Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբդալլահ Ալի Ալ-Յահյային նախարար նշանակվելու կապակցությամբ և հայտնել պատրաստակամությունը համատեղ ջանքերով հարստացնել երկկողմ օրակարգը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում առկա ներուժն իրացնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու շփումերն արդեն իսկ լավ հիմքեր են ստեղծել, իսկ բարձրաստիճան փոխայցելությունները կարող են լրացուցիչ խթան հաղորդել ձևավորվող օրակարգին: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում հստակ հանձնառության և սահմանազատման հետագա գործընթացում առավել հստակության ապահովման կարևորության վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի: Որպես խաղաղության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, դրա տնտեսական առավելություններն ու ներդրումների համար ստեղծվող հնարավորությունները:
16:32 - 01 մարտի, 2024
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

2024 թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։   ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակելու բանակցությունները բաց հարցերի շուրջ։   Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։   Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։
17:07 - 29 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանն ու Անալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Արարատ Միրզոյանն ու Անալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով:
17:30 - 28 փետրվարի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծմանը

ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր տնօրենն անդրադարձել են մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծմանը

Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՍՀԿ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ջանքերն առավել սերտ գործընկերության ուղղությամբ, այդ թվում՝ կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Երկուստեք ընդգծվել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության, տնտեսության, կրթական ոլորտներում, ինչպես նաև գործարար կապերի առաջմղման, կանանց ու երիտասարդության ներգրավվման ավելացման ուղղությամբ փոխգործակցության մեծ ներուժը և այն առավելագույնս օգտագործելու պատրաստակամությունը: Այս առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է ՄՍՀԿ պայմանագրային բազային ՀՀ միանալու հանգամանքը և համագործակցության արդեն իսկ ձևավորված հաջող փորձը: Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը և ՄՍՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել հնարավոր փոխայցելություններին, ինչպես նաև ՄՍՀԿ ակադեմիայի հետ համագործակցության միջոցով ընձեռնվող հնարավորություններին: Մտքեր են փոխանակվել նաև մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:  
22:00 - 27 փետրվարի, 2024
Հայաստանը առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր. Միրզոյանի ելույթը

Հայաստանը առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր. Միրզոյանի ելույթը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում: «Հարգարժա՛ն Համաժողովի նախագահ, Հարգարժա՛ն Համաժողովի գլխավոր քարտուղար, Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ պատվիրակներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հանդես գալ Զինաթափման համաժողովին՝ որպես դիտորդ պետություն։ Մենք հավատացած ենք, որ Զինաթափման համաժողովը ծառայում է որպես ազգերի միջև երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն և փոխըմբռնում ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Հայաստանը, որպես դիտորդ երկիր, ցանկանում է ակտիվորեն ներգրավվել համաշխարհային մակարդակում զինաթափման ջանքերի խթանմանն ուղղված խորհրդակցություններին, քննարկումներին և նախաձեռնություններին: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը սպառազինությունների վերահսկման և չտարածման ոլորտներում միջազգային պարտավորությունների համընդհանուր կատարմանը և մեր հաստատակամ աջակցությունը դրա հիմքում ընկած կառույցներին: Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի լիարժեք, ամբողջական և արդյունավետ իրականացմանը։ Լինելով զենքի չտարածման քաղաքականության ակտիվ ջատագով՝ մենք վերահաստատում ենք մեր լիակատար համապատասխանությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը։ Ավելին՝ «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը» մենք համարում ենք անփոխարինելի հենասյուն և գործիք միջուկային զենքի չտարածման և զինաթափման համաշխարհային ռեժիմի համար: 21-րդ դարի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար նոր միջազգային կարգավորիչ գործիքները կամ մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն հավանական հակամարտությունները կանխելու և կյանքեր փրկելու համար՝ միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը համապատասխան: Այս առումով, մեր խորին համոզմունքն է, որ մեր համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն մեր ձեռք բերածը պաշտպանելուն և առաջ մղելուն, այլև արագ տեխնոլոգիական առաջընթացին համապատասխանեցնելուն, հատկապես արհեստական բանականության, մահաբեր ինքնավար զենքի համակարգերի կամ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների ոլորտում։ Տիկնայք և պարոնայք, Հայաստանը քաջատեղյակ է հակամարտությունների կործանարար ազդեցությանը՝ մեր նորագույն պատմության մեջ անցնելով պատերազմների ողբերգական հետևանքների միջով։ Այս ցավոտ անցյալը մղում է մեզ համառորեն հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման, սպառազինության անվերահսկելի և զանգվածային ձեռքբերման կանխարգելման և զինաթափման օգտին: Սպառազինությունների վերահսկման ռեժիմների քայքայումը վակուումում տեղի չի ունենում։ Դա սովորաբար հետևանք է հիմնական պայմանագրերին և փաստաթղթերին տարիներ շարունակ անհամապատասխանության, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության այնպիսի կարևոր սկզբունքների նկատմամբ անտարբերության, ինչպիսիք են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումը և միջազգային խաղաղության ու անվտանգության, բարիդրացիական հարաբերությունների պահպանումը։ Նման խախտումների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման միջազգային ձախողումները սովորաբար վերածվում են արյունալի հակամարտությունների և ռազմական գործողությունների: Նման պայմաններում է, որ Ադրբեջանը 2020 թվականին դաժան պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ներթափանցեց Հայաստանի ինքնիշխան տարածք և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ավելի քան 108 000 բնիկ հայ բնակչության էթնիկ զտման ենթարկեց իր նախնիների հայրենիքից։ Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում անվտանգային իրադրությունը մնում է անկայուն, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականությունից: Մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման նախապես համաձայնեցված սկզբունքներից հետ կանգնելով՝ Ադրբեջանը շարունակում է նոր տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը և 1991 թվականի սահմանը վերականգնելու նպատակով սահմանազատման գործընթացի իրականացումը հետևողականորեն մերժվել են Ադրբեջանի կողմից։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը շարունակում է իր իրական ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և հավատի հաստատման ուղղությամբ։ Այդ նպատակով մենք առաջարկել ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի միաժամանակյա դուրսբերում՝ սահմանակից տարածքների հետագա ապառազմականացմամբ։ Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր առաջարկները մինչ այժմ անտեսվել կամ մերժվել են Ադրբեջանի կողմից, մենք վճռական ենք շարունակելու մեր ջանքերը։ Հարգելի՛ գործընկերներ, Սպառազինությունների վերահսկման և չտարածման ճարտարապետությունը ստեղծվել է բոլորի համար ավելի անվտանգ և ապահով կյանք երաշխավորելու նպատակով: Դա հնարավոր չէ իրականացնել առանց համատեղ ջանքերի, փոխզիջումների և քաղաքական կամքի։ Մենք հավատացած ենք, որ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունն ու համագործակցությունն արդյունավետ զինաթափման ջանքերի հիմնաքարերն են։ Հայաստանը պատրաստկամ է համագործակցել անդամ երկրների հետ՝ կիսելով փորձը, գիտելիքները և ռեսուրսները՝ մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց հաղորդակցության և ընդհանուր եզրեր գտնելու հանձնառության միջոցով մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի ապահով և անվտանգ աշխարհ: Շնորհակալ եմ»,- ասել է Միրզոյանը:
19:53 - 27 փետրվարի, 2024
Տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանների անձեռնմխելիությունը խաղաղության միակ ճանապարհն են․ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի հանձնաժողովում

Տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանների անձեռնմխելիությունը խաղաղության միակ ճանապարհն են․ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի հանձնաժողովում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում: Ստորև՝ նախարարի ելույթն ամբողջությամբ. «Հայաստանը շնորհավորում է Մարոկկոյի ներկայացուցիչ Օմար Զնիբերի նախագահությամբ ընտրված Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին և մաղթում է ամենայն բարիք այս հեղինակավոր մարմնի ղեկավարման գործում: Մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց մարդու իրավունքների նկատմամբ հանրային անտեսման և պաշտոնական արհամարհանքի մասին: Նա կոչ արեց կանգնել պատմության ճիշտ կողմում, ամենուր ոտքի կանգնել մարդու իրավունքների համար։ Իրոք, աշխարհը դառնում է վտանգավոր վայր, երբ մարդու իրավունքներին հանձնառությունը հետընթաց է գրանցում, երբ մեր ընդհանուր սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես՝ միջազգային իրավունքը, մարդու իրավունքներն ու մարդասիրական իրավունքը անտեսվում և լայնորեն խախտվում են: Հայաստանն այս հեղինակավոր խորհուրդը դիտարկում է որպես ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման առանցքային հիմնասյուներից մեկը: Այդ իսկ պատճառով այս նստաշրջանում Հայաստանը ներկայացնում է Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձև։ Մենք կարծում ենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը պետք է շարունակի իր ներդրումը ցեղասպանության արհավիրքին հակազդելու միջազգային ջանքերում, հատկապես վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների կարողությունների ուժեղացման ուղիների ուսումնասիրման միջոցով: Սա է նոր նախագծի հիմնական առանձնահատկությունը։ Մենք ակնկալում ենք լայն աջակցություն այս վեհ նպատակին:  Պարոն Նախագահ, 2020 թվականից մեր տարածաշրջանում շարունակաբար խախտվում են մարդու իրավունքները և միջազգային մարդասիրական իրավունքը։ Վերջին երեքուկես տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տուժել է ագրեսիվ պատերազմից, արտադատական սպանություններից, կամայական կալանավորումներից, բռնի անհետացումներից, խոշտանգումներից, սովից և անմարդկային վերաբերմունքի այլ ձևերից։ Այդ բնակչությունը դիմակայեց Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի տասը ամիս շարունակվող շրջափակմանը, այնուհետև վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտման: Ադրբեջանի նման քաղաքականության ականատեսն ենք եղել անցյալ դարի 80-ականներից։ Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։ Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաբնակ այլ քաղաքներում նմանատիպ գործողությունների հետևանքով շուրջ 360 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը, նրանց զրկել են իրենց բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության իրավունքից և ապաստան են գտնել Հայաստանում: Ավելի վաղ նույն քաղաքականության հետևանքով հայերը լքել են Նախիջևանի իրենց տները: Տիկնայք և պարոնայք, Լեռնային Ղարաբաղի դեպքում սպասվող վայրագությունների մասին նախազգուշացնող նշանների պակաս չկար, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հայտարարությունները, ՄՔԴ-ի հրամանները, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգի մանդատատար հանրային հաղորդագրությունները: Սակայն դա բավարար չէր միջազգային հանրության համար, և ես կրկին մեջբերում եմ գլխավոր քարտուղարին, որ «պետք է կանգնել պատմության ճիշտ կողմում, տեր կանգնել մարդու իրավունքներին»։ 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել շուրջ 145 հազար մարդ։ Այստեղ պետք է փաստեմ, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը նրանց իրավունքների և կարիքների հասցեագրման համար։ Այժմ փորձում ենք հաղթահարել կարճաժամկետ մարտահրավերները՝ ապահովելով հասանելիություն կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահական համակարգերին, աջակցելով նրանց բնակարանային ապահովմանը։ Մենք արդեն ծրագրում ենք կոնկրետ գործողություններ՝ լուծելու միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները՝ ուղղված ԼՂ հայերի հետագա ինտեգրմանը։ Տիկնայք և պարոնայք, 1990-ականների և 2020-ի պատերազմներից հայկական կողմն ունի ավելի քան 1000 անհետ կորած և բռնի անհետացած: Ադրբեջանում ունենք 23 ռազմագերի և այլ պահվող անձինք: Հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման հսկայական լուրջ վտանգի առաջ է և, ինչպես նշել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, մեջբերում եմ. «կարող են մշակութային զտումներ լինել»: Շարունակվում են Ադրբեջանի կողմից հրահրված ռազմատենչ հռետորաբանությունը և ռազմական սրացումները։ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումումից հետո Ադրբեջանի կողմից ուժի անօրինական կիրառման անպատժելիությունը հանգեցրեց նոր տարածքային պահանջների Հայաստանի նկատմամբ։ Ներկայիս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացնում են որպես, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան, որը հորինվել է տարածաշրջանում լարվածությունը պահպանելու հստակ մտադրությամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու դրանից։ Համոզված ենք, որ 1991 թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության, սահմանների անփոփոխելիության փոխադարձ ճանաչումը և ԽՍՀՄ-ի ամենավերջին և օրինական քարտեզների հիման վրա միջպետական սահմանի սահմանազատումը միակ ճանապարհն է դեպի խաղաղություն և կայունություն։ Մենք նաև հավատում ենք, որ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը՝ պետությունների ինքնիշխանության ու իրավասության հարգանքի և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա, կարող է ստեղծել լրացուցիչ փոխկախվածություն՝ ամրապնդելով Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունությունը։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով մեր իրական շահագրգռվածությունն ու քաղաքական կամքը՝ բացելու բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները։ Եզրափակելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած բոլոր խնդիրներին ու մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարության ամրապնդում, և մենք հպարտանում ենք արձանագրված ուշագրավ ձեռքբերումներով։ Հռոմի կանոնադրությանը միանալը ևս մեկ, սակայն կարևոր քայլ է այդ առումով և հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության մեր հանձնառության անսասան նշան: Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկում նաև կանանց, երեխաների և այլ խոցելի խմբերի իրավունքների ամրապնդման, աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»։
15:50 - 27 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորությունը

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորությունը

Փետրվարի 26-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների և բռնի անհետացած անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը՝ վերահաստատելով հայկական կողմի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությունը խնդրո շուրջ համագործակցության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
21:57 - 26 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Փետրվարի 26-ին Ժնևում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և ձեռքբերումներին, որոնց շնորհիվ Հայաստանը միջազգային տարբեր հեղինակավոր կառույցների վարկանիշներով տարածաշրջանում զբաղեցնում է առաջատար դիրքեր: Անդրադառնալով աշխարհի տարբեր անկյուններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին՝ ընդգծվել է առկա գործիքակազմի արդյունավետ օգտագործման կարևորությունը, քանզի հակառակը հանգեցնում է լրջագույն խախտումների կանխարգելման հարցում ձախողման ու աղետալի իրավիճակների կրկնության։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վոլկեր Տյուրկը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները՝ հիմնված տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության առանցքային սկզբունքների աներկբա հարգման վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այս սկզբուքներին հստակ հավատարմության, ինչպես նաև տարածաշրջանում ագրեսիվ հռետորաբանությունից և գետնի վրա իրավիճակի սրանն ուղղված քայլերից զերծ մնալու պարագայում հնարավոր կլինի առաջ շարժվել խաղաղության գործընթացում»։ 
20:49 - 26 փետրվարի, 2024