Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են խորացնել գործակցությունը արևային էներգետիկայի արտադրության ոլորտում

Հայաստանն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են խորացնել գործակցությունը արևային էներգետիկայի արտադրության ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը ԱՄԷ-ից ներդրումների հոսքը կազմել է շուրջ 135 235.1 մլն դրամ, որից ուղղակի համախառն հոսքերը՝105 192.0 մլն դրամ։ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գործարար և միջպետական գործակցությունը շարունակում է ընդլայնվել։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:  
22:01 - 24 հունվարի, 2024
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

Քաղաքական մեծամասնությունը տարբեր մակարդակներում պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները, գործնականում, ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավորինս խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։ «Ինֆոքոմ»-ի լրագրողներն առանձնացրել են 2023-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակում գերատեսչությունների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։ Իշխող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը հարցմանը պատասխանում է գրեթե կես տարի անց՝ դատական հայցից հետո 2023 թվականի օգոստոսի 9-ին Infocom-ը հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հաղորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ «Ինֆոքոմը» դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, որը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին դիմել էր դատարան՝ ՔՊ կուսակցությանը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման հայցով։ Հայցը դատարան ուղարկելուց 18 օր անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ուղարկեց հարցման պատասխանը։ Նշենք, որ այս տեղեկության հարցումն «Ինֆոքոմն» արել էր պատասխանը ստանալուց մոտ կես տարի առաջ։   Իրավապահները խուսափում են մեկնաբանել՝ ինչ է սպասվում Արցախի կալանավորներին եւ դատապարտյալներին Հայաստանում 2023 թ․ Արցախի ժողովրդի տեղահանումից հետո «Ինֆոքոմ»-ը փորձեց հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ դրանք շարունակելու հնարավորություն կա՞ ընդհանրապես, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետական համակարգերի եւ օրենսդրությունների հետ։ Գրավոր հարցումներ ուղարկեցինք ՀՀ Գլխավոր դատախազությանն ու Պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին Դատախազությանը խնդրեցինք տրամադրել ԼՂՀ և ՀՀ դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված էր, սակայն սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո այլեւս հասանելի չէ։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում Դատախազությունն անպատասխան էր թողել հարցումը, իսկ նյութի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 9-ին, ուղարկել էր գրություն, որը մեր հարցման ըստ էության պատասխանը չէր պարունակում․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ դրանում նշված հարցերը կարգավորվում են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման և ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում»,- նշված էր գրության մեջ։ ՀՀ ՊՆ-ին դիմել էինք՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել էր՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական էր, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Նույն թեմայի շրջանակում դիմել էինք նաեւ ՀՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով որպես հասարակական անվտանգության եւ ազգային անվտանգության իրավասու կառույցներ՝ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ-ում ազատության մեջ գտնվող կալանավորների եւ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել էին, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել էին դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։ Մինչդեռ մի քանի օր անց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատգամավորների հարցերին ի պատասխան Ազգային ժողովում հրապարակեց մեր մի շարք հարցերի պատասխաններ։   ՊՆ թեժ գիծն ու ՊՆ մամուլի բաժինը իրար հակասող տեղեկություններ են հաղորդում Այս տարվա աշնանը տարբեր քաղաքացիներ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին՝ «ՈՄԱ» կազմակերպության ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների ստեղծման նախագիծը եւ դրա շրջանակում իրականացվող դրամահավաքը համաձայնեցվա՞ծ է ՊՆ-ի հետ։ ՊՆ թեժ գծից քաղաքացիներին հորդորել էին գումար չփոխանցել կազմակերպությանը, քանի որ «քրեական գործ է հարուցված»։ «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգել էր ՊՆ՝ որպես քաղաքացի նույն հարցերը հնչեցնելու, եւ ստացել էր նույնատիպ հորդոր։  Ստուգելու համար այդ տեղեկության իսկությունը՝ գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունից նշել էին, որ որևէ վարույթ չկա։ Հետևելով այդ պատասխանին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձել էինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկել էր հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչու են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրել էինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։  Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»։ Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի, սակայն ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։    Էկոնոմիկայի նախաարարությունը ժամկետի խախտմամբ է պատասխանում հարցումներին «Ինֆոքոմ»-ը փորձել էր պարզել, թե ինչի հետ է կապված ամեն տարի մթերվող խաղողի ցածր գինը, ինչու են տնտեսվաորղները քանդում իրենց խաղողի տնկարկները, ինչ խնդիրներ ունեն տնտեսվարողները և գործարանները, ինչով է պայմանավաորված ոգելից խմիչքների արտահանվող ծավալների աճին զուգահեռ նկատվող կոնյակի սպիրտի համար մթերվող խաղողի գնանկումը։  2023թ․ գոստոսի 29-ին Էկոնոմիկայի նախարարությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել Հայաստանում խաղողի հիմքով ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարանների ցանկը։ Առանձին հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե ինչ փուլում են գտնվում Խաղողի ռեեստրի ստեղծման և գործարկման աշխատանքները եւ այլն։ Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ սեպտեմբերի 7-ին՝ մեր բազմաթիվ զանգերից հետո։  Նույն թեմայի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությանը հարցում էինք ուղարկել նաև հոկտեմբերի 16-ին, եւ պատասխանը դարձյալ ստացել ենք ժամկետի խախտմամբ՝ դարձյալ հեռախոսազանգով հիշեցումներից հետո՝ հոկտեմբերի 26-ին։ Նույն նյութի հետ առնչվող եւս մեկ հարցում ենք ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն նոյեմբերի 20-ին՝ հետաքրքրվելով, թե քանի տնտեսվարող է օգտվել Կառավարության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագրից։ Այս անգամ եւս հարցման պատասխանը ստացել ենք սահմանված ժամկետներից ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ին։ 
19:27 - 22 հունվարի, 2024
Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն
 |hetq.am|

Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանն ու կինը՝ Անի Ալեքսանյանը, հունվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ամուսիններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Արմեն Նալբանդյանի նկատմամբ հարուցվել է նաև քրեական հետապնդում: 2021թ. հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման էր ենթարկվել Արմեն Նալբանդյանը և ձերբակալվել:  Գործի նախաքննությունն ավարտվել է: Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետը Հակակոռուպցիոն քրեական դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ: Ըստ մեղադրանքի՝ Նալբանդյանն, ի վնաս պետական շահերի, առանց «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ի կողմից 2020թ. օգոստոսի 19-ին ներմուծված թանկարժեք քարերի փաթեթները բացելու և ստուգելու, հիմք ընդունելով միայն իր մտերիմ տնտեսվարողի կողմից ներկայացված տվյալները, փաստաթղթերի հիման վրա կազմվել և տրամադրվել է կեղծ տեղեկություններ պարունակող պետական վերահսկողության ակտ: Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ ներմուծված ընդհանուր 4020.79 կարատ զանգվածով մոտ 671 մլն 543 հազ. դրամ շուկայական արժեքով ադամանդների նույնականացում և ներկայացված փաստաթղթերի հետ դրանց համապատասխանության ստուգում չի իրականացվել, սակայն 2020 թ․-ի օգոստոսի 20-ին կազմվել և «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ն է տրամադրվել 148 հազ․ 535 ԱՄՆ դոլար արժեքով, 1776.84 կարատ զանգվածով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչին համապատասխանող ապրանքի վերաբերյալ պետական վերահսկողության ակտը: Դրանում, ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկություններ վերահսկողություն իրականացնելու փաստի և վերահսկողություն իրականացնելիս օգտագործված սարքերի ու գործիքների վերաբերյալ: «Ներքին սպառման համար բաց թողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել է 72 մլն 14 հազ․ դրամ մաքսային արժեքով ադամանդ, որի համար հաշվարկվել և վճարվել է 2 մլն 160 հազ․ դրամի մաքսատուրք, մինչդեռ իրականում ադամանդների մաքսային արժեքը կազմել է 675 մլն 677 հազ․ դրամ, որի համար պետք է վճարվեր 20 մլն 270 հազ․ դրամի մաքսատուրք: Պակաս է վճարվել մոտ 18 մլն 110 հազ. դրամի մաքսատուրք: Արմեն Նալբանդյանը պաշտոնից ազատվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Նալբանդյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցած գույքի, դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:39 - 22 հունվարի, 2024
Վահան Քերոբյանը Ջեմ Օզդեմիրին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

Վահան Քերոբյանը Ջեմ Օզդեմիրին ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Բեռլինում անցկացվող Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովի (GFFA) շրջանակում հանդիպել է Պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Ջեմ Օզդեմիրի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։  Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել աղքատության և սովի դեմ պայքարի գործընթացում Հայաստանի ներգրավվածության վերաբերյալ։ Նախարար Վահան Քերոբյանը հրավիրել է գյուղատնտեսության ոլորտի գերմանական ընկերություններին համագործակցել հայկական կազմակերպությունների հետ։   Ջեմ Օզդեմիրն իր հերթին առաջարկել է ավելի ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ մշակել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր։
20:51 - 19 հունվարի, 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։   Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։   Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։   Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։
19:34 - 18 հունվարի, 2024
Ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում. Փաշինյան
 |1lurer.am|

Ուզում ենք խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կստեղծվեն նոր ֆոնդեր, որոնք այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռեն տնտեսվարողներին: Այն նաև ներդրումային ֆոնդերին ներդրումային կարողությունների ընդլայնման հնարավորություն կտա։ Այդ մասին «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» նախագիծը Կառավարության հունվարի 18-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը: «Ներդրումային ֆոնդերը պետք է կառավարվեն և ներդրող ունենան այնպիսի ընկերությունների տեսքով, որոնք կառավարվում են 1 միլիարդ դոլար կամ ավելի չափով ակտիվներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կառավարության մասնակցությունը ներդրումներ իրականացնող ֆոնդերում ներդրողի կողմից առնվազն 250 միլիոն դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում: Կառավարության մասնակցությունը կկազմի ֆոնդի զուտ ակտիվների 30 տոկոսի չափը, սակայն ոչ ավելի, քան 3 միլիարդ դրամը: Ընդ որում՝ Կառավարությունն ապահովում է իր մասնակցությունը ֆոնդի բոլոր սահմանափակ մասնակիցների կողմից ստանձնած հանձնառությունների կատարումից հետո: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է, որ կստեղծեն նոր ֆոնդեր և այլընտրանքային ֆինանսավորում ներգրավելու հնարավորություն կընձեռվի տնտեսվարողներին»,- ասաց Անի Իսպիրյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ուղերձը միջազգային ներդրումային հիմնադրամներին է ուղղված. «Այսպիսով, մենք ուզում ենք հրավիրել և խթանել միջազգային ներդրումային ընկերությունների գործունեությունը ՀՀ-ում»: Անդրադառնալով նախագծին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս պարզաբանեց, ըստ այդմ՝ միջազգային 1 միլիարդ դոլար կառավարման փորձ ունեցող կառավարիչը կգա Հայաստան, կստեղծի ներդրումային ֆոնդ, այդ ֆոնդը կհավաքի 10 միլիարդ դրամ ակտիվ, ևս 3 միլիարդ դրամ կներդնի Կառավարությունը, որը որոշակի մեկնարկային աջակցություն է: «Նպատակն այն է, որ այսպիսի միջազգային հեղինակությամբ և փորձով կազմակերպությունները շատ լինեն Հայաստանում, որովհետև իրենց ներկայությունը ոչ միայն ֆինանսական ներկայություն է, այլև առաջին հերթին կառավարման մշակույթի ներկայություն է»,- ասաց նա և հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարության այս նախաձեռնությունը վաղուց շրջանառության մեջ էր, «ֆոնդերի ֆոնդ» կամ այլ անուններով էր անվանվում: «Կարևորն այս ուղերձը հրապարակելն է: Կարևոր չէ՝ «ֆոնդերի ֆոնդ» Կառավարությունը կունենա՞, թե՞ չէ, քանի՞ այդպիսի ֆոնդ կգա Հայաստան և կստեղծի մասնավոր ներդրումային ֆոնդ, Կառավարությունը մեկնարկային աջակցություն կցուցաբերի, որպեսզի նա ունենա ընդլայնման ավելի լայն ու ճկուն հնարավորություն»,- ասաց Տիգրան խաչատրյանը:
12:47 - 18 հունվարի, 2024
«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12․5%-ը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց ընդունել «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 100% 5,000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերից 12.5% համարժեք՝ 12 503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը որպես նվիրատվություն։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Որոշումը կայացվեց համաձայն ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը միջև 2023թ․ փետրվարի 22-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանմքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։ «Ծրագրի արդյունավետ իրագրոծման համար ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի ներդրումներ։ Ծրագրի շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկիրց ազդակիր համայնքներին, բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի, տրամադրել նաև 7 միլիոն դոլարին համարժեք դրամի չափով տարեկան ֆինանսական աջակցություն։ Հուշագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել Լիդիան ընկերության կանոնադրական կապիտալի 12․5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց Կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության»,- հարցը զեկուցելիս ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Վայքը և Սիսիանը։ «Ամուլսարի հանքի շահագործումը այս մոդելով, կարծում եմ, բազմաթիվ մտահոգություններ փարատում է, և լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար։ Եվ մենք հույս ունենք, որ իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ, և կառավարությունը՝ արդեն նաև որպես բաժնետեր, այս հարցում կլինի հետևողական»,- ասաց Փաշինյանը։
11:25 - 18 հունվարի, 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 12-ին կայացել է հանդիպում գործարարների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում Արտակ Քամալյանը ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կորպորացիաներին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը, նախագծերի ընտրության կարգն ու չափորոշիչները, փոխառուներին և ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, մասնակցության հայտ ներկայացնելու, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության ընթացակարգերը։
17:27 - 12 հունվարի, 2024
Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգում անցկացվող «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ընդլայնմանը, Հնդկաստան-Իրան-Հայաստան առևտրային կապուղիներին վերաբերող մի շարք հարցեր։ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը Հնդկաստանի համար կարող է տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ։
10:31 - 12 հունվարի, 2024
Լարսին այլընտրանքային ծրագիրն անարդյունավետ է եղել. սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք |azatutyun.am|

Լարսին այլընտրանքային ծրագիրն անարդյունավետ է եղել. սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք |azatutyun.am|

azatutyun.am: Սխալ հաշվա՞րկ, թե՞ թերի աշխատանք։ Իշխանությունները խոստովանում են՝ հարկատուների գրպանից՝ պետբյուջեի հաշվին իրականացված շուրջ 1.2 միլիոն դոլարանոց ծրագիրն անարդյունավետ է եղել։ Հայաստանցի բեռնափոխադրողներին Լարսի ճանապարհին այլընտրանքով ապահովելու տևական խոստումներից հետո կառավարությունն անցած տարի գործարկեց Բաթումի-Նովորոսիյսկ ծովային փոխադրումների ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարարությունը 500 միլիոն դրամի պայմանագիր կնքեց «ՍԻ ընդ Էմ Ինթերնեյշնլ» ընկերության հետ՝ բոլոր ծախսերն իր վրա վերցնելով։ Ընդ որում՝ պետբյուջեից գումարն այս ընկերությանը փոխանցվել էր անկախ հանգամանքից, թե քանի տնտեսվարող է օգտվում սուբսիդիայից, ու ինչ ծավալի բեռ է տեղափոխվում. սա կառավարության սահմանած կետերից էր: Ամռան ամիսներին նավը Սև ծով դուրս եկավ, բայց, ինչպես պարզվեց, կիսադատարկ։ Չնայած հատկացված միջոցներին, հնչեղ գովազդներին ու ելույթներին՝ բեռնափոխադրողներին առաջարկն առանձնապես չհետաքրքրեց, և միայն հիմա՝ ծրագրի ավարտից գրեթե կես տարի անց, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստովանում է՝ անարդյունավետ էր։ Ըստ էության, անտեղի ծախսված միջոցների համար կկրի՞ որևէ մեկը պատասխանատվություն. այս մասին ոչ մի խոսք։ «Լաստանավն, այո, աշխատել է մի քանի ամիս, մեր գնահատմամբ՝ այն չի ապահովել բավարար լցվածություն կամ չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների ու ներմուծողների մոտ, և մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերությունները օգտագործում են այն լաստանավը այնպես, որ մենք ինքներս մեզ ու մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ», - ասել է նա։ Այնինչ, դեռ ամիսներ առաջ էր տեսանելի՝ ծրագիրն արդյունավետ չի եղել։ «Ազատությունն» աշնանը դիմել էր Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու, թե միջինը որքան բեռ է տեղափոխվել Սև ծովի ջրերով, ու խնդրել գնահատական տալ կատարողականին։ Հաշվետվություն այն ժամանակ չփոխանցեցին, բայց նախարար Քերոբյանին հարց ուղղելու հնարավորություն եղավ։ Պատասխանը շեշտակի տարբերվում էր վերջին ելույթից։ Նախարարն այդ ժամանակ գոհ էր։ «Այդ պրոյեկտը աշխատեց, և մենք տեսանք լավ հետաքրքրություն ընկերությունների կողմից։ Եթե չեմ սխալվում, այս պահին նոր ֆինանսավորման խնդիրն ենք փորձում լուծել, որպեսզի վերսկսվի, և կարծում եմ՝ կկարողանանք կառավարության մեր գործընկերներին համոզել, որ այսպիսի այլընտրանքային ճանապարհն անհրաժեշտ է», - ասել էր նա։ Թե ինչու փոխեց իր դիրքորոշումը 2.5 ամսվա ընթացքում, նախարարը չպարզաբանեց, այնինչ, նա առաջինը պետք է մանրամասներն իմանար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:48 - 11 հունվարի, 2024
Ինչու է փոխվել ANIF-ի ղեկավար կազմը․ Քերոբյանի պատասխանը
 |civilnet.am|

Ինչու է փոխվել ANIF-ի ղեկավար կազմը․ Քերոբյանի պատասխանը |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ղեկավար կազմի փոփոխությունները պայմանավորված են Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) կողմից իրականացրած ստուգումներով: Հունվարի 8-ի ասուլիսում՝ պատասխանելով Սիվիլնեթի հարցին, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 1,5 ամիս առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը կառավարող Վահան Քերոբյանը ANIF-ի տնօրենների խորհրդից հեռացրել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու նրա աշխատակազմի նախկին անդամներ Սոնա Թևանյանին և Անետա Բաբայանին։ Իսկ հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Վերջինիս այդ պաշտոնում փոխարինել է Տիգրան Ղազարյանը, նա ֆոնդի աշխատակիցներից էր։ Ղազարյանը գործարար է, ունի զբոսաշրջային ընկերություններ։ Անցած տարվա մայիսին Սիվիլնեթը էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը խնդիրներ է արձանագրել ANIF-ում՝ կապված հաշվետվողականության, թափանցիկության, կորպորատիվ կառավարման հետ։ Հիմնադրամը նաև հայտնել էր, որ ANIF-ն ունի ըստ էության չորոշակիացված անսահմանափակ մանդատ, հստակ չափանիշներ չկան, թե որտեղ կարող է ներդրումներ իրականացնել ֆոնդը, որտեղ չի կարող կատարել ներդրումներ։ ANIF-ում 2023-ին ուսումնասիրություններ է անցկացրել նաև Պետական վերահսկողական ծառայությունը։ Դրա արդյունքների մասին տվյալներ սակայն դեռ չկան։ Վահան Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է հայտնաբերվել ֆոնդում ՊՎԾ-ի ստուգումներով․ «Ես չեմ ուզում հիմա կոնկրետ գնահատականներ տալ, խոստանում եմ մի փոքր անց այդ կոնկրետ գնահատականները կտամ, որովհետև հիմա չունենք ամբողջական տեղեկատվություն, այդ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունն էլ հուսամ կբարձրանա»,- ասաց նա։ Վահան Քերոբյանը անցած ամիս չէր հաստատել նաև ANIF-ի 2022-ի տարեկան հաշվետվությունը։ Ըստ նրա՝ հաշվետվությունը չէր արտացոլում ֆոնդի իրական ֆինանսական դրությունը. «Մենք այնուամենայնիվ համարել ենք, որ աուդիտի արդյունքները ճշգրիտ չեն արտացոլել ընկերության իրական վիճակը ու դիտողություններ ենք ուղարկել ANIF-ի մենեջմենթին։ Դրանից հետո կոլեգիալ որոշում է կայացվել, որ պիտի փոփոխություններ լինեն ANIF-ի մենեջմենթում»,- նշեց Քերոբյանը։ Նրա խոսքով՝ ֆոնդի մանդատի փոփոխություն էլ է եղել, ֆոնդն իր ջանքերը պետք է կենտրոնացնի տնտեսապես բարդ ապրանքների արտադրության ու արտահանման ուղղություններում։ Նախկինում պետական ֆոնդի կողմից իրականացրած ներդրումներին, սակայն, ոչինչ չի սպառնում, այն մնալու է ANIF-ի պորտֆելում։ «Մեր նպատակն այն է, որ ANIF-ը լինի բյուրեղյա մաքրության ու թափանցիկության ընկերություն»,- ասաց Վահան Քերոբյանը։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2021-ից մինչև 2022-ի վերջը կառավարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությանը պատկանող բաժնետոմսերը։ Ֆոնդը համասեփականատեր է նաև «Ֆլայ Արնա» ավիաընկերությունում, համատեղ արևային էլեկտրակայան կառուցելու ծրագիր է իրականացնում «Մասդար» ընկերության հետ։ ANIF-ը համատեղ ծրագիր է իրականացրել նաև հայտնի գործարար Դավիթ Երեմյանի հետ՝ 500 000 դոլարի չափով ներդրում կատարելով բարձրորակ անասնակեր աճեցնելու և գյուղտեխնիկա ձեռք բերելու ուղղություններով։ Երեք տարվա ընթացքում ֆոնդի հետ համատեղ կատարվել է 214 միլիոն դոլարի ներդրում։  
17:41 - 09 հունվարի, 2024
ՀՀ-ում անասնաբուծությունը նվազել է 4 տոկոսով. պաշտոնյան ամփոփել է գյուղատնտեսության ոլորտում տարվա արդյունքները
 |news.am|

ՀՀ-ում անասնաբուծությունը նվազել է 4 տոկոսով. պաշտոնյան ամփոփել է գյուղատնտեսության ոլորտում տարվա արդյունքները |news.am|

news.am: 2023 թվականի 9 ամիսների տվյալներով՝ գյուղատնտեսության աճը կազմել է 1,7 տոկոս։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նա պարզաբանեց, որ աճը տեղի է ունեցել բուսաբուծության ոլորտում (աճը կազմել է 5,9%), իսկ անասնաբուծության ոլորտում գրանցվել է 4% անկում։ Հայաստանում արտադրված գյուղմթերքի ընդհանուր ծավալը կազմել է 619 մլրդ դրամ, ասաց պաշտոնյան։ «2023 թվականին ֆերմերները ապահովագրական ծրագրով ստացել են 2,6 մլրդ դրամի փոխհատուցում։ 2022 թվականին աշնանացան ցորենով ցանքատարածություններն ավելացել են 15 հազար հեկտարով։ Համապատասխան ծրագրի շրջանակներում պետության կողմից փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 4,6 մլրդ դրամ։ Շուրջ 23 հազար գյուղացիական տնտեսություններ դարձել են շահառու. Լիզինգի ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 435 միավոր գյուղտեխնիկա։ 2023 թվականին մթերվել է 160 հազար տոննա խաղող և 86 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։ Միջազգային գործընկերների հետ 4-5 տարվա ընթացքում իրականացվող ծրագրի բյուջեն 100 մլն դոլար է»,- ընդգծեց Խոջոյանը։
17:44 - 08 հունվարի, 2024
2023-ի տնտեսական աճը կլինի 8,3-8,5 տոկոսի միջակայքում. Քերոբյան
 |civilnet.am|

2023-ի տնտեսական աճը կլինի 8,3-8,5 տոկոսի միջակայքում. Քերոբյան |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content"> 2023-ի համար Հայաստանում տնտեսական աճը կլինի 8,3-8,5 տոկոսի միջակայքում։ Այդ մասին հունվարի 8-ին՝ 2023-ի ամփոփիչ ասուլիսին, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Մենք ենթադրում ենք, որ տնտեսական աճը 2023 թվականին 8,3-8,5 տոկոսի միջակայքում կլինի»,- ասաց նա։ Քերոբյանի խոսքով՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պլանավորվում է, որ 2023-ի համար կկազմի 8 280 դոլար: Նա հիշեցրեց, որ 2017-ին Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 196 երկրի մեջ եղել է 122-րդը, 2020-ին՝ 112-րդը և 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 86-րդը: Նախարարը տեղեկացրեց, որ 2023-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 743 հազար, իսկ միջին աշխատավարձը հասել է 260 հազար դրամի։ 2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշներով գործազրկությունը կազմել է 11,7 տոկոս՝ 2020-ի վերջի 18,2 տոկոսի համեմատ։ Քերոբյանը նաև ակնկալում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի դրությամբ աղքատության մակարդակի էական կրճատում կարձանագրվի․ «2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում մեր միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի: Բայց մեր կառավարության առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն չթողեցինք, որ աղքատության մակարդակը աճի, այլ նաև ապահովեցինք մի փոքր կրճատում: Այսինքն՝ աղքատությունը 26.5 տոկոսից կրճատվեց մինչև 24.8 տոկոս: 2023 թվականի համար, սակայն, մենք ունենք կրկին բարձր տնտեսական աճ, սակայն ցածր գնաճ, ինչը մեզ թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023 թվականին դրությամբ»,- ասաց նա:  
17:02 - 08 հունվարի, 2024