Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հակոբ Արշակյանն ու Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը քննարկել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները

Հակոբ Արշակյանն ու Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը քննարկել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 7-ին ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի (PAYFA) ղեկավար Արամ Ղահրամանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավոր Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից։ Քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները եւ մասսայականացմանն ուղղված ծրագրերը: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ Սփյուռքի ներուժը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվի՝ տեղական ֆուտբոլի հետագա կատարելագործման եւ սփյուռքի մեր հայրենակիցներին այդ գործընթացին ներգրավելու նպատակով: Արամ Ղահրամանյանն ու Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են այն ծրագրերը, որոնք Հայաստանը ֆուտբոլի միջոցով աշխարհին ավելի ճանաչելի կդարձնեն: Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի հիմնական գործառույթը սփյուռքի տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու ներգրավումն է հայկական ֆուտբոլում: PAYFA-ի առաջին հավաքը կայացել է Լոս Անջելեսում, ընդգրկված են եղել ԱՄՆ-ի եւ Կանադայի՝ 2009 թ. ծնված հայազգի երեխաները: Նրանցից 8 լավագույնները եկել են Երեւան: Արամ Ղահրամանյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նաեւ սփյուռքի այլ համայնքներում:
16:44 - 07 հուլիսի, 2022
Պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին. Հակոբ Արշակյան

Պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` արձագանքելով մամուլում շրջանառվող, իր անվան հետ կապված որոշ լուրերի: «Վերջին երկու օրում մամուլում իմ անվան հետ կապված, միանգամից երկու նյութեր հայտնվեցին. մեկն այն մասին էր, թե որտեղից մինչև իմ` 2018 պետական պաշտոնի` Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, իմ կողմից հայտարարագրած դրամական միջոցները։ Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, սկսած 2010 թվականից` աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում, իսկ 2014 թվականից ղեկավարել եմ նույն ընկերության տարածաշրջանային գործընկերների ծրագիրը, որն ընդգրկում էր Հնդկաստան, ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա տարածաշրջանը, և ստացել եմ համապատասխան վարձատրություն, որը շատ ավելին էր, քան իմ այժմյան աշխատավարձն է։ Ահա թե որտեղից իմ հայտարարագրած դրամական միջոցները։ Ինքնին հասկանալի է, որ նյութը գրողների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ որ նախկինում միջոցները անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։ Այս մասով արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին։ Երկրորդ նյութն այն մասին էր, թե իբրև ինձ սպասարկող մեքենան «ճռիկներ» է անում Ազատության հրապարակում։ Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների հանդիսավոր արարողությանը, և Ազատության հրապարակի` տեսանյութում երևացող հատվածը տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան։ Բոլորիդ լավ տրամադրություն և հրաշալի աշխատանքային օր եմ մաղթում»,- գրել է նա։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:19 - 16 հունիսի, 2022
Հետաքրքրված ենք, որ պատմականորեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ և արժանապատիվ կյանքը․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Հետաքրքրված ենք, որ պատմականորեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ և արժանապատիվ կյանքը․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 10-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Կարեւորելով Միխայիլ Շվիդկոյի այցը մեր երկիր՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է, որ այս տարին հոբելյանական է. նշվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը: Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կտա հոբելյանական տարում նախատեսված միջոցառումներին»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության օրակարգին՝ համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջեւ գործընկերային հարաբերություններն անշեղորեն զարգանում են: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է այն փաստը, որ այս տարվա ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ հատվածում կանգնեցվեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը: Միխայիլ Շվիդկոյը եւս բարձր է գնահատել երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մակարդակը եւ հավելել, որ երկու երկրների միջեւ ակտիվ զարգանում են կապերը մշակութային, կրթական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Հյուրի խոսքով՝ իրենք հետաքրքրված են, որ պատմականորեն այնտեղ ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ եւ արժանապատիվ կյանքը: Այս հարցում Միխայիլ Շվիդկոյն ընդգծել է ռուս խաղաղապահների դերակատարությունը: Քննարկվել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
15:24 - 10 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: «Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը: 2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: «Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:33 - 07 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերությունները

Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերությունները

Իտալիայի ազգային տոնի կապակցությամբ հունիսի 2-ին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հյուրընկալվել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։ Այս մասին Արշակյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնի հետ փոխադարձաբար ընդգծեցինք հայ և իտալացի ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում ունեցած բարեկամական ջերմ հարաբերությունները, խոսեցինք մշակութային, հոգևոր հարուստ ավանդույթների մասին»,-նշել է Արշակյանը: Շնորհավորական խոսքում ԱԺ փոխնախագահը մասնավորապես ընդգծել է, որ հայերենով տպագրված առաջին գիրքը լույս է տեսել Վենետիկում՝ 1512 թվականին: «Հայկական մշակույթի վերածննդի կարևորագույն կենտրոններից է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք դար է՝ գործում է հայագիտության առանցքային կենտրոններից մեկը՝ Մխիթարյան հայրերի միաբանությունը։ Այն անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գիտամշակութային ժառանգության հարստացման գործում։ Հատկանշական է, որ Իտալիան հյուրընկալում է ամենամեծ թվով հայագիտական կենտրոնները»,-շեշտել է ԱԺ փոխնախագահը: Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամության վաղեմի ավանդույթների վրա հիմնված հայ-իտալական ջերմ հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։
14:35 - 04 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանը Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

Հակոբ Արշակյանը Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 18-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Սենատի՝ մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ու Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ թե՛ բարեկամական խմբերի մակարդակով, թե՛ միջազգային տարբեր հարթակներում հայ-չեխական համագործակցությունն արդյունավետ զարգանում է: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման հարցում Չեխիայի քաղաքական աջակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Անդրադառնալով մեր երկրում ազատ մամուլի դերին ու ժողովրդավարության ամրապնդման հարցում իրականացվող քայլերին՝ ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ 2018 թ. հեղափոխությունից հետո Հայաստանն առաջընթաց է արձանագրել այդ հարցերում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր մամուլը գերակշռում է դաշտում, եւ ընդդիմության ձայնն ամբողջովին լսելի է: Տարածաշրջանային եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներից խոսելով՝ Հակոբ Արշակյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց ազատ արձակման հարցը: Նշվել է, որ «Human rights watch» կազմակերպության վերջին զեկույցում փաստեր կան հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ խոշտանգումների վերաբերյալ: «Ակնկալում ենք մեր չեխ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող մեր ջանքերին»,- ասել է Հակոբ Արշակյանը: Չեխիայի Սենատի փոխնախագահը նշել է, որ իր երկիրը նույնպես հետաքրքրված է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց ազատ արձակման հարցով: Նրա խոսքով՝ որպես ԵՄ անդամ եւ քրիստոնյա երկիր՝ Չեխիան կարեւորում է հայկական քրիստոնեական արժեքների պահպանումը: Շեշտվել է խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Կարեւորելով տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը՝ ԱԺ նախագահի տեղակալը վերահաստատել է Արցախի ազատությունն ու անվտանգությունը, Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման եւ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու հայկական կողմի վճռականությունը: Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կարգավիճակի հարցը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ: Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումն այլընտրանք չունի: «Մեզ համար ողջունելի են ձեր ձգտումներն ու քայլերը մեդիայի, ժողովրդավարության ոլորտներում, օրենսդրական դաշտի ժողովրդավարացման ուղղությամբ»,- շեշտել է Յիրժի Ռուժիչկան: Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Ներկայացվել են երկրի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են մեդիաոլորտի խնդիրները, անդրադարձել ԶԼՄ-ների անկողմնակալ աշխատանքի համար իրականացվող օրենսդրական քայլերին ու միջոցառումներին: Կարեւորվել է այս բնագավառում հայ-չեխական փոխգործակցությունը:
17:47 - 18 մայիսի, 2022
Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։  Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Գևորգ Պապոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Շիրակ Թորոսյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նիստի ընթացքում արդյունավետ աշխատանք կիրականացվի: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախորդ օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակին: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են կազմակերպության խնդիրները, անդրադարձել ձեռքբերումներին ու բացթողումներին, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը: «Կարծում եմ՝ խորհրդարանական հարթությունում մենք հավատարիմ կմնանք նույն նշաձողին, և առկա համաձայնագրերը կոնկրետ բովանդակությամբ լրացնելու մեր համատեղ ջանքերը կմեծացնեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի իրական ներդրումը կազմակերպությունում մեր երկրների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման գործում»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերը, ԽՎ-ի 2021-2025 թթ. գործունեության հեռանկարներն ու օրակարգային այլ հարցեր: Խորհրդարանական վեհաժողովում Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի դիմումի և ՀԱՊԿ ԽՎ-ում նրան դիտորդի կարգավիճակ տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը վերահաստատել է այդ առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովն այդ հարցում առարկություններ չունի:
15:22 - 17 մայիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հակոբ Ասլանյանը: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված են սերտ, բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, աղետների կանխարգելման եւ մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում: «Խոսելով միջխորհրդարանական կապերի ամրապնդման մասին՝ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական բարեկամական խմբերն արդյունավետ կհամագործակցեն եւ նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցությանը: Տարածաշրջանային խնդիրների համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու հանձնառությունը: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ խաթարել կայունությունը տարածաշրջանում. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում: Չլուծված է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց խնդիրը: ԱԺ փոխնախագահը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, հայ եւ ճապոնացի ժողովուրդների մշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ բարեկամական խմբի ղեկավարը եւս պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը, արժեւորել տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Մշակութային կապերի սերտացման համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է ապրիլի 15-ին Ազգային ժողովի այգում Հանամիի տոնը նշելը, ինչը հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային երկխոսությունը հավաստող եւս մեկ վկայություն է: Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանն իրենց համար կարեւոր գործընկեր է եւ՛ երկկողմ, եւ՛ միջազգային համագործակցության համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տարո Հոնդան նշել է, որ իր երկիրը 44-օրյա պատերազմի օրերին կողմերին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու կոչ էր արել: Նա ընդգծել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու կարեւորությունը: ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, անդրադարձել առեւտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին: Նշվել է, որ հատկապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտներում առկա են համագործակցության լայն հնարավորություններ:
18:28 - 02 մայիսի, 2022
Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին Նիդերլանդների Ազգային տոնի կապակցությամբ: Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարևորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը և հետևողական կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում, ինչը վկայում է համամարդկային արժեքների պահպանման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում Նիդերլանդների հավատարմության մասին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ դեռևս լուծված չեն կարևոր հումանիտար հարցերը: Դրանք են` Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պահպանման խնդիրները, որոնք պետք է լինեն եվրոպացի գործընկերների ուշադրության ներքո: Նիկո Սխերմերսը խոսել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունից, ներկայացրել դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը` ուղղված ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը: Կողմերը կարևորել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության խորացումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ և հույս հայտնել, որ Նիդերլանդներն իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Մերի Գալստյանը:
20:01 - 29 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021 թ. գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ժողովին

Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021 թ. գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ժողովին

2021 թ. ՀՀ ԳԱԱ-ն գործունեությունն իրականացրել է հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերների ու խնդիրների պայմաններում. ապրիլի 29-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ժողովին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, արտասահմանյան պատվիրակության անդամներ: Աշոտ Սաղյանն անդրադարձել է ակադեմիայի կարգավիճակին, առանձնահատկություններին, գիտական ներուժի համալրմանը, գիտության երիտասարդացմանն ուղղված պետական քաղաքականությանը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտակազմակերպական գործունեությունը: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՄՀՄԻ-ի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով: 
16:09 - 29 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում  Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների: «Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից և տարածաշրջանի այլ պետություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տևական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ըստ աղբյոեւրի՝ փաստել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
20:08 - 25 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: Հայ և ռուս խորհրդարանականները հանձնաժողովի 34-րդ նիստն անցկացրել են ապրիլի  22-ին Ստեփանավանում: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը։ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Նա կարևորել է տարածաշրջանում կայունության հաստատումը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով: Վիկտոր Բոնդարևն անդրադարձել է միջխորհրդարանական նպաստավոր համագործակցությանը, մի շարք ոլորտներում կապերը խթանելուն ուղղված նախաձեռնություններին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն իր հերթին կարևորել է ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում խաղաղության պահպանման հարցում: Ողջույնի խոսքում նա նշել է, որ հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում թույլ է տալիս տեղում ծանոթանալու մարզերի հնարավորություններին, նախանշելու հետագա համագործակցության կոնկրետ քայլերը: «Մեր երկրների դաշնակցային և գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի, վստահության և փոխադարձ աջակցության վրա և համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Ուրախ եմ փաստել, որ երկու պետությունների միջպետական հարաբերություններն այսօր քաղաքական բարձր մակարդակի վրա են և շարունակում են ամրապնդվել բոլոր ուղղություններով»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցին, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ նշելով, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն կա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում և այլ խորհրդարանական կառույցներում: Խոսելով այսօրվա նիստի օրակարգային հարցերի մասին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ կնախանշվեն արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: «Պետք է հետևողականորեն զարգացնել առկա ձեռքբերումները և ձգտել ավելի նշանակալի արդյունքների»,- ընդգծել է նա: Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում ավանդական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է եղել օրենսդրական մոտարկման, տարածաշրջանային համագործակցության ակտիվացման հարցերին, ընդգծվել է ԱՊՀ ՄԽՎ-ի և ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Վարդանյանը բարձրացրել է հանձնաժողովի շրջանակում խմբի ստեղծման հնարավորության հարցը, որը ոլորտային ուղղություններով կքննարկի երկկողմ օրակարգի խնդիրները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խոսել է տնտեսության, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ կապերի ու ծրագրերի մասին: Նա կարևորել է համատեղ կազմակերպությունների հիմնումը, անդրադարձել ապրանքաշրջանառության ծավալներին՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը նպաստել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնմանը: Խոսելով ապրանքաշրջանառության ծավալների մասին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Պատգամավորն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, ռազմական ոլորտում համագործակցությանն ու ԼՂ հակամարտությանը: Ռուսական կողմից թեմայի շրջանակում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսլականին անդրադարձել են Վլադիմիր Ջաբարովը, Նատալյա Կոսիխինան և Օլեգ Մատվեյչևը: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ տոնակատարությունների անցկացմանը: Քննարկվել են երկկողմ իրականացվող ծրագրերին, հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը խոսել է մշակութային միջոցառումների անցկացման մասին: Նա կարևորել է Լոռու մարզում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնումը, որն իրականացվել է պետական միջոցների հաշվին: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը: Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաստատվել է խորհրդի կազմը, նշանակվել են համանախագահողները: Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում այս տարվա հուլիսին: Հակոբ Արշակյանը և Վիկտոր Բոնդարևն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և անձամբ Հակոբ Արշակյանին` նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գնահատմամբ` նիստի արդյունքները գոհացուցիչ էին, քննարկումներն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Նրա խոսքով` տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
19:26 - 22 ապրիլի, 2022
Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում

Համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից՝ NVIDIA ընկերությունը գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ հիշեցնելով, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր NVIDIA ընկերության կենտրոնակայան՝ Սիլիկոնյան հովտում։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպման ընթացում քննարկվել է հնարավոր համագործակցությունը NVIDIA-ի հետ։ «Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ NVIDIA-ն գալիս է Հայաստան: Աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաներից մեկը, որն ունի 27 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն և ավելի քան 20,000 աշխատակից ամբողջ աշխարհում, բացում է իր նոր գրասենյակի դռները Երևանում: Հայաստանյան մասնաճյուղը ղեկավարելու է Ռեւ Լեբարեդյանը՝ Omniverse-ի և սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահը: 1999-ին NVIDIA-ի GPU-ի գյուտը խթանեց համակարգչային խաղերի շուկայի աճը և վերաիմաստավորեց ժամանակակից համակարգչային գրաֆիկան: Ընկերության աշխատանքը արագացված հաշվարկների և արհեստական բանականության ոլորտում վերափոխում է տրանսպորտը, առողջապահությունը և արտադրությունը և խթանում բազմաթիվ այլ ոլորտների զարգացումը: NVIDIA, բարի գալուստ Հայաստան»,-գրել է Արշակյանը:
12:14 - 07 ապրիլի, 2022
Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. Հակոբ Արշակյան

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի շարունակական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին. նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպմանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան մշտապես աջակցել է  Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Հակոբ Արշակյանն առանձնակի ընդգծել է երկու երկրների միջպետական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հիշատակել է մարտի 9-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված՝ «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովը: Խորհրդարանի փոխնախագահի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ այդ համաժողովի անցկացումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը մանրամասներ են ներկայացրել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական գործընթացների ու ներքաղաքական իրավիճակի մասին:
17:54 - 04 ապրիլի, 2022
Իշխանությունը ստացել է բավարար քվեներ, որպեսզի ձևավորի կառավարություն և ընտրի նախագահ. Արշակյան

Իշխանությունը ստացել է բավարար քվեներ, որպեսզի ձևավորի կառավարություն և ընտրի նախագահ. Արշակյան

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը պնդում է՝ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմ է, իշխանությունները ստացել են բավարար քվեներ, որ ձևավորեն կառավարություն և ընտրեն նախագահ: Արշակյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով նախագահի ընտրության գործընթացին ընդդիմադիրների չմասնակցելուն և արված հայտարարություններին: «Պատմական իրադարձություն է այսօր, որովհետև ՀՀ նախագահ ենք ընտրում: Եվ դա տեղի է ունենում 2018 թվականի հեղափոխությունից հետո տեղի ունեցած խորհրդարանական բաց, թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ-ի պատգամավորների ընտրությամբ: Այսինքն՝ այն հրապարակումները, կարծիքները, նաև ակտերը, որոնցով փորձ է արվում որևէ շղարշ գցել լեգիտիմության առումով, ցանկանում եմ ասել, որ ժողովրդի ձայնը ստացած ԱԺ-ի ուժերն են ընտրում նախագահ, և դրանով իսկ ապահովված է այսօրվա գործընթացի ամբողջ լեգիտիմությունը»,-ասաց Արշակյանը: Նա հավելեց՝ իհարկե քաղաքական ուժերն իրավունք ունեն մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին: Արշակյանի խոսքով՝ այսպիսով ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ի պատգամավորներն են, որոնք իրենց ցանկությամբ մասնակցում են կամ չեն մասնակցում ընտրություններին: Անդրադառնալով տեսակետներին, թե նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմ չէ, քանի որ մեկ ուժ է մասնակցում՝ Արշակյանն ասաց, որ նույն հաջողությամբ կարելի էր պնդել, թե իշխանությունները լեգիտիմ չեն, քանի որ առանց կոալիցիայի, միանձնյա են կառավարում երկիրը: «Իշխանությունները ստացել են բավարար ձայնով քվեներ, որպեսզի ձևավորեն թե կառավարություն, թե ընտրեն նախագահ, որպեսզի սահմանադրական օրենքներ ընդունեն և օրենսդրական դաշտն ամբողջությամբ ապահովեն: Եվ դրա լեգիտիմությունը ոչ թե որոշվում է այս կամ այն ընդդիմադիր ուժի հայտարարությամբ, այլ ՀՀ Սահմանադրությամբ»,-ասաց ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ-ում Հանրապետության նախագահի ընտրության գործընթացին ընդդիմությունը չի մասնակցում: Ընտրության առաջին փուլով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Վահագն Խաչատուրյանը չէր ընտրվել, չէր ստացել բավարար թվով ձայներ: Խորհրդարանում անցկացվում է ընտրության երկրորդ փուլը:
13:27 - 03 մարտի, 2022
Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ. Հակոբ Արշակյանը՝ Ստեֆան Դիոնին

Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ. Հակոբ Արշակյանը՝ Ստեֆան Դիոնին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի եւ Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես խորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ եւ արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել: «Դա ամուր հիմք է ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժեւորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը: Անդրադառնալով հետպատերազմյան դեռեւս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը: «Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, եւ մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը: Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարեւորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը: Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարեւորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը: Ստեֆան Դիոնն իր հերթին կարեւորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:
11:14 - 01 մարտի, 2022