Լիդիան Արմենիա

Լիդիան Արմենիան երկրաբանահետախուզական ընկերություն է, որը Հայաստանի կառավարությունից Ամուլսարի տարածքում համանուն ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն է ստացել։

«Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ն։ «Լիդիան Արմենիան» հիմնադրվել է 2005 թվականին։ Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության բաժնետերերի շարքում են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև բարեգործական մի շարք հայկական կազմակերպություններ։

 

 

«Ամուլսարում փորձագետները Լիդիանի մեքենաներով էին». Ամուլսարի պաշտպաններին հրավիրել են ՔԿ |news.am|

«Ամուլսարում փորձագետները Լիդիանի մեքենաներով էին». Ամուլսարի պաշտպաններին հրավիրել են ՔԿ |news.am|

news.am։ Ամուլսարի պաշտպաններից 7 հոգի պատրաստվում են համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի հետ, նրանք հուլիսի 19-ին հանդիպելու են Քննչական կոմիտեի անդամների հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, - ասաց Շիրակ Բունիաթյանը։ «Մեզ քննչականից հրավիրել են համագործակցելու։ Մենք լիքը փաստեր ու բողոքներ ունենք, որն էլ ներառված չի եղել քննչական այդ գործի շրջանակներում։ Մեզ ասել են, եթե ցանկություն ունեք համագործակցելու, եւ գործին օգնող տվյալներ ունեք, ապա կարող եք գալ, եւ մենք կքննարկենք։ Այնուհետեւ մենք էլ որոշում կկայացնենք ջերմուկցիների հետ, թո՞ւյլ ենք տալիս մտնել փորձագետներին, թե՝ ոչ»,- ասաց Ամուլսարի պաշտպանը։Նա պատմեց, որ հուլիսի 13-ին, տեղական փորձագետները եւ Լիդիանի աշխատակիցները Վայոց ձորի ոստիկանական ուժով փորձել են մտնել Ամուլսարի տարածք։ Հայտնեց նաեւ, որ փորձագետները եղել են «Լիդիան Արմենիա» ընկերության մեքենաներով, որը բնակիչների եւ պաշտպանների մոտ կասկածի առիթ է տվել. «Մենք ասացինք, որ Լիդիանի աշխատակիցները եթե չգան, թույլ կտանք։ Իրենք այդ աշխատակիցների գալը հիմնավորեցին որպես՝ տարածքին ծանոթ մարդ։ Մենք ասեցինք, որ չենք վստահում Լիդիանին եւ շատ հավանական է, որ իրենք սխալ տեղ տանեն, եւ ուզում ենք, որ բնակիչներից էլ գնան իրենց հետ։ Այդ տարբերակն էլ չընդունեցին ու սկսեցին մարդկանց քաշքշել եւ բերման ենթարկել»։ Ավելի վաղ Շիրակ Բունիաթյանը հայտնել էր, որ Ամուլսարում իրավիճակը «թեժ» էր. «Անցյալ տարի, հենց այս օրերին տեսչական մարմնի կողմից փորձաքննության ժամանակ հայտնաբերվեց, որ ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքում տեղի է ունեցել ապօրինի ընդերքօգտագործման դեպք։ Շուրջ մեկ տարի գոնե անրության լայն շերտերի համար չկար հասանելի տեղեկություն այդ գործի առիթով։ Քննչական Կոմիտեն իր կողմից հրավիրված տեղական փորձագետներ եւ Լիդիանի աշխատակիցներ Վայոց ձորի ողջ ոստիկանական ուժը հավաքել եկել էին որպեսզի ներս մտնեն տարածք։ Հենց առաջին իսկ վարկյանից ոստիկանները ցուցաբերել են ագրեսիվ եւ անհանդուրժող վարքագիծ այդտեղ հավաքված բնակչության նկատմամբ։   Ավելին՝ news.am-ում
09:43 - 16 հուլիսի, 2019
Քաղաքացիները պահանջում են «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում․ երկու հոգի ձերբակալվել են |hetq.am|

Քաղաքացիները պահանջում են «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում․ երկու հոգի ձերբակալվել են |hetq.am|

hetq.am։ Ասյօր Ամուլսարի առաջին պոստում լարված իրավիճակ էր։ Ոստիկանությունը առանց հիմնավորման փորձում էր ձերբակալել Ամուլսարի պահապաններին և տեղացիներին։ Այս պահին ձերբակալվել են Արթուր և Սոս Խաչատրյանները։ Ավելի վաղ պոստերին մոտեցել են երկու մեքենաներ, որում գտնվել են փորձագետներ և Քննչական Կոմիտեի ՀԿԳ քննիչը։ Նրանք պահանջում էին բացել պոստերը շինարարատեխնիկական, նյութագիտական և էկոլոգիական փորձաքննություն իրագործելու նպատակով։ Քաղաքացիները խոչընդոտել են նրանց մուտքն ու ներկայացրել են երկու պահանջ․ Փորձաքննության շրջանակներում ներառել նաև սոցիալ-տնտեսական փորձաքննություն և համայնքի իրավունքների խախտման արձանագրում։ «Լիդիան Արմենիա»-ի թույլտվությունների կասեցում։ Ժամը 16:00 դրությամբ՝ փորձագետները և քննիչը հեռացել են։  
12:49 - 13 հուլիսի, 2019
Հայկական բնապահպանական ճակատը Ամուլսարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է տվել

Հայկական բնապահպանական ճակատը Ամուլսարի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է տվել

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն եւ Քննչական կոմիտե։Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղորդման բովանդակությունը․ «Գեոթիմ» ՓԲ ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա» ՓԲԸ) ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2012թ․ հուլիսի 31-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ 65 դրական եզրակացության մեջ նշված են եղել փորձաքննական հինգ պահանջներ, որոնք ենթակա էին պարտադիր կատարման։ Դրանցից մեկն ըստ էության չի կատարվել, եւ այն շրջանցելու համար 2014 թվականին բնապահպանության նախարարությունը մշակել ու ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որի մշակման եւ ընդունման գործընթացները մեր կարծիքով պարունակում են առերեւույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր․ ստորեւ ներկայացնում ենք մեր հիմնավորումները։Վերոնշյալ դրական եզրակացության փորձաքննական պահանջը եղել է հետեւյալը․«3․ Հանքային իրավունքով ծանրաբեռնված տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների առկայության կամ հայտնաբերման դեպքում առաջնորդվել Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26 հոդվածով»։Պարզաբանում․ Ամուլսարի տարածքում 2012 թվականին հայտնաբերվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մատնունի ծիրանավոր բուսատեսակը։ Սակայն օրենսգրքի վերոնշյալ հոդվածով առաջնորդվելու փոխարեն ընկերությունը, ակնհայտորեն ՀՀ նախկին կառավարության հետ համագործակցությամբ, գտել է այն շրջանցելու ճանապարհ։ Նշենք, որ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում հստակ նշված է հետեւյալը՝«1․ Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`1) գերեզմաններ.2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ.3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:Օրենսգրքի այս հստակ արգելքը «շրջանցելու» նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը մշակել եւ 2014թ հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում հաստատման է ներկայացրել «Բուսական աշխարհի օբյեկտների պահպանության եւ բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» 781-Ն որոշման նախագիծը (տես այստեղ՝ կետ 23): Հատկանշանական է, որ այն ժամանակվա նախարար Արամայիս Գրիգորյանն այս նախագիծը ներկայացրել է առանց ամփոփաթերթի, որտեղ նշված պետք է լիներ, թե ինչ կարծիքներ են եղել այս որոշման հետ կապված այլ նախարարություններից, պետական եւ մասնագիտական կառույցներից։ Որոշումը բնականաբար ընդունվել է կառավարության կողմից՝ չնայած նրան, որ այն հակասում էր առաջին հերթին Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքին, ինչպես նաեւ այլ օրենքներին եւ միջազգային կոնվենցիաներին (տես այստեղ, այստեղ եւ այստեղ)։ Այս կարգն ուժի մեջ է մտել 2014թ․ օգոստոսի 14-ին, որի բովանդակությանը ծանոթանալով ակնհայտ է դառնում, որ հենց այս որոշումով է ՀՀ կառավարությունը հնարավորություն տվել «Գեոթիմ» ընկերությանը «կարգավորելու» իր խնդիրները՝ կապված Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքի հետ։Մեջբերենք նաեւ այդ կարգի համապատասխան հատվածը, որն անմիջական առնչություն ունի մեր նշած խնդրին․«4․ Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝1) առանձնացնում են օգտագործման նպատակով տրամադրված տարածքում պահպանվող գոտիներ, որոնք ունեն տեղական նշանակություն եւ անհրաժեշտ են կարմիր գրքում գրանցված բուսատեսակների` սույն կետում նշված նոր պոպուլյացիաների կենսունակության ապահովման նպատակով.2) ժամանակավորապես սահմանափակում են առանձնացված պահպանվող գոտիներում տնտեսական գործունեության որոշ տեսակներ, եթե դրանք կարող են բերել նշված բուսատեսակների աճելավայրերի վիճակի վատթարացմանն ու պոպուլյացիաների կենսունակության խաթարմանը.3) սույն կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որեւէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որեւէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու եւ հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով»:Հենց այս 3-րդ ենթակետի միջոցով է հետագայում «շրջանցվել» Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված արգելքը։Ներկայացնենք, թե ինչպես․ Այս կարգի ընդունումից ընդամենը երկու ամիս անց՝ 2014թ․ հոկտեմբերի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն ԲՓ 76 փորձաքննական դրական եզրակացությունն է տալիս «Գեոթիմ»-ի ներկայացրած Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծին, որի փորձաքննական պահանջների 3-րդ կետում գրված է արդեն հետեւյալը․«3․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն ՀՀ կառավարության 31 հուլիսի 2014թ․ 781-Ն որոշման, նախապես ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության համաձայնությունը»։Իսկ վերջին՝ 2016թ ապրիլի 29-ին տրված, ԲՓ 35 փորձաքննական դրական եզրակացության պահանջների 2-րդ կետում գրված է․«2․ ՀՀ կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության եւ Գեոթիմ ՓԲԸ-ի միջեւ 2015թ․ օգոստոսի 7-ին կնքված «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի նոր պոպուլյացիաների առանձնյակների տեղափոխման մասին» պայմանագրի»։Եզրակացություն․ Ստացվում է, որ ոչ միայն 2012 թվականին տրված փորձաքննական պարտադիր պահանջը չի կատարել «Գեոթիմ» ՓԲԸ-ն, այլեւ ՀՀ կառավարությունն առանց քննարկման եւ կարծիքներ լսելու ընդունել է այդ պահանջի «շրջանցումն» ապահովող հակօրինական որոշում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն էլ հետագա տարիներին տվել է նոր դրական եզրակացություններ այս ծրագրին՝ մշակելով եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելով վերոնշյալ կարգն ու աչք փակելով այն փաստի վրա, որ ընկերությունը չի իրականացրել 2012 թվականին առաջադրված փորձաքննական պահանջը։Մեր կարծիքով վերոնշյալ փաստերը պարունակում են առերեւույթ կոռուպցիոն հանցագործության տարրեր, ուստի խնդրում ենք իրականացնել բազմակողմանի եւ անաչառ քննություն դրանք բացահայտելու ուղղությամբ, մասնավորապես քննելով, թե ինչ պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումներ են ունեցել իրավասու պետական պաշտոնյաները «Գեոթիմ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ խնդրո առարկայի շուրջ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել, խնդրո առարկայի վերաբերյալ, ինչ շփումներ են եղել արտերկրյա շահագրգիռ կողմերի, մասնավորապես՝ ԱՄՆ եւ ՄԹ դեսպանների հետ։Ովքեր են եղել ՀՀ կառավարության վերը նշված որոշման հեղինակները, ի՞նչ շահագրգռություն են ունեցել այդ որոշումը նախագծելու եւ անցկացնելու համար, ինչո՞ւ կառավարության սույն կարեւոր որոշումը նախագծի տեսքով չի շրջանառվել պետական գերատեսչություններով եւ չեն ստացվել դրա վերաբերյալ կարծիքներ»։Հ․Գ․ Այս հաղորդմանը որպես հավելում նաեւ նշենք, որ դեռ 2014 թվականի ապրիլին Ջերմուկ եւ Գնդեվազ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ եւ բնապահպանական քաղաքացիական խմբեր բողոք էին հղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականին (օմբուսդմեն)՝ «Գեոթիմ» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման մտադրության վերաբերյալ։ Քննելով այդ բողոքները, օմբուսդմենն իր 2015 թվականի ապրիլի 27-ի զեկույցում մասնավորապես նշել է նաեւ հետեւյալը․«2007 թ. մայիսին հրապարակված Բնապահպանական եւ սոցիալական դիտարկման ամփոփագրում ՄՖԿ-ն գրել էր, որ «տեղանք կատարված այցերը եւ ծրագրային տեղեկատվության դիտարկումը ենթադրում են, որ կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները չեն ենթարկվի որեւէ հետեւանքների»: Սակայն 2014թ. իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Ամուլսարում իրականացվող գործողություններն արդեն իրենց անդառնալի հետեւանքն են թողել Կարմիր գրքում ներառված Potentilla porphyrantha (Մատնունի ծիրանավոր) տեսակի որոշ քանակության վրա: Բացի այդ համաձայն իրագործելիության ուսումնասիրության՝ ակնկալվում է, որ ծրագիրն բացասական հետեւանքներ կունենա որոշ կարեւոր բնակավայրերի եւ տեսակների վրա, ինչպես նաեւ երկարաժամկետ ազդեցություն կթողնի տեղական եւ բնական բուսականության վրա»»:
06:56 - 29 մայիսի, 2019
Ոստիկանությունը չի բողոքարկել իր դեմ դատարանի կայացրած վճիռը |epress.am|

Ոստիկանությունը չի բողոքարկել իր դեմ դատարանի կայացրած վճիռը |epress.am|

epress.am։ 2019 թվականի ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը վճռել է բավարարել Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) և պարտավորեցրել ոստիկանությանը վերացնել «Լիդիան Արմենիա»-ին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 և 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները: Փաստացի սա նշանակում է, որ ավտոճանապարհների մոտակայքում տեղադրված տնակները համապատասխան կոորդինատներով և Կադաստրի կոմիտեում արձանագրված չափագրումով տարածքից պետք է մի քանի մետր տեղափոխվեն։Թեև դատավարության ընթացքում ոստիկանությունը ներկայացրել է հիմնավորումներ, թե ինչու Ամուլսարի շուրջ անցկացվող հավաքները չի համարել ներխուժում, այդուհանդերձ այն չի բողոքարկել դատարանի վճիռը, իսկ Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հարցին, թե ինչու չի բողոքարկվել վճիռը պարզաբանում չտրամադրեց։Դատաքննության ընթացքում ոստիկանությունը ներկայացրել է դիրքորոշում՝ նշելով․«Բաժնում նախապարատված նյութերով պարզվել է, որ մի խումբ անձինք գտնվում են անշարժ գույքի տարածքի սկզբնամասում և իրականացնում են բողոքի ակցիա և նշված պարագայում նրանց կողմից ներխուժում առկա չէ ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասն է սահմանում, այլև այն պատճառով, որ մի խումբ անձանց մասին ունեցած պատկերացումները հարաբերական են, քանի որ նշված խնդիրն առաջացել է ոչ թե կոնկրետ նշված տարածքի վերաբերյալ, այլ այն պատճառով, որ Ամուլսարի տարածքում հանքավայրի հնարավոր շահագործման դեմ պայքարի շրջանակներում Ջերմուկ քաղաքի մի խումբ անձանց կողմից, ի նշան բողոքի, փակվել են Ընկերության աշխատավայրեր տանող հնարավոր ճանապարհները, որոնք գտնվում են Ջերմուկ համայնքի տարբեր վայրերում»։ Ոստիկանությունը նշել է նաև, որ հայցվոր ընկերության դիմումին կից սեփականության իրավունքի վկայականներում տարածքի կոնկրետ հատակագիծ չի եղել, որով հստակ երևար, թե քանի մետր այն կողմից է սկսվում դիմումատուի տարածքը․ ընկերության համապասխան մասնագետների պատրաստած հատակագիծ-քարտեզում, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Ջերմուկի սպասարկման գրասենյակից ստացված հատակագծերում կրկին չկան չափագրումներ՝ ըստ մետրերի։Ավելին՝ epress.am
12:42 - 17 մայիսի, 2019
Արդյոք Լիդիանը ձեռք է բերել ջերմուկցիների անձնական տվյալներն ապօրինի ճանապարհով․ ՀԲՃ

Արդյոք Լիդիանը ձեռք է բերել ջերմուկցիների անձնական տվյալներն ապօրինի ճանապարհով․ ՀԲՃ

2019 թվականի մայիսի 2-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով տարածել է «Փաստերի աղավաղում ջերմուկցիների ստորագրահավաքում» վերնագրով հայտարարությունը: Այս չափազանց խնդրահարույց հայտարարությունը պարունակում է տեղեկատվության մանիպուլացում, ինչպես նաև հարուցում է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի մասին կասկածներ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում շեշտել մի քանի կարևոր կետեր, որոնք վերհանվել են նաև Ամուլսարի պահապանների՝ մայիսի 4-ի տեսաուղերձում: 2018թ. աշնանը Ջերմուկ խոշորացված համայնքում կազմվել է «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագիր, որին միացել են համայնքի շուրջ 3000 անդամներ: 2018թ. դեկտեմբերին հանրագիրը ներկայացվել է համայնքի ղեկավարին ու ավագանուն, ինչպես նաև ՀՀ կառավարությանը: «Հանրագրերի մասին ՀՀ օրենքի» 10-րդ հոդվածի համաձայն՝ Ջերմուկի ավագանին մեկ ամսվա ընթացքում քննարկման է դրել այդ հարցն ու իր համաձայնությունը հայտնել հանրագրում ներկայացված պահանջներին: Իսկ ՀՀ կառավարությունը, խախտելով «Հանրագրերի մասին ՀՀ օրենքը», մինչև օրս պաշտոնապես չի պատասխանել հանրագրին: Վերոնշյալ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ հանրագիրը կարող է հրապարակվել, եթե կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցները ներկայացրել են այն հրապարակելու վերաբերյալ իրենց համաձայնությունը: Ջերմուկցիների հանրագրի պարագայում ոչ բոլոր մասնակիցներն են համաձայնել հանրագրի հրապարակմանը: Հանրագիրը ստացած վերոնշյալ հասցեատերերից ոչ մեկը հանրագիրն ու նրա մասնակիցների անունները չի հրապարակել: Հանրագրի փաստաթղթերում օրենքի պահանջով առկա են ստորագրողների անձնական տվյալներ՝ հասցեներ ու հեռախոսահամարներ, որոնք երրորդ անձանց փոխանցելն իրավաչափ չէ:Այնուամենայնիվ, Լիդիանի հայտարարությունից լրիվ այլ բան է երևում։ Եթե նրանց հրապարակումը հիմնված չէ կեղծ տվյալների վրա, ապա ակնհայտ է, որ մասնավոր ընկերության, ընդ որում, այս հարցում շահագրգիռ ընկերության ձեռքում են հայտնվել մարդկանց անձնական, ոչ հրապարակային տվյալներ: Այս պարագայում մեր բարձրացրած գլխավոր հարցն է, թե որտեղի՞ց է Լիդիան Արմենիան տիրապետում իր հրապարակած տեղեկություններին և արդյո՞ք դրանք ստացել է օրինական ճանապարհով:Ինչ վերաբերում է հայտարարության բուն բովանդակությանը․ Լիդիանի հայտարարության մեջ նշվում է, որ հանրագրի ստորագրությունների թիվը ոչ թե շուրջ 3000 է, այլ 2654: Հայտարարում ենք, որ ստորագրությունների թիվը 2919 է, և դրանց կրկնօրինակները պահպանվում են հանրագիրը նախաձեռնող խմբի մոտ ինչպես տպագիր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակներով: Չնայած բնակչության իրական թվականակի ուռճացված պաշտոնական տվյալների առկայությանը՝ հայտնում ենք, որ այս թիվը Ջերմուկ համայնքում փաստացի բնակվողների 80%-ից ավելին է։ Հանրագրին միացել են նաև այլ քաղաքներում ժամանակավորապես բնակվող Ջերմուկ համայնքի անդամներ: Ընկերությունը նշում է, թե առկա են Հերհեր ու Կարմրաշեն գյուղերի բնակիչների ստորագրություններ, որոնք Ամուլսարի ծրագրով ազդակիր համայնքներ չեն ճանաչված: Իրավական առումով այս անգրագետ հայտարարության վերաբերյալ պետք է ասել, որ հանրագիրը Ջերմուկ խոշորացված համայնքի անդամների անունից է, վերաբերում է ընդհանրապես մետաղական հանքարդյունաբերության արգելմանը և ուղղված է իրենց ՏԻՄ-ին ու ՀՀ Կառավարությանը: Ամուլսարի ոսկու ծրագրի ազդակիր ճանաչված լինելը կամ չլինելը որևէ դերակատարություն այստեղ չունի: Իսկ Ջերմուկ խոշորացված համայնքի մեջ են մտնում Ջերմուկ քաղաքը, Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն գյուղերը: Առկա են անչափահասների ստորագրություններ: Հանրագրերի մասին օրենքի համաձայն 14 տարեկանից բարձր անձինք կարող են հանրագիր ներկայացնել առանց օրինական ներկայացուցչի (հոդված 5, կետ 2), ուստի այո, հանրագրին միացել են նաև 14 տարեկան և բարձր անչափահասներ: Սակայն հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Լիդիան ընկերությունը տիրապետում այս տվյալներին և անչափահասների թվին, եթե հանրագրի ֆորմատում մարդկանց ծննդյան թվերը ոչ մի տեղ նշված չեն: Նշանակում է՝ ընկերությունը ոչ միայն ձեռք է բերել մարդկանց անուններն ու հասցեները, այլև փորձել է հետաքննել նրանց ինքնությունները, հայտնի չէ՝ ինչ ճանապարհով, հակառակ դեպքում անչափահասների մասին թիվը օդից վերցված թիվ է: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն, թե ինչ են ստորագրել: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Լիդիան ընկերությունը հանգել այս եզրակացությանը, երբ հանրագրի յուրաքանչյուր թերթիկում կա գլխագիր, թե ինչի մասին է այն, և յուրաքանչյուր ստորագրող ոչ միայն իրազեկվել է բանավոր, այլև կարդացել է իր կողմից ստորագրվող թերթիկը: Արդյո՞ք Լիդիանը կապ է հաստատել հանրագիրը ստորագրած անձանց հետ։ Եթե այո, ինչպե՞ս է ընկերությունը դա արել, եթե հայտնի է, որ ընկերությունը չի անցկացրել հանրագրի հավաքագրման գործընթացին նման գործընթաց, երբ ստորագրահավաք իրականացնողները շրջել են տուն առ տուն, բացատրել հանրագրի նպատակը, ստացել բնակիչների ստորագրությունները։ Կարելի է ուրեմն ենթադրել, որ մարդկանց անձնական տվյալները՝ հավանաբար ապօրինի կերպով ձեռք բերելուց հետո, նրանք սկսել են զանգահարել թերթիկներում առկա հեռախոսահամարներով։ Եթե նման բան է կատարվել, ապա դա մասնավոր ընկերության կողմից ապօրինաբար մարդկանց հետապնդելու փորձ է։ Եթե ոչ, ուրեմն ընկերությունը պարզապես տարածել է կեղծ տեղեկատվություն, թե մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ է ստորագրում։Խնդրում ենք ՀՀ իրավապահ մարմիններին դիտարկել այս հայտարարությունը որպես ահազանգ առերևույթ հանցագործության մասին և պարզել, թե ի՞նչ ճանապարհով է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ձեռք բերել հանրագիրը ստորագրողների անձնական տվյալները: Եթե ընկերության մայիսի 2-ի հայտարարությունը հիմնված չէ հանրագրի թերթիկների ձեռքբերման վրա, ապա պատասխանատվության ենթարկել կեղծ տեղեկություններ հրապարակելու և Հայաստանի քաղաքացիներին ապակողմնորոշելու համար։ Բոլոր անձանց, ում նկատմամբ ճնշումներ են գործադրվել ընկերության կողմից իրենց կամքն ու կարծիքն ազատ արտահայտելու համար, խնդրում ենք կապվել մեզ հետ (էլ․ փոստ՝ [email protected]) կամ այլ եղանակներով բարձրաձայնել այդ մասին: Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
11:27 - 07 մայիսի, 2019
Քրեական գործ է հարուցվել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ |lragir.am|

Քրեական գործ է հարուցվել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ |lragir.am|

lragir.am: 2018թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Ոստիկանությունը և դատախազությունը մերժել էին դիմումը, որի հետևանքով 2018թ. սեպտեմբերի 30-ին Լիդիանը դիմել էր ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ Ոստիկանության որոշումը վերանայելու պահանջով: 2018թ. հունվարի 18-ին դատարանը բավարարել էր Լիդիանի դիմումը՝ արձանագրելով, որ Ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել՝ հիմք ընդունելով առերևույթ իրավախախտումները: Այս մասին հայտնում են Լիդիան ընկերությունից: Ս.թ. ապրիլի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու մասին Վայոց Ձորի դատախազության դիմումը՝ ուժի մեջ թողնելով դատարանի որոշումը: Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող է բողոքարկել այն ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարան չդիմելու կամ դատարանի կողմից բողոքը մերժելու դեպքում, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կմնա ուժի մեջ և դատախազությունը պարտավոր կլինի քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով: Լիդիանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն այս առիթով ասել է, – «Լիդիանի դեմ ուղղված բոլոր անօրինական գործողություններն ու անգործությունը  թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենքների խախտում են: Դատարանների վերջին որոշումները հաստատում են Լիդիանի դիրքորոշումը կապված ճանապարհների անօրինական շրջափակման հետ, ինչի հետևանքով Լիդիանը զրկվել է գործունեություն ծավալելու իր օրինական իրավունքից: Հուսով ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ կհետևեն դատարանի որոշումներին, կհարուցեն քրեական գործը և կհատուցեն ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանին պատճառված վնասը: Մենք վստահ ենք, որ օրենքի գերակայության վերականգնումը բխում է ոչ միայն Լիդիանի, նրա բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների և հարակից համայնքների, այլ նաև Հայաստանի շահերից»: Լիդիանը իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում:
11:21 - 23 ապրիլի, 2019
Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք |armtimes.com|

Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք |armtimes.com|

armtimes.com: «Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը  Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք: 2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել Ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են Ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների և տնակների հեռացման և դեպի Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու՝ Լիդիանի պահանջը: Ապրիլի 10-ին դատարանը որոշում է կայացրել հոգուտ Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի՝ բավարարելով Ընկերության բողոքը:Դատարանը արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության։ Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը Ընկերության տարածքից: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ որոշման չբողոքարկման դեպքում: Մինչ օրս Ամուլսարի շրջափակումը չի վերացվել, ցուցարարները չեն հեռացվել: Լիդիանն ակնկալում է Ոստիկանության կողմից դատարանի որոշման շուտափույթ կատարում: Լիդիանի Նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն այս առիթով ասել է. «Լիդիանի Ամուլսարի ծրագիրն ապօրինի շրջափակման մեջ է անցյալ տարվա հունիսի 22-ից: Մենք հարգում ենք մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը, այդուհանդերձ վստահ ենք, որ այս իրավունքը չպետք է իրացվի ապօրինի ճանապարհով և այլոց՝ տվյալ դեպքում Լիդիանի բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների, համայնքի բնակիչների և այլ կողմերի իրավունքների հաշվին: 2018 թ. հուլիսից Լիդիանը մի շարք իրավական գործընթացներ է նախաձեռնել՝ Ընկերության իրավունքները պաշտպանելու նպատակով: Հույս ունենք, որ դատարանի այս երկար սպասված որոշումը կդառնա կարևոր շրջադարձ այն ապօրինության ու խտրականության վերացման ուղղությամբ, որին Լիդիանը ենթարկվում է 2018 թ. հունիսից: Մենք ակնկալում ենք, որ ոստիկանությունը շուտափույթ  կկատարի դատարանի որոշումը»: Լիդիանը իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում: Մինչ Հայաստանի իշխանությունները չեն կատարել Վարչական դատարանի որոշումը և չեն հեռացրել ներխուժած անձանց Ամուլսարի տարածքից, Հայաստանը կշարունակի այդ մասով հակասության մեջ լինել Հայաստանի և Միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների հետ, տեղեկացնում են Լիդիանից:
11:43 - 12 ապրիլի, 2019
Չէ, չենք վախում, էդ դուք մեզնից պետք է վախենաք. Փաշինյանը մեկնաբանել է Լիդիանի գործը |aysor.am|

Չէ, չենք վախում, էդ դուք մեզնից պետք է վախենաք. Փաշինյանը մեկնաբանել է Լիդիանի գործը |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մամուլում հրապարակվող այն տեղեկություններին, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստվում է դիմել արբիտրաժային դատարան: «Մամուլում այդպիսի ընկալում կա՝ վայ, Լիդիանը դիմում է արբիտրաժային միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի: Հա, դիմում ա, դիմում ա, թող դիմի: Ի դեպ, շատ միջազգային ակտորներ կան, որ այդպես խոսում են, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան ու սենց ուշադիր նայում են ու որ տեսնում ենք չենք ուշաթափվում էդ նախադասությունից, իրենք են սկսում ճնշել՝ ոնց, էդ դուք մեզնից չեք վախո՞ւմ: Չէ, չենք վախում: Էդ դուք մեզնից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, ոչ թե մենք ձեզնից», - հայտարարեց վարչապետը: Անդրադառնալով Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ Փաշինյանը հստակեցրեց կառավարության դիրքորոշումը: «Մենք բյուջեից 300 հազար դոլար ենք հատկացրել, որ միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավվենք՝ տեղում փորձաքննություն իրականացնելու համար: Այդ փորձաքննությունը պետք է մեկ հարցի պատասխան տա՝ արդյոք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավելի են, թե՞ ոչ: Այսինքն՝ ընդունելի՞ են, թե ընդունելի չեն: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ու Սևանի ջրային համակարգի համար, ուրեմն այդ ծրագիրը ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, այդ ծրագիրը կաշխատի», -հայտարարեց վարչապետը:      
07:23 - 28 մարտի, 2019
Դատարանն այսօր կքննի «Լիդիան»-ի հայցն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի

Դատարանն այսօր կքննի «Լիդիան»-ի հայցն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի

Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ այսօր կքննի «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի։ Ընկերությունը դատարան էր դիմել նախորդ տարվա նոյեմբերի 29-ին։ Այս տարվա մարտի 18-ին նշանակվել է դատական գործով նախնական նիստը։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 27.08.2018թ.-ի թիվ 30-Ա որոշումը։ Հիշեցնենք, որ տեսչական մարմինը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել էր ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց մինչեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը։ Տեսչական մարմնի ղեկավարը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգված արդյունահանելու փաստի կապակցությամբ՝ տվյալ արարքում հանցակազմի առկայությունը պարզելու եւ սահմանված կարգով ընթացք տալու համար: news.am
06:46 - 18 մարտի, 2019
Լիդիանը հայտարարում է Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին |lragir.am|

Լիդիանը հայտարարում է Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին |lragir.am|

Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ (TSX:LYD) ընկերությունը (հետայսու՝ Լիդիանը կամ Ընկերությունը) այսօր հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն՝ Ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վեճերի առկայության մասին: Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները: Արդյոք Lydian UK-ը կամ Lydian Canada-ն կանցնեն բուն արբիտրաժային գործընթացին կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան և կամ դրա հնարավոր արդյունքները: Ընկերությունը այս կապակցությամբ որևէ հետագա մեկնաբանություն չի տրամադրելու, բացի օրենքով նախատեսված դեպքերը: lragir.am
13:29 - 11 մարտի, 2019