Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Ինչու են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցված դրամական աջակցությունը․ պարզաբանում
 |armenpress.am|

Ինչու են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցված դրամական աջակցությունը․ պարզաբանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան  «Արմենպրես»-ի  հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի կողմից գումարները հետ են ուղարկվում, քարտերի և դրանց տվյալների հետ խնդիրներ են առաջանում: «Բնական է, որ նման ծավալի տեղեկատվության մշակման, ճշգրտման և փոխանցման ընթացքում, հնարավոր է, տեղ գտնեն տեխնիկական վրիպակներ, որոնք, սակայն, հնարավորինս օպերատիվ կերպով իրենց լուծումն են ստանում բոլոր ներգրավված կառույցների մասնագետների կողմից: Եթե շահառուն (բացի այն քարտից, որին գումար փոխանցելու խնդիր է առաջացել) ունի այլ քարտ, ապա գումարը փոխանցվում է այդ քարտին: Եթե շահառուն չունի այլ քարտ, ապա անհրաժեշտ է դիմել բանկ՝ նոր քարտ ստանալու համար, որից հետո գումարը կփոխանցվի նոր թողարկված քարտին: Լրացուցիչ բոլոր պարզաբանումների համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,-հավելեցին Կենտրոնական բանկից։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն էլ մանրամասնեց, որ փոխանցումը կատարվում է այն հաշվեհամարին,որը Կենտրոնական բանկից տրամադրվում է նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը։ «Եթե քաղաքացին բանկի հետ կապված իր խնդիրը լուծել է, մեզ փոխանցվում է նոր հաշվեհամար և իրականացվում է փոխանցումը։ 100 հազարների ծրագրի շրջանակում փոխանցումներն ամենշաբաթյա պարբերականությամբ են իրականացվում, հիմնականում ուրբաթ օրերին»,-պարզաբանեց Մանուչարյանը՝ավելացնելով, որ  100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն իսկ վճարման է ուղարկված 104 հազար 200 անձի տվյալ. նրանցից չափահաս՝ 75 հազար 725 անձ , անչափահաս` 28 հազար 475։
09:43 - 10 նոյեմբերի, 2023
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները

Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀԲ-ի հետ համագործակցության հեռանկարները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ կազմակերպության մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկիի գլխավորությամբ ու ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ II) շրջանակում իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայումս իրականացվող աշխատանքները՝ այս համատեքստում առանցքային համարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված միջոցառումները։ Նախարարը շեշտել է, որ տեղահանված հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման նպատակով՝ Կառավարությունը շարունակում է իրականացնել համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմել առկա ֆինանսական խնդիրները։ Այս համատեքստում դիտարկվել է նաև տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադառնալով ՀԲ-ի հետ համագործակցությանը՝ Նարեկ Մկրտչյանն արդյունավետ է որակել համատեղ իրականացված աշխատանքները։ Նախարարն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Միասնական սոցիալական ծառայության 34 տարածքային կենտրոններից 31-ի շինվերանորոգման աշխատանքներն ավարտված են, ինչը հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին մատուցվող անհրաժեշտ ծառայությունները դարձնել ավելի համակարգված ու օպերատիվ։ Միխալ Ռուտկովսկին ևս դրական է գնահատել նախարարության հետ համագործակցությունը, նշել, որ տպավորված է իրականացված աշխատանքով և վստահություն հայտնել, որ ՄՍԾ նոր ու տեխնիկապես հագեցած տարածքային կենտրոնները կշարունակեն տրամադրել առավել որակյալ սոցիալական ծառայություններ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել և իրականացնել համատեղ ծրագրեր՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։
21:49 - 09 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների վճարման գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից. որոնք են պայմանները
 |1lurer.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների վճարման գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից. որոնք են պայմանները |1lurer.am|

1lurer.am: Անկախ այն հանգամանքից, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածները ԼՂ-ում կենսաթոշակ ստացել են թե չէ, նրանք ՀՀ-ում ստանալու են կենսաթոշակ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին որոշվել էր ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել, որի արդյունքում սահմանվել էր, որ նրանք ունեն կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք, եթե բավարարում են ՀՀ օրենսդրության պայմաններին: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ որոշակի փոփոխություններ են կատարվել օրենքում, որով սահմանվել են փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքի իրացման առանձնահատկությունները՝ Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները: «Այսպիսով, երբ կներկայացնենք ԱԺ, դրան հընթացս մենք կստեղծենք էլեկտրոնային հարթակ, և համաձայն այդ հարթակի՝ բոլորին, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ եղանակով կընդունենք ի գիտություն և կսկսենք նրանց կենսաթոշակի իրավունքն իրացնել: Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք արդեն կունենանք լիազորություն՝ օրենքով սահմանված կրիտերիաներով գնահատել և նշանակել կենսաթոշակ կամ նպաստ»,- ասաց նախարարը և հավելեց, որ հարթակի գործարկումից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են դիմել նաև այլ նպաստների համար, օրինակ՝ մայրության կամ երեխաների նպաստների և այլն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ճշտեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում քանի՞ թոշակառու կա, ապա նաև հետաքրքրվեց՝ նրանց թոշակի վճարման գործընթացն ընդհատվելո՞ւ է: Կենսաթոշակառուների թիվը, ըստ նախարարի, շուրջ 15 հազար է, իսկ ինչ վերաբերում է թոշակների վճարման գործընթացին, ապա քանի որ նրանք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացել են հոկտեմբերի 26-ին, ապա գործընթացը կհաշվարկվի հոկտեմբերի 28-ից: Վարչապետն ընդգծեց՝ խորհրդարանական գործընկերներին պետք է խնդրել, որպեսզի հնարավորինս շուտ ԱԺ-ում քննարկումը կազմակերպվի, որի շրջանակում մանրամասն կներկայացվի թոշակներ ստանալու գործընթացը:
12:27 - 09 նոյեմբերի, 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կստանան կենսաթոշակի կամ նպաստի իրավունք․ նախարարը մանրամասներ է ներկայացրել
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կստանան կենսաթոշակի կամ նպաստի իրավունք․ նախարարը մանրամասներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am:  Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հանգամանքից անկախ, բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ձեռք կբերեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունք։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Քանի որ դա որոշակի բյուրոկրատական պրոցեսներ կարող էր ենթադրել, մենք դրանք շրջանցելու համար օրենսդրական տարբեր փոփոխություններ ենք նախաձեռնել, որը  ներկայացնելուց, քննարկելուց, հաստատելուց հետո կկարողանանք մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք ԼՂ-ում արդեն ունեցել են կենսաթոշակի իրավունք, շարունակել տրամադրել իրենց կենսաթոշակները, նպաստները»,-մանրամասնել է նախարարը։ Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք,  ում կենսաթոշակային տարիքը լրացել է  ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածում, անպայման պետք է դիմեն կենսաթոշակի իրավունք ստանալու համար։ Դրա համար կարևոր է, որպեսզի դիմեն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։  Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ ԼՂ-ի տեղահանված անձանց կենսաթոշակ նշանակելու դեպքում, եթե  կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է մինչև հոկտեմբերի 28-ը, ապա նրանց կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած։ «Մյուս կարևոր տեղեկությունն այն է, որ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը։ Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները մինչև միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում դիմում ներկայացնելը, պետք է անպայման հաշվառված լինեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են, որից հետո կկարողանանք մշակել իրենց տվյալները և տալ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք»,-նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ծրագրային կարգավորման, բազաների համալրման անհրաժեշտություն կա, իսկ օրենսդրական և տեխնիկական բոլոր աշխատանքներն ընթացքում են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների իրավունքների իրացման համար։
16:55 - 07 նոյեմբերի, 2023
2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև. ԱՍՀ նախարար
 |news.am|

2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև. ԱՍՀ նախարար |news.am|

news.am: 2024 թվականի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձև: Այդ մասին Ազգային ժողովում ԱՍՀՆ-ի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումները ներկայացնելիս ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը: «Այլևս մինչև 10 տարվա ստաժի 1 տարվա արժեքը չի լինի ավելի բարձր, քան 10 տարուց ավելի ստաժի 1 տարվա արժեքը: Կվերանա նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից և դրան կգումարվեն յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները: Կգործի նաև գործակից, որով կխրախուսվի ավելի երկար տարիների ստաժը, հետևաբար կխրախուսվի աշխատանքը: Բացի դրանից՝ մենք ավագ սերնդի ներկայացուցիչներին աշխատաշուկայում ակտիվ պահելու համար ԱԺ-ի աջակցության փոփոխություն կատարեցինք օրենքում, և ըստ այդմ՝ կենսաթոշակային տարիքը չէ այն սահմանը, որ գործատուն պետք է լուծի պայմանագիրը: Այսինքն՝ եթե ավագ սերնդի ներկայացուցիչների՝ արժեք ստեղծելու ունակությունը դեռ կա, ապա նրանք կշարունակեն աշխատաշուկայում ակտիվ մնալ»,- ասաց նախարարը: Նարեկ Մկրտչյանը նաև ընդգծեց, որ կգործի կենսաթոշակի տարիքի՝ առնվազն 1 տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմ, ինչը նպատակ ունի խրախուսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս աշխատաշուկայում երկար լինեն՝ դրա միջոցով ավագ սերնդի ներկայացուցիչների համար ապահովելով ավելի ակտիվ ծերություն և ավելի բարենպաստ ֆինանսական երաշխիքներ:
16:24 - 06 նոյեմբերի, 2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել  ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ։ Հոկտեմբերի 26-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մեր հայրենակիցների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրակական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում: Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։ Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին: Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում: Տեղեկացնում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած: Կարևոր դիտարկում․ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն: Նշենք, որ այօսր արցախցիները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել․ նրանք պահանջում էին իրենց կենսաթոշակները: «Այստեղ հավաքվել են երկու խումբ մարդիկ՝ մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը զինվորական թոշակառուներն են՝ ուժային կառույցների երկարամյա ծառայության համար։ [...] Փաստորեն, ստացվում է էնպես, որ էն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ մի մասնիկ, հիմա մենք պետք չենք, մեր 20-ից ավելի տարիների կենսագրությունը ջնջում են։ Մենք հիմա էստեղ ո՛չ բունտ ենք անում, ո՛չ ուրիշ բան, ուղղակի պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակները տան», - նշել էր արցախցիներից մեկը։
15:05 - 06 նոյեմբերի, 2023
Բողոքի ակցիա նախարության դիմաց․ արցախցիները պահանջում են իրենց կենսաթոշակները |news.am|

Բողոքի ակցիա նախարության դիմաց․ արցախցիները պահանջում են իրենց կենսաթոշակները |news.am|

news.am: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում արցախցիները. Նրանք պահանջում են իրենց կենսաթոշակները: «Այստեղ հավաքվել են երկու խումբ մարդիկ՝ մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը զինվորական թոշակառուներն են՝ ուժային կառույցների երկարամյա ծառայության համար։ Ես զինվորական թոշակառու եմ։ Վազգեն Սարգսյանի ռազմական ուսումնարանն ավարտել եմ գերազանցությամբ, մեր բոլոր հրամանները՝ պաշտոնի բարձրացման, առաջխաղացման, կոչումների տրման, գալիս էին ՀՀ ՊՆ-ից։ Ես անձամբ  մի քանի անգամ մասնակցել եմ միջազգային մրցումների։ Փաստորեն, ստացվում է էնպես, որ էն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ զինված ուժերի մի մասնիկ, հիմա մենք պետք չենք, մեր 20-ից ավելի տարիների կենսագրությունը ջնջում են։ Մենք հիմա էստեղ ո՛չ բունտ ենք անում, ո՛չ էլ ուրիշ բան, ուղղակի պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակները տան։ Իսկ տարիքով թոշակառուներն արդեն ի վիճակի չեն նոր աշխատանք գտնելու, իրենց ապրուստի միջոցը դա է։ Փաստորեն, ստացվում է, որ մեր երկարամյա ծառայության դիմաց պատժվում ենք», - նշեց արցախցիներից մեկը։ Այդ ընթացքում ակցիայի մասնակիցները հանդիպեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչայնին, ով շտապում էր կառավարություն։ «Հիմա կառավարությունում այս հարցով քննարկման եմ, հետ վերադառնամ, կպատասխանեմ հարցերին», - ասաց նախարարը։
12:23 - 06 նոյեմբերի, 2023
Վերջին ամիսներին բոլորիս ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. Նարեկ Մկրտչյանի ուղերձը

Վերջին ամիսներին բոլորիս ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին. Նարեկ Մկրտչյանի ուղերձը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.  «Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, ամեն տարի նոյեմբերի 4-ին նշում ենք Սոցիալական աշխատողի տոնը։ Վերջին ամիսներին բոլորիս՝ պետական, մասնավոր հատվածի, նախաձեռնությունների, կամավորների ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենակիցները հոգատար, մարդկային վերաբերմունքի ու աջակցության կարիք ունեն, և այս դժվարին ժամանակահատվածում Ձեր՝ սոցիալական աշխատողներիդ դերն անգնահատելի է։ Յուրաքանչյուրդ Ձեր տեղում արեց ու շարունակում է անել իր առավելագույնը՝ մեր հայրենակիցներին օգնելու, կազմակերպվող ամենատարբեր աշխատանքներում իր ներդրումն ունենալու համար։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ պետությունը կարևորում է յուրաքանչյուրիդ անհատական ջանքը, որի դեպքում միայն կարող ենք ունենալ համակարգային առաջընթաց։ Ե'վ Միասնական սոցիալական ծառայությունում, և՛ համայնքներում, և՛ հասարակական կազմակերպություններում ունենք փայլուն սոցիալական աշխատողներ, ովքեր պատրաստ են ու ցույց տվեցին, որ կաշխատեն ուժերի գերլարումով ու նվիրվածությամբ, ովքեր պատրաստ են ներդնել իրենց ողջ ներուժը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման ճանապարհին։ Եվ այո՛, անհատների դերը կարևոր է, բայց փոփոխությունների կարող ենք հասնել միայն համակարգային մոտեցման շնորհիվ․ հենց այս գաղափարն է, որ պիտի միավորի բոլորիս։ Ուզում եմ առանձնացնել նաև խնամքի հաստատություններում աշխատող մեր սոցիալական աշխատողներին, ովքեր պատշաճ կազմակերպեցին մեր հայրենակիցների՝ երեխաների, միայնակ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց ընդունումը, նրանց շուրջօրյա ծառայությունների մատուցումը։ Այսպիսով՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր սոցիալական աշխատողներին, մաղթում եմ ուժ ու նաև վստահություն, որ մենք էլ Ձեր կողքին ենք, տեսնում ու գնահատում ենք Ձեր անձնվեր աշխատանքն ու նվիրումը»։
13:54 - 04 նոյեմբերի, 2023
100 հազար 820 անձ արդեն ստացել է 100-հազարական դրամ միանվագ աջակցությունը. ինչ նոր ծրագիր է մեկնարկում
 |armtimes.com|

100 հազար 820 անձ արդեն ստացել է 100-հազարական դրամ միանվագ աջակցությունը. ինչ նոր ծրագիր է մեկնարկում |armtimes.com|

armtimes.com: Կառավարությունը հերթական միջոցներ է հատկացվել 100 հազար դրամ և 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության տրամադրման շրջանակում վճարման գործընթացների համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, «Հումանիտար կենտրոն»-ում մանրամասնելով կառավարության որոշումը, նշել է, որ 1 մլրդ 370 մլն ֆինանսավորում կհատկացվի այս երկու ծրագրերին: 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն վճարում է կատարվել 100 820 անձի: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, կառավարության երեկվա որոշմամբ, ևս 4200 հոգու համար ֆինանսավորում կհատկացվի, որը առաջիկա օրերին կվճարվի: Ինչ վերաբերում է 40+10 ծրագրին, ապա, ըստ Դավիթ Խաչատրյանի, կառավարության երեկվա նիստով հատկացվել է 950 մլն դրամ: Այս հատկացումներով միասին կֆինանսավորվի 92 525 անձ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև երրորդ ծրագրին, որն արդեն հաջոր շաբաթ կներկայացվի կառավարության նիստի հաստատմանը: Խոսքը վերաբերում է բռնի տեղահանված անձանց առաջնային սպառման ծախսերը հոգալու նպատակով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ հատկացնելուն: Այս ծրագիրը նույնպես վերաբերում է բոլոր տեղահանվածներին՝ անկախ տարիքից և աշխատանք ունենալու հանգամանքից: Ըստ Դավիթ Խաչատրյանի, ծրագրի մասին ավելի հանգամանալից կներկայացվի կառավարության հաջորդ նիստում:
20:08 - 03 նոյեմբերի, 2023
Կառավարությունը ևս 950 մլն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների վճարումներն ապահովելու համար |1lurer.am|

Կառավարությունը ևս 950 մլն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների վճարումներն ապահովելու համար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ-ում ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար սոցաջակցության ծրագրի շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կհատկացվի ևս 950 միլիոն դրամ՝ հոկտեմբերի վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 2-ի նիստին ասաց ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: Ըստ նախարարի՝ նախագծով հատկացվում է նաև 420 միլիոն դրամ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում մշակված և նույնականացված տվյալների վճարումներն իրականացնելու համար: ««40,000+10,000» հազար դրամ աջակցության ծրագրից արդեն իսկ այս պահի դրությամբ օգտվել է 73,196 անձ, նրանցից 69,199-ը ստացել է «40,000+10,000» հազար դրամ, իսկ 3997-ը՝ միայն 10 հազարական դրամ աջակցություն: Հատկացվող գումարը հնարավորություն կտա՝ շարունակելու հոկտեմբերի վճարումները և գումար տրամադրել 19,000 անձի: Արդյունքում կստացվի, որ «40,000+10,000» հազար շահառուների թիվն այս հատկացումներն իրականացնելուց հետո կլինի ավելի քան 92,000 անձ»,- ասաց նախարարը: 100 հազար դրամ ծրագրի շրջանակում տրամադրվող 420 միլիոն դրամով կկատարվեն շուրջ 4200 անձի համար վճարումները, և սրանց գերակշիռ մասն անչափահասներն են, որոնց ծնողները երեխաների համար դիմումները գրել են: Ընդհանուր առմամբ սույն նախագծով առաջարկվում է այս ծրագրերի համար հատկացնել 1 միլիարդ 370 միլիոն դրամ: Նարեկ Մկրտչյանը նաև պարզաբանեց, որ 100 հազար հոգի արդեն իսկ ստացել է 100 հազար դրամ: Եվ քանի որ 100 հազար դրամի շահառու են դարձել նաև մինչև սեպտեմբերի 19-ը Կարմիր Խաչի միջոցով ուսման և բուժման նպատակով ՀՀ տեղափոխվածները, հետևաբար ևս 4200 անձ դեռ պետք է ստանա 100 հազար դրամ աջակցություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, հանձնարարեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանին առաջիկայում մեկ անձի ճշգրտությամբ ներկայացնել տվյալները, ապա դիմելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ ասաց. «Եթե նրանք օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն այն է և մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան ՀՀ-ում, ապրեն, աշխատեն ՀՀ-ում»:
11:58 - 02 նոյեմբերի, 2023
Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Ինչպես է ծախսվել տեղահանվածների աջակցության ծրագրերով պետբյուջեից հատկացված 15 միլիարդ դրամը

Հոկտեմբերի 20-ի դրությամբ ՀՀ կառավարությունը շուրջ 15 մլրդ դրամ է հատկացրել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի իրականացման նպատակով։ Այս մասին «Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Ըստ նախարարության՝ այլ երկրների կառավարությունների, միջազգային կառույցների եւ այլ աղբյուրների կողմից Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության չափը դեռեւս հստակեցման փուլում է, ուստի սեպտեմբերի 19-ից մինչ օրս բոլոր ծախսերը կատարվել են միայն ՀՀ 2023թ. պետական բյուջեից։  15 մլրդ դրամն ուղղվել է տարածքային կառավարման եւ  ենթակառուցվածքների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատանքներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 839 մլն դրամ, որից 100 մլն դրամը հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց՝ Սյունիքի մարզում կեցության ապահովմանը): Այս գումարը տրամադրվել է «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ կեցության ապահովման գործառույթն իրականացնելու նպատակով։  ՏԿԵՆ-ին տրամադրված գումարից 360 մլն դրամը Կառավարության սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ ծախսերի փոխհատուցման համար։ Այդ գումարից 50-ական մլն դրամ ուղղվել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի, իսկ 30-ական մլն՝ մյուս բոլոր  մարզպետարաններին։   Կառավարության հոկտեմբերի 5-ի որոշմամբ մարզպետարաններին նույն նպատակով հատկացվել է 600 մլն դրամ։ Արցախից բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար Արագածոտնի եւ Շիրակի մարզպետարաններին տրամադրվել է 30 մլն, Լոռիին՝ 40 մլն, Տավուշին՝ 45 մլն, Արմավիրին, Գեղարքունիքին եւ Վայոց Ձորին՝ 50 մլն, Սյունիքին՝ 65 մլն, Արարատին՝ 100 մլն, իսկ Կոտայքի մարզպետարանին՝ 140 մլն դրամ։ Նույն նպատակի համար Կոտայքի մարզեպատարանին Կառավարության հոկտեմբերի 12-ի որոշմամբ ուղղվել է եւս 300 մլն դրամ։ Կառավարության հոկտեմբերի 17-ի որոշմամբ մարզպետարանների աշխատակազմերին եւս 1 մլրդ դրամ է հատկացվել՝ դարձյալ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման եւ հյուրանոցային ծախսերի փոխհատուցման համար։ Մեկ այլ՝ հոկտեմբերի 19-ի որոշմամբ շուրջ 479 մլն տրամադրվել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին՝ բռնի տեղահանված անձանց պարենային եւ ոչ պարենային ապրանքներով ապահովման, հյուրանոցային, տրանսպորտային, վարձակալության եւ այլ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով։ Ընդհանուր շուրջ 15 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել է 30 մլն դրամ։ Մասնավորապես, Կառավարության օգոստոսի 11-ի  որոշմամբ, այդ գումարը հատկացվել է առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց՝ որպես Արցախի բնակչության օգնության ծախսերի փոխհատուցում։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի համար (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Կառավարության սեպտեմբերի 22-ի որոշմամբ էլ 15 մլն 911 հազար դրամ է հատկացվել «ԱՍ ԹԻՄ» ՍՊԸ-ին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում Հումանիտար կայանը հիմնելու համար։  221 մլն 676 հազար դրամ էլ սեպտեմբերի 28-ի որոշմամբ հատկացվել է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի՝ Արցախի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալելու եւ կացության կազմակերպման ծառայություններն իրականացելու համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրված ընդհանուր գումարից 10 մլրդն ուղղվել է բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական աջակցությանը՝ համաձայն կառավարության հոկտեմբերի 5-ի եւ հոկտեմբերի 17-ի որոշումների։ Առաջին որոշմամբ 8 մլրդ դրամ բաշխվել է 80 հազար շահառուի՝ մեկ անձի հաշվով 100 հազար դրամ, իսկ երկրորդով՝ 2 մլրդ դրամ բաշխվել է 20 հազար շահառուի։ Կառավարության հոկտեմբերի 19-ի որոշմամբ եւս 2 մլրդ դրամ է հատկացվել նախարարությանը՝ որպես բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն։ Այս գումարը բաշխվել է 40 հազար շահառուների միջեւ՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամ։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ շուրջ 30 մլրդ դրամ նախատեսվում է տրամադրել շահառուներին 6 ամսվա կտրվածքով՝ 2023թ.-ի հոկտեմբերից մինչեւ 2024թ.-ի մարտը ներառյալ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու եւ կոմունալ ծառայությունների ծախսերի փոխհատուցման նպատակով: Հայարփի Բաղդասարյան
21:34 - 01 նոյեմբերի, 2023
ՀՀ ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենի հետ

ՀՀ ԱՍՀ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է ընտանիքների հզորացման ու բարեկեցության ապահովումը, և այս գաղափարի իրագործումը իրատեսական է համարում կայուն զբաղվածության ապահովման միջոցով։ Նախարարի խոսքով՝ այս նպատակով մշակվել է նաև ժողովրդագրական ռազմավարության ծրագիր՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման համար։ Ըստ աղբյուրի՝ Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանն անդրադարձել է ՄՍԾ կողմից իրականացվող աշխատանքներին․ դիտարկվել է ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։ «Ալի Մոհամադ Ղադերին ներկայացրել է կազմակերպության գործունեությանն ու գործառույթներին առնչվող մի շարք մանրամասներ՝ նշելով, որ ինչպես Միասնական սոցիալական ծառայության, այնպես էլ իրենց կազմակերպության գործունեությունն ուղղված է մարդու բոլոր կենսափուլերում սոցիալական աջակցության տրամադրմանը։ Վերջինիս խոսքով՝ կազմակերպությունը շուրջ 160 տեսակ ծառայություն է մատուցում քաղաքացիներին։  ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենն ընդգծել է նաև աշխատուժի փոխանակման, միջին մասնագիտական կրթության զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ պատրաստակամ են հայկական կողմի հետ համագործակցել այս ուղղություններով ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ Ալի Մոհամադ Ղադերին առաջարկել է առաջիկայում քննարկել համատեղ հասարակական կազմակերպություն ստեղծելու հարցը, որը թույլ կտա կողմերին համատեղել ջանքերը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
18:41 - 01 նոյեմբերի, 2023
Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարների միջև

Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարների միջև

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հոկտեմբերի 31-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։  Նախարարության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ «Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև պարբերաբար տեղեկատվություն փոխանակել երկու երկրներում առկա թափուր աշխատատեղերի, ոլորտների, ինչպես նաև պահանջվող մասնագիտական որակավորումների մասին։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև երկկողմ բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ առաջիկայում ևս համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ելնելով երկրների և ժողովուրդների լավագույն շահերից։ Սեյեդ Սոուլաթ Մորթազավին շնորհակալություն է հայտնել նախարարին՝ հրավերն ընդունելու և Իրանի Իսլամական Հանրապետություն այցելելու համար։ Վերջինս նշել է, որ պատրաստակամ են իրենց լավագույն փորձը, ներուժն ու հնարավորությունները ներկայացնել հայկական կողմին՝ ի նպաստ հարևան երկրի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման»,- նշված է հաղորդագրությունում։
10:13 - 01 նոյեմբերի, 2023
Նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում է

Նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն Իրանում է

Հոկտեմբերի 29-ից 31-ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այս մասի հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը։ «Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ ոլորտային համագործակցությունն ինստիտուցինոնալ հիմքերի վրա ամրապնդելու և կապերն ընդլայնելու համար: Հուշագրի ստորագրումը կդյուրացնի նաև միջին և բարձր որակավորում ունեցող աշխատուժի փոխանակման գործընթացը, զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կնպաստի ապօրինի միգրացիայի կանխումը»,- ասված է հաղորդագրությունում։
11:11 - 30 հոկտեմբերի, 2023
Զինվորական ապահովագրության հիմնադրամից գումար ստացած ԼՂ զոհված զինծառայողների ընտանիքները, որոնց բանկային հաշվին այդ գումարները դեռ կան, նույնպես կստանան 50 հազար դրամ աջակցությունը |1lurer.am|

Զինվորական ապահովագրության հիմնադրամից գումար ստացած ԼՂ զոհված զինծառայողների ընտանիքները, որոնց բանկային հաշվին այդ գումարները դեռ կան, նույնպես կստանան 50 հազար դրամ աջակցությունը |1lurer.am|

1lurer.am: 100-հազարական դրամների գործընթացը մոտենում է ավարտին, այսօր ևս 3000 անձի կփոխանցվի գումարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ընդունված որոշման համաձայն՝ 100-հազարական դրամի շահառու կդառնան նաև մինչև սեպտեմբերի 19-ը Կարմիր խաչի միջոցով Հայաստան բուժման կամ ուսման նպատակով տեղափոխվածներն ու նրանց ուղեկցողները: Ինչ վերաբերում է նոյեմբերին և դեկտեմբերին առաջնային սպառողական ծախսերի համար տրամադրվելիք 50-հազարական դրամ աջակցությանը, որի շահառու չէին դառնալու բանկային հաշվին բավարար չափով միջոցներ ունեցողները (գումարի չափը դեռ չի որոշվել - խմբ.), ապա այդ մասով լինելու են որոշ բացառություններ: «Օրինակ կարող եմ բերել զոհվածների ընտանիքներին, որոնք Զինվորական ապահովագրության հիմնադրամից ստացել են այդ միանվագ գումարները, և դեռևս պահպանում են իրենց հաշիվները, այս ընտանիքներն անպայմանորեն կլինեն բացառությունների շարքում»,- ասաց նա:
16:48 - 27 հոկտեմբերի, 2023