ այլն։ Նրա խոսքով՝ համանախագահ երկրներն, ըստ էության, ընդունել են, որ ադրբեջանական կողմն է սանձազերծել ագրեսիան, եւ դա արել են ի հեճուկս այն բանի, որ Ադրբեջանը տորպեդահարել է 2016-ին ձեռք բերված՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն ու թույլ չի տվել, որ նաեւ իր համար ընդունելի ներկայությամբ դա պարզվի։  Ժնեւում տեղի ունենալիք հանդիպման ու բանակցություններում հայկական կողմի ասելիքի մասին զրուցել ենք Միքայել Նահապետյանի հետ - Պարո՛ն Նահապետյան, համանախագահների հաղորդագրության մեջ խոսվում է ժամանակացույցին համապատասխան քննարկման մասին։ Այս ժամանակացույցը ակնարկ է խնդրի լուծման փուլայի՞ն տարբերակի։ - Հիմա բանակցություններում ներգրավված երկու կողմերն էլ որոշակի ժամկետային ակնկալիքներ եւ պահանջներ ունեն։ Ինչ վերաբերում է հայկական կողմին՝ ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ մենք ակնկալում ենք հրադադարի, վերիֆիկացիոն մեխանիզմների ժամանակացույց, ակնկալում ենք սկբունքներ կամ ժամանակային որոշակի ընկալումներ, թե երբ է ի վերջո հստակեցվելու Արցախի կարգավիճակը։ Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ ինքն ակնկալում է զորքերի դուրսբերման ժամանակացույց։ Այս ամենը քննարկման առարկա է, բայց եթե խոսում ենք փուլային տարբերակի մասին, ապա այս պահին առնվազն երկու փուլ է տեսանելի՝ բանակցային միջավայրի վերականգնման եւ բուն բանակցությունների։ Բուն բակացությունների փուլում կոնֆլիկտի հաղթահարման ինչպիսի՞ լուծումներ կորդեգրվեն, դրանք կլինեն մեկ հանդիպման ընթացքում այսպես կոչված փաթեթայի՞նը, թե՞ կլինեն փուլ առ փուլ՝ խոշոր հաշվով քննարկման հարց է, թեեւ թերահավատորեն եմ վերաբերում, որ այդպիսի փուլային կարգավորման՝ բուն առեւտրական բանակցությունների տարբերակը որեւէ կերպ կարող է արյդունավետ լինել կամ բխել հայկական երկու պետությունների միասնական շահերից։ - Ադրբեջանն այս մեկ ամսում երեք անգամ խախտեց հրադադարի պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ղեկավարների միջնորդությամբ։ Ալիեւն էլ բազմիցս հայտարարեց, որ գնալու է մինչեւ վերջ, Ադրբեջանի պատկերացնումներում էլ այդ վերջը, ինչպես արձանագրեց վարչապետ Փաշինյանը, Արցախի կապիտուլյացիան է։ Այս իրավիճակում, երբ Ադրբեջանն ըստ էության շարունակում է հրթիռահրետակոծութուններն ու հարձակումները, ի՞նչ իմաստ ունեն Ժնեւում տեղի ունենալիք բանակցությունները։ - Իմ ընկալմամբ՝ երբ Ադրբեջանը տապալում է համանախագահող երեք երկրների ջանքերը, դրան պետք է հետեւի պատժի մեխանիզմ։ Ինչպիսին դա կլինի՝ գործիքակազմը բազմազան է, ամենաէականն այն է, որ աշխարհի տարբեր բեւեռներ եւ տարբեր շահեր ներկայացնող համանախագահներն ունենան կոնսենսուս, որ այդպես լինել չի կարող։ Այդ կոնսենսուսի առկայության պարագայում պատժի հազարավոր մեխանիզմներ կան՝ սկսած նրանից, որ կարող են միակողմանիորեն ճանաչել Արցախի կարգավիճակը, վերջացրած, որ կարող են մեր զինված ուժերին այնպիսի աջակցություն ցուցաբերել, որը բեկում կմտցնի, եւ խոսքը զինված ներկայության մասին չէ, այլ, պայմանականորեն, տեղեկությունների տրամադրման մասին է։ - Կոնկրետ վաղը ի՞նչ պիտի քննարկի Հայաստանն այս հռետորաբանությունը որդեգրած Ադրբեջանի հետ։  - «Քաղաքացու որոշում» կուսակցության դիրքորոշումն էականորեն տարբերվում է այն մոտեցումներից, որոնք որդեգրված են բանակցային գործընթացում։ Նախ, մենք պնդում ենք, որ տարածքների հարցը պետք է առանձնացված լինի կարգավիճակի հարցից՝ այն նկատառմամբ, որ ԼՂ հայությունն իր կյանքն ինքնուրույն կազմակերպելու որոշում է կայացրել։ Այդ որոշումը կայացվել է գոյաբանական սպառնալիքի պայմաններում, երբ այդպիսի որոշում չկայացնելը ուղիղ նշանակելու էր ֆիզիկական գոյության ոչնչացում։ Աշխարհի ցանկացած պետություն իր անկախությունը հռչակել է որեւէ այնպիսի պայմաններում, երբ ինչ-որ մեկը դրա հետ համաձայն չի եղել, եւ հասել են անկախության։ Աշխարհի քաղաքական քարտեզի վրա բոլոր պետություններն ունեն խրթին պայմաններում անկախանալու ինչ-ինչ պատմություն, եւ նրանց այդ իրավունքը ճանաչվել է։ Ի՞նչ պիտի զիջի Արցախը կամ Հայաստանը, որպեսզի այդ իրավունքը ճանաչվի։ Բնական իրավունքը արդյոք միջազգային հանրությունը դարձնում է սակարկության եւ առեւտրի առարկա՞։ Երբ խոսվում է այլ պետությունների տարածքային ամբողջականության մասին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, նրանք ունեն իրավունք՝ իրենց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը պաշտպանելու, իրենք ի՞նչ են զիջում, որ այդ իրավունքը ճանաչվի, չէ՞ որ խոսքը բնական իրավունքի մասին է։ Հիմա տարածքներ կան կամ չկան, ենթադրենք՝ պատերազմն ավարտվել էր այնպես, որ վիճելի տարածքներ գոյություն չունեին, այդ իրավիճակում ի՞նչ էր լինելու, ի՞նչ պիտի զիջեինք, որ մեր իրավունքը ճանաչվեր։ Իրավունքն առեւտրով ձեռք չի բերվում, եւ ես կարծում եմ՝ դա բխում է հենց այն արժեքներից, որոնք սերմանում են միջազգային հարաբերությունների այդ դերակատարները։ Իրավունքները կամ լինում են կամ չեն լինում, դրանք սակարկության կամ առեւտրի առարկա չեն։ Եւ ճանաչման հարցը կապել տարածքների վերադարձի հետ՝ կտրականապես ոչ արժեքային, ոչ սկզբունքային մոտեցում է, չի համապատասխանում այդ պետությունների քարոզած արժեքներին։ Հայաստանն այս հարցերը պիտի պնդի։  Միջազգային անվտանգության եւ կայունության համար չարիք է վիճակը, երբ որեւէ կողմ ունի հստակ երաշխիքներ, որ եթե ինքը հարձակվի ու նույնիսկ կորցնի տարածքներ, տարածքային ամբողջականությունը պատճառ բերելով՝ այդ տարածքները հետ կստանա։ Սկզբունքը, որ հարձակվողը, անկախ տարածքային կորուստներից, պիտի հետ ստանա դրանք, դառնում է խրախուսանքի մեխանիզմ՝ այդ արարքը կրկնելու համար։ Աշխարհում ցանկացած հարաբերություններում երկու սուբյեկտի մեջ գոյություն ունեն պատժի եւ խրախուսանքի մեխանիզմներ, եթե արարքը չի պատժվում, ըստ էության, նշանակում է, որ խրախուսվում է։ Այս կոնֆլիկտը լուծելիս պետք է այնպես լուծել, որ հստակ արձանագրվի, թե պատժի ինչպիսի մեխանիզմ ներդրվեց իր ճակատագիրը տնօրինել փորձող ժողովրդի դեմ Ադրբեջանի՝ արդեն երրորդ ագրեսիայի համար, հակառակ դեպքում՝ կասկածելի է, որ այս տարածաշրջանում կայնություն կլինի, իսկ աշխարհի նոր կետերում կոնֆլիկտների ծագումն այդ փաստարկով չի բացառվում։ - Դուք Ձեր հրապարակումներից մեկում շեշտել եք՝ Հայաստանի՝ բանակցային հին տրամաբանությանը վերադառնալը ճակատագրական սխալ կլինի ներկա իրավիճակում եւ կհանգեցնի նոր պատերազմի։ Հիմա մեր բանակցային դիրքերն այնպիսին են, ինչպիսին այս մարտական գործողություններից առա՞ջ։ Եթե ամփոփ՝ մենք ի՞նչ թեզերով պիտի խոսենք բանակցություններում։  - Մենք բանակցային դիրքերի փոփոխություններ ենք ունեցել․ դրանք էական մասով դրական փոփոխություններ են, որոշ մասերում՝ բացասական։ Բացասականն այն է, որ մեր հանրության համար այս պահին ծանր է ասել՝ ինչքան պետք լինի՝ այդքան կպատերազմենք, հետեւաբար շուտափույթ խաղաղության հաստատման մեր հակումը մեծ է։ Այլ հարց է, որ Ալիեւն ու իր վարչակազմը թքած ունեն իրենց քաղաքացիների կյանքի ու ճակատագրի վրա ու հայտարարում են՝ ինչքան պետք լինի՝ կպատերազմեն։ Մեզ համար մեր քաղաքացիների կյանքը թանկ է, եւ դա մեր մեջ սերմանում է ձգտում՝ շուտափույթ խաղաղություն հաստատելու։ Բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւս հայտնել է, որ այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Հաշվի առնելով, որ մեր հակառակորդը ծայրահեղական ու մաքսիմալիստական ձգտումներով Ադրբեջանն է, սա կարելի է դիրքերի որոշակի վատթարացում համարել, բայց եթե մենք ապրեինք նորմալ աշխարհում եւ գոնե թշնամու հարցում մեր բախտը մի քիչ բերած լիներ, չեմ կարծում, թե շատ վատ է, երբ կողմերը ձգտում են շուտափույթ եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու։ Մյուս կողմից՝ աշխարհի տարբեր սուբյեկտներ էականորեն փոխել են իրենց մոտեցումն Արցախի կարգավիճակի մասով․ եթե առաջ կտրականապես կմերժեին կարգավիճակի ճանաչման որեւէ հեռանկար, այսօր դա այդպես չէ։ Մեր դիքրերը բարելավվել են, որ կողմերը հասակցել են, որ առանց պատժիչ մեխանիզմների՝ Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ քաղաքականություն է վարելու, անընդհատ խուսափելու է բանակցային գործընթացից, կողմերը հստակ հասկացել են այն վտանգները, որոնք կարող են լինել Թուրքիայի՝ այս տարածաշրջանում ապակայունարար գործառույթ իրականացնելու բերումով, եւ այլ շատ փաստարկներ, թե ինչու են մեր դիվանագիտական դիրքերը բարելավվել։ Սրանից կարելի է լավագույնս օգտվել՝ հաշվի առնելով, որ մենք չենք պատերազմում մի սուբյեկտի հետ, որը հակված է կանոններ պահելու, այլ որը բոլոր հնարավոր կանոնները խախտում է, բոլոր հնարավոր պայմանավորվածությունները ձախողում է եւ միշտ հակում ունի ապակայունացում մտցնելու։ Հետւաբար, նրա նկատմամբ պատժիչ մեխանիզմների ներդրումը հրամանայական է, եւ այս առումով մենք կարող ենք ունենալ առավել արմատական դիրքավորում։ - Իսկ այդ դիրքավորման ամրապնդման համար Հայաստանը պիտի՞ ճանաչի Արցախը կամ հստակ դնի միացման հարցը։ - Ըստ իս՝ չի կարելի առանց Արցախի կարգավիճակի առումով հստակություն մտցնելու՝ վերադառնալ բանակցությունների։ Ես գիտեմ, որ Հայաստանի կառավարող, դիվանագիտական շրջանակներում կան խոսակցություններ այս մասին, ե՛ի միացման, ե՛ւ ճանաչման տարբերակներն ունեն լավ փաստարկներ, ռիսկերի մասին եւս ուժեղ փաստարկներ կան, բայց, կարծում եմ, այս երկու տարբերակները մի կողմում ավելի լավ են, քան հին վիճակին վերադառնալը՝ մյուս կողմում։ Մենք պիտի կարողանանք դասեր քաղել մեր ոչ վաղ անցյալի պատմությունից, ինչն այն մասին է, որ երբ բանակցային սեղանին փաստարկ ես դնում, որ դու պատաստ ես տարածքային զիջումների, եւ Ադրբեջանը չի բերում հակադարձ պնդում, որ ինքն էլ պատրաստ է Արցախի՝ իրենից դուրս որեւէ կարգավիճակ հանդուրժելու, բանակցային գործընթացը հանգում է նոր պատերազմի։ Վարչապետն ուղիղ ասել է, որ այս պատերազմը հնարավոր կլիներ կանխել հինգ շրջանների՝ առանց որեւէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, առանց որեւէ նախապայմանի, երաշխիքի ու փոխադարձ ինչ-որ բան ստանալու։ Վերադարձ բանակցային սեղան՝ նույն այդ խոսքերով, հաջորդ պատերազմը սնելու ճանապարհն է։ Հայարփի Բաղդասարյան
19:34 - 28 հոկտեմբերի, 2020
Հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար․ Միքայել Նահապետյան 

Հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար․ Միքայել Նահապետյան 

Արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական այս գործողությունների ընթացքում ե՛ւ Արցախի Հանրապետության նախագահի, ե՛ւ ՀՀ վարչապետի մակարդակով հայտարարվել է՝ կանգնելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջնական հաղթանակ։ Այս ողջ ընթացքում քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, հայաստանցիներն ու արցախցիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը եւս կասկած անգամ չեն հայտնել այս առնչությամբ։ Ռազմական իմաստով հաղթանակն, ըստ էության, ձեւակերպում ու վերջնակետ ունի՝ չթողնել, որ հակառակորդը հասնի իր առջեւ դրված նպատակին՝ ընդհուպ ուղղակի ջախջախելով թշնամու բանակը, հնարավորության դեպքում տարածքային առաջխաղացում ունենալ։ Քաղաքական իմաստով, սակայն, հաղթանակի ձեւակերպումը կարծես դեռ ամորֆ է, ինչպես կարծում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։ Ըստ նրա՝ հաղթանակի վերջնական լուծումը պետք է բացառի պատերազմը՝ գալիք ժամանակների համար։  Infocom-ի հետ զրույցում Նահապետյանը նկատեց՝ մեր հիմնական խաղադրույքը պետք է դիվանագիտական լավ աշխատանքի զուգորդումը լինի արդեն տեղի ունեցած ռազմական հաջողություններին․ «Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարները իրենց կարմիր գծերը ներկայացրել են։ «Պլան մինիմումը» բոլորի դեպքում այն է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եւ ակնհայտ է , որ անկախությունից կամ Հայաստանի կազմում լինելուց բացի՝ ոչ մեկը դա չի տեսնում որեւէ այլ կարգավիճակով։ Սա արդեն համազգային քննարկումների հարց է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ քննարկումները լինելու են դժվար, եւ պիտի ներառեն արցախյան, հայաստանյան եւ սփյուռքի շրջանակները։  «Պետք է ծանրութեթեւ անելով հասկանալ՝ որ տարբերակն է լավագույնը, եւ 2 տարբերակներից մեկի վերաբերյալ տալ 1 դիրքորոշում, որի շուրջ էլ արդեն աշխարհում այլ քաղաքական դերակատարները իրենց դիրքորոշումը կհստակեցնեն․ մեկը դեմ կլինի, կփորձի ճնշում գործադրել, մյուսը կողմ կլինի՝ կճանաչի ու կաջակցի»։  Թե անձամբ Նահապետյանի համար որը կլինի հաղթանակի լավագույն տարբերակը՝ ՔՈ կուսակցության ներկայացուցիչն այսպես պատասխանեց․  «Ես՝ որպես մի հայ ու այս պայքարի ժառանգորդ, եւ մարդ, որը պարտավորություն ունի իր ուսերին գոյություն ունեցողից ավելի պակաս ոչինչ չժառանգել իր զավակներին ու հաջորդ սերնդին, միացումը համարում եմ իդեալական տարբերակ, բայց ես պատրաստ եմ հաշվի նստել նաեւ համակողմանի քննարկումների արդյունքում ձեւակերպված լուծման հետ»։ Անդրադառնալով Արցախի նախագահի ու ՀՀ վարչապետի մակարդակով միջազգային հանրությանն ուղղված այն հայտարարությանը, որ այսօր Արցախի սահմանին տեղի ունեցողը ոչ թե լոկալ, այլ գլոբալ անվտանգության խնդիր է՝ Նահապետյանը մեր զրույցում ասա, որ մի շարք փաստերով լիարժեքորեն արձանագրվում է , որ Թուրքիան այս կոնֆլիկտում ունենում է դեստրուկտիվ միջամտություն, որի ձեւերից մեկը մեր տարածաշրջան ահաբեկիչներ տեղափոխելն է․ «Սա արձանագրված է, սա Եվրոպական խորհորդարանում հնչած ելույթների հիմանական մասի կենտորնն է, եւ ես կարծում եմ, որ, այո՛, մեզ միասնաբար հաջողվել է այդ ուղերձը դարձնել քաղաքական խոսակցությունների թոփ վերնագիր»։ Այժմ, ըստ Միքայել Նահապետյանի, մենք պետք է աշխատենք մի քանի ուղղությամբ։ Առաջինը՝ Հայաստանը, Արցախի կարգավիճակի հարցում իր դիրքորոշումը հստակեցնելով, պետք է հնարավորություն տա միջազգային այն դերակատարներին, որոնք ուզում են մեզ առարկայական օգնություն ցույց տալ՝ այդ կարգավիճակը ճանաչելով։  «Երկրորդ ուղղությամբ մենք պետք է այս համատեքստում համագործակցենք այն պետությունների հետ, որոնց հետ մինչեւ հիմա, կարծես թե, առարկայական համագործակցություն չենք ունեցել, մասնավորապես աֆրիկյան պետությունները, Պոլինեզիայի պետությունները շատ հետաքրքիր հակվածություններ կարող են ունենալ հօգուտ մեզ։ Այս ֆորմատում պետք է օգտագործենք նաեւ ֆրանկոֆոնիայում մեր ունեցած դերակատարումը»,- ասաց Նահապետյանը՝ ընգծելով նաեւ աշխատանքը այն երկրների հետ, որոնք իրենք ճակատագիրը ընդհանրացնում են Ադրբեջանի ճակատագրի հետ (Վրաստան, Ուկրաինա եւ այլն)․ «Պետք է բացատրենք, որ Ղարաբաղի խնդիրը մի առանձին խնդիր է՝ առանձին պատմական անցյալով, եւ Ղարաբաղի վերաբերյալ բալանսավորված ու արդարացի մոտեցում ցուցաբերելը երբեք չի նշանակում իրենց խնդիրներին ու շահերին դեմ գնալ։ Մենք պետք է ոչ միայն դա համոզենք այդ երկերներին, այլ նաեւ այդ երկրների համար գրենք, մշակենք փաստարկներ, թե իրենք ինչ պիտի պատասխանեն Ադրբեջանին, երբ այդպիսի հարցեր լինեն»,- եզրափակեց ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միայել Նահապետյանը։  Սեդա Առաքելյան
13:39 - 09 հոկտեմբերի, 2020
Անհասկանալի է WarGonzo նախագծի հեղինակի ու «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի ներկայությունը առաջնագծում․ Սուրեն Սահակյան

Անհասկանալի է WarGonzo նախագծի հեղինակի ու «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակցի ներկայությունը առաջնագծում․ Սուրեն Սահակյան

ՔՈ ՍԴԿ Գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ գին ունի ինֆորմացիան պատերազմական պայմաններում։ Որպեսզի սրա մասին մոտավոր պատկերացումներ ունենանք, կարող ենք հետևել Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի մասին համառորեն շրջանառվող լուրերին, թե նա ձերբակալվել ա կամ գտնվում ա հետախուզման մեջ։ Ադրբեջանցիները, փորձելով բացատրություն գտնել իրենց ձախողված ռազմական արկածախնդրության համար, դրանում մեղադրում են ամենաբարձրաստիճան զինվորականներին, որոնք հարձակման մասին իբր ինֆորմացիա են տրամադրել ռուսական կողմին, որոնք էլ, իբր, այն փոխանցել են հայերին։ Որտեղից ա թշնամին հարձակվելու, ինչ սպառազինություն ունի, զորքերն ինչպես ու որտեղ են տեղակայված, ինչ մարտավարություն են որդեգրել, բարոյա-հոգեբանական ինչ վիճակ ա հակառակորդի զորքում, ինչ ազդեցություն ա ունենում թշնամու հրետակոծությունները թիկունքի ու ճակատի վրա․ Սրանք կարևոր տեղեկություններ են, որոնց տիրապետումը թույլ կտա խուսափել ավելորդ զոհերից և հեշտությամբ հաղթել։ Հետևաբար, նման ինֆորմացիան անգին ա։ Պետություններն այն ստանալու համար հետախուզական ծառայություններ են ստեղծում, մշտապես ինֆորմացիա հավաքում, վերլուծում։ Էս ֆոնին ինձ, նվազագույնը, անհասկանալի ա մնում «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի ու «Կոմսոմոլսկայա պրավդա» թղթակից Ալեքսանդր Կոցի (և, կարծես, ոչ միայն նրանց) ներկայությունը ոչ թե Արցախում, այլև հենց առաջնագծում, պատերազմի բովում։ Հիշեցնեմ, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության, հենց Կոցի արած ուղիղ հեռարձակումից հետո ա թիրախավորվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Բայց հարցը նույնիսկ էդ միջադեպը չի, որը կարող էր անզգուշության հետևանք լինել և որը, բարեբախտաբար, զոհերի չհանգեցրեց։ Հարցն էն ա, որ նրանց լրագրողական գործունեություն թույլ ա տալիս փաստագրությամբ զբաղվել, որ վաղը կարող ա մեր դեմ օգտագործվել։ Ես դեռ մի կողմ եմ դնում նրանց քաղաքացիությունը և ռուսական կողմի բնական հետաքրքրությունը կոնֆլիկտի ու, ընդհանրապես, տարածաշրջանի նկատմամբ։ Ես դեռ մի կողմ եմ դնում փաստը, որ Ռուսաստանն իր շահերի սպասարկման նպատակով բնականաբար զբաղվում ա հավաքագրված ինֆորմացիան անհրաժեշտ կողմի հետ կիսելու պրակտիկայով։ Ես նույնիսկ չեմ դիտարկում, որ էս պահին մեր ու Ռուսաստանի կենսական շահերը, կարծես, համընկնում են, իսկ վաղը կարող ա և չհամընկնեն։ Էդ մարդիկ անհատներ են, որոնց ձեռքերում կուտակվում ա թեկուզ չմշակված ու պատշաճ վերլուծված, բայց շատ կարևոր ինֆոմացիա։ Անհնա՞ր ա, որ ինչ-որ ժամանակ, որոշակի պայմաններում էդ ինֆորմացիային հասանելիություն ունենալու համար նրանց առաջարկ արվի, որը մերժելը դժվար կլինի։ Կարծում եմ՝ չէ։ WarGonzo-ն, ընդհանրապես, կոմերցիալ պրոյեկտ ա։ Այն հենց փող աշխատելու միջոց ա՝ նրանք հավաքագրված ինֆորմացիան վաճառում են լրատվական և այլ ռեսուրսներին։ Նրանց գործունեությունն էնքան ակնհայտ ա, որ վստահ եմ՝ պատկան մարմինները ուշադրության կենտրոնում են պահում հարցը։ Էն, որ նրանք շարունակում են իրենց գործունեությունը, հուշում ա, որ մեր պատկան մարմինները դրանում վտանգ չեն տեսնում։ Գուցե։ Ուղղակի ինձ անհասկանալի ա դա։ Ինձ անհասկանալի ա նաև մեր խորհրդականներից ոմանց (անուններ չտամ, որովհետև երևույթի մասին ա խոսքը), ակնհայտ հիացմունքը գոնե Պեգովի նկատմամբ ու նրա նյութերը տարածելու, լեգիտիմացնելու պրակտիկան։ Մեծ հույս ունեմ, որ իմ մտավախությունները գոյություն ունենալու քիչ հիմքեր ունեն»։
12:24 - 09 հոկտեմբերի, 2020
Ինքնորոշված սուբյեկտի դեմ երեք անգամ պատերազմ սանձազերծած կողմի տարածքային ամբողջականության իրավունքի հարգումը խրախուսանք է՝ դա անելու չորրորդ անգամ․ ՔՈ

Ինքնորոշված սուբյեկտի դեմ երեք անգամ պատերազմ սանձազերծած կողմի տարածքային ամբողջականության իրավունքի հարգումը խրախուսանք է՝ դա անելու չորրորդ անգամ․ ՔՈ

Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած ագրեսիան իր բնույթով ամենախոշորն ու ամենականխատեսելին էր 1994-ից ի վեր։ Տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա համարելով և այն դնելով Արցախի հարցի կարգավորման հիմքում՝ միջազգային հանրությունը Ադրբեջանին առիթ և հնարավորություն է տալիս անընդհատ զենքի կիրառմանը դիմելու համար։ Բանակցությունների գործընթացը մեծ ու փոքր ագրեսիայի ակտերով փոխարինելու գործելաոճը պարբերական բնույթ է կրել գործընթացի ամբողջ ընթացքում։ 26 տարի շարունակ զոհեր ենք ունեցել թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զինվորների շրջանում։ Դրա պատճառով Հայաստանն ու Արցախը կրել են նյութական մեծ վնաս։ 1992թ.-ի հունվարի 30-ին Հայաստանը և Ադրբեջանը, անդամակցելով ԵԱՀԽ-ին (ԵԱՀԿ), պարտավորություն են ստանձնել հարցը լուծել բացառապես խաղաղ բանակցություններով։ Առաջին իսկ հնարավորության դեպքում՝ 1992թ.-ի փետրվարից Ադրբեջանը ձեռնարկել է իր առաջին լայնածավալ ռազմական գործողությունը՝ խախտելով ստանձնած պարտավորությունը։ Այդ ագրեսիային դիմակայելու արդյունքում ձևավորվել են Արցախի ներկայիս սահմանները։ Ադրբեջանը, պարտվելով իր իսկ սանձազերծած պատերազմում, 2016 և 2020 թվականներին երկրորդ և երրորդ անգամ է գնացել լայնածավալ ագրեսիայի՝ բացարձակ անտեսելով իր միջազգային պարտավորությունները։ Միջազգային հանրությունը պարտավորությունների այս անտեսմանը և ագրեսիային հակադրել է բացառապես խաղաղության կոչեր և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ջանքեր, որոնք փաստացի չեն զսպել Ադրբեջանին արարքը կրկնելու երկրորդ անգամ, երրորդ անգամ։ Ժամանակն է փոխել բանակցությունների տրամաբանությունը և հարցը կարգավորելու մոտեցումները։ Ինքնորոշված սուբյեկտի դեմ երեք անգամ լայնածավալ պատերազմ սանձազերծած, դրա արդյունքներով պարտված ու տարածք կորցրած կողմի տարածքային ամբողջականության իրավունքի հարգումը ոչ այլ ինչ է, քան խրախուսանք՝ դա անելու չորրորդ անգամ։ Չի կարող ագրեսորը պատերազմում պարտվել, տարածքներ կորցնել, ապա բանակցություններով դա հետ ստանալ՝ մեջբերելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Միջազգային հանրության կողմից տարածքային կորուստները բացառող այդպիսի երաշխիք ունենալը խրախուսում է ագրեսիան ոչ միայն մեր դեմ, այլև աշխարհի ցանկացած կետում։ Արցախահայությունը դեռևս երեք տասնամյակ առաջ կայացրել է իր որոշումը՝ որևէ կարգավիճակով չլինել Ադրբեջանի կազմում։ Անցնող երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճը, կատարած ավերածությունները, սպանությունները, մարդու իրավունքների մասին միջնադարյան պատկերացումները մի կողմից, իսկ Արցախի զարգացումը, ժողովրդավարացումը, պետական ինստիտուտների կազմավորումը մյուս կողմից էլ ավելի են ամրապնդել այդ որոշման անդառնալիությունը։ Ուստի Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի մի մասը։ Կարծում ենք՝ սրանք են այն մոտեցումները, որոնք Հայաստանը պետք է որդեգրի որևէ բանակցային սեղանի շուրջ նստելիս, քանզի բանակցությունները, որտեղ խոսք են գնում ագրեսորի տարածքային ամբողջականության մասին՝ իրենց բնույթով անպտուղ են և, ինչպես ցույց է տալիս տվյալ դեպքում տասնամյակների փորձը, շանտաժի և պատերազմ սանձազերծելու լայն հնարավորություն են տալիս։
13:43 - 05 հոկտեմբերի, 2020
Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք.Քաղաքացու որոշում ՍԴԿ

Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք.Քաղաքացու որոշում ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Միջազգային ապակայունարար Թուրքիայի աջակցությունը ստանալով Ադրբեջանը թույլ է տվել միջազգային մարդասիրական իրավունքի և խաղաղ կարգավորման գործընթացի դեմ ծանրագույն հանցագործություն։ Լայնածավալ ագրեսիայի թիրախ են դարձել քաղաքացիական բնակավայրերը, անձիք և ընդհուպ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Թուրքիան և նրա հովանու ներքո Ադրբեջանը տարածաշրջանային անվտանգության համար դարձել են լրջագույն սպառնալիք, որոնք շանտաժով փորձում են իրենց հարևաններից զիջումներ կորզել կենսականորեն կարևոր շահերի և իրավունքների հարցում։ Դա տեղի է ունենում ամենուր ուր ներգրավված է Թուրքիան, և հիմա հերթը հասել է մեր տարածաշրջանին։ Սա հստակ ահաբեկչական վարքագիծ է, որը պետք է արժանանա կոշտ հակազդեցության՝ հանուն ողջ մարդկության անվտանգության։ Այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար ինչպես մեր տարածաշրջանում այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։ Հարկ ենք համարում արձանագրել նաև, որ այս ագրեսիան հնարավոր կլիներ կանխել, եթե միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը հետևողական լինեին Վիեննաի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը և հրադադարի հաստատման պայմանագրով նախատեսված եռակողմ ձևաչափի պահպանմանը։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում պետական ինստիտուտներին՝ հայությանը սպառնացող վտանգին դիմակայելու հարցում և միանում համաժողովդական համերաշխության գործընթացին։ Ժամանակն է, որ հաշվի առնելով ներկայի իրողությունները և անցյալի որոշումները Հայաստանը հստակություն մտցնի Արցախի կարգավիճակի հարցում իր դիրքորոշման մեջ»։
19:47 - 27 սեպտեմբերի, 2020
Այդ մարդիկ դավաճանել են իրենց վրա հույս դրած մարդկանց․ Միքայել Նահապետյան

Այդ մարդիկ դավաճանել են իրենց վրա հույս դրած մարդկանց․ Միքայել Նահապետյան

Չէ բայց դուք պատկերացրեք. Մարդը Հայաստանի միակ ազատ հեռուստաընկերությունը փակել է, ՄԻԵԴ-ում էդ գործով Հայաստանը պարտվել է, հիմա նրան հարցնում են «ինչու՞»՝ ասում է «թղթերով ամեն ինչ կարգին է եղել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը։ Վերջինս մասնավորապես գրել է․   «Մարդը Թեղուտի բնակիչներին ունեզրկել է, թողել է մի վիճակում, որ հացին «կակա» ասեն, Հայաստանը այդ գործով ՄԻԵԴ-ում պարտվել է, հարցնում են «ինչու՞»՝ ասում է «հայցադիմումը լավ չէին լրացրել»։ Մարդը՝ դատավորը, արդարադատություն իրականացնողը, արդարություն հաստատողը թույլ է տվել, որ անարդարություն հաստատվի, մարդիկ կյանքը վատնեն արդարության համար պայքարում, որովհետև «պակաս թղթեր կան»։ Էս որակի մարդուն իսկի ԺԵԿ-ի պետ չեն ընտրում էլ ուր մնաց դատավոր՝ մի դատարանում, որտեղ ընդդիմությունը գուցե գնալու է վիճարկելու ընտրությունների արդյունքները՝ օբյեկտիվորեն չունենալով պեչատած ապացույց, որ դրանք կեղծվել են։   Բայց արի ու տես, որ այս մարդուն 84 չափահաս մարդ փակ քվեախցիկում, իր խղճի առաջ միայնակ գտնվելով քվեարկել է ու դարձրել ՍԴ դատավոր։ Ուզում եմ հատուկ ֆիքսենք, որ ամեն մեկը իր խղճի առաջ միայնակ, գաղտնի պայմաններում պատասխանատվություն է վերցրել այն հետևանքների համար, որոնք լինելու են Հայաստանի պագայի համար։   Այդ մարդիկ դավաճանել են իրենց վրա հույս դրած մարդկանց, այդ մարդիկ դավաճանել են իրենց հռչակած սկզբունքները, այդ մարդիկ վերջին երեսպաշտներն են ու ստախոսները, որոնք արժանի չեն ոչ մի լավ վերաբերմունքի։ Այս գորոծով, սակայն, ես ինձ «գցված» չեմ զգում։ Որովհետև դեռ փետրվարի 17-ին ես ու կուսակցական ընկերներս ուղիղ հարցեր էինք տվել նրանց։ Մասնավորապես ի թիվս այլ հարցերի հարցրել էինք նաև.   - Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինելձեր քաղաքական թիմի անդամներից։ - Հնարավո՞ր է, որ այս փոփոխությամբ հեռացվող ներկայիս ՍԴ անդամներից որևէ մեկը ընտրվի նոր ՍԴ դատավոր։ - Բացի իրավական ակտերում այժմ ամրագրված երաշխիքներից դատարանի անկախության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ կարող եք ներկայացնել։ Հանրային այն մտահոգությունները փարատելու համար, թե ապագա դատարանը ևս կարող է կախյալ լինել, մեծ քայլ կլինի, եթե հրապարակեք այն անձանց անունները կամ շրջանակը, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու։   Այս հարցերի պատասխանները չենք ստացել ոչ մենք, ոչ հանրությունը։ Փոխարենը որոշ շրջանակներ մեզ մեղադրում էին մինչև վերջ և անվերապահ «Այո» չասելու, հեղափոխությունից հեռանալու, «կողմ ըլլալով դեմ ըլլալու» մեջ։   Առաջ, հիմա ու հետայսու ևս մեզ համար չկա այնպիսի քաղաքական ուժ, որին կարելի է անվերապահ վստահել, չկա իրավիճակ, որի հանգուցալուծման վրա չի կարելի կասկածել ու մենք միշտ ու հետևողականորեն տալու ենք այն ցավոտ հարցերը, որոնք թույլ կտան պարզել թե ինչ են մտածել կառավարող ուժի ներկայացուցիչները։ Այստեղ մի նյուանս կա միայն՝ այդ հարցերը տալիս մենք ձեր աջակցությունն ենք գտնելու թե՞ կշտամբանքը և հետևաբար դուք իմանալու՞ եք մեր գլխի գալիքը, թե՞ ամեն անգամ խաբված ենք լինելու։ Սիրտներդ լեն պահեք՝ լավ է լինելու»։
18:30 - 15 սեպտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

ՀՀ կառավարությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լիդիանի պահնորդական նոր ծառայության աշխատակիցները գիշերը ծեծի են ենթարկել Ամուլսարի պահապաններից նրան կամ նրանց, որոնք գտնվել են Լիդիանի տարածքից դուրս, ճանապարհի մյուս եզրին։ Ըստ լուրերի, ծեծի մի փոքր բաժին էլ հասել ա ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Ոստիկանները նկարահանել են այդ ամենը։ Սա իրողությունն ա, որ մենք ստացել ենք Ամուլսարի պահապան Շիրակ Բունիաթյանի ՖԲ-յան էջից։ Հիմա՝ թե ինչ ա նախորդել սրան։ Լիդիանի սնանկության վերաբերյալ դատական գործ ա քննվել Կանադայում, որի արդյունքներով տերերը, որոնք պետք ա իբր Ամուլսարը հանք դարձնեին, փոխվել են։ Սրանք էլ նոր, սադրիչ մարտավարություն են որդեգրել սկսած ամառվա կեսերից։ Սադրանքների էդ շղթայի հերթական օղակը օգոստոսի 4-ին վագոն տնակները ընդհուպ մինչև ճանապարհը մոտեցնելն էր։ Հանրությունը դրա կապակցությամբ բարձրացրեց իր ձայնը և վագոն տնակները, համաձայն օրենքի, հետ տարվեցին իրենց ելման դրություն։ Էդ ընթացքում կառավարությունն անընդհատ զգաշացվել ա, որ պահնորդական ծառայության նման գործոլաոճը, ի վերջո, արյունահեղության ա հանգեցնելու։ Էդ զգուշացումները լուրջ չէին ընդունվում։ Կառավարությունը լուռ էր։ Հիմա արդեն հղվել ա արյունը։ Չգիտեմ՝ ինչքանով ա գիտակցվում, որ լռություն պահպանելու դեպքում դա վերջին արյունը չի լինելու։ Հուսով եմ, որ Ամուլսարի պահապանների հայտարարությունը, թե իրենք մինչև մահ պատրաստ են կանգնել իրենց համատեղ որոշման համար (այն է՝ Ամուլսարը հանք չի դառնալու), լուրջ ա ընդունվել։ Սրա կապակցությամբ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը նույն Շիրակ Բունիաթյանի նման պնդմանն ի պատասխան արձագանքել էր, թե «լավ, էլի, Շիրակ ջան, ուրեմն ես էլ կյանքի գնով կպաշտպանեմ ձեր կյանքը» կամ իմաստով նույնը այլ ինչ-որ բան։ Էսօր Հայասատանի Հանրապետության շատ որոշակի քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ ա սպառնում։ Ամուլսարի, որպես հանքավայր, շահագործման մասին ջերմուկցիների կարծիքը չհարցնելը խախտել ա նրանց սահմանադրական իրավունքները։ Իրավունքների այդ խախտումը չարձանագրելով ու այն չվերացնելով, ՀՀ կառավարությունը վտանգում ա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքերը։ Ինչ վերաբերում ա Լիդիանի գործունեությանը, ապա դա այլ կերպ, քան պետության ու քաղաքացիների նկատմամբ իրականացվող շանտաժ, դժվար է նկարագրել։ Ըստ էության, նրանք ասում են, թե եթե հանքավայրի շահագործումը չսկսի, այստեղ մարդիկ են զոհվելու։ Ըստ իս, նման կազմակերպությունը տեղ չունի Հայաստանում՝ նույնիսկ անկախ բնապահպանական ռիսկերից, մարդու բնական իրավունքների պաշտպանության, սոցիալական, տնտեսական, քաղաքական կամ այլ հարցերից, որոնք շոշափում ա էս խնդիրը»։
13:13 - 07 սեպտեմբերի, 2020
Պետական գնումների ոլորտում չարաշահումներ կան, որովհետեւ դրա համար լայն հնարավորություններ տվող, չարաշահման դրդող մեխանիզմներ կան․ Միքայել Նահապետյան

Պետական գնումների ոլորտում չարաշահումներ կան, որովհետեւ դրա համար լայն հնարավորություններ տվող, չարաշահման դրդող մեխանիզմներ կան․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ զրուցել ենք պետական գնումների համակարգի արդյունավետության եւ պետական կարիքների գնահատման թերությունների շուրջ։ - Պարոն Նահապետյան, պետական գնումների այսօրվա համակարգը որքանո՞վ է արդյունավետ՝ պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների համար։ Այս 2 տարիների ընթացքում գնումների ոլորտում իրավախախտումների ու հովանավորչությունների դեպքերի բացահայտումը հնարավորություն տալի՞ս է՝ բացառելու այն, որ ապագայում համակարգն այլեւս նման կերպ չի աշխատի։ - Պետության տեսակետից գնումների համակարգի արդյունավետությանն անդրադառնալիս պետք է երեք հարց տանք. ի՞նչ ենք գնում, ի՞նչ գնով, ինչի՞ համար։ Հայաստանը գնում է տեխնիկական առաջադրանքին առերեւույթ համապատասխանող ապրանքներից ամենաէժանը, որը միշտ չէ, որ լավագույն ընտրությունն է։ Հետեւաբար, որակյալ ապրանք գնելու համար պետք է հնարավորինս քիչ անորոշության տեղ թողնես տեխնիկական առաջադրանքով նախատեսվող որակների մեջ։ Բայց ահա այստեղ էլ ծագում է կոռուպցիոն ռիսկը։ Որովհետեւ շատ մանրամասն տեխնիկական առաջադրանքը, որպես կանոն, մրցույթում շատ կոնկրետ մասնակցի կանխատեսելի հաղթանակի է հանգեցնում։ Սա փակ շղթա է, որը պետք է ճեղքել։ Այս առումով լավ լուծում կլինի տեխնիկական առաջադրանքների հանրային քննարկումը, որտեղ քաղաքացիները եւ մատակարարները կկարողանան ապրանքի նվազագույն որակին առաջադրվող ողջամիտ պայմաններ առաջարկել։ Սա կբերի մրցակցության, թափանցիկության եւ մատակարարված ապրանքի որակի բարելավման։ Եվ երրորդ հարցը. ինչի՞ համար ենք մենք դա գնում։ Այսօր պետական գնումներն ունեն իներցիաներ, որոնց բերումով այդ ապրանքը կամ ծառայությունն ամեն անգամ գնվում է, բայց միանշանակ չէ, որ դրա անհրաժեշտությունը կա։ Թեեւ տրամաբանությունը հուշում է, որ բյուջետավորումը պետք է բխեր պետական ծրագրերից եւ հստակ հաշվարկվեր, թե որ ծրագրի իրականացման համար ինչ է անհրաժեշտ լինելու, բայց այսօր դա չկա, հետեւաբար մեր ծախսերը պլանավորվում են խիստ մոտավորապես, եւ շատ սովորական բաները դառնում են չնախատեսված հրատապ ծախսեր։ Մեր գերատեսչությունները ունակ չեն ցանկալի որակով գնահատել իրենց առաջիկա տարվա ծախսերը, եւ դա համակարգային խնդիր է։ Ինչ վերաբերում է չարաշահումների բացահայտմանը, իհարկե, դրանք կզսպեն առանձնակի լկտիություն դրսեւորող կոռուպցիոներներին, բայց մենք պիտի հաշվի առնենք, որ չարաշահումներ կան, որովհետեւ չարաշահումների լայն հնարավորություններ տվող, չարաշահման դրդող մեխանիզմներ կան․ համակարգն է թելադրում աշխատելաոճը։ - Պետական գնումների ներկայիս համակարգը ապահովո՞ւմ է արդյոք պետության նախաձեռնած կապիտալ ծախսերի կատարումը։ - Կապիտալ ծախսերի մասով մենք ունեինք խիստ թերակատարում, որը պետական պաշտոնյաները պայմանավորում էին վերահսկողության եւ որակի երաշխիքների բացակայությամբ, ինչը փորձ արվեց լուծել՝ 100 տոկոս բանկային երաշխիքի պահանջ մտցնելով։ Բայց հիմա եւս խնդիրը լուծված չէ, որովհետեւ դաշտը դեռ պիտի ադապտացվի այդ նոր պայմաններին, եւ դեռ պիտի ձեւավորվեն այդ ծավալները սպասարկելու ունակ ընկերություններ։ Ինձ ամենամոտ օրինակը՝ մեր գյուղի խմելու ջրի համակարգի կառուցման աշխատանքները չեն կատարվում, որովհետեւ գործն այնքան մեծ, եւ գինն այնքան հարմար չէ, որ խոշոր կազմակերպությունը հանձն առնի, բայց փոքր կազմակերպությունն էլ այդ ծավալի բանկային երաշխիք չի կարող ստանալ։ Այս ծախսը թերակատարվում է։ Եվ այս խնդիրը կա շատ ու շատ այլ տեղերում։ - Անդրադառնանք պետական գնումների մասնագետների կրթության եւ վերապատրաստումների հարցին․ արդյոք ունե՞նք պետական կարիքները գնահատողների եւ գնումների պլանավորման մասնագետների փորձի պակաս։ - Իմ գնահատմամբ՝ մենք ունենք կարողությունների պակաս։ Եվ դա սոսկ ծախսեր պլանավորողների գիտելիքների կամ կարողությունների պակաս չէ։ Դա պետական ապարատում ռազմավարական մտածողության եւ ռազմավարական գործընթացի ձախողման խնդիր է։ Չի կարող ամենալավ ծախսեր պլանավորողն անգամ գնահատել, թե ինչ ծախսեր են արվելու, եթե այդ ծախսերի կարիքն ունեցող բաժինը չի կարողանում իր աշխատանքի ճանապարհային քարտեզ ու անելիքներ ձեւակերպել։ Եթե ծախսեր պլանավորողը չգիտի, թե այս մարդիկ ուր են գնում, որ ճանապարհով եւ ինչի համար, ո՞նց իմանա, թե ինչ են ծախսելու։ Կրթական համակարգը թերանում է ամենուր եւ գրեթե ամեն ինչում, բայց էստեղ հարցը սոսկ կրթական չէ։ Աշխարհի բոլոր երկրներից կրթված մասնագետներ էլ բերես՝ գնումներդ պլանավորելու այս հարցը չի լուծվելու։ Սա շատ լայն, համակարգային խնդիր է։ - Գնումների թերի պլանավորման եւ կարիքների ոչ ճիշտ գնահատման արդյունքում, ինչպես նաեւ ֆորս-մաժորային իրավիճակների ժամանակ անհրաժեշտ է լինում հրատապության կարգով գնումներ իրականացնել։ Ներկայումս այստեսակ գնումների դեպքում կոռուպցիոն ռիսկերը վերահսկելի՞ են։ - Հրատապ գնումների մասին շատ է խոսվել, այդ հարցով հակակոռուպցիոն փորձագետները բազմաթիվ առաջարկներ ունեն, եւ այդտեղ զսպել պետք է, որովհետեւ չի կարող ամեն տարի «Նոր տարին» անակնկալ գալ ու դառնալ հրատապ գնման պատճառ։ Բայց այս խոշոր ու երեւացող «աղբը» մաքրելուց հետո, միեւնույն է, հարցը չի լուծվի, քանի դեռ մենք հանրային կառավարման համակարգի ռեֆորմ չենք արել ու չենք ստեղծել ապարատ, որն ունակ է ասելու՝ ո՞ւր է գնում, ի՞նչ ճանապարհով ու այդ ճանապարհին ի՞նչ է ծախսելու։ Արփի Ավետիսյան
19:22 - 29 օգոստոսի, 2020
Համերաշխություն ենք հայտնում հանուն իրենց խախտված իրավունքների Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին․ ՔՈ ՍԴԿ

Համերաշխություն ենք հայտնում հանուն իրենց խախտված իրավունքների Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին․ ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը մեծ ուշադրությամբ հետևում է Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։ Խորը ցավով ենք տեղեկացել, որ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների անհնազանդության գործողությունների ընթացքում հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու վիրավորներից։ Որպես հեղափոխական գործընթացներով անցած հանրության մասնիկ, կուսակցություն, մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իրենց խախտված հիմնարար իրավունքների պաշտպանության Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին։ Բելառուսի ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ խորին հավատով՝«Քաղաքացու որոշում» կուսակցություն»։
15:49 - 11 օգոստոսի, 2020
«ՔՈ» ՍԴ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները

«ՔՈ» ՍԴ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի հայտարարությունն Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ․ «Սույն թվականի օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից խախտվել է Ամուլսարի հարցում երկու տարի առաջ ձևավորված ստատուս քվոն՝ հեռացվել են հանրային տարածքում քաղաքացիների տեղադրած վագոն-տնակները և դրանց տեղում տեղադրվել են ընկերության տնակները։ Այս սադրանքը մեկ ամիս առաջ սկսած սադրիչ ռազմավարության մի հերթական քայլ է, որով նրանք փորձ են անում պահնորդական զինված խմբի միջոցով լուծել իրենց խնդիրները և քաղաքացիներին ներքաշել ապօրինությունների մեջ: Մասնավոր ռազմականացված կազմակերպությունը դարձել է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ճնշման գործիք:Ստեղծված իրավիճակում քաղաքացիների պահանջներն են.1. Ընկերությանը պատկանող վագոն տնակները պետք է հեռացվեն2. Ապօրինություններ և սադրանքներ իրականացնող պահնորդական խումբը պետք է հեռացվի3. Կառավարությունը պետք է հստակություն մտցնի վերջնական որոշման ժամկետների հարցումՆշված միջանկյալ քայլերը անհրաժեշտ են ընկերության կողմից այս օրերին ստեղծված լարվածությունը մեղմելու համար։Քաղաքացիների հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը։«Քաղաքացու որոշում» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները:Նախ դատապարտելի ենք համարում, որ այս սադրանքը իրականացվել է համավարակի պայմաններում՝ հաշվարկ ունենալով, որ քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրացնել իրենց իրավունքները։Դատապարտելի է, որ կառավարությունը այս հակամարդկային հաշվարկի մեջ դարձել է մի սովորական գործիք և ստանձնել է արդար ու խաղաղ հավաքները ճնշելու գործառույթ։Ի վերջո դատապարտելի է քաղաքացիներին ավելի քան երկու տարի հյուծող խնդրի լուծումը հետաձգելու, քաղաքացիներին վերազգային կապիտալի դեմ միայնակ թողնելու, ողջամիտ փաստարկներն անտեսելու և հռչակված սկզբունքները խախտելու կառավարող ուժի գործելաոճը։Կառավարությունը պարտավոր է քաղաքական կամք դրսևորել, հարցին տալ վերջնական լուծում՝ լուծման հիմքում դնելով հեղափոխական արժեքները, սկզբունքները և մարդու անքակտելի իրավունքները։ Սա է իրական հեղափոխական ուժի առաքելությունը և գործելաոճը»։
14:18 - 07 օգոստոսի, 2020
Եթե քաղաքական բանավեճում չկարողանանք հասնել ընդհանուր եզրի, չեմ բացառում, որ փողոցում կլինեն գործողություններ. Միքայել Նահապետյան |medialab.am|

Եթե քաղաքական բանավեճում չկարողանանք հասնել ընդհանուր եզրի, չեմ բացառում, որ փողոցում կլինեն գործողություններ. Միքայել Նահապետյան |medialab.am|

medialab.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ։ – Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիան: Դա որքանո՞վ է խոսում Քաջարանի կոմբինատի կամ նախկին իշխանությունների ներգրավվածության մասին: Որքանո՞վ էր այն ուղղորդված: – Ցավոք, չեմ կարողանա այս հարցի վերաբերյալ գնահատական հնչեցնել, որովհետև տեղեկատվության պակաս ունեմ: Այսինքն՝ ինչ մեդիայով հպանցիկ տրվել է, դա եմ տեսել: Կարծում եմ՝ չպետք է շտապել և գնահատականներում կտրուկ լինել: Մի կողմից՝ ում դուռն օրենքը թակում է, ասում են՝ մենք քաղբանտարկյալ ենք, և դրա հակառակը կա, ով փողոց է դուրս գալիս, ասում են՝ հանցագործ է, դրա համար է փողոց դուրս եկել: Հիմա ես չեմ ուզում այդ երկու ծայրահեղություններից մեկի գիրկն ընկնել, առավել ևս, որ տեղեկատվությունը բավարար չեմ համարում գնահատականներ տալու համար:  – Ոստիկանների գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, և, ընդհանրապես, ինչպե՞ս իրեն պետք է պահի իշխանությունը: – Ոստիկանության գործողությունների առումով կարծես թե խոշտանգման առերևույթ հանցագործության մասին էր խոսվում: Դրան պետք է պատշաճ արձագանք լինի, պետք է բացառել խոշտանգման դրսևորումները Հայաստանում իրավական կարգն ապահովելու ընթացքում: Ոստիկանության գործողությունների մասով ևս, քանի որ համակողմանի տեղեկատվություն չունեմ այն մասին, թե ում հետ են գործ ունեցել, ինչ պայմաններում են գործ ունեցել, այս պահին չեմ կարող գնահատական տալ: Ընդհանուր առմամբ, այդ դեպքերը, որ տեղի են ունեցել, խորապես ծանոթ չեմ, հետևաբար չեմ շտապի գնահատականներ տալ:  – Քաջարանի համայնքապետն ասում է, որ դա քաղաքական հետապնդում է: Մյուս կողմից՝ իշխանությունը հայտարարում է, որ բդեշխությունը չի վերադառնալու Սյունիքի մարզ: Ձեր կարծիքով՝ համայնքի ղեկավարի նման հայտարարությունն ինչի՞ մասին է խոսում: – Ես նշեցի, որ Հայաստանում նման ֆենոմեն կա, որ ում դուռը օրենքը թակում է, ասում է՝ քաղաքական հետապնդում է: Մյուս կողմից՝ ով որևէ քաղաքական ակցիա է անում, ասում են՝ իր թալանածի, իր լափածի համար է պայքարում: Այդ երկու քարոզչական թեզերն էլ կան: Ե՛վ քաղաքական ուժն է քաղաքական մոտիվներով հայտարարություններ անում, և՛ նախկին համակարգի ներկայացուցիչների դեպքում հենց օրենքը դռները թակում է, ասում է՝ գիտե՞ք, թե ես ռեգիոնալ մասշտաբի քաղաքական գործիչ եմ, ինձ հետապնդում են: Դրա համար ինձ համար հիմա գնահատական տալը դժվար է, մանավանդ տեղեկատվության պակասի պայմաններում: Այնուամենայնիվ, եթե հարցը ձևակերպում ենք այսպես՝ գյուղապետներն այս կառավարության հե՞տ են, թե՞ ոչ, իմ ընկալումն այն է, որ գյուղապետները Հայաստանում եղել են, կան և դեռ ահագին ժամանակ շարունակելու են լինել առանձին կաստա, եթե մենք մտածողության, համակարգի փոփոխություններ չբերենք: Նրանք լինելու են կլանային հարաբերությունների բերումով ընտրված, իրենց նեղ կլանային շահերի շրջանակներում գործող մարդիկ: Բնականաբար, խոսքը բոլորի մասին չէ, բայց այն խնդիրը, որի մասին մենք ասում ենք, գյուղապետի պրոբլեմատիկ տեսակը այդպիսին է լինելու: Նա ընտրվելու է կլանային հարաբերությունների տրամաբանությամբ՝ իրենց թևը մեծ է, թե փոքր, լավությունը շատ է, թե քիչ: Եվ այդ տեսակը կառավարող ուժի հետ հարաբերվելու է այդ տրամաբանությամբ՝ դու մեզ կօգնես թե չես օգնի, մենք քո դեմ դուրս գանք թե չգանք, ընտրությունների ժամանակ դու մեր ծառայություններից կօգտվես թե չէ, կամ հետո դա կգնահատես թե չէ: Եթե մարդու գործողություններում այդպիսի մերկանտիլական, օգտապաշտական հաշվարկ կա, բնականաբար, այդ մարդը ցանկացած պահի ցանկացած հայտարարություն կանի: Պետք է՝ կեղծվող ընտրությունների մասին կասի արդար, ժողովրդավարական, վերջին մակարդակի ընտրություններ են, պետք է՝ կկանգնի օրենքի տառին համապատասխան պրոցեսի մասին կասի քաղաքական հետապնդում է: – Վերջին շրջանում ձեր քաղաքական թիմը կարծեք թե ավելի ռադիկալ է դառնում, հայտարարություններ եղան, որ կառավարությունն իր խոստումներից հրաժարվում է: Հնարավո՞ր է, որ այս հայտարարություններին բողոքի ակցիաներ, ցույցեր հաջորդեն:  – Եկեք ռադիկալ որակումը չտանք: Ռադիկալ են մարդիկ, որոնք առարկայական պահանջ չեն կարողանում ձևակերպել, բայց գնում են շատ կտրուկ գործողությունների: Մենք դեռ ոչ մի կտրուկ գործողության չենք գնացել և շատ հստակ կարողանում ենք պահանջ ձևակերպել: Հիմա՝ եթե մեր պահանջները, որ ձևավորվել և դեռ ձևավորվելու են, արդարացի են և բխում են հեղափոխության նպատակներից, մեր ժողովրդի իղձերից, չեն կատարվելու, ինչ-որ ձևով պետք է վերաբերմունք ցույց տալ դրանք չկատարող կառավարությանը: Այդ վերաբերմունքի գործիքակազմը շատ լայն է՝ սկսած նրանից, որ կշարունակենք այսպես հարցազրույցներ տալ, վերջացրած նրանով, որ ես բնավ չեմ բացառում և շատ հավանական եմ համարում, որ եթե քաղաքական, ժողովրդավարական բանավեճում մենք չկարողանանք հասնել այնպիսի ընդհանուր եզրի, որը խնդիրների լուծում կենթադրի, այո՛, ես չեմ բացառում, որ փողոցում կլինեն գործողություններ: Առավել ևս դա մի բան է, որը մինչև 2018-ի ապրիլյան իրադարձությունները միակ հարազատ տեղն է եղել հարցեր լուծելու: Միայն հեղափոխությունն է պատճառը, որ մենք հարցերն այդպես չէինք լուծում՝ հույս ունենալով, թե ժողովրդավարական միջավայրում հնարավոր է բանավեճում հարց լուծել: Եթե պարզվի, որ դա կտրականապես անհնար է, իսկ ես գնալով համոզվում եմ դրանում, որովհետև բոլոր քննարկումները ոչ առարկայական են դառնում, բոլոր առարկայական քննադատություններն անտեսվում են, և ցեխ շպրտելու միջավայր է ձևավորվում, եթե պարզվի, որ դա է Հայաստանում հարցեր քննարկելու, կառավարող ուժի հետ հարաբերվելու միջավայրը, բնականաբար, այդ միջավայրում խոսելով ոչ մի հարց չի լուծվելու, իսկ այդ հարցերը չեն կարող սպասել, որովհետև դրանք կյանքի տարիներին են վերաբերում: Ամեն օր, երբ մենք չենք ունենում արդար դատական համակարգ, մի հոգի ավել է բանտում հայտնվում, որի մեղքն անառարկելիորեն ապացուցված չէ: Ամեն օր, երբ մենք չենք ունենում լեգիտիմ Սահմանադրություն, կառավարող ուժը հնարավորություն է ստանում տարբեր բաներ իրականացնել, ամեն օր, երբ մենք չենք ունենում կուսակցական բարեփոխված համակարգ, օլիգարխիկ, կլանային կուսակցությունները կարողանում են իրենց շահերի համար հարցեր լուծել՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների շահերի: Շարունակությունը՝ medialab.am-ում
17:20 - 27 մայիսի, 2020