ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը

Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է զեկուցվել Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և տեսչական մարմինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին։ Ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել իրականացված ստուգումների, վերահսկողական, իրազեկման միջոցառումների մասին։ Ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից հաշվետու տարում ստացված հանձնարարականների կատարողականները, առկա խնդիրները, գնումների, ռիսկերի գնահատման և վերլուծության գործընթացները, առաջիկայում պլանավորված կարևորագույն միջոցառումները:Տեսչական մարմինների կողմից ներկայացված հաշվետվություններն ամփոփելիս` ներկայացվել են համակցված ցուցանիշներ, որոնք վերահաստատել են ռիսկերի վրա հիմնված ստուգումների թիրախային բնույթը և արդյունավետությունը: 2023-ի ընթացքում տեսչական մարմիններն իրականացրել են ընդհանուր 7757 ստուգում, որից 2360-ը՝ պլանավորված, իսկ 1854-ը՝ չպլանավորված: Պլանավորված ստուգումների կատարողականը կազմում է շուրջ 90 տոկոս։ Նշվել է, որ պլանավորված ստուգումների դեպքում խախտումներ բացահայտվել են 80 տոկոս դեպքերում, իսկ չպլանավորված ստուգումների ժամանակ՝ 38, ինչը, ըստ պատասխանատուների, նշանակում է, որ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգն արդյունավետ է գործում, որի արդյունքում ստուգումներն իրականացվում են առավել թիրախային։ Միաժամանակ, 2023 թվականի ընթացքում Գրասենյակի կողմից շրջանառվել և կյանքի են կոչվել ընդհանուր թվով 79 իրավական ակտ, որից 39-ն՝ օրենքների, 25-ը՝ Կառավարության և 15-ը՝ վարչապետի որոշումների տեսքով։ Մասնավորապես, իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում օրենսդրական փոփոխություններ, որով տեսչական մարմինը գործնականում հնարավորություն է ստացել փակելու հրդեհային կամ տեխանվտանգության կանոններին չհամապատասխանող այն օբյեկտները, որոնց շահագործումը ենթակա էր անհապաղ կասեցման։ Ըստ պատասխանատուների՝ նշված փոփոխության հետևանքն ավելի քան ակնառու է՝ փակվել են, որոշ դեպքերում նաև ՏԻՄ-երի աջակցությամբ ապամոնտաժվել են հրդեհային անվտանգության կանոններին չհամապատասխանող օբյեկտներ, որոնք տարիներ շարունակ անխոչընդոտ գործել են։ Մեկ այլ դեպքում օրենքով սահմանվել է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքն ընդունվել է 2023-ի տարեվերջին, օրենքի ընդունման մասին հանրային իրազեկման աշխատանքների արդյունքում արձանագրվել է սպանդանոցային ծագման մսի շրջանառության աննախադեպ աճ՝ համեմատած նախորդող բոլոր ժամանակահատվածների հետ։ Առանձնացվել են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունները, որոնցով վերանայվել են այնպիսի պատասխանատվության միջոցներ, որոնք գործում էին 90-ականներից, և այդ միջոցների կիրառումը որևէ կանխարգելիչ ազդեցություն չուներ իրավախախտումները զսպելու առումով։ Բացի նշված իրավական ակտերից, հաշվետու ժամանակահատվածում այլ մարմիններից տեսչական մարմինների գրասենյակ են ներկայացվել 1000-ից ավելի իրավական ակտերի նախագծեր, և առնվազն 60 տոկոս դեպքերում ներկայացվել են առաջարկություններ-դիտարկումներ։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է տեսչական մարմինների կողմից ստուգումների արդյունքներին, բացահայտված խախտումներին և նշել. «Հանգում է հարցը հետևյալ շատ հայտնի թեմային՝ ի վերջո հանրությունը կամ սուբյեկտները տուգանքի մատերիալ են, թե տուգանքի մատերիալ չեն: Այդտեղ հայեցակարգային տարբերությունը հետևյալի մեջ է, ընդ որում՝ ճանապարհային երթևեկության հետ կապված, մենք այդ խնդիրն արդեն լուծել ենք: Իսկ տարբերությունը հետևյալի մեջ է, ենթադրենք հիմա անդրադառնանք փոշու խնդրին: Ասում է՝ փոշու հետ կապված խախտել եմ, ասում է՝ ինչքան է տուգանքը, 100 000, վերցրու, գնացինք, և շարունակեցի նույն ձևով գործել: Հաջորդ անգամ եկավ տեսչական մարմինը. «խախտել եմ, ինչքան է տուգանքը, երկրորդ անգամ 200 000, խնդիր չկա, վերցրու» և երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ անգամ նույնը: Ճանապարհային երթևեկության պարագայում մենք այդ խնդիրը լուծեցինք: Ո՞նց լուծեցինք, որովհետև նորից այս փիլիսոփայությունն էր դրած: Մենք փոխեցինք, ասացինք՝ կգա բալային համակարգ, և եթե դու իքս պահի շարունակում ես խախտելը, կզրկվես վարորդական իրավունքից և հաջորդ անգամ վարորդական իրավունք ստանալու համար նորից քննություն կհանձնես: Նույնիսկ դեպքեր կան, որ գնում է քրեական գործ, քրեական պատասխանատվություն: Այսինքն՝ այստեղ նաև ինչ-որ առումով քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ ապահովելու խնդիր է, որովհետև այնպես չէ, որ եթե մեկը փող ունի, կարող է անընդհատ վճարել և խախտել»: Վարչապետը կարևորել է տեսչական մարմինների վերահսկողական մեխանիզմների արդյունավետության բարձրացումը, իրականացվող ծրագրերի պատշաճ իրազեկումը և շեշտել մարզերում աշխատանքներն առավել ակտիվ իրականացնելու խնդիրը. «Կառավարության նիստերում ես առնվազն մի քանի անգամ խոսել եմ աշխատասենյակից դուրս աշխատելու մասին: Հիմա, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է գյուղատնտեսության հետ կապված հարց համակարգել աշխատասենյակից, մեր պաշտոնյաները պետք է իրենց աշխատանքի գոնե կեսը գյուղերում անցկացնեն: Գնում ես մտնում մի գյուղ, հետո մարդկանց խոսացածից հասկանում ես, որ այդ մարդիկ տարիներով ոչ մի պաշտոնյա չեն տեսել, նույնիսկ՝ վարչության պետի տեղակալի, ավագ կամ կրտսեր մասնագետի: Հետո գալիս ես, ասում են՝ մենք այդ հարցը վաղուց լուծել ենք: Որտեղի՞ց եք լուծել, հարգելի գործընկերներ, ինչ-որ թղթի մեջ մի նախադասությունը ձևակերպել եք, դարձրել ուրիշ նախադասություն: Եվ ինչպես Դուք ասացիք, մարդիկ ոչ միայն տեղյակ չեն, նույնիսկ մարզպետարանում, նույնիսկ համայնքապետարանում: Օրինակ՝ ինձ հետաքրքիր է, թող նախարարությունները հաշվետվություն տան, ես կառավարության նիստում սկսած նախարարներից ասել եմ, որ աշխատասենյակից դուրս աշխատանքը կարևոր է: Ես չեմ տեսնում, որ աշխատասենյակից դուրս աշխատանք է կատարվում»: Անդրադարձ է կատարվել նաև ապօրինի գործող բենզալցակայանների ապամոնտաժման քայլերին: Զեկուցվել է, որ հաշվետու տարվա ընթացքում հանրապետությունում ապամոնտաժվել է 40 ապօրինի գործող բենզալցակայան: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ասացիք, որ 40 ապօրինի լցակայան ապամոնտաժվել է, եթե այս պրոցեսը հանկարծ դադարեցնենք, դա նշանակում է, որ մենք այս 40-ին ուղղակի թիրախավորված շուկայից հանեցինք, ուղղակի վատություն արեցինք: Մեր քաղաքականությունն այն պիտի լինի, որ չպետք է երկրում ընդհանրապես լինի այդպիսի բենզալցակայան: Իրատեսորեն պարզ է, որ մենք չենք կարող դա մի օրում անել, ոչ էլ երկու օրում, ոչ էլ հինգ, բայց ասենք, ենթադրենք, 500-600 օրում պետք է անենք անպայման»:Տեղեկացվել է, որ 2023-ին կայացվել է տնտեսվարողների գործունեության կասեցման 46 որոշում՝ նախորդ տարվա 26-ի դիմաց, որից 33-ը՝ ջրօգտագործման ոլորտում, 10-ը՝ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում, 2-ն՝ ընդերքօգտագործման:Կենսաբազմազանության ոլորտում արձանագրվել է 1024 իրավախախտում, հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված վնասը՝ 1 մլրդ 273 մլն դրամի չափով: Արձանագրվել է նաև ապօրինի հատված ծառերի քանակի որոշակի նվազում: Համեմատության համար՝ 2021-ին այդ թիվը եղել է 19.475, 2022-ին՝ 18.405, իսկ 2023-ին՝ 14.374:Սիգի արգելքով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 2433 կգ սիգ տեսակի թարմ ձուկ, 3 հատ լողամիջոց, 227 հատ ձկնորսական ցանց, 23 հատ խեցգետնորսիչ: Պատճառված վնասը կազմել է 12 մլն 165 հազար դրամ, հարուցվել է 5 քրեական գործ:Մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրվել է 329 խախտման դեպք, կիրառվել է 26 մլն դրամի չափով վարչական տույժ, հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված վնաս՝ 180 մլն դրամի չափով: Արձանագրված 329 խախտումների կառուցվածքի մեջ 132-ը վերաբերում են շինարարության ոլորտին, 64-ը՝ բեռնատար մեքենաներով նյութերի տեղափոխմանը, 39-ը՝ ընդերքօգտագործողներին և 24-ը՝ խոզանների այրմանը:Անդրադարձ է կատարվել հրատապ մի շարք խնդիրների, ինչպիսիք են դատարանների կողմից տեսչական մարմինների հայցերի ապահովումը, ծանրաքաշ մեքենաների կշռմանը զուգընթաց հավելյալ վերահսկողական մեխանիզմների ներդրումը, ներկրվող պեստիցիդների գրանցումը, բարձր ստանդարտներին համապատասխանող արտադրանքի անխոչընդոտ ներմուծումը:Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում կոնկրետ ստանդարտների ներդրումն ու այդ ուղղությամբ ծրագրերի հետևողական իրականացումը. «Գոնե այս ընթացքում մեր փորձն այդ է ցույց տվել, որ մենք բոլոր այն տեղերում, որտեղ գնում ենք ստանդարտների որոշակի ներդրման և նույնիսկ հասցեական սուբսիդավորում ենք անում, դրանք նաև ֆիսկալ էֆեկտներ են ունենում մեր պետության և տնտեսության զարգացման համար: Եվ ՀՆԱ-ն է աճում, և դրա արդյունքում առաջացած ֆիսկալ էֆեկտներն են ի հայտ գալիս: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մենք ստանդարտի մեծացման մասին ենք խոսում, այդտեղ չպետք է գնանք ասենք՝ գիտեք, փող չկա, եկեք այդ ստանդարտը չդնենք, որովհետև փող չկա նաև այն պատճառով, որ այդ ստանդարտը չկա: Ստանդարտների հետևից պետք է հետևողականորեն գնալ»:Տեսչական մարմինների կողմից իրականացվել են ավելի քան 6500 իրազեկման միջոցառումներ՝ ընդգրկուն դասընթացների, զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական կայքերի և այլ հարթակների և միջոցառումների միջոցով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչական համակարգի զարգացման հեռանկարները, մի շարք խնդիրների առնչությամբ ստացվել են կոնկրետ հանձնարարականներ:
20:44 - 11 մարտի, 2024
Քաղաքացիների մեծամասնությունը կառավարության ամենամեծ ձախողումը համարում է Արցախի կորուստը. IRI հարցում

Քաղաքացիների մեծամասնությունը կառավարության ամենամեծ ձախողումը համարում է Արցախի կորուստը. IRI հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Հարցումները անցկացվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1 508 ՀՀ քաղաքացի։ Այն հարցին, թե արդյոք այս պահին Հայաստանը շարժում է ճի՞շտ, թե սխա՞լ  ուղղությամբ, հարցվողների 50%-ը պատասխանել ՝ «ճիշտ», 39%-ը՝ «սխալ», իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել հարցին։ Անդրադառնալով այն հարցին, թե ո՞րոնք են այս պահին Հայաստանում առկա խնդիրներ, հարցվողները ամենաշատը նշել են՝ Հայաստանի ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները։ Երկրորդ՝ ամենահաճախ հնչեցված խնդիրը գործազրկությունն է, իսկ երրորդը՝ քաղաքական անկայունությունը։ Ըստ հարցման` ՀՀ քաղաքացիները քաղաքական կամ հասարակական գործիչներից ամենից շատ վստահում են Նիկոլ Փաշինյանին՝ 17%, երկրորդը Արարատ Միրզոյանն է` 5%-ով, երրորդը՝ Արամ Սարգսյանը՝ 4%-ով, հաջորդում են Ալեն Սիմոնյանը (3%) ու Ռոբերտ Քոչարյանը(2%)։ Հարցման մասնակիցների 60%-ը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։ Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների 17%-ն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 3%-ը «Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը», 3%-ը «Իմ քայլը» դաշինքին։ 3%-ը կքվեարկեր «Հայաստան» դաշինքի օգտին, 2%-ը՝ ՀՀԿ-ի, 2%-ը «Բարգավաճ Հայաստանի», այդքան էլ՝ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցության։ Քաղաքացիների 48%-ը նոր քաղաքական կուսակցությունների անհրաժեշտություն է տեսնում։ 47%-ը կարծում է, որ առկա կուսակցությունները բավարար են։  Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ ձեռքբերումը՝ անցումն է բազմավեկտոր արտաքին քաղաքականության, իսկ ամենամեծ ձախողումը՝ ԼՂ / Արցախի հանձնումը, կորուստը։    
18:09 - 11 մարտի, 2024
Առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում. Կիպրոսի ԱԳ նախարար

Առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում. Կիպրոսի ԱԳ նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին: Վարչապետը ողջունել է Կիպրոսի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել.  «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատվում է որոշակի նոր դինամիկա։ Մեր հարաբերությունները միշտ ջերմ են եղել, բայց չնայած դրան՝ մենք պետք է շարունակական առաջընթաց գրանցենք։ Տարբեր ոլորտներում համագործակցության բավականին մեծ օրակարգ ունենք։ Ունենք երկխոսություն անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտներում։ Կուզենայի մեր ուշադրությունը հրավիրել տնտեսական օրակարգի վրա, որն իմ կարծիքով շատ կարևոր է, որպեսզի ավելի ամրապնդվեն հարաբերությունները։ Այս առումով ես նաև շատ մեծ նշանակություն եմ տալիս եռակողմ ֆորմատին, որին մասնակցում է նաև Հունաստանը: Հույս ունեմ, որ այս ամառ հանդիպում կկազմակերպենք, որն իմ կարծիքով, շատ կարևոր է։ Բարով եք եկել, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար։ Կուզենայի լսել Ձեր տպավորությունների մասին, տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին Ձեր մեկնաբանությունները և, իհարկե, նաև մեր երկկողմ օրակարգի վերաբերյալ»: Կոնստանտինոս Կոմբոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել. «Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Մենք արդեն քննարկել ենք Ձեր նշած բաղադրիչներից շատերը, մասնավորապես, թե ինչպես խորացնել մեր հարաբերությունները: Տեղեկացնեմ, որ այդ նպատակով առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում։ Նաև իմ գործընկերոջ հետ քննարկել ենք բիզնես ֆորումի հարցը՝ փորձելով դրա շրջանակում առավել կոնկրետ արդյունքներ գրանցել, այդ թվում՝ այն ոլորտներում, որտեղ արդեն լավ համագործակցություն ունենք՝ պաշտպանական ոլորտ, տուրիզմ, կրթություն. ուշադրություն կդարձնենք նաև այս ոլորտներին։ Գտնում եմ, որ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են պատմական պատճառներով, բայց նաև կան բավական հեռանկարներ՝ դրանք էլ ավելի բարելավելու տնտեսական արդյունքներ գրանցելու միջոցով։ Ինչ վերաբերում է եռակողմ ֆորմատին, ապա մենք հանձնառու ենք: Այս ֆորմատը հավասարապես կարևոր է բոլորի համար, կարող եք վստահ լինել, որ մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Մենք գնահատում ենք Կիպրոսի հարցում ձեր ավանդական սկզբունքային դիրքորոշումը»։ Դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով զրուցակիցները կարևորել են դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը մայրաքաղաքներում: Միաժամանակ, կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:
19:32 - 07 մարտի, 2024
Պետական հողերի օտարման դեպքում արժեքի 30 տոկոսը կուղղվի տվյալ համայնքի բյուջե

Պետական հողերի օտարման դեպքում արժեքի 30 տոկոսը կուղղվի տվյալ համայնքի բյուջե

Կառավարությունը այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսն արժեքի, ավելացրինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ իրականացնել»,- հարցը զեկուցելիս նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը հիշեցրել է, որ արդեն 2024 թ. հունվարի 1-ից գործում են օրենքն ու այս կարգավորումները. «Այս տարի ինչ պետական հողերի օտարում ունենանք, դրանց արժեքի 30 տոկոսը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե»: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա ևս մեկ քայլ է նախորդ քայլերի շարքում, որոնցով էականորեն մեծանում են ՏԻՄ-երի կարողությունները: «Մենք անշարժ գույքերի մասով, այսինքն՝ շենք-շինությունների մասով, արդեն իսկ այս որոշումը կայացրել էինք: Գումարած սրան՝ հանքարդյունաբերության ոլորտի հետ կապված՝ ունենք կարգավորումներ, որ ազդակիր համայնքներում ռոյալթիի 2 տոկոսը վերադարձվում է համայնքներին: 2024 թ. հունվարի 1-ից համայնքներին տրվող դոտացիաների թիվն ավելացրեցինք, և նաև արդեն երկար ժամանակ սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացնում, որտեղ, ըստ էության, համայնքների կարողությունները՝ կապիտալ ներդրումներ իրականացնելու, միջին հաշվով, կրկնապատկվում են: Չնայած շատ դեպքեր ունենք, երբ իրականում ֆինանսավորում ենք ծրագրերի 60-70 տոկոսը: Ընդհանուր առմամբ՝ սա համայնքների կարողությունները զարգացնելու մեր քաղաքականության շրջանակում է: Մենք սրանով նաև պետական բյուջեի միջոցները համայնքային խողովակով ավելի արդյունավետ մոտեցնում ենք հենց համայնքների բնակիչներին»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը հավելել է, որ փաթեթը բավականին մեծացնում է համայնքների կարողությունները. «Դա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի հարաբերության ճիշտ բալանսներ է ձևավորում: Սա կարևոր ուղղություն է, որը մենք առաջ ենք մղում»: Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել նաև ««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Անդրադառնալով հարցին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ որոշումը համայնքների և բնակիչների համար կարևոր է: «Մենք ունենք 71 համայնք, որոնցից 64-ը խոշորացված է: Այդ 64-ից 55-ում արդեն գործում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 55-ում գործում է 75 գրասենյակ: Այսինքն՝ կան համայնքներ, որտեղ մեկից ավելի գրասենյակներ կան, և ահա ունենք 40 համայնք, որոնք ներառվել են մի ծրագրում, որտեղ համայնքը սկսում է պետական այլ գերատեսչությունների ծառայություններ մատուցել, մասնավորապես՝ պետական ռեգիստրի, կադաստրի, միգրացիայի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Այս որոշմամբ այդ 40 համայնքից զատ մյուս համայնքներն էլ ենք մտցնում այդ ցանկում, որպեսզի առաջիկայում համապատասխան վերապատրաստումներն անցնեն համայնքային աշխատողները, և համայնքապետարանը սկսի մատուցել այդ ծառայությունները, որպեսզի մեր քաղաքացիները կադաստրի գրասենյակ, միգրացիոն ծառայություն և շատ այլ ծառայություններ գնալու կարիք չունենան և հենց համայնքում ստանան այդ ծառայությունները»,- նշել է նախարարը:
17:28 - 07 մարտի, 2024
«Գիտուժի» հայտարարությունը վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին

«Գիտուժի» հայտարարությունը վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին, որի առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 4-ին։ Ստորեւ՝ հայտարարությունը։ «Գիտուժ» նախաձեռնությունն իր գործունեության ընթացքում բազմիցս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա դիմակայել իր առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին միայն մրցունակ և ճկուն գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգ զարգացնելով։ Նման համակարգի անխափան և նպատակաուղղված գործունեությունն է պետություններին հնարավորություն տալիս հասնել անվտանգության, տնտեսության ու հասարակության շարունակական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների և գործընթացների ապահովմանը։ Միևնույն ժամանակ տարբեր ձևաչափերով և հարթակներում բազմիցս անդրադարձել ենք այս համակարգի կայացմանը և զարգացմանը խոչընդոտող խնդիրներին. նպատակի հստակ սահմանման, համակարգի կայացմանը և զարգացմանը նպաստող համապարփակ ռազմավարության և դրանից բխող կառավարության ու իր պրոֆիլային նախարարությունների միջև փոխկապակցված քաղաքականության բացակայությանը և այլն։ Այս համատեքստում կարևոր ենք համարում, որ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծման հիմքում ընկած է վերոնշյալ խնդիրների լուծմանը նպաստելը։ Ուրախ ենք արձանագրել, որ խորհրդի մեջ ներգրավված են պետական, գիտական և տեխնոլոգիական հատվածի ներկայացուցիչները։ Նաև կարևոր ենք համարում, որ ՀՀ վարչապետը խորհրդի նիստի ընթացքում հատուկ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը»։ Միևնույն ժամանակ, նոր ձևավորված խորհրդի արդյունավետությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության թիրախային խնդիրների լուծմանը միտված գործունեությունն ապահովելու համար, անհրաժեշտ ենք համարում նաև բարձրաձայնել հետևյալ խնդիրների մասին. Հայաստանում կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերը մնում է տեղային և, միջազգային չափանիշներով, շատ փոքր ծավալի։ Ավելին, եղած փոքր պատվերն էլ շարունակաբար թերակատարվում է։ Այս տարվա պատվերի բյուջեն կազմում է ՀՀ ՀՆԱ-ի մոտ 0.04%-ը։ Ստացվում է, որ Հայաստանում հիմնարար հետազոտությունների բյուջեն մոտավորապես 8 անգամ ավելի շատ է, քան կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքներինը։ Վերոնշյալ խնդիրը կարելի է լուծել ստեղծելով կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների պատվիրատու մարմին, որը պետք է լինի նախարարություններից դուրս, վարչապետի կամ փոխվարչապետի անմիջական ենթակայության տակ։ Լուրջ բացթողում ենք համարում նման խորհրդի օրակարգում հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման հարցի բացակայությունը: Այն իր առաջնահերթությամբ, հրատապությամբ և լուծման բարդությամբ չի զիջում ԳՏՃՄ/STEM ուղղություններին։Այս տեսանկյունից ակնհայտ է, որ պետք է կամ խորհրդի օրակարգում ներառել հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում ՀՀ մարտահրավերներից բխող ՀևՄ(R&D) աշխատանքների զարգացումը կամ ձևավորել այս օրակարգով աշխատող առանձին հարթակ: Խորհրդի աշխատակարգում հստակ չի ամրագրված, որ խորհրդի օրակարգում առաջադրվելու են այնպիսի ծրագրեր, որոնց գլխավոր նպատակը լինելու է պետության առջև ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ուղղված կարողությունների զարգացումը։ Այս բացթողումը պետք է լրացնել և հստակ ամրագրել, որ խորհուրդն աշխատելու է Հայաստանի անմիջական կարիքներից և նպատակներից բխող գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։ «Գիտուժ» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամենայն ուշադրությամբ և անաչառությամբ մշտադիտարկելու է խորհրդի աշխատանքները և պատրաստ է աջակցել իր օրակարգի, առաքելության և արժեքների շրջանակում գտնվող գործընթացներին։ Լուսանկարը՝ վարչապետի կայքից
17:10 - 07 մարտի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքներն ապահովելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ «Նշվածը վերաբերվում է երկու մանկապարտեզի կառուցման, 6 մոդուլային դպրոցի կառուցման, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 15 դպրոցի մարզադահլիճների կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,-ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում։ «Հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023 թվականին ավարտվել են՝ նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով։ Բացի այդ, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է նաև թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի տասը տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է և այդ հատվածը պետք է կառուցվի վերակառուցման փոխարեն։ Նաև Մեդովկայի և Հագվու հիմնական դպրոցների կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։
11:58 - 07 մարտի, 2024
Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան
 |1lurer.am|

Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 7-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նշվածը վերաբերում է 2 մանկապարտեզի կառուցմանը, 6 մոդուլային դպրոցի կառուցմանը, 1 ավագ դպրոցի մասնաշենքի կառուցմանը, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ գրեթե բոլոր օբյեկտներում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, ու քանի որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց նախարարին՝ ե՞րբ են մարզադպրոցները հանձնվելու շահագործման, քանի որ ժամկետի սահմանումը կարևոր է: «Պրակտիկայում գնում ենք, ի՞նչ իրադրություն ենք տեսնում, գնում ենք, տեսնում ենք, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել. սա երկրորդ պրոբլեմը: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, հոսանքը միացվել է, ջուր չկա. սա մյուս պրոբլեմը: Էլի կարող եմ շարունակել, ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից»,- ասաց նա: Խոսքն ուղղելով ԿԳՄՍ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե երբ պետք է հույս ունենալ, որ, օրինակ, Ջրառատի դպրոցը լիարժեք կշահագործվի: Նախարարը որպես ժամկետ նշեց այս տարվա ապրիլի 30-ը, ապա ասաց ծրագրով նախատեսվող բոլոր դպրոցների շինարարության վերջնաժամկետները: Խոսքն ուղղելով մարզպետներին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ օբյեկտներ այցելո՞ւմ են, շինաշխատանքների ընթացքին հետևո՞ւմ են: ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ դժգոհություններ ունի շինարարության տեմպից ու որակից, նաև Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ, և որ դիմել են պատվիրատուին, որպեսզի վերանայեն պատուհանները: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ նույնիսկ Երևանում կան դպրոցներ, որտեղ մեկ կապալառուի կողմից տեղադրված են տարբեր որակի պատուհաններ: «Խնդիր է դա, հեշտ լուծելի խնդիր չէ: Ինչ-որ մի քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ, երբեմն դեպքեր կան նույնիսկ, որ մեր պատվիրատուները կապալառուների հետ աշխատանքի ժամանակ ստիպված են լինում ասել՝ դու բե՛ր, 3 օրինակ ցո՛ւյց տուր, մենք ասենք՝ դրանից որը կարող ես որակի առումով տեղադրել, որ հետո խնդիրներ չլինեն: Բայց դա նշանակում է, որ մեր պատվիրատուները մտնում են ամեն մի դպրոցի շինարարության ընթացքի մեջ, և փորձում են կապալառուի հետ միասին դեպք-դեպք համաձայնել կամ չհամաձայնել. սա էլ ինչ-որ տեղ վարչարարական պրոբլեմներ առաջացնող հարց է»,- ասաց նա: Վարչապետն արձագանքեց՝ պետք է արձանագրել խնդիրը, և սովորել դա լուծել. «Եկեք արձանագրենք, որ մենք չգիտենք, մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից»:
11:57 - 07 մարտի, 2024
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին
 |panorama.am|

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ գործակալության միջև անվտանգ կապուղու մասին համաձայնագրին |panorama.am|

panorama.am: Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում  ընդունեց «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Օրինագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»։
11:42 - 07 մարտի, 2024
Մեկնարկում է ստորագրահավաք. արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը
 |armeniasputnik.am|

Մեկնարկում է ստորագրահավաք. արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախցիների բնակարանային կարիքների ապահովման նախաձեռնությունը բաց նամակ հղեց ՀՀ կառավարությանը, մեկնարկում է ստորագրահավաք։ ՀՀ կառավարությունը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակը։ Վերջին օրերին այն հանրության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Այս ընթացքում արցախյան 32 կազմակերպություն համախմբվել է և ձևավորել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը։ Այն առաջին հերթին միտված է զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով։ «Ստորագրահավաք ենք մեկնարկում, հղումը կուղարկենք նաև ԶԼՄ–ներին։ Մենք կոչ ենք անում բոլոր աջակիցներին, անկախ նրանից` արցախցի են, թե ոչ, ստորագրել այս փաստաթուղթը»,– նշեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ–ի նախագահ Արտակ Բեգլարյանը։ «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը, ներկայացնելով բաց նամակը, նշեց, որ իրենք ուսումնասիրել են ողջ ծրագիրը։ Նա ընդգծեց, որ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտականությունները և մի շարք այլ հանգամանքեր` հանդես են գալիս որոշ առաջարկներով։ «Առաջարկում ենք ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի`ակտիվ ներգրավելով միջազգային և սփյուռքի ֆինանսական ռեսուրսներ։ Առաջարկում ենք նաև բնակելի և անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին` անվերադարձելիության սկզբունքով` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը»,– նշեց Ասրյանը։ Նա հավելեց, որ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ` այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։ Բաց նամակում նաև ասվում է, որ պետք է հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին, առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40 000 + 10 000 դրամի ծրագիրը` մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։ Նախաձեռնության անդամները ՀՀ կառավարությունից պահանջում են մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում. յուրաքանչյուր ընտանիքի` ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանան գույք ձեռք բերել։ Նախաձեռնության անդամները նաև առաջարկում են ծրագրում առաջնահերություններ և լրացուցիչ արտոնություններ սահմանել զոհվածների և առաջին խմբի հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար, ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար։ «Ծրագրի նախագիծը դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները։ Այս ծրագիրը, միանշանանակ, պետք է նպաստի Արցախից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանը և արտագաղթի բացառմանը։ Ծրագրով պետք է հաշվի առնել նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը` անհրաժեշտ պայմաններ և գործողություններ ապահովելով այդ նպատակի համար»,– ասված է նամակում։ Ի պատասխան տարաբնույթ շահարկումների և պնդումների` Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամներն ընդգծեցին, որ իրենք կողմ են պետական աջակցության բոլոր ծրագրերին, այդ թվում բնակարանային։ Նրանք շեշտեցին, որ մյուս կողմից էլ կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը` հաշվի առնելով մեծագույն կորուստները և փախստական դարձած անձանց հանդեպ ՀՀ–ի ստանձած միջազգային և ներպետական պարտավորությունները։ Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները նախաձեռնության ներակայացուցիչները պատրաստ են ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում։ Միաժամանակ, նրանք պատրաստ են ցանկացած ձևաչափով հանդիպման և քննարկման, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության և արդյունավետության ապահովմանը։
11:53 - 06 մարտի, 2024
Նիկոլ Փաշինյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Կահիրեում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Վերջինս կարևորել է միջազգային տարբեր հարցերի շուրջ ՀՀ կառավարության հետ համագործակցությունը, այդ թվում` դիրքորոշումների ու տեսակետների ներկայացման նպատակով: Ահմեդ Աբուլ Ղեյտը հիշատակել է հայ և արաբ ժողովուրդների դարավոր սերտ կապերը, ինչը լավ հիմք է համագործակցության զարգացման համար: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին: Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ և հավելել, որ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, մասնավորապես՝ Գազայի հատվածում, ստեղծված իրավիճակի շուրջ: Կարևորվել է խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
21:00 - 05 մարտի, 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցման և բարեկարգման աշխատանքները, ընթացքի մեջ են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Ներկայացվել է նաև տեղեկատվություն մարզական ենթակառուցվածքների վերաբերյալ: Մասնավորապես, ավարտվել է «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգումը, շենքը  հանձնվել է շահագործման և օգտագործվել է 2023 թվականի ապրիլի 13-23-ը Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում, ավարտվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, իրականացվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հողատարածքի չափագրումը, շարունակվում են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները: Ոլորտի պատասխանատուները վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, կազմավորվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ օլիմպիական    հավաքականները, ապահովվել է ՀՀ հավաքականների մասնակցությունը Աշխարհի,  Եվրոպայի   առաջնություններին, միջազգային   մրցաշարերին:  Նշվել է, որ պարբերաբար անդրադարձ է կատարվում իրականացվող աշխատանքներին, քննարկվում են հավաքականների գլխավոր մարզիչների  հաշվետվությունները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ՝  թերությունները շտկելու նպատակով: Ուսումնասիրվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների մարզումների համար նախատեսված մարզակառույցների վիճակը վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Համապատասխան միջոցներ են հատկացվել Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականներին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովելու համար: Ծավալվել է մտքերի փոխանակություն բարձրացված հարցերի շուրջ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է Օլիմպիական խաղերին հավաքական թիմերի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու համար աշխատանքների հետևողական իրականացումը:  
16:36 - 05 մարտի, 2024
Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում |armeniasputnik.am|

Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ կառավարությունից նրանց հայտնել են, որ հանդիպում տեղի չի ունենա, իսկ արցախցիներն ի պատասխան զգուշացնում են` իրենց խնդիրը չլուծվելու դեպքում նստացույց կանեն։ Նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք հիմնականում պայմանավորված են հայաստանյան բանկերի հետ. շատ բանկեր տարբեր պատճառաբանություններով մերժում են նրանց` հրաժարվելով գործարք կատարել, որոշ դեպքերում էլ ներկայացնելով կոնկրետ պայմաններ ու սահմանափակումներ։ Ակցիայի մասնակից Նաիրա Բեգոյանը նշեց, որ իր ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում բնակարան ձեռք բերել։ «Ունեմ պետության կողմից տրված բնակարանի գնամ սերտիֆիկատ` ընտանիքի յուրաքանչյուր անձի համար 10 մլն դրամ արժողությամբ։ Սերտիֆիկատի ժամկետը լրանում է 3 ամսից, բայց բանկերը կա՛մ հրաժարվում են ֆինանսավորել մեզ, կա՛մ գտած բնակարանը ոչ պատշաճ գնով են գնահատում։ Արդյունքում բնակարանի գինն ավելի թանկ է ստացվում, քան բանկի առաջարկած գումարը»,– ասաց նա։ Այս նույն կարգավիճակում է շուրջ 1700 արցախցի ընտանիք, որոնք 2020 թվականից մինչ օրս չեն կարողանում բնակարան գնել ՀՀ–ում։
14:56 - 05 մարտի, 2024