Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Տոկաևը Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին

Տոկաևը Սարգսյանին տեղեկացրել է Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Զրույցի ընթացքում նախագահ Տոկաևը տեղեկացրել է Ղազախստանում տիրող իրավիճակի և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ «Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում երկրում վերջնականապես կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը, իսկ հետևանքների հաղթահարումը ապագայի նոր ճանապարհ կբացի Ղազախստանի և նրա ժողովրդի համար։ Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է Ղազախստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման Հայաստանի պատրաստակամությունը:
18:43 - 11 հունվարի, 2022
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ; Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ: Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն: Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ: Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ: Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս»։
10:43 - 06 հունվարի, 2022
Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին․Արմեն Սարգսյան

Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին․Արմեն Սարգսյան

Միջազգային հեղինակավոր The Spectator world պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վերջին զարգացումների մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հոդվածի հեղինակը՝ հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդին, ամիսներ առաջ այցելել էր Հայաստան: Ի թիվս բազմաթիվ հանդիպումների և հարցազրույցների, նա զրուցել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հոդվածում հեղինակը ներկայացրել է Հայաստան այցից իր տպավորությունները, ինչպես նաև օգտագործել է հատվածներ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցից: Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը՝ որոշակի կրճատումներով. Հոդվածի սկզբում Կապիլ Կոմիրեդդին անդրադառնալով նախորդ տարի Հայաստանի հետ Ադրբեջանի ու Թուրքիայի հակամարտությանը՝ նշում է. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զայրացած է, քանի որ հազարավոր քաջ և անձնուրաց հայ զինվորներ են սպանվել այդ պատերազմում... Արմեն Սարգսյանն ինձ միակ հայ քաղաքական գործիչն է թվում, ում զայրույթն ուղեկցվում է ազգային զարթոնքի կառուցողական ծրագրով: Մի շարք քաղաքական գործիչներ անդադար բողոքում են դաշնակիցների կողմից լքված լինելուց կամ արտաքին ուժերի կողմից հարված ստանալուց, մինչդեռ Սարգսյանը կարծես թե ոգեշնչվում է այն ուսմունքից, որ «աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա». ազգերը, որոնք չունեն հավակնություններ, ձգտում, որոնք համակերպվում են այդ վիճակին, այս աշխարհում տեղ չունեն: Հայաստանի հետ կապված ամենաուշագրավ փաստն այն է, որ այդ երկիրն ընդհանրապես գոյություն ունի. շատ քիչ երկրներ են դարերի ընթացքում անցել ավելի մեծ տառապանքների միջով, որքան այս փոքր կովկասյան հանրապետությունն է՝ տեղակայված Եվրոպայի ու Ասիայի ռազմավարական խաչմերուկում: Հայաստանը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին՝ առաջինն աշխարհի պետությունների շարքում, և այդ ժամանակից ի վեր նրա պատմությունը վերածվել է չվերջացող կռիվների տարեգրության: Մրցակցության մեջ գտնվող կայսրություններն այն հազարամյակներով վերածել են, ինչպես ասվում է Գիբբոնի անմոռանալի արտահայտության մեջ, «մշտական պատերազմի թատերաբեմի»: Ռուսները հեղեղում էին այն վերևից, արաբներն ու պարսիկները հոշոտում էին ներքևից: Իսկ թուրքերը, որոնք խժռել էին պատմական Հայաստանի ողջ արևմտյան ճակատը, քսաներորդ դարասկիզբ մուտք գործեցին 1.5 միլիոն հայերի կոտորածն իրականացնելով: Ինչպե՞ս վերակառուցել արտաքին ագրեսիայից և ներքին կռիվներից բարոյալքված ազգը: «Պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց,- ասում է Սարգսյանը: - Պետք է ինքդ քեզ բարդ հարցեր տաս և անես անհրաժեշտ փոփոխություններ»: Փոփոխություններից մեկն, որն անհրաժեշտ է ազգի հոգեբանությունն ապաքինելու և Հայաստանի ապագան անվտանգ դարձնելու տեսանկյունից, ըստ Սարգսյանի, սահմանադրական բարեփոխումն է: Սա կարող է տարօրինակ թվալ, և ես թերահավատորեն էի մոտենում Սարգսյանի փաստարկին մինչև նախորդ ամառ Հայաստանով կատարած ճանապարհորդությունս: Պատերազմը բացահայտեց ոչ միայն Հայաստանի ռազմական ոլորտում եղած թույլ կողմերն, այլև սահմանադրության մեջ եղած բացերը: 2015 թվականին գրված ներկայիս սահմանադրությունը երաշխավորում էր առավելապես անհատների, ոչ թե ժողովրդի շահերը: Եվ քանի դեռ Հայաստանը չի ամրապնդել պատասխանատվության գաղափարը, չի ստեղծել իշխանության իրար հակակշռող ճյուղեր, և քանի դեռ անհատները չեն ստորադասվում ինստիտուտներին, այն կշարունակի խոցելի մնալ պոպուլիզմի, ինտրիգների ու քաոսի պայմաններում: Լինելով միջազգային ասպարեզում Հայաստանի նշանավոր գործիչներից մեկը, Սարգսյանը երեք տարի առաջ ընտրվեց նախագահի՝ մեծամասամբ արարողակարգային պաշտոնում: Երբ սկսվեց պատերազմը, նա ակտիվացրեց իր լայն միջազգային կապերը՝ աջակցություն ստանալու Հայաստանի համար: Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Ադրբեջանը զգալիորեն մեզ գերազանցեց, քանի որ ունի նավթային եկամուտներ,- ասում է նա: - Սակայն ի՞նչ արժեք կունենա նավթը մեկ կամ երկու սերունդ հետո»: Նախագահի պաշտոնն ստանձնելուց օրեր անց, երբ երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին, նոր նախագահն իր աշխատակազմին հայտարարեց, որ պատրաստվում է գնալ Հանրապետության հրապարակ, որը հեղափոխության բաբախող սիրտն էր: «Խաղաղության պահպանումն ու բռնության կանխումն իմ բարձր պարտավորությունն էր իմ ժողովրդիս հանդեպ: Եթե ես մնայի նախագահական նստավայրում, դա կնշանակեր վախկոտ հրաժարում սեփական պարտականությունից»,- պատմում է Սարգսյանը: ...Անցած աշնանը Սարգսյանը հյուրընկալեց Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը՝ Դավոսի օրինակով երկօրյա համաժողով, որը միջազգային քաղաքական գործիչներին և բիզնես ոլորտի հայտնի դեմքերին բերեց Դիլիջան առողջարանային քաղաք։ Գագաթնաժողովից մեկ օր անց նա մեկնեց Սաուդյան Արաբիա, որտեղ նրան ընդունեց թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը: Այցը պատմական էր, քանի որ Սաուդյան Արաբիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Սա ևս մեկ օրինակ էր, երբ Սարգսյանը օգտագործում է իր անձնական կապերի լայն շրջանակը, որը ձևավորվել էր մասնավոր ոլորտում իր գործունեության ընթացքում՝ ի շահ դժվարին վիճակում գտվող իր երկրի: Նա, թերևս, պետության միակ ղեկավարն է, որը նաև գիտնական է. Սարգսյանը հավակնոտ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ խթանելու տեխնոլոգիական հեղափոխությունը իր երկրում: Նրա ծրագրի ֆիզիկական հիմքերը դրվում են Advanced Tomorrow (ATOM) նախագծում, որը հավակնում է դառնալ կիբեր և գիտական նորարարությունների հանգույց: Նա գաղափարը ներկայացրել է տարբեր պետությունների ղեկավարներին և ներդրողներին։ Հայաստանում մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գլոբալ կենտրոնների զարգացմանն աջակցելու համար ՏՏ և տեխնոլոգիական խոշոր ընկերություններին համոզելը համեմատաբար հեշտ է եղել: Հայկական սփյուռքը, որն աշխարհի ամենաբարգավաճ և ազդեցիկներից մեկն է, ևս պատրաստ է օգնել: Արմեն Սարգսյանի՝ Ազգի կոնցեպտը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ ընդգրկելով աշխարհասփյուռ հայկական համայնքը։ Հայկական ինքնությունը՝ նրա գրականությունը, մշակույթը, խոհանոցը, ավանդույթները զարգացել են Հայաստանից դուրս։ Պատմականորեն հայերը կառուցել և կառավարել են այլ երկրների համար։ Կոստանդնուպոլսի ամենահարգված ճարտարապետը, օրինակ, հայ էր: Այսօր, սակայն, նման մարդկանց փորձառությունն ի օգուտ Հայաստանի չի օգտագործվում։ Կառավարությունում աշխատելու պահանջներից մեկը Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բնակվելն է։ Տաղանդավոր սփյուռքահայերին Հայաստան բերելը բախվում է մի շարք խոչընդոտների «անհեթեթ և անիմաստ կանոնակարգերի» պատճառով: Օրինակ, Նուբար Աֆեյանը, որը Moderna-ի համահիմնադիրն է, պետք է առնվազն հինգ տարի ապրի բացառապես Հայաստանում, որպեսզի իրավունք ստանա ծառայության անցնել Հայաստանի կառավարությունում: Ստացվում է, Երևանին պետք են նրա պատվաստանյութերը և բարեգործությունը, բայց ոչ նրա հմտությունը կամ ծառայությունը։ «Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ», - ասում է Սարգսյանը։ Սփյուռքի առջև դռների բացումը սահմանադրական բարեփոխումների շարքում է, որը պաշտպանում է Սարգսյանը։ Եթե Սահմանադրությունը փոխվի, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի:Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երեք տարուց մի փոքր ավելի ժամանակ: Արդյո՞ք Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար. «Հայաստանի նախագահ լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է»,- ասում է նա։ «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»: 
22:30 - 05 հունվարի, 2022
Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար․Արմեն Սարգսյան

Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար․Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի ուղերձ է հղել, որում ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,Ավարտվում է 2021 թվականը՝ մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի, պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:Իմ խորին հարգանքը՝ իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին:Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար:Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ: 30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև:Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու:Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում: Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը:Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը, ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:Վաղուց ժամանակն է գիտակցել, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝ մեր բանակը,մեր աշխատանքը, մեր միտքը:Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, որին հավատում ու վստահում են, որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, որի շուրջը համախմբվում ենք բոլորս:Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։Հավատացե՛ք ձեր ուժերին, հարգե՛նք մեր երկիրը, հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի: Եվ աշխարհն ավելի կհարգի մեզ՝ որպես ժողովուրդ և որպես պետություն:Սիրելի հայրենակիցնե՛ր,Ամանորը հույսի, հավատի ու սպասումների տոն է: Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները: Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ:Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան: Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:Թող 2022 թվականը մեր երկրի, մեր ժողովրդի, ձեզնից յուրաքանչյուրի և ձեր ընտանիքների համար լինի առողջության, խաղաղության, հաջողության, լիության և առաջընթացի տարի:Թող բոլորիս ընտանիքներում տիրեն ջերմությունը, համերաշխությունը, ուշադրությունը, հոգատարությունը և սերը միմյանց հանդեպ:Շնորհավոր Նոր տարի»:
21:41 - 31 դեկտեմբերի, 2021
Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արսեն Մանգասարյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արսեն Մանգասարյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արտակ Տոնոյանն ազատվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ Տոնոյանին ազատել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
22:00 - 30 դեկտեմբերի, 2021
ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստավայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև՝ մասնակից լինելու ներկայացումներին: Ձմեռ Պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու-ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին: Նախագահի աշխատակազմի կողմից նշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել:
15:10 - 30 դեկտեմբերի, 2021
ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

ՀՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների անմահ հիշատակը: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, ինչպես նաև՝ զորավար Անդրանիկի շիրիմներին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: 
16:35 - 29 դեկտեմբերի, 2021
Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման: Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն եմ մաղթում, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»: 
12:09 - 29 դեկտեմբերի, 2021
Նախագահ Սարգսյանը Վալերի Պեկրեսին ընդունել է որպես Իլ դը Ֆրանսի`Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի գործող նախագահի

Նախագահ Սարգսյանը Վալերի Պեկրեսին ընդունել է որպես Իլ դը Ֆրանսի`Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի գործող նախագահի

Վերջերս տեղի ունեցավ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Մի քանի օրվա տարբերությամբ այդ այցելությանը նախորդել էր Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էրիկ Զեմուրի այցը Հայաստան: Եթե Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը տիկին Պեկրեսին ընդունեց իր նստավայրում, ապա Զեմուրի պարագայում որևէ  նման ընդունելություն կամ հանդիպում չեղավ: Այս մասին հարցին Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնեցին հետևյալը. «Հանդիպումը պաշտոնապես կազմակերպելու առաջարկով և խնդրանքով նախագահի աշխատակազմին է դիմել ՀՀ ԱԳՆ-ը, ինչպես նաև՝ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ուղեկցել է տիկին Պեկրեսի պատվիրակությունը և ներկա է եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պաշտոնական հանդիպմանը: Նշենք, որ խոսքն այստեղ ոչ թե Ֆրանսիայի նախագահի այս կամ այն թեկնածուի հետ հանդիպման, այլ Ֆրանսիայից ժամանած պաշտոնական պատվիրակության այցի մասին է, որը գլխավորում էր Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի` Ֆրանսիայի ամենամեծ շրջաններից մեկի շրջանային խորհրդի գործող նախագահ տիկին Վալերի Պեկրեսը: Այդ շրջանի հետ մենք ունենք տասնամյակների արդյունավետ համագործակցություն: Ֆրանսիացի լրագրող, մեկնաբան Էրիկ Զեմուրի պարագայում նման դիմում կամ հանդիպման առաջարկ ՀՀ նախագահի գրասենյակը պաշտոնապես չի ստացել»:
15:33 - 28 դեկտեմբերի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա են գտնվել Կարեն Դեմիրճյանի տիկնոջ` Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին հաղորդագրություն են տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը, և ՀՀ վարչապետի աշխատակազմը, որոնցում ասված է․ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ` Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից»,-ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը»,-ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի 
արարողությանը
19:01 - 24 դեկտեմբերի, 2021
Շնորհակալ եմ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար. ՀՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների

Շնորհակալ եմ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար. ՀՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին: Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, զինվորների ծնողները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները: Մանրամասներ պատմելով իրենց որդիների ծառայության մասին՝ նրանք ցավով են նշել, որ հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված իրենց զավակների սխրանքը մինչ օրս ըստ արժանվույն գնահատված չէ: Նախագահ Սարգսյանը լսել է նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը: Առաջարկվել է փաստեր և մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ բարձրացրած խնդիրների լուծմանը հնարավորինս աջակցելու համար: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել զինվորների ծնողներին և տոկունություն մաղթել. «Խորապես կիսում եմ ձեր վիշտը և շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար»:
17:24 - 24 դեկտեմբերի, 2021
Իմ առաջնային նպատակներից մեկը Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել ArabNews-ին

Իմ առաջնային նպատակներից մեկը Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել ArabNews-ին

Հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել Սաուդյան Արաբիա՝ արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը: Դեկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆայսալ Աբբասը: ArabNews-ը դեկտեմբերի 23-ին հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: Տեսանյութերի հետ հրապարակվել է նաև Ֆայսալ Աբբասի՝ հարցազրույցն ընդհանրացնող հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշում է.  «Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես Հայաստանի առաջին նախագահը, որը 1991թ. անկախացումից ի վեր այս տարվա հոկտեմբերին այցելեց Սաուդյան Արաբիա: Թեև երկու երկրները միմյանց նկատմամբ թշնամանք չեն ունեցել, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ նույնպես չեն եղել՝ 1988-1994թթ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և ղարաբաղյան առաջին պատերազմում Ռիադի կողմից Ադրբեջանին սատարելու պատճառով»: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցի՝ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերություններին վերաբերող հատվածը. - Անկախությունից ի վեր դա առաջին այցն էր, որ իրականացվել է Հայաստանի նախագահի կողմից: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ հայտնել, թե ինչպե՞ս այցը կայացավ, ինչպիսի՞ արդյունքներ կան, և ամենակարևորը՝ ե՞րբ կարող ենք ակնկալել դիվանագիտական կապերի հաստատում: - Մեր անկախության ավելի քան 30 տարիներին մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Սաուդյան Արաբիայի հետ: Սաուդյան Արաբիան շատ կարևոր, ազդեցություն ունեցող և հեռանկարային երկիր է: Հայաստանը, լինելով փոքր երկիր, առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Նույնիսկ այս 30 տարիների ընթացքում հայերը գնացել են Սաուդյան Արաբիա, աշխատել են այնտեղ և շատ հայեր հաջողություններ են գրանցել: Կարծում եմ, որ հարաբերություններ չհաստատելու հիմնավոր պատճառներ չկան: Երբ դարձա նախագահ, իմ առաջնային նպատակներից մեկը Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր: Այս ամենի վերաբերյալ շատ լավ արձագանք ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից: Մենք սկսեցինք հաղորդակցվել, նամակներ էինք միմյանց գրում՝ կրոնական, ազգային կամ պետական միջոցառումների առնչությամբ: Դրանք շատ պատկառելի և խոր իմաստ ունեին: Այդ կերպ աստիճանաբար հատուկ հարաբերություններ սկսեցին, և մենք սկսեցինք խոսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունների մասին: Այդ հաղորդակցությունների գագաթնակետը դարձավ իմ այցելությունը մայրաքաղաք Ռիադ: Իմ ոչ երկար, բայց բովանդակային քննարկումները թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ շատ առանձնահատուկ էին: Առաջին հերթին դրանք վերաբերում էին մեր ժողովուրդների և պետությունների միջև փոխադարձ հարգանքին, ինչպես նաև՝ մեկս մյուսի հանդեպ ունեցած հարգալից վերաբերմունքին: Հաջորդիվ մենք խոսեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների մասին: Ըստ էության, երկուսս էլ համաձայնեցինք, որ իմ այդ այցով սկիզբ դրվեց մեր դիվանագիտական հարաբերություններին: Ես Պետնախարարին և Թագաժառանգին հրավիրեցի այցելել Հայաստան: Մենք համաձայնել ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին ենք և մեր դեսպաններին կուղարկենք միմյանց երկրներ: Մեր քննարկումների հաջորդ կարևոր մասը վերաբերում էր ապագային: Շատ ուրախ էի տեսնել, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը մեծապես կենտրոնացած է ապագայի վրա. իր երկրի, տարածաշրջանի, Ծոցի և աշխարհի ապագայի վրա: Նա ներկայացրեց սաուդական նոր տնտեսություն զարգացնելու իր հավակնությունները՝ զբոսաշրջությունից մինչև նոր տեխնոլոգիաներ: Նա նաև մեծ կարևորություն է տալիս բարձր տեխնոլոգիաներին, որը, կարծում եմ, անհրաժեշտություն է բոլորի, հատկապես՝ Հայաստանի նման երկրի համար: Հայաստանը, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, հարուստ չէ բնական այնպիսի պաշարներով, ինչպիսիք են նավթը և գազը: Ծոցի մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Էմիրությունները կամ Կատարը, մեծ գումարներ են ներդնում կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում: Եվ դա ճիշտ մոտեցում է, քանի որ դա է մարդկության ապագան՝ լինի դա արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը կամ կենսատեխնոլոգիաները: Հանդիպել և շփվել եմ շատ մարդկանց հետ: Ինձ համար ամենակարևորն այն քննարկումներն էին, որոնք ունեցա Նորին Մեծության հետ: Նա, որպես երկրի ղեկավար, իր ժողովրդին և երկիրը տանում է ճիշտ ուղղությամբ: Նույն կերպ պետնախարարի հետ ենք քննարկումներ ունեցել: Ես ամբողջովին բավարարված եմ նրանով, ինչ տեսա: Մենք խոսեցինք ապագայի մասին, մեր երկու ժողովուրդների ապագայի, որը պետք է լինի նորովի, նոր տեխնոլոգիաների և վարքագծի առկայությամբ: Երկու կողմերը շա՛տ պետք է աշխատեն մեր ժողովուրդներին նաև կրթելու համար: Հայկական սփյուռքը շատ ավելի է ծանոթ Սաուդյան Արաբիային, քանի որ նրանցից շատերը՝ լինելով ամերիկացի, լիբանանցի, և այլն, այցելել և գործարարությամբ են զբաղվել Սաուդյան Արաբիայում: Հայաստանում՝ տեղական մակարդակով թերևս կան որոշ կարծրատիպեր, ինչը կարելի է ասել նաև Սաուդյան Արաբիայի մասին, որտեղ ևս կարող են լինել կարծիքներ Հայաստանի մասին, որոնք աղերս չունեն իրականության հետ: Դռները բացելը, ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և տնտեսական հարաբերություններ հաստատելը և զբոսաշրջությունը խթանելը կօգնեն միմյանց ավելի լավ ճանաչել: Մենք շատ բան ունենք ցույց տալու:
15:10 - 23 դեկտեմբերի, 2021