Վահե Ղազարյան

Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին

Ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին։ Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր և արդյունավետ բարեկամական համագործակցությունը, որն արդեն 30 տարվա պատմություն ունի և հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Ներքին գործերի նախարարը, հյուրերին ներկայացնելով գերատեսչության բարեփոխումների ընթացքը, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի, նյութատեխնիկական աջակցության, պարեկային ծառայողների վերապատրաստման հարցում բարձրորակ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագիրը։ Վահե Ղազարյանն իր խոսքում նշել է նաև ջրային պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի բազայի հիման վրա Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ստեղծման մանրամասներ։ Ներքին գործերի նախարարը հաստատել է բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն, ինչպես նաև կապահովի նորաստեղծ Ներքին գործերի նախարարության պատշաճ գործունեության իրականացումը: Ջեյմս Էփլգեյթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշանակման կապակցությամբ շնորհավորել է Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթել։ Դրական գնահատելով ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել է պարեկների վերապատրաստումներն ու քաղհասարակության հետ փոխգործակցությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև պարեկային ծառայության՝ վերջին չորս մարզերի ընդունելության, ստորաբաժանումում կանանց ներգրավվածության խթանման, օգտագործվող տեխնիկայի, սպառազինության, ոստիկանների ատեստացիային և վերապատրաստումներին վերաբերող այլ հարցեր։
10:09 - 17 մայիսի, 2023
Հայաստանում կստեղծվեն Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ
 |aysor.am|

Հայաստանում կստեղծվեն Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ |aysor.am|

aysor.am: Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:  Նախատեսվում է մարզային մակարդակում (նաև Երևանում) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ ուղղաձիգ կառավարմամբ գործող տարածքային ստորաբաժանումներ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասաց, թե ստորաբաժանմանը կվերապաhվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ  հետախուզական գործունեության իրականացում։ Նրա խոսքով՝ քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են։ «Նախատեսվում է իրականացնել նաև պաշտոնային անվանափոխություն՝ օպերլիազորից անցնելով քրեական ոստիկանի պաշտոնին։ Այս ստորաբաժանումների առավել թիրախային կրթական ծրագրի շրջանակները օպերատիվ կերպով համալրելու համար կմշակվի ու կիրականացվի քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել առնվազն բակալավրի որակավորում ունեցող քաղաքացիներն ու ոստիկանության գործող ծառայողները»,- մանրամասնեց Ղազարյանը։ Այնուհետև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակման պայմաններն են լինելու Պարեկային ծառայության կոնկրետ  պաշտոնում ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը, այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային ու շարունակական կրթության գաղափարը։ Ներկայումս աշխատանքներ են իրականացվում՝ ճշտելու համապատասխան հաստիքները։ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե կհանդիսանան Ոստիկանության պետի տեղակալներ։   
11:59 - 04 մայիսի, 2023
Նախատեսվում է մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում |armtimes.com|

Նախատեսվում է մասնագիտացված ջրային պարեկային ստորաբաժանման ստեղծում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ քննարկեց և հավանության արժանացրեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»՝ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Ներկայացնելով այն՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց՝ սա նախատեսված է ջրային ստորաբաժանման գործման համար անհրաժեշտ նախադեպեր սահմանելու նպատակով, անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու համար: «Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ պարեկային ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկության լրացուցիչ ֆունկցիա։ Ընդգրկված ջրային պարեկներն իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված մի շարք գործառույթներ։ Մասնավորապես՝ նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, լողամիջոցը վարելիս ոչ սթափ գտնված անձանց մեկուսացնելու, օրենքի շրջանակներում դրանց շահագործումը արգելելու վերաբերյալ»,- մանրամասնեց նախարարը։ Ըստ նրա՝ նշված կանոնները խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ ՆԳՆ նախարարի խոսքով՝ հետագայում կարիք կլինի վերանայել ենթաօրենսդրական դաշտը, քանի որ ջրային փոխադրամիջոցներին առնչվող հարցում չունենք փորձ։ «Ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների շրջանակներում, բնականաբար, արձանագրելու են այլ իրավախախտումներ ու հանցագործությունների կանխարգելում, ինչպես նաև Սևանա լճում ձկնորսության դեպքերի կանխարգելում։ Այն կլինի 95 հաստիքի միավորով, ներառյալ՝ տեխնիկական անձնակազմը»,- ասաց նա։ Վահե Ղազարյանը հիշեցրեց, որ արդեն մեկնարկել են ջրային պարեկների ծառայության համար դիմած դիմորդների լողալու և սուզվելու կարողությունների ստուգման գործընթացները։ Կլինի նաև պրակտիկա Սևանա լճի տարածքում։
12:17 - 27 ապրիլի, 2023
Շուտով ունենալու ենք այն ոստիկանությունը, որն ի զորու կլինի կատարելու առաջադրված բոլոր խնդիրները. Վահե Ղազարյան

Շուտով ունենալու ենք այն ոստիկանությունը, որն ի զորու կլինի կատարելու առաջադրված բոլոր խնդիրները. Վահե Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ, որում նշված է.   «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,   ՀՀ ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ եղել և այսօր էլ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։   Այսօր մեր քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը նաև և հատկապես ձեզնից յուրաքանչյուրից է կախված։ Քաղաքացին ոստիկանության հետ շփվելիս պետք է վստահության բարձր զգացումով լի լինի և սրան այլընտրանք չկա։ Ձեր ամենօրյա սրտացավ, նվիրված աշխատանքն է, որը պետք է ապահովի այս մթնոլորտի առկայությունը հասարակություն-ոստիկանություն երկխոսության շրջանակներում։   Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն է, որը բնորոշ է ժողովրդավարական իրավակարգին։ Մենք պատվով, կուռ վճռականությամբ և հետևողականությամբ անցնում ենք այս ճանապարհը։ Պարեկային ծառայության ստեղծումը այս նպատակին հասնելու առաջին քայլն է եղել, որի շրջանակներում ոստիկանության փորձառու ծառայողները և քաղաքացիական անձինք համախմբվել են՝ նոր շնչով, նոր որակով ապահովելու ծառայությունը օրենքին, իրավակարգին և մեր հանրությանը։   Այս սկզբունքով է զարգանալու նոր ոստիկանությունը՝ հենասյունային 4 ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, համայնքային ոստիկանություն և ոստիկանության գվարդիա։ Առաջիկայում կգործարկվի նաև ոստիկանների ատեստավորման նոր համակարգը, որը թույլ կտա էականորեն բարելավել 24-ժամյա ռեժիմով քաղաքացուն ծառայություն մատուցող ոստիկանի կյանքը, սոցիալական երաշխիքների փաթեթը։   Ցանկանում եմ ընդգծել հատկապես կանանց ներգրավվածությունը ոստիկանական գործում, ինչը վկայում է մեր հավատարմությունը բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու լիարժեք մասնակցության սկզբունքին և միանգամայն նոր որակ է բերում և բերելու ոստիկանության գործունեությանը:   Համոզված եմ, որ այս գործընթացները շարունակվելու են ողջ ծավալով, և բոլորիս ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ շատ շուտով ունենալու ենք այն Ոստիկանությունը, որն ի զորու կլինի լիարժեք կատարելու իրեն առաջադրված բոլոր խնդիրները: Այդ նպատակի իրականացմանն են իրենց անմնացորդ ծառայությունը բերել հազարավոր ոստիկաններ ինքնիշխան Հայաստանի գոյության տասնամյակներում: Հանուն այդ նպատակի են Հայրենիքի պաշտպանության մարտերում ու ծառայողական պարտքը կատարելիս իրենց կյանքը զոհել հարյուրավոր ոստիկաններ:   Հավերժ փառք ու խորին խոնարհում մեր զինակիցների պայծառ հիշատակին: Սիրելի՛ ծառայողներ,   Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր սիրելի վետերաններին և մաղթում երկար ու անխռով տարիներ:   Շնորհավորում եմ ոստիկանական ընտանիքներին, որոնց սերն ու սպասումը ուժ է տալիս ոստիկանին լիարժեք կատարելու իր ծառայությունը, որոնք ոստիկանի աշխատանքի բարդությունն ու ծանրությունը զգացող առաջնային օղակն են: Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ»:
11:53 - 16 ապրիլի, 2023
Անհրաժեշտ է ընդլայնել ՌԴ և ՀՀ ՆԳՆ համագործակցությունը. Վահե Ղազարյանը ռուս գործընկերոջը Հայաստան է հրավիրել

Անհրաժեշտ է ընդլայնել ՌԴ և ՀՀ ՆԳՆ համագործակցությունը. Վահե Ղազարյանը ռուս գործընկերոջը Հայաստան է հրավիրել

Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Վահե Ղազարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները՝ անդրադառնալով Պարեկային ծառայության կազմավորման ընթացքին, Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորման խնդիրներին, Ոստիկանության զորքերը Ազգային գվարդիայի վերակազմավորելու առանձնահատկություններին և այլն: Նախարարն ընդգծել է ՌԴ և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համագործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը մի շարք ոլորտներում, ինչը պայմանավորված է նորագույն մարտահրավերների առկայությամբ: Մասնավորապես, անդրադարձ է եղել կիբերհանցավորության աճի միտումներին՝ ընդգծելով, որ այդ հանցատեսակի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև, թարմացնել պատասխանատուների ցանկերը, դիտարկել ծառայողների աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը: Վահե Ղազարյանը կարևորել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ մշտական կապ և փոխգործակցություն հաստատելով այդ հանցատեսակին հակազդող ստորաբաժանումների միջև: Հանդիպման ընթացքում քննության առարկա են դարձել միգրացիայի, մասնագիտական կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Ավարտին Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին հրավիրել է Երևան՝ երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետագա առարկայական քննարկման համար: Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպում է ունեցել նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի Կոորդինացիոն բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովի հետ: Քննարկվել են 2023 թ. սեպտեմբերին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:
17:56 - 03 ապրիլի, 2023
Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են․ ՌԴ ՆԳ նախարար
 |news.am|

Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու բոլոր փորձերն ապարդյուն են․ ՌԴ ՆԳ նախարար |news.am|

news.am: Ռուսաստանին եւ Հայաստանին գժտեցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը համակարգված կզարգանա, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնը՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւի խոսքը։ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ երկուշաբթի Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հանդիպումը։ «Վլադիմիր Կոլոկոլցեւը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում երկպառակություն մտցնելու ոչ բարեկամական երկրների ցանկացած փորձ կմնա ապարդյուն, իսկ  ներքին գործերի նախարարությունների փոխգործակցությունը համակարգված կզարգանա՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - նշվում է հայտարարության մեջ։ Միաժամանակ, ռուսական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է «բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման դժվար պատմական ժամանակաշրջանի վրա»։ «Մեր երկրի դեմ «հավաքական Արեւմուտքի» հիբրիդային դիմակայության գործիքներից մեկը հետխորհրդային տարածքի պետություններում ռուսաֆոբական տրամադրությունների զարգացումն է»,- ​​նշել են մամուլի կենտրոնում։ Ավելին, Կոլոկոլեւը նշել է ՀԱՊԿ ձեւաչափում հայ գործընկերների ակտիվ փոխգործակցությունը։
17:46 - 03 ապրիլի, 2023
Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների միջև սերտ հարաբերությունները

Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների միջև սերտ հարաբերությունները

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ։ Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները, նշել է տարիների ընթացքում կատարած աշխատանքները, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։     Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ Գիորգի Շարվաշիձեն նույնպես բարձր է գնահատել ձևավորված բարեկամական սերտ հարաբերությունները։ Արտակարգ և լիազոր դեսպանը փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։   Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով կառույցի ձևավորման աշխատանքերը՝ անդրադարձ է կատարել մարզերում պարեկային ծառայության ներդրման, քրեական ոստիկանության ու տարածքային ստորաբաժանումների բարեփոխումներին։   Հանդիպմանը քննարկվել են նաև Սևանա լճում ջրային պարեկային ծառայության ներդրման, երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։  
17:42 - 28 մարտի, 2023
ՆԳ նախարարը և դեսպան Իմանբաևը քննարկել են Ղազախստանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում տրանսպորտային միջոցների հաշվառմանը վերաբերող հարցեր

ՆԳ նախարարը և դեսպան Իմանբաևը քննարկել են Ղազախստանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում տրանսպորտային միջոցների հաշվառմանը վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և ՃՈ հաշվառման և քննական բաժնի պետ Արմեն Սարգսյանը: Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ԱՊՀ մասնակից պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում։ Հայաստանի ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ ի նպաստ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի, մարդու և քաղաքացու իրավունքների արդյունավետ պաշտպանության։ Բոլատ Իմանբաևը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորել է ներքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Արտակարգ և լիազոր դեսպանը բարձր է գնահատել նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ աջակցության պատրաստակամություն հայտնելով։ Հյուրերը անդրադարձել են նաև նորաստեղծ պարեկային ծառայության գործունեությանը՝ այն դրական գնահատելով։ Բոլատ Իմանբաևը մանրամասնել է Ղազախստանում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներին։ Կողմերը ներկայացրել են ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում երկու երկրների փորձը։ Այդ համատեքստում կարևորվել է փորձի փոխանակումը՝ երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման առումով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի քաղաքացիների կողմից Հայաստանում տրանսպորտային միջոցները հաշվառելուն և հաշվառումից հանելուն վերաբերող մի շարք հարցեր։ Վահե Ղազարյանն այդ ուղղությամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ շեշտելով, որ դրանք իր ուշադրության կենտրոնում են։ Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
18:32 - 02 մարտի, 2023
Ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. նախարար
 |armenpress.am|

Ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանության կողմից 2023 թվականը հայտարարվել է թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի տարի: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ այդ առումով դրական արդյունքներ կլինեն: Ղազարյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ավելացման դեպքերի վերաբերյալ հարցին: «Ոստիկանության կողմից բավականին աշխատանքներ են տարվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: 2023 թվականի հունվարի 1-ից առ այսօր ՆԳՆ ոստիկանության կողմից օպերատիվ ամփոփագրերով արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը՝ իրացման, 150-ը՝ պահելու: Նշված դեպքերից մոտ 45-ը սինթետիկ թմրանյութեր են: Իրոք մտահոգիչ է: Ես վստահ եմ, որ կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ: Այդ պատճառով 2023 թվականը Ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի»,-ասաց Ղազարյանը: Թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար մշակվել է ռազմավարության ծրագիր: Նախարարը հայտնեց, որ համագործակցում են միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում են այլ երկրների արդյունավետ փորձերը, որի արդյունքով նպատակ ունեն օրենսդրական փոփոխություններ իրականացնել, բացատրական աշխատանքներ են կատարում անչափահասների և երիտասարդության շրջանակում: Նախատեսվում է նաև ուժեղացնել սահմանային անցակետերում հսկողությունը, որում կներգրավվեն նաև վարժեցված հատուկ շներ: «Գիտենք, որ այսօր ամենաշատ տարածվածը համացանցի միջոցով է: 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Բավականին արդյունավետ աշխատանքներ ծավալվեցին, ունեցանք բավականին լավ արդյունքներ: 2023 թվականին հայտնաբերվեց 143 դեպք՝ «Տելեգրամ» ալիքով»,-ասաց նախարարը: Նախատեսվում է այդ բաժինն ընդլայնել՝ դարձնելով վարչություն: Պատգամավորը նկատեց՝ տելեգրամյան ալիքների նման գովազդներ են փակցվում անգամ դպրոցների հարակից շինություններում: Նախարարը վստահեցրեց, որ կանեն ամեն ինչ, մինչև տարվա վերջ բավականին դրական արդյունքներ կլինեն:
17:53 - 01 մարտի, 2023
Թուրքիայում և Սիրիայում առաքելությունն ավարտած փրկարարները պարգևատրվել են մեդալներով

Թուրքիայում և Սիրիայում առաքելությունն ավարտած փրկարարները պարգևատրվել են մեդալներով

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով երկրաշարժի հետևանքով տուժած երկրներում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցման, վերացման և որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքներին աջակցելու ընթացքում պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, միջազգային կազմակերպությունների հետ սերտորեն և արդյունավետ համագործակցելու համար մի շարք փրկարարներ պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնեց փրկարարներին։ Տնօրենը ՆԳ նախարարի և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց փրկարարներին, իրենց դրսևորած մասնագիտական բարձր պատրաստակամության և մարդկային որակների համար, շեշտելով, որ յուրաքանչյուր լավ աշխատանք միշտ արժանի գնահատական է ստանալու: Կ․ Ցուցուլյանը մասնավորապես նշեց․ «Ուզում եմ ընդգծել, որ ձեր առջև դրված խնդիրները կատարել եք պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական երկու թիմերն էլ լավագույնս կատարեցին իրենց մարդասիրական առաքելությունը՝ դրսևորելով ուժ, կամք, աշխատասիրություն և անվեհեր փրկարարի վառ օրինակ»։ Արարողության ավարտին տնօրենը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց փրկարարներին, վերջիններիս մաղթելով բարի և անփորձանք ծառայություն։  
17:46 - 24 փետրվարի, 2023
Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձել են․ նրանց Մարգարայի կամրջի մոտ դիմավորել են Վահե Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը

Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձել են․ նրանց Մարգարայի կամրջի մոտ դիմավորել են Վահե Ղազարյանն ու Կամո Ցուցուլյանը

Փետրվարի 16-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Թուրքիայի Հանրապետության Ադըյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձան Հայաստան: Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորեցին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար: Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ այդ թվում նաև կինոլոգիական խմբերով: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում նույնպես լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ « Հայաստանի փրկարարական ջոկատը ավարտեց Ադըյամանի իր աշխատանքները ու վերադարձավ երկիր։ Ջոկատը զօրուգիշեր աշխատելով՝ բազմաթիվ քաղաքացիներ փրկեց փլատակների տակից։ Շնորհակալութուն»։
16:27 - 17 փետրվարի, 2023
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի երդման արարողությունը: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, նորանշանակ նախարարներն, ընթերցելով երդման տեքստը, նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:  
17:17 - 10 փետրվարի, 2023