ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել. Ժաննա Անդրեասյան

Առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԵՊՀ-ում մասնակցել է սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին կարևոր հոբելյանի առթիվ՝ շեշտելով, որ վերլուծական մտքի ու մտածողության զարգացման կարողությունն այս ֆակուլտետի շրջանավարտների առաջնային մասնագիտական հմտությունն է: «Սոցիոլոգիայի հիմքում մտածելու և վերլուծելու կարողությունների զարգացման կարևոր գաղափարներն են, որոնք այժմ նաև կրթական համակարգի ընդհանուր բարեփոխման հիմքում են դրվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ոչ թե գնալ տարբեր տեղեկությունների ու փաստերի հավաքագրման հետևից, այլ աշխատել վերլուծական մտքի զարգացման ուղղությամբ, որոնք հետագայում կյանքի տարբեր իրավիճակներում օգնելու են ճիշտ որոշումներ կայացնել ու լուծումներ գտնել: ԿԳՄՍ նախարարի խոսքով, որպես այս ֆակուլտետի շրջանավարտ, ուրախությամբ և հարազատության զգացումներով է վերադարձել Սոցիոլոգիայի ֆակուլտետ. «Մեզ կապում է հասարակական գործընթացները հասկանալու և վերլուծելու կարևորության համատեղ գիտակցումը: Մեր ժամանակներում, երբ խոսում ենք գիտության զարգացման մասին, առաջին հերթին անդրադառնում ենք բնագիտական ուղղություններին, ճշգրիտ գիտություններին ու տեխնոլոգիական զարգացմանը, բայց հենց սոցիոլոգիան է, որը թույլ է տալիս հասկանալ, որ իրականում առանց հասարակագիտական վերլուծության տեխնոլոգիական առաջընթացը չի կարող հանրային զարգացում բերել: Մեր պատասխանատվությունն է՝ հասարակագիտական վերլուծության միջոցով ցույց տալ բոլոր խնդիրները, որոնք կարող են ծագել և լուծման ճանապարհներ առաջարկել»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու այս համատեքստում կարևորել սոցիոլոգիական ազնվությունը՝ խնդիրների մասին բաց խոսելու և առանց տաբուների քննարկումներ նախաձեռնելու առումով: Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանում սոցիոլոգիան խուսափել է ետխորհրդային սոցիոլոգիայի ամենավատ միտումներից: «Ներդրվել են ամուր հիմքեր, որոնք պետք է պահել, զարգացնել և առաջ տանել: Այստեղ ձևավորված միջավայրը, ավանդույթներն ու ազատամտությունը շատ կարևոր արժեքներ են, որոնք պետք է ամեն կերպ խրախուսել և զարգացնել»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հույս հայտնել՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները նորանոր հաջողություններ կգրանցեն ամենատարբեր հարթակներում: Նշենք, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 20-ամյակի շրջանակում ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Ժողովրդավարության ճոճանակը. ինքնության ճգնաժամ և արժեքների փոխակերպում» թեմայով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ԵՊՀ և հրավիրյալ բանախոսներն անդրադարձել են ժողովրդավարության, ինքնության ճգնաժամի և արժեքների փոխակերպման հարցերին:
20:26 - 13 նոյեմբերի, 2024
6 օր է՝ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ
 |tert.am|

6 օր է՝ «Գոյ» թատրոնի աշխատակիցները նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ |tert.am|

tert.am: «Գոյ» թատրոնի դերասանները նոյեմբերի 7-ից նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։ Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։  «Գոյ» թատրոնի անձնակազմը երեկ, շարժվել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին՝ հերթական ակցիան իրականացնելու։  Իսկ այսօր ժամը12:00-ին «Գոյ» թատրոնի անձնակազմը ՄԻՊ-ի գրասենյակի մոտ կիրականացնեն ակցիա: Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ «Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։
10:27 - 13 նոյեմբերի, 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Վայգանդը քննարկել են համագործակցության ծրագրերը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Վայգանդը քննարկել են համագործակցության ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ոլորտային ծրագրերին և տարբեր խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին: Նա կարևորել է կազմակերպության դերը ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործում: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախարարության վստահելի գործընկերներից է երեխաների իրավունքներին ուղղված առանցքային ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես, կարևորելով համընդհանուր ներառականությանն ուղղված համատեղ աշխատանքը:  Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից մեկի՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրի ընթացքը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագրում ընդգրկված հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց մի մասում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուս մասում շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:  Ժաննա Անդրեասյանի խոսքով՝  ՀՀ կառավարության կարևոր թիրախներից է բոլոր բնակավայրերի համար նախադպրոցական ծառայության հասանելիության ապահովումը, այդ իսկ պատճառով արդեն իսկ քարտեզագրվել են նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերը:  Այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ Նշված տարիքի 10-50 երեխա ունեցող բնակավայրերում նախատեսվում է հիմնել նախակրթարաններ, իսկ 50-ից ավելի երեխաներ ունեցող բնակավայրերում կկառուցվեն մանկապարտեզներ:  Նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և նրանց կրթական համակարգ վերադարձնելու կարևորությանն ու քննարկել համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև նոր չափորոշչի շրջանակում հանրակրթական դպրոցներում գործող «Առողջ ապրելակերպ» խմբակին, մենթորների վերապատրաստումներին և այլ հարցերի:  Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության համար՝ կարևորելով նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման շուրջ կատարված համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու երիտասարդության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:  
19:22 - 12 նոյեմբերի, 2024
Հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է․ ԿԳՄՍ նախարար

Հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ։ «Գիտության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ գիտնականներ, հետազոտողներ, շնորհավորում եմ Գիտության միջազգային օրվա առթիվ։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների և ծավալվող անորոշության առջև, հանրային ակնկալիքը՝ գիտության միջոցով հարցերի պատասխաններ գտնելու, միայն աճում է։ Գիտելիքահեն տնտեսությունը, հանրային բոլոր ոլորտներում խելացի գործիքակազմերի ներդնումը, մեծաքանակ տվյալների վերլուծության կարիքն ըստ էության հետազոտական նվազագույն հմտությունների անհրաժեշտություն են դնում ոչ միայն գիտնականների, այլ նաև մասնագիտական ծառայությունների ոլորտում ներգրավված բազմաթիվ մարդկանց, կյանքի տարբեր իրավիճակներում հայտնվող քաղաքացիների համար։ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված գիտության ու կրթության ոլորտի բարեփոխումներին, նպատակ ունի զարգացնել գիտական ներուժը՝ դարձնելով այն միջազգայնորեն մրցունակ։ Ցանկանում եմ առանձնակի շեշտել թե՛ բնական, թե՛ հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման առաջնահերթությունը և մեկը մյուսին փոխլրացնելու կարևորությունը, որով պայմանավորված է պետության և հանրության իրական զարգացումը։ Ընդ որում՝ ցանկանում եմ ուրախությամբ շեշտել, որ Կառավարության ծրագրով 2021 թվականին գիտության ոլորտում նախանշած հիմնական թիրախներն արդեն իսկ իրականություն են և հնարավոր են դարձնում մտածել հաջորդ փուլի զարգացման ռազմավարության մասին։ Մասնավորապես՝ գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մրցունակ է դարձրել ոլորտում գիտնականների աշխատավարձը՝ բարձրացնելով միայն բազային ֆինանսավորումը մինչև 300 տոկոսով, ներդնելով թեմատիկ ֆինանսավորման տարաբնույթ ձևաչափեր, նոր դրամաշնորհներ, որոնց շնորհիվ երիտասարդ գիտնականներն ու ասպիրանտները վերապատրաստվում են արտերկրի լավագույն գիտական կենտրոններում։ Հիմնվում են հեռավար լաբորատորիաներ՝ արտերկրի հեղինակավոր գիտնականների հետ համատեղ, արտերկրի գիտնականները, այդ թվում՝ Սփյուռքից, նաև տեղափոխվում են Հայաստան՝ տեղի հետազոտողների հետ գիտական աշխատանք իրականացնելու, նաև դասավանդելու։ Իրականացվում են տնտեսության համար կարևոր կիրառական բնույթի հետազոտություններ, երկրի պաշտպանունակությանն ուղղված գիտական աշխատանքներ, յուրաքանչյուր տարի ձեռք են բերվում արդիական բարձրարժեք գիտական սարքավորումներ՝ աննախադեպ ծավալներով, որոնք թույլ են տալիս մեր երկրում իրականացնել ամենաբարձր մակարդակի հետազոտական աշխատանք՝ միզազգայնորեն մրցունակ գիտական համայնք ձևավորելով։ Այս աշխատանքների շնորհիվ մենք արդեն երկու տարի շարունակ գրանցում ենք գիտության մեջ զբաղված հետազոտողների թվի աճ՝ կոտրելով նախորդ տարիների՝ գիտական աշխատանքով զբաղվածների թվի նվազման միտումը։ Ընդ որում՝ գիտությամբ զբաղվողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդ գիտնականները՝ ցույց տալով, որ գիտությամբ զբաղվելը մեզանում դառնում է մրցունակ ու հետաքրքիր կենսագիծ երիտասարդների համար։ Դրան են ուղղված նաև դպրոցականների շրջանում գիտությամբ զբաղվելու հեռանկարը խրախուսելու քայլերը․ 2021թվականից կազմակերպվում է Համադպրոցական գիտության փառատոնը, այս տարի առաջին անգամ իրականացվեց Գիտության շաբաթը՝ գործընկերների հետ համագործակցությամբ, դպրոցներում հիմնվող բնագիտական և տեղեկատվական նոր լաբորատորիաները գալու են խթանելու փորձարարական միտքն ու միջավայրը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հետազոտական աշխատանքի ընտրության համար։ Միաժամանակ տարաբնույթ ցուցանիշները վկայում են, որ գնալով ավելի ու ավելի մեծ գիտական արդյունք է ստեղծվում բուհերում, որը պետք է միայն խրախուսել՝ հնարավորինս ինտեգրելով բարձրագույն կրթությունն ու գիտությունը։ Կառավարության առաջնահերթ ծրագրերից համարվող Ակադեմիական քաղաքը դառնալու է բարձրագույն կրթության և հետազոտության համար անհրաժեշտ որակյալ միջավայր՝ ձևավորելով գիտությամբ զբաղվելու հրաշալի միջավայր։ Գիտության և բարձրագույն կրթության զարգացման օրակարգերի ինստիտուցիոնալ հենքն ապահովելու է հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Գիտության զարգացման շուրջ խոսակցության հերթական առիթը կունենանք գիտության զարգացման ռազմավարության շրջանակում, որը նախատեսում ենք մեկնարկել առաջիկայում։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, որտեղ առաջ գնալու նախապայմանը դժվար հարցերի մասին խոսելն ու դրանց պատասխանները փնտրելն է։ Գիտությունն է դժվար հարցերին պատասխանելու ամենաարդյունավետ ձևերից մեկը, որտեղ խիստ կարևոր է ազնվությունը, կասկածելու ունակությունն ու սխալներից սովորելու կարողությունը։ Մաղթում եմ մեր գիտնականներին, հետազոտողներին, գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին մտքի ազատություն և ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք։ Շնորհավո՛ր Գիտության միջազգային օր»,- ասված է ուղերձում:
10:53 - 10 նոյեմբերի, 2024
Արաքսիա Սվաջյանը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

Արաքսիա Սվաջյանը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հ․ Կարապենցի անվան թիվ 6, ապա Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոններում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց՝ հույս հայտնելով, որ ատեստավորման  արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։ Հիշեցնենք՝ ատեստավորման քննություններն այս տարի անցկացվում են էլեկտրոնային եղանակով։ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Ատեստավորման էլեկտրոնային համակարգը նախապես փորձարկվել է։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել  ավելի քան 6000 մասնակից։ Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը:
16:31 - 09 նոյեմբերի, 2024
Մեկնարկել է ուսուցիների կամավոր ատեստավորումը. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն

Մեկնարկել է ուսուցիների կամավոր ատեստավորումը. Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշտարակի քննական կենտրոն

Մեկնարկել է 2024 թվականի ուսուցիչների կամավոր ատեստավորումը, որն այս տարի իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Ատեստավորման փուլի առաջին օրը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի և ՀՀ մարզերի գիտելիքի ստուգման 35 կենտրոններում իրականացվում է «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը: Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոց: Նախարարը շրջել է քննական սենյակում, զրուցել ուսուցիչների հետ ատեստավորման անցկացման նոր՝ էլեկտրոնային եղանակի մասին և հաջողություն մաղթել նրանց: Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել է ավելի քան 6 հազար մանկավարժ: Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը: Քննական յուրաքանչյուր կենտրոնում ուսուցիչները կստանան տեխնիկական աջակցություն՝ համակարգ մուտք գործելու և այլ հարցերով:
13:50 - 09 նոյեմբերի, 2024
ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում. «Գոյ» թատրոն

ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում. «Գոյ» թատրոն

ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի միջանկյալ, հրատապ լուծում: Այս մասին տեղեկանում ենք «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից: «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք՝ միջանկյալ հրատապ լուծում. 《Գոյ》թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»,- ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  «Գոյ» թատրոնը վերսկսել է նստացույցը: Հիշեցնենք, որ 35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։ Նոյեմբերի 2-ին «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը հանդես է եկել հայտարարությամբ, որ կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը, սակայն, նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդել է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը վերսկսի իր բնականոն աշխատանքը:
10:26 - 08 նոյեմբերի, 2024
Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները
 |tert.am|

Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները |tert.am|

tert.am: Կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երիտասարդների ինքնիրացման համար նպաստավոր միջավայրի ստեղծման քայլեր են արվում։ Ըստ նրա՝ մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախներն ու շահառուներին, և այս նախագիծը կգա լրացնելու բացը․ «2022-ից մեկնարկելով՝ կառավարության, համայնքների և մասնավոր ոլորտի համագործակցությամբ, մարզերում ձևավորվել է հինգ կենտրոն՝ Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Իջևանում և Վանաձորում: Այս տարի դրանց կավելանա ևս չորս կենտրոն տարբեր մարզերում, հաջորդ տարիների պլաններում նախատեսված է ևս 6 կենտրոնի ձևավորում»,- ասել է նախարարը։  Մյուս տարի կմեկնարկի բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորումը՝ երիտասարդական կենտրոնի, մշակույթի տան, համայնքային գրադարանի ձևաչափերով։ Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմ է առաջարկվում սահմանել 13-35 տարեկանը. «Հիմք են ընդունվել բազմաթիվ հանգամանքներ, որոնք մանրամասնորեն ներկայացված են օրենքի փաթեթի հիմնավորման տեղեկանքում և հիմնված թե միջազգային պրակտիկայի, թե մեր հասարակության ժողովրդագրական իրավիճակի հանգամանքների վրա»,- ասել է նա։
12:24 - 07 նոյեմբերի, 2024
Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան

Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Հյուրերը նախ հետևել են Ապարան համայնքի արվեստի դպրոցի սաների կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսին, ապա ունկնդրել են համերգային ծրագիրը, որի ընթացքում երաժշտական կատարումներով ելույթ են ունեցել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության արդյունքում ձևավորված միացյալ համույթներն ու նվագախմբերը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին, մանկավարժներին ու սովորողներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և կատարած աշխատանքի համար: «Հրաշալի ծրագիր էր. անկրկնելի զգացողություններ ապրեցինք: Նախարարությունը կրթամշակութային շուրջ երկու տասնյակ ծրագրեր է իրականացնում, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որպեսզի մենք շարունակենք խրախուսել տեղերում առկա ներուժն ու դրա զարգացման ուղղությամբ ներդրվող ջանքերը։ Արդեն իսկ ունենք արվեստի և երաժշտական հրաշալի դպրոցներ բոլոր մարզերում և Երևանում: Մենք պարզապես հարթակ ենք տրամադրում, որպեսզի մարդիկ միասին ստեղծագործեն՝  ձևավորելով միջավայր, որից, առաջին հերթին, շահում են երեխաները: Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր և ամենաազդեցիկ ձևերից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ծրագրի իրագործումը։ Մինչ քույր դպրոց այցելությունը՝ մարզաբնակ երեխաները շրջել են Հայաստանի պատմության թանգարանում, հետևել «Մայր աստվածություն․ Անահիտից՝ Մարիամ» խորագրով ցուցադրությանը, ինչպես նաև այցելել Երևանի տեսարժան վայրեր: Նշենք՝ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարվա ընթացքում իր շուրջն է համախմբել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 3000 սովորողների և մանկավարժների: Մշակութային ապակենտրոնացման և տարածքային համաչափ զարգացման, արտադպրոցական ուսուցում իրականացնող հաստատությունների միջև կապեր ստեղծելու, ինչպես նաև համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ տրամադրող ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում Երևանի երաժշտական և արվեստի դպրոցները մարզերի քույր դպրոցների հետ իրականացնում են հագեցած մշակութային ծրագրեր, վարպետության դասեր, ճանաչողական այցելություններ: Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը կեզրափակվի նոյեմբերի 8-ին՝ Կապանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երևանյան 2-օրյա այցելությամբ, որի շրջանակում կիրականացվեն ճանաչողական այցեր Երևանի տեսարժան վայրեր և թանգարաններ, իսկ Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում Սյունիքից ժամանած հյուրերի համար կանցկացվեն վարպետության դասեր, կիրականացվեն համատեղ համերգային ծրագրեր:
18:56 - 05 նոյեմբերի, 2024
Հանրակրթության նոր չափորոշչով մեդիագրագիտությունը սահմանված է առանցքային կարողունակություն․ մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Հանրակրթության նոր չափորոշչով մեդիագրագիտությունը սահմանված է առանցքային կարողունակություն․ մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ն արդեն 7-րդ անգամ անցկացնում է մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մեդիագրագիտության շաբաթի մեկնարկային միջոցառմանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյը, գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը միջոցառման անցկացումը կարևորել է ամբողջ տարվա ընթացքում իրականացվող աշխատանքներն ավելի տեսանելի ու թիրախային դարձնելու առումով, որը պետք է նպաստի իրազեկվածության բարձրացմանն ու ավելի լավ արդյունքների գրանցմանը: Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ փաստել է, որ տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և գործընկեր մյուս կառույցների հետ աշխատում է նույն օրակարգի շուրջ: «Բազմիցս ենք խոսել այն մասին, որ ժամանակակից աշխարհում ամենակարևոր հմտություններից մեկը մեդիագրագիտությունն է, և կրթության ոլորտի փոփոխությունների հիմքում, ըստ էության, ընկած է այս կարևոր անհրաժեշտության գիտակցումը: Բոլորովին պատահական չէ, որ հանրակրթության նոր չափորոշչով մեդիակարողունակությունը և մեդիագրագիտությունը սահմանվում են որպես առանցքային կոմպետենցիա երեխաների համար։ Այս պահանջը ամրագրված է նաև նախադպրոցական կրթության համակարգում: Մեդիագրագիտության թեման ներառված է կրթական ծրագրերում, տարբեր նախագծերում ու նախաձեռնություններում, որոնց մեծ մասը նաև համատեղ են»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել որակյալ գործընկերության համար: ԿԳՄՍ նախարարը ևս մեկ կարևոր հանգամանք է ընդգծել: Նրա խոսքով՝ մեդիագրագիտությունը կրթական բարեփոխումներում ոչ միայն դիտվում է որպես հիմնական կոմպետենցիաներից մեկը, այլև ներդրվում է կրթության այնպիսի գործիքակազմ, որը կարող է աշխատել միայն մեդիագրագետ սովորող ունենալու պարագայում: Որպես օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է նախագծային ուսուցումը և աշխատանքը տարբեր աղբյուրների հետ, որը դառնում է տարբեր առարկաների դասավանդման հիմնական մեթոդներից մեկը. «Սա, առաջին հերթին, ենթադրում է, որ մեր սովորողներն ու նաև ուսուցիչները պետք է կարողանան ճիշտ ընտրել տեղեկատվության աղբյուրներն ու տեքստերը, որոնց հետ պետք է աշխատել: Սա ունիվերսալ հատկություն է և կրթության իրականացման մեթոդի հիմքում ընկած մոտեցում, ըստ որի՝ շահառուն պետք է բավարար մեդիագրագիտություն ունենա: Հետևաբար, այս կարողությունն անհրաժեշտ է ամենուր՝ անկախ նրանից, թե կրթական որ աստիճանի և որ բնագավառի մասին ենք խոսում»: Նախարարը տեղեկացրել է՝ մեդիագրագիտությունը դարձել է նաև ուսուցիչների վերապատրաստման պարտադիր ծրագրի մաս. ուսուցչին ներկայացվող մասնագիտական պահանջների մեջ առանձին ամրագրված են 21-րդ դարի հմտությունները՝ որպես զարգացման կարիք ունեցող առանձին ուղղություն: Մեդիագրագիտությունն այդ հմտությունների շարքում է: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև մեդիագրագիտության շաբաթվա՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրին: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տեխնոլոգիական շեշտակի զարգացումը կրթության համակարգի առջև առաջանցիկ զարգացման խնդիր է դնում: «Կարիք ունենք հասկանալու՝ ինչպես արդյունավետ արձագանքել այդ զարգացմանն ու այն իրողություններին, որոնք տեղի են ունենում այսօր մեր կողքին: Հանրակրթության ոլորտում արհեստական բանականության երկու առանձին դասընթաց ունենք մասնավոր ոլորտի հետ գործակցությամբ: Այսօր արդեն տեսնում ենք, որ արհեստական բանականության կիրառությունը կրթական համակարգի համար մի կողմից նոր հնարավորություններ է ստեղծում, մյուս կողմից՝ լուրջ մարտահրավեր է: Արդեն իսկ նկատում ենք գրագողության դեպքերի նոր խումբ, որի հիմքում ԱԲ կիրառումն է: Տեսնում ենք նաև, թե ինչպես կարող է իրական բովանդակությունը փոխարինվել այն տեքստերով, որոնց հեղինակն արհեստական բանականությունն է: Սա արդեն ցույց է տալիս, որ կրթական համակարգերը պետք է նոր մոտեցումներ ձևակերպեն և կարողանան առնչվել այս իրողություններին՝ հասկանալու համար առաջիկա մարտահրավերները»,- նշել է Ժաննա Անդրեասյանն ու հույս հայտնել, որ մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում կքննարկվեն բոլոր կարևոր հարցերը: Նախարարը կարևորել է նաև մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում ՀՀ մարզերում տարբեր ձևաչափերով միջոցառումների անցկացումը, ինչպես նաև գրադարանների ներգրավվածությունը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ երեխաների հետ կրթական համակարգում աշխատանքով առկա է ընտանիքներին ևս մեդիագրագիտության ավելի լայն ընդգրկվածություն և հասանելիություն ապահովելու հնարավորություն: Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է: Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարվա աշնանը և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդրի վրա։ Նախագծի շրջանակում իրականացվում են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ:
17:31 - 04 նոյեմբերի, 2024
«Նախարարությունը լիազորված չէ դատարանի որևէ վարչական ակտի գնահատական տալ». Սունդուկյան թատրոնի իրավաբան |aysor.am|

«Նախարարությունը լիազորված չէ դատարանի որևէ վարչական ակտի գնահատական տալ». Սունդուկյան թատրոնի իրավաբան |aysor.am|

aysor.am: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը պնդում է՝ որևէ որոշում չկա, որ «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը, ինչպես պնդում են թատրոնի դերասանները՝ հղում անելով Արդարադատության նախարարության պարզաբանմանը։ «Մենք, ինչպես ասել ենք, որևէ խնդիր չունենք մեր գործընկերների հետ, նախկին «Գոյ»-ի աշխատակիցների առջև որևէ դուռ չի փակվելու, բայց դա պետք է հիմնավորի դատարանը»,- ասաց Վարդան Մկրտչյանը՝ նշելով, որ «Գոյ» թատրոնի դերասանների անունից դատարան միջնորդություն է ներկայացվել՝ թատրոնի փաստացի գործունեության դադարեցումը ժամանակավոր փոխելու և մինչև սույն գործով դատական ակտի ուժի մեջ մտնելը պարտավորեցնելու Սունդուկյան թատրոնին «Գոյ»-ի տարածքը վերադաձնել՝ բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով։ Ըստ նրա՝ դատարանը որոշել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժել։ «Խնդրում եմ ասեք, եթե դատարանը որոշում ունի, ես ի՞նչ անեմ»,- ասաց նա։ Նա նշեց, որ մինչև վերջին օրերը՝ դերասանների ներխուժումը թատրոն, իրենք պատրասատկամ են եղել բանակցելու, առաջարկներ են եղել, որ նույնիսկ որպես անկախ թատրոն շարունակում են գործել, և բոլոր տարվա շաբաթ կիրակիները տրամադրում են իրենց, որը ևս մերժել են։ «Առաջարկել եմ նաև համատեղ մշտական աշխատանք, բայց մշտապես ունեմ մերժում»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ նշվում է, որ Արդարադատության նախարարությունն իրավական պարզաբանում է տվել՝ արդյո՞ք կարող են մտնել և շարունակել բնականոն աշխատանքը, ասել են՝ այո՛, Վարդան Մկրտչյանը հայտարարեց, որ նման բան չկա։ Սունդուկյան թատրոնի իրավաբանը, հղում տալով ԱՆ-ի իրենց ուղարկված դիմումին, նշել է, որ նախարարությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում լիազորված չէ դատարանի որևէ վարչական ակտի գնահատական տալ՝ արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքը։ «Արդարադատությունն իրակացնում է միայն դատարանը, որևէ միջամտություն արգելվում է, եթե կա դատական գործ»,- ասացին թատրոնից։ Ի պատասխան այս հայտարարության՝ «Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանը հակառակն է պնդում։ «Սունդուկյան թատրոնի տնօրենը թող մոտենա և մեզ կոնկրետ պատասխանի՝ հիմա բացո՞ւմ է դռները, «Գոյ» թատրոնի մուտքի բանալիներն իր տիրապետության ներքո չպետք է լինեն, ըստ իրավունքի»: Դիտարկմանը, թե իրենց կողմից հղում արված Արդարադատության նախարարության փաստաթուղթը, ըստ Սուդուկյան թատրոնի իրավաբանի, հիմք չի կարող հանդիսանալ, որ բանալիները նրանց տրամադրեն, քանի որ նախարարությունը նման լիազորություն չունի, Կարո Ասատրյանը պատասխանեց, որ ԱՆ-ից իրենք չեն պահանջել որոշում տալ, այլ խնդրել են օրենքի մեկնաբանություն, քանի որ Սունդուկյան թատրոնի տնօրինությունը, նախարությունն ու «Գոյ»-ի տնօրենի ԺՊ նշանակված Կարեն Սիմոնյանը միակողմանիորեն էին մեկնաբանում։ «Մենք ասում ենք՝ կասցեված է, և բերում ենք հիմնավոր ապացույցներ, իրենք պետք է առնվազն սրա հետ հաշվի նստեն, եթե ոչ, մենք այլ ձևով մեր իրավունքները կպաշտպանենք»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ Սունդուկյանի տնօրենը հայտարարեց, որ դատարանը նրանց միջնորդությունը մերժել է, փաստաբանը պարզաբանեց, որ բանակցություններ կան, դատարանը այդ միջնորդությունը մերժել է, որ բավարար հիմքեր չեն ներկայացվել։ «Թեև այդ բավարար հիմքերն ունենք, բայց այս պահին խոսքը ուրիշ բանի մասին է։ Առնվազն Սուդուկյան թատրոնի կողմից «Գոյ» թատրոնի տարածքը օգտագործելու, տնօրինելու իրավունքը կասեցված է՝ համաձայն վարչական դատարանի հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման»,- ասաց նա։
13:49 - 04 նոյեմբերի, 2024
Հայաստանի ծանրամարտի պատանեկան թիմի ներկայացուցիչները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան թիմի ներկայացուցիչները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի ընթացիկ առաջնությունում: Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների 89 կգ քաշային մարզիկների պայքարում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Մնացական Աբրահամյանը և Սուրեն Գրիգորյանը: Մնացական Աբրահամյանը պոկեց 152 կգ և հրեց 191 կգ: Երկամարտի 343 կգ արդյունքով նա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 157 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրելով 193 կգ` Սուրեն Գրիգորյանը նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 350 կգ արդյունքով Սուրեն Գրիգորյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
10:18 - 01 նոյեմբերի, 2024
Աննա Ամրոյանն ու Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիրներ

Աննա Ամրոյանն ու Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիրներ

Հայաստանի պատանի և երիտասարդ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը դարձյալ հաջող է կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին: Պատանեկան հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել է նաև 76 կգ քաշային Աննա Ամրոյանը՝ երկամարտի 228 կգ արդյունքով դառնալով Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Ամրոյանը, գլխավերևում պահելով 100 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում 128 կգ արդյունքով դարձել է փոքր ոսկե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Մ23 տարեկանների առաջնությունում: Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը և 73 կգ քաշային Գոռ Սահակյանը։
12:02 - 31 հոկտեմբերի, 2024