ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության շրջանակը տպավորիչ է. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԽ պատգամավորին

Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության շրջանակը տպավորիչ է. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԽ պատգամավորին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Պարույր Հովհաննիսյանը մեծապես կարևորել է Հայաստանի և տարածաշրջանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում Եվրոպական խորհրդարանի խոսուն աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային կարևորություն ունեցող հարցերում: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակը տպավորիչ է՝ ակտիվ քաղաքական երկխոսությունը, ներկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հեռանկարները, ինչպես նաև բարձր է գնահատել Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված ԵՄ քայլերը: Պատվիրակության անդամները իրենց հերթին մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին ներկայիս մարտահրավերների հաղթահարման հարցում: Զրուցակիցների խնդրանքով Պարույր Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը և տարածաշրջանային այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
21:31 - 05 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր․ ՄԻՊ ուղերձը

Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր․ ՄԻՊ ուղերձը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող պաշտոնատար անձ՝ ցանկանում եմ հիշեցնել պետության հանձնառությունը՝ ապահովելու, պաշտպանելու և աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ ապահովելով հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ: Չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս  շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին:  Վերահաստատում եմ  այն դիրքորոշումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը պետք է հիմնված լինի նրանց արժանապատվության հարգման, զարգացման հնարավորությունների, հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության, որոշումների կայացման գործընթացում ինքնուրույնության, միջավայրային մատչելիության ապահովման սկզբունքներրի վրա: Պետական իրավասու մարմինները պետք է առաջնորդվեն այն ընկալմամբ, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը սահմանադրորեն ամրագրված պետության` այլընտրանք չունեցող պարտավորություն է:   Օգտագործելով այս օրվա խորհուրդը` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու մեր հավաքական պատասխանատվության մասին»:
10:41 - 03 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ-ը պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ

ՄԻՊ-ը պայմանավորվածություն է ձեռք բերել համագործակցել Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ

Թբիլիսի կատարած երկօրյա այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ: Այդ մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։   Հանդիպման ընթացքում խորհուրդների անդամները Պաշտպանին ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները, նպատակներն ու խնդիրները։   Անահիտ Մանասյանը խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Վրաստանում հայերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է իրենց իրավունքների պաշտպանությանը և խթանմանը առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ սերտ կապի մեջ է վրաց գործընկերների հետ և պարբերաբար քննարկում է նաև հայ համայնքի իրավունքներին վերաբերելի հարցեր։   Անահիտ Մանասյանը նաև հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վրացական համայնքից: Ներկայացվել են նաև խորհրդի ստեղծման և գործունեության նպատակներն ու աշխատանքի ուղղությունները:   Հանդիպման շրջանակներում Վրաստանի Ժողովրդական պաշտպանին կից կրոնների և էթնիկ փոքրամասնությունների խորհուրդների անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։
19:56 - 02 դեկտեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր

Անահիտ Մանասյանը ը Վրաստանի Ժողովրդական պաշտպանը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր

Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ացը Վրաստան: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, դեկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակում Անահիտ Մանասյանը հանդիպել է Վրաստանի Ժողովրդական պաշտպան (օմբուդսման) Լևան Իոսելիանիի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում վրաց գործընկերոջ հետ քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերելի մի շարք հարցեր, այդ թվում՝ համագործակցության հետագա ուղղությունների պլանավորման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը վրաց գործընկերոջը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ ամբողջ աշխարհն այսօր ապրում է մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետևողական և ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այս համատեքստում Պաշտպանը Լևան Իոսելիանիին հայտնել է, որ ստեղծվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։ Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ վրացական համայնքից: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել էլ ավելի ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
15:23 - 02 դեկտեմբերի, 2023
Քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ազգային փոքրամասնությունների կրթությանն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստին: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ եզդիական, ռուսական, ասորական, քրդական, ուկրաինական, հունական, վրացական, բելառուսական, հրեական, լեհական, գերմանական համայնքներից, ինչպես նաև ուդի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ: Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել հասարակական խորհրդի ստեղծման նպատակներին, ոլորտում առկա խնդիրներին, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը նպաստող միջավայրի կատարելագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել նմանօրինակ նիստերի կազմակերպումը: Նրա խոսքով՝ ազգային փոքրամասնությունների կրթության, մշակույթի, ինքնության, լեզվի և իրավունքների պահպանությունը պետական առաջնահերթություն է: «Այսօրինակ խորհուրդների ստեղծումը չափազանց կարևոր է խնդիրների վերհանման և դրանց լուծումները համատեղ գտնելու տեսանկյունից: «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» կարևոր բաղադրիչներից է նախադպրոցական կրթության ապահովումը: Մեր գերատեսչության առաջնահերթ նպատակներից է, որպեսզի ազգային փոքրամասնությունների դպրոցներում և համայնքներում բացվեն նախադպրոցական հաստատություններ, որոնք կնպաստեն ավելի վաղ տարիքից երեխաների ներգրավմանը կրթական գործընթացներում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Անդրադառնալով մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագրին՝ նախարարի տեղակալը շեշտել է՝ կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացումը. «300 դպրոցի և 500 մանկապարտեզի քարտեզագրման ժամանակ հետևողական ենք եղել, որպեսզի ընդգրկվեն նաև ազգային փոքրամասնությունների համայնքների դպրոցները»: Արաքսիա Սվաջյանը մտահոգիչ է համարել ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների՝ բարձրագույն կրթություն չունենալու փաստը՝ ընդգծելով, որ նրանցից քչերն են դիմել կամավոր ատեստավորմանը. «Մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն աշխատեն դպրոցում, սակայն մենք բախվում ենք այլ խնդրի՝ երեխաներն իրենց ազգային լեզուն ուսումնասիրելու հնարավորությունից զրկվում են: Այդ նպատակով միջին մասնագիտական կրթություն ունեցողներին առաջարկել ենք դասավանդել խմբակներում: Քննարկում ենք նաև բուհական համակարգում այնպիսի ծրագրեր ներդնելու հարցը, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրելու ազգային փոքրամասնությունների լեզուները»: Արաքսիա Սվաջյանը փաստել է՝ մշակույթի և սպորտի ոլորտում ևս ազգային փոքրամասնությունների խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել նիստին մասնակցության համար՝ ընդգծելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերող խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։ «Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված` պետությունը, ի թիվս այլնի, ունի պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը։ Հենց այս հարթակը կարող է պետության և ազգային փոքրամասնությունների համայնքների միջև կամուրջ դառնալ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ազգային ժողովի` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող պատգամավորներ։ Նիստին բացման խոսքով հանդես են եկել նաև ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը։ Պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի նիստն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» միջոցառման շրջանակում:
13:13 - 01 դեկտեմբերի, 2023
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ  ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ:  Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները:  Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր: ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
09:36 - 01 դեկտեմբերի, 2023
Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել հայկական զինվորական բաճկոնը. ՄԻՊ

Օտարերկրացի տղամարդուն ստիպել են հանել հայկական զինվորական բաճկոնը. ՄԻՊ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ անհայտ անձը արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: ՄԻՊ-ն անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ «Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասխան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:25 - 30 նոյեմբերի, 2023
Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են՝ Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին, ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։   Պաշտպանը դեսպանին է ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։   Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վկայակոչելով փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ Պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։   Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության ուղղություններին ու առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։   Իր հերթին դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։  
18:21 - 29 նոյեմբերի, 2023
ՄԻՊ-ը քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում է կայացրել

ՄԻՊ-ը քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում է կայացրել

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ և ահազանգներ՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ: Ահազանգերի զգալի մասը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրելը թույլ չտալուն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողություններին։ Նման բողոքներ հավաքի մասնակիցները ներկայացրել են Պաշտպանի ներկայացուցիչներին ինչպես հավաքի անցկացման վայր, այնպես էլ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ իրականացրած արագ արձագանքման այցերի շրջանակում: Արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել վրանի տեղադրումը, իսկ հավաքի մասնակից անձանց նկատմամբ նախաձեռնվել են վարչական վարույթներ, անձինք ենթարկվել են վարչական ձերբակալման և տվյալ վարույթի շրջանակում վրանները վերցվել ու պահվել են վարույթն իրականացնող մարմնում։ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ, միջազգային-իրավական փաստաթղթերով և պրակտիկայով ամրագրված և պաշտպանվող կարևորագույն հիմնական իրավունքներից է: Ընդ որում՝ միջազգային իրավաբանության համաձայն՝ այն իր մեջ ներառում է նաև բացօթյա տարածքներում ժամանակավոր շինություններ կամ վրաններ տեղադրելու հնարավորությունը: Ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքը (այդ թվում՝ հավաքի ընթացքում ժամանակավոր շինություններ կամ վրան տեղադրելու հնարավորությունը) կարող է սահմանափակվել, սակայն դա կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ իրավական չափանիշների պահպանմամբ: Մասնավորապես, նման սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում: Ընդ որում՝ այս համատեքստում առանցքային նշանակություն ունի համաչափության սկզբունքի պահպանումը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Հարկ է նկատի ունենալ, որ ինչպես ներպետական, այնպես էլ ՄԻԵԴ իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատման է ենթակա յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ հավաքի անցկացման վրա ազդող հանգամանքների օբյեկտիվ և մանրամասն վերլուծության արդյունքում:   Եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ պետական մարմինները պետք է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն «անօրինական» խաղաղ հավաքների նկատմամբ: Ինքնաբուխ հավաքների նկատմամբ ակնկալվող հանդուրժողականության սահմանները կախված են կոնկրետ հանգամանքներից, օրինակ՝ դրա հետևանքով առաջացած հասարակական անկարգությունների տևողությունը, աստիճանը և այլն: Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ պետական իշխանությունների կողմից՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակմանն ուղղված իրենց գործողությունների համաչափությունը հաստատելու համար ներկայացվող հիմնավորումները պետք է լինեն «վերաբերելի և բավարար», «համոզիչ և ծանրակշիռ» և հիմնված լինեն «համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա»: Այսպիսով, պետությունն է կրում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը երաշխավորելու պարտականությունը: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ խնդրահարույց է իրավասու մարմինների գործողություններով այնպիսի հանրային ընկալման ձևավորումը, որ հավաքի ընթացքում ժամանակավոր շինությունների կամ վրանների տեղադրումն անթույլատրելի է ու հակաօրինական: Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ քննարկվող իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն այդ ընթացքում պետք է պահպանվեն իրավունքի սահմանափակման իրավաչափության չափանիշները, իսկ այդ սահմանափակումը պետության կողմից պետք է հիմնավորվի ծանրակշիռ և համոզիչ փաստարկներով: Հարկ է նաև նկատի ունենալ, որ իրավունքի սահմանափակման իրավաչափությունը հնարավոր է գնահատել բացառապես յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ դեպքին վերաբերելի հանգամանքների և քննարկվող չափանիշների համադրման և մանրամասն վերլուծության արդյունքում: Նմանատիպ դեպքերից մեկով սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ 2023 թվականի օգոստոսի 16-ին և հաջորդած օրերին Մ. Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցած հավաքի ընթացքում վրան տեղադրելը խոչընդոտելուն ուղղված Ոստիկանության ծառայողների գործողությունները չեն համապատասխանել մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության չափանիշներին, ներկայացված պատճառաբանությունների համատեքստում դրանք չեն կարող դիտարկվել անհրաժեշտ և համաչափ, իսկ Ոստիկանության կողմից ներկայացված հիմնավորումները հիմնական իրավունքի սահմանափակման համար ծանրակշիռ և համոզիչ չեն: Արդյունքում, ներպետական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների լույսի ներքո կայացվել է անձանց՝ հավաքի ազատության հիմնական իրավունքի խախտման առկայության մասին որոշում։ Որոշումն ու դրանում արտահայտված Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հասանելի են այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
16:12 - 28 նոյեմբերի, 2023
Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ

Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, ընդգծում է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է: Քարոզարշավի շրջանակներում Պաշտպանի նախաձեռնությամբ պատրաստվել է հրապարակումների շարք, որի նպատակն է բարձրացնել գենդերային հիմքով բռնության և սեռական ոտնձգության անթույլատրելիության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը։ Բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով ուղարկելով կամ Պաշտպանի աշխատակազմ անձամբ ներկայանալով։ Ծանուցում. Իրազեկվածությունը բարձրացնող նյութերը պատրաստվել են «Եվրամիությունը հանուն գենդերային հավասարության՝ բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՆԻՐԱՍ կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
11:09 - 28 նոյեմբերի, 2023
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ կունենան Արամի փողոցից բերման ենթարկված քաղաքացիների հետ

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ կունենան Արամի փողոցից բերման ենթարկված քաղաքացիների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ: Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։ «Զանգ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանության ծառայողները «Զանգ» շարժման նախաձեռնած իրազեկման ակցիայի մասնակիցների ձեռքից կոպտորեն, ուժի գործադրմամբ խլել ու ոստիկանություն են տարել հավաքի պարտադիր ատրիբուտը՝ բարձրախոսը, և հրաժարվում են վերադարձնել։   «Այդպիսով ոստիկանությունը բովանդակազրկել է մեր հավաքը՝ իրազեկման ակցիան, մենք պահանջում ենք վերադարձնել բարձրախոսը։ ՀՀ ՄԻՊ-ին  կոչ ենք անում տեղում արձագանքել ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններին ու ներկայացուցիչներ ուղարկել ոստիկանության բաժին»,- ասվում է նախաձեռնության գրառման մեջ։        
22:31 - 27 նոյեմբերի, 2023
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողին

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայողին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։   Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորում է ստացել զինծառայող Է.Հ.–ն։   Պաշտպանի ներկայացուցիչները ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել բուժման ընթացքին վերաբերող հարցեր։   Տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ։ Նշվում է, որ զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են լինել պաշտպանի ուշադրության ներքո։
20:12 - 20 նոյեմբերի, 2023
ՄԻՊ-ը, ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու գլխավոր քարտուղարն այցելել են Աբովյան քաղաքում բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

ՄԻՊ-ը, ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու գլխավոր քարտուղարն այցելել են Աբովյան քաղաքում բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։ Այս մասին տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից:   Մարզի և համայնքի ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջայց է կատարվել կացարանում, առանձնազրույցներ են տեղի ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։   Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին, ԵԱՀԿ ԽՎ նախագահին և գլխավոր քարտուղարին ներկայացրել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման ընթացքում իրենց կրած զրկանքները, իրավունքների համատարած խախտումները, կյանքի և անվտանգության տեսանկյունից ի հայտ եկած իրական սպառնալիքները և բռնի տեղահանման հետևանքով առաջացած խնդիրները։   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Այցերը կրում են շարունակական բնույթ:  
20:05 - 17 նոյեմբերի, 2023
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՀՀ ՄԻՊ-ը՝ սինագոգի դռները հրկիզելու փորձի մասին

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՀՀ ՄԻՊ-ը՝ սինագոգի դռները հրկիզելու փորձի մասին

Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մտահոգություն հայտնելով սինագոգի դռները հրկիզելու փորձի առթիվ: Պաշտպանը շեշտել է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը Հայաստանում պետք է երաշխավորված լինեն: Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում սինագոգի դռները: 
17:02 - 17 նոյեմբերի, 2023
ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։ «Պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով»,- նշել է Պաշտպանը։ Պաշտպանը նաև հավելել է, որ նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է։ Այս առումով տեղի ունեցածը կրկնակի ցավալի է, քանի որ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն օրը պետք է անցկացնեին տոնի ոգով։ Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկումով տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է, երեք անձ տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։ ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։
13:27 - 17 նոյեմբերի, 2023