ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք․ Արցախից տեղահանված կին |news.am|

Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք․ Արցախից տեղահանված կին |news.am|

news.am: Որդիս զոհվել է Հադրութի մոտ, հիմա ամեն օր երեխան անընդհատ ասում է՝ պապային եմ ուզում. ես էլ չեմ կարողանում 200 հազար դրամ վարձ տամ ու երեխեքին պահեմ, թող մեզ տնով ապահովեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի կանանցից մեկը: «Մինչեւ տեղահանումը ապրում էինք Բերդաշենում, մի շոր հագանք, տնից դուրս եկանք: Մեր ավտոյով ենք եկել, հիմա մեզ 50 հազարները չեն տալիս, ասում են՝ դուք ավտո ունեք: Դա ի՞նչ նշանակություն ունի, էդ ասողն ավտո չունի՞, ես էդ ավտոն կտրտեմ, տամ երեխեն ուտի՞: Հիմա 200 հազար դրամով վարձով եմ ապրում Սարի թաղում: Ոչ մեկս չենք աշխատում, երեխեքի փողն էլ չեն տալիս, ո՞նց ապրենք: Երկու տուն եմ թողել Արցախում. Մեկը Ստեփանակերտում, մեկն էլ՝ մեր գյուղում: Մի ավտոմեքենա եմ թողել, անասուններ եմ թողել: Դատարկ հասել եմ Հայաստան: Թող մեր հարցը լուծեն: Հիմա թոռանս էլ տանե՞մ սահմանամերձ շրջանում զոհվի: Ամեն որ երեխան արթնանում  ու հարցնում է՝ տատի, պապան երբ կգա: Այնքան եմ ստել, էլ չեմ կարողանում, երեխան ամբողջ օրը սթրեսային վիճակում է, պապային է ուզում, որտեղի՞ց տամ: Հիմա թոռանս տանեմ սահմանամերձ գյուղում պահեմ, իրեն էլ սպանեմ, ինքն էլ էստեղ ինչ ուզում է՝ անի: Դա ճի՞շտ է: Թոփղ գոնե երեխաներին տնով ապահովեն, ես մեքենայի մեջ կքնեմ: Էլ չենք կարողանում 200 հազար վարձով ապրենք: Հիմա ոչ տուն ունենք, ոչ փող ունենք, ոչ գերեզման ունենք: Պետք է դրսում մնանք, ես երեք երեխայի դրսում ոնց պահեմ: Լրագրողների հետ զրույցում հադրութցի Անուշիկ Ասրյանն էլ ասաց, որ Կառավարություն եկել է այն խնդրանքով, որ առաջինը Արցախը հետ տան, իրենք էլ վերադառնան իրենց տները:  «Ես երկու անգամ եմ տարհանվել. նախ Հադրութից, որից հետո գնացել եմ Ստեփանակերտ, հրաժարվել եմ սերտիֆիկատից, ասել եմ՝ ես մեր հող ու ջուրն եմ ուզում: Ես 41 տարի այնտեղ ապրել եմ, ամուսնացել եմ, 5 երեխա եմ ունեցել, իմ մանկությունը, հիշողությունը ամեն ինչ այնտեղ է: 2020-ի պատերազմից հետո հետ եմ գնացել  Ստեփանակերտ, էնտեղ տուն եմ ստացել: 44-օրյա պատերազմում համ տղես է զոհվել, համ փեսաս: Ես չեմ պատկերացրել, որ Ստեփանակերտն էլ կտան թուրքերին: Հիմա դռնեդուռ մ ընկել: Եթե մենք չենք գնալու Արցախ, թող գոնե մեր երեխեքի շիրիմները բերեն, մենք կարողանանք երեխեքի գերեզմաններին մի ծաղիկ դնենք, շիրիմները մաքրենք»,-ասաց նա: Կինն ասաց, որ փեսան՝ Արմեն Բադասյանը, Մարտական խաչի է արժանացել. «Հիմա աղջիկս այդ Մարտական խաչի գումարներն էլ չի ստանում, երեխաների նպաստներն էլ են կտրել, երկու անչափահաս երեխա ունի: 50-հազարական դրամ ստանում էր, հիմա էլ չեն տալիս: Ես հիմա վարձով ապրում եմ Չարենցավանում, մինչեւ տեսնենք՝ մեր հարցն ինչպես է լուծվում: Ես երկրորդ կարգի հաշմանդամություն ունեմ: Երբ տղաս զոհվել է, ինձ ինսուլտ է խփել, կոմայի մեջ եմ ընկել, մի քանի օր հետո իմացա, որ բալաս չկա: Դեղերով ապրում եմ, բայց սա ապրել չի: Ամուսինս 1990-ականների պատերազմի մասնակից էր, հաշմանդամություն ունի, բայց նորից գնաց պատերազմ: Ամուսինս ու երկու որդիներս»: Հարցին, թե ի՞նչ ակնկալի ունի կառավարությունից, Անուշիկ Ասրյանը պատասխանեց. «Ոչ մի հույս չունեմ: Այն պատճառով, որ մեզ որպես զոհվածի ծնող առաջնահերթ տուն են տվել Ստեփանակերտում, բայց հիմա դա էլ եմ կորցրել: Չգիտեմ՝ էլ ինչ մտածեմ: Եթե պետք է տունը կորցնեի, թող ժամանակին ասեի, տղայիս տեղափոխեինք «Եռաբլուր»: Չեմ կարողանում համակերպվեմ իմ հայրենիքի կորստի հետ: Եթե հետ չենք գնալու, գոնե մեր երեխեքի շիրիմների համար մի բան մտծեն, մի տեղ սարքեն, ես տանեմ իմ երեխու նկարի մոտ մի ծաղիկ դնեմ: Բայց ոչ մի լուծում չկա»:  
17:17 - 20 փետրվարի, 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել  կառավարության շենքի դիմաց |news.am|

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց |news.am|

news.am: Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր՝ փետրվարի 20-ին բողոքի ակցիա են անցկացրել  կառավարության շենքի դիմաց: «Շատ մարդիկ չունեն հստակ պատկերացում, թե հետո ինչ է լինելու, իրենք որտեղ են ապրելու, դա խանգարում է աշխատանք գտնելու հարցում: Կամ եթե վաղը այդ փոխհատուցումը կտրեն, ի՞նչ են անելու այդ ընտանիքները, ստիպված են լինելու ավելի վատ պայմաններով բնակարան գտնել, կամ հեռանալ քաղաքից կամ երկրից: Կառավարության կողմից լռությունը յս ընտանիքներին պահում է անորոշության մեջ: Մենք ընդամենը փողոցային խոսակցություններ ենք լսել, որ կարող է բնակարան ձեռք բերելու համար սերտիֆիկատներ տան: Տարբեր թվերի մասին են խոսում՝ 2, 3, 5, 6 մլն դրամ: Դա արդյունք չի տալու: Տեսեք, ասենք, տան կերակրողին կորցրել է ընտանիքը, ապրում է երկու երեխայի հետ, եթե տան 5 մլն դրամի սերտիֆիկատ, դա 15 մլն դրամ է անում, իսկ տների գներն աստղաբաշխական բարձր են: Ի՞նչ ասենք զոհվածների ծնողներին ասենք՝ գնացեք Վարդենիսում, Շուռնուխում, Ներքին Հանդում կամ Տեղ գյուղում ապրե՞ք: Մենք սահմանից չենք վախենում, հասարակ քաղաքացիները կարող են գնալ, բայց այս ընտանիքներին բարոյական իրավունք չունենք ինչ-ինչ լծակներով ստիպել, որ նորից գնան սահմանամերձ բնակավայրում ապրեն: Ոչ, իրենք պետք է արժանավայել կյանք վարեն: Սա է մեր պահանջը: Եթե մարդ կա, որ ուզում է մեզ հակադրվել, Աստված իրեն մեր օրն է գցելու»,- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը: Նա հավելեց, որ ցանկանում են սպառիչ պատասխաններ ստանալ կառավարությունից իրենց հարցերի վերաբերյալ: Ասրյանը դժգոհեց, որ դեռ նոյեմբերին իրենք դիմել են կառավարություն, խնդրել են հանդիպում վարչապետի հետ, բայց մնացել են անտեսված, անգամ չեն պատասխանել, որ վարչապետը ժամանակ չունի, չի կարող հանդիպել. «Չի կարելի մարդկանց անտեսել, ախր կարող է մի ժամանակ գա, որ իրենք անտեսված դառնան: Շատ տհաճ է քաղաքացուն անտեսելը, արհամարհելը: Հիմա գնում ենք պահանջենք, որ հանդիպեն մեզ հետ»,-ասաց նա: Ասրյանը թվարկեց, թե որ հարցերն են իրենց հետաքրքրում, որոնք շարադրել են վարչապետին ուղղված նամակում. «Տղաների շիրիմների տեղափոխման հարցը կամ այլ տարբերակների քննարկում: Մենք երկու ոտքը մի կոշիկի մեջ չենք դրել ու ասել՝ չէ, պիտի բերեք: Հասկանում ենք բարդությունը, բայց այլ տարբերակներ կան քննարկելու եւ լինչ-որ լուծումներ գտնելու: Նշել ենք կացարանների, բնակարանների հարցը, հարցի լուծման ի՞նչ հեռանկարն ենք մենք տեսնում: Այս երկու հարցերը լրիվ անտեսվել են: Եվ մեզ պատասխան չի տրվել հանդիպման մասին: Թող գրեին՝ վարչապետը ժամանակ չունի ձեր երեսը տեսնելու: Պարզապես մեր նամակը վերահասցեագրել է սոցապ նախարարությանը: Վերջինս էլ նշել է, որ այդ երկու հարցերը մեր տիրույթում չի գտնվում»: Նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմում միայն Արցախից ունեն մոտ 700 զոհվածի ընտանից եւ 23 անհետ կորածի ընտանիք:
16:28 - 20 փետրվարի, 2024
ՄՄԿ-ի տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է միգրացիայի ոլորտում ՀՀ բարեփոխումների արդյունավետությունը

ՄՄԿ-ի տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել է միգրացիայի ոլորտում ՀՀ բարեփոխումների արդյունավետությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Էմի Պոպի հետ: Քննարկվել են ՀՀ կառավարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է միգրացիայի ոլորտում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ քայլերին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը, միաժամանակ կարևորել միջազգային հանրության շարունակական աջակցությունը: Էմի Պոպը շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն իր հերթին պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպության տնօրենը բարձր է գնահատել ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը:
22:00 - 16 փետրվարի, 2024
Մհեր Գրիգորյանը Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Մհեր Գրիգորյանը Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ: Նիստին նախորդել է ԻԻՀ նախագահի տեղակալի հետ երկկողմ հանդիպում, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը: Ընդգծվել է նախորդ՝ 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը և Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները:
19:14 - 15 փետրվարի, 2024
Հայաստանը դեսպանության համար կգնի Ֆրանսիայի երրորդ նախագահին պատկանող շենքը
 |aysor.am|

Հայաստանը դեսպանության համար կգնի Ֆրանսիայի երրորդ նախագահին պատկանող շենքը |aysor.am|

aysor.am: Հայաստանը կգնի Փարիզի 16-րդ թաղամասում տեղակայված Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին պատկանող շենքը՝ ՀՀ դեսպանատունն այնտեղ տեղակայելու նպատակով։ Հարցը Հայաստանի կառավարության փետրվարի 15-ի նիստի օրակարգում է։ Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ: «Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը: Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմն, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։ Նախագծով առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի կանխավճարի տրամադրում, ուստի առաջարկվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին հատկացնել 2 միլիոն 300 հազար եվրոյին համարժեք դրամ։
13:03 - 15 փետրվարի, 2024
Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը
 |news.am|

Սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագիրը երկարացվեց մինչեւ 2026-ը. պետությունը կվճարի եւ մայր գումարը, եւ տոկոսը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում մեկ տարի ժամկետով երկարաձգեց սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիրը՝ մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս պահի դրությամբ գործընկեր բանկերի կողմից (Կոնվերսբանկ, Էվոկաբան, Ամերիաբանկ Ակբաբանկ) ստացվել եւ ՄԶԾ հաստատվել է 412  շահառուի հայտ: Դրանք ըստ նմարզերի բաշխված են հետեւյալ կերպ. Տավուշի մարզ – 239 Սյունիքի մարզ – 54 Արարատ – 50 Վայոց ձոր – 47 Գեղարքունիք – 22: Այս 412 հայտերը գտնվում են շինարարության ամենատարբեր փուլերում: Նաեւ պոտենցիալ շահառուների թիվը այս պահի դրությամբ շատ ավելի մեծ է, քան 412-ը, որովհետեւ ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները շինթույլտվություններն ստացել են, բայց դեռ չեն դիմել բանկ»,-ասաց նա: Նախարարը հստակեցրեց, որ շահառուները պետք է լինեն զագսով գրանցված ամուսիններ եւ նրանցից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի. «Նրանք ծրագրից կարող են օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն, որը չունի ավարտական ակտ: Կա սահմանամերձ գյուղերի համար հաստատված ցանկ, շուրջ 80 գյուղեր: Շահառուն պետք է համայնքից շինթույլտվություն ունենա, ինչպես նաեւ կառուցապատման նախագիծ եւ նախահաշիվ: Ըստ ծրագրի պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչեւ 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումարն ու դրա գծով առաջացող տոկոսագումարը՝ 13 տոկոս տոկոսադրույքով: Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 մլրդ դրամի վարկ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով 412 շահառուի առկայությանը, ասաց. «Մենք մոտավորապես օրը մեկ տան վարկի հարց ենք լուծել: Օրը մի որոշում կայացվել է, ինչը վատ ցուցանիշ չէ: Երբ մի քանի տեղ շինարարություն սկսվեց, մենք տեսնում ենք, որ համատարած սահմանամերձգյուղերում այդ շինարարություններն իրականացվում են: Այս ծրագրով վարկը տալիս է բանկը, բայց եւ մայր գումարը, եւ տոկոսը վճարում է կառավարությունը: Գումարը 16 մլն դրամ է: Եթե քաղաքացին ուզում է 16 մլն-ից ավելին, նա կարող է իր կողմից 1, 2 կամ 5 մլն դրամ ավելացնել: Այդ 16 մլն-ը կվճարի կառավարությունը, իսկ ավել հատվածը՝ քաղաքացին: Ծրագիրը ծավալվում է, եւ մենք բնակֆոնդի թարմացում կարող ենք ունենալ»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ ոչ բոլոր դեպքերում են վարկերը հաստատում. «Ես փորձեցի հասկանալ՝ ինչն է պատճառը. հիմնականում նման դեպքեր պատահում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց հետ: Ես հետաքրքրվեցի, որ եթե մայր գումարն էլ է կառավարությունը տալիս, ինչո՞ւ է  բանկերին հետաքրքրում այդ հանգամանքը: Դրա համար կա կոնկրետ պատճառ. խնդիրն այն է, որ բանկերը տրանշներով վարկերը տալիս են քաղաքացուն եւ եթե նրանք տեսնում են, որ քաղաքացին խաղադրույքներ կատարելու սովորություն ունի, կարող է տրանշը վերցնել եւ նպատակային չօգտագործել, ինքը խուսափում է վարկը հաստատելուց»,- ասաց վարչապետը:
13:01 - 15 փետրվարի, 2024
Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը
 |armenpress.am|

Բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված մի շարք համայնքների դոտացիան կավելանա. մանրամասնում է նախարարը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության 4 համայնքներում 500 միլիոն դրամի չափով մասնակցային  բյուջետավորմամբ ձևավորված  սուբվենցիաների փորձնական ծրագիրը նախապատրաստական փուլում է։ Այս մասին «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բյուջեում համապատասխան հատկացումն արդեն արված է և նախապայման է դրված նույն բյուջետային տարվա ընթացքում ավարտել այդ ծրագրերը։ «Իրականության մեջ մեր սուբվենցիոն ծրագրերը մասնակցային բաղադրիչ են: Որպես կանոն, համայնքներն այս ծրագրերը պետք է մեզ ուղարկեն այն դեպքում, երբ համայնքում հանրային լսումների նման քննարկումներ են տեղի ունեցել և, այսպես ասած, կազմվել է համայնքի տվյալ տարվա բյուջեին բնորոշ այն աշխատանքների կամ անելիքների ցանկը, որոնք այդ քննարկումների արդյունքում որոշվել է։ Այսինքն՝ պետք է համայնք-համայնք անցնել, բնակիչներին լսել, հասկանալ՝ այդ բնակավայրի առաջնահերթ խնդիրներից որո՞նք են, որ այս տարի պետք է լուծել»,-ասաց Սանոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մասնակցային բյուջետավորման համակարգը բավականին արդիական մեթոդ է։ Ըստ այդմ՝ փորձնական տարբերակով այն կկիրառվի Ջերմուկ, Աշտարակ, Աբովյան և Արմավիր համայնքներում, իսկ հաջողելու դեպքում կընդլայնվեն և աշխարհագրությունը, և  մեթոդի կիրառման ուղղությունները։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գումարի կեսը, հիմնականում, կբաշխվի համաչափությամբ, իսկ մյուս մասը՝ որոշակի բանաձևեր կիրառելով։ «Կարևոր է, որ հնարավորություն կստեղծվի՝ մարդիկ կարողանան քվեարկել էլեկտրոնային կամ այլ հարթակներով: Այս մեթոդով,  համայնքին ու Կառավարությանը կհուշեն, թե ո՞ր ծրագրերն են առաջնային»,-պարզաբանեց նախարարն՝ ընդգծելով, որ այդկերպ բնակիչները մասնակից կդառնան իսկապես  առաջնային խնդիրների լուծմանը, բացի այդ, լսելի կլինի նրանց ձայնը, բարձրացրած խնդիրը։ Կառավարությունն ակնկալում է այս մեթոդի կիրառմամբ մեծ մասնակցություն: Նախարարը հույս է հայտնում, որ քվեարկված, առաջարկված ծրագրերն իսկապես կհամընկնեն համայնքի ամենաառաջնային խնդիրներին, ինչն, ըստ Սանոսյանի,  կնշանակի, որ ծրագիրը ճիշտ է աշխատում։ Այս գործիքի արդյունավետ կիրառման դեպքում նախատեսվում է այն օգտագործել նաև մյուս ծրագրերի համար։ Անդրադառնալով ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների սուբվենցիոն կարգի բարեփոխմանը, ՏԿԵ նախարարը նշեց, որ նախ՝ վերլուծվել է այս տարիներին այդ համայնքներում  կատարված աշխատանքների ծավալը։ Արդյունքում պարզ է դարձել, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 1,7 միլիարդ դրամի չափով աշխատանքներ են կատարվել, ինչը Սանոսյանի գնահատմամբ՝ համեմատության մեջ բավարար չէ։ Մյուս կողմից, բավարար չեն այդ  համայնքների բյուջետային միջոցները։ Ուստի, Կառավարությունը երկու գործիք է ներդրել 2024 թվականից կիրառելու համար.  բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված այն համայնքների համար, որոնք մինչև 3500 բնակիչ ունեն և նրանց դոտացիոն գումարները կազմում են ընդամենը 10-20 միլիոն դրամ, նոր դոտացիոն կարգով սահմանվել է առնվազն 50 միլիոն դրամի չափով շեմ։ Բացի այդ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունն իր կողմից ֆինանսավորման չափը կավելացնի  ևս 15 տոկոսով՝ 60-ից հասցնելով 75 տոկոսի։ «Մեծ հաշվով՝ կդառնա, որ գրեթե ամբողջ գումարը Կառավարությունն է տալիս, որովհետև մի մասը տալիս է դոտացիայով, մի մասը՝ հավելյալ տոկոսներով»,-ավելացրեց ՏԿԵ նախարարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված 9 համայնքի։ 
13:00 - 15 փետրվարի, 2024
«Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստն անձնագրային բաժինն է». Փաշինյան |aysor.am|

«Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստն անձնագրային բաժինն է». Փաշինյան |aysor.am|

aysor.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին հորդորեց մարդկանց ասել, որ գումար վերցնեն, գնան տուն սարքեն։ «Անձնագրային բաժնի հետ կապված ասում են՝ «վայ, էս ի՞նչ ա»։ Ի՞նչ կապ ունի անձնագրային բաժնի չորս աշխատող կա՞ Վարդենիսում նստած, թող գումար վերցնեն, գնան տուն սարքեն»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը նշեց, թե խոսում են, որ եթե անձնագրայինի կամ կադաստրի բաժինը լուծարվում է, ուրեմն բնակավայրը տալիս են։ «Որ առողջապահական հիմնարկ ենք կառուցում՝ էդ հեչ, որ դպրոց ենք կառուցում՝ էդ հեչ, որ մանկապարտեզ ենք կառուցում՝ էդ հեչ, որ ջրագիծ ենք կառուցում՝ էդ հեչ, ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի ու անձնագրային բաժինն է։ Բա որ այդպես լավ է, եկեք ամեն գյուղում մի վեց հատ անձնագրային բացենք, ասենք՝ արա, էս ինչ երջանիկ ենք»,- ասաց վարչապետը։ Նա կոչ արեց տուն կառուցել, ամուսնանալ ու երեխաներ ունենալ։ Հիշեցնենք՝ օրեր առաջ վարդենիսցիները բողոքի ակցիա էին արել, փակել ճանապարհը, քանի որ անձնագրային բաժինը, ըստ խոսակցությունների, տեղափոխվում է Մարտունի։
12:59 - 15 փետրվարի, 2024
ՀՀ-ում բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի համար կհատկացվի ավելի քան 35 միլիոն դրամ
 |tert.am|

ՀՀ-ում բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի համար կհատկացվի ավելի քան 35 միլիոն դրամ |tert.am|

tert.am: ՀՀ-ում փետրվարին կայանալիք բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի ավելի քան 35 մլն դրամ։ Որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի չզեկուցվող հարցերում, որըն ընդունվեց նիստի սկզբում։ Փետրվարի 17–26–ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայում և Երևանում անցկացվելու է բասկետբոլի աշխարհի նախընտրական փուլը։ Հայաստան-Ալբանիա հանդիպումը ՀՀ-ում կանցկացվի փետրվարի 23-26-ը։ «Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 19-ից-23-ը մասնակցելու է Ավստրիայում Հայաստան-Ավստրիա խաղին՝ 21 պատվիարակով, իսկ փետրվարի 23-26-ը Հայաստանը հյուրընկալելու է Ալբանիայի բասկետբոլի ազգային հավաքականին։ Նախըտրական փուլի խաղը տեղի է ունենալու փետրվարի 25-ին։ Ալբանիայի պատվիրակությունը ներկայանալու է՝ 28 պատվիրակով։ Նախըտրական փուլի խաղերը կնպաստեն բասկետբոլի զարգացմանը և մասսայականացմանը, երեք երկների միջև ոլորտային համագործակցությանը։ Միևնույն ժամանակ, 2024 թ. փետրվարի 23-26-ը կայանալիք Հայաստան – Ալբանիա հանդիպման կազմակերպման համար, ֆեդերացիային հարկավոր է Բասկետբոլային զույգ օղակ վահան/կցված 24 վայրկյանի սարքերով»,– ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։
12:49 - 15 փետրվարի, 2024
Ադրբեջանը խուսափում է սահմանագծման 2 տարբերակից, պատճառը կարող է լինել հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարը․ Փաշինյան

Ադրբեջանը խուսափում է սահմանագծման 2 տարբերակից, պատճառը կարող է լինել հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարը․ Փաշինյան

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ․ Ալմա-աթայի հռչակագրով, ուտի մնացել է միայն տեխնիկական աշխատանքը․ «Քարտեզների և գետնի վրա վերարտադրել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991թ․ դրությամբ դե յուրե առկա սահմանը դրանց իրավական հիմքերը վերհանելու միջոցով և լուծել հարցը»։ ՀՀ վարչապետի խոսքով նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև, այսպես կոչված, էքսկլավ անկլավների հարցը։  «Ասենք Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել նրա սահմանը և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը։ Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։ Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին և սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։ Այսինքն՝ 2 տարբերակ կա, որ նախ ամբողջ սահմանով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը, երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կոտր սահմանագծումով գնում ենք առաջ։ Ըստ էության 2 տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են ընդունված սկզբունքների շրջանակում»,- ասաց նա։ Բայց, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը կարծես խուսափում է նաև այս տարբերակից․ «Եվ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ։ Եվ այդ պատճառը կարող է լինել օրինակ ռազմական գործողություններ սկսկելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան ՀՀ դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն է ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորը անել նման զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ ակտիվ կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում, որոնք են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը․ «Ու չեմ կարող չնկատել, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ՝ ՀՀ օրենսդրական դաշտի մասին մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին։ Փորձերը մեկնաբանելու, թե ՀՀ սահմանադրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ, խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ համաձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետևաբար ՀՀ օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է»։
11:42 - 15 փետրվարի, 2024
Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ իր օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային  գյուղերի կենսական նշանակության տարածքներ․ Փաշինյան

Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ իր օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ․ Փաշինյան

Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով, որ փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ և ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Վարչապետը հիշեցրեց, որ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր, Հայաստան-Ադրբեջան սահմանին վերը հիշատակված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել, և վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա խոսքով այս հայտարարությունից հետո ՀՀ ՌՈ-ն հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրահանգ կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել, և, հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ: «Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 զոհ ունեցանք: Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրությունն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և դրա հիմնավորումները բազմաթիվ են»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ, օրինակ, դեռևս 2022-ին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը․ «ՀՀ-ն, պայմանավորվածության համաձայն, ստեղծեց ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ այդ պայմանավորվածության համաձայն՝ հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն: Իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը»։ Նրա խոսքով այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։  «Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը։ Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են ՀՀ 31 ոչ անկլավային  գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այս 4-ն ու 31-ը վերաբերում են ոչ անկլավային գյուղերին։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերը իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն»,- ասաց նա։ ՀՀ վարչապետը նշեց, որ պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը ՀՀ 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ հետ չգնան․ «Սա կառուցողական դիրքորոշում չէ։ Եվ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքները արդեն իսկ պայմանավորված են»։
11:24 - 15 փետրվարի, 2024