Լին Թրեյսի

2019թ. փետրվարի 19-ից՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը՝ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր  Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգեւի:  2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաեւ ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) եւ Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

Լ. Թրեյսին բակալավրի կոչում է ստացել Ջորջիայի համալսարանում (Աթենք, Ջորջիա), ապա ուսանել է իրավագիտություն Ակրոնի համալսարանում (Ակրոն, Օհայո): 2017թ. նա արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգեւի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար: Գիտի ռուսերեն:

ԱՄՆ վարչակազմը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը. դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

ԱՄՆ վարչակազմը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը. դեսպանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նրան ուղեկցել են  ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը, կոնկրետ ուղղություններով ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված ԱՄՆ կառավարության և անձամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործադրած ջանքերը: Հատկապես կարևորվել է Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման և կայացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, ապօրինի հարստացման, հիպերհանցագործությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով ՀՀ դատախազների վերապատրաստումներին ցուցաբերված խորհրդատվական, տեխնիկական օժանդակությունը», ասվում է հաղորդագրության մեջ: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է իրավական փոխօգնության շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացման նշանակությունը: Նշվում է, որ դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալու հնարավորության համար: Նա ընդգծել է, որ նշվում է հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակը և փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն իրենց պատկերացումներն ու ակնկալիքներն են հայտնել իրավական փոխօգնության, քննչական հարցումների կատարման, էքստրադիցիայի, ՀՀ դատախազության կարիքների գնահատմամբ նոր ծրագրերի իրականացման ոլորտներում համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ: Դեսպան Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:   
18:42 - 10 փետրվարի, 2022
Արման Թաթոյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի հետ

Արման Թաթոյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի հետ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ։ ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը ՝ կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված համատեղ ծրագրերը: Մասնավորապես, «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում իրականացվել են կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ իրազեկումներ ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով: Նշված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար վերազինվել է ՄԻՊ կայքէջը: Նորացված կայքը, ըստ Պաշտպանի, տալիս է նոր հնարավորություններ՝ տեղեկությունների մատչելիության առումով հատկապես: Նույն ծրագրի շրջանակում ստեղծվել է բջջային հեռախոսի հավելված ինչպես IOS, այնպես էլ Android համակարգերի համար, որը բեռնելով քաղաքացիները կկարողանան ծանոթանալ ինչպես Պաշտպան գործունեությանը, այնպես էլ ստանալ իրազեկման բնույթի նյութեր։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ Հայաստանի տարբեր մարզերում: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Պաշտպանը ներկայացրել է «Դեմ եմ բռնությանը» կոչի ներքո իրականացված իրազեկման արշավը, որ ժամանակ նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը: Դեսպան Լին Թրեյսը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը պաշտոնավարման ողջ ընթացքում և համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը:
12:08 - 10 փետրվարի, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ հանրային կառավարման, թվայնացման, հակակոռուպցիոն, ոստիկանության, կրթության և առողջապահության ոլորտներում: Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը ընդգծել են Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի աշխատանքների ակտիվացման կարևորությունը և ողջունել են գարնանը նախատեսվող հերթական նիստի անցկացումը: Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
16:53 - 09 փետրվարի, 2022
ԼՂ կարգավիճակի հետ կապված գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո․ ԱՄՆ դեսպան

ԼՂ կարգավիճակի հետ կապված գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո․ ԱՄՆ դեսպան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը: Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է՝ 1991 թվականի անկախացումից ի վեր: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցությունը՝ ուղղված ավելի բարեկեցիկ և ժողովրդավար հասարակության ամրապնդմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև դատական և ոստիկանության բարեփոխումների կյանքի կոչմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում փոխվարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերն ու առաքելությունը։ Դեսպան Թրեյսին փոխվարչապետի հետ համակարծիք է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ աշխատանքային հարաբերությունների սերտացմանն ու   երկկողմ կապերի զարգացմանը:
17:52 - 31 հունվարի, 2022
ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին

ԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին

2022 թվականի հունվարի 27-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ժողովրդավարության, կառավարման և իրավունքի գերակայության ծրագրերի պատասխանատու Քելի Սթրիքլենդը, ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զեպֆելը։   Ողջունելով ամերիկացի գործընկերներին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և դատաիրավական ոլորտում երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակապես տարվող աշխատանքը: Արման Դիլանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ունի ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգ և հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում, և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց բարեհաջող իրականացումը:   Իր հերթին՝ դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ԱՄՆ վարչակազմը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ արդարադատության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ոլորտներում: Այս համատեքստում դեսպան Թրեյսին կարևորել է Բարձր դատարանում մեկնարկած ներքին բարեփոխումների գործընթացը:   Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ  
22:14 - 27 հունվարի, 2022
ՀՀ ԱԻ նախարարն ամերիկյան կողմի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ԱԻ նախարարն ամերիկյան կողմի հետ քննարկել է ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հունվարի 20-ին ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության ոլորտում համագործակցության և տիեզերքի հետ կապված կարողությունների հարցերով տնօրենի տեղակալ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի բրիգադի գեներալ Էդվարդ Լ. Վոնի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Դանիել Սինգլթոն, ԱՄՆ ռազմածովային ուժերի լեյտենանտ, հրամանատար Վիկտոր Ռոմանենկովը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլխավոր սերժանտ Էդիդիոնգ Գլոդովսկին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Անդրանիկ Փիլոյանը, ողջունելով հյուրերին՝  շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և ընդգծել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների բնագավառում սկիզբ է առել 2003թ.-ից:  Անցած տարիների ընթացքում  իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, բազմաթիվ ուսուցողական դասընթացներ, անցկացվել են կոնֆերանսներ, սեմինարներ, հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: «Գերատեսչության ղեկավարն, ի թիվս այլ ծրագրերի, մասնավորապես անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ Շիրակի մարզում երկու հրշեջ–փրկարարական ջոկատների շենքերի հիմնանորոգման և կառուցման  (Գյումրի 2, Ախուրյան) ծրագրին: 2022թ. դրա շրջանակում նախատեսվում է Աշոցքի նոր հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի կառուցման ավարտը և բացումը: Մեկնարկել են «Սևան ազգային պարկի» տարածքում գործող Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական բազայի կառուցման աշխատանքները: Հայ–ամերիկյան համագործակցության շրջանակում ընդգծվել են նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպան Լին Թրեյսին, վերահաստատելով փոխգործակցության շարունակականության և ընդլայնման ամերիկյան կողմի պատրաստակամությունը, նշել է, որ անվտանգության տեսանկյունից մեծապես կարևորվում են աղետների ռիսկերի նվազեցմանը և արձագանքմանն առնչվող ծրագրերը:   Գեներալ Էդվարդ Լ. Վոնն էլ ընդգծել է, որ երկու երկրներն արդեն 30 տարի ունեն դիվանագիտական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, ինչը հիմք է տալիս ընդլայնելու ծրագրերն՝ ինչպես քանակական, այնպես էլ՝ որակական առումով: ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով մի շարք նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:  
18:51 - 20 հունվարի, 2022
Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կազմակերպած «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կազմակերպած «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանը երեկ առցանց ձևաչափով մասնակցել է ԱՄՆ տնտեսական քարտուղարության կողմից կազմակերպված «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ին։ Իր ելույթում նախարարը շնորհակալությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը, ԱՄՆ տնտեսական քարտուղարությանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությանը, և հատկապես դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ գործադրած ջանքերի և Հայաստանի պետական պաշտոնյաների և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև երկխոսություն կազմակերպելու համար։ Նախարարի խոսքով՝ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ի կազմակերպումը ևս մեկ անգամ փաստում է 2 երկրների միջև առկա և շարունակաբար ընդլայնվող համագործակցության մասին: «ԱՄՆ կառավարությունը մեծ ներդրում ունի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներում, որոնք շարունակվում են վերաթողարկումից առ այսօր: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից աջակցություն է ցուցաբերվում էներգետիկ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներին և տեխնիկական խնդիրների լուծմանը, շուկայի ազատականացմանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը»,- ասել է նախարարը: Սանոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի բնագավառին առնչվող բոլոր որոշումների կայացման, հարևան երկրների հետ հարաբերությունների կառուցման, ավելի գլոբալ էներգետիկ շուկաներին ինտեգրման և հիմնական գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հիմքում ընկած է 2021թ. հունվարի 14-ին ընդունված ՀՀ էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարական ծրագրում ներկայացված էներգետիկայի բնագավառի զարգացման տեսլականը` ըստ որի էներգետիկան պետք է լինի հուսալի և անվտանգ, կայուն զարգացող/մաքուր և էներգախնայող, կանխատեսելի և թափանցիկ, տարածաշրջանային նշանակության, հասանելի և արդարացի բոլորի համար, բավարար չափով մատչելի խոցելի խավի, ինչպես նաև գրավիչ ներդրողների համար՝ թվայնացված և ինովացիոն: Իր ելույթում նախարարը նշել է, որ «Կանաչ էներգիայի Հարավային Կովկասի ֆորում»-ը կենսական հնարավորություն է քննարկելու կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի փոփոխության մարտահրավերները, քննարկելու լավագույն փորձը, կանաչ տեխնոլոգիաների նորարարական լուծումները, կիսելու գիտելիքները: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լի Թրեյսին կարևորել է նախարարի մասնակցությունը ֆորումին և ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում էներգիայի դիվերսիֆիկացիայի, այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայտնաբերման համար։
23:25 - 07 դեկտեմբերի, 2021
Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպան Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները: Տիկին դեսպանն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը: Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
20:05 - 02 դեկտեմբերի, 2021
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։         Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրական դրսևորումների վերացմանը, գնահատված կարիքին համարժեք՝ հասցեական ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։  Այս համատեքստում կարևորվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների փաթեթի ընդունումն ու դրա կիրառումն ապահովող մեխանիզմների ուղղությամբ աշխատանքները։ Կարևորելով Միացյալ Նահանգների հետ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում համատեղ ջանքերի ներդրումը։ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում մեր հիմնական աշխատանքներն ընթանում են երեք ուղղություններով՝ իրավական դաշտի բարելավում, հանրային իրազեկում և վերապատրաստումների, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում՝ թիրախային խմբերի շրջանում։ Կարևորում ենք նաև օրենսդրական բարեփոխումների, թրաֆիքինգի ենթարկված անձանց սոցիալական աջակցության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումը»,- նշել է նախարարը։   Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս համագործակցել առավել արդյունավետ․   «Մենք կարևորում ենք նաև ստվերային բիզնեսում աշխատող անձանց իրավունքների ոտնահարման, երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարում արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը։ Լիահույս ենք, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հետ համագործակցությունը ևս դրական արդյունք կունենա և կնպաստի երևույթի դեմ առավել արդյունավետ պայքարին»։ 
17:52 - 18 նոյեմբերի, 2021
Հայկ Կոնջորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

Հայկ Կոնջորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների հարաբերություններում: Նա բարձր է գնահատել Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցին: Խմբակցության ղեկավարը խոսել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, կան նաև վիրավորներ: Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը:
17:40 - 10 նոյեմբերի, 2021
Ռուստամ Բադասյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

Ռուստամ Բադասյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: «Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև՝ մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը»,- հայտնում են ՊԵԿ-ից: Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:  ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:
10:28 - 20 հոկտեմբերի, 2021
Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը

Վահան Քերոբյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային ներուժը

Հոկտեմբերի 18-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Նարեկ Տերյանը, փոխդեսպան Չիպ Լեյթինեն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Ջոն Ալլելոն և այլ պաշտոնատար անձինք։   Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում և շեշտել արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությունը: Նախարարն անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում զբոսաշրջության ոլորտի համար մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներին և ստանդարտներին` ընդգծելով կատարված աշխատանքի կարևորությունը։ Տեղեկացնելով, որ ստանդարտներն արդեն ուղարկվել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին` հաստատելու և կիրառության մեջ դնելու նպատակով՝ նա նաև ավելացրել է, որ մշակված ստանդարտների շնորհիվ զգալիորեն կբարելավվի զբոսաշրջության ոլորտը և հնարավորություն կստեղծվի դեպի Հայաստան ուղղել մեր երկրի համար թիրախային տուրիստական հոսքեր։ Դեսպանը նշել է, որ Հայաստանը շատ գրավչություններ ունի թե՛ ներդրումների, թե՛ զբոսաշրջության զարգացման համար՝ հատուկ ընդգծելով գինեգործության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները։ Նա նշել է, որ գինեգործության ոլորտում ևս զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում։ Նախարարն անդրադարձել է նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացման գործում ԱՄՆ ՄԶԳ-ի դերին` նշելով, որ այդ ուղղությամբ մեծ  աշխատանք է արվել, սակայն դեռ շատ անելիքներ կան նպատակային նշաձողին հասնելու համար։ Ներկայացնելով Կառավարության ծրագրի տնտեսական հատվածը` Վահան Քերոբյանը նշել է, որ նախատեսվում է սպառման վրա հիմնված տնտեսությունից անցում կատարել դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսության: Իրականացվելիք ծրագրերից նախարարը կարևորել է հատկապես ներդրումների ներգրավմանը և ներդրողների աջակցմանն ուղղված ծրագրերը, ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ նշելով, որ դրա մի մասն է կազմում վենչուրային ֆոնդերի ստեղծումը։ Հայաստանում արդեն զարգացում է ապրում այս ոլորտը, ինչի մասին են վկայում նոր հիմնվող վենչուրային ֆոնդերը։ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` նշելով,  որ Հայաստանը լավ հարթակ կարող է լինել այն ամերիկյան ընկերությունների համար, որոնք կցանկանան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։ Այս համատեքստում նա հրավիրել է ամերիկյան ընկերություններին տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանում: Նախարարն առաջարկել է նաև քննարկել ԱՄՆ-ում և Հայաստանում գործարարների համար երկուստեք հարկային բարելավումներ իրականացնելու հնարավորությունը: Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել իրենց պատրաստակամությունը համագործակցությունը  շարունակելու ու անհրաժեշտ աջակցություն տրամադրելու ուղղությամբ: Դեսպանը համակարծիք է եղել, որ հարկավոր է հնարավորինս հեշտացնել բիզնես գործունեության ծավալմանն ուղղված գործընթացները` պատրաստակամություն հայտնելով քննարկել վերջինիս ուղղված հետագա քայլերը։ Նախարարն անդրադարձել է նաև փոքր և միջին ձեռներեցության ոլորտի զարգացմանը, առկա խնդիրներին, ներկայացրել ոլորտի զարգացման տեսլականը։ Խոսելով ՓՄՁ ոլորտում մասնագետների պակասի մասին` նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում կրթությունը բիզնեսի պահանջներին հարմարեցնելու համար` այս համատեքստում կարևորելով ԱՄՆ-ի դերը փորձի և փորձագիտական գիտելիքների փոխանցման առումով։ Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում աջակցել որոտի զարգացմանն ուղղված գործողություններին։ Ներդրումային միջավայրի մասին խոսելիս Վահան Քերոբյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնք կարող են հետաքրքիր լինել ամերիկյան ներդրողների համար, այն է՝ արևային էներգիայի արտադրություն, դեղագործություն, քիմիական արդյունաբերություն, առողջապահություն։ Խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ դեսպանը հրավիրել է հայկական կողմին մասնակցելու ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպվող առցանց հանդիպմանը, որին մասնակցելու են Հայաստանի ներդրումային հնարավորություններով հետաքրքրված  ամերիկյան պետական կառույցների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրական հարաբերությունների մասին համաձայնագրին: Երկուստեք համաձայնություն է ձեռք բերվել սկսել աշխատանքներ՝ այն վերանայելու և թարմացնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին դեսպանը նշել է, որ կառավարության ծրագրում երկու երկրների համագործակցության համար բավականին շատ հնարավորություններ կան: Որոշվել է քննարկված կետերով աշխատանքներ իրականացնել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ։
22:50 - 19 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:  «ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Կողմերը անդրադարձել են նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը: Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով  ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը:
21:47 - 28 սեպտեմբերի, 2021