Սեւան

Սեւանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Հայտնի ձկնատեսակը իշխանն է։ Սեւանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։

Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձեւավորում են հանրապետության ամենամեծ՝ Սեւան-Հրազդան կասկադը։1978 թվականին ստեղծվել է Սեւան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սեւան ջրատարը։

Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մինչեւ մարտի 24-ը՝ ժամը 04:00-ն |armenpress.am|

armenpress.am: Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին երկկողմանի փակ է եղել մարտի 23-ի կեսօրվանից մինչև մարտի 24-ի ժամը 04:00-ն։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մնացականյանը, բողոքի ակցիա իրականացնողների կողմից ճանապարհը բացվել է միայն իշխանության պատկան մարմինների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո։ «Պայմանավորվել ենք ՀՀ ազգային ժողովի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գեղարքունիքի մարզպետի հետ, որ մարտի 24-ի ժամը 14:00-ին մեզ մոտ հատուկ քննարկում է տեղի ունենալու նույն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հուսով, եմ, որ կգտնվի որևէ հանգուցալուծում»,-ներկայացրեց Դավիթ Մնացականյանը։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սևան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչները քվեարկության չեն մասնակցել՝ դրանով արտահայտելով իրենց անհամաձայնությունը համայնքների միավորման քաղաքականությանը և գործընթացներին։ Իսկ մարտի 23-ին նրանք իրականացրել են բողոքի ակցիա՝ երկկողմանի փակելով Երևան-Սևան-Դիլիջան մայրուղին։ Ճանապարհը փակ է մնացել մոտ 16 ժամ։
11:12 - 24 մարտի, 2022
Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով ուժեղացված հսկողության ծրագրի արդյունքները |armenpress.am|

Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով ուժեղացված հսկողության ծրագրի արդյունքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի և մի շարք այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ամփոփվել են 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի արդյունքները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին այս ամբողջ ընթացքում իրականացրած փոխկապակցված, ծավալուն և արդյունավետ աշխատանքի համար։ «Խիստ վերահսկողության միջոցառումների այս ծրագիրը ցույց տվեց, թե ինչպես պետք է միմյանց լրացնելով աշխատեն պետական գերատեսչությունները, որպեսզի ունենանք նկատելի արդյունք։ Միջոցառումների մեկնարկի սկզբում մեր առջև դրված գրեթե բոլոր թիրախներին հասել ենք՝ գրանցելով գոհացուցիչ արդյունք։ Եվ ինչն ամենակարևորն է ինձ համար, ակնառու է նաև խնդրին հասարակական վերաբերմունքի փոփոխությունը։ Ամբողջ ընթացքում թե՛ Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսները, և թե՛ շուկաներում սիգ փնտրող մեր քաղաքացիները կառուցողական վերաբերմունք են ցուցաբերել վերահսկողական միջոցառումներին։ Ցանկացած գործընթացի կայացման հիմնարար երաշխիքն առաջին հերթին հանրության շրջանում ունեցած աջակցությունն է»,-նշել է նախարարը։ Հակոբ Սիմիդյանը նաև անդրադարձել է միջոցառումների ընթացքում արձանագրված կազմակերպչական բնույթի խնդիրներին, որոնց շատ արագ տրվել են կարճատև լուծումներ և խոստացել, որ արդյունքների ամբողջական ամփոփումից ու որոշակի վերլուծություններից հետո կմշակվեն դրանց համակարգային լուծումների տարբերակները։ Այսպիսով՝ վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2667 հատ սիգ տեսակի ձուկ՝ 1044 կգ ընդհանուր քաշով, լճից դուրս է բերվել 111 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 5․221․500 ՀՀ դրամի չափով:  Նախապատրաստվում են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի հատկանիշներով (թվով 29) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89 հոդվածի հատկանիշներով (թվով 2)։ Վերասկողության միջոցառումների վերաբերյալ առավել մանրամասն տվյալները կներկայացվեն առաջիկայում։
20:42 - 17 հունվարի, 2022
Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել էր նախարար Հակոբ Սիմիդյանը, ինքը պատրաստվում է պարբերաբար այցերի միջոցով մասնակցել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի ընթացքին։ Այսօր Սիմիդյանը Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների ու «Սևան» ազգային պարկի տեսուչների հետ մասնակցել է լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին: Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է: «Այս ամենը միտված է մեր ազգային հարստություն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանն ու խելամիտ օգտագործմանը: Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը»,-նշված է հաղորդագրության մեջ։
14:25 - 25 դեկտեմբերի, 2021
Սիգի ձվադրման սեզոնով պայմանավորված՝ դեկտեմբերի 20-ից ուժեղացված հսկողության կիրականացվի Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Սիգի ձվադրման սեզոնով պայմանավորված՝ դեկտեմբերի 20-ից ուժեղացված հսկողության կիրականացվի Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի, «Սևան»ազգային պարկի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի վերաբերյալ, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ: Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: Ոստիկանության Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանելու Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, Գեղարքունիքի մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղկայվելու են հսկիչ կետեր: «Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։ Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։ Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։ «Վերահսկողության նման խիստ միջոցառումների կարևորագույն կետերից է Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչների և ձկնորսների հետ բացատրական աշխատանքների կազմակերպումը։ Վերահսկողական միջոցառումները քաղաքացիների շրջանում դիմադրության չպետք է հանգեցնեն։ Մեր քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նման կարգավորումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- նշել է նախարարը և գործընկերներին խնդրել առավել պատասխանատվոթյամբ մոտենալ համազգային կարևորության այս խնդրի լուծմանը։ Խորհրդակցությանը քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները, մանրամասնվել են ընթացակարգերը, ժամանակացույցը և այլ ընթացիկ աշխատանքային հարցեր։
18:00 - 17 դեկտեմբերի, 2021
ՇՄ նախարարությունն առաջարկում է նվազեցնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական բեռը

ՇՄ նախարարությունն առաջարկում է նվազեցնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական բեռը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է «Սևան» ազգային պարկի տարածքի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար ՊՈԱԿ-ի կողմից գանձված վճարների ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30 տոկոս տվյալ համայնքների բյուջե փոխանցման ենթակա գումարների շեմը նվազեցնել՝ սահմանելով առնվազն 10 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք e-draft համակարգից։ Այժմ, համաձայն ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N1438-Ն որոշման՝ «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գանձած վճարների ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30 տոկոսը պետք է փոխանցվի այն համայնքի բյուջե, որի վարչական սահմաններում գտնվում է տվյալ հողամասը` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և համապատասխան համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրերին համապատասխան: Նախագծից տեղեկանում ենք, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը 16 համայնքների հետ կնքել է «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին»  պայմանագրեր:  ՊՈԱԿ-ից 16 համայնքներին փոխանցման ենթակա գումարը  կազմում է տարեկան շուրջ  40-44 մլն.դրամ՝ կախված վարձակալության վճարներից հավաքագրված գումարի չափից: Նշված գումարները ՊՈԱԿ-ի համար, հարկային օրենսդրության տեսանկյունից, որպես ծախս չեն դիտարկվում և համարվում են շահույթի օգտագործում, հետևաբար ենթակա են շահութահարկով հարկման, ինչն էլ, ըստ նախարարության, իր հերթին ծանաբեռնում է ՊՈԱԿ-ի հարկային բեռը տարեկան ևս 8-9 մլն. դրամով: «Քանի որ մինչև համայնքներին փոխանցելը նշված գումարը արդեն իսկ հարկվում է հողի և ավելացված արժեքի հարկերով, ՊՈԱԿ-ի համար առաջանում են ևս 10 մլն դրամի չափով լրացուցիչ հարկեր, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը ունենում է տարեկան շուրջ 60-64 մլն. դրամ ֆինանսական բեռ: 2021թ.-ի օգոստոսի 11-ի դրությամբ ՊՈԱԿ-ը ունի 79.7 մլն.դրամ կրեդիտորական պարտք, որից «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը «ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին»  պայմանագրերի շրջանակներում 50.3 մլն.դրամ»,- ասված է առաջարկվող կարգավորման նախագծում: Ըստ նախարարության՝ ներկայումս ՊՈԱԿ-ը կանգնած է ֆինանսական խնդիրների առջև և չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ վերոնշյալ կրեդիտորական պարտքերը մարելու համար: Բացի այդ, ՊՈԱԿ-ը իր առջև ունի ծառացած բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք ֆինանասական  միջոցների սղության պատճառով հնարավոր չէ լուծել: Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ֆինանսական բեռը նվազեցնելու և ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված լիազորությունները պատշաճ իրականացնելու, ինչպես նաև հետագա բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով առաջարկվում է այս փոփոխությունը։ Նախարարության վստահեցմամբ՝ րոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:
12:18 - 05 նոյեմբերի, 2021
Գեղարքունիքում ձկնորսները փակել էին ճանապարհը․ պատճառը կառավարության որոշումն է |tert.am|

Գեղարքունիքում ձկնորսները փակել էին ճանապարհը․ պատճառը կառավարության որոշումն է |tert.am|

tert.am: Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Պատճառը կառավարության որոշումն է։«Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է Սևանում միջոցառում կազմակերպել արդյունագործական ձկնորսություն անելու համար։ Որոշվել է, որ ապրիլից մինչև սեպտեմբել թույլատրելի է որսալ 250 կգ ձուկ, որը յուրաքանչյուր օրվա համար անում է 1.5 կգ ձուկ, այսինքն՝ թվով 3-4 ձուկ»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներից մեկը։ «Այս մարդիկ ասում են՝ գնացեք օրական որսացեք 3-4 ձուկ, բերեք, ընտանիք պահեք։ Մարդիկ վառելիք են օգտագործում, ռեսուրս են ծախսում օրական 4 ձուկ որսալու համա՞ր։ Մեր մարզից ընտրված պատգամավոր ունենք, երբ մոտենում ենք այդ հարցով, ասում է՝ ինձ հետ գործ չունեք»։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ մի քանի ամիս առաջ նույն խնդրով կրկին փակել են ճանապարհը, որից հետ ստացել են դատարկ խոստումներ։ Բնակիչները նշում են, որ լճից դուրս է եկել 10.000 տ ձուկ, սակայն դրա վերաբերյալ համապատասխան արձանագրություն չի եղել։ Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով նշեց, որ դա Կառավարության որոշումն է և ո՛չ նախարարները, ո՛չ էլ մարզպետն այդ որոշումը չկատարելու իրավունք չունեն։«Եթե ցանկանում եք, որ այդ որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար անհրաժեշտ է ժամանակ»,– ասաց մարզպետը և հորդորեց բացել ճանապարհը և տալ 3 օր ժամանակ, եթե հարցին լուծում չտրվի, խոստացավ հանդիպել կրկին։
15:19 - 20 հոկտեմբերի, 2021
Սեւանա լճից սահմանված լրացուցիչ չափաքանակից արդեն բաց է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից սահմանված լրացուցիչ չափաքանակից արդեն բաց է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից 2021 թվականին լրացուցիչ ջրառ կատարելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել էր մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրառի իրականացում, որից օգոստոսի երրորդ տասնօրյակի ընթացքում արդեն բաց  է թողնվել 18 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։    Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ Սեւանա լճից այս տարվա ընթացքում ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 189 միլիոն 571 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։  «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Սեւանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրառի չափաքանակ է սահմանված մինչեւ 170 միլիոն խորանարդ մետրը։
17:35 - 27 օգոստոսի, 2021
Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Սևանա լճի մակարդակը և լճից ջրառները 2002-2021 թվականներին․ ամփոփ տվյալներ

Օրեր առաջ նորընտիր Ազգային ժողովում քննարկվում էր Սևանա լճից ոռոգման նպատակներով ջրառ իրականացնելու վերաբերյալ օրենքի փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ կառավարության որոշմամբ արդեն իսկ հաստատված 170 մլն խորանարդ մետր ջրառի թույլատրելի սահմանը փոփոխվեց՝ դառնալով 245 մլն խորանարդ մետր։  Կառավարությունը հավելյալ ջրառի անհրաժեշտությունը հիմնավորում է սակավ տեղումներից և շոգ եղանակից առաջացած ջրի դեֆիցիտը լրացնելու անհրաժեշտությամբ։ Օրենքում փոփոխություն կատարելու սույն նախագիծը թեև թեժ քննարկումներով, սակայն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ձայների 57 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Քանի որ նոր ձևավորված Ազգային ժողովի 3 խմբակցություններում ՀՀ նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչներն են և այս հարցի քննարկման ժամանակ համեմատականներ անցկացվեցին նախկին և ներկա կառավարող ուժերի միջև, թե ով ինչպես է կարողացել վերահսկել Սևանա լճից ջրառի իրականացումը և լճի մակարդակի բարձրության պահպանումը, որոշեցինք ուսումնասիրել 20 տարվա կտրվածքով Սևանա լճի բարձրության մակարդակը, ինչպես նաև լճից ջրառի չափերը։ Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է տվյալ տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններով, այսինքն՝ գետերով ներհոսքներից, տեղումներից և գոլորշիացումներից։ Սևանա լճից ջրառի չափաքանակը 2002-2021 թվականներին 2002 թվականին (նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան) Սևանից իրականացվել է 99,6 մլն խորանարդ մետր ջրառ, 2003 թվականին՝ 118,31 մլն խորանարդ մետր, 2003-ին՝ 118,31 մլն խորանարդ մետր, իսկ 2004-ին՝ 149,91 մլն խորանարդ մետր։ 2005 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր իրականացնել 150 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 149,55 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառի կարիք չի եղել։ 2006 թվականին կառավարության որոշմամբ նախատեսվել էր 120 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն իրականացվել է նախատեսվածից ավելի՝ 152,37 մլն խորանարդ մետր։ 2007 թվականին Սևանից ջրառի համար կառավարության որոշմամբ նախատեսված էր 120 մլն խորանարդ մետր, սակայն այդ տարի իրականացվեց նախատեսվածից ավելի՝ 154,56 մլն խորանարդ մետր։ 2008 թվականին (նախագահ՝ Սերժ Սարգսյան) կառավարության որոշմամբ նախատեսված էր նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ՝ 315 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 303,69 մլն խորանարդ մետր, այսինքն՝ հավելյալ ջրառ չի կատարվել, թեև ի սկզբանե կառավարության որոշմամբ սահմանվածը նախորդ տարիների համեմատությամբ բավականին շատ էր։ 2009 թվականի կառավարության որոշման համաձայն՝ նախատեսված էր 142 մլն խորանարդ մետր ջրառ․ իրականացվել է 126,29 մլն խորանարդ մետր։ 2010 թվականին կառավարության որոշմամբ նախատեսված 168,9 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 157,74 մլն խորանարդ մետրը։ 2011 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 168,33 մլն խորանարդ մետրը։ 2012 թվականին կառավարության որոշմամբ դարձյալ սահմանվել էր մյուս տարիների համեմատությամբ բավականին բարձր ցուցանիշ, ինչպես 2008 թվականի դեպքում էր։ Նախատեսված 319,2 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 317,65 մլն խորանարդ մետրը։ 2013 թվականի որոշմամբ նախատեսված 170 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 169,95 մլն խորանարդ մետրը։ 2014 թվականի որոշմամբ նախատեսված էր 270 մլն խորանարդ մետրի ջրառ, որից իրականացվել է 269,62 մլն խորանարդ մետրը։ Համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի՝ 2008, 2012, 2013 և 2014 թվականները համարվել են սակավաջուր տարիներ։ 2015 և 2016 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ։ 2017 թվականի որոշմամբ նախատեսված 270 մլն խորանարդ մետր ջրառից իրականացվել է 266,75 մլն խորանարդ մետրը։ 2018 թվականին (վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան) կառավարության որոշմամբ ի սկզբանե նախատեսվել էր 170 մլն խորանարդ մետր ջրառ, սակայն հետո Ազգային ժողովին ներկայացվեց և ընդունվեց 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջրառ իրականացնելու նախագիծ։ Ընդհանուր առմամբ այդ տարի Սևանից իրականացվել է 200,62 մլն խորանարդ մետր ջրառ։ 2019 և 2020 թվականներին նախատեսվել և իրականացվել է 170 մլն խորանարդ մետրի ջրառ, այսինքն՝ հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի առաջացել։ Արդեն այս տարի՝ 2021 թվականին, կառավարության որոշմամբ նախատեսված էր իրականացնել 170 մլն խորանարդ մետրի ջրառ, սակայն ինչպես վերևում նշեցինք, օրեր առաջ ընդունվեց փոփոխությունների նախագիծ, որի համաձայն՝ ջրառի թույլատրելի սահմանը դարձավ 245 մլն խորանարդ մետր։ Այսպիսով՝ վերջին 20 տարիներին ամենաշատ ջրառ իրականացվել է 2012 թվականին, ընդ որում, այդ տարում գետերով, Արփա-Սևանով ներհոսքերը և տեղումները ավելի քիչ են եղել, քան գոլորշիացումն ու իրականացված ջրառը, այսինքն՝ գրանցվել է բացասական հաշվեմնացորդ, ինչի հետևանքով էլ լճի մակարդակը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահտվածի նկատմամբ ցածր է եղել 3 սանտիմետրով։ Սևանա լճի մակարդակը 2002-2021 թվականներին Արտակարգ իրավիճակների նախարարության զեկույցի համաձայն՝ Սևանա լճի մակարդակի փոփոխությունների մոնիթորինգ իրականացվում է 4 դիտակետերում։ Ըստ զեկույցի տվյալների՝ լճի մակարդակի իջեցումն սկսել է 1933 թվականից, երբ ջրառի տարեկան քանակը գերազանցել է նրա բնական հոսքին։ 1981-2001 թվականները համարվել են լճի մակարդակի պայմանական հավասարակշռության տարիներ։ 2002-ից սկսած լճի մակարդակն սկսել է բարձրանալ։ Լճի մակարդակը տարվա ընթացքում տատանվում է և ամենաբարձրը դիտվում է յուրաքանչյուր տարվա հուլիսին։ Դիտարկենք Սևանա լճի մակարդակի տատանումները յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ։ Այսպես՝ 2002 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը եղել է 1896 մետր 32 սանտիմետր, 2008-ի հունվարի 1-ին՝ 1898 մետր 79 սանտիմետր, այսինքն՝ այդ տարիներին մակարդակը բարձրացել է 2 մետր 47 սանտիմետրով։  2018 թվականի հունվարի 1-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 39 սանտիմետր, որը 2008 թվականի համեմատությամբ բարձր է 1 մետր 60 սանտիմետրով։ 2019 թվականի հունվարի մեկին լճի մակարդակը 2018 թվականի համեմատությամբ ցածր է եղել 3 սանտիմետրով, սակայն 2020-ին դարձյալ բարձրացել է, և 2021-ին լճի մակարդակը եղել է 1900 մետր 52 սանտիմետր, որը 2018-ի համեմատությամբ բարձր է 10 սանտիմետրով։ Ընդհանուր առմամբ՝ վերջին 20 տարիներին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 4 մետր և 20 սանտիմետրով։ Այսպիսով՝ ինչպես տեսնում ենք ներկայացված տվյալներից՝ Սևանա լճի մակարդակը վերջին 20 տարիներին շարունակաբար բարձրացել է և այս տարվա հունվարի 1-ին նախորդ տարիների համեմատությամբ եղել է ամենաբարձրը, սակայն նախատեսված հավելյալ ջրառի պարագայում հնարավոր է՝ նվազի։ Նարեկ Մարտիրոսյան
18:10 - 24 օգոստոսի, 2021
Կազմակերպել քննարկում սահմանային իրավիճակի մասին, իրարամերժ տեղեկություններ են գալիս․ «Հայաստան» դաշինքի առաջարկը |tert.am|

Կազմակերպել քննարկում սահմանային իրավիճակի մասին, իրարամերժ տեղեկություններ են գալիս․ «Հայաստան» դաշինքի առաջարկը |tert.am|

tert.am: Ելնելով սահմանային լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքը առաջարկում է երկու ընթերցումների արանքում կազմակերպել փակ, գաղտնի կամ բաց քննարկում, ինչպես որոշեք՝ համապատասխան պատասխանատու անձանց կողմից։ Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստին, որի օրակարգում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա նկատեց, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից։ «Քննարկում կազմակերպենք, իմամանանք իրավիճակը և հասարակության մտահոգությունները փարատենք»,–ասաց նա։ Նույն դաշինքից Անդրանիկ Թևանյանը իր հերթին անդրադարձավ Ալիևի ագրեսիվ վարքագծին։ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը վարման կարգով ուշադրությունը հրավիրեց Աֆղանստանի դեպքերին և կարևորեց Հայաստանի արձագանքը։ Նա հետաքրքրվեց Աֆղանստանում տեղակայված հայ խաղաղապահ զորախմբի ճակատագրից և հարցրեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, որ պաշտոնական պարզաբանում լինի նրանց վերաբերյալ։
11:49 - 17 օգոստոսի, 2021
Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական փորձարարական ձկնորսության որսաշրջանը

Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական փորձարարական ձկնորսության որսաշրջանը

Մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլի ավարտի պատշաճ կազմակերպման և ընթացիկ հարցերի քննարկման շուրջ այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրատապ խորհրդակցություն էր հրավիրվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարությունը: Խորհրդակցությանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարության գլխավոր քարտուղար Գ․ Գուլյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո․ Գրիգորյանը, «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Ա․ Աբելյանը, տնօրենի տեղակալները, ազգային պարկի 5 մասնաճյուղերի ղեկավարները, արագ արձագանքման բաժնի ղեկավարը և հերթափոխի պատասխանատուները։ Նախարարին են ներկայացվել արդյունագործական որսաշրջանի արդյունքների և 2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ամփոփ տվյալներ։ Շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։ Նախարար Պետրոսյանը խիստ գնահատականներ է հնչեցրել մայրաքաղաքի փողոցներում մանրաձկան վաճառքի դեպքերի վերաբերյալ և տվել մի շարք հանձնարարականներ։ Հաշվի առնելով ՀՀ շուկաներում մեծ քանակությամբ որսի համար թույլատրելի չափից փոքր (այդ թվում՝ մանրաձուկ) սիգի վաճառքի փաստերը և դրա վերաբերյալ ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մտահոգությունները, նախարարի հանձնարարականով գրություններ են ուղարկվել ՀՀ Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ խնդրելով, որ յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկի միջոցառումներ բացառելու 400 գրամից պակաս քաշով սիգի ապօրինի որսը և վաճառքը։ Նախարարն ազգային պարկի ղեկավար անձնակազմին հանձնարարականներ է տվել հանդիպում-քննարկումներ կազմակերպել ձկնորսների և ափամերձ համայնքների բնակիչների հետ, որպեսզի արդյունագործական որսաշրջանի ավարտը տարածաշրջանում սոցիալական խնդրի չհանգեցնի։ «Մենք հասարակության կողմից լիազորված ենք ոլորտի ու պետության համար նշանակալի արդյունքներ գրանցել և այդ ճանապարհին կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը օրինախախտների նկատմամբ»,-նշել է նա։
17:04 - 04 օգոստոսի, 2021