Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին

Ես և Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանն այս հարցը քննարկել ու ամուր փակել ենք. Թաթոյանն անդրադարձել է ՄԻՊ-ի «Ֆեյսբուք»-ի էջի շուրջ պտտվող լուրերին

Քանի որ իմ պաշտոնավարման մինչև վերջին րոպեները ողջ աշխատակազմով եղել ենք գերծանրաբեռնված կոնկրետ գործերով, նման հարցերով զբաղվելու ժամանակ ընդհանրապես չենք ունեցել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի Ֆեյսբուքի էջի շուրջ պտտվող լուրերին: «Երբ ստանձնել եմ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի էջը չի եղել առհասարակ. ինձանից առաջ պաշտոնավարած Մարդու իրավունքների պաշտպանն ամբողջությամբ փակել էր բոլոր էջերը կամ «տարել» իր հետ:  Քանի որ ինքս կարևորում եմ կոնկրետ գործ անելն ու նման մանր հարցերի ուշադրություն չեմ դարձնում, առանց որևէ ձայն անգամ բարձրացնելու կամ անգամ որևէ մեկի այդ մասին ասելու, բացել ենք նոր էջ, որը հետագայում զարգացվել է բացառապես իմ անձնական միջոցներով: Ինքս Ֆեյսբուքի տեխնիկական լուծումներին կամ հարցերին չեմ տիրապետում: Դրանից բացի, քանի որ էջը մի քանի ադմին է ունեցել, թյուրիմացաբար էջում կատարվել են փոփոխություններ, որոնք լրացուցիչ մի քանի ժամանակատար խնդիր էին առաջ բերել: Բացի այդ, խնդիր էր առաջացել իմ ինստագրամյան անձնական էջը Ֆեյսբուքից առանձնացելու հարցում: Այս ամենի մասին տեղեկացրել էի նաև Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանին:  Ինչևէ, մենք երկուսով այս փոքր հարցը քննարկել ու վաղուց ամուր փակել ենք»,-մասնավորապես նշված է նախկին ՄԻՊ-ի գրառման մեջ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ փետրվարի 24-ին ՄԻՊ-ին է փոխանցվել Թվիթերի պաշտոնական էջն ու ֆեյսբուքյան խմբերը, կփոխանցվի նաև Ֆեյսբուքի գլխավոր պաշտոնական էջը:
10:29 - 28 փետրվարի, 2022
ՄԻՊ պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս․ Արման Թաթոյան

ՄԻՊ պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս․ Արման Թաթոյան

ՀՀ արդեն նախկին (2016-2022թթ․) ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Սիրելի´ հայրենակիցներ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջին վայրկյաններն աշխատել եմ բացարձակ նույն սկզբունքներով ու գաղափարներով, ինչ ընտրվելուս առաջին օրից սկսած` անկախությամբ և երդմանս հավատարիմ: Ինձ համար իմ նվիրումի միակ չափանիշը եղել է ուժեղ պետականութունը՝ հիմնված մարդու իրավունքների ու ժողովրդավարության վրա։ Հենց ամուր պետականությունն է մեր իրավունքների իրական երաշխավորը, մեր Հայրենիքի պահապանը: Ցավոք, այսօր մեր երկիրը, մենք բոլորս կանգնած ենք պատմական նշանակության մարտահրավերների, արտաքին ամենալուրջ սպառնալիքների առաջ. մեզ պայքարի համար անհրաժեշտ է խաթարված հանրային համերաշխության վերականգնում, համազգային միասնություն ու վստահություն իրար նկատմամբ: Միայն այսպես կկարողանանք ամրացնել մեր պետականությունը և դառնալ վստահ առաջընթացի ճանապարհին: Բայց այս նպատակի ճանապարհին պետք է ուժեղ լինի պետության նկատմամբ քաղաքացու վերահսկողությունը: Հիմա անչափ կարևոր է այնպես անել, որպեսզի որևէ հանրային գործիչ չհամարձակվի մոլորեցնել այնպիսի հայտարարություններով կամ անի այնպիսի քայլեր, որոնք բխում են իր քաղաքական կամ անձնական շահերից, բայց վնասում են մեր երկրի ու բոլորիս անվտանգությունը: Նման արատավոր երևույթները թուլացնում են մեր պետականությունը, սպառնալիք են մեր անվտանգությանը: Առկա խնդրից թաքնվելով կամ խնդիրն անտեսելով` այն աղետի կվերածենք: Ինքս, անկախ դժվարություններից, երբեք չեմ հուսահատվել: Կատարել եմ բացառապես մասնագիտական արժանապատիվ ու պատվախնդիր աշխատանք՝ ապաքաղաքական ու անկողմնակալ սկզբունքներով: Չնայած բարդ է եղել, բայց դժվարություններից չեմ ընկրկել։ Եվ, իհարկե, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում մինչև վերջ իմ պաշտոնավարումը ոչ թե որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի ձեռքբերումն է կամ բարի կամքը, այլ իմ հաստատակամությունը և հավատարմությունը երդմանս։ Այս ողջ ընթացքում սերտ համագործակցել ենք միջազգային կազմակերպությունների ու այլ երկրների իմ գործընկերների, Հայկական սփյուռքի հետ: Մշտական կապի մեջ ենք եղել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների ու լրագրողների հետ: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պետական մարմինների այն գործընկերներին, որոնք գիտակցեցին Մարդու իրավունքների պաշտպանի իրական կարգավիճակը, չդարձան քաղաքական կապանքների զոհը և ցուցադրեցին պետական մոտեցում: Սիրելի՜ հայրենակիցներ, Հատուկ երախտագիտություն եմ հայտնում ձեզ բոլորիդ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որ վստահեցիք ինձ: Ինքս երբեք որևէ հարցում ձեր նկատմամբ ազնվությունը չեմ թողել, միշտ եղել եմ շիտակ ու չեմ նայել, թե ինչ անձնական կամ այլ հետևանքներ կարող են լինել: Միակ նվիրականը եղել է ամուր պետականությունը, իսկ հայրենասիրությունն ուղղակի պատվաբեր առաքելություն է: Նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանին շնորհավորել եմ պատվաբեր պաշտոնը ստանձնելու առիթով,  քննարկել ենք մի շարք հարցեր ու մաղթել եմ հաջողություններ աշխատանքում: Այսուհետ ևս շարունակելու եմ ծառայել պետության ամրացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործին իմ առավելագույն հնարավորություններով, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն աջակցելով»։  
20:03 - 26 փետրվարի, 2022
Իմ դիմումի համաձայն կազատվեմ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից․ Նունե Հովսեփյան

Իմ դիմումի համաձայն կազատվեմ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից․ Նունե Հովսեփյան

Արդեն մեկ շաբաթ է գտնվում եմ արձակուրդում, որի ավարտից հետո իմ դիմումի համաձայն կազատվեմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նունե Հովսեփյանը։«Իմ կարծիքով՝ նոր ՄԻՊ-ը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ով իրականացնի իր աշխատանքի հանրայնացումը և այդ հարցում չպետք է կաշկանդված լինի իմ պաշտոնի համար նախատեսված երաշխիքներով։ Վերջին 5 տարիներն ինձ համար եղել են փորձություններով, հիասթափություններով ու հաջողություններով լի տարիներ։ Անկախ դրանից՝ ամեն օր զարգացրել եմ իմ մասնագիտական կարողություններն ու ներդրել դրանք իմ աշխատանքում՝ առանց հաշվի առնելու օրվա ժամը, տոնական օրերն ու իմ անձնական կյանքը։ Շնորհակալ եմ իմ ղեկավարին՝ պարոն Թաթոյանին, հանրային կապերի պատասխանատու ու բարդ ոլորտն ինձ վստահելու համար և, իհարկե, այն բոլոր մարդկանց, որոնք տարբեր տարիներին աշխատել են հանրային կապերի բաժնում, քանի որ առանց թիմային աշխատանքի հնարավոր չէ ապահովել դրական արդյունք։ Շնորհակալ եմ նաև լրագրող գործընկերներիս, քանի որ իմ կարծիքով՝ համագործակցությունն իսկապես ստացված է եղել։ Ցանկացած աշխատավայրում առաջնայինն ինձ համար եղել և մնում են մարդիկ, և ես շատ ուրախ եմ, որ այս աշխատավայրից ևս շատերը կմնան իմ կյանքում՝ որպես անփոխարինելիներ: Այս տարիներին ձեռք եմ բերել այնպիսի կարևոր փորձ ու հմտություններ, որոնք իմ առջև արդեն նոր հնարավորություններ են բացել»,-գրել է Նունե Հովսեփյանը:
21:51 - 25 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը

Արման Թաթոյանը ԵԽ պատվիրակությանը ներկայացրել է իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերը

Փետրվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին։   Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ:   Առանձին անդրադարձ է կատարվել այն հարցին, որ բարձրագույն դատական խորհրդում բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հստակ և կանխատեսելի ընթացակարգ, այդ թվում՝ գոյություն չունի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը բողոքարկելու իրավունք:   Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը:
22:24 - 24 փետրվարի, 2022
ՄԻՊ-ի գործունեությունում խոչընդոտներ առաջացնող օրենսդրության հարցով Թաթոյանը դիմել է ՍԴ

ՄԻՊ-ի գործունեությունում խոչընդոտներ առաջացնող օրենսդրության հարցով Թաթոյանը դիմել է ՍԴ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի օրենսդրությունը, որը խոչընդոտներ է հարուցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության համար՝ աշխատակազմի հետ կապված կարևոր հարցեր կախվածության մեջ դնելով Կառավարությունից: Այս մասին նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։ «Խոսքը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վարչապետի, ՀՀ առաջին փոխվարչապետի որոշումների և մի շարք այլ ակտերի դրույթների մասին է: Այս հակասահմանադրական ակտերի, ինչպես նաև Կառավարությունում քաղաքացիական ծառայության համակարգի պատասխանատու պաշտոնյաների մոտ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ սկզբունքային սխալ պատկերացումների, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով մենք աշխատանքում բախվում էինք խոչընդոտների արդեն տևական ժամանակ: Անգամ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովն իրենց պաշտոնական դիրքորոշումներով քննադատության ենթարկեցին առկա վիճակը. այդ թվում՝ սահմանադրականության տեսանկյունից, բայց հարցն այդպես էլ չլուծվեց»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:
21:01 - 23 փետրվարի, 2022
Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Արման Թաթոյանի վերաբերյալ

Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Արման Թաթոյանի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ ադրբեջանական ԶԼՄ-ները ՄԻՊ-ի վերաբերյալ հրապարակում են ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ։ «Ծայրահեղ ատելություն ու վիրավորանքներ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ` կապված ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, Արցախ Պաշտպանի վերջին այցի հետ, իսկ պաշտոնավարման ավարտն ադրբեջանական ԶԼՄ-ներին պատճառել է մեծ ուրախություն: Այդ հրապարակումներից որոշները ներկայացնում ենք լուսանկարներով մի քանի օրինակ, որ պարզ լինի ծայրահեղական բառապաշարը՝ սկսած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին «հոգեկան առողջության, գլխի ու այլ հիվանդությունններ» վերագրելուց, «հիստերիա» կամ «գողական», «հոգեպես խանգարված» անվանելուց մինչև սպառնալիքներ: Այս հրապարակումները նաև պարունակում են մեծածավալ խորքային հայատյացություն: Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից բնակիչների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, ապառազմականացված անվտանգության գոտու, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական կոչերի անազնիվ լինելու վերաբերյալ մեր հիմնավորված վերլուծությունները դարձել են ոչ թե պարզապես քննադատության, այլ խորքային վիրավորանքների ու ատելության առարկա՝ միախառնած բազմաթիվ սպառնալիքներով: Ակնհայտ է, որ չկա պատկերացում կոնկֆլիկտային կամ հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների հաստատության կամ Օմբուդսմանի միջազգային դերի մասին կամ անտեսում են ամեն ինչ. բոլոր հրապարակումներն անխտիր քաղաքական երանգներով են` բացահայտ անհիմն: Հատուկ եմ արձանագրում, որ անկախ վիրավորանքի ու ատելության այս արշավներից՝ մշտապես եմ բարձրացրել ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների, Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքներին առնչվող հարցերը»,-գրել է ՄԻՊ-ն ու հրապարակել այդ նյութերից լուսանկարներ։
10:05 - 23 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Արման Թաթոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, Արման Թաթոյանը ներկայացրել է իր գործունեության 6 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, խոսել է անվտանգության գոտու ստեղծման հրատապության մասին։
16:08 - 22 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը պատերազմական հանցանքների ապացույցներ է ուղարկել այլ պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ

Արման Թաթոյանը պատերազմական հանցանքների ապացույցներ է ուղարկել այլ պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ այսօր ավարտել են 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքների վերաբերյալ նոր ապացույցների հետազոտությունը և հաղորդումները՝ ուղարկելու համար այն պետությունների Դատախազության ու Ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդհանուր իրավազորություն (general jurisdiction): Կուղարկվեն նաև նրանց Արտաքին գործերի նախարարությունների մարմիններին: «Աշխատանքի ծավալը պատկերացնելու համար ուղղակի ասեմ, որ միայն օբյեկտիվ ապացույցներից խոսքը խոշտանգման, սպանությունների ու դաժանությունների 245 տեսանյութի և 120 լուսանկարի մասին է, ընդհանուր՝ 365 միավոր: Հաղորդումներն ամրապնդված են փաստերով և վերաբերում են հետևյալ հիմնական հարցերի. 1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց կանխամտածված սպանություն, 2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք, այդ թվում` գլխատումներ, մարմնի մասերը կտրել և այլն, 3) սպանված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինների անարգանք, 4) արգելված կասետային զինատեսակներով քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական բնակավայրերի ավերում, 5) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում, 6) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում, 7) պատերազմ սանձազերծելը COVID-19 համավարակի պայմաններում՝ Արցախի ու Հայաստանի առողջապահական համակարգերը կաթվածահար անելն ու մահվան դեպքերի շեշտակի աճին նպաստելը, 8)կրոնական պատկանելիության հիմքով զինծառայող և քաղաքացիական անձ գերիների խոշտանգումների փաստեր, եկեղեցիների ոչնչացում ու պղծում, դրանց պատկանելիության վերացմանն ուղղված քաղաքականություն, 9) պատերազմի ընթացքում հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից և ազգամիջյան թշնամանքի հրահրում և խրախուսում երկու ժողովուրդների միջև, 10) գերիների հայրենադարձման արհեստական ձգձում քաղաքական հաշվարկների համար (փաստացի մարդկանց առևտուր) ու դրանով հոգեկան տառապանքների պատճառում նրանց ընտանիքներին: Տեսանյութերն ադրբեջաներենից կամ ռուսերենից (որոշ տեսանյութերում ադրբեջանական զինվորականները խոսում են ռուսերեն) թարգմանվել են, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով ամրագրվել են տեսանյութերին` ենթագրերի (subtitles) տեսքով, համակարգված վերլուծվել են, և այդ ամենին կցվել են մի քանի հարյուր էջ հասնող իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի 2016-2022թթ. անգլերեն զեկույցները: Կցել ենք նաև ՀԿ-ների զեկույցներ: Ընդ որում, բոլոր հնարավոր դեպքերում հատուկ գրել ենք, թե մեր համոզմամբ՝ որ մարմիններն են կատարել հանցանքները, որ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Նշել ենք նաև կոնկրետ պաշտոնյաների: Ցույց ենք տվել, որ այս հանցանքները ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի շարունակվող քաղաքականության հետևանքներն են, էթնիկ զտումների արդյունք, և այս սպառնալիքն այսօր էլ վերացած չէ: Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության: Սա իմ երկրորդ հաղորդումն է պատերազմից հետո: Այս անգամ մի փոքր այլ ճանապարհով ենք գնացել: Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Ամեն դեպքում, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի մեր հայրենակիցների իրավունքների խախտումների, նրանց նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցանքներ կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության՝ ի նպատակ դրանց կանխարգելման: Բոլոր նյութերը կուղարկվեն նաև միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն): Այս աշխատանքները կատարվել են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի ու փորձագետների, մեր գործընկերների ջանքերով՝ բոլորս միասին»,- նշված է հայտարարության մեջ:
22:58 - 21 փետրվարի, 2022
Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. ՄԻՊ

Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. ՄԻՊ

«Թույլ չտալ, որ պատերազմից հետո Արցախում խաղաղ կյանքը վերականգնվի, ամեն ինչ անել, որ մարդիկ լինեն հուսահատության մեջ ու ապրեն վախի զգացումով. սա ադրբեջանական իշխանությունների նպատակային, համակարգված քաղաքականություն է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ այդ եզրակացությունը հիմնված է փաստերի, Արցախի համայնքներում ուսումնասիրությունների, մարդկանց հետ քննարկումների ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ վերլուծությունների վրա: «Խաղաղ բնակիչների կյանքի, արաժանապատիվ ապրելու և կենսական մյուս իրավունքների խախտումները, սպառնալիքներն ուղղված են խաղաղ բնակչության կյանքն անհնարինության վերածելուն: Ընդ որում, կրակոցներն էլ ահաբեկչական բնույթի են. օրինակ՝ ուղիղ կրակում են մարդկանց տների վրա, երբ գիշերը քնած են կամ երբ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում և այլն: Բայց մարդիկ բոլորն էլ տրամադրված են խաղաղ ապրելուն ու զարգանալուն. հերոս են: Նույնը նաև վերաբերում է Հայաստանի սահմանային բնակիչներին: Ուղղակի մենք ինքներս՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, պետք է համակարգված գործենք, ճիշտ հասկանանք ադրբեջանական իշխանությունների արարքների իրական մոտիվները, շարժառիթները: Ճիշտ գնահատենք մեր կյանքի անվտանգության հարցերն ու իրավունքների երաշխիքները: Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները մոլորեցնեն միջազգային հանրությանը. պետք է հասկանալ իրական մտադրություններն ու դրանք բացահայտող փաստերը: Այսօր էլ Արցախյան շարժման 34-րդ տարվա` 1988թ. գլխավոր օրերից է, որ խորհրդանշում է իրավունքների պաշտպանության համար պայքարը»,- գրել է Արման Թաթոյանը:
14:25 - 20 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը այցելել են Սյունիքի մարզ

Արման Թաթոյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը այցելել են Սյունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով համատեղ այց է կատարվել Սյունիքի մարզ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ երեխաների իրավունքների վիճակն ուսումնասիրելու և աջակցության ծրագրեր քննարկելու նպատակով: «Սյունիքում երեխաների իրավունքների հարցերն ունեն առանձնակի արդիականություն: Հարցն այն է, որ երեխայի միջազգայնորեն երաշխավորված լսվագույն շահերը կոպիտ ոտնահարված են ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով. օրինակ՝ Կապան-Ճակատեն ճանապարհի արգելափակման պատճառով անօրինական սահմանափակվել է երեխաների կրթության իրավունքը, նրանք զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից: Սյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու հետևանքով խաթարվել է երեխաների անվտանգությունը (օրինակ՝ Ներքին Հանդի դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետրի հեռավորություն է, իսկ մեկ այլ դեպքում բնակելի տներն ու կրթական հաստատությունները նրանց դիտարկման ներքո են): Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի աջակցությամբ՝ տիկին Քրիսթինե Վայգանդի հետ երեկ համատեղ այցեր ենք իրականացրել Կապանի մանկական համայնքային կենտրոն, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Տեղի է ունեցել առանձին հանդիպում Կապանի համայնքային սոցիալական աշխատողների հետ: Կապանի մանկական կենտրոնում փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանի, մանկավարժների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ քննարկել ենք մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող, ծնողական խնամքից զրկված, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու ապրելակերպին վերաբերող աշխատանքները։ Սոցիալական աշխատողները և Կապանի մանկական կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց հետո բազմաթիվ են լինում ահազանգերը՝ կապված երեխաների անվտանգության: Ճանապարհն ադրբեջանական զինծառայողների կողմից արգելափակվելուց հետո էլ երբ ահազանգեր են ստանում, չեն կարողանում այցելել երեխաներին, ծնողները նույնպես մեծ խնդիրների առաջ են կանգնած, քանի որ մեծ բարդություններ են առաջ եկել ճանապարհից օգտվելու հարցում: Նշվածից բացի, քննարկումների ընթացքում արձանագրվել են ներառական կրթության ոլորտի խնդիրները: Դրանցից կարևորներից է այն, որ գրեթե բացակայում են պետության իրազեկումները, չկան ուսուցիչների բավարար մասնագիտական վերապատրաստումներ, ինչի պատճառով ոչ միայն չկա պատկերացում դրա վերաբերյալ, այլ անգամ կոնֆլիկտներ են առաջանում ներառական կրթություն ապահովող դպրոցներ հաճախող երեխաների ծնողների և ուսուցիչների միջև։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում շրջայց են կատարել և ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար նախատեսված պայմաններին։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրել է երեխաների համար նախատեսված դասընթացները, աշխատանքների կազմակերպումը: Այնուհետև, այցելել ենք «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այստեղ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ միասին ծանոթացել ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների հետ կապված պայմաններին, նրանց ընտանիքներին ցերեկային ծառայությունների տրամադրմանը։ Այստեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներն արդեն իսկ կարևոր ծրագրեր իրականացրել են: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին բոլոր այցերի ժամանակ հաստատությունները ներկայացրել են իրենց կարիքները: Կապանից բացի, այցի ընթացքում ՄԱԿ-ի գործընկերոջս ներկայացրեցի պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների պատճառով երեխաների իրավունքների խախտման փաստերը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով երեխաները չեն կարողանում հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին): Երեխաների առաջնային շահերից է բխում նրանց անվտանգության ու կենսական իրավունքների ապահովումը: Քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության լրացուցիչ ծրագրեր իրականացնելու հարցերը: Սյունիքի մարզում (Կապան, Գորիս և այլ համայնքներ) կարևոր միջոցներ արդեն իսկ ձեռնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և պրոֆեսիոնալ անձնակազմը: Սյունիքի մարզ իրականացրած այս համատեղ այցի համար երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին ուշադիր վերաբերմունքի համար և, իհարկե, նրա համար, որ անմիջապես համաձայնեց իմ հրավերին իրականացնելու համատեղ այցը»,- գրել է Արման Թաթոյանը:
11:27 - 19 փետրվարի, 2022
Հ1-ի «Լուրեր»-ով ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է

Հ1-ի «Լուրեր»-ով ՄԻՊ-ի գործունեությունը չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հետևանք է: Այս մասին գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Infocom-ը՝ նշելով, որ Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները։ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ վերոնշյալ եզրահանգման համար հիմք են ծառայել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենից ու Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պարզաբանումները, դրանց բովանդակային կրկնությունները, շահարկող շեշտադրումներն ու համադրված վերլուծությունները: «Հատուկ ընդգծում ենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը ոչ միայն չլուսաբանելու, այլ նաև վարկաբեկելու նպատակային քաղաքականություն: Խոսքը, մասնավորապես, միևնույն հաղորդավարի վարած մի քանի հաղորդումների մասին է, որոնց ընթացքում նա հնչեցնում է ոչ թե հարցեր, այլ տալիս է ակնհայտ միակողմանի, մասնագիտական որևէ հիմնավորում չունեցող գնահատականներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ. ցուցադրելով ակնհայտ տպավորություն, որ ամենից շատ ինքն է Պաշտպանի մշտադիտարկման օբյեկտիվ արդյունքների ծանր ազդեցության տակ: Նախ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հարցման պատասխանում Հանրային հեռարձակողի խորհուրդը փորձել է մանիպուլացնել ժամանակահատվածը և աղավաղել է իրականությունը՝ նախկին հրապարակումները ներկայացնելով` որպես Պաշտպանի գործունեության պատշաճ լուսաբանում այն դեպքում, երբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումը և եզրահանգումները վերաբերել են կոնկրետ ժամանակաշրջանի՝ 2021թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 2 ու այս պրակտիկան շարունակվում է: Երկրորդ, Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարության առիթ դարձավ նաև fip.am-ի «Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով» վերտառությամբ կարևոր հրապարակումը. այստեղ ուղիղ շեշտադրված է փաստը, որ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներից մեկը՝ նախորդ գումարման ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի ամուսինն է: Ստացվում է՝ «վերադաս» և «ենթակա» պաշտոնյաներն ընտանիքի անդամներ են: Ընդ որում, հենց Վ.Թևոսյանն էլ մասնացել է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցի քննարկմանն ու պատասխանի կազմմանը, որ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությանը: Այսինքն` ամուսինը մասնակցել է իր կնոջ ղեկավարած միավորի (մարմնի) կողմից ՀՀ օրենսդրությունը խախտելու, կողմնակալ լինելու, մարդու իրավունքները խախտելու մասին հարցի քննարկմանը: Ակնհայտ է, որ այստեղ գոյություն ունի շահերի բախում, և ակնհայտ առաջացնում է «Լուրեր» հաղորդման կողմնակալության հարց: Ավելին, սա իրական գործոն է, որ կասկածի տակ է դնում Հանրային հեռարձակողի խորհրդի անկողմնակալությունն առհասարակ. սա լուրջ հարց է առաջացնում, թե շահերի ակնհայտ բախման այս պայմաններում ինչպես է ապահովվում ՀՀԽ-ի լիազորությունների պատշաճ կատարումը: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխանն էլ Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում տեղադրված է ողջ խորհրդի անունից, հետևաբար նշանակում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխանի կազմմանը մասնակցել և որոշումը կայացրել են խորհրդի բոլոր անդամները, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր Վ. Թևոսյանը։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պատասխանից ակնհայտ է, որ նա չի տիրապետում իր ղեկավարած հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման աշխատանքային սկզբունքներին. սա այն դեպքում, երբ ինքը մասնագիտությամբ լրագրող է և ունի լրատվական բնույթի հաղորդումներում աշխատելու երկարամյա փորձ: Ըստ այդմ, հանրությանը ներկայացնում ենք հիմնական նշանակության մի քանի հարցադրում (ընդամենն օրինակներ), որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվել: Ինչպե՞ս է ստացվել, որ պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման պահանջ ունեցող «Լուրեր»-ի թողարկումը բացահայտ միակողմանիորեն եթեր է հեռարձակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններն ակնհայտ անհիմն հերքող պետական մյուս մարմինների հաղորդագրությունները, բայց ինքնին բուն խնդիրների վերաբերյալ Պաշտպանի հաղորդագրություններին Հ1-ը որևէ անդրադարձ չի կատարել։Ինչպե՞ս է ստացվել, որ 5 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կամ աշխատակազմի ներկայացուցչի հետ որևէ անգամ որևէ թեմայով հարցազրույցի հրավեր «Լուրեր»-ից չի նախաձեռնվել։ Մարդու իրավունքներին վերաբերող հարցերում որևէ անգամ չի պարզվել, թե ինչ դիրքորոշում կամ գործունեության արդյունքներ ունի Մարդու իրավունքների պաշտպանը:Ինչպե՞ս է ստացվել, որ, օրինակ, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Սյունիքի մարզում փաստահավաք աշխատանքներին, ադրբեջանական խախտումներին ոչ միայն անդրադարձ չկա որևէ թողարկման ընթացքում, այլ հակառակը՝ այդ օրերին եթեր են հեռարձակվել միակողմանի, սահմանային իրական վիճակն ու փաստերը խեղաթյուրող բազմաթիվ ռեպորտաժներ, որոնք հակադրվում են ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը, օրինականացնում են ադրբեջանական հանցավոր արարքները: Որևէ նյութում անդրադարձ չկա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ինչպե՞ս է հիմնավորվում, որ հատկապես արգելափակված է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունների լուսաբանումը:Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի և Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պատասխաններում առկա են նաև ձևակերպումներ, որոնք շատ ավելի են հարցեր առաջացնում, քան պարունակում են պատասխաններ: Օրինակ՝ մի դեպքում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը նշում է. «Որևէ միտում չկա մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները կամ գործունեությունը չլուսաբանելու, եթե այդպիսի լուսաբանման վերաբերյալ կա հանրային պահանջ և համագործակցության ցանկություն Ձեր կողմից», իսկ մեկ այլ հատվածում ավելացնում. «Իսկ կոնկրետ Ձեր գործունեությանը և Ձեզ անդրադարձ կատարվել է մի շարք դեպքերում, երբ այդպիսի լուսաբանումը կարծել ենք պահանջարկ ունի հանրային հեռարձակողի հեռուստալսարանի համար»։ Օբյեկտիվ դիտողի մոտ ակնհայտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կամ ի՞նչ չափանիշով են Հ1-ում գնահատում, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ո՞ր հայտարարությունը «պահանջարկ ունի հանրային հեռարձակողի հեռուստալսարանի համար» և որը չունի։ Ավելին, օրվա լուրերը կամ եթեր հեռարձակվող թեմաները որոշելու հարցում Հանրային հեռուստաընկերության համար, որը ՀՀ կառավարության հիմնադրած հանրային հեռարձակող է, «կարծել»-ը չի կարող օբյեկտիվ չափանիշ լինել: Կամ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է որոշվում հանրային պահանջը կամ համագործակցության ցանկությունը. հատուկ ընդգծում ենք, որ նախորդող գրեթե 5 տարիների ընթացքում Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ լուսաբանումն իրականացվել է բարեխղճորեն և բազմակողմանի, ուստի բացառիկ են եղել են դեպքերը, երբ Պաշտպանի աշխատակազմի համապատասխան բաժինը դիմել է այս կամ այն հարցը լուսաբանելու խնդրանքով։ Մեկ այլ դեպքում էլ և´ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, և´ Հանրային  հեռարձակողի խորհուրդը լրատվական թողարկումները համեմատության մեջ են դնում Հանրային հեռուստաընկերության այլ ձևաչափի հաղորդումների հետ՝ փորձելով հոգեբուժարաններում, քրեակատարողական հիմնարկներում, զինծառայողների բժշկական օգնության ու բնակարանային ապահովման, կանանց ու երեխաների իրավունքների, առողջապահական ու սոցիալական և այլ ոլորտներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների չլուսաբանումը քողարկել հեռուստատեսային այլ ֆորմատների հաղորդումներում դրանց անուղղակի անդրադարձով. այսինքն՝ կրկին Պաշտպանի հաստատության դիրքորոշումները շրջանցելով: Նախ, բոլորի համար պարզ է, որ մարդիկ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջնային տեղեկություններ են ստանում գլխավորապես լուրերի միջոցով, այլ ոչ թե այլ ձևաչափերի հեռուստահաղորդումների։ Դրանից բացի, հատուկ ընդգծում ենք, որ այդ ոլորտների հարցերի զգալի մասում Մարդու իրավունքների պաշտպանը տվյալների բացառիկ աղբյուր է, այլընտրանք ապահովող սահմանադրական հաստատություն՝ որպես շատ հարցերում առաջնային աղբյուր և դա պայմանավորված է հաստատությանը Սահմանադրությամբ ու միջազգայնորեն վերապահված երաշխիքներով (oրինակ՝ անարգել այցեր ցանկացած հաստատություն ցանկացած ժամի)։ Հատուկ ընդգծում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի հավակնություն ամեն օր, տարբեր թողարկումներով հայտնվել հեռուստաեթերում, այստեղ հարցն ինստիտուցիոնալ է. անտեսված են մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն խնդիրներ, տեղի է ունենում ՀՀ օրենսդրության ոտնահարում, որ դատապարտելի գործելաոճով տևական ժամանակ անում է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը։ Ստացվում է` այս եղանակով «դաս» է տրվում երկրում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Հետագայում վերականգնվելու դեպքում անգամ միևնույնն է` սա թողնելու է իր անվերականգնելի հետքը: Այսքանով համարում ենք այս թեմայի հրապարակային արձագանքը սպառված. այս հայտարարությունը ևս կուղարկվի միջազգային կազմակերպություններին երկրում խոսքի ազատության վիճակն ու այլակարծության խրախուսումը գնահատելիս հաշվի առնելու, հետագայում մարդու իրավունքների և օրենսդրության նման խախտումները կանխելու համար»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
11:52 - 18 փետրվարի, 2022
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին

Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է: Այս մասին միասնական հայտարարություն են տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանական իշխանությունները միշտ են վարել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու, մարդու իրավունքները խախտող, խաղաղության դեմ ուղղված պատերազմական հանցանքները թաքցնելու քաղաքականություն` կեղծելով փաստերը: Սրանով շարունակաբար կոպիտ կերպով խախտել են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային բացարձակ պահանջները: Հայաստանի և Արցախի, ինչպես նաև՝ միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ: Իրականում, տարիներով է վարվել հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:  Փաստացի, վարվել է ցեղասպան քաղաքականություն, որը շարունակվում է նաև ներկայում:  Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը` ապահովելով նույնական վերարտադրություն հետագայում և ատելության տարածում հասարակությունում (հիմնավորվում է փաստերով): Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով: Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնչացնելու համար։  Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում COVID-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ: Նույն կերպ էլ նրանք տարբեր գործիչների, իրավապաշտպանների ու լրագրողների (այդ թվում` միջազգային) նկատմամբ թշնամանքի մղումով քրեական գործեր հարուցելով փորձել են ուղղակի քողարկել իրենց կատարած ու կատարելիք վայրագությունները Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ:  44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունն ավելի է սաստկացել, ստացել է նոր դրսևորումներ. թույլ չեն տալիս մարդկանց վերականգնել կյանքը պատերազմից հետո, անընդհատ խաղաղ բնակչության համար փորձում են ստեղծել հուսահատության մթնոլորտ` մարդկանց անվտանգության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների դեմ ամենօրյա հանցավոր ոտնձգություններով ու այլ ահաբեկչական արարքներով: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների վերը շարադրված գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել մեր բազմաթիվ զեկույցներում: Ուստի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Անգամ ադրբեջանական իրավապահ մարմինների բառապաշարն է բացահայտ վկայում այդ նպատակի մասին: Սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլացիայի վրա: Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքցնելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքների համար»,- նշված է Մարդու իրավունքների պաշտպանների հայտարարության մեջ: Պաշտպանները տեղեկացնում են, որ այս համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով:
10:23 - 18 փետրվարի, 2022