Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի առաջին հատակագիծը։ Մակերեսը՝ 32 քառ․կմ, բնակչության  թիվը, ըստ 2019 թվականի տվյալների, 78․400 մարդ։

«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը |armtimes.com|

«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը |armtimes.com|

armtimes.com: Երեկ երեկոյան ժամը 23:00-ի դրությամբ «Գլորիա» կարի արտադրամասում իրականացված 37 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է 17 վարակակիր: Պարետի նույն օրվա որոշման համաձայն՝ այսօրվանից 72 ժամով կասեցվել է արտադրամասի գործունեությունը: Առողղջապահական տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ղեկավարը որոշումն այսօր առավոտյան ներկայացրել է ընկերության տնօրեն Բագրատ Դարբինյանին: Դարբինյանը նախ հետաքրքրվեց՝ (աշխատակիցներին տեղափոխող գերբեռնված ավտոբուսի) լուսանկա՞րն է պատճառը, այնուհետ, երբ մեկ անգամ եւս տեղեկացավ, որ աշխատակիցներից ոմանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ասաց. «Հիմա նկա՞րն է պատճառը, թե՞ էս վարակվածները»: Հարցին ի պատասխան՝ տեսչական մարմնի հյուսիսային մասնաճյուղի ղեկավար Արմեն Լամբարյանը տեղեկացրեց. «Ձեր աշխատակիցներից 17 հոգու մոտ հայտնաբերվել է դրական պատասխան, նմուշառումները աշխատակիցների շրջանում շարունակվում են, հետագա վարակի կանխարգելման նպատակով 72 ժամով կասեցվում է»: Սամվել Լամբարյանը երբ հայտնեց, որ կասեցման պատճառ է նաեւ հայտնի լուսանկարը, երբ աշխատակիցները չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, Դարբինյանն ասաց. «Ես ավտոբուս եմ վարձել, թող վարորդը պահեր, ես պարտավոր չեմ… մարդիկ շարքով գնում նստում են, հլա գային տեսնեին, թե մեջը քանի հոգի է նստած, պահպանված էր, թե պահպանված չէր… ես հնարավոր ա՝ մի հատ հայցով դիմեմ դատարան՝ իմ աշխատանքի դադարեցման վնասի պահանջով… դե, բերեք ամբողջ հանրապետությունը 72 ժամով դադարեցնենք»: Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով պարետի որոշումը՝ Բագրատ Դարբինյանն ասաց. «Նախ ես չգիտեմ՝ ով ա նկարել, գուցե ֆոտոշոփ ա արել, մեջը չի երեւում, թե քանի հոգի ա: Մենք վարձակալել ենք ավտոբուսը: Ոչ մեկը չի տեսել, թե մեջը քանի հոգի ա: Ես փաստաբանիս հետ կնայեմ որոշումը: Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, որ ավտոբուսներում կարող էին լինել նաեւ կանգնած մարդիկ, կարող էին նաեւ լինել»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
11:30 - 03 հունիսի, 2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ մոտ 51.7 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ «Սանահին» կայարանից Հաղպատ հատվածում կապալառու «ԱԱԲ պրոեկտ» կազմակերպությունն արդեն իսկ ասֆալտապատել է մոտ 9 կմ ճանապարհ։ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է, որ այդ 9 կմ-ում դեռևս պետք է տեղադրեն վերջին՝ 4 սանտիմետր հաստությամբ մանրահատիկ ասֆալտե շերտը։ «Սանահին» կայարանից Հաղպատ ճանապարհի մյուս տեղամասերում շարունակվում են ասֆալտապատման նախապատրաստական, 3 կամուրջների, ջրատարների կառուցման աշխատանքները, լայնացվում են դժվարանցանելի հատվածները և այլն։  ՏԿԵ նախարարությունը նշում է, որ ասֆալտապատումը սկսվել է նաև Մ6-ի Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում։ Շինարարական աշխատանքներն իրականացնող իտալական «Սուարդի» ընկերությունը գրեթե ամբողջությամբ ասֆալտապատել է Շնող-Քարկոփ ճանապարհը։ Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նշում է, որ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն իր դրական ազդեցությունը կունենա նաև իրենց համայնքի, բնակիչների համար։ Բարեկարգ ավտոմայրուղին կնպաստի հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, կհեշտացնի գյուղացիների հասանելիությունը շուկաներին։ Համայնքապետը նկատում է, որ ճանապարհաշինական աշխատանքների որակից գոհ են։ Ըստ նրա՝ երկու տարի առաջ նույն կազմակերպությունը՝ «Սուարդին», հիմնանորոգել է նաև Շնողի գյուղամիջյան ճանապարհը, ինչը կատարել են բարեխղճորեն և բարձր որակով։ Մ6-ի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ. վերականգնվում են տասնամյակներ շարունակ չվերանորոգված կոյուղագծեր, ջրագծեր և այլն։ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում կատարվում են մեծածավալ աշխատանքներ։ Ճանապարհի հիմնանորոգման արդյունքում կունենանք Հայաստանը Վրաստանի հետ կապող բարեկարգ մայրուղի, որը կկրճատի երթևեկության տևողությունը, կավելացնի երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհը կդարձնի առավել անվտանգ։
17:42 - 01 հունիսի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին կդադարեցվի՝ ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն Արարատի մարզի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ փողոտայով և Գ.Նժդեհ, Գր.Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների գազամատակարարումը ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերի գազասապառողների և հարակից օբյեկտների գազամատակարարումը ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Արագածոտնի մարզի Փարփի և Բյուրական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
12:24 - 26 մայիսի, 2020
Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը բուհում շոգեբաղնիք հայտնաբերելուց հետո շոկի մեջ է. նախկին ռեկտորն ասում է՝ հետո կխոսի |armtimes.com|

Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը բուհում շոգեբաղնիք հայտնաբերելուց հետո շոկի մեջ է. նախկին ռեկտորն ասում է՝ հետո կխոսի |armtimes.com|

armtimes.com: Վանաձորի պետական համալսարանի վարչական շենքի նկուղային հարկում տարիներ շարունակ գործել է շոգեբաղնիք: Այս մասին համալսարանի հոգաբարձուների վերջին նիստում հայտարարել է համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Տեղեկությունը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Շատերի համար լուրն իսկապես շոկային էր: «Ես չգիտեմ՝ դուք տեղյակ եք, թե չէ, բայց ռեկտորատի վարչական շենքի նկուղային հարկում կա սաունա…բայց կարծես թե չզարմացաք, կա սաունա, ես բոլորիդ հրավիրում եմ, բանալիներն ինձ մոտ են, այդ սաունան աշխատող է, երեւի մի տարի է, ինչ չի գործում, բայց ինքը գործող սաունա է, իր լողավազանով եւ այլնով ու եւ այլնով… Բնական է, ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, սա ինձ համար ամենատհաճ դեպքն է, որ ես բարձրաձայնում եմ, որովհետեւ դա ինձ համար անընդունելի է»,- ասել էր ռեկտորը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ աշխատել են բուհուում ու դժվար թե տեղյակ չլինեին: Ռեկտորը նաեւ հրավիրել էր աշխատակիցներին՝ անձամբ տեսնելու, բայց՝ ոչ օգտվելու: Ռուստամ Սահակյանը մեկ անգամ եւս հաստատեց՝ վարչական շենքի նկուղում տարիներ շարունակ եղել ու գործել է սաունա՝ իր բոլոր հարմարություններով: Այն, ըստ ռեկտորի, կառուցվել է շենքի կառուցման ժամանակ, սակայն թե ով կամ ովքեր են օգտվել սաունայից, դժվարացավ ասել: «Ես՝ որպես կազմակերպության ղեկավար, պետք է եւ պարտավոր էի ծանոթանալ նաեւ շենքային պայմաններին՝ տանիքից մինչեւ նկուղ: Ես չեմ փնտրել ինչ-որ բաներ: Երբ սկսեցի ծանոթանալ, ուսումնասիրել, թե որ նկուղում ինչ կա, մեկում տեսա՝ հատակն է փտած, մյուսում հրաձգարան կար, այս մասնաշենքի նկուղում էլ, որ ամենավերջինն այցելեցի, հայտնաբերեցի շոգեբաղնիքը: Փաստորեն մենք ունենք սպորտդահլիճի խնդիր, բայց ունենք սաունա… սա ինձ համար էլ էր շոկային ինֆորմացիա, ու ես պարտավոր էի իմ գործատուներին հայտնել, ոչ թե թաքցնել»,- ասաց Ռուստամ Սահակյանը՝ նշելով, որ թեպետ սաունան եղել է, սակայն կոնկրետ աշխատակից չի եղել հաստիքացուցակով: Թե ովքեր են օգտվել, ում է ծառայել եւ ինչ նպատակով, ռեկտորը ոչինչ չասաց՝ նշելով, որ որեւէ մեկը մինչ այս պահը իրեն որեւէ պարզաբանում չի ներկայացրել: «Ինձ համար ավելի կարեւոր գործեր կան հիմա, կառուցվածքային փոփոխություններով ենք զբաղված, դրանք ավելի կարեւոր եմ համարում, եւ հետո, աուդիտ է լինելու, թող աուդիտը զբաղվի: Կարեւորը՝ ես գիտեմ, թե իմ նկուղներում ու իմ տանիքներում ինչ է կատարվել: Գնացեք ճշտեք, թե ով է օգտվել կամ ով է զբաղվել սաունայով»,- հորդորեց ռեկտորը՝ նշելով, որ ինքը միայն կարող է ենթադրություններ անել: Վստահեցրեց՝ սաունան այլեւս չի աշխատի, կշարունակի մնալ, թե, ոչ, դեռ հայտնի չէ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 21 մայիսի, 2020
Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած փոսալցման ու շների ստերջացման մրցույթներին ոչ ոք չի մասնակցում
 |armtimes.com|

Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած փոսալցման ու շների ստերջացման մրցույթներին ոչ ոք չի մասնակցում |armtimes.com|

armtimes.com: Վանաձորի քաղաքապետարանի հայտարարած տարբեր մրցույթներին մասնակցության լուրջ պասիվություն է նկատվում, որոշ դեպքերում նաեւ՝ մասնակիցներ չեն լինում: ՀԺ-ի հետ զրույցում  Վանաձորի քաղաքապետն ասաց, որ համայնքի 2020թ-ի բյուջեով համայնքում իրականացվող ասֆալտապատման համար հայտարարված մրցույթներին այդպես էլ որեւէ մեկը չի մասնակցել:  «2 անգամ միրցույթ հայտարարեցինք, չկայացավ, մասնակից չկար, հիմա փորձել ենք կառավարության միջոցով ուղիղ գնման թույլտվություն ստանալ»,- տեղեկացրեց քաղաքապետը՝ նշելով, որ կոնկրետ փոսալցման աշխատանքների համար հայտարարված գումարը կազմել է 67 մլն դրամ: «Իմ կարծիքով՝ խնդիրը գնումների գործընթացի հետ է կապված, ինչպես նաեւ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի: Ոչ միայն մասնակից չունեցանք 2 անգամ հայտարարված մրցույթներին, այլ անգամ հետաքրքրվողներ չեղան, մինչդեռ նախորդ տարիներին 1 մրցույթին 5-6 մասնակից էր լինում»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունը չթույլատրի, ապա կրկին մրցույթ կհայտարարեն: Հետաքրքրվածություն չկա ոչ միայն փոսալցման համար հայտարարված մրցույթների նկատմամբ, այլ նաեւ թափառող կենդանիների վնասազերծման համար տարեսկզբից քանիցս հայտարարված մրցույթների հանդեպ:Ավելին՝ Armtimes.com-ում։
20:45 - 12 մայիսի, 2020
Վանաձոր քաղաքի բնակիչը հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից

Վանաձոր քաղաքի բնակիչը հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից

ՀՀ քննչական կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր  վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ 1998թ. ծնված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ն.Ե.-ն 2014 թվականին զննվել է Լոռու մարզի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և առանց առողջական խնդիրների կցագրվել: Սակայն, վերջինիս հոր՝ Խ.Ե.-ի և Լոռու մարզի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Ս.Գ.-ի օժանդակությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2019թ. ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ե-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ժամկետային զինվորական հերթական զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ս.Գ.-ին և Խ.Ե.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Խ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին քննիչի միջնորդությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:44 - 11 մայիսի, 2020
Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայում առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

2020թ. ապրիլի 1-ին Լոռու մարզպետի միջոցով մարզի դատախազություն է ստացվել քաղաքացու դիմում այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից մեկ անձ ձևականորեն ընդունվել է աշխատանքի, նրա անվամբ ելքագրվել է աշխատավարձ. որի գումարները յուրացման եղանակով հափշտակվել են։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Մարզի դատախազության հանձնարարությամբ վերոնշյալ դիմումի առթիվ ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲ ընկերության տնօրենը, ունենալով կազմակերպա-տնօրինչական լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով տնօրինելու ընկերության ֆինանսական միջոցները, կնքելու աշխատանքային պայմանագրեր, 2011թ. մարտի 1-ին համապատասխան աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով նույն կազմակերպությունում որպես սանիտար աշխատանքի է ընդունել ամուսնու քրոջը: Ապա, 2011թ. մարտի 1-ից մինչև 2017թ. հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, տնօրենի հաստատապես տեղյակ լինելու պայմաններում, այդ անձի ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովվելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմվել են բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր», որոնցում կեղծ տեղեկութ­յուն­ներ են ներառվել նշված ժամանակահատվածում վերջինիս կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացվել են վճարման, որի արդյունքում չաշխատած օրերի դիմաց կազմակերպության բյուջեից որպես աշխատավարձի գումարներ այդ անձի անվամբ անհիմն դուրս է գրվել ընդհանուր շուջ 3.5մլն ՀՀ դրամ, որը վերջինս ստացել և օգտագործել  է  իր անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակվել է կազմակերպության միջոցներից առանձնապես խոշոր չափերի նշված գումարը։ Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:45 - 14 ապրիլի, 2020
Լոռու մարզի ասֆալտապատման աշխատանքներում անորակ նյութեր են օգտագործվել. ընկերություններից մեկը Վանաձորի նախկին քաղաքապետի հետ է կապվում |hetq.am|

Լոռու մարզի ասֆալտապատման աշխատանքներում անորակ նյութեր են օգտագործվել. ընկերություններից մեկը Վանաձորի նախկին քաղաքապետի հետ է կապվում |hetq.am|

hetq.am: Լոռու մարզի 4 համայնքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքներում հայտնաբերվել են չարաշահումներ: Շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններից երկուսը կապվում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի անունների հետ: Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Լոռու մարզպետի դիմումի հիման վրա ուսումնասիրություն են սկսել և առերևույթ փաստական տվյալներ ձեռք բերել, որ ասֆալտապատման աշխատանքների ընթացքում անորակ նյութեր են օգտագործվել, ինչպես նաև կեղծվել են ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների արձանագրությունները: «Արգիշտի-1» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերը պատկանում են Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանին, մյուս 50 տոկոսը պատկանում է վերջինիս եղբորը` Սեյրան Դարբինյանին: Ի դեպ, ընկերությունն անվանակոչվել է ի պատիվ Դարբինյանի կրտսեր որդու` Արգիշտի Դարբինյանի: Այժմ էլ գործադիր տնօրենը Սեյրան Դարբինյանն է: Ընկերությունը շուրջ 35 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել Ստեփանավանի քաղաքապետարանի հետ` ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար: Ուշագրավն այն է, որ միայն 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շուրջ 441 միլիոն դրամ արժողությամբ երեք պայմանագիր է կնքել այս ընկերության հետ`  Հանրապետության ճանապարհների վերանորոգման և պահպանման աշխատանքների համար: Մյուս ընկերությունը «Ճանապարհ» ՓԲԸ-ն է, պետռեգիստրը փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ ինֆորմացիա չի հաղորդում: Ընկերության հիմնադրվելուց` 1997 թվականից մինչ 2003 թվականը գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Սամվել Դարբինյանի հորեղբորորդին` Արմեն Դարբինյանը: Դարբինյանը 2003 թվականին նշանակվել է բնապահպանության փոխնախարար` հրաժարվելով ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից: 2003-ից մինչ այժմ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Արղամանյանը: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ․ այս ընկերության բաժնետերերի մասին ևս որևէ ինֆորմացիա չենք կարող պարզել, ընկերության գործադիր տնօրենը Ալավերդու բնակիչ Մուկուչ Տիտանյանն է: Մինչ այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Մուկուչ Տիտանյանի հայրը` Սամվել Տիտանյանը: Հաջորդ ընկերությունը «Մ բուատ» ՍՊԸ-ն է, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը գրանցված են Երևանի բնակիչ Լիդա Գարսևանյանի անունով: Այս ընկերության հետ պամանագիր է կնքել Վանաձորի քաղաքապետարանը: Խախտումներով կատարված ասֆալտապման պատճառով Վանաձոր համայնքին հասցվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց` ընկերությունը պարտավոր է իր թերությունները շտկել: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:43 - 09 ապրիլի, 2020
Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. քաղաքապետ |news.am|

Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. քաղաքապետ |news.am|

news.am: Վանաձորում կորոնավիրուսային հիվանդության օջախներ չկան. կան հաստատված 1-2  դեպք: Այս մասին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Քաղաքում  կորոնավիրուսի օջախներ չկան այս պահին, 1-2 դեպք է հայտնաբերվել, այլ դեպքերի մասին տեղեկատվություն չկա: Այս մասով առողջապահական ակառույցներն են զբաղվում, իսկ մենք ամենօրյա ռեժիմով ախտահանում ենք փողոցները, բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները»,-ասաց նա: Քաղաքապետը նշեց, որ Վանաձորում այս պահին կասեցված են բոլոր արտադրությունները, չի գործում հանրային տրանսպորտը, գործում են միայն մթերային խանութներն ու դեղատները, աշխատում են տաքսի ծառայությունները, իրենք էլ խստորեն հետեւում են  պարետի ցուցումներին: «Եթե այսպես մի 10 օր էլ կարողանանք պահել, իմ կարծիքով կվերադառնանք բնականոն կյանքին»,- ասաց նա:
14:34 - 06 ապրիլի, 2020