Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

«Փոխհամաձայնեցված է եղել, եւ դա ճիշտ է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի մասին |aravot.am|

«Փոխհամաձայնեցված է եղել, եւ դա ճիշտ է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի մասին |aravot.am|

aravot.am: «Կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է լավ պլանավորած սադրանք՝ դրանով լարվածություն ստեղծելով Արցախում։ Բնականաբար, ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաեւ ՀՀ», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ադրբեջանցի «բնապահպանները» կարողացել են խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի Կաշենի հանքավայրի մուտքի մոտ հայտնվել։ «Պետք է լինել սառնասիրտ։ Իրենց ցանկությունը դա իրենցն է։ Մեր նպատակը նույնն է՝ անվտանգ կյանք Արցախի հայրենակիցների համար եւ անվտանգության միջավայրի կառուցում՝ ՀՀ-ի եւ Արցախի միասնական անվտանգային տարածքում։ Կլինի Կաշենի առիթը, հետո մեկ ուրիշը», – նշեց Անդրանիկ Քոչարյանը եւ հավելեց, – «Խնդիրը, վերջին հաշվով, լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։ Խաղաղապահ ուժերն ունեն առաքելություն՝ նման լարվածությունները չեզոքացնելու։ Այնպես պետք է անել, որ մենք էլ այդ ժամանակը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր բովանդակությունը»։ Հարցին՝ ունի՞ տեղեկություն, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայրի տարածք, որքանո՞վ են խաղաղապահներն իրավաչափ գործել, քանի որ չեն համաձայնեցնել Արցախի իշխանության հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ փոխհամաձայնեցված գործողություն է եղել, եւ դա ճիշտ է։ Հիմա չեմ կարող ասել՝ ում միջեւ, բայց այդ բնապահպանները չէին կարող դրոշակները վերցնել եւ գնալ Արցախի ցանկացած միջավայր։ Նշանակում է՝ ինչ-որ պայմանավորվածություն է եղել, որ նման լարվածությունը չկրկնվի։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ուժային ճանապարհի հեռանկարը նաեւ հակազդման հնարավորություն է ստեղծում՝ նման խնդիրները կանխելու համար։ Արցախի իշխանությունը պետք է միշտ կարողանա ռիսկերը կանխել։ Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր։ Նա պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի ՀՀ-ն եւ Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն գերակա»։
11:37 - 12 դեկտեմբերի, 2022
«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

 |aravot.am|

«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի աշխատանքներին այսօր չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ նախ ճշտեց, որ իրենք տեղեկացել են նիստի մասին։ «Երբ մենք Մադրիդում էինք, մեր ընդդիմադիր գործընկերներից Աննա Գրիգորյանը մեր հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին։ Ես խնդրեցի, որ աշխատանքը լինի ոչ միայն դրսում մասնակցությամբ, այլեւ մեր հանձնաժողովի աշխատանքին գոնե մասնակցեն»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա շարունակեց․ «Լիագումար նիստին չմասնակցելու համար գուցե իրենք ասեն, որ դա քաղաքական է, բայց հանձնաժողովի աշխատանքները անվտանգությանն են վերաբերում։ Իրենք նաեւ խոստացել են, որ պետք է մասնակցեն։ Երբ վաղը խոսեն երկրում տիրող անվտանգային միջավայրի մասին, դրա իրավունքը պետք է ունենան նաեւ աշխատանքի շնորհիվ։ Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից։ Այդ ո՞նց է ստացվում, որ միջազգային հարթակներում չեն բացակայում, իսկ երկրի ներքին խնդիրների կարգավորման օրակարգերից բացակայում են, արթնանում են կամ չեն արթնանում»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը օրերս ԱԺ պատվիրակության կազմում գործուղման էր մեկնել Մադրիդ․ այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
12:06 - 24 նոյեմբերի, 2022
Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայություն երբևիցե չի հանդուրժվելու. Անդրանիկ Քոչարյան
 |1lurer.am|

Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայություն երբևիցե չի հանդուրժվելու. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Զորքերի դուրսբերումը ոչ միայն պահանջ է, այլև անհրաժեշտություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտնեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Անկախ նրանից՝ բանակցություններն ինչ ընթացք կստանան, ինչ որ պատկանում է ՀՀ-ին, քննարկման նյութ չէ: Մեր ինքնիշխան տարածքում որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու: Նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից: Մնացած դեպքերում դա պահպանելու է կոնֆլիկտի լարվածությունը մեր սահմանների վրա: Ոչ մեկին դա լավ տեղ չի հասցնելու»,- ասաց նա: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ բոլոր հարթակներում ներկայացնում են հայկական կողմի պահանջը: «Այդ պահանջը շատ հասցեական ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները, և մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազաքաղաքական ղեկավարությունը, վերջիվերջո, զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»,- ասաց նա: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ նշեց, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից հայկական կողմի ակնկալիքն է լինելու նաև նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նախորդ տարվա նոյեմբերի հայտարարությունների կատարման ընթացքի վերլուծությունը:
13:21 - 27 հոկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան

 |armenpress.am|

Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին էլ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման համար հնարավորություն է տեսնում, այսպիսով` ՀՀ գլխավոր դատախազին հորդորում է հետևողական լինել այս հարցով։ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Հոկտեմբերի 27-ի շարունակաբար չբացահայտված լինելը մեզ չի տալիս հնարավորություն, որ մեր երկրում ներքին համերաշխություն կառուցենք և կասկածամտությունը հանենք մեր երկրի ներքին կյանքից: Ուստի, օրվա խորհրդին համահունչ, խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն՝ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր վկաներ մահացել են, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ:  Ըստ պատգամավորի՝ եթե այսքան տարի որևէ առաջընթաց չի եղել այս առումով, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ են եղել, և այդ խանգարող հանգամանքները անպայման նույնպես պետք է բացահայտվեն: 1999թ. այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում ահաբեկչություն կատարվեց, որի զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վիրավորում ստացան մի շարք պաշտոնյաներ։ Ահաբեկիչների խումբը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը։ Հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ զոհված, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:
11:46 - 27 հոկտեմբերի, 2022
Մեր ինքնիշխան տարածքի որևէ կտոր բանակցության ենթակա չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ ԱՄՆ կոնգրեսականներին

Մեր ինքնիշխան տարածքի որևէ կտոր բանակցության ենթակա չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ ԱՄՆ կոնգրեսականներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովների անդամներն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել են անվտանգային հարցերը, հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը: Նշվել է, որ Ադրբեջանի գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերին: Առաջնային է համարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Երախտագիտություն հայտնելով ամերիկյան կողմին գերիների վերադարձի հարցում ցուցաբերած ջանքերի համար՝ Էդուարդ Աղաջանյանը փաստել է, որ, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել ավելի քան 30 հայ գերու: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ ջանքերն այս հարցում կլինեն շարունակական: Անդրադառնալով Արցախի բնակչության իրավունքներին՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ այսօր վերջիններս էթնիկ զտման վտանգի առջև են: «Եթե մենք միջազգային համայնքի հետ չհաջողենք այս մարդկանց իրավունքների պահպանման հետ զուգահեռ անվտանգության նվազագույն երաշխիքներ տրամադրելու գործում, ապա էթնիկ զտումը կդառնա փաստ»,- արձանագրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչը: «Մեր ինքնիշխան տարածքի որևէ կտոր բանակցության ենթակա չէ, հայկական ժողովրդավարությունը՝ նույնպես: Այս երկու հիմնական ուղղություններով Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական և դիվանագիտական աջակցություն»,-դատապարտելով ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ներխուժման փաստը՝ ասել է Էդուարդ Աղաջանյանը: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրներին, կարևորել միջազգային հանրության աջակցությունն այս հարցում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն արժևորել է դիտորդական առաքելության իրականացումը, խոսել տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի, բանակաշինության, զինված ուժերում բարեփոխումների կարևորության մասին: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը տարածաշրջանում կայուն և անշրջելի խաղաղություն հաստատելու հարցում ընդգծել է միջազգային չափորոշիչների պահպանումը և ուժի հավասարակշռության վերականգնումը: Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցչի՝ այսօր ուժի հավասարակշռությունը խախտված է հօգուտ ադրբեջանաթուրքական տանդեմի: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանի գնահատմամբ էլ ինքնորոշման իրավունքն Արցախի ժողովրդի համար գոյատևման իրավունք է: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ համապարփակ բանակցություններ են անհրաժեշտ, որոնք կներառեն ԼՂ հիմնախնդիրը և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները: «Ընդհանուր արձագանք և վերաբերմունք ունենք իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել. խոշտանգումների և գնդակահարությունների տեսանյութերի, անմարդկային վերաբերմունքի նկատմամբ: Մասնակցում ենք գերիներին ազատ արձակելուն  միտված գործընթացներին: Դեմ ենք ներխուժմանը ՀՀ ինքնավար տարածք: Մենք բազմիցս կոչ ենք արել ադրբեջանցիներին լքել Հայաստանի տարածքը»,-ընդգծել է Դեյվիդ Փրայսը: Նա վերահաստատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատրաստակամությունը ստեղծված իրավիճակում Հայաստանին օժանդակելու հարցում: Հանդիպմանն անդրադարձ է եղել օրենսդիր մարմինների միջև փոխգործակցության կարևորությանը տարբեր խորհրդարանական հարթակներում: Բարձր է գնահատվել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:
22:10 - 18 հոկտեմբերի, 2022
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեություն երկարաձգվեց ևս 6 ամսով

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեություն երկարաձգվեց ևս 6 ամսով

Ազգային ժողովը այսօր որոշեց 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձանաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու առաջրակով էր հանդես եկել ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի եւ փորձագետների իրականացրած աշխատանքը: Պատգամավորը նշել է, որ Պաշտպանության նախարարության կողմից ստացվել են մեծաքանակ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման փուլում են: Փաստաթղթի ուսումնասիրման ընթացքում բացահայտված նոր փաստերով եւ տեղեկություններով պայմանավորված՝ նախարարությունից եւ պետական այլ մարմիններից նոր փաստաթղթեր ու տվյալներ ստանալու անհրաժեշտություն է առաջացել:  Պատգամավորը հայտնել էր, որ այս պահին հանձնաժողովը զբաղված է նոր փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ, որը բավականին բարդ, ծավալուն, ժամանակատար և պատասխանատու աշխատանք է, որի հիման վրա հնարավոր է կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը։
11:19 - 05 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատագամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը։ Ի թիվս այլ փոփոխությունների՝ օրինագծով սահմանվում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։ Նոր օրենքով նաև առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց:Նախագծով չեղարկվում է նաև զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը։ Չեղարկվում է նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը։ Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ-ի սեպտեմբերի 13-ի հերթական նիստի ընթացքում։
10:14 - 05 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ում առաջարկեցին ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները

 |armenpress.am|

ԱԺ-ում առաջարկեցին ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Քոչարյանը ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար։ «Նշված ցանկի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը շուրջ երկու ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել է հանձնաժողովի ուսումնասիրմանը։ Այն ներառում է օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական շուրջ 3500 նմուշ փաստաթղթեր, ընդհանուր տասը հազարից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջանական չէ։ Փաստաթղթերի ստացման օրվանից հանձնաժողովի անդամները, փորձագիտական խումբը մանրակրկիտ ուսումնասիրում են դրանց բովանդակությունը, կազմման որակը, համապատասխանությունը ղեկավար փաստաթղերի պահանջներին և պատերազմում ստեղծված իրավիճակներին։ Փաստաթղթի ուսումնասիրմամբ բացահայտված նոր փաստերից և տեղեկություններից կարիք է առաջանում Պաշտպանության նախարարությունից և պետական այլ մարմիններից  ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված բազմաթիվ այլ նոր փաստաթղթեր և տվյալներ»,- նշեց Քոչարյանը։ Քննիչ հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այս պահին հանձնաժողովը զբաղված է նոր փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ։ «Դա բավականին բարդ, ծավալուն, ժամանակատար և պատասխանատու աշխատանք է, որի հիման վրա հնարավոր է կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը։ Հանձնաժողովն արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, երկու անձի նամակ ուղարկել ենք։ Տեղյակ եք, որ Վարդան Օսկանյանը հեռավար ճանապարհով իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձև չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքների չմասնակցության անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և բոլորը պետք է գան։ Իսկ եթե խնդիր կա սահմանադրական օրենքի հետ կապված, նախագծերը նույնպես մշակված են և կներկայացվեն Ազգային ժողովի քննարկման։ Առաջարկում եմ 6 ամսով  հանձնաժողովի աշխատանքները երկարաձգել»,- եզրափակեց Քոչարյանը։
12:41 - 04 հոկտեմբերի, 2022
Հայաստանը պետք է իր սպառազինության հարցերը լուծի և կլուծի․ Անդրանիկ Քոչարյան
 |azatutyun.am|

Հայաստանը պետք է իր սպառազինության հարցերը լուծի և կլուծի․ Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով Հայաստանը պետք է իր զինված ուժերի մարտական խնդիրներին միտված սպառազինության հարցերը լուծի և կլուծի, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով զենքի մատակարարման խնդիրներին։ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Փաշինյանը, սակայն փակագծեր չբացեց, թե որ դաշնակից երկրի մասին է խոսքը՝ չբացառելով, որ այս հարցում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են դերակատարում ունենալ։  - Վարչապետն ասաց, որ 100 միլիոնավոր դոլարներ են փոխանցվել, բայց զենքը չի մատակարարվել։ Վարչապետի խոսքից կարելի է եզրակացնել, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Ձեր հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ Ռուսաստանը պատերազմից հետո Հայաստանին զենք չի վաճառել։ Ի՞նչ է կատարվում, պարոն Քոչարյան, ինչպե՞ս հասկանանք այս ամենը։  Դուք մոռացե՞լ եք՝ նախկինում ոնց էին այդ խնդիրները լուծվում, երբ որ Ռուսաստանից զենքի մատակարարում կար, մատակարարում կար նաև Ադրբեջանին, և նախկինում էլ, երբ որ Ռուսաստանն Ադրբեջանին 5 մլրդ դոլարի զենք էր վաճառում, Հայաստանի քաղաքական իշխանություններն այն ժամանակ չկարողացան Ռուսաստանին համոզեն, կամ այնպես անեն, որ այդ մատակարարումներն իրականություն չդառնան, բայց հիմա տեսնում ենք, որ գուցե և Ադրբեջանին, բայց միայն Ադրբեջանով չի, Թուրքիային նաև հաջողվում է այս իրավիճակում համոզել Ռուսաստանին, որպեսզի գուցե ոչ թե չմատակարարի, այլ նաև հաշվի առնելով օբյեկտիվ իրողությունները ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, այդ մատակարարումները գուցե դանդաղել են։ Բայց դա իրականություն չդառանալ չի կարող, որովհետև ինչպես նշել է վարչապետը, մենք այնուամենայնիվ տվյալ մատակարարման համար մեր պարտավորությունները կատարել ենք՝ ֆինանսավորումը ժամանակին փոխանցելու առումով։ Հիմա մատակարարման խնդիրները պետք է դառնան իրականություն, կամ եթե դա չի դառնում իրականություն, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը սպասելու է, թե մեկ աղբյուրից եկող սպառազինության խնդիրները թե չի լուծվում, ապա այլ ինչ ճանապարհներ կան, և այդ ճանապարհների փնտրտուքը մշտական է լինելու, հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով Հայաստանը պետք է իր Զինված ուժերի մարտական խնդիրներին միտված սպառազինության հարցերը լուծի և կլուծի։ Երբ որ ես ասում եմ՝ պետք է լուծի, հիմա շետերը կասեն՝ «պետք են շատ եք օգտագործում», բա ի՞նչ եք ասում, առանց սպառազինության հնարավո՞ր է նման իրողություններում բանակը պահել մարտունակ վիճակում։  - Պարոն Քոչարյան, հիմա հստակ ասեք, Ռուսաստանը փաստորեն փողը ստացել է, բայց հիմա հրաժարվում է զենքը տալ, այդպե՞ս է, թե՞ ոչ։  Չէ, ես չեմ կարող նման պնդում անել, որովհետև ես ինքս նամակագրություն ունեմ Ռուսաստանի դումայում իմ կոլեգայի հետ, գեներալ գնդապետ Կարտապոլովի հետ, և ես կարծում եմ, որ նամակագրությունը գոնե ինձ հույս է տալիս, որ խնդիրների լուծման մեջ մենք պետք է կարողանանք նաև հաղթահարենք այն խոչընդոտները, որը նաև ստեղծում են կողքից, ինչպես նաև Դուք եք նկատում։ Ես վստահ եմ, որ նաև խոչընդոտներ ստեղծում են Ադրբեջանի և Թուրքիայի ոչ միայն հատուկ ծառայությունները, այլ նաև քաղաքական իշխանությունները, բայց էդ խոչընդոտները պետք է չխանգարեն մեր ռազմավարական գործընկեոջ հետ նման խնդրի լուծում իրականություն դարձնելու, կամ եթե դա իրականություն չի դառնում, ուրեմն մենք պետք է հետևություններ անենք և չթղնենք մեր ժողովրդին անպաշտպան։
10:28 - 03 հոկտեմբերի, 2022
Եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ․ Անդրանիկ Քոչարյան

Եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ․ Անդրանիկ Քոչարյան

Միջազգային հարթակներում էս արձագանքները նաև կապված են, ուղղակի կապված են մեր ԶՈՒ հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ։ Եթե մենք չկռվեինք էնպես, որ կռվել ենք, էսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Խոսելով այն մասին, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ռազմավարական ինչ նշանակություն ունեն, Քոչարյանը նշեց․ «Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն։ Եվ էս գործողությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերը ավելի բարելավել, այն, ինչ Ձեր ասած թվերի շրջանակներում և հաջողվել է (խոսքը լրագրողի նշած 10 կմ տարածքների մասին է- խմբ․)։ Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ։ 6 դիրքերի մասին է խոսքը, ես ամբողջական թվերը չհրապարակեմ, դա, շատ հնարավոր է, նորից փոփոխությունների ենթարկվի»։ Infocom-ը Պաշտպանության նախարարությանը խնդրեց մեկնաբանել, թե Ադրբեջանի վերջին հարձակումից հետո քանի դիրք է վերցրել ադրբեջանական կողմը, և եթե Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ հայկական կողմը 6 դիրք է հետ բերել, քանիսն է այժմ ադրբեջանական վերահսկողության ներքո։ ՊՆ խոսնակը նշեց․ «Պաշտպանության նախարարությունն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ճշգրտման գործընթացը լիարժեք իրականացնելուց հետո»:
12:55 - 16 սեպտեմբերի, 2022
Կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք․ Անդրանիկ Քոչարյան

Կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խորհրդարանական հերթական ճեպազրույցի ընթացում անդրադառնալով Նախիջևանի կողմից Ադրբեջանի հնարավոր հարձակման լուրերին, նշեց․ «Մենք պետք է զգոնությունը չկորցնենք, մեր զինված ուժերը համապատասխան տեղեկությունները ստուգելու բոլոր հնարավորություններն ունեն։ Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն ռեսուրները և կառավարման այն հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»։ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ խոսեց երեկվա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին․ «Երեկ շատ կարևոր արձանագրություններ են հնչել, հասցեական գնահատականներ, և սա շատ արդյունավետ է, այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք ՀՀ դիվանագիտական կորպուսին՝ իր կատարած աշխատանքի համար, և մենք հույս ունենք, որ միջազգային հանրության ճնշման ներքո ագրեսորը կդադարեցնի իր գործողությունները»։  Նա նաև հայտնեց, որ զոհերի, վիրավորների, անհետ կորածների տվյալները ճշտվում են, և կհրապարակվեն բացառապես վերջնականապես ճշտված տվյալներ։ Անդրանիկ Քոչարյանն էլ, պատասխանելով հարցին, թե ինչու հնարավոր չէ մինչև հիմա ճշտել այդ թվերը, նշեց․ «Որովհետեւ դա շատ բարդ խնդիր է, ենթադրենք՝ անհետ կորածներ կան, դուք կարո՞ղ եք ասել՝ նրանք մահացա՞ծ են, թե՞ ոչ, մենք կասենք այն ժամանակ, երբ որ կճշտենք, սա շատ պարզ տրամաբանություն է»։ Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձավ զոհերին իդենտիֆիկացնելու հարցին․ «Երբ որ ասվել է 105 զոհ թիվը (այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է- խմբ․), դա նշանակում է, որ դա այլևս իդենտիֆիկացման փուլ չունի անցնելու։ Անուն-ազգանունով հերթով կհրապարակվեն։ 105 թիվն ասում է, եթե զոհերը ճանաչել ենք, նշանակում է՝ գիտենք՝ որ մարմինն ում է պատկանում»։ Հարցին՝ ինչու զոհերի անունները չեն հրապարակվում, Քոչարյանը պատասխանեց՝ կհրապարկվեն։ Իսկ այն հարցին, թե՝ երբ, եթե հիմա իդենտիֆիկացման խնդիր չկա, Քոչարյանն ասաց․ «Ես կարծում եմ խնդիրը խնդիր չլինելու մեջ է։ Այսինքն՝ էդ ընթացակարգերը՝ ճանաչել, պատրաստել, տեցեկացնել, դրանք հերթականությամբ կլինեն»։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ զոհերի հրապարակված թիվը կարող է փոխվել (ճեպազրույցի ժամանակ խոսվում էր 105 զոհի մասին, քիչ անց Փաշինյանը հայտնել է, որ հաստատված զոհերի թիվը 135 է- խմբ․)․ «Ինչի հաշվին․ մենք ունենք անհետ կորածներ ևս՝ իքս քանակի, և նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինեն մահացածները, անհետ կորածները և գերեվարվածները։ Եվ ասեմ՝ ինչու թիվն ամբողջությամբ չի հրապարակվում, որովհետև 105-ի մեջ կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»։ Ճշտող հարցին՝ երբ Քոչարյանն ասում է՝ կան դիակներ, որոնք գտնվում են մեր տնօրինման տակ չգտնվող տարածքներում, նկատի ունի՝ կան դիրքեր, որոնք հակառակորդի վերահսկողության տա՞կ են, և դիակները այնտե՞ղ են, պատգամավորն ասաց, որ չի պարզաբանի․ «Ոչ, չեմ պարզաբանի»։  Հարցին՝ ինչո՞ւ, նա արձագանքեց․ «Հենց էդպես, որովհետև դուք հիմա տալիս եք հարցեր, որոնց պարզաբանման ո՛չ կարիքը, կա ո՛չ հնարավորությունը։ Ես պարզ ասեցի՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն մեր տնօրինման տարածք։ Դա էլի բարդ խնդիր ա էս պահի դրությամբ, հրադադարի հնարավորություն էսօր ունենք, բայց էդ պայմաններում էլ նման գործողությունները որոշակի ընթացակրագ են պարունակում։ Չեք տեսե՞լ՝ սպիտակ դրոշ ա լինում, պայմանավորվում են, որպեսզի էդ տեղափոխությունների ժամանակ էլ ավելորդ լարվածություն և կրակոցներ չլինեն, ամեն ինչ կլինի՝ ըստ տրամաբանության և ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության»։ Իսկ այն հարցին, թե Ադրբեջանը հայտարարել էր, որ հարյուր մարմին կարող է վերադարձնել առանց ոչ մի բանի, ադրյոք այդ հարյուր մարմինը վերադարձվե՞լ է։ Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ ուզում Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանել, Ադրբեջանը երեկ էլ մի ամբողջ ցանկ էր հրապարակել տեխնիկական միջոցների, ինչ որ իրենց տնօրինման տակ է եղել, էդ ցանկի մեջ որոշ բաներ ճիշտ ա, որոշ բաներ՝ ոչ։ Նաև ասեմ, որ Ադրբեջանի կողմից ապատեղեկատվություն էր տարածվել, որ գրավել են ՀՀ ինքնիշխան տարածքում նաև համայնքային կառավարման կենտրոններ։ Դրոշ էին գցում ոտքերի տակ։ Եկեք դուրս գանք և շարժվենք պաշտոնական տեղեկատվությամբ, սպասենք մյուս պաշտոնական տեղեկություններին (նկատի ունի նաև զոհերի մասին պաշտոնական տեղեկությունները-խմբ․)»։
12:32 - 16 սեպտեմբերի, 2022
Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատագմավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը։ Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը Հայաuտանում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաև մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական և նետողական uառը զենքի շրջանառության և արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմամբ:  «Նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական ու սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը»,- ասաց նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը:  Գաբրիելյանն պարզաբանեց՝ սա ոչ թե ազատականացում է, այլ կարգավորում․ «Օրենքը չի փոփոխվել 24 տարի և որոշ դրույթներով, այո, դա խստացում է, իսկ որպես հիմնավորում, թե ինչպես է ստացվում, որ սա կարգավորում է և ինչ -ր չափով խստացում, կարող եմ մի օրինակ բերել։ Մտնում է քննական կարգ, որը իրենից ենթադրում է, որ քննական կարգի միջոցով ստուգվելու է տվյալ քաղաքացու գիտակցության մակարդակը, արդյոք այդ մարդուն կարելի է տրամադրել հրազեն, թե ոչ, դրանով իսկ արդեն կարգավորում և խստացում է»։
16:17 - 12 սեպտեմբերի, 2022
Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել. Անդրանիկ Քոչարյան
 |1lurer.am|

Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստն է անցկացնում: Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կրկին բացակայում են: «Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել: Եթե որևէ մեկը տեղեկություն ունի նրանց գալու կամ չգալու մասին, խնդրում եմ տեղեկացրեք: Եթե չունեք, մենք քվորում ունենք և կշարունակենք մեր աշխատանքը: Քանի որ մեր նախագծի 5-րդ հարցն առնչվում է մեր երկրի անվտանգային խնդիրների կարևորագույն դրույթներից մեկին՝ «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, ափսոսում եմ, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցրած մեր ընկերներն այս քննարկմանը նույնպես չմասնակցելով՝ հեռու են պահում իրենց մեր անվտանգային խնդիրներից»,- ասաց նա:
11:29 - 05 սեպտեմբերի, 2022
Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը լրամշակել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Փոփոխությունները հստակեցնում են զենքի և զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում՝ քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի և ռազմամթերքի տեսակները և կատեգորիաները: Ըստ փաթեթի՝ քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը: Քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք: Փոփոխությունները ներառված են նաև «Հավաքների ազատության մասին»,  «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Գովազդի մասին»  «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Ինկասացիայի մասին» և այլ օրենքներում՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել ոլորտի օրենսդրությունը: Հեղինակները հիշեցրել են, որ «Զենքի մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին և ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Նշվում է, որ գործող օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաև պարգևատրման գործընթացների միջոցով: Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, կարգավորում կարճափող զենքի շրջանառությունը, նաև խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում: Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ըստ հեղինակների միջազգային փորձը փաստում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով՝ նվազում է հանցագործությունների թիվը: Պատգամավորները նախագծում վկայակոչել են Բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի փորձը, ըստ որի քաղաքացիական զենքի վերաբերյալ օրենքի ընդունումից մեկ տարի անց հանցագործությունների քանակը 40-60%-ով նվազել է: Իսկ Մեծ Բրիտանիայում կարգավորումների խստացումը և սահմանափակումը հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների և 25% սպանությունների: Ըստ հեղինակների՝ նման վիճակագրությունը ապացուցում է, որ հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխություններով էլ առաջարկվում է զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենքի ձեռք բերելու թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին զենք և ռազմամթերք վաճառելը, վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանման խախտման համար տուգանք նշանակել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200 հազար): Նույն գործողությունները իրավաբանական անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով և համապատասխան լիցենզիայից զրկում մինչև 3 տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելը, այլ անձանց տալը կամ վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Առանց համապատասխան լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։ Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Նշենք, որ նախագծերն օրակարգ ներառվելու համար նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանան: Լուսանկարում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
14:04 - 03 օգոստոսի, 2022
Մենք ուզում ենք, որ իրենք կիսեն այս պատասխանատվությունը․ Քոչարյանը՝ ընդդիմության բացակայության մասին

Մենք ուզում ենք, որ իրենք կիսեն այս պատասխանատվությունը․ Քոչարյանը՝ ընդդիմության բացակայության մասին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում անդրադարձավ ընդդիմության բացակայությանը։  Նա նշեց, որ նմանատիպ ռեֆորմներ պետությունները ամեն օր չեն անում, և անհրաժեշտ է նաև ընդդիմության ներկայությունը․  «Շատ կարևոր է, որպեսզի քաղաքական իշխանության կողքին լինի քաղաքական ընդդիմությունը։ Ես ասեմ, բոլորին ուղարկել ենք հրավեր։ Մեր միջազգային գործընկերն էլ են այստեղ, այնպես չլինի, որ պատկերացում լինի, որ իշխանությունը իր համար լսում արեց, հետո գնացինք տուն։ Չէ, մենք ուզում ենք, որ իրենք լինեն և կիսեն այս պատասխանատվությունը։ Գոնե մեր հանձնաժողովում մենք միշտ փորձել ենք բերել դեպի քաղաքական հարթակ։ Այստեղ էլ քաղաքական հարթակ է, թող գային։ Հիմա էլ եմ կոչ անում, մի ուշացեք, այսօր չի վերջացել պրոցեսը, շարունակվելու է»։
16:30 - 12 հուլիսի, 2022