Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

«Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ». Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ աշխարհը Հայաստանն ընկալում է որպես ազգ-նահատակ։ Ըստ նրա՝ պետք է հաղթահարել ազգ-նահատակ բանաձևը և որդգրել «պետության» տրամաբանությունը։ «Շատ կարևոր է, որ մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ։ Սա կարող է շատ պարզ հարց թվալ, բայց այն ունի շատ կարևոր շերտեր և նրբություններ։ Վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները։ Ես գալիս եմ հետևյալ անխուսափելի եզրակացության՝ մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»,- դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս կառավարության մեծագույն առաքելությունը ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարելն է։ «Մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ։ Մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է հետևյալը՝ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է։ Համոզված չեմ, որ սա ճիշտ արձագանք է, որովհետև իմ մտորումները բերում են այն եզրակացության, որ ազգ-բանակը ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է։ Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը չի վիճարկում ուժեղ բանակ ունենալու տեսակետը. «Սա ճիշտ օրակարգ է, բայց ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ մենք ինչքան և ումից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ»։ Նա կարծում է, որ ազգ-բանակ, ազգ-նահատակ բանաձևերը հաղթահարելու համար պետք է որդեգրել պետության տրամաբանությունը. «Պետությունն ունի պատասխանատվության գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն այդ տարածքի շահերին համապատասխան։ Այդ շահը տնտեսական զարգացումն է։ Հետևաբար, ՀՀ-ն պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան»։ «Պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված կանոններով և օրենքներով։ Ես սա ասում եմ հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված օրենքներն ու կանոններն ամեն տեղ ոտնահարվում են։ Մենք շատ ենք խոսում, որ մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք։ Իմ կարծիքով՝ հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որն ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված կանոններով գործելուն համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ արտագաղթի պատճառների 90 տոկոսը ևս կապված է Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականության, «մեր միջավայրի հետ կոնֆլիկտային հարաբերությունների» հետ։
12:08 - 03 դեկտեմբերի, 2024
2025 թվականի պետբյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը վերանայվել են. Վահե Հովհաննիսյան
 |1lurer.am|

2025 թվականի պետբյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը վերանայվել են. Վահե Հովհաննիսյան |1lurer.am|

1lurer.am: Վերանայվել են 2025 թվականի պետբյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը: Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0,5 տոկոսային կետով: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5,5 տոկոսի մակարդակում և կազմում է 604 մլն դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազեցվել է 5,4 մլրդ դրամով»,- ասաց նա: ԲԴԽ-ի ծախսերը, ըստ նախարարի, նվազեցվել են 0,2 մլրդ դրամով 2 դատավորի հաստիքի և վերջինիս հետ կապված տեխնիկական հագեցվածության ու պահուստային միջոցների նվազեցման, ինչպես նաև Գավառի դատարանի նոր շենքի կառուցման աշխատանքների չնախատեսման հաշվին: Առողջապահության նախարարության գծով 3,5 մլրդ դրամով ավելացել են ծախսերը, որն ուղղվելու է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստման աշխատանքների իրականացմանը: ԲՏԱՆ-ի համար նախատեսվել է լրացուցիչ 106 մլն դրամ հատկացնել «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի ծախսերի համար: ՏԿԵՆ-ի ծախսերը նվազել են 200 մլն դրամով: ԿԳՄՍՆ-ի ծախսերն ավելացել են 146,8 մլն դրամով. գումար կուղղվի դպրոցականների առարկայական օլիմպիադաների նախապատրաստմանը, դպրոցական սննդի մասով ծրագրերի ապահովմանը: ԱԳՆ-ի ծախսերը ավելացել են 830 մլն դրամով. գումար կուղղվի 22 դիվանագետի հաստիքի ավելացման և գործուղման ներկայացուցչական ծախսերի համար, 204 մլն դրամ կհատկացվի դիվանագետների բնակվարձի և վարչական աշխատողների աշխատավարձի համար, իսկ 470 մլն դրամ՝ Երևանում անցկացվելիք համաժողովի համար: «Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35,5 մլրդ դրամով: Նշված նվազեցումը հիմնականում պայմանավորված է ՀՆԱ-ի վերագնահատման արդյունքում հարկային եկամուտների նվազեցումով: Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի անփոփոխ՝ 25% պահպանման պայմաններում հարկային եկամուտները նվազել են 39,6 մլրդ դրամով: Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1,6 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ինչպես նպատակային և աջակցության դրամաշնորհների ավելացումով, այնպես էլ փոխարժեքի փոփոխությամբ: Այլ եկամուտների՝ 2,6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատումով, ինչպես նաև փոխարժեքի փոփոխությամբ: Պետբյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը 734 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40,8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42,4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1,7 մլրդ դրամով: Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է մակրոպահուստների նվազեցումով՝ 48,3 մլրդ դրամի չափով, որը նախատեսված էր ՀՆԱ-ի հնարավոր նվազեցումների ռիսկը կառավարելու համար: Այսինքն՝ ըստ էության, մենք այս ռիսկերը, որոնք առկա էին ՀՆԱ-ի աճի հետ կապված, նվազեցրել ենք և համապատասխանաբար նվազեցրել ենք մակրոպահուստները: Կառավարության պահուստային միջոցներն ավելացել են 3,3 մլրդ դրամով: Փոխարժեքի վերագնահատման արդյունքում ծախսերը նվազել են 1,1 մլրդ դրամով: Նախատեսվել են դրամաշնորհային նոր ծրագրեր 1,2 մլրդ դրամի չափով, որից ՇՄՆ-ին նախատեսվում է հատկացնել 1,1 մլրդ դրամ և առողջապահության նախարարությանը՝ 100 մլն դրամ»,- ասաց նախարարը: Վահե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ պատգամավորներից ստացել է 19 առաջարկներ և հարցումներ, որոնց մեծ մասը վերաբերում էին այս կամ այն միջոցառման մեջ ծախսերի ավելացմանը: Առաջարկներից 5-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են, 4 հարցումներին տրվել են պարզաբանումներ, 10 առաջարկ չի ընդունվել: 19 առաջարկից 14-ն այս կամ այն կերպ վերաբերել են ծախսերի ավելացմանը, և եղել է 0 առաջարկ ծախսերը կրճատելու կամ դեֆիցիտը պակասեցնելու մասով:
11:44 - 03 դեկտեմբերի, 2024
Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է․ Ֆինանսների նախարար |armenpress.am|

Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է․ Ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագիծը կանդրադառնա շուրջ 13 հազար տնտեսվարողի վրա, սակայն վերջնական բանաձևը դեռևս քննարկման փուլում է։ Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում քանի՞ տնտեսվարողի հարկային բեռը կկրճատվի, և քանիսի՞ դեպքում՝ կավելանա։ «Վերջին տարիներին եկամտահարկը և շահութահարկը նվազել են, ինչն ազդել է հարյուր հազարավոր մարդկանց վրա։ Ներկայում քննարկվող փոփոխությունները վերաբերելու են 13 հազար տնտեսվարողի, թեև վերջնական բանաձևը, կարծես թե, չի ընդունվել, և քննարկման փուլում է, թե ինչ բանաձևով այն առաջ կգնա»,- ասաց Հովհաննիսյանը։  Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռը կավելանա, այսինքն՝ նրանք այլևս չեն օգտվի նախկինում ունեցած արտոնություններից։ «Ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռը ավելանալու է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որից օգտվում էին այդ սուբյեկտները, էլ չեն օգտվելու։ Մենք արդեն ներկայացրել ենք, որ այն գնահատականները, որոնք տարբեր մարդիկ հնչեցնում են հարկային բեռի բարձրացման չափի վերաբերյալ, գերագնահատված են, որովհետև ունենք ոլորտների միջինացված տվյալներ։ Այո, մեկ-երկու տնտեսվարողի համար հարկային բեռը կարող է բավականին բարձրանալ, բայց ընդհանուր առմամբ բարձրանալու է այնքան, որքան ասել ենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
11:31 - 03 դեկտեմբերի, 2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ալեքսանդր Ավետիսյանը, երդվեց
 |1lurer.am|

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ալեքսանդր Ավետիսյանը, երդվեց |1lurer.am|

1lurer.am: ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական մասի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին: Նոր պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու մարդկային արժեքների պահպանման համար»: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։
10:31 - 03 դեկտեմբերի, 2024
Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

Դեկտեմբերի 2-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց: ԱԺ խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշման մեջ: ԱԺ խորհրդի նիստի վերջին հարցը վերաբերել է «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին»  խորհրդի որոշման նախագծին: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի և Բարձրագույն դատական խորհուրդների, գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:
19:19 - 02 դեկտեմբերի, 2024
Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ եւ որոշել ենք, որ ես պետք է մնամ. Գեղամ Նազարյան
 |news.am|

Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ եւ որոշել ենք, որ ես պետք է մնամ. Գեղամ Նազարյան |news.am|

news.am:Ես մտածել եմ մանդատը դնելու մասին, խորհրդակցել եմ ընկերներիս հետ և որոշել ենք, որ ես պետք է մնամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Ես այդ մասին մտածել եմ, որ եթե համատեղ աշխատանքը խնդիրներ է առաջացնում, գուցե ավելի լավ է ընդհանրապես դուրս գամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ավելի բարոյական կլիներ, որ ինքը վայր դներ պատգամավորի մանդատը: «Բայց հաշվի առնելով մի քանի խնդիրներ, որոնք պետք է ես փորձեմ լուծել կամ գոնե կարգավորել՝ կապված օրենսդրական աշխատանքի հետ և գործադիրի հետ շփումներով, ես ի վերջո, մի քանի պարտավորություն ինձ վրա վերցրել եմ, որ եկել եմ խորհդարարան, ես այդ աշխատանքը պետք է կատարեմ: Խորհրդակցել եմ որոշ մարդկանց հետ, որոնք իմ ընկերներն են, զոհված հերոս տղաների ծնողներ են, և համատեղ եկել ենք այդ որոշման, որ ես պետք է մնամ»,- ասաց նա: Հարցին՝ ինչու որոշեց «Հայաստան» խմբակցության տեսակետից տարբերվող դիրքորոշում հայտնել, Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Ես էապես տարբերվող դիրքորոշում չեմ հայտնել: Ուղղակի ես իմ տեսակով չեմ կարող չարտահայտել այն, ինչը ես մտածում եմ, իսկ դա բերեց նրան, որ իմ նման հայտարարությունները տեղի-անտեղի, անհարկի մեկնաբանությունների տեղիք են տալիս, և իմ մեկնաբանությունները հարվածի տակ էին դնում խմբակցությանը: Ես չեմ կարող չանել մեկնաբանություններ: Ես կողմ եմ տեսակետին, որ դու մարդու հետ պետք է լինես անկեղծ, և մարդկանց անհենք, դատարկ հույսեր չտաս»:
12:30 - 02 դեկտեմբերի, 2024
ԱԳՆ-ն առաջարկում է դիվանագետների համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս |armenpress.am|

ԱԳՆ-ն առաջարկում է դիվանագետների համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Ըստ փոխնախարարի՝նախագծի ընդունումը պայմանավորված է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ։  «Տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակներն, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին ճակատի»,- ընդգծեց Սաֆարյանը։ ԱԳ փոխնախարարի խոսքով՝  միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը հավուր պատշաճի ներկայացնելու և լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց ավելի լավ աշխատելու և կարիերայի առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաև ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար՝ բարելավելով դիվանագետների ծառայության վարձրատրության պայմանները և բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը: «Ներկայում սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում և բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում՝ ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից։ Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվում են հավելավճարներ, որոնք սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է 1 տոկոսով։  Դիվանագիտական աստիճանները դիվանգետներին շնորհվում են արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա և հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը»,- ասաց Սաֆարյանը։ ԱԳ փոխնախարարը նաև նշեց, որ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը, իսկ 7-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է բացառություն մի շարք պաշտոնների համար, որոնց վրա չի տարածվում հավելավճարի 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ և դատավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության,ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ և այլն։  «Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայում օրենքում վերը նշված բացառության մաս չեն կազմում։ Ներկայացված նախագծով առաջրկվում է բացառությունների մեջ ներառել նաև դիվանագիտական ծառայությունը և դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս»,- եզրափակեց Սաֆարյանը։
11:39 - 02 դեկտեմբերի, 2024
Շահագրգռված ենք ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ. Վաղարշակ Հակոբյանը՝ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Շահագրգռված ենք ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ. Վաղարշակ Հակոբյանը՝ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  «Մենք հատկապես կարևորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել է՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա մշակել միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների հստակ ալգորիթմ՝ տարբեր հարթակներում համագործակցելու համար: Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ու Իրինա Գասպարյանը: «Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմամբ և Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- նշել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է սերտ գործընկերություն զարգացնել Ղազախստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: Նա փաստել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ շեշտելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանն ունեն խոստումնալից նախագծեր, որոնք կարող են փոխշահավետ լինել: Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը տեղեկացրել է, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում: Խոսելով Ղազախստանում ապրող և ստեղծագործող հայ համայնքի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երկու ազգերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վաղեմի ավանդույթների վրա: Մշակութային, գիտակրթական համագործակցության շրջանակում բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է ղազախ հեղինակների հայերեն աշխատությունների հրատարակմանը, ԵՊՀ-ում Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում հայ մշակույթի, լեզվի, գրականության և պատմության կենտրոնի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների փոխգործակցության մշակութային և հումանիտար ասպեկտների վրա: Մուկաշ Իսկանդիրովը եւս փաստել է, որ հայկական համայնքն իր ուրույն տեղն ու դերակատարումն ունի Ղազախստանում: Բարեկամական խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են երկու երկրների հարաբերություններում օրենսդիր մարմինների կարևորագույն դերը և ակտիվ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:
17:08 - 28 նոյեմբերի, 2024
Էլեկտրոնային ընթացակարգ՝ քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու համար

Էլեկտրոնային ընթացակարգ՝ քաղաքացիություն ստանալու եւ դադարեցնելու համար

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է սահմանել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 28-ին հրավիրված նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Ստորեւ՝ ԱԺ հաղորդագրությունը։ Հիմնական զեկուցողի խոսքով հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը եւ այլն՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն: Օրենսդրական փաթեթով հնարավորություն է ընձեռվում նաեւ քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն եւ այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով: Դիմումատուն կկարողանա մինչեւ դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք, նոր ներկայացնել փաստաթղթերը: Փոխնախարարն ընդգծել է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաեւ վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման եւ դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին: Հարցումները ստացվելու են ու դրանց պատասխանները տրվելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերի արագ վարելուն եւ թողունակության բարձրացմանը: «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը եւ սահմանել համապատասխանաբար 50,000 եւ 150,000 դրամ համապատասխանաբար 1000 եւ 25,000 դրամի փոխարեն: Գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին եւ շուրջ 30 տարվա ընթացքում որեւէ վերանայման չեն ենթարկվել: Վերոնշյալ պետական տուրքից ազատված կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները: Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ դրանով կհեշտացվեն քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգերը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություններ է տվել ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին , ինչպես նաեւ ««Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
13:26 - 28 նոյեմբերի, 2024
Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ
 |1lurer.am|

Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ օրհներգի և օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ կկարգավորվեն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ հիշեցնելով, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, և որ այն շրջանառության է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից:   «Առաջարկվում է սահմանել օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար: Եթե գործող օրենքով պարտադիր է օրենքի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Նաև եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման [ժամանակ], ապա նախագծով այն պարտադիր է դառնում այդ ընթացքում տեղի ունեցող պաշտոնական իրադարձությունների ժամանակ: Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակը՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված 1 միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, կգործարկի իր ունեցած գործիքակազմը ՀՀ օրհներգի ստեղծումը և տարածումն ապահովելու համար»,- ասաց նախարարի տեղակալը: Նախատեսվում է նաև օրհներգի տեքստը վերադասավորել՝ ըստ պետական քաղաքականության տրամաբանության՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, ՀՀ դրոշը, պետականությունը, քաղաքացուն: «Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, և հետևաբար երկրորդ և երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ և չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով. Նայիր նրան երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փոփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան»,- նշեց Դանիելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ անձամբ է մասնակցել նախագծի ձևավորման քաղաքական մասին, քանի որ կարծում է՝ շատ կարևոր օրենսդրական նախագիծ է: Փաշինյանը նաև կարծում է, որ եթե փոփոխությունների արդյունքը չի հասնում ԴՆԹ մակարդակին, ապա փոփոխությունները տևական և ամբողջական, խորքային չեն կարող լինել: Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ Փաշինյանը նկատեց՝ ոչ մի բառ փոփոխության չի ենթարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածությանը փոփել:  «Բավականին երկար ժամանակ տվել եմ հանձնարարական, որ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և հասկանալիորեն որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- ասաց նա և ընդգծեց, որ պետք է լուծել նաև տեխնիկական պարամետրերի հարցը, օրհներգը պետք է ունենա ստանդարտ, այն է, թե ինչ տևողության է, ինչ արագության է և այլն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։
12:30 - 28 նոյեմբերի, 2024
ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:  ՀՀ ԱԺ-ից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու համար: Երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերից բացի ՀՀ ԱԺ նախագահի եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցությանը եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
15:28 - 27 նոյեմբերի, 2024
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան

Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան

Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ի պատասխան լրագրողների հարցերի։ «Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը: Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»,- նշված է գրառման մեջ։ 
13:51 - 27 նոյեմբերի, 2024
ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։ Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրության որոշ հոդվածներում առկա են հակասություններ, որոնք խոչընդոտում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքը։ Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածով պահանջվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվեն, հարգադրոշվեն, ունենան տարբերանիշ և անվանիշ։ Սակայն 8-րդ հոդվածում նշված է միայն երեք պահանջ։ Այս հակասությունը խոչընդոտում է վերահսկողության լիարժեք իրականացմանը։ Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջները՝ վերացնելով հակասությունները, խմբագրել 2-րդ հոդվածի 14-րդ կետը՝ վերացնելով կրկնվող բառերը, ապահովել ԵԱՏՄ երկրների միջև թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակականություն։ Նախագծի ընդունումը կօգնի բարելավել վերահսկողության մեխանիզմները և ապահովել թանկարժեք մետաղների առք ու վաճառքի ոլորտում ավելի արդյունավետ վերահսկողություն, վերացնել արհեստածին խոչընդոտները տեսչական գործողությունների ժամանակ, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը՝ նվազեցնելով օրենքի բացերի հնարավոր ազդեցությունը։ Նախագծի ընդունումն, ըստ նախարարի, կարևոր է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համար՝ արդյունավետ վերահսկողության իրականացման և սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այս փոփոխությունները համահունչ են նաև ԵԱՏՄ իրավական դաշտում փոխճանաչելիության պահանջներին, ինչը կապահովի Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
13:06 - 27 նոյեմբերի, 2024