Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը և ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Գարեգին Բ

Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը և ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Գարեգին Բ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օր է: Դուրս են բերվել տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ, այդ թվում՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, սրբազան պատարագ է  մատուցվել «Սուրբ Տրդատ» բաց խորանում։Ստորև ներկայկացնում ենք Գարեգին Բ-ի ուղերձը. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,Անսահման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։ Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց։Ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններին աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրեցին Արցախի կորստյանը։Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև. անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին։ Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը, ինչպես և՝ հասարակության հետ իշխանության շփման կերպերը անվստահության մթնոլորտ են ձևավորել և արդար ընդվզում առաջ բերել, ինչը ստեղծված բարդ կացության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին։ Առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովելու, հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների, հատկապես նկատի առնելով թշնամու հավակնություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում։Մեր հորդորն ենք ուղղում նաև ազգային, կրոնական, հասարակական, քաղաքական կառույցներին միավորելու մեր ժողովրդին ներկա ծանր մարտահրավերների հանդիման և համախմբված գործելու՝ հանուն մեր երկրի ապագայի երաշխավորման։ Սիրելի ժողովուրդ, գոյաբանական սպառնալիքների առջև հրամայական է մեր համազգային միաբանությունն ու համախմբվածությունը, քանզի միասնականության մեջ է մեր զորությունը, միասնականության մեջ է գալիք աղետը կանխելու ուղին։ Արդ, ապրենք ու գործենք սիրով, մեր կորուստների ցավը ձեռքբերումներ դարձնելու բարձր գիտակցությամբ, մեր կամքն ու ոգին վերածենք ազգային կյանքի իրական արթնության և հայրենիքի ու ժողովրդի իրավունքների պաշտպանության միաբան ուժի, մեր կյանքով վկայենք ճշմարիտ նվիրումը հայրենիքին, ազգին և դարերով փայփայված մեր անկախ պետականությանը։Սիրելիներ, առկա դժվարին պայմաններում մենք՝ որպես ժողովուրդ, դարձել ենք, առաքյալի խոսքի համաձայն, «ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած» (Բ Կորնթ. 4.8): Արդարև, մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել։ Այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է։ Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի մեզ որպես Աստծո սեփական ժողովուրդ, ազգի ու հայրենյաց հզորացման մեկ և նույն տեսիլքով։ Այս պահը մեզ համար նաև առիթ է անդրադարձ կատարելու մեր կյանքի ընթացքին՝ հեռացնելու համար մեզանից հայրենադավ երևույթները, սրբագրելու սխալներն ու թերացումները, որպեսզի զորանանք որպես ազգ, պետություն ու Եկեղեցի։ Մեր հայրենյաց անգին նշխարը՝ Արցախ աշխարհը, մերն է ու մեր սրտում է, և Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ։Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, միասնաբար աղոթենք Արցախի մեր ժողովրդի համար և ամեն կարելիությամբ նեցուկ և սատար լինենք տարագիր մեր քույրերին ու եղբայրներին՝ մխիթարելով իրենց ցավի ու նեղությունների մեջ և իրենց կեցության ու կարիքների համար անհրաժեշտ հոգածություն ցուցաբերենք։Արցախցի սիրելի զավակներ, ձեզ հատուկ քաջարի ոգով ամուր ու տոկուն եղեք, հաստատուն մնացեք ձեր հավատի ու հույսի մեջ, շարունակեք ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև, և մշտարթուն պահեք ձեր սերը Արցախի և հայրենական ավանդների նկատմամբ։ Համայն մեր ժողովուրդը և Եկեղեցին ձեզ հետ են և այս տառապալի օրերին պատրաստակամ հանձնառություններով զորակից ձեզ։ Համազգային աղոթքի այս օրը, ի զորակցություն Արցախի մեր զավակների, Հայաստանի մի շարք եկեղեցիներում զետեղված են սրբազան մասունքներ հավատացյալների երկրպագության և ջերմեռանդ աղոթքի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկող ուխտավորներիդ համար դուրս է բերվել Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդը՝ որպես նշան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սոսկալի չարչարանքների և հաղթական Հարության։ Սուրբ Գեղարդի զորությամբ մեր ժողովուրդը վերապրել է արհավիրքներ, կոտորածներ ու ցեղասպանություն, ամուր պահել հավատքը անհուսության մեջ, անհավատության մեջ վերածնել հույսը և բարու հանդեպ սերը դարձրել չարի դեմ պայքար։Այս վստահությամբ մեր աղոթքը վերառաքենք առ Աստված՝ ասելով. «Տեր Աստված, պարգևիր մեզ Քո օրհնությունը և փրկիր վտանգներից ու փորձություններից։ Տուր զորությունը չարի հարձակումներին դիմակայելու, հարվածներից վեր հառնելու։ Մշտավառ պահիր մեր կյանքում հարության երկնահեղ լույսը և պահպանիր մեզ Քո Սուրբ Աջի հովանու ներքո։ Քո խնամքի և օրհնության մեջ պահիր Քեզ միշտ հավատարիմ, բռնագաղթի տառապանաց և նեղությունների ճանապարհով անցնող արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հանգստություն շնորհիր հայրենյաց պաշտպանության համար զոհվածների հոգիներին, ապաքինում՝ վիրավորներին ու նեղյալներին և ազատություն՝ գերեվարված մեր զավակներին։ Բարերար և Ամենազոր Աստված, ավելացրու մեզանում հավատքը, հույսն ու սերը, որպեսզի ապրենք Քո կամքի համաձայն և մշտահունչ աղոթքով հայցենք խաղաղություն համայն աշխարհին ու մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ անդադար փառաբանելով Ամենասուրբ Երրորդությանդ»։Թող Փրկիչ մեր Տիրոջ շնորհը, սերն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»։
15:41 - 01 հոկտեմբերի, 2023
Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել՝ կանխելու համար եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել: «Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար: Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով: Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։ Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։ Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։ Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին: Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն»,- ասվում է ուղերձում։
13:57 - 21 սեպտեմբերի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) Գլխավոր քարտուղար Վերապատվելի Դր․ Ջերրի Պիլեյի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ Կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի։  Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց ԵՀԽ-ին արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը և Արցախին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի համար: Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվող ոտնձգություններին, Արցախում ստեղված հումանիտար աղետին՝ Վեհափառ Հայրապետը նշեց, որ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը, ինչպես և միջազգային ատյանների կայացրած վճիռների ու հնչեցրած կոչերի անտեսումն անհետևանք թողնելը տեղիք է տալիս Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի քաղաքականության անարգել իրագործման։ Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը խոսեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի մասին: Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության գործուն աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի, անհայտ կորածների ու զոհվածների աճյունների հայտնաբերման գործընթացներում։ Իր հերթին Դր․ Ջերրի Պիլեյն ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց նպաստը բերելու արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը։ ԵՀԽ Գլխավոր քարտուղարի հարցին ի պատասխան՝ Հայոց Հովվապետը լուսաբանություններ տվեց նաև տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերի և տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքների վերաբերյալ։
13:07 - 19 սեպտեմբերի, 2023
Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում. Գարեգին Բ-ն շնորհավորել է Արցախի նախագահին

Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում. Գարեգին Բ-ն շնորհավորել է Արցախի նախագահին

Սամվել Շահրամանյանին Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ողջույնն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով: Նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը գտնվում է անվտանգային, քաղաքական ու տնտեսական լրջագույն մարտահրավերների հանդիման և իննամսյա փաստացի շրջափակման պայմաններում հերոսաբար մաքարում իր ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար: Արցախի արդար պայքարում ներգրավված է ազգի յուրաքանչյուր զավակ, և, հավատում ենք, որ համայն հայության հաստատակամությամբ ու ներուժով, ինչպես և միջազգային հանրության աջակցությամբ պիտի կարողանանք հասնել հիմնախնդրի ցանկալի հանգուցալուծմանը՝ հայրենի հողի վրա արցախահայության ինքնորոշման անօտարելի իրավունքի պաշտպանությանը: Մեծարգո պարոն Նախագահ, Վկայությունն ունենալով տարբեր բարձր պաշտոններում Ձեր բարեխիղճ, անձնվեր և նախանձախնդիր ծառայության՝ լիահույս եք, որ Ձեր փորձառությամբ և հեղինակությամբ պիտի նպաստեք Արցախում համերաշխ միասնականության ու համագործակցության մթնոլորտի հաստատմանը և ժողովրդի ոգու և լավատեսության զորացմանը ՝ ի նպաստ արցախահայության անկախ ու անվտանգ կյանքի և բարօր գալիքի կերտման:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր զորակցությունն եք բերում Ձեզ՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնության ներքո հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ հայրենի մեր Արցախ աշխարհի»:
15:58 - 10 սեպտեմբերի, 2023
«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

«Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները․ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․    «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։ Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով ենք դիմավորում Արցախի անկախության տոնը։ Արցախը վերստին կանգնած է գոյաբանական սպառնալիքների առջև։ Ադրբեջանը, հայատյացությունը պետական քաղաքականություն դարձրած, շարունակում է անթաքույց իրագործել Արցախը հայաթափելու և բռնազավթելու ոճրագործ իր մտադրությունները՝ ցեղասպանական գործողությունների նորանոր դրսևորումներով: Ավելի քան ինը ամիս ապօրինաբար արգելափակված Բերձորի միջանցքը Ադրբեջանը դարձրել է գործիք իր հանցավոր նպատակների իրագործման համար՝ մեր զավակների նկատմամբ հետևողականորեն սաստկացնելով բռնաճնշումներն ու ահաբեկումները: Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը և ջանքերի մեկտեղումը՝ հանուն Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, հանուն արցախահայության ազատ ու անվտանգ կյանքի։ «Ամեն ինչ հանուն Արցախի» նշանաբանով պիտի դիմակայենք ու հաղթահարենք մեզ պատուհասած փորձությունները, քանզի, առաքյալի խոսքի համաձայն, «նեղությունները համբերություն են բերում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս: Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռ. 5.3-5)։ Այս հավատքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արցախի Հանրապետության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Արցախի քաջարի ժողովրդին, պետական այրերին ու Արցախի թեմի հոգևոր դասին՝ մաղթելով հավատի ու հույսի ամրություն, տոկունություն ու արիություն՝ Արցախի փրկության պայքարում։ Թող Տիրոջ սերը, օրհնությունն ու խաղաղությունը հովանի լինեն Մեր բարեսեր ժողովրդին և համայն աշխարհին»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:32 - 02 սեպտեմբերի, 2023
Այսօր մեր առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Այսօր մեր առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորալան ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։ Վեհափառի ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում անգամ հայոց դպրոցներն ու դրանց անխոնջ մշակները կրթել ու դաստիարակել են ազգի, հայրենիքի ու Եկեղեցու արժանավոր զավակներ, ամրապնդել նրանց աստվածասիրությունը, հայրենանվիրումն ու ազգային ինքնագիտակցությունը։ Այսօր մեր պետության ու ազգի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների դիմագրավմանը զուգընթաց առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը, քանզի, ինչպես մեծանուն պատմիչն է վկայում, «բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից»: Աղոթում ենք, որ Տերը աննվազ եռանդ ու կորով շնորհի կրթության ասպարեզում իրենց ծառայությունը բերող բոլոր նվիրյալներին և լուսավորի միտքը աշակերտ և ուսանող մեր զավակների՝ նախանձախնդրությամբ գիտելիք ամբարելու և այն ծառայեցնելու մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր ապագայի կերտմանը։ Թող Տիրոջ օրհնությամբ այս նոր ուսումնական տարին բարեզարդվի բարի արգասիքներով՝ ի զորացումն մեր հայրենիքի և մեր ժողովրդի»։
10:45 - 01 սեպտեմբերի, 2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը

Օգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի,  սկսվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանում եւ Արցախում ստեղծված կացության,  Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության եւ Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։ Քննարկման առարկա կդառնան նաեւ եկեղեցա-վարչական եւ Եկեղեցու առաքելության արդյունավորման վերաբերյալ այլ հարցեր: Հընթացս ժողովի՝ Գերագույն հոգեւոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առեւանգման մասին, խստորեն դատապարտեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսեւորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության։
21:02 - 28 օգոստոսի, 2023
Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է այսօր կեսգիշերից հետո Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կաթողիկոսի ցավակցական ուղերձը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ բարեգութ Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,- նշված է Գարեգին Բ-ի ցավակցական ուղերձում։ Վեհափառը ապաքինում է մաղթել վիրավորներին և բոլոր տուժածներին: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
14:00 - 14 օգոստոսի, 2023
Այս պաշտոնը ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում․ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Դավիթ Իշխանյանին

Այս պաշտոնը ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում․ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Դավիթ Իշխանյանին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «ՄԵԾԱՐԳՈ ՏԻԱՐ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Ստեփանակերտ Մեծարգո Պրն. Իշխանյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ: Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի: Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով  խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ: Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»
12:05 - 09 օգոստոսի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ղուրանի այրման միջադեպը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը դատապարտել է Ղուրանի այրման միջադեպը

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը ողջունեց դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և մաղթելով արդյունաշատ ծառայություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր գնահատանքը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը պատերազմի և հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ նաև հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին և երկու երկրների ներկայիս համագործակցությանը: Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաժամանակ բարձրորեն գնահատեց հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսևորվող հոգածու վերաբերմունքը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին, ինչպես նաև, իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտելի նկատեց նաև օրերս Ղուրանի այրման միջադեպը։ Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարևորեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաև միջկրոնական երկխոսությունը: Պրն. Սոբհանին, անդրառնալով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:
09:19 - 08 օգոստոսի, 2023
Գարեգին երկրորդն անակնկալ այց է կատարել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Գարեգին երկրորդն անակնկալ այց է կատարել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս աշխարհում գործող ամենահին հայկական կրթօջախ՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան էր այցելել:  Ինչպես տեղեկանում ենք Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվին տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ․ Անանիա վարդապետ Ծատուրյանը, ճեմարանի փոխկառավարիչներ Տ․ Արծրուն քահանա Միքայելյանն ու Տ․ Հայկ քահանա Քոչարյանը, այս օրերին ճեմարանում իրենց ծառայությունը բերող բարեշնորհ սարկավագները՝ տիկնանց հետ, Կալկաթայի սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամներ տիկին Սյուզան Ռուբենը, տիար Սյունիլ Սոբտին՝ տիկնոջ հետ, ճեմարանի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին, ուսուցիչներն ու աշակերտները։ Բացման խոսքով հանդես է եկել ճեմարանի կառավարիչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան անակնկալ, բայց սպասված այցի և ճեմարանի տեսչությանը, ուսուցչական կազմին և աշակերտությանը մեծ պատվի արժանացնելու համար, ապա դիմեց ներկաներին՝ իրականություն դարձնելու Նորին Սրբության տեսիլքն ու երազանքը, այն է՝ նոր թափով ու եռանդով աշխատել և Մարդասիրական ճեմարանի անունն աշխարհում գործող լավագույն դպրոցների շարքում արձանագրել տալ: Շնորհակալական խոսքով ելույթ է ունեցել նաև դպրոցի տնօրեն տիկին Դեբանջալի Չոուդհուրին՝ նշելով, որ Նորին Սրբության օրհնությամբ և հայրական հոգածությամբ Մարդասիրական ճեմարանը շարունակում է բարձր պահել և առաջ տանել նախորդ սերունդներից իրեն փոխանցված ջահը՝ նոր վերելքների հասնելու և ազգին ու պետությանը կիրթ և արժանապատիվ հայորդիներ ավանդելու համար։ Տնօրենի խոսքից հետո սկսվել է միջոցառման գեղարվեստական մասը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ճեմարանի «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների ուսուցչուհի Լիանա Փիրումյանը հակիրճ ներկայացրել է հնդկահայ գաղթօջախի կազմավորումն ու ձեռքբերումները, ինչպես նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի հիմնադրումից ի վեր պատմության մեջ գրանցված կարևոր դեպքերն ու իրենց նշանակալի ավանդը թողած հայտնի հայորդիների անունները՝ միաժամանակ կարևոր անդրադարձ կատարելով Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին ճեմարանի արձանագրած շրջադարձային բարեփոխումներին ու հաջողությունների ծաղկուն շրջանին։ Միջոցառման վերջում օրհնության խոսքով հանդես է եկել Վեհափառ Հայրապետը։ Նա շնորհակալություն է հայտնել ճեմարանի տեսուչ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանին՝ տպավորիչ և բարձր մակարդակի միջոցառում կազմակերպելու համար: Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել նաև ճեմարանում սպասավորող քահանա հայրերին ու սարկավագներին, ճեմարանի տնօրենին և ուսուցիչներին՝ աշակերտներին լավագույնս կրթելու և դաստիարակելու գործում ցուցաբերած տքնաջան աշխատանքի և մեծ ավանդի համար։ Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Կալկաթայի սուրբ Նազարեթ եկեղեցու վարչական խորհրդի անդամներին և հոգաբարձուներին՝ ի դեմս տիկին Սյուզան Ռուբենի և տիար Սյունիլ Սոբտիի՝ Կալկաթայում հայոց եկեղեցիների և հայկական տարբեր կառույցների խնամքը գերազանց ձևով ապահովելու և դրանց ուշադրություն դարձնելու համար։ Դիմելով ճեմարանականներին՝ Վեհափառ Հայրապետը պատգամել է գերազանց սովորել և մեծ հաջողություններ գրանցել, քանի որ հայ աշակերտների հաջողությունները պիտի խնդություն բերեն ճեմարանի հիմնադիրների՝ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի հոգիներին, պիտի պայծառացնեն նրանց բարի անունն ու հիշատակը։ Ըստ Ամենայն Հայոց Հայրապետի՝ ճեմարանի յուրաքանչյուր հայորդի պարտավորություն և պատասխանատվություն ունի՝ ճեմարանի հիմնադիրների զոհողությունն արդարացնելու, որպեսզի այն իզուր և ունայն չմնա։ «Վեհափառ Հայրապետը հորդորեց ոչ միայն սոսկ ականատես լինել և պահել ու պահպանել հնդկահայոց փառահեղ անցյալի պատմությունը, այլև նորովի կերտել և հզորացնել հնդկահայոց գաղութի նոր ժամանակների պատմությունը՝ նույնպիսի փառքով ու հպարտ ապրումներով, որպեսզի գալիք սերունդները, գնահատելով ներկա ժամանակների գործերը, իրենք ևս նույն ապրումներն ու ներշնչանքն ունենան՝ հայրերից ավանդված ժառանգությունն իրենց հաջորդներին առավել հզորացած փոխանցելու։ Վեհափառ Հայրապետը հաստատապես նշել է, որ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի լուսավոր ընթացքն անշեղորեն իրագործվելու է և նոր, բուռն կյանքով է ապրելու»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:27 - 07 հուլիսի, 2023
Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Կաթողիկոսը ԵԽ պատգամավորին երախտագիտություն հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար

Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հանդիպմանն ի դեմս պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենի՝ Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց Նիդերլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման և Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող բանաձևերի ընդունման համար։ Անդրադառնալով Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված աղետալի իրավիճակին, ինչպես նաև հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին՝ Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի գործադրումը ադրբեջանական ագրեսիայի կանխման և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։ Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը բերեց ԵԽ նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում ներդրած ջանքերի համար։ Պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը, դատապարտելով Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերելու Հայասատանի ու Արցախի անվտանգության և հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրների դիմագրավման հարցում։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Նիդերլանդների հայկական համայնքի գործունեությանը, ինչպես նաև Քույր Եկեղեցիների հետ առկա գործակցությանը։
19:46 - 21 հունիսի, 2023
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ծաղկեպսակ դրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հոգևորականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին նաև բարեխոսության կարգ, որին ներկա էին ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Սմբատ Մանուկյանը, ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասյանը և Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը:
12:00 - 07 հունիսի, 2023
Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Կաթողիկոսի ուղերձը

Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Կաթողիկոսի ուղերձը

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հանարապետության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։ Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ տարածքների ապահովությանը, Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, այլև ներազգային զարգացումները խորը մտահոգություններ են ստեղծել հայրենական անդաստանում, ողջ հայության կյանքում։ Մեր հայրենիքի ու ժողովրդի դեմ իրականացվող քայլերին, ծավալապաշտական ձգտումներին դիմակայելու ուղին մեր միասնական պայքարն է, միակամությունն ու վճռականությունը։ Անկախության վերահաստատման և Առաջին հանրապետության հռչակման հիշատակը տոնելով, սիրելի հայորդիներ, ոգեշնչվենք և գոտեպնդվենք երանելի մեր հայրերի ազատատենչ ոգով ու սխրագործություններով, մերժենք և հեռացնենք մեր կյանքից թշնամանքը, ատելությունն ու հակառակությունները և զորացնենք ազգային մեր միաբանությունը։ Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը։ Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված օգնական լինի մեզ՝ հաղթահարելու մեր առջև ծառացած փորձությունները և հաստատելու բարօր ու լուսավոր գալիքը ազգի ու հայրենիքի։ Թող Քրիստոս մեր Փրկչի ողորմությունն ու շնորհները հովանի լինեն համայն մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս»։
10:51 - 28 մայիսի, 2023
Հույս ունեմ,որ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Հույս ունեմ,որ իշխանությունները կանդրադառնան Հայոց Եկեղեցու Պատմություն առարկայի վերաբերյալ որոշմանը. Գարեգին Բ

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի հանրապետական օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց այս տարվա ՀԵՊ առարկայի օլիմպիադայի արդյունքներն ու արձանագրած հաջողությունները՝ շեշտելով առարկայի սիրված լինելն ու կարևոր դերակատարությունը մատաղ սերնդի ազգային-հոգևոր կրթության և դաստիարակության գործում: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն, Իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, շնորհավորեց օլիմպիադայի մրցանակակիրներին՝ ուրախությամբ արձանագրելով, որ առարկան կարևոր ձեռքբերում է նորանկախ հանրապետության կրթության ոլորտում։ Նորին Սրբությունը ցավով նկատեց, որ կրթական չափորոշիչների փոփոխությամբ դպրոցներում դադարելու է առարկայի դասավանդումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանություններն անդրադարձ կունենան այդ որոշմանն ու մեր զավակներին հնարավորություն կընձեռնվի ստանալ հոգևոր գիտելիքներ և դաստիարակություն՝ հավատարիմ մնալու նախնյաց ժառանգությանն ու ազգային արժեհամակարգին։ Հայոց Հովվապետն աշակերտներին հորդորեց ջերմեռանդությամբ և նախանձախնդրորեն շարունակեն իրենց ուսումնառությունը, ամբարեն նոր գիտելիքներ և եկեղեցասիրությամբ ու հայրենաճանաչությամբ իրենց մեջ զորացնեն նվիրումի ոգին՝ ի փառս հայրենիքի և Մայր Եկեղեցու: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը փոխանցեց Հայր Զաքարիային և ՀԵՊ ուսուցիչներին՝ պատանի հայորդիներին տարիներ շարունակ քրիստոեական և ազգային արժեհամակարգով կրթելու ու դաստիարակելու իրենց կատարած նվիրյալ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դրա վառ վկայությունը աշակերտների արձանագրած հաջողություններն են։ Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
12:18 - 23 մայիսի, 2023