Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի և Նորվեգիայի վարչապետների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին: Հունաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը Սլովենիայի վարչապետ Ռեբորտ Գոլոբի, Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավիե Բեթթելի, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի հետ ևս քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը: Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
20:31 - 05 հոկտեմբերի, 2023
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ Ալեն Սիմոնյանին

Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն առայժմ սեփական ուժերով կարողանում է բավարարել փախստականների կարիքները, գուցե շուտով հարկավոր լինի նաեւ բարեկամ պետությունների օժանդակությունը: Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. խաղաղ հարաբերությունների հաստատում, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Իոաննիս Պլակիոտակիսը նշել է, որ Հունաստանը հանձնառու է միջազգային իրավունքի կիրարկմանը եւ առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ու պահանջելով միջանցքի շուտափույթ բացումը: Նա հավելել է, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված ամուր եւ բարեկամական հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում օրենսդիր մարմինների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության կարեւորության, բարձրաստիճան փոխայցեր իրականացնելու անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի պաշտոնական այցով Հայաստան այցելելու մասին: Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը՝ երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը:
15:16 - 29 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյանը՝ հույն գործընկերոջը

Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյանը՝ հույն գործընկերոջը

ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից, անդրադառնալով սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային` Արարատ Միրզոյանն ընգծել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։ Նախարարը հավելել է, որ նույն նպատակն են հետապնդել 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և ԼՂ լիակատար շրջափակումը։ Ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային գործընկերների հստակ գործողություններ՝ Ադրբեջանին զսպելու, Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործություն և ողջ Հարավային Կովկասի ապակայունացում թույլ չտալու համար։  
12:55 - 21 սեպտեմբերի, 2023
Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարության աշխատակազմը։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ: Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:   Փաստաթղթի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով: Նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում: Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանն ու Կորեան ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի ամրապնդելու երկու պետությունների միջև տնտեսական կապերը, ընդլայնելու կազմակերպությունների՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը՝ ներդրումների համար ստեղծելով բարենպաստ միջավայր։ Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելու երկու պետությունների միջև տնտեսական, արդյունաբերական, զբոսաշրջային, գյուղատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելու առևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը։ Վերջինս նաև հնարավորություն է ընձեռում դյուրացնելու երկու երկրների հաղորդակցությունն իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնելու կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանելու այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպելու տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել Տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկուստեք առկա ներուժի օգտագործմանը:
16:59 - 31 օգոստոսի, 2023
Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան |armenpress.am|

Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ի երեկոյան այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Այս մասին  տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի գրառումներից X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ «Հունաստանը միացել է ավիացիոն կոալիցիային․ այն կվերապատրաստի մեր օդաչուներին F-16-երի վրա թռչելու համար։ Հունաստանը նաև նոր ռազմական օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար», - գրել է Զելենսկին։ Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Հունաստանի մասնակցությունն Ուկրաինայի վերակառուցմանը, հացահատիկի արտահանումների համար սևծովյան նոր միջանցքը և այլն։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Միցոտակիսին՝ Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցության հռչակագիրը ստորագրելու համար։ Հունաստանում նաև կազմակերպվել է Ուկրաինա-Բալկաններ գագաթնաժողովը։ Զելենսկին հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ՝ քննարկելով հետագա համագործակցության հարցերը։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ օգոստոսի 22-ին կհանդիպի Բալկանյան մյուս երկրների ղեկավարների հետ։
12:03 - 22 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ զրույցում նշել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՄ երկրների կողմից հստակ ուղերձների և կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ նշելով ԵՄ անդամ երկրների կողմից հստակ ուղերձների և այդ ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման կարևորությունը:  Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով խիստ սրվել է տեղի բնակչության համար սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման խնդիրը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, ի խախտումն միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի, խաթարում է նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հումանիտար գործունեությունը՝ վտանգի տակ դնելով հրատապ բժշկական աջակցության կարիք ունեցող անձանց կյանքերը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխման նվազագույն հնարավորության պարագայում Ադրբեջանն իրականացնում է ահաբեկման այնպիսի քայլեր, ինչպիսին էր հուլիսի 29-ին ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից: Շեշտվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման կարևորությունը։ Երկուստեք նաև պատրաստակամություն է արտահայտվել քայլեր իրականացնել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ գործընկերության հետագա ընդլայնման ուղղությամբ:
18:38 - 09 օգոստոսի, 2023
Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ. դեսպան Տիգրան Մկրտչյան

Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ. դեսպան Տիգրան Մկրտչյան

Հունական ethnos.gr լրատվականում լույս է տեսել դեսպան Տիգրան Մկրտչյանի՝ «Համաշխարհային առաջնորդները հնարավորություն ունեն կասեցնելու Լեռնային Ղարաբաղում սողացող ցեղասպանությունը. պե՛տք է գործել» վերտառությամբ հոդվածը Արցախի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ: Հոդվածի հայերեն թարգմանությունը հրապարակվել է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մեր աչքի առջև դանդաղ սողացող ցեղասպանություն է ծավալվում. ավելի քան յոթ ամիս է, ինչ 120.000 հայեր Արցախում (Լեռնային Ղարաբաղում) շարունակում են լիակատար շրջափակման մեջ գտնվել՝ զուրկ սննդից, դեղորայքից, վառելիքից, գազից և էլեկտրաէներգիայից։ Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհը փաստացիորեն արգելափակվել էր դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարության կողմից ուղղորդված կեղծ «բնապահպան ակտիվիստների» կողմից, ովքեր հանդես էին գալիս որպես «խաղաղության ջատագով»: Ադրբեջանը պաշտոնապես ինստիտուցիոնալացրեց ճանապարհի արգելափակումը, երբ 2023 թվականի ապրիլի 23-ին, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, ապօրինաբար անցակետ տեղադրեց: Ադրբեջանը շարունակում է բացահայտ արհամարհանք դրսևորել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ՄԻԵԴ-ի՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների հանդեպ, որոնք Ադրբեջանին կոչ են անում անհապաղ «ձեռնարկել իրենից կախված անհրաժեշտ բոլոր միջոցները՝ մարդկանց, ավտոմեքենաների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երաշխավորելու ուղղությամբ»։ Ավելին, Ադրբեջանը կամայականորեն է մեկնաբանում միջազգային ատյանների այս որոշումները՝ ձգտելով մոլորեցնել միջազգային հանրությանը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սովամահ անելու իր քաղաքականության շարունակականությունն ապահովելու նպատակով։ Ադրբեջանը բացահայտորեն արհամարհում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Amnesty International, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԽԽՎ-ի, Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև միջազգային բազում այլ կառույցների և պետությունների կոչերը: Ադրբեջանի ապօրինի գործողությունները համառորեն շարունակվում են՝ անկախ այդ կոչերից և պահանջներից։ Ադրբեջանի կողմից շրջափակված և պաշարված 120.000 հայերը, որոնց թվում՝ 30.000 երեխաներ և 20.000 ծերեր են, գոյատևում են զուտ տեղական սակավ արտադրանքի շնորհիվ: Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ չի թույլատրվել սննդամթերքի կամ դեղորայքի գեթ մեկ խմբաքանակ ներմուծել տարածաշրջան։ Կաթվածահար են առողջապահության, հանրային տրանսպորտի, հանրային և մասնավոր սպասարկման ոլորտները։ Վառելիքի բացակայության պատճառով գյուղատնտեսական ցանքատարածություններում բերքահավաքն անհնար է դարձել: Հղի կանայք և երեխաները թերսնվում են: Հնարավոր չէ միրգ կամ բանջարեղեն ներկրել Արցախ: Մահացության մակարդակը ներկայում բարձր է, քան երբևէ։ Եվրոպան հետևում է, երբեմն հայտարարություններ են արվում: Եվրոպան ամեն կերպ փորձում է պահպանել «հավասարակշռությունը». կոչ է անում «երկու կողմերին» նպաստել խաղաղությանը՝ իրավիճակը նկարագրելով որպես ոչ կայուն, և ոչ «ձեռնտու որևէ կողմի»: Իսկ այդ ընթացքում լիակատար շրջափակումը շարունակվում է մի երկրի կողմից, որին ոմանք անվանել են «վստահելի էներգետիկ գործընկեր», չնայած այն հանգամանքին, որ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները միակարծիք այն անվանում են «արմատացած ավտորիտար ռեժիմ»։ Իսկ «կայուն շրջափակումն» օրեցօր ավելի ու ավելի անտանելի է դարձնում այնտեղ բնակվող հայերի կյանքը։ Ավելին, ոմանք՝ որպես խնդրի լուծում, դիտարկում են Բաքվի առաջարկած «ինտեգրումը»։ ԽՆԴԻՐ, որն ինքնին «ինտեգրողի» կողմից պարտադրված երեք պատերազմների հետևանք է։ Երեք պատերազմներ, որոնք սանձազերծվել են հենց հայերից ազատվելու նպատակով, որոնց հետևանքով կան հազարավոր զոհեր, խոշտանգվածներ, իսկ բազմաթիվ ռազմագերիներ մինչ օրս ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում: Այս ամենին ավելացնենք նաև 1988-1991 թվականներին Ադրբեջանում ապրող բոլոր հայերի ջարդերը և բռնի տեղահանումները։ Որևէ մեկը երբևէ հետաքրքրվե՞լ է, թե ինչու Ադրբեջանում չկան «ինտեգրված» հայեր: Քանի՞ «ինտեգրված» հայի եք հանդիպել Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում կամ Նախիջևանում: Ոչ միայն հայերը, այլեւ նրանց գերեզմաններն են քանդվել ու ոչնչացվել: Նախիջևանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը դրա վկայությունն է։ Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում գերեզմանատների ու եկեղեցիների նպատակաուղղված և ծրագրված ոչնչացումն ինքնին խոսուն է։ Հայկական ցանկացած հետք ջնջվում է, ինչն ընթացիկ սողացող ցեղասպանության մաս է կազմում: Ճիշտ է՝ որպես ընթացիկ բանակցությունների առանցքային տարր այսօր մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման մասին։ Չնայած դրան, չկա անգամ չնչին մի վկայություն նրա, որ Ադրբեջանը պատրաստ է հարգել նույնիսկ մարդու հիմնարար իրավունքները: Այս կերպ հակամարտությունը չի կարող արդարացի և կայուն կարգավորում ունենալ։ Հարատև խաղաղությունը հաշտարար խաղաղությունն է, և ոչ երբեք «պատժիչ խաղաղությանը», որը, ինչպես պատմականորեն ապացուցված է, կարճաժամկետ է: Նվաստացումը, հպատակեցումը և էթնիկ զտումները կարող են միայն հետաձգել բռնության արատավոր շղթայի հերթական փուլը: Ադրբեջանն իր չափազանց վտանգավոր «գերակայելու հավակնությունը» (հարկադրելու և ոչնչացնելու ուժը) հակադրում է հայկական կողմի լիովին ընկալելի «անվտանգություն հավակնությանը»։ Ադրբեջանն իրականում չի ապահովում իր անվտանգությունը, երբ փորձում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, բռնազավթում է Հայաստանի Հանրապետության տարածքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ նորանոր պահանջներ է առաջ քաշում: Հայաստանի հաշվին ինքնահաստատվելու և ընդարձակվելու այս փորձերն ի վերջո կովկասյան տարածաշրջանը կմղեն անկանխատեսելի հետևանքներով լի երկարաժամկետ անկայունության և աղետների փուլ, ինչը չի բխում միջազգային խոշոր դերակատարներից որևէ մեկի շահերից: Ադրբեջանը դեմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղին միջազգային մարդասիրական օգնության տրամադրելու որևէ փորձի։ Ադրբեջանի համար Լաչինի միջանցքի անհապաղ բացումը պահանջող հայտարարությունները դատարկ ձայն են, պարզապես աղմուկ, Բաքուն անպատժելիության մթնոլորտում անվրդով և անպարկեշտ կերպով առաջ է շարժվում՝ կիրառելով անմարդկային միջոցներ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու, նրանց հայրենի հողից վտարելու կամ պարզապես ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով: Ապացույցներն առավել քան ակնհայտ են. Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների կանխամտածված խափանումը, ինչպես նաև արցախահայության դեմ կանոնավոր և հետևողական զինված հարձակումները միտված են ֆիզիկական և հոգեբանական ահաբեկման, անտանելի և բառացիորեն անմարդկային պայմաններ ստեղծելու միջոցով Լեռնային Ղարաբաղն իր բնիկ ժողովրդից՝ էթնիկ հայերից զտելուն: Թույլ մի՛ տվեք ձեզ մոլորեցնել. Ադրբեջանի «ինտեգրման» հռետորաբանությունն իրականում ստորացուցիչ հպատակեցման մասին է կամ էլ ավելի վատ: Իրականում անհեթեթություն է թիրախավորված և լիակատար շրջափակման մեջ գտնվող զոհից, փաստացիորեն թերսնված և սովահար զոհից պահանջել դեմ-առ-դեմ բանակցել իր դահճի հետ առանց միջազգային որևէ մեխանիզմի, միջազգային ներկայության կամ երաշխիքի: Ակնհայտորեն միջազգային համատեքստում realpolitik-ը պետությունների՝ սեփական շահերով պայմանավորված գործողությունների մասին է: Սեփական սահմաններից դուրս բարոյականությունն ու մարդու իրավունքները հիմնականում դիտարկվում են զուտ սեփական ազգային շահերի համատեքստում: Էներգակիրները կարևոր են: Իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության մասին, պաշտպանելու պատասխանատվությունը (R2P) միջազգային սկզբունք է, որի նպատակն է պաշտպանել բնակչությանը ցեղասպանությունից, պատերազմի և մարդկության դեմ ուղղված հանցագործություններից: Անտարբերությունն այլոց ճակատագրի հանդեպ չեզոքության կեղծ պատրվակով անկենսունակ մոտեցում է, ավելին՝ դա կարճատես և անբարո մոտեցում է: Մշտապես, երբ շահն ու ուժն են առաջ մղել քաղաքականությունը ի հաշիվ հիմնարար և համընդհանուր արժեքների, վերջնարդյունքն ավելի մեծ անկայունությունը, ավելի շատ ավերածություններն ու մարդկային կորուստներն են եղել: Անտարբեր գտնվելով բոլորի աչքի առջև ծավալվող սողացող ցեղասպանության հանդեպ՝ նրանք, ովքեր ունեն լծակներ Ադրբեջանի նկատմամբ, սակայն նախընտրում են անտարբերությունը, կարող են մարդկության դեմ ուղղված նոր հանցանքի լուռ մասնակիցը դառնալ՝ կանաչ լույս վառելով դրա համար: Վճռական և շոշափելի քայլեր են անհրաժեշտ հնարավորինս արագ: Ժամ առ ժամ իրավիճակը դառնում է ավելի ու ավելի անտանելի և պայթյունավտանգ: Համաշխարհային որոշում կայացնողներն անհատապես և հավաքական կերպով բախվում են բարոյական խնդրի. նախապատվությունը տալ այն արժեքին, որն արժանի է պաշտպանության հնարավոր բոլոր միջոցներով, այն է՝ կյանքի իրավունքը, որն էլ իր հերթին այնպիսի արժեքների երաշխիք է, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և խաղաղությունը: Էներգետիկ «գրավչությունը» ժամանակի ընթացքում կանհետանա, բարոյական խարանը, ամենայն հավանականությամբ՝ ոչ: Ազատական մարդասիրությունը դեռ շանսեր ունի։ Մեր ժողովրդի համար կայունության և անվտանգության ցանկացած հույս առաջին հերթին գոյության ապահովում է պահանջում: Լաչինի միջանցքով բաց և անխոչընդոտ հաղորդակցությունը հենց այդ գոյության երաշխիքն է»:
16:29 - 25 հուլիսի, 2023
Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները

Դատավորների եվրոպական միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները

2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում տեղի է ունեցել Դատավորների եվրոպական միության (European Association of Judges) տարեկան համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում դատական իշխանության արդի մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ ի թիվս այլ երկրների, քննարկվել են Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Խորվաթիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում և Հայաստանում դատական իշխանության անկախությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մի շարք դեպքերում ընդունվել են բանաձևեր: Հայաստանի Հանրապետությունում դատավորների անկախության սահմանափակման դեմ վերջին ժամանակաշրջանում իրականացվող տարաբնույթ ոտնձգությունները ՀՀ դատավորների միության կողմից պարբերաբար բարձրաձայնվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, ինչն էլ միջազգային գործընկերների կողմից տևական ժամանակ ուսումնասիրվել է և պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկել Աթենքում: ՀՀ Դատավորների միությունից փոխանցում են, որ Հայաստանում դատավորների անկախության արդի մարտահրավերների վերաբերյալ զեկույցը գրեթե միաձայն ընդունվել է 40-ից ավելի անդամ երկրների պատվիրակների քվեարկությամբ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ (ԽՆԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում կայացած հանդիպման ընթացքում Դատավորների եվրոպական միությունը (այսուհետ նաև՝ EAJ) լուրջ մտահոգություն է արձանագրում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման՝ որոնք մասնավորապես ծառայում են դատավորներին դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու զսպող միջոց: Բարձրագույն դատական խորհրդի կազմում ներառված են դատավոր չհանդիսացող հինգ անդամ, ովքեր ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և պետք է լինեն իրավաբան գիտնականների կամ այլ հեղինակավոր իրավաբանների թվից։ Ոչ դատավոր անդամի թեկնածությունը պետք է առաջադրի Ազգային ժողովի խմբակցությունը։ Խորհրդի ներկայիս դատավոր չհանդիսացող բոլոր անդամներն առաջադրվել և նշանակվել են ԱԺ իշխող խմբակցության կողմից, որն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում: Չեն բացահայտվել, հրապարակվել իշխող կուսակցության կողմից թեկնածուների ընտրության չափանիշները՝ որակավորման ու արժանիքների տեսանկյունից, չեն հրապարակվել նաև մինչ առաջադրումը նրանց ընտրության ընթացակարգն ու չափանիշները: Ընտրության համար առաջադրվածներից երկուսը նշանակմանն անմիջապես նախորդող ժամանակահատվածում զբաղեցրել են համապատասխանաբար Արդարադատության նախարարի և նույն նախարարի տեղակալի պաշտոնները։ Նրանցից առաջինը ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո անմիջապես ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը: Նման նշանակումներն ու այն, որ խմբակցության կողմից փորձ չի արվել փաստարկել, հաստատել թեկնածուների ընտրության, արժանիքների չափանիշները, հանգեցնում են աներկբա դատողության առ այն, որ դրանք կատարվել են քաղաքական դրդապատճառներով: Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումներն անհամատեղելի են Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների հետ, որոնք նախատեսում են, որ դատական խորհուրդների ոչ դատավոր անդամների, թեկնածուների ընտրության և նշանակման գործընթացը պետք է հիմնված լինի արժեքային (որակավորման) չափանիշների վրա և լինի թափանցիկ: Նրանք անտեսել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականն առ այն, որ Հայաստանը պետք է «նախատեսի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության բաց, թափանցիկ և մրցակցային ընթացակարգ և սահմանի Ազգային ժողովի կողմից նրանց ընտրելու հստակ չափանիշները»: Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը: Նշվածը հստակ արձանագրված է նաև ԳՐԵԿՈ-ի (GRECO) կողմից չորրորդ փուլի գնահատման շրջանակներում Այն նաև վերահաստատում է Բարձրագույն դատական խորհրդի, որպես կարգապահական գործերով որոշումներ կայացնող մարմնի, քաղաքական ազդեցությունից բացարձակապես զերծ լինելու անհրաժեշտությունը: Ավելին, Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն: Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին և 26-ին, դեկտեմբերի 2-ին և 3-ին Բարձրագույն դատական ​​խորհրդի նախագահն Արդարադատության նախարարի պաշտոնում իրեն անմիջապես փոխարինած իրավահաջորդի մասնակցությամբ հրավիրել է հավաքներ Հայաստանի բոլոր դատավորների մասնակցությամբ՝ ազդարարելով «խոսնակների ցանցի» ստեղծման մասին, ինչը ենթադրում էր միայն իր կողմից հաստատված անհատների կողմից դատական իշխանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ արտահայտվելու իրավասություն: Դրան հաջորդել է Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցումն այն դատավորների նկատմամբ, ովքեր լիազորված չեն եղել որպես խոսնակներ, հրապարակային արտահայտվել են դատական իշխանության հիմնախնդիրների վերաբերյալ: Մասնավորապես՝  դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ հարուցվել էր կարգապահական վարույթ, այն առիթով, որ նա սոցիալական հարթակներում բարձրաձայնել էր խոսքը, լրատվամիջոցներին հարցազրույցներ էր տվել, բարձրաձայնել էր նաև դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության հետևանքների, ազդեցության մասին: Արդյունքում դատավոր Նախշքարյանի լիազորությունները 2023 թվականի փետրվարի 27-ին դադարեցվել են: Կարգապահական վարույթ է հարուցվել նաև դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը: 8.Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը: Ամփոփելով՝ Դատավորների եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին կոչ է անում. Լիարժեքորեն հետևել ու պահպանել դատական իշխանության անկախության սկզբունքը բոլոր առումներով: Երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաև՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց, Հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը, Զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը, Վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ:
10:37 - 09 հունիսի, 2023
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում մասնակցել է «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին

Մայիսի 9-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են Հունաստանի պաշտպանության և անվտանգության «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Սպատայի «Metropolitan Expo» ցուցահանդեսային կենտրոնում, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։ «DEFEA»-ն կարևոր հարթակ է միջազգային շփումների, արդյունաբերական համագործակցության և պաշտպանության և անվտանգության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների մասին տեղեկատվության փոխանակման համար։ Ցուցահանդեսին մասնակցում են համաշխարհային պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոններ և հաստատություններ, որոնք ձևավորում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընթացող զարգացումները։ Ցուցահանդեսին բազմաթիվ երկրների մասնակիցներ ներկայացնում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային շուկայի վերջին զարգացումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանական համակարգերի զարգացումը շարժիչ ուժ է թե՛ տեխնոլոգիական առաջընթացի, և թե՛ տնտեսական զարգացման համար։ Այս մասին ընդգծել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, որն իրականացրել է ցուցահանդեսի բացումը։ Բացման արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի Պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը, տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը, ԳՇ ղեկավարը, հունական բանակի ծովային, ցամաքային և օդային ուժերի ղեկավար կազմը։ Ցուցահանդեսին մասնակցում են նաև պաշտոնական կառավարական և ռազմական պատվիրակություններ, ինչպես նաև այցելուներ մոտ 77 երկրներից:
10:27 - 10 մայիսի, 2023
Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձը  է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. «20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում են Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով: Երկիր, ուր հայերը գտան ապահով ապաստան ոչ միայն ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև փրկություն՝ ինքնության, մշակույթի և դավանանքի դեմ ուղղված ցեղասպան գործողություններից: Անուրանալի երախտիքն այս, ինչպես նաև մեր ճակատագրի ծանր մյուս դրվագներում զորակցության և սատարումի առթիվ, հայ-հունական ամուր բարեկամության հիմքում են: Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ հնարավոր դարձնելով ազգային վերածնունդը՝ ըստ էության ձախողելով Ցեղասպանությունը ծրագրողների և իրագործողների նպատակադրումը: Չնայած դրան, Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական իքնագիտակցության չսպիացող վերքը մնալ նախ այն պատճառով, որ չի արժանացել արդարացի գնահատականի և զղջումի, բայց նաև այն պատճառով, որ շարունակում է հայերիս և մարդկության դեմ նորանոր հանցանքների հիմք հանդիսանալ: Ամեն տարի մենք նշում ենք այս խնդրի մասին։ Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։ Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, իչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, այսպես կոչված, «հայրենասիրության» համար հերոսացնելուն։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շուջ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար մանուկներ, պաշարված են իրենց հայրենիքում՝ զուրկ կեցության տարրական պայմաններից: Սննդի, դեղորայքի, որակյալ բուժսպասարկման և էներգիայի սղությունը միակ զրկանքները չեն, որ այսօր կրում են Արցախի մեր հայրենակիցները: Ադրբեջանական զինված ուժերի պարբերական սադրանքները, որոնք ուղեկցվում են այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից հայատյաց հռետորաբանությամբ, ուղղված են արցախցիներին ահաբեկելու և ընկրնելու միջոցով սեփական հողից ու բնակավայրից դուրս մղելուն, հայկական հետքը Հայկական լեռնաշխարհի այդ հատվածից ջնջելուն: Ճնշումներն ուղեկցվում են նաև պարբերական բնույթ կրող ռազմական սադրանքներով, ինչպես, օրինակ՝ մարտի 5-ի իրադարձությունները, որոնց զոհ դարձան արցախցի երեք ոստիկաններ: Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հրազենից և տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ էին բացել բանակցելու նպատակով իրենց մոտեցած հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեցին չորս հայորդիներ, կան նաև վիրավորներ:Տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հայկական կողմի բոլոր փորձերը ի դերև են ելնում՝ բախվելով օրեցօր ավելի ու ավելի անկաշկանդ դարձող հայատյացության քարոզին: Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրված ագրեսիայի փաստը, անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու մտադրությունը։ Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանն ուժի և ուժի սպառնալիքի միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին։ Սակայն կա գիտակցում, որ աշխարհաքաղաքական արդի անկայունության պայմաններում զուտ միջազգային իրավունքին և միջազգային զսպող մեխանիզմներին ապավինելը ինքնապաշտպանության երաշխիք այսօր հանդիսանալ չի կարող: Այս իմաստով թերևս տեղին է կրկին ընդգծել, որ մեր ինքնության պաշտպանության, գոյության հարատևության ապահովման միակ գրավականը մեր և մեր բարեկամների ներուժի կատարյալ համախմբումը և թիրախային ուղղորդումը միայն կարող է լինել, ինչի կարիքն այսօր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ունեն առավել քան երբևէ»:
11:16 - 24 ապրիլի, 2023
Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր

Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության նոր ծրագիր

Հայաստանն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։  Երեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն,  ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և  Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից ստորագրվել է 2023 թվականի «Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիր» (Ռազմական համագործակցության ծրագիր)։ Այն ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում: Ծրագիրը, թիվս այլոց, ներառում է. • Համագործակցություն օպերատիվ գործողությունների ուսուցման գործում • Հատուկ նշանակության ջոկատների-հատուկ գործողությունների ուժերի համատեղ պատրաստություն • Համատեղ ուսուցում Էլեկտրոնային պատերազմների օբյեկտների մասին • Մասնակցություն խաղաղության աջակցության գործողությունների բազմազգ ուսումնական կենտրոնի դասընթացներին • ՀՕՊ համակարգերի կիրառման փորձի և քաղած դասերից գիտելիքների փոխանակում • Կադրերի փոխանակում և այցելություններ դպրոցներ և բազմազգ դպրոցներ, ինչպես նաև սեմինարների իրականացում • Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անձնակազմի հանդիպումներ և բանակցություններ՝ հատուկ շեշտադրելով համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում: Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը և էլ ավելի ամրապնդում նրանց զինված ուժերի օպերատիվ կարողությունները և փոխգործունակության մակարդակը` նպաստելով Հունաստանի և Հայաստանի դերի ամրապնդմանը` տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում:
14:22 - 30 մարտի, 2023
ԱԽ քարտուղարը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ

Մարտի 9-ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ: Ա. Գրիգորյանը ցավակցել է Թ. Դոկոսին մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած մահացու երկաթուղային աղետի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները: Վերոնշյալի համատեքստում Ա. Գրիգորյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:
13:45 - 09 մարտի, 2023