ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հիմնադրվել է 2013 թվականին՝ 2008 թ․ ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա։ Նախագահն է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներն են Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի եւ ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։ 

ՀԱԿ-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 19 691 ձայն (1.54%)

Այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում․ «Հայ Ազգային Կոնգրես»

Այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում․ «Հայ Ազգային Կոնգրես»

«Հայ Ազգային Կոնգրեսը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Նկատի ունենալով Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը եւ այդ առիթով տեղի ունեցող բողոքի «տարերային» ցույցերը, որոնք իրականում ուղղորդվում են ընտրապայքարի մեջ մտած տարաբեւեռ ուժերի կողմից, հայտարարում ենք. Միթե՞ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կանխազգալով առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի վարչախմբի անխուսափելի տապալումը, փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել Հայաստանից։ Ուստի, քանի որ, բողոքի ցույցերը ակնհայտորեն ավելի են թուլացնում Նիկոլ Փաշինյանին, ստացվում է, որ վերը նշված ուժերը նպաստում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։ Իսկ դա, իր հերթին, նշանակում է, որ ցույցերի կազմակերպիչներն առաջնորդվում են ոչ թե պետական շահերով, այլ զուտ նախընտրական քարոզարշավի դրդապատճառներով։ Հետեւաբար, այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ։   Լեւոն Տեր-Պետրոսյան Երեւան, 21 մայիսի 2021թ.»
16:10 - 21 մայիսի, 2021
Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․ Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Այդ կապակցությամբ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը ընդունել է նաև հետևյալ հայտարարությունը․ Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակում։ Վտանգված են հայոց պետականությունը, քաղաքացիների ապահովությունը, երկրի սահմանները և տարածքային ամբողջականությունը, Արցախի գոյությունը։ Գործող իշխանությունը, ծանրագույն ռազմական պարտության տանելով երկիրն ու ժողովրդին, ապացուցել է պետությունը կառավարելու իր անկարողությունը։ Առաջացած կառավարման ճգնաժամը առավել բարդանում է երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեա-օլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև։ Հանրության մեծամասնությունը հուսահատված է նման ընտրանքի հեռանկարից և չի դիտարկում ընտրությունները՝ որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Նման իրավիճակում, Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետության և ժողովրդի ճակատագրի համար իր պատասխանատվությամբ և անսալով հասարակության բազմազան հատվածներից եկող ազդակներին, որոշում է մասնակցել Ազգային ժողովի՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել կարող և արդար իշխանություն։ Հայաստանում պետք է նորից հաղթեն իրատեսությունը, ողջախոհությունը, քաղաքական ռացիոնալ միտքը, ժողովրդի հետ ազնիվ լինելու և նրան ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը։ Միայն այդ դեպքում է հնարավոր իրագործել ժողովրդի իղձերը և բռնել առաջընթացի ուղին։
18:33 - 18 մայիսի, 2021
Հրապարակվել է Հայ ազգային Կոնգրեսի վարչության նորընտիր կազմը |ilur.am|

Հրապարակվել է Հայ ազգային Կոնգրեսի վարչության նորընտիր կազմը |ilur.am|

ilur.am: Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այսօրվա համագումարում հաստատվեց նորընտիր վարչության կազմը, որը հրապարակել է ilur.am-ը: Ստորեւ ներկայացնում ենք վարչության կազմը. Վանո Սիրադեղյան Արամ Մանուկյան Լեւոն Զուրաբյան Սամվել Աբրահամյան Ավետիս Ավագյան Արման Մուսինյան Աշոտ Սարգսյան Սարգիս Թամազյան Արամ Բարեղամյան Արշակ Բանուչյան Գեւորգ Գեւորգյան Տաթեւ Զորյան Լիլիկ Թառլամազյան Զոյա Թադեւոսյան Հարություն Ուռուտյան Աշոտ Մանուկյան Վարդան Մալխասյան Եվա Ադամյան Լեւիկ Խաչատրյան Մուրադ Գրիգորյան Սեդրակ Հովհաննիսյան Վիկտոր Միրումյան Էսթեր Պետրոսյան Արման Գալոյան Կարեն Թովմասյան Արմեն Խաչատրյան Վոլոդյա Հովհաննիսյան Գուրգեն Ասատրյան Ավետիք Գրիգորյան Գրիգոր Գրիգորյան Արտակ Հարությունյան Դավիթ Վարդանյան Արամայիս Ավետիսյան Մերուժան Աբրահամյան Աշոտ Մելքոնյան
21:46 - 16 մայիսի, 2021
Մենք կարող ենք ղեկավարել շարժումը, որովհետև անկախության, պետականության արժեքը մեզնից լավ ոչ ոք չգիտի. Արամ Մանուկյան

Մենք կարող ենք ղեկավարել շարժումը, որովհետև անկախության, պետականության արժեքը մեզնից լավ ոչ ոք չգիտի. Արամ Մանուկյան

Ցավոք, 1998-ից սկսվեց հակահեղափոխությունը, հայ քաղաքական միտքը սկսեց դեգերել հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, սկսեց կրկին մեղավորներ փնտրել դրսում, հայ քաղաքական միքտը և այսօր նաև քաղաքացին Հայաստանի փրկությունը փնտրում են իրենցից դուրս, քաղաքական ուժերը մրցակցում են՝ ով կարող է ավելի շատ ռուսամետ լինել կամ ռուսներին հայհոյել։Այս մասին այսօր «Հայ Ազգային Կոնգրեսի» համագումարի ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ապա ավելացրեց, որ ստորաքարշության և սեփական եսը մերժելու այս շքերթը դեգրադացնում է Հայաստանի քաղաքացուն, սպանում նրա մեջ քաղաքացու բարձր պատասխանատվության ու արժանապատվության զգացումը։ «Համավարակի վնասները, անգամ մեր մեծաթիվ կորուստներն այնքան վտանգավոր չեն, որքան վտանգավոր է այն վիրուսը, որի արդյունքում քաղաքացին օտարվում է պետության մաս կազմելու, պետությանը տեր կանգնելու իր իրավունքից ու պարտավորությունից։ Այսօրվա մեր հրամայականն է կանգնեցնել այս ընթացքը՝ քաղաքացու՝ Հայաստանի պաշտպանի, տիրոջ ոչնչացումը»,- ասաց Մանուկյանը։ Նա նշեց, որ Հայ Ազգային կոնգրեսն իշխանություն չի ուզում և երախտապարտ կլինի բոլոր նրանց, ովքեր իշխանության են և պահպանում են Հայաստանի անկախությունն ու ազատականությունը, տեր են կանգնում դրանց։ «Ցանկացած եկող-գնացող իշխանություն պետք է ունենա նվազագույն պարտադիր մի առաքելություն․ նա պետք է հավատարիմ շան նման պահպանի երկրի պետականությունը, մնացյալ պարտականություններն ածանցյալներ են»,- ասաց Արամ Մանուկյանը և հավելեց․ «Ցավոք, այս իշխանություններն արդեն ձախողվել են ու փորձանք են դարձել վերը նշված խնդիրները լուծելու համար։ Նրանք պետք է հեռանան, և պետք է բացառվի նաև ռևանշիստների վերադարձը»։Նա նշեց, որ եթե Կոնգրեսը կարողանա քաղաքացիների միջից հանել վախը՝ իշխանությունների կողմից սարքած՝ նախկին իշխանությունների խրտվիլակից, ապա կունենանք հաջողություն։ «Սա է այսօրվա քաղաքական անելիքը։ Եվ ո՞վ կարող է անել դա, իհարկե, Կոնգրեսը՝ ժողովրդական լայն աջակցությունների պարտադիր գոյության պայմաններում։ Մենք կարող ենք ղեկավարել այդ շարժումը, որովհետև անկախության գինը, պետականության գինն ու արժեքը մեզնից լավ ոչ ոք չգիտի ու չի պատկերացնում, որովհետև մենք կյանք ենք դրել պետականությունը կայացնելու համար, և մեր ապրելու իմաստը եղել է ազատ, անկախ Հայաստանը կառուցելը։ Որովհետև մենք իրադարձություններին նայում ենք սթափ աչքերով, որովհետև ցանկությունները մեզ համար հիմք չեն, եթե կան հաշվարկներ ու սառը դատողություններ, որովհետև, ցավոք սրտի, չկա ուրիշ ուժ, որ կարող է անել այս ամենը։ Եվ մենք պետք է ու պարտավոր ենք դա անել, որովհետև այս երկրում կան բազմաթիվ ազատ-անկախ քաղաքացիներ, որոնք դրա կարիքն ունեն, որոնք այլընտրանքի կարիք ունեն»,- եզրափակեց ՀԱԿ փոխնախագահը։
16:15 - 16 մայիսի, 2021
Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում

Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում

Այսօր «Հայ Ազգային Կոնգրեսի» համագումարի ժամանակ ելույթ է ունեցել կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ․«Հարգելի, սիրելի եւ կարոտած ընկերներ,Կարճ եմ խոսելու, որովհետեւ դեռ լիովին չեմ ապաքինվել: Ելույթիս համար ընտրել եմ ինքնահարցազրույցի ժանրը, նկատի ունենալով հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերը: Հարց առաջին. Ո՞րն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը: Պատասխան. Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ: 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարեւորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը: Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ, եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը: Պատկերավոր ասած՝ նրանք դրսեւորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցրելով նաեւ արդեն շահածը: Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, որովհետեւ մտադիր եմ օրերս հանդես գալ այդ հարցին նվիրված ծավալուն հոդվածով: Հարց երկրորդ. Եթե այս ամենը գիտակցում էի, ապա ինչու՞ չդիմեցի ժողովրդին եւ նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից: Պատասխան. Նախեւառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ: Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Հարց երրորդ. Ի՞նչ էր նշանակում առաջիկա ընտրություններին ՀՀ երեք նախագահների «Ազգային համաձայնության դաշինք»-ով մասնակցելու առաջարկը, մի պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ես ունեցել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական հարաբերություններ: Պատասխան. Նկատած կլինեք, որ սա վերջին շրջանում Հայաստանում ամենաշատ քննարկված հարցն է: Հրապարակ են նետվել հազարումի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ եւ բարոյականության տեսակետից արտահայտված տարակուսանքներ: Սակայն, ըստ էության, քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը: Եւ դա նույնիսկ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ նաեւ այդ հանելուկի բանալին: Այն է՝ մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր ՀՀ երեք նախագահների կողմից պետական որեւէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով: Հարց չորրորդ. Այդ դեպքում ո՞վ էր զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։ Պատասխան. Իմ կարծիքով, անհրաժեշտ էր ձեւավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ եւ կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ։ Հարց հինգերորդ. Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ առանց քննարկման, կտրականապես մերժեց իմ առաջարկը։ Պատասխան. Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ: Հարց վեցերորդ. Իսկ ինչպե՞ս բացատրել հանրության անկեղծորեն, իսկ քաղաքական շրջանակների կողմից՝ չարամտորեն արտահայտված այն տարակուսանքը, որ ես դաշինքի առաջարկով դիմել եմ Քոչարյանին եւ Սարգսյանին, որոնց հետ ունեցել եմ ոչ միայն տարաձայնություններ եւ հակասություններ, այլեւ կոշտ հակամարտություն: Պատասխան. Ազգային համաձայնության դաշինքները կամ կառավարությունները, որպես կանոն, աշխարհի բազմաթիվ երկրներում ձեւավորվում են հենց այն ուժերի միջեւ, որոնք լրջագույն հակասություններ են ունեցել իրար հետ եւ նույնիսկ միմյանց դեմ մարտնչել քաղաքացիական պատերազմներում: Եթե այս հանգամանքը չլիներ, Ազգային համաձայնության կառավարությունների կամ դաշինքների ձեւավորման կարիք չէր լինի: Նման կարիք առաջանում է այն պայմաններում, երբ հակամարտող ուժերը գիտակցում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին եւ հանուն պետականության, նրանք նույնիսկ դիմում են արտակարգ քայլերի: Ազգային համաձայնության կառավարությունների առաջին գործը շատ դեպքերում լինում է ընդհանուր համաներման հայտարարումը, ինչի իմաստն այն է, որ գիծ է քաշվում անցյալի ու ներկայի միջեւ՝ դրանով ազդարարելով պետության կայունացման եւ զարգացման նոր հանգրվանի սկիզբը: Գուցե զարմանալի թվա, եթե ասեմ, որ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման ավանդույթը կիրառվել է նաեւ Հայաստանում: Իրականում այդպիսին էին Հայաստանի Հանրապետության՝ Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարությունները, որոնց անդամների մեծագույն մասը կոմունիստներ էին, նախկին պետական պաշտոնյաներ: Խորհրդային կոմունիստական իշխանությունների եւ Ղարաբաղյան ու Հայոց համազգային շարժման հակասություններն ու հակամարտությունները շատ ավելի դաժան էին, քան ՀՀ երեք նախագահների միջեւ: Ի տարբերություն ետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնցում կոմունիստական նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա կիրառվեց, Հայաստանում դա տեղի չունեցավ: Ինչը եւ ապահովեց Հայաստանում լուրջ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման, երկրի կայունացման եւ Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հիմքը: Հարց յոթերորդ. Ի՞նչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունեմ առաջիկա ընտրություններից: Պատասխան. Առաջին՝ նախեւառաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, 100 տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում: Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը եւս լուծվում էր նույն պարագայում: Ի դեպ, վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո, ես նրան անկեղծորեն ասել եմ, որ ստիպված եմ լինելու պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլեւ իր դեմ։ Պարտության պատճառով մենք արժանացանք շատ երկրների կարեկցանքին ու խղճահարությանը: Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում՝ կարժանանանք ողջ աշխարհի ծաղրուծանակին: Հարց ութերորդ. Ի՞սկ ինչով է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը: Պատասխան. Վտանգավոր է նրանով, որ երկուսից որեւէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլեւ ավելի է սաստկանալու, եւ իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության հետ կապված, ինչպես նաեւ երկրի առջեւ կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով: Նույնքան վտանգավոր է նաեւ երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձեւավորումը։ Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող ապակայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, եւ մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր եւ տեւական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշումը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, ինչը հաստատվում է նաեւ մեր երկրի վերջին երեք տարիների սեփական փորձով, որ կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ եւ կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։ Նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետեւաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից եւ ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։ Հարց իններորդ. Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է, արդյո՞ք, առաջիկա ընտրոււթյուններին։ Պատասխան. Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը: Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի:  Շնորհակալություն ուշադրության համար։  Երեւան, 16 մայիսի 2021թ.»
15:44 - 16 մայիսի, 2021
Քոչարյանն ու Սարգսյանը ձեւական էին բանակցում, իսկ Փաշինյանը խելագարի համառությամբ մերժեց արժանապատիվ խաղաղությունը․ Զուրաբյան |aravot.am|

Քոչարյանն ու Սարգսյանը ձեւական էին բանակցում, իսկ Փաշինյանը խելագարի համառությամբ մերժեց արժանապատիվ խաղաղությունը․ Զուրաբյան |aravot.am|

aravot.am: Այն, ինչ ունենք այսօր, ազգային ողբերգություն է։ Ժանտախտի մեջ իշխանության համար կռիվ տվող զարհուրելի խաղաքական վերնախավ։ Պետությունը մահացու սպառնալիքների առաջ է, եւ պետության թուլացումը հրավիրում է արտաքին ագրեսիա։ Մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այս օրերին է կատարվում, հնարավոր չէ գնել։ Այս մասին «Հայ ազգային կոնգրեսի» համագումարում այսօր հայտարարեց կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ «250 ադրբեջանցիներ զբոսնելով կարող են գրավել ՀՀ տարածքը, իսկ ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ «ֆեյսբուքից» դուրս գալ, դիմադրել ագրեսորի գործողություններին։ Պարզվեց, որ ոչ միայն տեղում սահմանապահներ ու բանակ չունենք, այլեւ առաջին կուրսեցու գրագիտություն, որպեսզի պատշաճ դիվանագիտական ընթացակարգով դիմեին ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ոսկերչական արտաքին քաղաքականությամբ ձեռքբերված փայլուն հաղթանակների բարձունքից գլորվեցինք պետության քայքայման այսօրվա ճահիճը»,- ասաց նա։ Լեւոն Զուրաբյանի խոսքով․ «Պատասխանը պարզ է։ Ղարաբաղյան շարժումը եւ դրա կողմից ստեղծված իշխանությունը հաղթեց, որովհետեւ ի սկզբանե որդեգրել էր քաղաքական ճիշտ արժեհամակարգ՝ սեփական ուժերի ապավինում, ազգային շահերի այնպիսի ձեւակերպում, որը համահունչ է ժամանակակից աշխարհաքաղաքական պահանջներին։ Պետք է վերջապես գիտակցել՝ պետությունը բռնեց պարտության ճանապարհը, երբ որդեգրեց ոչմիթիզականության արկածախնդրական դիրքորոշումը եւ ուզեց աշխարհից ստանալ ավելին, քան աշխարհը կամենում էր։Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեւականորեն բանակցում էին կարգավորման համար, բայց այնպիսի անիրատեսական եւ առավելապաշտական պահանջներ էին ներկայացնում, որոնք չունեին երբեւէ խաղաղ կարգավորման հիմք դառնալու հեռանկար։ Ոչմիթիզականության ճանապարհով հայոց ղեկավարներից ամենահեռուն գնաց Փաշինյանը։ Կարծում եմ՝ ՔՊ-ի նախընտրական կարգախոսը լավ չեն ձեւակերպել, պետք է լիներ՝ «ապագա կար»»։ Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ․ «Խելագարի համառությամբ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ադրբեջանաթուրքական ջարդարար մեքենան՝ մերժեց արժանապատիվ խաղաղության հնարավորությունը 2019, 2020թթ․, նաեւ պատերազմի առաջին օրերին։ Այնպես որ, ինչքան էլ փորձի արդարանալ, չի ստացվելու»։Ավելի մանրամասն կարդացեք Aravot.am-ում։
13:03 - 16 մայիսի, 2021
Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն, մեղավորն ու ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն, մեղավորն ու ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն ու մեղավորը, եթե կուզեք՝ գլխավոր ճարտարապետը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը։ Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։«Միևնույն ժամանակ ես հեռու եմ ամբողջ մեղքը բացառապես Փաշինյանի վրա բարդելու մտադրությունից։ Ինչ-որ իմաստով նա ինքը զոհ է հայոց աշխարհը պատած առավելապաշտական «ոչմիթիզականության»։ Իսկապես, հուշեք ինձ, նշեք, թե քաղաքական քանի՞ ուժ գիտեք Հայաստանում, որ Ղարաբաղի հարցը համարել է չլուծված, զգուշացրել է գալիք պատերազմի վտանգի մասին, խոսել՝ փոխզիջման հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ՝ եղել է միայն մեկ այդպիսի ուժ, և այդ մեկ ուժը հենց այն մարդիկ են, որոնք այսօր նստած են այս դահլիճում։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը լծված էին երկրում «ոչմիթիզական» վակխանալիա ստեղծելու գործին։ Եվ Փաշինյանն ընդամենը համազգային այդ անմտության խրախճանքի արգասիքն է»,- հայտարարեց Զուրաբյանը։ Նա նաև նշեց, որ, օգտվելով առիթից, ցանկանում է անդրադառնալ, իր բառերով ասված, հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և իբր իրականացնում է  Տեր-Պետրոսյանի պլանը։ «Պարզ վերլուծությունը ցույց է տալիս սակայն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Արցախում իրականացրեց ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել։ Նիկոլ Փաշինյանն իրականացրեց հենց «ոչմիթիզականների» պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող․ այդ հողը Հայաստանից գրավեցին ուժով՝ մեր հազարավոր զինվորների արյան գնով։ Եվ ճիշտ կլիներ նրան համարել Քոչարյանի, «Դաշնակցության», «Սասնա Ծռերի» հոգեզավակը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։Ըստ նրա, արդարության համար պետք է նշել, որ 2008-ին Փաշինյանը կիսում էր հակամարտության կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի մոտեցումները, սակայն 2012-ին ՀԱԿ-ի ցուցակով խորհրդարանում հայտնվելուն պես խզեց կապերը Կոնգրեսի հետ, իսկ 2017 թվականին սկսեց բացահայտ քննադատել Տեր-Պետրոսյանին՝ «ոչմիթիզականության» դիրքերից։
12:34 - 16 մայիսի, 2021
Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանի հայտարարությունը առաջին նախագահի հետ զրույցի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը |azatutyun.am|

Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանի հայտարարությունը առաջին նախագահի հետ զրույցի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում նաև այս թեմայով զրուցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: «Ազատություն». - Մի հարց կուզենայի ձեզ ուղղել, որը վերաբերում է այս շաբաթ Ազգային ժողովում հնչած Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության. նա, մասնավորապես, ասաց, որ «2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, և գաղտնիք բացեմ՝ ինչ է ասել ինձ Տեր-Պետրոսյանը 2018 թվականի հուլիսին, ասել է՝ հողերը պետք է տաս»: Լևոն Զուրաբյան. - Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել: Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ, և այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ և ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է: Ինչ վերաբերում էր իր պնդմանը, կոնկրետ ասում ենք՝ սա բացարձակ սուտ է: Մենք առաջարկում ենք՝ եթե ինքը իր վարկը ցանկանում է փրկել, թեև արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի բերել որևէ ապացույց, առավել ևս, որ ինքը ասում է մեջբերում, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է: Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես նման բան ասել է: Ոչ, դա սուտ է, սխալ է, նման բան չկա: Ինչ է ասել Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ոչ միայն չի հասկանում, որ ընդհանրապես գաղտնիքներ չի կարելի բացել, ասում է՝ գաղտնիք ասեմ, հետո բացում է գաղտնիք, բայց դրա վրա էլ ավելացնում է մեկ այլ հանցագործություն, ոչ թե գաղտնիք է բացում, այլ գաղտնիք բացելու շղարշի տակ ներկայացնում է բացարձակ սուտ հորինվածք՝ սա անվայել պահվածք է պետության ղեկավարի համար, հետևաբար, ես ասում եմ՝ մենք մի քիչ այլ բարոյականության տեր մարդիկ ենք և ընդհանրապես բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ էթիկայի ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցիալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում: Խոսացվել է լրիվ այլ բան, լրիվ այլ բաներ են ասվել: «Ազատություն». - Հողերի մասին խոսակցություն չի՞ եղել: Լևոն Զուրաբյան. - Բացարձակ սուտ է դա: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հայտնի է մեր ժողովրդին 90-ական թվականներից, դա երբեք փոփոխության չի ենթարկվել: 97 թվականին Տեր-Պետրոսյանն առաջարկել է իր հայտնի պլանը, ավելի ճիշտ իր հայտնի հոդվածով ներկայացրել է, թե ինչպիսի լուծում կա ղարաբաղյան խնդրում, և որ այդ լուծումը պետք է ընդունել այն պահին, երբ որ մենք խոսում ենք ուժի դիրքերից, իսկ եթե դա չանենք, այս տարիների ընթացքում, ապագայում Ադրբեջանը բազմիցս հզորանալու է Հայաստանի նկատմամբ, և այն, ինչ որ մենք կարող էինք ստանալ, խնդրելու ենք, բայց չենք ստանալու: Նույն դիրքորոշումը հայտնվեց 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որ մենք ուղղակի նախազգուշացրեցինք, երբ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրեց ամբողջ ազգին, որ արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե մենք չգնանք խաղաղության, մեզ սպառնում է աղետալի պատերազմ՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին խորհրդարանում հայտարարեց, որ առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»։
10:36 - 19 ապրիլի, 2021
Քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության հրահրելու է նոր քաղաքական ճգնաժամեր․ ՀԱԿ

Քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության հրահրելու է նոր քաղաքական ճգնաժամեր․ ՀԱԿ

«Հայ ազգային Կոնգրեսը» հայտարարություն է տարածել՝ կապված հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ մարտի 18–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչած հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նշյալ քաղաքական ուժերն եկել են համաձայնության՝  արտահերթ խորհրդարանական ընտրությունները  անցկացնելու գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ։ Այդպիսի ահազանգ մարտի 15-ին համատեղ հայտարարությամբ հնչեցրել էին նաև շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ։  Մինչդեռ, 2021 թ. մարտի 9-ին Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Որոշակի թերություններով հանդերձ, օրինագիծը լուծում է ընտրությունները գաղափարական, քաղաքական հիմքով անցկացնելու խնդիրը, քաղաքական համակարգը առավելապես զերծ պահելով գործող Ընտրական օրենսգրքի ընձեռած՝ ընտրակեղծարարության եւ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի օգտագործման համակարգային հնարավորություններից։ Առանցքային նշանակություն ունի, հատկապես, անցումը պարզ  համամասնական ընտրակարգի և այսպես կոչված «ռեյտինգային» համակարգի ապամոնտաժումը, որը ծրագրային հենքի վրա պայքարն ընտրություններում ըստ էության փոխարինում էր փողատերերի եւ կրիմինալ  հեղինակությունների մրցակցության։ Հայաստանի քաղաքական ուժերը հետևողականորեն հետապնդել են այդ նպատակը շուրջ 15 տարի, և դրա շուրջ ձևավորվել էր լայն հասարակական կոնսենսուս՝բացառությամբ Հանրապետական կուսակցութան։ Վերահաստատելով մեր մշտական դիրքորոշումն առ այն, որ նախկին իշխանությունների կողմից զանգվածային ընտրակեղծարարության գործադրմամբ մեր հասարակությանը պարտադրված «մեծամասնական-ռեյտինգային» ընտրակարգը եղել է քաղաքական կոռուպցիայի եւ պետական ու քաղաքական համակարգերում ճգնաժամերի առաջացման հիմնական պատճառներից մեկը՝ ծառայելով որպես իշխանության վերարտադրության ապահովման կարևորագույն գործիք, կտրականապես մերժում ենք այդ օրենքով ընրություններ անցկացնելու որոշումը։ Համոզված ենք, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության,  ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին եւ հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր։ Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան  հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ուղղակի պատասխանատվություն են կրելու Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված ծրագրի ձախողման համար։ Ուստի, հույս ենք հայտնում, որ խորհրդարանական քաղաքական ուժերը կառաջնորդվեն ոչ թե իրավիճակային նկատառումներով, այլ հավատարիմ մնալով նախկինում հայտնած սեփական դիրքորոշումներին, կդրսևորեն այս պահին Հայաստանին այդքան անհրաժեշտ հետևողականություն և սկզբունքայնություն, արագ կընդունեն Ընտրական նոր օրենսգիրքը, ինչը թույլ կտա երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել արդար ընտրությունների միջոցով»։
17:58 - 18 մարտի, 2021
Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում․ Արամ Մանուկյանը՝ «Մարտի 1-ի» գործով դատավարության մասին |1lurer.am|

Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում․ Արամ Մանուկյանը՝ «Մարտի 1-ի» գործով դատավարության մասին |1lurer.am|

1lurer.am: Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների ու Մարտի 1-ի զոհերի հարազատների մասնակցությամբ այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Այնուհետև ՀԱԿ անդամները, համակիրները Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ ծաղկեպսակ են դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարակից պուրակում՝ ի հիշատակ 13 տարի առաջ կատարված հետընտրական արյունալի իրադարձությունների զոհերի: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Մարտի 1-ի» գործով դատավարությանը, նաև մտահոգություն հայտնել, որ առ այսօր բացահայտված չեն սպանությունները: Արամ Մանուկյանը դատական պրոցեսը որակել է թատերական ներկայացում: «Սա ֆարս է, սա ներկայացում է, սա անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, էս երկրի ու երկրի ապագայի նկատմամբ, պետականության նկատմամբ: Այսպես չի կարելի երկրի հետ վարվել, այսպես չի կարելի արդարության հետ վարվել, ծաղրուծանակի վերածել ամեն ինչ: Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում»,- ասել է նա՝ վստահեցնելով. «Մենք գոնե շահագրգիռ կողմ ենք, որ Մարտի 1-ը բացահայտվի»:
21:00 - 01 մարտի, 2021
Ուսումնասիրվելու են մարտի 1-ի գործով դատավճիռները․ խոսքը 37 դատավորների մասին է. Արմեն Խաչատրյան |lragir.am|

Ուսումնասիրվելու են մարտի 1-ի գործով դատավճիռները․ խոսքը 37 դատավորների մասին է. Արմեն Խաչատրյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ: Պարոն Խաչատրյան, Դուք և ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սկսել եք մի գործընթաց, որի շրջանակներում ուսումնասիրելու եք գործող դատավորների՝ «Մարտի 1»-ի գործերով նախկինում կայացրած դատավճիռները և չեք բացառում, որ դրանց արդյունքում կարող են նաև իրավական գործընթացներ սկսվել: Ինչո՞ւ որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ: Նոր չէ, որ ինձ մոտ ցանկություն կա «Մարտի 1»-ով արդարադատություն կատարած դատական համակարգի ներկայացուցիչներին պատժելու, քրեական պատասխանատվության ենթարկելու: Այդ ցանկությունն առաջացել է հենց այդ ժամանակ, անարդար վճիռներ կայացնելու ընթացքում: Ակնհայտ է, որ արդարադատության դեմ այդ ծավալի հանցագործություն կատարած անձինք, որոնք միասնական, դիտավորությամբ, մեկ կենտրոնից ուղղորդված իրենց գործունեությունն են իրականացրել, մի օր անպայման պետք է կանգնեին արդարադատության առջև: Ես ուզում եմ նորից շեշտել նախկինում հայտնած այն միտքը, որ 2008 թվականին իշխանությունը կամ սահմանադրական կարգը տապալած խումբը զուգահեռաբար թաղեց նաև հայկական արդարադատությունը: Կարող ենք ասել, որ դատական իշխանությունն այնքան էլ անկախ չէր կամ մինչ այդ էլ քաղաքական պատվերներ է կատարել: Շատ հետ չեմ գնա, բայց առնվազն Աշոտ Բլեյանի գործից սկսած մեր հայկական  դատարաններում քննվել են քաղաքական գործեր, բայց որ դատական համակարգն ամբողջությամբ թաղվեր այդ ծավալի գործի տակ, այդպիսի բան երևի աշխարհում էլ հազվադեպ է եղել: Գուցե կարողանանք համեմատել խորհրդային ստալինյան տարիների հետ, երբ ամբողջ դատական համակարգը կատարում էր նույն պատվերը: Բնականաբար, իշխանափոխությունից հետո առաջին պատեհության դեպքում պետք է բարձրացվեր այդ հարցը: Այսինքն` իշխանությունը դա չարեց և դուք որոշեցիք նախաձեռնել այսպես կոչված վեթինգի գործընթացը: Ոչ թե չարեց, այլ կարծում եմ, որ դա առաջին գործերից մեկը պետք է լիներ: Օրերս Ֆեյսբուքը հիշեցրեց 2018-ի օգոստոսին վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում, որ որևէ մարդասպան անպատիժ չի մնալու, որևէ դատավոր, որ կայացրել է անարդար վճիռ, անպատիժ չի մնալու: Ես կարծում եմ, որ իսկապես իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լիներ դատական համակարգը մաքրել գոնե մարտիմեկյան գործերով վճիռ կայացրած դատավորներից, նաև Արամի փողոցի, Բուզանդի փողոցի բնակիչների գործերով վճիռ կայացրած դատավորներից: Բայց մի պահ եկավ հասավ, որ մենք հասկացանք, որ ոչ միայն այս դատավորները չեն ենթարկվում պատասխանատվության կամ գոնե առնվազն համակարգից չեն հեռացվում, նաև նրանց հնարավորություն է տրվում իրենց նոր գործունեությամբ աչքի ընկնելու: Բնականաբար, ինձ համար անընդունելի է, որ Մնացական Մարտիրոսյանը այսօր դեռ քննում է հնչեղ գործ: Իշխանությունն անընդհատ հայտարարում է, որ չի հրաժարվել վեթինգից, այդ ամենի համար ժամանակ է պետք և այլն: Կարծում եք՝ 2,5 տարին բավարա՞ր էր վեթինգ իրականացնելու համար, եթե լիներ այդ կամքը: Ռուստամ Բադասյանը նախօրեին ասաց, որ որևէ երկրում հեղափոխություններից հետո արագ տեղի չեն ունենում այդ գործընթացները: Ռուստամ Բադասյանը ճիշտ չի ասում, և ես կարծում եմ, որ ոչ թե 2,5 տարի, այլ 2,5 ամիսն էր բավարար, որպեսզի դատական համակարգում փոփոխություններ զգացվեին: Մենք չենք խոսում մասնագիտական ցածր որակավորման մասին, որ թողնենք բնական աճ տեղի ունենա: Աշխարհի բազմաթիվ երկրներում եղել են դատական բարեփոխումներ: Եթե չգիտեն, թող հարցնեն, կասենք, որ Հայաստանում  1995-1996-ին դատական բարեփոխումներ են եղել և ամբողջ դատական համակարգը վերանշանակվել է: Հին ժողդատավորներից նշանակվել է փոքր մասը, մնացածը եղել են նորերը: Մենք հիմա դա չենք տեսնում: Եթե մենք 2,5 տարի հետո տեսնեինք, որ նախապատրաստվում են այդ բարեփոխումները, այդ փոփոխությունները, միգուցե սպասեինք դրան, որ 3,5 տարի ի վերջո դրանք կայանային, բայց 2,5 տարում զրո քայլ է արվել: Եթե իրենք համարում են, որ դրա համար 5 տարի է պետք, մենք այսօր նորից այդ 5 տարվա ակնկալիքով պետք է սպասենք, որովհետև անցած 2,5 տարում որևէ բան չի արվել: Ավելին կարդացեք Lragir.am-ում:  
10:14 - 23 օգոստոսի, 2020