Թագուհի Թովմասյան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Խմբակցությունից դուրս է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։

Գիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, քաղաքագետ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն. Եվրոպական միության դեսպան

Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն. Եվրոպական միության դեսպան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան գրառմամմբ հայտնել է, որ Հայաստանում Եվրոպական միության դեսպանը և Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները արձագանքում են  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատտգամավոր Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին եւ հայտնել, որ բռնի միջադեպերը, ներառյալ հունիսի 3-ին հատուկ միջոցների կիրառումը հետաքննության կարիք ունեն:  «Բռնի միջադեպերը, ներառյալ հունիսի 3-ին հատուկ միջոցների կիրառումը հետաքննության կարիք ունեն. Հայաստանում Եվրոպական միության դեսպանը և Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանները արձագանքում են իմ հրատապ նամակին։ Հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառման կապակցությամբ դիմել էի ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Դեսպանին ներկայացրել էի մասնագետների ահազանգերն առ այն, որ օգտագործված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը սպառվել է, և մասնագետների վկայությունների համաձայն՝ ժամկետանց զինամթերքը պատճառ է դարձել, որ ցուցարարներն ու ոստիկաններն ավելի ուժեղ վնասվածքներ ստանան։ Դեսպանին նաև հայտնել էի բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրների պնդումները, որ ոստիկանությունը նախապես չի տեղեկացրել ցուցարարներին հատուկ միջոցների կիրառման մասին։ Խնդրել էի հրապարակային մեկնաբանություն, քանզի դա կարող է ազդել ոստիկանական անթույլատրելի օպերացիաների կանխարգելմանը։ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ա․ Վիկտորինի և ԵՄ անդամ պետությունների դեսպանների անունից (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Շվեդիա, Հոլանդիա, Չեխիա, Լիտվա, Իտալիա, Սլովակիա, Ռումինիա, Բուլղարիա) ստացել եմ պատասխան, համաձայն որի կարևոր է, որ մարդիկ ազատորեն արտահայտեն իրենց կարծիքը կամ անհամաձայնությունը, և իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է զերծ մնան ծայրահեղ ուժի գործադրումից։ Անընդունելի է ինչպես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումը, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցարարների կողմից ուժի գործադրումը։ Բռնի միջադեպերը, ներառյալ հատուկ միջոցների կիրառումը հունիսի 3-ին հետաքննության կարիք ունեն։ Որոշ դեպքերում դա արդեն արվում է։ Դեսպանը բարձրացրել է իր մտահոգությունները ՀՀ արդարադատության նախարարին, մշտական կապի մեջ է ՄԻՊ-ի հետ, ով ոստիկանությունից բացատրություններ է պահանջել կիրառված հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում դրանց կիրառման անհրաժեշտության, համամասնության և համապատասխանության մասին։ Դեսպան Վիկտորինը շեշտում է նաև ատելության խոսքից և սադրանքներից զերծ մնալու չափազանց մեծ կարևորությունը, և որ հարկ է՝ բոլոր կողմերը բացառեն բռնության ցանկացած ձև յուրաքանչյուր կողմից։ ԵՄ դեսպանը հավաստիացնում է, որ ԵՄ պատվիրակությունը կշարունակի ուշադրությամբ դիտարկել զարգացումները»,- գրել է Թովմասյանը։
11:18 - 11 հունիսի, 2022
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառ ՄաքԴոնալդի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։  Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:  Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին:  Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը։
22:31 - 09 հունիսի, 2022
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թովմասյան

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թովմասյան

Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների, պատգամավորների, ինչպես նաև անչափահասների նկատմամբ անկնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը արձանագրել և տեսանյութերի և լուսանկարների տեսքով որպես հանցագործության մասին հաղորդում ներկայացրել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Գրության մեջ մասնավորապես նշել եմ, որ ոստիկանության աշխատակիցները հարվածել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև խաղաղ ակցիային մասնակցող բազմաթիվ քաղաքացիների, ինչի արդյունքում ունենք տուժած քաղաքացիներ: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ոստիկանության ծառայողները, բռնի ուժ գործադրելով, բերման են ենթարկել 16 և 17 տարեկան անչափահասների։ Վերջիններս նշել են նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ իրենց հասցեին անձնական բնույթի հայհոյանքներ են հնչեցվել: Բացի այս, նշված մասնաշենքի դիմաց ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած գործողությունների ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունք»-ի լրագրող Հրանտ Սաֆարյանի նկատմամբ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը: Ծեծել, այնուհետև փորձել են բերման ենթարկել նաև YerkirMedia.am կայքի խմբագիր՝ Վահե Սարգսյանին: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է և հակաօրինական, ինչին արդեն բազմիցս անդրադարձել և դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ: Եւս մեկ անգամ կարևոր եմ համարում նշել, որ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, մինչդեռ նախորդ օրերի և վերոնշյալ բոլոր դեպքերը վկայում են հակառակի մասին: Գլխավոր դատախազից պահանջել եմ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ նկարագրված արարքների կատարման հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար:
11:53 - 01 հունիսի, 2022
Թագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել

Թագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունների հիմքով հերթական քրեական գործերն են հարուցվել։ «Մայիսի 5-ին և 6-ին ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների դեմ բռնության կիրառման դեպքերի մասին գրություններ էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրություններին կցել էի առարկայական ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով, որտեղ երևում են ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտման դեպքերը, ինչպես նաև անչափահաս երեխայի բերման ենթարկելու և պատգամավոր Արամ Վարդևանյանի դեմ բռնություն կիրառելու դեպքերը։ Մայիսի 6-ին Գլխավոր դատախազի քննությանն էի հանձնել ոստիկանի կողմից տարեց կնոջը հարվածելու դեպքը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություններ, համաձայն որոնց՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ 2 գրությունների հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված անցնելու դեպքեր։ Արդեն 3 քրեական գործ է հարուցվել հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու իմ գրությունների հիման վրա։ Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով», - այս մասին «Facebook»-յան իր էջում հայտնել է Թովմասյանը։
11:24 - 26 մայիսի, 2022
Պատգամավորը հորդորում է ԶԼՄ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին հետ կանչել այն

 |armenpress.am|

Պատգամավորը հորդորում է ԶԼՄ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին հետ կանչել այն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում լրագրողական հանրության մասնակցությամբ քննարկում անցկացվեց ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի ու Լիլիթ Մինասյանի ներկայացրած նախագծում նշվում է , որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: «Օրենքի բացը լրացնելու եւ առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի եւ պետական մարմինների միջեւ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,-ասված է նախագծում: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ  նախագծով իշխանությունը ցանկանում է արագ խնդիր լուծել: «Պարտավոր էին հստակ սահմանել հավատարմագրման հիմքերը, որպեսզի լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի և լրագրողն իմանա, թե օրինակ որ դեպքում ինքը կարող է զրկվել հավատարմագրումից, հակառակ դեպքում դաշտը բաց է, և ցանկացած գերատեսչություն կարող է կամայականորեն որոշել և ազատվել ոչ ցանկալի լրագրողներից կամ գլուխներն ազատել անցանկալի հարցերից: Այսինքն՝ պետք է հստակ հիմքերը նշել, թե որ դեպքում ինչ հիմքեր կան և որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից: Օրենքի որոշակիության պահանջի խնդիր կա, հիմքերը հստակ սահմանված չեն, հետևաբար, եթե հիմքերը չկան, ինչո՞վ են առաջնորդվելու, որպեսզի որոշեն լրագրողին զրկել»,-ասաց Սեյրանյանը: Լրագրող Սևակ Վարդումյանն էլ նշեց՝ չգիտի, թե ո՞ր դեպքում կարող է ԱԺ աշխատակազմը իրեն զրկել հավատարմագրումից: «Ենթադրենք ես մի քիչ բարձր եմ ծիծաղում միջանցքում, այդ ժամանա՞կ է զրկում, ինչ-որ մեկին հարվածում եմ, այդ ժամանա՞կ է զրկում, բարձրախոսը շատ եմ մոտեցնում բանախոսին, այդ ժամանա՞կ է զրկում….»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ հարցերի պատասխանները հնարավոր չէ գտնել նախագծում, պատգամավորներն էլ չեն ներկայացրել: Լրագրողի կարծիքով՝ նախագիծը պետական գերատեսչության համար կամայական որոշում կայացնելու հնարավորություն է ստեղծում: Նա նախագծում որևէ հիմնավորում չի տեսել, նշում է, որ, եթե լինեին կետեր, ինքը մեծ ուրախությամբ, կքննարկեր, կբանավիճեր՝ կոնսենսուսի գալու համար, այսպիսով` կոչ է անում հեղինակներին հետ կանգնել նախագծից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ասաց. «Պետք է այս մոտեցումից հրաժարվել: Լրագրողի հավատարմագրման դադրեցում կամ զրկում պետք է չլինի մեր օրենսդրության մեջ»: Թագուհի Թովմասյանն էլ դժգոհեց, որ լրագրողական հանրության հետ նախապես չեն արվում նրանց վերագրվող օրենքների մասին քննարկումները: «Այո, լրագրողների մեջ էլ կան մարդիկ, որոնք խնդիր են առաջացնում, և այդ մարդիկ առաջացնում են նաև նման օրենսդրական նախաձեռնություններ բերելու անհրաժեշտություն, և դրանով փորձում են կուլիսներում հիմնավորել, որ այդ դեպքերը կանխելու համար են բերում տվյալ նախաձեռնությունը»,-ասաց նա: Ըստ պատգամավորի՝ խնդիրը պետք է կարգավորվի հենց լրագրողական դաշտում: «Յուրաքանչյուր խմբագրություն պետք է իր վրա պարտավորություն վերցնի, ինքն իր համար մշակի, հրապարակի այն էթիկայի կանոնները, որոնք իրենք ինքնակամ հետևելու են, և պետական գերատեսչությունը կարողանա հետևել հենց նրանց կողմից մշակված էթիկայի կանոնների պահպանմանը: Ելքերից մեկը սա եմ տեսնում, ինքնակարգավորման լավագույն միջոց է, որ խնդիրը կարգավորվի հենց  լրագրողական դաշտում և որևէ մեկը մահակ չունենա՝ որևէ լրագրողին հավատարմագրումից զրկելու սպառնալիքով պատժել»,-ասաց նա: Պատգամավորն առաջարկեց ստորագրահավաք կազմակերպել և դիմել կառավարությանը՝ խնդրելով նախագծին տալ բացասական եզրակացություն, դիմել նաև նախագծի հեղինակներին՝ խնդրելով հետ կանչել նախագիծը, քանի որ, պատգամավորի գնահատմամբ, այն իրավազուրկ, հիմնազուրկ է:  
16:25 - 15 ապրիլի, 2022
ԵՄ-ն պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարենպաստ չէ բանակցությունների համար․ Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն պատրաստ է լրացնել ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն իրավիճակը բարենպաստ չէ բանակցությունների համար․ Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Արցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։ Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։ Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները կանխելու նպատակով։ ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։ Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, ցավոք, իրավիճակը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ բանակցությունների համար»,- գրել է Թովմասյանը։
11:46 - 02 ապրիլի, 2022
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով  հայաստանյան գործընկերներին՝ ԱԺ նախագահը  նախ՝ անդրադարձ է կատարել  2020թ․ Աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ապա՝ խոսել ռուս- ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա  իրավիճակի և նոր մարտահրավերների մասին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում  Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցերի շուրջ։ Խորհրդարանի ղեկավարն  ընդգծել է համազգային օրակարգ  ունենալու անհրաժեշտությունը և շեշտել լինել միասնական՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, համախմբել ուժերը՝ ի նպաստ հայկական երկու հանրապետությունների։ Թագուհի Թովմասյանը  տեղեկացրել է, որ փաստահավաք  առաքելության նպատակով են այժմ Արցախում, որպեսզի տեղում ծանոթանան Արցախում ստեղծված հումանիտար  ճգնաժամին։ Միաժամանակ ներկայացրել  է  իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել  հանձնաժողովի  հանրային և հրապարակային գործունեությունը։ Հանդիպումն այնուհետև շարունակվել է  ԱԺ «Արդարություն»  խմբակցության պատգամավորների հետ։ Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ այս օրերին Արցախում գտնվելու և Արցախի խնդիրներով մտահոգվելու համար։ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին  ընդգծել է հանձնաժողովի շրջանակներում իրականացվող հումանիտար խնդիրները միջազգային հարթակներում բարձրաձայնելու գործունեությունը։ Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում միասնական գործելու գաղափարը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Հանդիպմանը քննարկվել են  անվտանգային հարցերին, աշխարհաքաղաքական նոր ազդակներին, հայկական զույգ հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
19:43 - 23 մարտի, 2022
Պատգամավորն առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին տան վարձավճարի փոխհատուցում տալու կարգը |armenpress.am|

Պատգամավորն առաջարկում է հեշտացնել պայմանագրային զինծառայողներին տան վարձավճարի փոխհատուցում տալու կարգը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորն առաջարկում է պայմանագրային զինծաայողները միայն կադաստրի եզրակացությամբ տալ վարձավճարի փոխհատուցում: Նա առաջարկում է օրենքը խմբագրել հետևյալ կերպ՝  ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկվում է ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով: «Այսօր պայմանագրային զինծառայողներին սոցիալական երաշխիքների անվան տակ տրվող գումարները վարձավճարի համար դառնում են պատուհաս զինծառայողների համար: Այսինքն՝ զինծառառյողները ապրում են վարձով և նաև դատապարտվում խարդախության համար»,-ասաց պատգամավորը: Թովմասյանի խոսքով՝ տան վարձակալության պայմանագիր չունենալով՝ զինծառայողը ստիպված է լինում ուրիշ տան համար կնքել պայմանագիր, բերել այդ վարձակալության պայմանագիրը՝ նոտարով սահմանված կարգով և ստանալ վարձավճարի փոխհատուցում: Պատգամավորի գրությանն ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հոդվածով: «Այսինքն՝ զինծառայողը վարձով ապրելու համար խարդախության հոդվածով դատվում է: Եվ որպեսզի այս իրավիճակը կանխենք, և այդ 81 հոգին չդառնան 800 կամ 8000, առաջարկում եմ, որ այսուհետ ոչ թե զինծառայողից պահանջենք նոտարական վավերացմամբ փաստաթուղթ՝ վարձակալության անհրաժեշտ վկայականը, այլ միայն կադաստրի կողմից տրված տեղեկանքը որ զինծառայողն իր բնակության վայրից 30 կմ շառավղով որևէ սեփականություն չունի, համարվի բավարար»,-ասաց Թովմասյանը: Պատգամավորը նշեց՝ հիմա զինծառայողներին դատում են՝ այդ խնդրի համար, վարձով ապրելու համար, բայց ԱԺ դահլիճում նստած են պատգամավորներ, որոնք ապրում են իրենց կնոջ տանը և ստանում  են տան վարձավճարի փոխհատուցում, բայց նրանք չեն դատապարտվում: «Հիմա ստացվում է, որ պատգամավորին կարելի է, զինծառայողին ոչ: Առաջարկում եմ օրենսդրական այս նախաձեռնությամբ այդ խութերը վերացնել»,-ասաց նա: ՔՊ-ից Բաբկեն Թունյանն էլ նշեց՝ խնդիր կա, սակայն նա այլ տեղ է տեսնում դա: «Խնդիրը նրա մեջ է, որ այն մարդիկ, որոնք վարձով բնակարաններ են տալիս զինծառայողներին, պայմանագիր չեն կնքում, որովհետև չեն ցանկանում, որ այդ գործարքը գրանցվի, այսինքն՝ ցանկանում են հարկ չվճարել պետությանը»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով Թովմասյանի մտքին, որ զինվորականները դատվում են վարձով բնակվելու համար, իսկ պատգամավորները՝ ոչ, ասաց. «Զինվորականները ոչ թե վարձով բնակվելու համար են դատվում, այլ այդ պայմաններին ապահովելու պատճառով կեղծ պայմանագիր կնքելով: Նաև ուզում եմ ասել, որ պատգամավորները փոխհատուցումը ստանում են միայն այն դեպքում, երբ վարձակալության պայմանագիրը ներկայացնում են»:
16:05 - 04 մարտի, 2022
Ադրբեջանի գործողությունները պետք է որակել ցեղասպանություն. քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում ջարդերի զոհերի հիշատակի կապակցությամբ |armenpress.am|

Ադրբեջանի գործողությունները պետք է որակել ցեղասպանություն. քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում ջարդերի զոհերի հիշատակի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Մասնագետները պնդում են՝ հայերի նկատմամբ ադրբեջանցիները գործողությունները, այդ թվում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերը, պետք է որակել որպես ցեղասպանություն: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ: «34 տարի առաջ այս օրերին խաղաղ հայ բնակչությունը զանգվածային բռնությունների, սպանությունների, խոշտանգումների, խեղումների, հրկիզման էր ենթարկվում ադրբեջանական զինված ավազակախմբերի կողմից: Ինչո՞ւ էին հայերին սպանում. հայ լինելու համար, սպանում էին, քանի որ մարդիկ ցանկանում էին սեփական հայրենիքում ապրել ազատ և արժանապատիվ: Իրականում դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանի իշխանությունների կողմից որքան ատելություն, հայատյացություն է սերմանվել ադրբեջանցիների շրջանում, որքան են բորբոքել բռնության կոչեր հայերի նկատմամբ, որ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ իրականացրել են նման դաժան, անմարդկային գործողություններ»,-ասաց Թագուհի Թովմասյանը: Սրծայր, մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, ինքնաշեն այլ միջոցներով զինված ադրբեջանցի ջարդարարները, բաժանվելով մի քանի տասնյակ հոգուց բաղկացած ավազակախմբերի, ներխուժում էին նախապես նշանառված հայկական բնակավայրեր, սպանում մարդկանց իրենց տներում, որոշ դեպքերում փողոցներում՝ հրապարակային ծաղրուծանակի ենթարկելով մարդկանց»,-ասաց Թովմասյանը: Նա շեշտեց՝ Ադրբեջանի շարունակական և հետևողական բնույթ կրող գործողություները հայ բնակչության նկատմամբ տեղավորվում են պետական մակարդակով խրախուսվող ցեղասպան քաղաքականության մեջ,  որի իրացման հանցավոր նպատակներից ելնելով, Ադրբեջանը 1991-ին սանձազերծել է ԼՂ-ի դեմ բացահայտ ագրեսիա և լայնածավալ ռազմական գործողություններ: «Շուրջ 30 տարի Ադրբեջանն իր հասարակության շրջանում այնքան հայատյացություն է սերմանել, որ Արցախի դեմ  2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ականատես էինք լինում անմարդկային դաժանությունների: Ադրբեջանը համալրում էր մարդկության դեմ ուղղված հանցանքները և սպանում խաղաղ բնակչությանը, թիրախավորում մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները: Եվ այսօր մենք միջազգային հանրությանը, մեր միջազգային մեր գործընկերներին ուղերձ ենք  հղում, որ Ադրբեջանի այս հանցավոր արարքները, մարդկության դեմ ուղղված հանցանքները պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի, արձագանքի, գնահատականի»,-ասաց Թովմասյանը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ընդգծեց ժամանակ առ ժամանակ միջազգային հանրությանն այս ողբերգության մասին հիշեցնելու կարևորությունը: «Քաղաքական գնահատականը, որ մինչև հիմա տրվել է,  վերջնական ձևակերպմամբ որպես ցեղասպանություն չի արձանագրվել, կարծում եմ՝ մեր կողմից թույլ տրված սխալներից մեկն է:  Ես կարծում եմ, որ մեր ԱԺ-ն պետք է  անպայմանորեն դրան անդրադառնա և հստակ ձևակերպում տա, որ սա նույն ցեղասպան քաղաքականության ամբողջական շղթան է, որը սկսվում է1905 թվականին փետրվարի 6-ից, երբ Բաքվում սկսեցին հայկական կոտորածները, նկատի ունեմ հայ-թաթարական կռիվները…»,-ասաց Մելքոնյանը: Նա կարծում է, որ նման մի ձևակերպմամբ, ամբողջական շղթայի մեջ ցույց տալով, պետք է դատապարտել ադրբեջանցիների գործողությունները և դրանք որակել որպես ցեղասպանություն: 
14:12 - 28 փետրվարի, 2022
Ադրբեջանցի պատգամավորները տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը. Թովմասյան

Ադրբեջանցի պատգամավորները տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը. Թովմասյան

«Եվրանեսթ»-ի շրջանակներում Հայաստան այցելած Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավորներ երեկ այցելել են Երևանի Կապույտ մզկիթ և խեղաթյուրել իրականությունը, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Նրանցից մեկը` Թայիր Միրքիշիլին, սոցցանցում գրել է․ «…Որքան մեզ հայտնի է, դա Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»: Ադրբեջանցի պատգամավորներին թերևս պետք է ծանոթացնել պատմության և պատմական փաստերի հետ, որոնք հետևողականորեն շրջանցվում են: Երևանում Կապույտ մզկիթը կամ պարսկական Գյոյ-ջամին կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին: Հայաստանի և Իրանի բարեկամության խորհրանիշներից մեկի՝ Կապույտ մզկիթի պատերի պատմական արձանագրությունները ևս սրա վկայությունն են։ Եվ ասօր էլ Երևանի կենտրոնում գտնվող մզկիթը շարունակում է մնալ կրոնական և մշակութային կենտրոն Հայաստանում բնակվող իրանցիների և զբոսաշրջիկների համար։ Միգուցե ադրբեջանցիներին անծանոթ է այլ երկրի մշակութային և կրոնական արժեքների պահպանումը, նրանց հարազատ է ցեղասպանի, ոչնչացնողի հոգեբանությունը, որպեսզի ամեն ինչ կարողանան հետագայում իրենց վերագրել, բայց պատգամավորների այս պահվածքը զավեշտալի է, իսկ Երևանը Իրևան գրելը՝ խիստ անընդունելի։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանցի պատգամավորները եվրոպական միջխորհրդարանական ձևաչափով են Հայաստանում, սակայն տարածում են ակնհայտ ագրեսիա, որին գնահատական պետք է տա հենց «Եվրանեսթ»-ը։ Ու քանի որ աշխարհը լուռ է, ադրբեջանցի պատգամավորները Երևանի կենտրոնում հայտարարում են, որ շուտով մզկիթի «իրական տերերը» վերադառնալու են, ու՞ր եք գալու․․․Հիմա էլ լռե՞նք», - նշել է պատգամավորը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Երեւանում «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին մասնակցած ադրբեջանցի պատգամավորներն այցելել էին Կապույտ մզկիթ, նկարվել այնտեղ եւ հայտարարել, որ մզկիթն ադրբեջանական է։  
10:54 - 24 փետրվարի, 2022
Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը, ձգձգում է նրանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման գործընթացը. Թագուհի Թովմասյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը, ձգձգում է նրանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման գործընթացը. Թագուհի Թովմասյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Այսօր ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, իր լիազորությունների շրջանակում, հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետևողական քաղաքականացման և նոր նախապայմանների առաջ քաշման անընդունելիությունը։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հարգելի պարոն Նախագահ Սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի հանրապետության համար ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում: Ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։ Հայտնի է, որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով պատերազմական հանցագործություն է համարվում, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, առաջ քաշում նոր նախապայմաններ: Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ Ավելին, Ադրբեջանը անցկացնում է արհեստական դատավարություններ, գերեվարվածներին անմարդկային կտտանքների ենթարկում՝ ռասսայական և կրոնական հողի վրա։ Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով՝ փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները: Ցանկանում եմ հիշեցնել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»: «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ՝ Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները և ցցուն փաստարկները՝ ակնկալում եմ, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ Ձեր գլխավորությամբ, քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները: Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի։ Հարգանքով՝ Թագուհի Թովմասյան»:
17:46 - 07 փետրվարի, 2022
Թագուհի Թովմասյանը ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործընթացների հարցով դիմել է միջազգային մարմինների

Թագուհի Թովմասյանը ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործընթացների հարցով դիմել է միջազգային մարմինների

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը իր լիազորությունների շրջանակում դիմել է ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը և Եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին և հայտնել դատաիրավական ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իր մտահոգությունները:Թագուհի Թովմասյանի ուղերձում, մասնավորապես, նշված է.«Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեր երկրի դատական համակարգում ստեղծված խորը ճգնաժամի վրա, որն ունի քաղաքական ընդգծված ենթատեքստ: Մասնավորապես՝ վերջին շրջանում մեր երկրում բազմիցս արձանագրվել են իշխանությունների կողմից դատական մարմինների նկատմամբ ոտնձգությունների աղաղակող փաստեր, այդ թվում՝ իրենց համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների, քրեական հետապնդումների դեպքեր, այժմ արդեն, մասնագետների պնդմամբ, դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է մեկնարկել: Խոսքը վերաբերում է սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն»:Նշենք, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը (որն ամբողջովին ունի քաղաքական ենթատեքստ) քննող դատավորն է, ով մերժել է նրան կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Մինասյանը, մեղադրվեցին վարչապետի սպանության նախապատրաստման փորձի համար։Տեղեկացնենք նաև, որ տարվող ապօրինի գործընթացի դեմ իրենց արդարացի բողոքն ու ընդվզումն են հայտնել Հայաստանի հանրապետության դատական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ , սակայն միջազգային հանրությունը դեռևս լուռ է: «Այս համատեքստում կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել և հատկապես ընդգծել այն փաստը, որ տեղի ունեցողը անթույլատրելի նախադեպ է դատական պրակտիկայում, որևէ միջազգային իրավական ակտով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ հոդվածով, արդար դատաքննության իրավունքի՝ քաղաքացիաիրավական հայեցակետով սահմանված չէ, որ դատավորին կարելի է դատել իրականացրած որոշման, այն է՝ կայացրած վճռի համար։Ավելին՝ Հայաստանի Հանրապետության մայր օրենքով՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանվում է, որ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»:«Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է արձանագրենք, որ սա բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության և հիասթափության առիթ։ Այն, նախ և առաջ, առնչվում է մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության հիմքերի խախտմանը: Նմանատիպ գործողությունները որևէ առնչություն չունեն ժողովրդավարական ինստիտուտների գործարկման և կայացման հետ, այլ ուղղակիորեն վկայում են երկրում առկա քաղաքական խնդիրների և խորը ճգնաժամի մասին:Գնահատելով իրավիճակը և կանխատեսելով հնարավոր հետևանքները մեր նորանկախ պետության համար, ինչպես նաև, առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման` միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած մեր պետության պարտավորություններով՝ ակնկալում եմ Ձեզանից արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին»,- գրել է Թագուհի Թովմասյանը:
10:26 - 05 փետրվարի, 2022
Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

Եթե ահազանգը համապատասխանում է իրականությանը, կհետևեն խիստ պատիժներ. փոխնախարարը՝ նորակոչիկի՝ զորամասը լքելու դեպքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջ գերատեսչությունը շահագրգիռ է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի, փաստի առիթով սկսվել է քննություն: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկատվությանը, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստպելով մաքրել սանհանգույցը, վերջինս էլ փախուստի է դիմել: «Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն էր զորամասն ինքնակամ թողնելու պատճառ հանդիսացել: Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացված ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Մեզ էլ է մտահոգում, վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել, տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր կողմից նշված հանգամանքը»,-ասաց փոխնախարարը: Քանի որ քննություն է ընթանում, Սարգսյանն այլ մանրասմաներ չներկայացրեց՝ վստահեցնելով, որ ՊՆ-ի համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան՝ հատկապես, եթե դրանք պարունակում են ճշմարտություն՝ կապված զինվորի նկատմամբ բռնություն կիրառելու հետ: Անդրադառնալով տվյալ դեպքից հետ կապված հարազատների ահազանգերին՝ նա ասաց, որ լինում են դեպքեր, երբ զինվորը ինչ-որ պատճառով լքում է զորամասը, սակայն որպես պատճառաբանություն բերում է հրամանատարի, ծառայակիցների կոպիտ խոսքը, սակայն վերջում պարզվում է մեկ այլ բան: «Պաշտպանությանն նախարարից սկսած ամբողջ  գերատեսչությունը, բոլորը շահագրգռված են, որ պարզվի իրականությունը: Եվ, եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,-ասաց Սարգսյանը: Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է քննության, ամբողջը կպարզվի:
15:40 - 03 փետրվարի, 2022
Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասում նսեմացրել են նորակոչիկին․ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ահազանգ եմ ստացել, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել։ Անմիջապես հանձնարարել եմ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագտներին կապ հաստատել թե՛ Պաշտպանության նախարարության, թե՛ զինվորի հարազատների հետ։ Նորակոչիկի հարազատները նշել են, որ վերջինս բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, փետրվարի 1-ի առավոտյան նրան և ևս երկու զինվորի ստիպել են մաքրություն իրականացնել, իրենք հրաժարվել են, որի արդյունքում ծեծել են, թույլ չեն տվել ճաշարանից օգտվել, քնել, ջուր խմել և այլն: Զինվորը կապ է հաստատել հարազատների հետ, պատմել հանգամանքները, որից հետո զինվորի հետ կապը կորել է․ վերջինս փախուստի է դիմել, իսկ ծեծի մասին ահազանգել է 2-րդ զինվորը։ Հարազատները պատմել են նաև, որ ՊՆ-ն և տվյալ զորամասի հրամանատարական կազմը ներողություն են խնդրել իրենցից, ընդունել են, որ տարածքում մաքրություն անելու պարտադրանք եղել է, իրենց խոսքով, մեկ անգամ խփել են զինվորին, բայց սանհանգույցի մաքրության մասին խոսք չի գնացել։ Կապ ենք հաստատել նաև ՊՆ Մարդու իրավունքների բարեվարքության վարչության պետի հետ, ով հայտնել է, որ տեղյակ է խնդրից, խոսել է Կապանի ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ․ զինվորին միայն հորդորել են մաքրել իրեն հատկացված տարածքը, այլ պարտադրանք և ծեծ չի եղել։ Դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում։ Իսկ զինվորի գտնվելու վայրը հայտնի չէ։ Մեր փորձագետները զրուցել են նաև Կապանի զորամասի հրամանատարի հետ, ով պատմել է, որ զինվորը բոլորի ներկայությամբ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում մաքրություն իրականացնել, որից հետո հրամանատարը հրավիրել է զինվորներին իր աշխատասենյակ, բացատրական աշխատանքներ է իրականացրել, զինվորների ներկայությամբ հրամանատարն անձամբ մաքրել է իր սենյակը՝ ցույց տալու համար, որ դա յուրաքանչյուրի պարտականությունն է, և պարսավելի ոչինչ չկա, որի արդյունքում էլ նորակոչիկները վստահեցրել են, թե նման խնդիր այլևս չի լինի, սակայն աշխատասենյակը լքելուց հետո, երբ վաշտի հրամանատարը նրանց հորդորել է իրենց հատկացված տարածքը մաքրել, նրանք հրաժարվել են, և վերոնշյալ զինվորը լքել է զորամասը։ Լսելով բոլոր կողմերի բացատրությունները, պետք է արձանագրել, որ նման դեպքերը բանակում անթույլատրելի են և պետք է իսպառ վերացվեն: Համաձայն Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ օրենքի 1-3 հոդվածների պահանջների՝ զորամասում զինծառայողների ամենօրյա կյանքն ու գործունեությունն իրականացվում է ներքին ծառայության պահանջներին համապատասխան։ Զինվորական ծառայության կատարման սկզբում զինծառայողը կարիք ունի հատուկ ուշադրության: Հրամանատարների (պետերի) խիստ վերահսկողությունը և նրանց անձնական օրինակը օգնում են զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոնները: Համաձայն Օրենքի 13-րդ հոդվածի պահանջների՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով: Ի թիվս այլնի՝ զինծառայողը պարտավոր է՝ բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից: Ինչ վերաբերվում է զորամասում զինվորների կողմից մաքրության ապահովմանը, գտնում եմ, որ այդ աշխատանքների կատարումը պետք է կազմակերպվի Օրենքի դրույթներին խիստ համապատասխան՝ հարգելով յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված), ինչպես նաև խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը սահմանող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի դրույթները»:
11:18 - 03 փետրվարի, 2022
Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Հասարակության մեջ, քաղաքական դաշտում շատ է խոսվում մարդու իրավուքնների պաշտպանության անհրաժեշտության մասին, բայց մենք պետք է հասնենք նրան, որ մարդն ինքը զգա, որ ՀՀ-ում պաշտպանված է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Քանի դեռ կոնկրետ գործիքակազմի կիրառմամբ մարդը չի հասկացել, որ պաշտպանված է, մնացած հայտարարությունները՝ առանց փաստերի, մնալու են օդում կախված։ Մարդը պետք է զգա, որ կառավարությունը, իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք։ Այս առումով շատ կարևոր դեր ունի մարդու իրավունքների ապագա պաշտպանը, որ պետք է ոչ միայն հայտարարություններով սահմանափակվի, այլև շատ ավելի կարևոր գործիքակազմերի կիրառի»,-ասաց պատգամավորը։
13:40 - 24 հունվարի, 2022