Զվարթնոց օդանավակայան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Դեռևս 1985թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին:

2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011թ. աշնանը:

Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30x350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO 2-րդ կարգին:

2013թ. հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները՝ համաձայն որոնց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

Ինչպե՞ս վերադառնալ Հայաստան կամ մեկնել` օդային փակ սահմանների պայմաններում |ampop.am|

Ինչպե՞ս վերադառնալ Հայաստան կամ մեկնել` օդային փակ սահմանների պայմաններում |ampop.am|

ampop.am: 34-ամյա Արման Թահմազյանի կինը հունվարի 31-ին մեկնել էր ԱՄՆ՝ տեսակցելու ծնողներին ու քրոջը։ Սովորական այցելությունը նախատեսվածից կրկնակի երկար տևեց․ մարտի կեսերից երկրներն իրար հաջորդելով արտակարգ դրություն սահմանեցին, սահմանները փակվեցին, չվերթները չեղարկվեցին։ Թռիչքներ չկան, տուն վերադառնալու հնարավորություն՝ ևս։ Տանը, բացի ամուսնուց, Արփինեին սպասում են նաև նրա երեք անչափահաս որդիները՝ 12, 5 և 2 տարեկան։ Արմանը խոստովանում է, որ այս շրջանում կնոջ բացակայության հետ հաշտվելուց ավելի դժվար երեխաների խնամքն է։ Այդ հարցում նրան մայրն է օգնում։ «Նախատեսել էինք, որ մայիսին պիտի վերադառնա, բայց տարբերակ չկար։ Արդեն 6-րդ ամիսն է լրանում, ինչ Լոս Անջելեսում է։ Պիտի հասցնի վեց ամիսը լրանալուց 2 օր շուտ Հայաստան գալ»,- պատմում է Արմանը։ Նրա խոսքով, Արփինեն օրերս կարողացել է մի քանի չվերթի տոմս գնել, որոնցով էլ առաջիկա օրերին կհասնի Հայաստան։ Առաջին չվերթով Արփինեն Կալիֆոռնիայից նախ կժամանի Ամստերդամ, այնտեղից՝ Սանկտ Պետերբուրգ, հետո մեկ այլ չարտերային չվերթով՝ Երևան։ Ըստ Արմանի, նախկին արժեքից կրկնակի են վճարել։ Սակայն այս պահին նրանց համար ամենակարևորն այն է, որ չվերթները ժամանակին իրականացվեն։ Հատուկ չվերթներ Հուլիսի 6-7-ին Երևան ժամանող չվերթների ցուցակը, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան Chilli Travel Club տուրիստական գործակալության արտագնա տուր-մենեջեր Մարիամ Հովհաննիսյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Լոս Անջելեսից-Երևան առաջիկայում նախատեսվում են առնվազն երկու ուղիղ չարտերային չվերթներ, մեկը հուլիսի 11-ին, մյուսը՝ հուլիսի 15-ին։ Առաջին թռիչքի տոմսերն արդեն սպառվել են։ Ինքնաթիռը միայն մեկ ժամով կանգ է առնելու Ռեյկյավիկի օդանավակայանում (Իսլանդիա)՝ վառելիքի վերալիցքավորման նպատակով։ Իսկ Երևան- Լոս Անջելես չվերթը նախատեսված է հուլիսի 13-ին։ «Լոս Անջելեսից-Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, իսկ դեպի Լոս Անջելես չվերթը նախատեսված է ԱՄՆ քաղաքացիների և այն անձանց համար, որոնք ունեն վիզա։ Թռիչքից կարող են օգտվել նաև անձինք, որոնք ԱՄՆ-ում ունեն մոտ բարեկամներ՝ ամուսին, կին, երեխաներ, ծնողներ»։ Տուր-մենեջեր Մարիամն ասում է՝ եթե նախկինում Երևան-Վարշավա (կամ Քաթար)- Լոս Անջելես տոմսն արժեր 400 հազար դրամ (835 դոլար), ապա հիմա չարտերային թռիչքի տոմսի արժեքը 1350 դոլար է։ Նրա խոսքով մեկնողները բավականին շատ են․ կան մարդիկ, որոնք պետք է ԱՄՆ մեկնեն, քանի դեռ վիզայի ժամկետը չի լրացել։ Արտակարգ դրության պայմաններում Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու հարցում իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսությունը, հայ-իսլանդական խորհրդարանական-բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, «Ֆեստ ավիա» ՍՊԸ-ն և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Դեպի Հայաստան ժամանող չվերթների շարքում է նաև Մինսկ-Երևան չվերթը։ «Գործում է նույն սկզբունքը, եթե ՀՀ քաղաքացին եվրոպական որևէ երկրից ուզում է վերադառնալ Հայաստան, պետք է Մինսկ մեկնելու ուղի գտնի, այնտեղից էլ՝ Երևան։ Երևանից թռիչքը Եվրոպայի քաղաքացիների համար է, նաև ՀՀ քաղաքացիների, բայց դա արդեն կոնկրետ դեպքով ու անհրաժեշտությամբ է պայմանավորված»,- ասում է Մարիամը։ Նրա խոսքով, կա նաև նախնական պայմանավորվածություն լեհական LOT ավիաընկերության հետ՝ հուլիսի 17-ին և 18-ին դեպի Վարշավա թռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն, եթե արտակարգ դրությունը շարունակվի, և օդային սահմանները չբացվեն, թռիչքները չեն կայանա։ Brussels Airlines-ը նախատեսում է հուլիսի 14-ից շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնել։ Տեղեկությունը հաստատում են նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Չվերթներ զբոսաշրջային նպատակով՝ Կահիրե և Դուբայ Ընդհանուր առմամբ, հայաստանյան տուրիստական գործակալություններում առաջիկա թռիչքների մասին հստակ պատասխաններ չեն հնչում։ Հուլիս ամսին նախատեսված գրեթե բոլոր թռիչքները 50/50 կանխատեսմամբ են նշանակված։ Չվերթները միայն չարտերային են, առաջարկվող ուղղություններն էլ նախկինի նման բազմազան չեն․ հիմնականում՝ Կահիրե և Դուբայ՝ զբոսաշրջային նպատակով։ Շարունակությունը՝ ampop.am-ում
19:06 - 07 հուլիսի, 2020
ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ․ ԱԱՏՄ

ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը շարունակում է աշխատել ուժեղացված գրաֆիկով․Բելառուսից ու այլ չարտերային չվերթերով ՀՀ եկողները, որոնց մեծ մասը ժամանում է ՌԴ-ից, անցնում են պարտադիր ջերմաչափում եւ կասկածելի կլինիկական ախտանշանների արտաքին զննում, ստանում են դիմակներ։ Այս մասին հայտնում է ԱԱՏՄ-ն։ Բոլորի տվյալներն անմիջապես մուտքագրվում են «Արմեդ» էլեկտրոնային համակարգ, ինչն էապես արագացնում է տեղեկությունների ամբողջական պատկերի ստացումն ու դրանք տվյալ անձանց բնակության վայրի պոլիկլինիկաներին տրամադրումը։ Երկիր մուտք գործողներին ԱԱՏՄ հսկիչ կետի աշխատակիցները նաեւ ծանուցում են 14 օրով ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին։ Բոլոր անձինք ծանոթանում են դրան ու ստորագրում այն․ առանց ստորագրելու նրանց մուտքը երկիր չի թույլատրվի։ Տրամադրվող ինքնամեկուսացման թերթիկի վրա նաեւ ներկայացված է, թե այս պահանջի խախտումն ինչ տուգանքներ է ենթադրում։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաեւ դիտարկում են «Զվարթնոց» օդանավակայանում պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը։
18:29 - 05 հուլիսի, 2020
ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է

ԱԱՏՄ «Զվարթնոց» սահմանային կետը վերազինվել է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցում և մուտքագրում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ՝ ամբողջական և ճշգրիտ տվյալներ ապահովելով ՀՀ պետական սահմանը հատող անձանց վերաբերյալ, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց վիճակի հետագա վարումն անխափան կազմակերպվի։ Նախկինում այս աշխատանքի փոխարեն սահմանային կետում լրացվում էին հասցեական քարտեր։
16:59 - 20 հունիսի, 2020
Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուր ընտանիք

Լավագույնը «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան» տարբերակն է. Ազնավուր ընտանիք

Նիկոլա Ազնավուրը «Զվարթնոց» օդանավակայանն անվանափոխելու կոչով չի դիմել, այլ հայտնել է ընտանիքի դրական դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Ազնավուր ընտանիքը կարևորում է հանրային կարծիքը և ցանկանում շեշտել, որ նման հարցի լավագույն հանգուցալուծումը կլինի հին անվանման զուգակցումը նորի հետ՝ միջազգային փորձին հետևելով: Այս մասին նշված է «Ազնավուր» հիմնադրամի  հայտարարության մեջ; Հայտարարությամբ նաև ընդգծվել է. «Սույն թվականի հունվարին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Զվարթնոց» օդանավակայանի և Շառլ Ազնավուրի անվան շուրջ քննարկումների վերաբերյալ: Արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխության կամ լրացման շուրջ 2018-ից ի վեր հանրության շրջանում և մեդիայում ակտիվորեն շրջանառվող քննարկումներին, ինչպես նաև Հանրային խորհրդի հրապարակած հայտարարությանը՝ հարկ ենք համարում Նիկոլա Ազնավուրի և հիմնադրամի դիրքորոշումը հայտնել հարցի շուրջ։ Ընդգծենք, որ տարեսկզբին պարոն Փաշինյանին ուղղված նամակով Նիկոլա Ազնավուրը չէր դիմել օդանավակայանի անվանափոխության առաջարկով, այլ արձագանքել էր արդեն իսկ մեկնարկած նախաձեռնությանը։Նամակում մասնավորապես նշվում է. «2018 թվականին, երբ հայրս հեռացավ կյանքից, մենք տեղեկացվել էինք այն մասին, որ անվանափոխությանն ուղղված մեծ արշավ է սկսվել, և «Ազնավուր» հիմնադրամն էլ բազում նամակներ էր ստանում՝ դրա հետ կապված։ Մեր ընտանիքը սգի մեջ էր, և այդ օրերին մենք որևէ կերպ չենք արձագանքել նմանօրինակ նամակներին ու հայտարարություններին։ Վերջերս, սակայն, տեղեկացանք, որ հունվարի 11-ից նույն նախաձեռնության նոր ալիք է բարձրացել. լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բուռն քննարկվում է առաջարկը ու քվեարկության դրվում՝ պարզելու հանրության վերաբերմունքն այդ հարցի շուրջ։ Ուսումնասիրելով լրատվամիջոցների հրապարակումները, քննարկումներն ու այլ հայտարարություններ հարցի շուրջ՝ մեզ համար պարզ դարձավ, որ մարդիկ շատ դրական են վերաբերվում անվանափոխությանը, բայց ունեն նաև համակրանք և մեծ կապվածություն «Զվարթնոց» անվան հետ։ Այդ իսկ պատճառով կարծում ենք, որ լավագույն տարբերակը կարող է լինել օդանավակայանը կոչել «Շառլ Ազնավուրի անվան Զվարթնոց միջազգային օդանավակայան»։ Աշխարհում նման ձևաչափով անվանակոչման բազում օրինակներ կան, մասնավորապես՝ Փարիզի Շառլ դը Գոլը, Շերեմետյեվոյի Պուշկին միջազգային օդանավակայանը, Հռոմ-Ֆյումիչինո «Լեոնարդո դա Վինչի» միջազգային օդանավակայանը, Վարշավայի Ֆրեդերիկ Շոպեն օդանավակայանը, Ռիո դե Ժանեյրոյի Անտոնիո Կառլոս Ջոբիմ/Գալեաո միջազգային օդանավակայանը, Հումբերտո Դելգադոյի անվան Լիսաբոնի օդանավակայանը, Բարսելոնայի Ժոզեֆ Թարադելլասի օդանավակայանը և այլն։  Տեղյակ եմ, որ անվանակոչություների համար Կառավարությանը հարկավոր է ընտանիքի անդամների և հեղինակային իրավունքները տնօրինողների համաձայնությունը։ Սույն նամակով ցանկանում եմ հայտնել մեր պատրաստակամությունն ու աջակցությունը Զվարթնոց օդանավակայանի անվանմանը Շառլ Ազնավուրի անունն ավելացնելու նախաձեռնությանը։ Մենք վստահ ենք, որ նոր անունն է՛լ ավելի մեծ միջազգային հետաքրքրություն կբերի Հայաստանին՝ օգնելով աշխարհում Հայաստանի առաջխաղացմանը», - ասված էր նամակում»»:  
19:30 - 18 մայիսի, 2020
«Ազնավուր» հիմնադրամը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոց»-ն ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ

«Ազնավուր» հիմնադրամը ՀՀ կառավարությանն է դիմել «Զվարթնոց»-ն ի պատիվ Շառլ Ազնավուրի անվանակոչելու առաջարկությամբ

Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։ Ի նկատի ունենալով Արտակարգ դրության պայմաններում ՀԽ-ի ու նրա համապատասխան հանձնաժողովների կողմից նիստերի հրավիրման դժվարություններն ու անհնարինությունը, հարկադրված կլինենք այս և մյուս խնդիրների քննարկումն ու եզրակացությունների հաստատումը կատարել էլեկտրոնային կամ հեռավար եղանակներով։ Հանրային խորհրդի բոլոր անդամներին ուղարկվել է ՀՀ կառավարությունից ստացված փաթեթը, սակայն ոչ պակաս կարևոր է նաև հանրության տեսակետը գոնե սոցիալական ցանցերի օգնությամբ, ինչի նպատակով էլ տեղադրվում է առաջարկությունը ՀԽ ֆեյսբուքյան էջում։ Ուրախ կլինենք ձեր դիտարկումներն ու կարծիքներն ստանալ այս հարցի կապակցությամբ։ Հարգանքով՝ Ստյոպա ՍաֆարյանՀանրային խորհրդի նախագահ»
13:42 - 18 մայիսի, 2020
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները դեռ կմնան ինքնամեկուսացման մեջ «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի / փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակ, ինչը նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աէրոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված է նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ։
13:00 - 29 մարտի, 2020
Արմենիա ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին կտրամադրի վաուչերներ

Արմենիա ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին կտրամադրի վաուչերներ

«Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չեղարկված չվերթների ուղևորներին կառաջարկի իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում այս մասին գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Հարգելի գործընկերներ և ուղևորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չվերթների զանգվածային կասեցումը և տոմսերի վերադարձները, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկելու է իրենց տոմսերի արժեքներին համարժեք վաուչերներ մեկ տարի ժամկետով օգտագործման պայմանով։ Արմենիա ավիաընկերության աշխատակազմի 95 տոկոսը գտնվում է իրենց հասանելիք և ավիաընկերության կողմից վճարվող արձակուրդում։ Ավիաընկերությունը չի հրաժարվում իր պարտավորություններից և ակնկալում է ձեր փոխըմբռնումը ստեղծված իրավիճակում։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն»,- գրել է Խաչատրյանը։ «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկել է բոլոր չվերթները՝ մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվել են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները:
16:33 - 23 մարտի, 2020
«Զվարթնոց» օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով

«Զվարթնոց» օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը, սակայն չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս մասին գրում է օդանավակայանի ֆեյսբուքյան էջը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.«Հարգելի քաղաքացիներ,ցանկանում ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:Չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին»։
15:27 - 15 մարտի, 2020
Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը․ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան |news.am|

Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը․ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան |news.am|

news.am: Առողջապահական եւ աշխատանքի տեսչության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան ներկայացրել է, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանում: Հայտնի է, որ վաղը՝ մարտի 15-ին, Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար հատուկ չվերթ կիրականացվի։ «Նման դեպքերի համար կան նախապես մշակված ընթացակարգեր, որոնց նպատակն է հնարավորինս նվազեցնել վարակի ներբերում եւ տարածումը մեր երկրում: Տվյալ թռիչքի ուղեւորները անմիջապես մեկուսացվում են այլ ուղեւորներից, հատուկ գոտիներ են ստեղծվում, որտեղով նրանք կարող են դուրս գալ առանց շփվելու այլ չվերթներով ժամանած ուղեւորների հետ: Արգելվում է նրանց մուտքը «դյութի ֆրի» գոտիներ: Անձնակազմի անդամները, որոնք աշխատանքի բերումով կարիք են ունենալու շփվել այդ ուղեւորների հետ, ունենալու են հատուկ պաշտպանիչ միջոցներ, ինչը եւս իր հերթին թույլ է տալու նվազեցնել վարակման որեւէ դեպք: Բացի այդ, նրանց ժամանումից հետո անմիջապես կատարվում են ախտահանման աշխատանքներ բոլոր այն տարածքներում, որտեղով նրանք անցնում են»,-ասաց Հայկ Կարապետյանը: Դիտարկմանը, թե բացի ուղեւորների ջերմությունը չափելուց ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվում, նա պատասխանեց. «Ջերմաչափում է կատարվում, վիզուալ զննում է կատարվում, անհրաժեշտության դեպքում հարցում է կատարվում: Այդ երեքը միասին տալիս են ամբողջական պատկեր, որը սահմանին մուտքի համար բավարար է գնահատական տալու, իսկ դրանից հետո հաջորդ 14 օրվա ընթացքում նրանք գտնվելու են առողջապահական համակարգի հսկողության ներքո»: Համաճարակաբանի խոսքով, բոլոր չվերթների դեպքում լրացվում են հասցեական քարտեր. «Լրացվում է չվերթի համարը, ժամանման ամսաթիվը, ժամանման երկիրը, քաղաքը, անուն ազգանուն, հեռախոսահամար եւ ՀՀ-ում գտնվելու վայրը: Նպատակն այն է, որ եթե նրանցից որեւէ մեկի մոտ հաջորդ օրերին կհայտնաբերվի վարակ, մենք անմիջապես կարողանանք նրանց հայտնաբերել: Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը: Վայրեէջքից առաջ մեզ արդեն հայտնում են տվյալ կասկածով ուղեւորի առկայության մասին, եւ մենք հատուկ ընթացակարգով տվյալ ուղեւորին տարհանում ենք: Իսկ այն ուղեւորները, որոնք սերտ շփման մեջ են եղել այդ ուղեւորի հետ, այսինքն մոտ են նստած եղել, վերցնում ենք ավելի խիստ հսկողության տակ»: Նա հավելեց, որ այսօր արդեն կա դրական փորձ. Չինաստանը, Ճապոնիան, Սինգապուրը, Հարավային Կորեան կարողացել են հաղթահարել համաճարակը:  
15:12 - 14 մարտի, 2020