Արսեն Թորոսյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Մասնագիտությամբ առողջապահության կազմակերպիչ է։

Ծնվել է 1982թ. հունիսի 21-ին։ 2005-2010 թվականներին եղել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող։ 2010-2011 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ և տնօրենի պաշտոնակատար: 2011-2015 և 2016-2018 թվականներին եղել է ՄԻԲՍ բժշկական ախտորոշիչ կենտրոնի տնօրեն։

Եղել է «Հիմա» քաղաքացիական նախաձեռնության անդամ։ 2018թ․ օգոստոսից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2018 թվականի մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

2020 թվականի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօրվա հանդիպման ընթացքում տեղեկություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ իրականացվող գործընթացներին: Վարչապետը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:
18:07 - 05 դեկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին։ Նախարարը խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին: Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։ Նախարարն այցի ընթացքում հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին, որոնք շարունակում են իրենց բուժումը կենտրոնում։ Նա հետաքրքվել է վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել նրանց բուժման ընթացքին և մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում։ Այցը շարունակվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն», որտեղ նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին և կատարվող վերանորոգման աշխատանքներին։
12:41 - 05 դեկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը, որին ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը,  «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը և այլ հյուրեր։ Նշենք, որ սա Ֆրանսիայի կողմից մարդասիրական օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռն է, որը նախատեսված է աջակցելու արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով տուժած հայ բնակչությանը: Մարդասիրական օգնությունը բաժանվելու է Հայաստանում գործող բուժհաստատություններին։ «Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ժոնաթան Լաքոտին, քանի որ մենք նրա հետ մշտապես սերտ համագործակցության մեջ ենք, սկսած կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարից, երբ Ֆրանսիայից բժիշկներ էին ժամանում հայ գործընկերներին աջակցելու և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։ Մենք շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված ցանկացած աջակցություն, հաշվի առնելով մեր երկրների միջև երկար տարիներ շարունակ գոյություն ունեցող բարեկամությունը», - ընդգծել է Արսեն Թորոսյանը։ Միջոցառման ընթացքում Արսեն Թորոսյանը և Ժան-Բատիստ Լըմուանը ստորագրել են փաստաթուղթ, որը հաստատում է, որ Ֆրանսիան Հայաստանին է նվիրաբերել 5 տոննա տարողությամբ 1 շարժական բուժական կայան՝  500 պացիենտի բուժելու հնարավորությամբ, 5 գեներատորներից, 5 էքստրակտորներից, 25000 ձեռնոցներից, 900 արտահագուստից և 10000 FFP2 դիմակներից բաղկացած COVID-ի 1 խմբաքանակ, ինչպես նաև 2500 հիգիենայի հավաքածու։ Փոխգործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել նաև ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը»։ Կազմակերպությունը Հայաստանում կաշխատի անհրաժեշտ բուժօգնության տրամադրման, կարիք ունեցող անձանց ֆիզիկական ու հոգեբանական ռեաբիլիտացիայի, անհրաժեշտ դեղերով, սարքերով ու նյութերով ապահովման և այլ անհրաժեշտ ուղղություններով։ Ֆրանսիայից Հայաստան առաջին ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև Արցախից Հայաստան տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության պարագաներ` շտապ բուժօգնության սարքավորումներ: Նաև տրամադրվել են ծածկոցներ, հիգիենայի պարագաների հավաքածուներ, որոնք բաժանվելու են հակամարտությունից տուժածներին: Երկրորդ ինքնաթիռի բեռը կհամախմբի պետական ռեսուրսները, Հայաստանի հետ համագործակցող համերաշխության ասոցիացիաների, մասնավորապես` «Ազնավուր» հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հավաքագրված նվիրատվություններ, մարդասիրական կազմակերպությունների և բիզնես հիմնադրամների կողմից տրամադրվող մարդասիրական բեռներ: Ֆրանսիական պատվիրակության անդամներն արարողության վերջում կրկին իրենց կողմից աջակցության պատրաստակամություն են հայտնել և  հայկական կողմին հավաստիացրել, որ մարդասիրական օգնությունները կրելու են շարունակական բնույթ։
12:54 - 28 նոյեմբերի, 2020
COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ կորոնավիրուսի համավարակին՝ նշելով, որ վերջնարդյունքում երկրների մեծ մասն ունենալու է մոտավորապես նույն արդյունքները: «Ինչ-որ մի շրջան կար, երբ Հայաստանը 100 հազար բնակչի թվով աշխարհում ամենաբարձր վարակելիության ցուցանիշն էր ցույց տալիս, բայց հիմա որ վիճակագրությունը նայում ես, այն դառնում է փոխանցիկ: Ինչ-որ մի ժամանակ Հայաստանն է, ինչ-որ մի ժամանակ Վրաստանն է, ինչ-որ մի ժամանակ Իտալիան է, Բելգիան է, Բրազիլիան է, ԱՄՆ-ն է և այլն: Հույս ունեմ, որ այդ առումով մեր պիկը հաղթահարել ենք: Չնայած էլի անկանխատեսելի է, չի կարելի բացառել: Այսինքն՝ քանի դեռ պատվաստանյութ չկա, այս ցուցանիշը բոլոր երկրները դրոշի նման վերցրել են կամ վերցնելու են: Շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ այս ցուցանիշը չեն ունեցել: Ինչ-որ մի շաբաթ կամ ամիս իրենք եղել են աշխարհում 100 հազար բնակչի թվով ամենամեծ վարակելիություն ունեցող երկիրը»,- նշեց Փաշինյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ մանրամասներ ներկայացրեց պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ: «Ունենք վճարած կանխավճար միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ՝ մոտ 10 թեկնածուի մասին է խոսքը: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Ինչպես բազմաթիվ երկրներ, մենք պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա՝ ինչպես ամբողջ աշխարհի համար»,- նշեց Թորոսյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերջնական պրոդուկտի մասին է, փորձնականներ հիմա շատ երկրներ են կիրառում: Պատվաստանյութը կլինի 300 հազար բնակչի 600 հազար դոզա: Քանակը սահմանափակված չէ, հետագայում կավելացի ըստ անհրաժեշտության: Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութի համար հստակ խմբեր են լինելու՝ քրոնիկական հիվանդություն ունեցող, տարեց մարդիկ, փակ հաստատություններում ապրողները, բուժաշխատողները և այլն:
12:14 - 26 նոյեմբերի, 2020
Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 30 |hetq.am|

Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 30 |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից   իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթի ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 30։ Այս մասին գրությամբ  հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովի փոխանցմամբ՝ վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք հարցումներ՝ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ոստիկանություն, առողջապահության նախարարություն, «ՄԻԲՍ» ՍՊԸ։ Պահանջվել և ստացվել են դեպքին առնչվող նյութեր, փաստաթղթեր և տեղակատվություն։ Ստացված նյութերի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ծագել են դեպքին առնչվող մի շարք հարցեր, ուստի դրանց պարզաբանման նպատակով լրացուցիչ հարցումներ են ուղարկվել առողջապահության նախարարություն և «ՄԻԲՍ» ընկերություն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկվել է ներկայացնել դեպքի վերաբերյալ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:54 - 25 նոյեմբերի, 2020
Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են վիրավոր զինվորներին

Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են վիրավոր զինվորներին

Նոյեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել «Իզմիրլյան» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններում և ծանոթացել Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորված զինվորների բուժման ու կազդուրման գործընթացին: Բուժհաստատությունների ղեկավարները ներկայացրել են մինչ այժմ կատարված աշխատանքները և հետագա գործողությունները: Նրանց ուղեկցությամբ Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը ծանոթացել են բուժման գործընթացին, հիվանդանոցային պայմաններին, ինչպես նաև շրջել են բաժանմունքներում, շփվել վիրավոր զինծառայողների հետ և հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Փոխվարչապետը տեսակցել է նաև Շուշիում վիրավորում ստացած իր արարողակարգի պատասխանատուին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել վիրավոր զինվորներին՝ կատարած սխրանքների ու անձնուրաց ծառայության համար, և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում: Նա ընդգծել է հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին առավել որակյալ և բարձր մակարդակի բժշկական ծառայությունների մատուցման կարևորությունը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նաև բուժաշխատողներին ու առողջապահության նախարարությանը անցած օրերին բացառիկ նվիրվածությամբ ու պրոֆեսիոնալիզմով աշխատելու համար:
18:57 - 19 նոյեմբերի, 2020
Հայաստանը նոր մեծ վերականգնողական կենտրոնի նախագիծ է մշակում. մանարմասնում է նախարար Թորոսյանը |armenpress.am|

Հայաստանը նոր մեծ վերականգնողական կենտրոնի նախագիծ է մշակում. մանարմասնում է նախարար Թորոսյանը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի առողջապահական համակարգը պատվով է դուրս գալիս երկու մարտահրավերներից՝ կորոնավիրուս և պատերազմ: Այն դրսևորվել է լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի: Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառանալով առողջապահական համակարգի ներկայիս վիճակին, խնդիրներին ու առաջիկա ծրագրերին:  -Պարոն Թորոսյան, վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ Հայաստանը հումանիտար աղետի առաջ է կանգնած, առողջապահական համակարգը ճգնաժամի շեմին է: Ինչպես կգնահատեք ներկայում համակարգի վիճակը՝ հաշվի առնելով մի կողմից պատերազմը, մյուս կողմից կորոնավիրուսը: -Իհարկե, ասել, որ աղետի մեջ ենք կամ ճգնաժամի շեմին ենք մի քիչ դժվար է, որովհետև այդ անցումը որևէ տեղ սահմանված չէ, թե որն է մինչ ճգնաժամի շեմը և որը դրանից հետո: Ամեն դեպքում իրավիճակը շարունակում է բարդ մնալ շատ վաղուց: Եթե հիշենք կորոնավիրուսի հետ կապված ամառային փոքրիկ բարելավումը, միևնույն է, այդ ժամանակ ևս առողջապահական համակարագի վիճակը բարդ էր: Դրա հետ մեկտեղ, եթե անդրադառնանք կոնկրետ բուժօգնություն ստացող քաղաքացիներին՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին, պատերազմի հետևանքով վիրավորվածներին, ապա մենք մինչ օրս էլ կարողացել ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Վիրավորների մասով դա 100 տոկոսով է արվում, իսկ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների հետ կապված, գիտենք, որ ունենք հերթեր, երբ մարդիկ սպասում են հոսպիտալացման: Այստեղ էլ փորձում ենք, այնպես անել, որ ամենածանր վիճակում գտնվողները շատ արագ հոսպիտալացվեն: Ամեն դեպքում մի բան ակնհայտ է` առողջապահական համակարգն աշխատում է սահմանային վիճակում: Այսինքն՝ սրանից ավելի ռեսուրս՝ լինի մարդկային, մահճակալային, սարքավորումային, ինչու ոչ ֆինանսական, հնարավոր չէ գործնականում ավելացնել: Մեր խնդիրն այն է` այնպես անել, որ այդ ծառայության կարիք ունեցող քաղաքացինրի թիվը քչանա, վարակի տարածվածությունը նվազի, որովհետև այլ տեղ չկա հնարավորությունները մեծացնելու: Եվ դա օբյեկտիվ է, պայմանավորված չէ որևէ մեկի կամքով: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ առողջապահական համակարգը պատվով է դուրս գալիս այս երկու մարտահրավերներից: Դրա վառ ապացույցն է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող մեր քաղաքացիների թվում մահացության տոկոսը, որը 1.5 է: Աշխարհի շատ երկրների համեմատ սա բավական լավ ցուցանիշ է: Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասնում է մինչև 4, 5, 6 նույնիսկ 10 տոկոսի:  Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում վիրավորվածների ընդհանուր թվում մահացության տոկոսին, ապա այն մոտ է 1-ին: Նրանք, այն քաղաքացիներն են, որոնք վիրավորվել են, տեղափոխվել են հոսպիտալային օղակ ու դրանից հետո չի հաջողվել նրանց կյանքը փրկել:  Ուժերի հնարավոր մոբիլիզացիայով, կազմակերպված ու համակարգված առողջապահության համակարգն աշխատել է: Կարծում եմ՝ ականատեսները նույնպես կվկայեն, որ Գորիսի, Վարդենիսի բժշկական կենտրոնները, որտեղ հիմնական հոսքն էր գնում, ինչ արագ էին աշխատանքները կազմակերպում, քանի շտապօգնության մեքենաներ էին ներգրավում: Սանիտարական ավիացիայի մասին չեմ խոսում, երբ այս ընթացքում 82 թռիչք է կատարվել: Օր է եղել ավիացիայի միջոցով 10 հոգու տեղափոխություն է կատարվել, և դա արվել է բավական բարդ պայմաններում: Առողջապահական համակարգը դրսևորել է իրեն լավագույն ձևով՝ շնորհիվ բուժաշխատողների, բուժքույրերի, մայրապետերի, ինչու ոչ նաև Առողջապահության նախարարության: -Հետպատերազմյան շրջանում իրավիճակը գնահատելով՝ ինչպիսի հնարավորություններ ունի առողջապահական համակարգը պատերազմի հետևանքով վիրավորվածների պատշաճ բուժօգնության, վերականգնողական աշխատանքների համար:  Եվ եթե կարելի է նշեք, թե վիրավորվածների շրջանում ծայրահեղ ծանր, ծանր վիճակում գտնվողները տոկոսային հարաբերակցությամբ որքա՞ն են կազմում:  -Մոտավոր թիվ պետք է ասեմ: Վիրավորվածների թվում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողները մոտ 15 տոկոս են կազմում: Բուն բժշկական առումով մեր մոբիլիզացված հնարավորություններն այնպիսին են, որ բոլորն անխտիր ստացել են որակյալ բուժօգնություն և դեռ կարող են ստանալ: Մոբիլիզացված է եղել 36 բժշկական կենտրոն միայն վիրավորներին բուժելու համար, մի մասը մասամբ հատուկ մահճակալային ֆոնդով, որոշներն՝ ամբողջությամբ: Եվ այդ ամենը կազմակերպվել է ռազմաբժշկության սկզբունքներին համապատասխան: Հիմա էլ նույն սկզբունքներով բուժհաստատությունները գործում են, անկախ նրանից, որ պատերազմական բուն գործողություններն ավարտվել են:  Գալիս է հաջորդ ուղղությունը՝ վերականգնողական ծառայությունը: Բազմաթիվ վիրավորվածներ հիվանդանոցային բուժմամբ չեն սահմանափակվելու, նրանք այս ծառայության կարիքն են ունենալու: Հաշմանդամություն ստացած զինծառայողներն են՝ տարբեր անդամահատումներով: Այստեղ մի քանի բան պետք է արվի: Առաջինը եղած ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործելն է: Դրանք կան, սակայն մեր գնահատմամբ բավարար չեն: Խոսքը զուտ մահճակալային ֆոնդի մասին է: Արդեն ոլորտի հաստատությունների հետ քննարկել և մեխանիզմներ ենք մշակել, որ բոլորը հնարավորինս աշխատեն իրենց ռեսուրսների շրջանակում: Հաջորդը նոր ռեսուրսների ձևավորումն է, օրինակ, նոր մեծ վերականգնողական կենտրոնի ստեղծումը, հավանաբար նոր շենքում: Մենք արդեն մոտ 250 մահճակալով կենտրոնի  նախագծի կոնցեպտն ունենք: Դրա համար մի քանի ուղղություններով պետք է ֆինանսավորում գտնենք՝ բյուջետային, ինչու ոչ աջակցություն սփյուռքահայ հանրույթից, որը հետաքրքրված է զինվորների վերականգնողական հարցերով, դրանից բացի, դոնոր կազմակերպություններ: Երրորդ ուղղությունն այդ ամենի շարունակական ֆինանսավորման ապահովումն է: Ընթացիկ ծախսերը պետք է ֆինանսավորվեն, պետությունն ունի պարտավորություն մեր քաղաքացիների նկատմամբ: Կան մոտավոր հաշվարկներ, որ մեզ դրա համար տարեկան հավանաբար պետք կլինի 2- 2.5 մլրդ դրամ: Դա այս պահին բյուջեում ներառված չէ, որովհետև այն գրվել է ամռանը: Երբ հաշվարկները վերջնական արվեն, կառաջարկվի փոփոխություն, որ մեր գծագրած մեխանիզմը ֆինանսավորվի:  Նաև կցանկանայի պրոթեզավորման կենտրոնների մասին խոսել: Այդ ուղղությունը մեր ուշադրության կենտրոնում է, գիտեք, որ վիրավոր զինվորներից շատերին պրոթեզ է պետք լինելու: Ասեմ, որ նոր կենտրոն է բացվելու, ներկայում կառուցման փուլում է: Պետք է փորձենք այնպես անել, որ պրոթեզների արտադրությունը հնարավորինս լինի տեղում, հատկապես բարդ պրոթեզների: Որքան տեղում կարողանանք դրանք ունենալ, այնքան հեշտ կլինի մեր վիրավոր զինծառայողների համար: -Դուք օրերս հանդիպել էիք բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստան ժամանած հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ՝ ընդգծելով փորձի փոխանակում ծավալելու հնարավորությունը: Հետպատերազմյան փուլում թե զինծառայողների, թե կորոնավիրուսով հիվանդների բուժման կազմակերպման հարցում դրսից մասնագիտական խմբեր հրավիրելու կարիք տեսնո՞ւմ եք: -Տեսել ենք և տեսնում ենք: Մենք բազմիցս դրա մասին խոսել ենք: Կորոնավիրուսի ամենածանր փուլում մենք բազմաթիվ մասնագիտական խմբերի այց ունեցանք, անհատներ նույնպես եկան աշխարհի տարբեր երկրներից: Նույնը մի քիչ այլ կերպ ունեցանք նաև պատերազմի ժամանակ: Հետխորհրդային շրջանի երկրներից շատ բժիշկներ, բուժաշխատողներ եկան մեզ օգնելու: ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից մասնագետներ ևս եկան: Բոլորը շատ մեծ գործ արեցին Հայաստանում աշխատող իրենց կոլեգաների հետ: Նրանք թե նորագույն մոտեցումներ են փոխանցել, թե ֆիզիկապես են օգնել: Նրանցից շատերը դեռ Հայաստանում են:  Մասնագետների կարիքի հարցը դեռ ուժի մեջ է՝ կապված թե վիրավորների, թե կորոնավիրուսով վարակվածների բուժման հետ: Երեկ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք Առողջապահության համաշխարհային կազմակերության հետ, որ Հայաստան կրկին կայցելի բժիշկների թիմ՝ օգնելու մեզ կորոնավիրուսի հետ կապված: Դա շատ կարևոր է, որովհետև չգիտենք սա որքան կտևի, հիմա էլ խոսվում է երրորդ ալիքի մասին: Այնպես որ մասնագետների կարիքի հարցն ուժի մեջ է, պատկերացրեք, թե որքան հյուծված են մեր բժիշկներն՝ 8 ամիս անընդմեջ նույն ծանր աշխատանքը կատարելով:  Շարուանկությունը՝ armenpress.am-ում
09:22 - 19 նոյեմբերի, 2020
Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

1lurer.am: Ի՞նչ քայլեր են արվում մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերականգնողական բուժման ոլորտում անելիքները շատ են: «Երեք հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք՝ զինվորներին վերադարձնելու լիարժեք կյանքի. առաջին՝ եղած հզորությունների վերականգնում՝ մասնագետների վերապատրաստումից մինչև շենքային պայմաններ, երկրորդ՝ նոր հզորությունների ստեղծում. մինչև 250 մահճակալանոց վերականգնողական մեծ կենտրոնի կառուցում, երրորդ՝ այդ հզորություններին մշտական աջակցություն՝ պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով: Դա պետբյուջեի վրա կնստի 2-2.5 մլրդ դրամ: Դրանք վերջնական հաշվարկներ չեն և դեռ ներառված չեն բյուջեի նախագծում: Այդ հարցում մեզ պետք է աջակցի նաև սփյուռքը»,- ասաց նախարարը: 
17:36 - 18 նոյեմբերի, 2020
Չնայած COVID-19 թվերի նվազմանը, համակարգը գործում է լարված. Թորոսյանը պարզաբանել է երբ պատվաստանյութը կհասնի Հայաստան |armenpress.am|

Չնայած COVID-19 թվերի նվազմանը, համակարգը գործում է լարված. Թորոսյանը պարզաբանել է երբ պատվաստանյութը կհասնի Հայաստան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսի թվերի հետ կապված դրական դինամիկա է նկատվում, սակայն առողջապահական համակարգը շարունակում է լարված գործել: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն 4 հազար 109 թեստից արձանագրվել է 1589 նոր դեպք: Նախարարը նկատեց, որ ընդհանուր թեստերի մեջ տոկոսն է իջնում, բացարձակ թիվն է իջնում:  «Ամեն դեպքում հերթի մեջ եղած մեր քաղաքացիների թիվը մեծ է: Այսօրվա տվյալներով` հոսպիտալացման հերթի մեջ ունենք 375 քաղաքացի: Նրանցից շատ ծանրը 25-ն են: Հավանաբար կկարողանանք նրանց օրվա մեջ հոսպիտալացնել: Ասեմ, որ օրեր առաջ հերթում սպասողների թիվը 800-ից ավելին է եղել, ինչպես տեսնում ենք այստեղ ևս նվազում կա: Այո, տարբեր ցուցանիշներում նվազում նկատվում է, սակայն հոսպիտալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը չի թուլանում: Ծանր դեպքերը երկար են պառկում, շաբաթներ են տևում, համակարգի վրա դեռ թեթևություն չենք զգում»,-ասաց Արսեն Թորոսյանը:  Նախարարի խոսքով, այս դրական դինամիկան նույնպես հարաբերական է: Արդեն քանի օր է բացվել են կրտսեր դասարանները, երեխաները հաճախում են դպրոց, ինչ-որ մի փուլում կարող են գնալ միջին, ավագ դպրոցի բացմանը, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է: Կորոնավիրուսի ուղղությամբ ծավալված բոլոր բուժհաստատություններն աշխատում են իրենց առավելագույնով: Նախարարի խոսքով, այս փուլում ամենամեծ խնդիրներից մեկը թթվածինն է, որը մատակարարվում է բժշկական կենտրոններին: Հոսպիտալացված քաղաքացիների մեծ մասի համար առաջնային է թթվածինը: Առանց թթվածնի, ըստ նախարարի, դեղորայքը ոչ մի օգուտ չի կարող տալ:  «Շուտով կստանանք թթվածնի մի քանի կայաններ: Դեկտեմբերի վերջին ևս 4 մեծ կայան կունենանք: Ասեմ, որ մայիս, հունիս ամիսներին բազմաթիվ կայաններ գնել էինք, սակայն այսպիսի մեծ թվերի կանխատեսում քանի որ չունեինք, եղածի վրա կանգ էինք առել: Այս թվերի մեծ լինելը պայմանավորված է ոչ միայն բնական աճով, այլև ռազմական դրությամբ, որի հետևանքով շատ դեպքերում կանոնները չպահպանվեցին: Պետք է փորձենք այս շարունակական մարտահրավերին դիմագրավել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք չգիտենք, թե այս մարտահրավերի ավարտը երբ է լինելու»,-ասաց նա:  Շարունակությունը՝ armenpress.am-ում։ 
15:12 - 18 նոյեմբերի, 2020
ԱԱԻ-ն Արսեն Թորոսյանին է ներկայացրել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

ԱԱԻ-ն Արսեն Թորոսյանին է ներկայացրել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ

«Այսօր Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից ՀՀ առողջապահության նախարարին է ներկայացվել անցած ամիսների ընթացքում կատարված և առաջիկայում նախատեսված կատարվելիք աշխատանքները։ Քննարկվել են առաջիկայում իրականացվող ծրագրերը։Անցած երկուսուկես ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակել է հիմնական գործառույթների իրականացումը` առանցքում ունենալով տվյալ ժամանակահատվածի հրամայականը:   Ամիսներ շարունակ ԱԱԻ-ն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են աջակցելու կորոնավիրուսային համավարակի դեմ իրականացվող պայքարին: Մասնավորապես՝ իրականացվող դասընթացների շրջանակներում տրամադրվում են գիտելիքներ և հմտություններ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, նմուշառման տեխնիկայի, ՊՇՌ հետազոտության, արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային պայմաններում COVID-19 դրական պացիենտների բուժօգնության վերաբերյալ, ինչպես նաև նեղ մասնագիտական միջազգային և տեղական վեբինարների շարք՝ նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ, մասնավորապես՝ «COVID-19 և Վիտամին Դ», «COVID-19 և շաքարային Դիաբետ», «COVID-19 դրական հիվանդների բուժքույրական գնահատում», «COVID-19. Վաղ փորձառություն և թարմացված ուղեցույց», «Հոգեկան առողջություն և COVID-19», «Ռևմատոլոգիա և COVID-19» և այլն:   Ընդհանուր վերոնշյալ դասընթացներին մասնակցել են 2000-ից ավելի մասնագետ: Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների արդյունքում տուժածներին պատշաճ բժշկական օժանդակություն տրամադրելու և փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ԱԱԻ-ը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի հետ համատեղ, կազմակերպել է «Ժամանակակից ռազմական վնասվածք. տեսակավորումից մինչև բուժում», «Պերիֆերիկ նյարդերի էխոանատոմիան և նեյրոպաթիաները», «Բաց որովայնով հիվանդների կառավարման լավագույն փորձը», «Ճգնաժամային առաջնորդություն և զանգվածային զոհերի խնամք», «Աորտայի (REBOA) վերակենդանացման էնդովասկուլյար օդապարիկի խցանման դերը ռազմական վնասվածքաբանության մեջ» և այլ թեմաներով վեբինարներ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցել են մի քանի հարյուր բուժաշխատող: ՀՀ ԱՆ ԱԱԻ կողմից շարունակվել են նաև այլ աշխատանքներ.   Մասնավորապես՝ «Առողջապահության ազգային հաշիվներ», «Մոր և մանկան ազգային զեկույց», «Առողջություն և առողջապահություն», «Առողջապահության համակարգի գործունեության գնահատում» զեկույցների մշակում, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակում, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև համապատասխան ամբիոններում օրդինատուրայի ընդունելություն:   Ներկայումս ավարտվել են նաև ԱԱԻ-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացման իրավական աշխատանքները: Գործընթացը բացառապես միտված էր առավել ամրապնդելու ԱԱԻ-ի գիտակրթական հենքը՝ կլինօրդինատորներին հնարավորություն ընձեռելով հարստացնել իրենց մասնագիտական գիտելիքները: Ժամանակակից և հարուստ գրադարանային նյութերը ընթերցողին առավել հասանելի դարձնելու համար առաջիկայում կմեկնարկեն գրադարանային ֆոնդի թվայնացման աշխատանքերը:    Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի առաջին իսկ օրվանից ԱԱԻ-ի բազմաթիվ կլինօրդինատորներ և աշխատակիցներ սեփական նախաձեռնությամբ մեկնեցին առաջնագիծ՝ զինվորագրվելով հայրենիքի պաշտպանությանը»,- ասված է Առողջապահության ազգային ինստիտուտի տարածած հայտարարության մեջ։
22:32 - 17 նոյեմբերի, 2020
Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ բժշկական օգնություն. Արսեն Թորոսյան

Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ բժշկական օգնություն. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։  Քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր: Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում: Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու իրավունքը: Այն հիմք կծառայի, որպեսզի անհրաժեշտության դեպքում կազմակերպվի նաև ստացիոնար բուժումը` մի շարք ծառայությունների մասով: Նախարարը կարևորել է, որ արցախցի երեխաները դուրս չմնան իմունականխարգելման գործընթացից և այդ առնչությամբ նշել է, որ արդեն իսկ ծրագրի ղեկավարին հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ հարցի կարգավորման նպատակով: Աշխատանքներ են տարվում նաև պետական ծրագրերով տրամադրվող դեղերը շահառուներին անխափան հատկացնելու ուղղությամբ: Նախարարները քննարկել են նաև ապագայում Արցախում վերաբնակեցմանը նպաստող առողջապահական մի շարք ծրագրեր: Միքայել Վիրաբյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և մասնավորապես Արսեն Թորոսյանին` մշտապես արցախի ժողովրդին աջակցելու և հատկապես պատերազմական այս ծանր օրերին բժշկական օգնության կազմակերպման գործում անհրաժեշտ լուծումներ տալու համար:
19:05 - 17 նոյեմբերի, 2020
Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին

Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ռազմական բժիշկներին: Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար: «Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին: Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը: Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար: Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների հիշատակի առաջ, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն: Ամո'ւր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում:
13:21 - 17 նոյեմբերի, 2020