Լենա Նազարյան

Լենա նազարյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում:

2007թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014թ.՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Լրագրող:

2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: 2009-2015թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:

2008-2009թթ. «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում կամավոր է եղել Ռումինիայում:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ. ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.05.2017-12.09.2018թթ.՝ «Ելք» խմբակցության անդամ, 12.09.2018-14.01.2019թթ.՝ «Ելք» խմբակցության ղեկավար:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 29.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել կանանց նկատմամբ ծանր բռնության դեպքերին, պատմություններին. Լենա Նազարյան |aysor.am|

Մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել կանանց նկատմամբ ծանր բռնության դեպքերին, պատմություններին. Լենա Նազարյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի կառավարության և Ազգային ժողովի անելիքը երկրի տարբեր անկյուններում ապրող մարդկանց խնդիրները խորապես ճանաչելն ու դրանց լուծում տալն է, այսօր կանանց հիմնախնդիրների վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Խորհրդարանի փոխխոսնակը նկատեց, որ Հայաստանում շատերը չէ, որ պատրաստ են առերեսվել իրական խնդիրներին, որոնց բախվում են հայաստանցի շատ կանայք։ Դրա վկայությունն, ըստ նրա, վերջին շրջանում բռնության հանդիպած կանանց խնդիրների բարձրաձայնումն էր։ «Նույնիսկ երբ կանայք թեկուզ ուշացումով, թեկուզ անանունության պայմանով որոշում են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների, բռնության մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է, միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու, հասկանալու։ Մասնավոր դեպքերի մեջ կան սոցիալական խնդիրներ, որոնք անտեսելու իրավունք այլևս չունենք՝ որքան էլ դրանք ցավոտ լինեն ու մեր հասարակության թվան անհարիր, մենք պետք է քաջություն ունենանք առերեսվել դրանց։ Կանանց խնդիրներն առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել, ինչի հետևանքով էլ գուցե կուտակվել են իսկապես անհարիրության աստիճանի», - քննարկման ժամանակ իր խոսքում ասաց ԱԺ փոխնախագահը։ Նազարյանի խոսքով՝ պաշտոնյաները շատ կարևոր է, որ ունկնդրեն խնդիրներն ունեցող անձանց՝ կանանց, ճանաչեն դրանք, լսեն առաջարկները ու մշակեն լուծման ճանապարհները։ ԱԺ փոխնախագահը քննարկման հավաքված կանանց վստահեցրեց, որ խորհրդարանում ի դեմս իրեն կանայք ունեն գործընկեր ու հետևողական կլինեն խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տանել։
07:56 - 16 հուլիսի, 2019
Կանանց խնդիրներն այլևս անտեսելու իրավունք չունենք, դրանք առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել. Լենա Նազարյան |tert.am|

Կանանց խնդիրներն այլևս անտեսելու իրավունք չունենք, դրանք առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել. Լենա Նազարյան |tert.am|

tert.am։ Ուրախ եմ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարզերում ապրող կանանց և ոլորտային ՀԿ-ների հետ զրույցների միջոցով անմիջականորեն ծանոթանում է առկա խնդիրներին և մեր ուշադրությունն է հրավիրում դրանց. այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նրա խոսքով՝ թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության անելիքը, մեծ հաշվով, այն է, որ Հայաստանի տարբեր անկյուններում ապրող տարբեր մարդկանց խնդիրները խորապես ճանաչեն և դրանք լուծելու, հետագայում կանխելու քաղաքականություն մշակեն: «Ցավոք մեզանից ոմանք պատրաստ չեն այսպիսի պարզ, միաժամանակ բարդ ճանապարհին, իրական խնդիրներին առերեսվելուն, հատկապես, երբ դրանք լռեցված են կամ նույնիսկ բարձրաձայնվում են: Վերջին շրջանում մենք դիմադրության ականատես եղանք կանանց հանդեպ բռնության խնդիրների հանրային քննարկման ժամանակ: Նույնիսկ երբ կանայք թեկուզ ուշացրել են, թեկուզ անանունության պայմանով, սակայն որոշել են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների, բռնության մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս, պարզվում է միշտ չէ, որ պատրաստ ենք ականջալուր լինելու»,- նշեց նա:
07:36 - 16 հուլիսի, 2019
Քաղաքացիներն ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հանձնառությունից հաճախ խուսափում են․ Լենա Նազարյան |armtimes.com|

Քաղաքացիներն ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրել, բայց դրա հանձնառությունից հաճախ խուսափում են․ Լենա Նազարյան |armtimes.com|

armtimes.com: Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը: Վարչապետն ընդգծել է, որ այսօր միանշանակ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին: Փաշինյանը մեկնաբանել է, որ իրավիճակն այսպիսին է առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով: Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հիմնավորմամբ՝ չպետք է միավորել բնույթով երկու՝ էապես տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ հայտարարագրերի ընդունման եւ կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացնելու եւ օպերատիվ-հետախուզական գործառույթները: Իսկ նոր ռազմավարությունը ենթադրում է նաեւ հակակոռուպցիոն պետական կառույցների ցանցի ընդլայնում. կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի դատախազության կազմում առկա վարչությունը, որը բաժանված է լինելու առանձին մասնագիտացված վարչությունների՝ տնտեսական, բարձրաստիճան պաշտոնյաների գործերով զբաղվող եւ այլն։ Իսկ կոմիտեն, ըստ ամենայնի, գործելու է Հատուկ քննչական ծառայության փոխարեն․ ՀՔԾ-ն լուծարվելու է եւ իր, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը փոխանցվելու են հենց այս Հակակոռուպցիոն կոմիտեին: Կոմիտեի ծառայողների կատարած հնարավոր հանցագործությունների նախաքննությունն էլ իրականացնելու է ԱԱԾ-ն: Հակակոռուպցիոն այս մարմնի ստեղծման անհրաժեշտության, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի մեխանիզմների եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։ -Տիկին Նազարյան, Հայաստանը միշտ կոռուպցիայի կանխարգելման ինչ֊որ հայեցակարգեր, խորհուրդներ է ունեցել, բայց, փաստացի, այդ խորհուրդները չեն աշխատել, իսկ հեղափոխությունից հետո առանց որեւէ կոնկրետ մարմնի գոյության՝ երկրում համակարգային կոռուպցիան վերցել է քաղաքական կամքի առկայության շնորհիվ։ Այս պայամաններում չե՞ք կարծում, որ եղած իրավապահ համակարգը կարող է իրականացնել այն գործառույթը, որը տրվելու է նոր ստեղծվելիք մարմնին, որքանո՞վ կա հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը։ - Կոռուպցիան վերացել է միայն կառավարման վերին օղակներում։ Իհարկե, դա շատ մեծ ազդեցություն է ունեցել, որպեսզի ստորին օղակներում նույնպես կոռուպցիան նվազի։ Օրինակ, հարկային տեսուչը հիմա տնտեսվարողին չի կարող ասել, որ իր ուզած կաշառքը բաշխվում է մինչեւ երկրի ղեկավարը, որովհետեւ նրան ոչ մեկը չի հավատա եւ ցանկացած օրինապահ տնտեսվարող հեշտությամբ կարող է պաշտպանվել կոռուպցիայից՝ իրավապահ մարմիններին հայտնելով դրա մասին։ Սակայն, չեմ բացառում, որ ինչ֊ինչ ծառայություններ մատուցող պետական մարմիններում դեռ մնացել են արկածախնդիրներ ու դեռ գործարկում են հնից սովոր կոռուպցիոն պրակտիկաները։ Ինչպես ասում են՝ ձեռքերը սովոր են, չեն կարողանում հետ պահել։ Հենց երեկ ԱԱԾ֊ն հայտարարություն տարածեց, որ Վճռաբեկ դատարանի մի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառք վերցնելու պահին։ Մնում եմ զարմացած, թե ինչ են մտածում մարդիկ այդ քայլի գնալով։ Վաղ թե ուշ հայտնվելու են բանտում․ այդ մարդիկ չունեն քաղաքական հովանավորություն, նրանք խաղում են իրենց ճակատագրի հետ։ Հիմա, ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմիններին․ ես հավատացած եմ, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ ու անհրաժեշտ են հստակ գործառույթներով, լիազորություններով, գործիքակազմով, անկախության ու հեղինակության բարձր մակարդակ ունեցող հակակոռուպցիոն կառույցներ։ Եվ կառավարությունը գնում է այդ ուղղությամբ։ Արդեն իսկ հանրային քննարկման համար հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որտեղ սահմանված ժամանակատավածում նշված են հակակոռուպցիոն մարմինների ստեղծման փուլերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացնելու է հակակոռուպցիոն կրթություն, իրազեկում, պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրություն։ Հանձնաժողովի անդամներին պետք է ընտրի խորհրդարանն այս տարի։ Իսկ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն իրականացնելու է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները։ Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում եւ այդ ապակենտրոնացումն արդյունավետ չէ։ Եվ ռազմավարությամբ կստեղծվի մասնագիտացված, անկախության երաշխիքներով եւ անհրաժեշտ գործիքակազմով օժտված մեկ մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որը կիրականացնի բացահայտումները։ Այս մարմինը գործողությունների ծրագրի համաձայն պետք է ձեւավորվի 2020 թվականին։ - Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող ի՞նչ պահանջներ ու չափորոշիչներ են լինելու, այս մարմնի անդամների թեկնածուները մինչեւ նշանակումը վեթինգի ենթարկվելո՞ւ են։ - Անկասկած, կոմիտեի քննիչները պետք է ոչ միայն բարեվարքության չափանիշներին համապատասխանեն, այլ նաեւ մասնագիտական բարձր կարողություններ ունենան։ Քանի որ արդեն ասացի, որ հակակոռուպցիոն գործերով քննչական գործառույթներն այլ իրավապահ մարմիններից կենտրոնացվելու են այդ մի կոմիտեում, չափազանց կարեւոր է, որ այն արժանանա հանրային ամենաբարձր վստահությանը։ Հակառակ դեպքում կկործանվի ոչ միայն այդ կոմիտեն, այլեւ երկար ժամանակ պետք կլինի վերակառուցումներ անել եւ նորից մտածել, թե որ կառույցն է զբաղվելու բացահայտումներով։ Իսկ ձախողված փորձի հետեւանքները հիասթափություն ու էլ ավելի բացասական երեւույթներ կառաջացնեն։ Ի դեպ, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ կոռուպցիոն գործերը քննելու է ԱԱԾ֊ն, եթե այդպիսիք լինեն։ Ասեմ, որ բավականին լավ ռազմավարություն է մշակված։ Այն շատ հստակ է, կոնկրետ գործողությունների ժամանակացույցով եւ քաղաքական կամքի առկայությունը ուղղակի կարեւորագույն երաշխիքն է, որ ռազմավարությունը գործնականում իրականացնի նախանշած նպատակը, այն է՝ 0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ։ Ավելին՝ armtimes.com-ում    
07:23 - 15 հուլիսի, 2019
Ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար․ Լենա Նազարյան

Ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար․ Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրահամավաք, և ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն և շուրջ երեք ժամ պահել այնտեղ: Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա է: Եթե նախաձեռնությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել ու դա արվում է հրապարակային միջոցառման ժամանակ, ապա ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել ու ի՞նչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել և ո՞ւմ: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բազմիցս իրականացրել է հանրային դրամահավաքներ ու երբևէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչո՞ւ ոստիկանությունում այս հանրահայտ իրողությունը ընկալելի չէ և ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման անհիմն խոչընդոտներ այլևս չեն լինի»:  
14:08 - 08 հուլիսի, 2019
ՔՊ կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կենտրոնացումը Հայաստանի տարածքում |lragir.am|

ՔՊ կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կենտրոնացումը Հայաստանի տարածքում |lragir.am|

lragir.am։ Տիկին Նազարյան, օրերս տեղի ունեցավ ՔՊ համագումարը։ Ելույթներում հիմնականում նախկին իշխանության քննադատություններ հնչեցին։ Շատերը մեղադրեցին, որ փոխանակ հստակ անելիքներ, հայեցակարգ ներկայացնեք՝ նախորդներին եք հիշատակում։ Կա՞ արդյոք նրանցից եկող իրական վտանգ, թե ոչ։ ՔՊ 5-րդ համաժողովն առանցքային նշանակություն ուներ կուսակցության ապագայի համար, քանի որ այդ համաժողովում 336 պատվիրակ ընտրեց կուսակցության նոր ղեկավար կազմ (21 անդամ) և վերահսկող հանձնաժողով (7 անդամ): Նորընտիր անդամները ստանձնում են հեղափոխության բերած փոփոխություններն ամրապնդելու և շարունակելու բարձր առաքելությունը, ինչպես նաև պետք է հիմնովին զբաղվեն կուսակցության ինստիտուցիոնալ կայացման գործով, ինչը նախկինում ոչ մի կերպ լիարժեք չէր հաջողվում:Տարակուսած եմ այդ կարծիքներից: Համաժողովում ընդունվեց ՔՊ ծրագիրը, որը հե՛նց այդ հայեցակարգն էր, որի կարևորագույն հատվածները ներկայացվեցին: Մասնավորապես՝ մեր ծրագրում ասվում է. Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործունեության հիմնական նպատակն է հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժի կամ նրա հիմնական մասի կենտրոնացումը Հայաստանի Հանրապետության տարածքում և այդ ներուժի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը:Կուսակցության գործունեությունը միտված է առաջիկա 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը կրկնապատկելուն, ինչը ոչ թե մարդկանց կուտակման մեխանիկական գործողություն է, այլ երկրի բովանդակային վերակառուցման արդյունք: Մարդու ազատության և արժանապատվության պաշտպանությունը, ստեղծարար ընդունակությունների և կրթության քաջալերումը, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնությունը պիտի դառնան այն գործոնները, որ կհանգեցնեն տեսանելի արտագաղթի դադարեցման, ծնելիության աճի, Հին և Նոր Սփյուռքի հայերի՝ դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձության:Եթե խոսքը կուսակցության զարգացման հայեցակարգի մասին է, ապա իմ ելույթը հենց դրան էր նվիրված։ Ես համարում եմ, որ ՔՊ-ին առանձնահատուկ դեր է վերապահված այս նոր ժամանակում՝ քաղաքական մշակույթի ձևավորման առումով։ Որպես նոր սերնդի քաղաքական գործիչներ, որպես մեր երկրի կառավարող ուժ՝ մենք պարտավոր ենք առաջնորդել ողջ քաղաքական դաշտի փոփոխությունները։ Մենք ենք այսօր կանխորոշելու վաղվա քաղաքական մշակույթը Հայաստանում: Եվ այս նպատակին հասնելու համար չափազանց կարևոր է այսօրվա քաղաքական գործչի կերպարը և դերը: Քաղաքական գործիչը, առավել ևս պետական գործիչը, պետք է լինի հնչեցված արժեքների, գաղափարների, օրենքի և օրինականության հանդեպ վստահություն ներշնչողը՝ իր խոսքով, վարքով ու օրինակով: Սա ամենօրյա աչալուրջ աշխատանք ու ջանք է:Ինչ վերաբերում է նախկիններից եկող վտանգներին, ապա եթե բացառվեն արտաքին միջամտության փորձերը, որևէ վտանգ Հայաստանին չի սպառնում: Հայաստանին, ամեն դեպքում, ոչինչ չի սպառնում. Հայաստանը եղել է, կա ու կլինի, բայց մենք խնդիր ունենք հիմնավոր արմատավորելու ժողովրդավարությունն ու օրինականությունը Հայաստանում: Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության անդամ, ինչո՞վ եք սա բացատրում։ Ավագ սերնդից հրաժարվելու, երիտասարդներով համալրելու խնդիր կա՞ր։ Մեր կուսակցությունում չկա տարիքով, սեռով, սոցիալական դրությամբ կամ այլ կարգավիճակով պայմանավորված խտրականություն: Բայցև կա հավասարություն ու կամարտահայտության ազատություն, որից և օգտվեցին կուսակցության պատվիրակները: Ես չեմ կարող ասել, թե ինչու Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության անդամ, որովհետև ես այդ հարցը ոչ մեկի հետ չեմ քննարկել ո՛չ նախապես, ո՛չ քվեարկությունից հետո: Դա գիտի միայն պատվիրակներից յուրաքանչյուրը, որը դեմ որոշում կայացրեց: Նման դեպքերում քաղաքական գործիչը ինքնահայեցման միջոցով պիտի իր համար գտնի այդ հարցի պատասխանը: Շարունակությունը՝ lragir.am
12:57 - 19 հունիսի, 2019
Լենա Նազարյանը չի բացառում, որ վեթինգի իրականացումը կարող է վերապահվել Բարձրագույն դատական խորհրդին |azatutyun.am|

Լենա Նազարյանը չի բացառում, որ վեթինգի իրականացումը կարող է վերապահվել Բարձրագույն դատական խորհրդին |azatutyun.am|

azatutyun.am։ «Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը ամբողջովին համապատասխանում է իրավական ընթացակարգերին, այդտեղ որևէ խնդիր չկա: Մենք Ազգային ժողովում քննարկել ենք այդ հարցը և պարզաբանումը արձանագրված է», - «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:ՍԴ դատավորի թափուր պաշտոնում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի թեկնածությունը Ազգային ժողովում երկրորդ անգամ է քննարկվելու: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ նրան առաջադրել էր անցած տարի ՝ հեղափոխությունից հետո: Ընտրությունը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն Հանրապետական խմբակցությունը: Ընդդիմադիրները, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պնդում են, որ Գրիգորյանը կարող է կաշկանդված լինել իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով:«Ինչ վերաբերում է կախվածությանը իշխանությունից՝ ես ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել․ այն, որ պարոն Մարուքյանը ունեցել է գործընկերային կապեր իշխող կուսակցության ներկայացուցիչների, անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, եղել է նույն խմբակցությունից՝ դա նրան կաշկանդո՞ւմ է ինչ֊որ կերպ լինել ընդդիմություն: Կարծում եմ չի կաշկանդում», - ընդգծեց Լենա Նազարյանը:ԱԺ փոխնախագահը անդրադարձավ նաև դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների հրաժարականներին:«Բարձրագայն դատական խորհրդի անդամները, գիտակցելով, որ վստահությունը այն կարևորագույն հենարանն է, որը նրանց անհրաժեշտ է գործելու համար՝ չունեն, և բնականաբար, որպեսզի այդ կառույցը լինի լեգիտիմ և կենսունակ, պետք է նոր անդամներ ընտրվեն Ազգային ժողովի կողմից», - մեկնաբանեց Լենա Նազարյանը:«Ազատության» հարցին՝ կարելի՞ է փաստել, որ ԲԴԽ-ի լուծարում չի լինելու, Նազարյանը պատասխանեց, որ պարզապես պետք է փոխվի այդ մարմնի կազմը․ - «Քանի որ չի բացառվում, որ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լինի շատ կարևոր գործառույթ՝ այսպես կոչված վեթինգի իրականացումը»:Շարունակությունը՝ տեսանյութում։
11:31 - 17 հունիսի, 2019
«Սաստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները. Լենա Նազարյան

«Սաստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները. Լենա Նազարյան

Գյումրիում «Սաստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Ուրախ եմ, որ աշխատողները, չնայած իրենց խոցելի կարգավիճակին, համարձակություն են ունեցել խոսել խնդիրների մասին։ Խնդրին ծանոթանալու համար հեռախոսազրույց ունեցա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, Գյումրիի փոխմարզպետի, Մարդու իրավունքների պաշտպանի և կարի գործարանի աշխատակցուհիների հետ: Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կուսումնասիրի գործարանի աշխատանքային պայմանները: Հուսամ՝ ստուգումը և վերահսկողությունը կհանգեցնի իրավիճակի փոփոխության: Անպայման՝ կտեղեկանամ: Չլուծված են մնում աշխատավարձի վճարման հետ կապված հարցերը: Անգամ նվազագույն՝ 55.000 դրամով համաձայն աշխատող մարդկանց նշված չափով չեն վճարել: Չասեմ, թե էլ ինչ հեքիաթներ են պատմել մարդկանց՝ գործատուի անսահման հնարավորությունների ու աշխատողների սահմանափակ իրավունքների մասին: Նշված պետական կառույցների պատասխանատուները կհետևեն գործընթացին, որպեսզի պատշաճ իրավական խորհրդատվություն տրամադրվի աշխատողներին: Անպայման՝ կտեղեկանամ: Նման դեպքերը հերթական անգամ ապացուցում են, որ բուն աշխատանքային իրավունքներով զբաղվող տեսչության ու ուժեղ արհմիությունների գոյությունը հրատապ է»:
17:08 - 03 հունիսի, 2019
Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածն անցումային արդարադատության մասին |armtimes.com|

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածն անցումային արդարադատության մասին |armtimes.com|

armtimes.com: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասինԵրեկ՝ մայիսի 24-ին, Ազգային Ժողովում տրվել է կարեւոր մի գործընթացի՝ մեր երկրում անցումային արդարադատության գործիքների ներդրման շուրջ հանրային քննարկումների մեկնարկը։ Այս հարցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության համար ընդգծված առաջնահերթություն ունի, որի վկայությունն էլ հենց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից լսումների նախաձեռնումն էր։ Անձամբ ինձ համար չափազանց կարեւոր էր նաեւ մասնագիտական եւ իրավապաշտպան շրջանակների բովանդակային մասնակցությունը, որ ցույց է տալիս քաղաքացիական հանրության նախանձախնդիր հետաքրքրվածության բարձր աստճանը։ Այս իրավիճակը հրաշալի նախապայման եւ սկիզբնակետ է Հայաստանում արդարադատական համակարգի խորքային եւ համակարգային բարեփոխումների համար։ Հեղափոխությունից հետո Հայաստանի դատական համակարգը, գործելով առանց կառավարության միջամտության եւ ազդեցության, հնարավորություն ուներ ինքնակամորեն արձագանքելու եւ մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին համահունչ բարեփոխվելու։ Այնինչ կրկին հանրային մոբիլիզացիա պահանջվեց, որպեսզի դատական համակարգը ինքնաանդրադարձի եւ ինքնամաքրման երկրորդ հնարավորությունը ստանա։ Ողջունում եմ Գագիկ Հարությունյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու երեկվա քայլը՝ հուսալով, որ այն արված է իրոք ՀՀ դատական համակարգի բարենորոգման անհրաժեշտության գիտակցումից։ Շրջադարձային պահերին արժանապատիվ հեռացումը կարող է երկրի կյանքում շատ ավելի մեծ ներդրում լինել, քան տեղին կառչած մնալը։ Արդարադատական համակարգի այլ պատասխանատուներից եւս այսպիսի գիտակցության դրսեւորումը այսօր մնում է սպասված։ Առհասարակ, մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ հասարակությունը պետք է սովոր լինի պետական պաշտոնյաների արժանապատիվ հեռացումներին եւ քաղաքական դեմքերի փոփոխություններին։ Այլեւս պետական պաշտոնները արտոնություններ զավթելու եւ պահելու տեղեր չեն, այլ հանրային ծառայություն մատուցելու առաքելություններ, որոնք ունենում են սկիզբ եւ ավարտ։ Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է։ Այս ժամանակի ոգուն համահունչ պետք է վերակառուցվի նաեւ դատական համակարգը։ Մենք ականատեսն ենք այն բանի, որ նախորդ ռեժիմից ժառանգված դատական համակարգը ինքնուրույն ի վիճակի չէ Հայասատանում արդարադատության հաստատման ուղղությամբ հիմնարար եւ հետեւողական քայլեր ձեռնարկել։ Դատարանները իներցիայով շարունակում են անսկզբունքային արդարադատություն իրականացնել՝ համանման գործերի վերաբերյալ միմյանցից տարբերվող որոշումներ ընդունել, իրավունքի գերակայության տրամաբանությունից դուրս եւ ի վերջո արդարադատության ոգուն հակասող վճիռներ կայացնել։ Երեկվա ԱԺ քննարկմանը կարճ ելույթիս ժամանակ անդրադարձա տխրահռչակ «Երեւան» հիմնադրամի դատավճռի օրինակին։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ես եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը այս գործով բախվեցինք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի մեղմ ասած տարօրինակ որոշմանը։ Պարոն Հարությունյանի (այն ժամանակ Երեւանի ավագանու անդամ) հետ միասին մենք դատի էինք տվել «Երեւան» հիմնադրամին դեռեւս մինչեւ հեղափոխությունը՝ 2018-ի մարտին, քանի որ կասկածում էինք, որ այն քաղաքացիներից ապօրինի սխեմայով գումարներ էր գանձում (քաղաքապետարանի տարբեր ծառայությունների եւ թույլտվությունների դիմաց այսպես կոչված «մաղարիչներ» էր վերցնում)։ Արդեն հեղափոխությունից հետո՝ անցյալ տարվա հունիսին երկու քաղաքացի ՀՀ ԱԱԾ-ին հաղորդում էին ներկայացրել առ այն, որ «Երեւան» հիմնադրամն իրենցից անօրինական կերպով գումար է պահանջել, ինչը փաստորեն ամրապնդում է մեր նախնական կասկածները։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը այն ժամանակի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր, խորհրդի կազմում էին քաղաքապետի տեղակալները եւ այլ պաշտոնյաներ։ Օրենքով պարտավորված լինելով իր նվիրատուների մասին տվյալները տրամադրել ՊԵԿ-ին՝ հիմնադրամը չէր իրականացրել այդ պարտավորությունը։ Մեր հայցով մենք ցանկանում էինք ի վերջո ստանալ իրենց նվիրատուների ցանկը եւ գումարի չափը, որից կարող էր երեւալ, արդյոք պետական տուրքից բացի գանձվում են նաեւ այդ անօրինական գումարները։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության (առաջին ատյանի) դատարանը մեր պահանջը իրավացիորեն բավարարել էր եւ պարտավորեցրել հիմնադրամին տրամադրել տեղեկատվությունը։ Այնինչ արդեն այս տարվա հունվարի 30-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է նշված ակտը։ Մի դատավճիռ, որի օրինականությանը վստահելու որեւէ հիմք չենք կարող ունենալ։ Սա ընդամենը մեկ օրինակ է այն բազմաթիվ վճիռների շարքում, որոնց անարդարությունից շարունակում են բողոքել մեր քաղաքացիները։ Հատկապես նախորդ տարիներին մարդու իրավունքների եւ հանրային շահի կոպիտ խախտումներ ու կոռուպցիոն կասկածներ պարունակող գործերով դժգոհությունները մեծ են։ Սա վկայում է դատարանների հանդեպ հիմնավոր անվստահության մասին բոլոր կողմերի համար, ինչպես նաեւ կարող է հուշել դատարանների սաբոտաժի մասին։ Հեղափոխությունից հետո մենք շարունակ տեսնում ենք դատավորների որոշումների հետեւանքով հանրային ցասումի բռնկումներ, բողոքի արտահայտումներ։ Իրավագիտակցության բարձրացման ու արդարադատության հանդեպ վստահության աճի փոխարեն ինքնադատաստանի, հակաիրավական կոչերի ալիքներ են բարձրանում այն պարզ պատճառով, որ դատաիրավական համակարգը դիմադրում է ինքնամաքրմանը։ Նույնիսկ նոր քաղաքական պայմաններում դատական համակարգի պատասխանատուները եւ դատավորները դեռեւս համարժեք չեն արձագանքում բարեփոխումների պահանջներին՝ շարունակելով բազմաչափ վնասներ հասցնել մեր երկրի ներկային եւ ապագային։ Անգամ առանձին մասնավոր գործերով յուրաքանչյուր դատական անարդար որոշում հարված է ոչ միայն տվյալ գործով քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, այլեւհարված է տեղական դատական ատյաններում իրավունքների վերականգնման հանդեպ վստահությանը;հարված է արդարադատության մասին հանրային պատկերացումներին, արդար երկիր ունենալու հանդեպ հավատին;հարված է անգամ պետական բյուջեին այն փոքրաթիվ երջանիկ դեպքերում, երբ եվրոպական դատարանի միջոցով իրավունքների վերականգնման եւ փոխհատուցման հնարավորություն է առաջանում;հարված է մեր երկրի միջազգային վարկանիշին եւ տնտեսական գրավչությանը,հարված է հանրային համերաշխությանը եւ քաղաքացի-պետություն հարաբերություններին;ուրեմն հարված է պետության հիմքերին եւ քաղաքացիների ու բոլոր սոցիալական խմբերի շահերին։Դատարանների համակարգային իներցիան չափազանց թանկ է նստում մեր երկրի եւ քաղաքացիների վրա։ Այս պայմաններում, երբ հենց իրենք դատարաններն են շարունակում խախտել մարդկանց իրավունքները, կոծկել կոռուպցիան եւ խոչընդոտել, նույնիսկ ձախողել արդարադատությունը, մենք չենք կարող ապավինել դրանց ինքնուրույն բարեփոխմանը։ Մենք պարտավոր ենք դիմել անցումային արդարադատության գործիքներին, մշակել այն ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնցով վերջապես կձեւավորենք իրապես անկախ արդարադատական համակարգ, որտեղ դատավորների վճիռները չեն մեկնաբանվի իբրեւ քաղաքական-կուսակցական կամ մասնավոր նպատակներ հետապնդող եւ չեն դառնա հանրային ցասումի ու բողոքի առարկա։ Արդեն իսկ հայտարարվել է «վեթինգ» (vetting – ստուգում) կոչվող գործիքի մասին։ Բազմաթիվ մասնագետներ եւ հասարակական կազմակերպությունների փորձագետներ հասցրել են բազմակողմանիորեն քննարկել այն, դրա գործադրման քայլերի ու չափանիշների մշակման շուրջ առաջարկներ անել։ Վեթինգի, այսինքն՝ պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին ստուգելու գործընթացը հանրային մակարդակում մեծ հաշվով վաղուց է սկսված: Տարիներ շարունակ հրապարակվել են դատավորների ընդունած անօրինական վճիռների, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի եւ վերաբերմունքի, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ։ Ես ինքս օրերս հայտարարությամբ հանդես եկա՝ կոչ անելով քաղաքացիներին, լրագրողներին եւ հասարակական կազմակերպություններին այսպիսի արժանահավատ փաստերի մասին հրապարակումներ անել՝ անվանապես նշելով դատավորներին։ Նման հանրային նշանակության տեղեկատվության շուրջ այս օրերին մենք, իրոք, տեսնում ենք հրապարակային քննարկման ակտիվացում։ Իմ այս կոչին, սակայն, եղան նաեւ որոշ փաստաբանների «զարմացած» արձագանքներ, որոնք էլ ավելի են ամրապնդում իմ համոզմունքը, որ դատաիրավական համակարգի թափանցիկացման եւ իրական անկախացման մեր ջանքերը խիստ անհրաժեշտություն են։ Մեր այս աշխատանքները հիմնավորված, համակարգված եւ հստակ չափորոշիչներով, ներառական քննարկումներով եւ իրավական լուծումներով պետք է շարունակվեն։ Ես ակնկալում եմ, որ այս գործընթացի արդյունքում, ինչպես ցանկացած ժողովրդավար երկրում, Հայաստանում եւս դատավոր լինելը պետք է նշանակի՝ լինել մարդկանց իրավունքների եւ հանրային շահերի պաշտպանությանն ապավեն, լինել կարեկցող, բարեխիղճ եւ արդարամիտ լինել արդարադատության պաշտպան,լինել պրոֆեսիոնալ եւ վերջապես լինել կոռուպցիայի, թալանի եւ այլ հանցանքների հակառակորդը, ոչ թե դրանց մարմնացումներից մեկը։Անխտրական սկզբունքով բոլոր դատավորների նկատմամբ վեթինգի կիրառումով ակնկալում եմ, որ մեծ տեղաշարժ եւ օդափոխություն կբերենք այս կարծրացած համակարգին։ Կազատագրենք դատարանը, դատավորին եւ արդարադատությունը։ Կստեղծենք պայմաններ դատավորների համար գործել անկախ՝ ազատ բոլոր քաղաքական-կուսակցական կամ մասնավոր անօրինական ազդեցություններից, ձեռք բերել հանրային վարկ եւ հեղինակություն եւ նրանց որոշումների հանդեպ վստահություն։ Վերջին իրադարձություններին դատավորների արձագանքները, նկատի ունեմ ոչ միայն որոշների ցինիկ մեկնաբանությունները, այլեւ շատերի լռությունը, խոսուն կերպով ցուցադրեցին համակարգի խորքային խնդիրները եւ հասարակություն-դատարան անջրպետը։ Դատավորները հանրության կյանքի մասը լինելու, մարդկանց հետ խոսելու, քաղաքացիների պահանջը հասկանալու փոխարեն կրկին մեծապես անհաղորդ ու լուռ մնացին, նրանք չմոտեցան մարդկանց հարցնելու, թե ինչումն է նրանց բողոքը։ Այնինչ յուրաքանչյուր դատավորի առաջին մտահոգությունը պիտի լիներ մարդկանց վստահությունը շահելը՝ որպես սեփական գործունեության միակ հենարան։ Ավելին՝ armtimes.com֊ում։  
11:45 - 25 մայիսի, 2019
Նազարյանը կոչ է անում՝ որևէ դատավորի կողմից գործած անօրինականության մասին փաստեր ունենալու դեպքում անհապաղ հրապարակել

Նազարյանը կոչ է անում՝ որևէ դատավորի կողմից գործած անօրինականության մասին փաստեր ունենալու դեպքում անհապաղ հրապարակել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տարածել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը, որով նա կոչ է անում՝ որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության մասին փաստեր ունենալու դեպքում անհապաղ հրապարակել։Նա մասնավորապես ասել է․«Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել»։
11:45 - 22 մայիսի, 2019
Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական |armtimes.com|

Դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ vetting-ի կիրառումը դարձել է հրամայական |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հստակ հայտարարեց՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը եւ ներկայացրեց արվելիքի օրակարգը՝ բաղկացած 5 կետից։ Այդ կետերից մեկը, ինչպես նշեց վարչապետը, Հայաստանում գործող բոլոր դատավորներին, այսպես ասած, vetting-ի ենթարկելն է: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Թեմայի շուրջ զրուցել ենք ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։Տիկին Նազարյան, վարչապետն այսօր հայտարարեց դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին։ Դատավորները հիմա էլ ներկայացնում են տարեկան հայտարարագիր, դրանից բացի՝ ինչպե՞ս է ստուգվելու նրանց գույքային վիճակը։Այսպես ասած, vetting-ն անցումային արդարադատության գործիքներից է եւ օգտագործվում է պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին ստուգելու ժամանակ: Գույքային vetting-ի ենթարկվող պաշտոնյաները պետք է ներկայացնեն է՛լ ավելի մանրամասն հայտարարագիր եւ հայտնեն այս պահի դրությամբ իրենց ունեցած գույքի մասին: Ի տարբերություն տարեկան եկամուտների մասին հայտարարագրի՝ vetting-ի հայտարարագիրը միանգամյա է: Այս հայտարարագիրն էլ հիմք կլինի vetting-ի գործընթաց սկսելու համար: Այն պաշտոնյաները, տվյալ դեպքում դատավորները եւ գուցե նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք չեն ցանկանա հանրությանը հայտնել իրենց գույքի եւ դրա ծագման մասին տեղեկություններ, պետք է հեռանան համակարգից, քանի որ իրենց ոչ թափանցիկ եւ հաշվետու վերաբերմունքով ստվեր են գցում եւ գցելու դատական համակարգի անկախության վրա:Այս պահին պարզ չէ, թե որ մարմինն է ստուգելու հայտարարագիրը: Միջազգային պրակտիկայում հայտնի է, որ դա անում է կամ հանրային հեղինակություն ունեցող հանձնաժողովը, կամ էլ հակակոռուպցիոն մարմինը: Մեր դեպքում, ամենայն հավանականութամբ, կլինի երկրորդ տարբերակը։Ինչո՞ւ է պետք օգտագործել vetting-ն ընդհանրապես:Հայաստանում դատական համակարգի հանդեպ եղած հանրային անվստահությունն այն աստիճանի է, որ այս գործիքի կիրառումը դարձել է հրամայական: Ընդ որում՝ անվստահության վերաբերյալ հայտարարություններ հնչում են դատական գործընթացի՝ առանց բացառության բոլոր կողմերից: Այստեղ նույնիսկ արդեն կարեւոր չէ՝ դատարանի որոշումը օրինական է, թե անօրինական, հիմնավորված է, թե անհիմն, որովհետեւ, միեւնույն է, չկա վստահություն, եւ սա է առանցքային հարցը: Մինչդեռ, անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացնում դատարանը որեւէ մեկի մոտ նշույլ անգամ կասկած չպետք է մնա, որ դատարանը գործել է անկախ: Իսկ հիմա դատարանի որոշումից դժգոհները սկսում են տարբեր ազդեցություններ փնտրել, ինչն էլ խաթարում է արդարադատության հաստատումը: Փաստաբանները, պաշտպանները, դատախազները, քննիչները, մեղադրյալները՝ դատավարության գործընթացի բոլոր կողմերի մոտ կա կասկած, որ դատարանն անկախ չէ:Սա նման է խելագարության ու մշտապես լարված վիճակում է պահում հանրությանը: Ինձ բացարձակ միեւնույն է, թե որ գործով ինչ որոշում կկայացնի դատարանը. ինձ պետք է վստահություն, որ այն պրոֆեսիոնալ է եւ անկախ: Ու այս ամենի մեջ ինձ զարմացնում է դատավորական համայնքի օդերում լինելը, բացարձակ անտարբերությունն իրենց հանդեպ ունեցած այս ծայրահեղ աստիճանի անվստահության նկատմամբ: Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում այդ համայնքը բացարձակ անհաղորդ ու անմասնակից մնաց իրենց հանդեպ հնչած մեղադրանքների նկատմամբ:Վստահության կորուստը պետք է լիներ դատավորների համար առաջին մտահոգությունը, մինչդեռ ոմանց մտահոգությունը պատուհանից դատարան խցկվելն է: Ասենք թե պատուհանից ներս մտավ, հասավ իր աթոռին՝ չի՞ մտածում, որ իր որոշումը, ինչպիսին էլ լինի, շահարկվելու է ու չի՛ ընդունվելու:Դատավորներից մեկն էլ, անունը չնշեմ, ասում է՝ վեթթինգ է, թե ինչ է, դատավորի համար ստորացուցիչ գործընթաց է…: Ես ուզում եմ հասկանալ՝ իսկապե՞ս ստորացուցիչ է հանրությանը հայտնել տիրապետած գույքի մասին տեղեկություն: Իմ կարծիքով՝ ստորացուցիչ է հանուն Հայաստանի Հանրապետության կայացրած որոշման հանդեպ տոտալ անվստահությունը:Իսկ ինչպե՞ս են բացահայտվելու դատավորների ունեցած քաղաքական կապերն ու ծագումնաբանությունը, ինչպե՞ս է հնարավոր ինֆորմացիա ձեռք բերել նրանց՝ նախորդ շրջանում ծավալած գործունեության, նրանց՝ նախկին կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչների հետ կապի եւ անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։Հայտարարագրի իմաստն այն է, որ այդ ամբողջ ինֆորմացիան տրամադրում են պաշտոնյաները, իսկ եթե կեղծում են հայտարարագրման ենթակա տվյալները, ապա պետք է է՛լ ավելի խիստ պատասխանատվության ենթարկվեն, քան հիմա է նախատեսված տարեկան եկամուտների մասին կեղծ տվյալներ տրամադրելու համար:Շարունակությունը՝ armtimes.com
11:28 - 21 մայիսի, 2019
Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին․ Լենա Նազարյան

Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատական համակարգին և դատարանների մուտքերը փակելու ակցիային։ «Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել։ Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։ Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու պրակտիկաներից։ Պետք է ազատվեին կոռումպացված և հին համակարգի հետ մասնավոր շահերով կապված դատավորներից։ Եվ պետք է գնային ՀՀ-ում իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելուն։ Սակայն դա տեղի չունեցավ։ Դատական համակարգը մնաց անհաղորդ ժողովրդի պահանջներին և հեղափոխության բերած ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին։ Դատարանները մնում են անվստահելի առանց բացառության ԲՈԼՈՐ կողմերի համար, այդ անվստահությունը ճգնաժամեր է առաջացնում։Այսօրվա ժողովրդական ակցիայով մենք ցանկանում ենք, որ դատարանները և դատական ողջ համակարգը առերեսվի Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության փաստին, պարտավորված զգա իրական և խորքային ռեֆորմներով արձագանքել մեր երկրի փոփոխություններին։ Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին և դատական համակարգին կպարտադրի լուրջ ռեֆորմների գնալ։Կոչ եմ անում նաև ակցիայի մասնակից համաքաղաքացիներին դատավորների և դատարանների աշխատակիցների նկատմամբ հարգալից լինել, որևէ անկարգության կամ սադրանքի չտրվել։ Մենք ձևավորում ենք Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները գերակա են, որտեղ բռնությունները, կոռուպցիան և անարդարությունը տեղ չունեն»։
06:05 - 20 մայիսի, 2019
Խստորեն դատապարտում եմ Վարդգես Գասպարիի և Հրանտ Մարգարյանի հանդեպ կատարած խուլիգանական գործողությունները․ Լենա Նազարյան

Խստորեն դատապարտում եմ Վարդգես Գասպարիի և Հրանտ Մարգարյանի հանդեպ կատարած խուլիգանական գործողությունները․ Լենա Նազարյան

Լենա Նազարյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արմեն Աշոտյանը տարածում է 5-րդ ալիքի տնօրինության հայտարարությունը, որտեղ գրված է, որ անհայտ պայմաններում ակտիվիստը (Վարդգես Գասպարին) ստացել է տուժողի կարգավիճակ։ Մինչդեռ կա տեսանյութ, որտեղ միանշանակ երևում է, թե ինչպես է Արմեն Թավադյանը շիշը շպրտում տուժողի ուղղությամբ ու վնասում քունքը (կա դատաբժշկական փորձաքննություն), իսկ Արմեն Աշոտյանն ամբողջությամբ միանում է հայտարարության գնահատականին։ Այսինքն խնդիր չի տեսնում, որ մարդու առողջությանը դիտավորյալ վնաս են պատճառում։ Սակայն, հաջորդ իսկ գրառմամբ, չգիտես ինչ տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանին մեղադրում է շարունակաբար բաժանարար պատեր կառուցելու, ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելու մեջ, երբ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ պայքարող ակցիայի մասնակիցները հարձակվում են Հրանտ Մարգարյանի վրա։ Ուրեմն զազրելի է ոչ միայն մարդու առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, քաղաքական ընդդիմախոսի վրա հարձակվելը, քաշքշելը, վիրավորելը, այլ նաև նման պահվածք կատարած անձանց տարբերակելը։ Խստորեն դատապարտում եմ Վարդգես Գասպարիի և Հրանտ Մարգարյանի հանդեպ կատարած խուլիգանական գործողությունները»։ 
18:18 - 18 մայիսի, 2019
Լենա Նազարյանը հանդիպել է Հայաստանի մարզերի աշակերտների հետ

Լենա Նազարյանը հանդիպել է Հայաստանի մարզերի աշակերտների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի՝ Եվրամիության աջակցությամբ կազմակերպված «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրում ներգրավված Հայաստանի մարզերի աշակերտների, ծրագրի ղեկավարների հետ: Լենա Նազարյանը խոսել է ժողովրդավարության մասին՝ մասնավորապես անդրադառնալով ժողովրդավարական երկրի արժեքներին եւ նման պետությունում ապրող մարդկանց գործելակերպին ու ակնկալիքներին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ժողովրդավարությունը, լինելով ազատություններ տրամադրող համակարգ, նաեւ ուղիղ կապ ունի մրցակցության հետ: Ժողովրդավարությունն ապահովում է այն անհրաժեշտ համակարգը, որով հասարակության ճահճացում տեղի չի ունենում եւ մարդիկ, սոցիալական խմբերը կարողանում են փոխզսպել միմյանց, մշակել արդարացի համակեցության սկզբունքներ՝ առանց ներքին բեւեռացումների, անհավասարության կոնֆլիկտների ու բռնությունների: ԱԺ փոխնախագահը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են ապատեղեկատվության տարածման դեմ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությանը, 12-ամյա կրթության բովանդակության փոփոխմանը, արհեստագործական հաստատությունների վերականգնմանը, երիտասարդների զբաղվածության ապահովմանը, Երեւանից հեռու գտնվող մարզերում «Թումո» կենտրոնների բացման հնարավորությանը, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվելիք քայլերին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը: Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ԱԺ փոխնախագահը նշել է. «Այո՛, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչի մասին հատկապես վկայում են անցյալ տարի տեղի ունեցած ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող խորհրդարանական ընտրությունները»: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում հասնել ժողովրդավարության այն մակարդակին, որը թույլ կտա արդար, բարեկեցիկ եւ ապահով հասարակություն կառուցել: Անդրադառնալով ուսման վարձերի հարցին՝ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջիկայում խորհրդարան կներկայացվի մի նախաձեռնություն, ըստ որի՝ աշխատող ուսանողի աշխատավարձի եկամտահարկը կուղղվի ուսման վարձի վճարմանը: Հանդիպումից հետո հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում:
13:05 - 26 ապրիլի, 2019
Տարածաշրջանում լարվածությունը խոչընդոտում է համագործակցության ընդլայնմանը. Լենա Նազարյան |news.am|

Տարածաշրջանում լարվածությունը խոչընդոտում է համագործակցության ընդլայնմանը. Լենա Նազարյան |news.am|

news.am։ Տարածաշրջանում լարվածության առկայությունը խոչընդոտում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի առանձին անդամների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանը: Ապրիլի 16-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՊՏԽ) խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերին նվիրված 52-րդ նիստին նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նա վստահություն հայտնեց, որ այս խնդիրը կարելի է լուծել բազմակողմանի երկխոսության զարգացման միջոցով: «Միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարող է որպես տարածաշրջանային բնույթի խնդիրների քննարկման եւ լուծման համապատասխան մեխանիզմ ծառայել», - բացատրեց Նազարյանը:
08:53 - 16 ապրիլի, 2019