Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Կիևը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ իրավիճակը վերադարձնելով փակուղի. Պուտին
 |tert.am|

Կիևը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ իրավիճակը վերադարձնելով փակուղի. Պուտին |tert.am|

tert.am: Կիևը, հեռանալով Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, գործընթացը վերադարձրեց փակուղի։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։«Ստամբուլում մենք ձեռք բերեցինք որոշակի մակարդակի պայմանավորվածություններ, որոնք բաղկացած էին Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից... որ չեն տարածվի Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի տարածքների վրա։ Այնուհետ, ինչպես տեսաք, հաջորդեցին բանակցային գործընթացի շարունակման համար պայմաններ ստեղծելու մեր գործողությունները։ Փոխարենը Բուչայում բախվեցինք սադրանքի, և, որ ամենակարևորն է, ուկրաինական կողմը հետ կանգնեց Ստամբուլում իր պայմանավորվածություններից։ Այժմ անվտանգության պահանջները մի բան են, իսկ Ղրիմի, Սևաստոպոլի և Դոնբասի շուրջ հարաբերությունների կարգավորման հարցերը դուրս են եկել այդ համաձայնագրերի շրջանակից։ Այսինքն՝ մենք կրկին վերադարձել ենք մեր և բոլորիս համար փակուղային իրավիճակի »,- ասել է Պուտինը:
18:42 - 12 ապրիլի, 2022
ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը կախված է մարտերի ինտենսիվությունից

ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտը կախված է մարտերի ինտենսիվությունից

Ուկրաինայում «հատուկ գործողության» ավարտի ժամկետները կախված են մարտերի ինտենսիվությունից, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ես հաճախ եմ լսում հարցեր՝ իսկ չի՞ կարելի արագացնել։ Կարելի է։ Դա կախված է մարտական գործողությունների ինտենսիվությունից, իսկ մարտական գործողությունների ինտենսիվությունը, ցավոք, այսպես թե այնպես, կապված է կորուստների հետ», - ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա հավելել է․ «Մեր խնդիրը բոլոր սահմանված նպատակներին հասնելն է՝ նվազագույնի հասցնելով այդ կորուստները։ Եվ մենք գործելու ենք ռիթմիկ, հանգիստ, պլանի համաձայն, որն ի սկզբանե առաջարկել է Գլխավոր շտաբը»։ Նա նշել է, որ Ուկրաինայի «որոշ շրջաններում գործողությունները կապված են եղել միայն ուժերը զսպելուն, հարված հասցնելուն և ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելուն»։ «Ես ուշադիր հետևում եմ քննարկումներին, որոնք ընթանում են մեր հասարակությունում, արտասահմանում։ Մենք ոչինչ չպետք է փակ պահենք հասարակությունից, ոչինչ չպետք է թաքցնենք, բայց պետք է օբյեկտիվորեն լուսաբանենք այդ աշխատանքը, մարտական աշխատանքը», - ասել է նա։   Նորա Վանյան
17:38 - 12 ապրիլի, 2022
Հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր. Պուտին
 |tert.am|

Հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր. Պուտին |tert.am|

tert.am: Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում ներքին տիեզերական արդյունաբերության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։«Ուկրաինան սկսեցին վերածվել հակառուսական հենակետի, այնտեղ սկսեցին աճեցնել ազգայնականության և նեոնացիզմի բողբոջները, որոնք վաղուց կային: Նեոնացիզմի հատուկ աճեցվեց, և Ռուսաստանի բախումն այդ ուժերի հետ անխուսափելի էր, նրանք միայն ընտրում էին հարձակվելու ժամանակը», - ընդգծել է Պուտինը։ՌԴ նախագահը նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելով Ռուսաստանի Դաշնությունը օգնում է Դոնբասի ժողովրդին, իսկ մյուս կողմից՝ «միջոցներ է ձեռնարկում հենց Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար»։«Ակնհայտ է, որ մենք այլ ելք չունեինք, այդպես է, և կասկած չկա, որ հատուկ գործողության նպատակները կիրականացվեն: Նպատակները միանգամայն հասկանալի են, վեհ են»,- ընդգծել է Պուտինը։«Հիմնական նպատակը Դոնբասի մարդկանց օգնելն է, Դոնբասի ժողովուրդը ստիպեց դա անել, քանի որ Կիևի իշխանությունները, Արևմուտքի կողմից դրդված, հրաժարվեցին կատարել մինսկյան համաձայնագրերը, որոնք ուղղված էին խնդիրների խաղաղ լուծմանը»,- հավելել է նախագահը։
15:55 - 12 ապրիլի, 2022
Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում

 |factor.am|

Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում |factor.am|

factor.am: Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի Մոսկվա փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, գրում է VOA-ն: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ավստրիայի կանցլերի այցը։ Նեհամերն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորության և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին։ «Մեզ անհրաժեշտ են մարդասիրական միջանցքներ, հրադադար և ռազմական հանցագործությունների լիարժեք հետաքննություն»,- գրել է կանցլերը Twitter-ում։ Մինչ այդ, շաբաթ Նեհամերը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ դատապարտելով ռուսական ագրեսիան և խոստանալով քաղաքական և հումանիտար աջակցություն։ Ավստրիան չեզոք երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ուկրաինային զենք չի մատակարարում։ Հաղորդվում է, որ կանցլերի այցը համաձայնեցվել է ԵՄ առաջնորդների հետ, որի մասին տեղեկացվել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները։
16:44 - 11 ապրիլի, 2022
Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին |armenpress.am|

Պուտինն ու Ալիևը խոսել են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների արդյունքները: Ընդ որում, ընդգծվել է անհրաժեշտությունը՝ լիարժեքորեն կյանքի կոչելու Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները, ինչպես նաև ակտիվացնելու տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Քննարկվել են հարցեր՝ կապված ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի հարցերով աշխատանքների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 
17:09 - 09 ապրիլի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:  Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:  ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում:
14:09 - 09 ապրիլի, 2022
Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Քայլք բարակ սառույցի վրայով․ 7 իրողություն, որ ձևավորում են ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը ․ Politico

Ամերիկյան «Politico» ամսագիրը գրում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի մասին, որոնց վրա ազդել են մի շարք առանցքային իրադարձություններ։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը տարօրինակ հարևաններ են․ երբեմն՝ ռազմավարական լավ գործընկերներ, երբեմն էլ՝ տարածաշրջանային ոխերիմ ախոյաններ»։ Ներկա պահին Թուրքիայի առաջնորդը միջնորդի դեր է ստանձնել և նախորդ շաբաթ այցելել Բոսֆորի ափին գտնվող Դոլմաբահչե պալատ՝ անձամբ ողջունելու խաղաղ բանակցություններ վարող ռուսական և ուկրաինական պատվիրակություններին։ Այս դերը ստանձնելով՝ Էրդողանը բարակ սառույցի վրայով է քայլում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարդ են, և դա գալիս է պատմական իրողություններից։ Այդ հարաբերությունները կրում են Ղրիմի թաթարների հետ կապված իրավիճակի, էներգետիկ անվտանգության, Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցած պատերազմների լարվածությունը։ Վերջին տարիներին Թուրքիան խոցել է ռուսական ռազմական օդանավ, ռուսական ավիահարվածների հետևանքով Սիրիայում զոհվել է 33 թուրք զինվորական, և սպանվել է Անկարայում Մոսկվայի դեսպանը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուկրաինական հակամարտությունն առանց կաշկանդվելու անվանում է «պատերազմ», արգելափակում ռուսական ռազմանավերի երթուղին դեպի Սև ծով և ուկրաինական զորքերին Bayraktar կործանարար անօդաչու թռչող սարքեր վաճառում՝ ի հեճուկս Մոսկվայի մեծ վրդովմունքի։ Մյուս կողմից Անկարան նյարդայնացնում է նաև Կիևին՝ հրաժարվելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել, իսկ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ «այրել Ռուսաստանի հետ կամուրջները»։ Ներկայացնում ենք յոթ առանցքային իրողություն, որոնք վերջին տասը տարում ազդել են Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների ձևավորման վրա։ Անձնական շփումներ Էրդողանի և Պուտինի միջև հարաբերությունները թշնամականից վերածվել են բարեկամականի՝ շնորհիվ 2016թ․-ին Էրդողանի դեմ իրականացված պետական հեղաշրջման փորձի։ Այդ հարաբերությունները ջերմ էին մինչև 2015թ․-ի նոյեմբերը, երբ թուրքական F-16-ը թուրք-սիրիական սահմանի վրա խոցեց ռուսական ռմբակոծիչը։ Պուտինը զայրալից տոնով հայտարարեց, որ այդ միջադեպը «մեջքից հարված էր»։ 10 ամիս տևած առճակատման ընթացքում Մոսկվան տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, կոչ արեց իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա, որը մեծապես կախված է ռուսաստանցի զբոսաշրջիկների այցերից։ Սա, ի վերջո, Էրդողանին ստիպեց ներողություն խնդրել Պուտինից։ Սակայն հենց պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում 2016թ.-ի հուլիսին ինչպես երբևէ մտերմացրեց նրանց հարաբերությունները։ «Մինչ [ԱՄՆ նախկին նախագահ] Օբաման և նրա եվրոպացի գործընկերները մի կողմ էին քաշվել, Պուտինն անհապաղ դարձավ Էրդողանի փրկիչն ու առաջարկեց իր աջակցությունը։ Լուրեր էին պտտվում նաև, որ ռուսներն են Էրդողանին զգուշացրել»,- ասում է Բրուքինգսի ինստիտուտի պրոֆեսոր Քեմալ Քիրիշքին։ Իրականում, երկու առաջնորդների միջև կապերն այնքան սերտ էին, որ, ըստ փորձագետների, կարողացան հաղթահարել այնպիսի իրադարձություններ, որոնք սովորաբար բերում են երկկողմ հարաբերությունների խզման՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը 2016թ․-ին, սիրիական պատերազմում Ռուսաստանի մասնակցության առաջացրած լարվածությունն ու Սիրիայում 2020թ․-ին ռուսական ավիահարվածների հետևանքով տասնյակ թուրք զինծառայողների զոհվելը։ Ղրիմի թաթարներ Ղրիմի թաթարները նույնպես Մոսկվայի և Անկարայի միջև լարվածության աղբյուր են։ Թուրքիան պատմական կապեր ունի Ղրիմի թաթարների հետ, որոնք թյուրքական էթնիկ խմբին են պատկանում։ Հաշվի առնելով էթնիկ կապերն ու Թուրքիայում թաթարների մեծ համայնքի առկայությունը՝ Էրդողանը հաճախ է փորձում պաշտպանել նրանց։ 2014թ․-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, որը թարմացրեց համայնքի՝ խորհրդային ժամանակների հետ կապված վախերը (Իոսիֆ Ստալինի հրամանով 1944թ․-ին ավելի քան 200 000 թաթարներ են արտաքսվել Միջին Ասիա, որտեղ նրանց գրեթե կեսը զոհվել է)․ բարդ պահ էր Թուրքիայի համար։ Անկարան անմիջապես դեմ արտահայտվեց բռնակցմանը, պահպանեց կապերը տեղի համայնքային առաջնորդների հետ, Կիևում թաթարների նոր կենտրոն հիմնեց և անաղմուկ պայմանավորվեց բանտից ազատ արձակել երկու թաթար քաղաքական գործիչների։ 2014թ․-ին հավաստիացրեց, որ Պուտինը խոստացել է, որ նրանք պաշտպանված կլինեն։ Սևծովյան անվտանգություն Թուրքիան վերահսկում է մուտքը Սև ծով Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Մոնտրյոյի 1936թ․-ի կոնվենցիայի համաձայն՝ նա պետք է երաշխավորի դրանցով երթևեկող քաղաքացիական նավերի «լիակատար ազատությունը», նրան միայն թույլատրվում է արգելափակել ռազմական նավերը պատերազմի դեպքում։ Ուկրաինական հակամարտության ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 28-ին հայտարարել է, որ նեղուցները փակ են ռազմանավերի համար։ Սակայն թուրքագետ Սթիվեն Քուկն ասում է, որ այն նավերը, որոնք Ռուսաստան են վերադառնում, դեռ կարող են դա անել։ Լեռնային Ղարաբաղ Մինչդեռ Հարավային Կովկասում Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն: Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վաղեմի դիմակայությունում Մոսկվան ու Անկարան տարբեր կողմերի են սատարում։ Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, և Անկարան վաղուց է Բաքվին մատակարարում նույն «Bayraktar» ԱԹՍ-ները, որոնք Ուկրաինային է վաճառում։ Նույնպիսի սերտ կապեր Հայաստանի հետ ունի Ռուսաստանը, երկու երկրներն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունեն և Մոսկվայի առաջնորդությամբ գործող ՀԱՊԿ ռազմական դաշինքի անդամ են։ Անգամ եթե Անկարան այժմ կարգավորում է իր հարաբերությունները Երևանի հետ, իսկ Մոսկվան վերջերս որոշել է ամրապնդել Բաքվի հետ համագործակցությունը, նրանք ստիպված են պաշտպանել իրենց պատմական գործընկերներին լարվածություն առաջանալու դեպքում։ Երբ 2016թ․-ին Լեռնային Ղարաբաղում էսկալացիա տեղի ունեցավ, [ռուսական և թուրքական] կողմերը խայթող արտահայտություններով փոխանակվեցին, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի հռետորաբանությունն «անընդունելի» անվանեց։ Սակայն երբ 2020թ․-ի նոյեմբերին այդ տարածքում լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, քննադատությունն ավելի մեղմ էր, քանի որ Ռուսաստանը միջնորդ էր և ապահովեց հրադադարը՝ Ադրբեջանին թույլ տալով պահպանել իր տարածքային նվաճումները։ «Չնայած այն բանին, որ նրանք հակամարտության հակառակ կողմերում էին, և Թուրքիայի աջակցությունն ունեցող ուժերն առավելության հասան Ռուսաստանի աջակցությունն ունեցողների նկատմամբ․․․ նրանք հրադադարի հաստատումը երաշխավորելու ուղիներ գտան»,- ասում է թուրքագետ Սթիվեն Քուկը՝ հավելելով, որ «երկու առաջնորդները կարողացան մի կողմ դնել տարաձայնությունները և հարաբերությունները չփչացնել»։ Սիրիա և քրդական հարց Սիրիան ևս մի ճակատ է, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան բախվել են միմյանց հետ, բայց վերադարձել դեպի համագործակցություն, թեև տարբեր կողմերի են սատարում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից հետո հակամարտությունը տեղափոխվեց Թուրքիայի հարավարևելյան սահման՝ նրա մտահոգությունն առաջացնելով իր սահմանին Սիրիայի քրդերի ինքնավար շրջանի ձևավորման և փախստականների հոսքի վերաբերյալ։ Երբ 2015թ․-ին Ռուսաստանը միջամտեց իրավիճակին՝ Բաշար Ասադի ռեժիմին օգնելու համար, Պուտինն ու Էրդողանը գժտվեցին։ Լարվածությունը սրվեց, երբ նույն տավա մեջ Թուրքիան ռուսական ռազմական օդանավ խոցեց, որը հայտնվել էր իր օդային տարածքում։ Սակայն, երբ Էրդողանը դրա համար ներողություն խնդրեց, կողմերը սկսեցին համագործակցել։ Թեև իրավիճակը կրկին լարվեց այն բանից հետո, երբ 33 թուրք զինվորական զոհվեց Իդլիբին հասցված ավիահարվածների հետևանքով, այս երկու երկրների առաջնորդները կրկին համաձայնության եկան։ Թեև [Իդլիբում] փխրուն հրադադարը պահպանվում է, Սիրիան մինչ օրս Էրդողանի վրա ճնշում գործադրելու գործիք է։ Լիբիա Լիբիայի հարցում դիմակայությունը սկսվել է 2011թ․-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի պաշտոնանկությունից հետո։ Դրան հետևած պատերազմում Մոսկվան սատարում էր Արևելյան Լիբիայում Խալիֆ Հաֆթարի ռեժիմը՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով։ Անկարան, սակայն, աջակցում էր Ազգային համաձայնության կառավարությանը՝ զենք և ԱԹՍ-ներ տրամադրելով։ Սակայն, չնայած դրան՝ այս երկու երկրների առաջնորդները կարողացել են փոխըմբռնման հասնել, ինչպես Սիրիայի հարցում։ Բնական գազ Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը՝ կարևորագույն էներգետիկ կապերը Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերականորեն կայուն են։ Թուրքիան երկար ժամանակ եղել է ռուսական գազի սպառման խոշոր շուկա՝ 2005թ․-ից անմիջականորեն գազ ստանալով «Երկնագույն հոսք» խողովակաշարով։ Այսօր նա նույնպես ներկրում է բնական գազի 45%-ը Ռուսաստանից, թեև այդ կախվածությունը նվազում է։ Էրդողանն ու Պուտինը համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի վերաբեյալ։ Սակայն իր էներգետիկ անկախությունը մեծացնելու նպատակով Թուրքիան սեփական ռեսուրսներն է ուսումնասիրում և 2020թ․-ին հայտարարել է Սև ծովում բնական գազի աղբյուր հայտնաբերելու մասին։ Թեև Թուրքիան դեռ կշարունակի գնել ռուսական նավթն ու գազը, երկրի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից (ըստ ՌԴ-ի՝ «հատուկ ռազմական գործողություն»- Infocom) հետո գազի ներկրման կրճատման Եվրոպայի ներկայիս ձգտումները կարող են Թուրքիային դարձնել մատակարարումների այլընտրանքային հնարավոր երթուղիների կենտրոն»:   Նորա Վանյան
21:27 - 06 ապրիլի, 2022
Պատժամիջոցներ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և դստեր նկատմամբ, նոր ներդրումների արգելք․ ԱՄՆ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

Պատժամիջոցներ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և դստեր նկատմամբ, նոր ներդրումների արգելք․ ԱՄՆ-ն հրապարակել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները

Միացյալ Նահանգները G7-ի և Եվրամիության հետ կշարունակի պարտադրել Պուտինի ռեժիմին վճարել «իր վայրագությունների համար» Ուկրաինայում, այդ թվում՝ Բուչայում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տունը։ «Մենք կփաստագրենք այս վայրագությունների վերաբերյալ տեղեկությունները, կկիսվենք դրանցով, ինչպես նաև կօգտագործենք համապատասխան բոլոր մեխանիզմները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Որպես այս ջանքերի մի մաս Միացյալ Նահանգները հայտարարում է Ռուսաստանում նոր ներդրումները արգելելու համար կործանարար տնտեսական միջոցների, Ռուսաստանի խոշորագույն բանկի և ՌԴ մի քանի ամենակարևոր պետական ձեռնարկությունների, ինչպես նաև պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների դեմ ամենախիստ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ասվում է, որ ԱՄՆ-ն և ավելի քան 30 դաշնակիցներ ու գործընկերներ ամբողջ աշխարհում պատմության մեջ ամենաազդեցիկ, համակարգված և լայնածավալ տնտեսական սահմանափակումներն են սահմանել․ «Փորձագետները կանխատեսում են, որ այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ն կկրճատվի մինչև 15 տոկոսով՝ վերացնելով վերջին տասնհինգ տարվա տնտեսական ձեռքբերումները: Գնաճն արդեն իսկ բարձրանում է 15 տոկոսից և կանխատեսվում է ավելի բարձր արագացում»։ «Մասնավոր հատվածի ավելի քան 600 ընկերություն արդեն լքել է ռուսական շուկան։ Ռուսաստանում մատակարարումների շղթաները լրջորեն խաթարվել են։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի խոշոր տնտեսության իր կարգավիճակը և կշարունակի երկար իջնել դեպի տնտեսական, ֆինանսական և տեխնոլոգիական մեկուսացում»։ Նշվում է, որ անցյալ տարվա համեմատ՝ ԱՄՆ-ից դեպի Ռուսաստան այն ապրանքների արտահանումը, որոնք ենթակա են արտահանման նոր կանոնին, ըստ արժեքի նվազել են 99 տոկոսով, և այդ սահմանափակումների հզորությունը ժամանակի ընթացքում կավելանա, քանի որ «Ռուսաստանը հանում է որոշ ինքնաթիռների, տանկերի պահեստամասերի մնացած պաշարները եւ այլ ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են Պուտինի «ռազմական մեքենայի» համար։ Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր դաժան հարձակումը Ուկրաինայի վրա, մենք միասնական կլինենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին պարտադրելու վճարել իր գործողությունների համար»։  Այսօր Միացյալ Նահանգները հայտարարել է հետևյալ պատժամիջոցների մասին. Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ «Սբերբանկ»-ի և Ռուսաստանի ամենամեծ մասնավոր բանկի՝ «Ալֆա Բանկ»-ի նկատմամբ «Այս գործողությունը կսառեցնի «Սբերբանկ»-ի և «Ալֆա Բանկ»-ի ցանկացած ակտիվ, որն առնչություն ունի ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ և կարգելի ԱՄՆ քաղաքացիներին բիզնես վարել նրանց հետ: «Սբերբանկ»-ը տիրապետում է Ռուսաստանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվների գրեթե մեկ երրորդին և համակարգային առումով կարևոր է Ռուսաստանի տնտեսության համար: «Ալֆա Բանկ»-ը Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ֆինանսական հաստատությունն է և ՌԴ չորրորդ խոշորագույն ֆինանսական հաստատությունն ընդհանուր առմամբ»։ Ռուսաստանի Դաշնությունում նոր ներդրումների արգելք «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի նոր հրաման, որով կարգելվի ԱՄՆ քաղաքացիների նոր ներդրումներ կատարելը, որտեղ էլ որ նրանք գտնվեն․ սա Ռուսաստանին ավելի կմեկուսացնի համաշխարհային տնտեսությունից: Այս գործողությունը հիմնված է ավելի քան 600 միջազգային ձեռնարկությունների՝ Ռուսաստանից դուրս գալու որոշման հիման վրա։ Այս հրամանը կերաշխավորի Ռուսաստանի Դաշնության գլոբալ մրցունակության կայուն թուլացումը»։ Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ ռուսական կարևորագույն պետական ձեռնարկությունների նկատմամբ «ԱՄՆ ցանկացած քաղացու արգելվելու է գործարքներ կնքել այս կազմակերպությունների հետ և սառեցվելու է ԱՄՆ իրավասությանը ենթակա նրանց ցանկացած ակտիվ: Ֆինանսների նախարարությունը նշյալ կազմակերպությունները կներկայացնի վաղը»։ Ամբողջապես արգելափակող պատժամիջոցներ Ռուսաստանի վերնախավի և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ներառյալ նախագահ Պուտինի չափահաս երեխաների, արտգործնախարար Լավրովի կնոջ և դստեր, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Միխայիլ Միշուստինի նկատմամբ «Այդ անհատները հարստացել են ռուս ժողովրդի հաշվին։ Նրանցից ոմանք պատասխանատու են Պուտինին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար, որն անհրաժեշտ էր Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելիս: Այս գործողությունը նրանց կտրում է ԱՄՆ ֆինանսական համակարգից և սառեցնում է ԱՄՆ-ում նրանց ունեցած ցանկացած ակտիվ»։ ԱՄՆ իրավասությանը ենթակա միջոցներով պարտքի վճարումների արգելք «Ներկայումս պատժամիջոցներն չեն բացառում ռուսական սուվերեն պարտքի վճարումները այն պայմանով, որ Ռուսաստանը օգտագործի ԱՄՆ իրավասությունից դուրս գտնվող կապիտալը: Այնուամենայնիվ, Ռուսաստանը համաշխարհային ֆինանսական առումով մերժված է, և նա այժմ պետք է ընտրություն կատարի իր հասանելի միջոցներով պարտքի վճարման և դեֆոլտի միջև»։ Մարդասիրական գործունեության համար կարևոր ոլորտներին աջակցելու պարտավորություն «Մինչ մենք շարունակում ենք ուժեղացնել մեր պատժամիջոցներն ու այլ տնտեսական արգելքները Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի դեմ նրա դաժան պատերազմի համար, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ իրականացնելու հիմնական մարդասիրական և հարակից գործողությունները, որոնք օգուտ են բերում ռուս ժողովրդին և ամբողջ աշխարհի մարդկանց․․․Ամերիկյան և արևմտյան ընկերությունները կարող են շարունակել գործունեությունը Ռուսաստանում այս ոլորտներում»։
19:50 - 06 ապրիլի, 2022
Գերմանիայի նախագահը բացառել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը Պուտինի պաշտոնավարման օրոք
 |factor.am|

Գերմանիայի նախագահը բացառել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը Պուտինի պաշտոնավարման օրոք |factor.am|

factor.am: Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ այդ երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է։ «Պուտինյան Ռուսաստանի հետ համագործակցությունն այլևս հնարավոր չէ, ինչպես դա եղել է նախորդ տարիներին»,- DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Շտայնմայերը՝ ՌԴ նախագահին անվանելով «բունկերային պատերազմ հրահրող»։ «Համոզված եմ, որ ստատուս-քվոյին նախորդած իրավիճակին հետադարձ չի լինի Պուտինի Ռուսաստանում»,- ընդգծել է նա։ Միաժամանակ, Գերմանիայի նախագահը նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում Արևմուտքը ձախողվել է բազմաթիվ կետերում։ Մասնավորապես, այն չի կարողացել ինտեգրել Ռուսաստանը եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ, նշել է նա։ «Սրանք այն դառը արդյունքներն են, որոնց մենք բախվում ենք»,- խոստովանել է գերմանացի քաղաքական գործիչը, որը 2014 թվականից լինելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ մեծ ջանքեր է գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարգավորելու համար։ Նախօրեին Շտայնմայերն առաջին անգամ խոստովանել է սեփական սխալներն ու սխալ պատկերացումները Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ։ ««Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցում իմ նվիրվածությունն ակնհայտ սխալ էր։ Մենք կառչել էինք կամուրջներից, որոնց Ռուսաստանն այլևս չէր հավատում, ինչի մասին մեզ զգուշացնում էին մեր գործընկերները»,- ասել է նա: Ըստ Գերմանիայի նախագահի՝ իր սխալն այն էր, որ ինքը չէր պատկերացնում, որ Վլադիմիր Պուտինը «կայսերական խելագարության» պատճառով կգնա իր երկրի տնտեսական, քաղաքական և բարոյական ամբողջական քայքայման։ Գերմանիայում դաշնային նախագահին վերջին օրերին քննադատում են Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին, որ նա չի բարձրաձայնել սեփական սխալ հաշվարկների մասին, հատկապես՝ արտգործնախարարի պաշտոնում։ Շտայնմայերն առաջին անգամ այդ պաշտոնը զբաղեցրել է 1999-2005 թվականներին՝ Գերհարդ Շրյոդերի կառավարությունում և եղել է նրա մտերիմներից մեկը։ Այնուհետև նա Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարել է Անգելա Մերկելի երրորդ կաբինետում՝ 2013-2017 թվականներին: Շտայնմայերը նաև 2015 թվականին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծելու համար կնքված «մինսկյան համաձայնագրերի» նախաձեռնողներից է։
15:18 - 05 ապրիլի, 2022
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել, բայց չի բացառում, որ հանդիպում կարող է չլինել

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել, բայց չի բացառում, որ հանդիպում կարող է չլինել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց չի բացառել, որ հանդիպումը կարող է նաև չկայանալ։ Այս մասին, ինչպես գրում է ՈՒՆԻԱՆ-ը, նա ասել է լրագրողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է տեղեկատվական հեռուստամարաթոնի ժամանակ։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցությունների վրա Բուչայի դեպքերի ազդեցությանը՝ նա նշել է, որ «միևնույն է, պետք է հնարավորություններ գտնել այդպիսի քայլեր [բանակցելու] համար»։ Զելենսկին ընդգծել է, որ այդ բանակցություններում Ուկրաինան պետք է ավելի ուժեղ դիրքեր ունենա, քան ՌԴ-ն։ «Բանակցությունների հարցը հաստատ լինելու է։ Հարցը միայն այն է, թե որքան ամուր [դիրքեր] կունենաս բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ դիրքորոշումը, թե Պուտինի հետ բանակցություններ վարել պետք չէ, «ամենահեշտն է»։ «Հեշտ է ասել՝ ես քեզ հետ չեմ խոսելու։ Եվ պարզ է, թե ինչու՝ հաշվի առնելով այն, ինչ արել եք։ [․․․] Մենք կարծում ենք, որ դա ցեղասպանություն է, որ նրանք բոլորը պետք է պատժվեն դրա համար, և այդ դիրքորոշմամբ հանդերձ պետք է հնարավորություն գտնել հանդիպելու։ Եվ այդ հանդիպման ժամանակ ելք գտնել այս իրավիճակից, և այդ ելքի դեպքում չկորցնել սեփական տարածքը»,- կարծում է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև նշել է, որ «կարող է այնպես լինել, որ հանդիպում չլինի էլ, կարող է այդպիսի բան լինել»։   Նորա Վանյան
13:42 - 05 ապրիլի, 2022
Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների համար վիզային ռեժիմի պատասխան միջոցների մասին

 |armenpress.am|

Պուտինը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների համար վիզային ռեժիմի պատասխան միջոցների մասին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ կապված վիզային ռեժիմի հետ՝ « ի պատասխան  օտարերկրյա պետությունների անբարյացկամ գործողությունների»: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ պաշտոնական պատվիրակությունների և լրագրողների համար ճամփորդական և մեկ տարի ժամկետով բազմակի մուտքի արտոնագրերի փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև ազգային և տարածաշրջանային կառավարությունների, խորհրդարանի և դատարանների անդամների համար հինգ տարով բազմակի մուտքի վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկվել է: Բացի այդ, չեղյալ են հայտարարվել պաշտոնական պատվիրակությունների, կառավարությունների ու խորհրդարանների անդամների համար մուտքի արտոնագրի վճարից ազատումը և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքը։ Նմանատիպ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի կառավարությունների միջև վիզաների դյուրացման համաձայնագրերում, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրում։
22:11 - 04 ապրիլի, 2022