Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով. Ա. Դավթյանը մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով. Ա. Դավթյանը մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 6-րդ նիստին, որն անցկացվել է առցանց՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Բացի ՀՀ-ից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, ինչպես նաև՝ ԱՊՀ գործադիր կոմիտեից: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների, ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրից բխող հակակոռուպցիոն կոնցեպցիայի իրականացման ընթացքները, կոռուպցիայի դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանն ուղղված քայլերը, այս ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև փոխգործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև քրեական հետապնդման շրջանակներից դուրս կոռուպցիոն իրավախախտումների բացահայտման  մեխանիզմներին: Կայացվել են որոշումներ Խորհրդի հաջորդ նիստի անցկացման, ինչպես նաև Խորհրդի նոր ղեկավար կազմի վերաբերյալ: Նիստի ընթացքում մասնակից երկրների գլխավոր դատախազները, պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ներպետական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի իրենց պրակտիկան, խնդիրները և դրանց լուծման ընտրած կառուցակարգերը: Այս շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի հակազդման օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքն ու միջանկյալ արդյունքները: Մասնավորապես, Արթուր Դավթյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ռազմավարական բնույթ և իրականացվում է բազմաշերտ ծրագրերի միջոցով: «Ես ուրախ եմ արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո Հայաստանի Հանրատետությունն էական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի հակազդման՝ առաջնահերթություն հռչակված բոլոր ուղղություններով և գործարկել է այդ պայքարի կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը միտված անհրաժեշտ կազմակերպա-իրավական կառուցակարգերը»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը: Որպես օրեսդրական և համակարգային բարեփոխումների կենսագործվող բաղադրիչներ՝ նա շեշտադրում է կատարել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում՝ նաև միջազգային-իրավական համագործակցության խթանման նպատակով կատարված փոփոխությունների և լրացումների, ՀՀ դատախազության կողմից մշակված և ներդրված՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստական առանձնահատկությունները և բնութագրիչները հստակեցնող մեթոդական ուղեցույցի, ՀՀ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտում մասնագիտացած դատարանի ստեղծման վրա: ՀՀ գլխավոր դատախազը գործընկերներին տեղեկացրել է նաև ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի դատախազության մեկամյա փորձն ու արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ ստեղծված մեխանիզմները դառնալու են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական արդյունավետ գործիքներից մեկը: Արթուր Դավթյանը հաստատել է գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ կոռուպցիայի հակազդման ոլորտում համագործակցությունը զարգացնելու ՀՀ դատախազության պատրաստակամությունը:             
16:31 - 08 սեպտեմբերի, 2021
ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:  Կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև ավանդաբար կայուն և փոխշահավետ հարաբերությունները, կարևորել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ներդրվող ջանքերի ավելացման անհրաժեշտությունը: Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ-ում ՌԴ դեսպանության միջև ձևավորված և շարունակվող փոխվստահելի կապերը:       ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի և ՀՀ-ում սահմանապահ գործունեություն իրականացնող ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների գործունեությանը ցուցաբերվող իրավական սպասարկման առումով ՌԴ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների տեղում իրականցվող աշխատանքը: Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու, 2020թ.-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պահանջների կատարման ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
16:29 - 02 օգոստոսի, 2021
Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իտալիայի գլխավոր դատախազի հետ

Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Իտալիայի գլխավոր դատախազի հետ

Եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների միջազգային համաժողովի շրջանակում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել  Իտալիայի գլխավոր դատախազ Ջիովաննի Սալվիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև քրեական գործերով իրավական օգնության բնագավառում գործընկերային հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ Հայաստանը և Իտալիան ստորագրել են մեծ թվով միջազգային պայմանագրեր Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակում, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում քրեական գործերով իրավական փոխօգնության ցուցաբերման բնագավառում, իսկ  փաստաթղթերի փոխանցման արդյունավետորեն գործող դիվանագիտական, Ինտերպոլի հաղորդակցման ուղիները հնարավորություն են տալիս ժամանակին կապ հաստատել երկու պետությունների կենտրոնական մարմինների միջև և տրամադրել փոխադարձ օգնություն։ Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի տարածման հետ կապված սահմանափակումները մեծ ազդեցություն չեն ունեցել միջազգային գործակցության շրջանակում, քանի որ վիրտուալ հաղորդակցության միջոցների կիրառումը թույլ է տվել խուսափել համապատասխան միջոցառումների ավելորդ ձգձգումներից, իրավական փոխօգնության շրջանակում՝ նաև քրեական գործերի քննության ժամկետների երկարաձգումներից: Քննարկվել են նաև կոնկրետ քրեական գործերով ներկայացված քննչական պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունները:     
11:01 - 08 հուլիսի, 2021
Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է գլխավոր դատախազների միջազգային համաժողովին, նախատեսված են հանդիպումներ նաև  գործընկեր երկրների գլխավոր դատախազների հետ

Արթուր Դավթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է գլխավոր դատախազների միջազգային համաժողովին, նախատեսված են հանդիպումներ նաև գործընկեր երկրների գլխավոր դատախազների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային  այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգ քաղաքում  մեկնարկած եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: Բարձր մակարդակի այս միջոցառմանը մասնակցելու հրավերը ՀՀ գլխավոր դատախազը ստացել էր Ռուսաստանի Դաշնության իր գործընկեր Իգոր Կրասնովի կողմից՝ այս տարվա ապրիլին վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:  «Դատախազի դերը անհատի իրավունքների և հանրային շահի պաշտպանության ոլորտում՝ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պահանջների լույսի ներքո» խորագիրը կրող համաժողովը կազմակերպել են ՌԴ գլխավոր դատախազությունը, Եվրոպայի խորհուրդը և «Դատախազների միջազգային ասոցիացիան»: Համաժողովի նպատակն է քննարկել ՄԻԵԴ տեսանկյունից դատախազության դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև օրենսդրության կատարման նկատմամբ դատախազական վերահսկողության, քրեական արդարադատությունից դուրս դատախազության ֆունկցիոնալ դերակատարության, կիբերհանցագործությունների, միջազգային ահաբեկչության  հակազդման, իրավական փոխօգնության կառուցակարգերի կատարելագործման խնդիրները, ինչպես նաև նշված ոլորտներում միջազգային համագործակցությանը, լավագույն փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա Հայաստանի Հանրապետության օրինակով անդրադարձել է Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի պահանջների համատեքստում քրեական վարույթի շրջանակում Դատախազության ուղղորդող լոկոմոտիվային դերին: ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, ներկայացրել է ՀՀ դատախազության նախաձեռնությունները նախնական կալանքի կիրառման շրջանակում մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության պաշտպանության առումով ՄԻԵԴ ձևավորած նախադեպային իրավունքի մանրամասն ուսումնասիրությունների, դրա հիման վրա խափանման միջոց կալանքի միջնորդությունների բովանդակային նոր՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի իմաստին ու ոգուն համահունչ չափորոշիչներ ներդնելու ուղղությամբ: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է քրեական վարույթում ներգրավված, սակայն այլ երկրներում գտնվող անձանց հետ մեղադրյալների հակընդդեմ հարցման իրավունքի իրացման առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ ապահովելու համար Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքները: Այս տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, առավել խնդրահարույց է շարունակում մնալ հանգամանքը, որ թեև ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում տեսակապի միջոցով հակընդդեմ հարցման իրականացումը, սակայն բազմաթիվ երկրներ չեն միացել «Քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ» եվրոպական կոնվենցիային, կամ խնդրո առարկայի հետ կապված տարբեր երկրներում գործում են խիստ տարբերակված իրավական ընթացակարգեր, որոնք ստեղծում են բարդություններ այդ երկրներում գտնվող անձանց հետ իրավական գործընթացի շրջանակում հաղորդակցման կազմակերպման համար:   Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են նաև ՀՀ գլխավոր դատախազի երկկողմ հանդիպումներ գործընկեր երկրների գլխավոր դատախազների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:   
16:44 - 07 հուլիսի, 2021
Չպետք է թույլ չտալ ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն․ գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի իրավապահների հետ

Չպետք է թույլ չտալ ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ միջամտություն․ գլխավոր դատախազը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի իրավապահների հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և իրավապահ բոլոր մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ  մարզի դատախազությունում անցկացրել խորհրդակցություն՝ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Հաշվի առնելով, որ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հատկապես այս փուլում խիստ կարևոր է օրենքով սահմանված կարգով, առանց հանցավոր միջադեպերի, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ քարոզարշավի պատշաճ  ընթացքի ապահովումը: Դրա խիստ անհրաժեշտությունն ակնառու է հատկապես Սյունիքի մարզում՝ նկատի ունենալով սահմանային անվտանգության ապահովման խնդիրները: Ըստ գլխավոր դատախազի՝ մարզի իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ թույլ չտալու համար ընտրողների ազատ կամարտահայտմանը որևէ բնույթի միջամտություն, ներգործություն՝ ինչպես պետական և ՏԻՄ մարմիններում վարչական լծակների կիրառման, անհատների անձնական հեղինակությունների գործադրման, այնպես էլ մասնավոր, արտադրական կամ այլ կազմակերպություններում,  ՍՊԸ-ներում աշխատակիցներին որևէ քաղաքական ուժի օգտին քվեարկելուն հարկադրելու տեսքով: Նման դեպքերում անմիջապես պետք է գործադրվի նաև քրեադատավարական գործիքակազմը և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի տրվի իրավական գնահատական:    Գլխավոր դատախազը Սյունիքի մարզի իրավապահներին ևս զգուշացրել է քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջը անվերապահորեն պահպանելու անհրաժեշտության, այն խախտելու, իրենց իրավասություններից դուրս որևէ ապօրինի գործընթացի մեջ ներքաշվելու իրավական հետևանքների անխուսափելիության մասին: Նման դրսևորումները Արթուր Դավթյանի գնահատմամբ աններելի են և չպետք է թույլ տալ ընտրական հանցագործությունների դեմ պայքարում լիակատար անաչառություն պահպանելու, իրենց գործառույթների կատարման մեջ իրավապահ մարմինների ազնվության և օրինահենության հանդեպ հանրության վստահության խաթարում: Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների օրինական ընթացքի ապահովմանն ուղղված իրավապահ մարմինների փոխգործակցության կառուցակարգերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր, գլխավոր դատախազի կոմղից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
19:20 - 07 հունիսի, 2021
ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը բարձրացրել է գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը

ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը Արթուր Դավթյանը բարձրացրել է գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ, որը երրորդն էր ընթացիկ տարում: Քննարկվել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ձևավորված ամուր գործընկերային հարաբերությունների զարգացմանը, քրեական գործերով իրավական փոխօգնության, հանձնման ոլորտներում, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն արձանագրել են երկկողմ կապերի սերտացմանն ուղղված հատկապես վերջին շրջանում արձանագրվող դրական միտումները, որոնք համարժեք են երկու երկրների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն: Արձանագրվել է, որ երկու կառույցների միջև փոխհարաբերությունների բնույթն այնպիսին է, որ թույլ է տալիս  փոխադարձ վստահության և կառուցողականության հիմքի վրա հնարավորինս արագ համատեղ լուծելու միջազգային համաձայնագրերով կարգավորման ոչ միշտ ենթակա խնդիրները: Գլխավոր դատախազներն անդրադարձել են ՀՀ տարածքում սահմանապահ, իսկ Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական զինվորական անձնակազմերի քրեաիրավական պաշտպանության շրջանակում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության և քննչական մարմնի աշխատակիցների և Հայաստանի, Արցախի իրավապահ մարմինների միջև գործակցության մեխանիզմներին, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ տեղի ունեցած նման դեպքերի օպերատիվ արձանագրման և արձագանքման  կապակցությամբ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:   ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է հատկապես 2020թ. տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած և զոհված զինծառայողներին հայտնաբերելու, նրանց վերաբերյալ տվյալների ճշգրտման գործընթացում ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ Իգոր Կրասնովի շահագրգիռ և սրտացավ ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն Ադրբեջանում պահվող, գերեվարված հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց վերադարձման, նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը: Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հայտարարության 8-րդ կետի լիարժեք կատարումը և հումանիտար բնույթի խնդիրների լուծումը կարող են բավարար երաշխիք դառնալ տարածաշրջանում խաղաղության, տնտեսական և այլ ոլորտներում արդյունավետ և անվտանգ համագործակցության համար: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով ռուսական կողմի միջնորդական ջանքերով շարունակել պարբերական շփումները բարձրացված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ: Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր: Այդ առաջնահերթություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, արտերկրից ակտիվների վերադարձը, զենքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը և այլն:
20:40 - 03 հունիսի, 2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Նա կմասնակցի հունիսի 2-ից 5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժինը: Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակներում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։ Այցի շրջանակներում նախատեսված է եկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: Հանդիպման արդյունքում կստորագրվի ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր։      
18:41 - 02 հունիսի, 2021
Իրավապահ մարմինները պարտավոր են բազմապատկել ջանքերը՝ ապահովելու ընտրությունների օրինականությունը. գլխավոր դատախազ

Իրավապահ մարմինները պարտավոր են բազմապատկել ջանքերը՝ ապահովելու ընտրությունների օրինականությունը. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր այցելել է ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզեր և տեղի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ մարզերի դատախազություններում անցկացրել խորհրդակցություններ՝ առաջիկա համապետական ընտրությունների օրինականության ապահովման օրակարգով: Արթուր Դավթյանը նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության ռիսկերի նվազեցման առումով, և իրավապահ մարմինները, առավել քան երբևէ, պարտավոր են բազմապատկել ջանքերը՝ հնարավոր բոլոր միջոցներով ապահովելու ընտրությունների օրինականությունը: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է ընտրարշավի իրականացման, բուն քվեարկության անցկացման, ինչպես նաև հետընտրական շրջաններում ցանկացած հնարավոր ընտրական հանցագործության դեպքին, քաղաքացիների ազատ կամքի արտահայտման վրա որևէ ձևով ազդելու դեպքերին, փորձերին, իրավապահ մարմինների  կողմից ինչպես քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով արագ և կոշտ արձագանքելու անհրաժեշտությունը:   Կարևորվել է այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքում դեռևս նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ կատարված փոփոխություններով ընտրական հիմնական բոլոր հանցատեսակները դասվել են ծանր հանցագործությունների կատեգորիային, ինչն իրավապահ մարմիններին հնարավորություն է տալիս դրանց դեմ պայքարում լայնորեն կիրառելու օպերատիվ-հետախուզական միջոցառումների առավել մեծ գործիքակազմ՝ ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանք կատարող անձանց հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազն իրավապահ մարմինների առջև խստիվ պահանջ է դրել պահպանել քաղաքական չեզոքության և զսպվածության օրենսդրական պահանջը, ձեռնպահ մնալ իրենց իրավասություններից դուրս որևէ ապօրինի գործընթացի մեջ ներքաշվելուց՝ նշելով, որ նման ցանկացած դրսևորում անխուսափելիորեն հանգեցնելու է կոնկրետ հետևանքների, այդ թվում՝ քրեական պատասխանատվության:      Արթուր Դավթյանը մարզերի դատախազությունների դատախազներին հանձնարարել է հանցավոր բնույթի ընտրախախտումներին օպերատիվ արձագանքելու, ինչպես նաև դրանցով անհրաժեշտ քրեադատավարական ընթացակարգեր ապահովելու հարցում սերտորեն գործակցել ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբի հետ:    Նշված օրակարգով ՀՀ գլխավոր դատախազի մարզային այցելությունները շարունակվելու են, ավելի վաղ Արթուր Դավթյանը Իջևանում նման հանդիպում է ունեցել նաև իրավապահ մարմինների Տավուշի մարզի կառույցների ղեկավարների հետ:
20:18 - 26 մայիսի, 2021
Արթուր Դավթյանը ԵԽԽՎ զեկուցողին ծանոթացրել է Ադրբեջանի ԶՈՒ ռազմական հանցագործությունների փաստերին

Արթուր Դավթյանը ԵԽԽՎ զեկուցողին ծանոթացրել է Ադրբեջանի ԶՈՒ ռազմական հանցագործությունների փաստերին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, դրանցով պայմանավորված քրեաիրավական գործընթացներին վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը ԵԽԽՎ զեկուցողի գործունեությունը կարևորել է ռազմական ագրեսիայի իրական նախահարձակ կողմի մատնանշման, պատերազմի հումանիտար աղետալի հետևանքների ծավալների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի աղաղակող խախտումների վերաբերյալ միջազգային հանրության մոտ անաչառ պատկերացումներ ունենալու տեսանկյունից: Արթուր Դավթյանը լիարժեք պատրաստակամություն է հայտնել փաստահավաք գործընթացի շրջանակներում զեկուցողին տրամադրելու հայկակն կողմի տրամադրության տակ գտնվող, քրեական վարույթներով ձեռք բերված և հստատված անհրաժեշտ ապացույցները և տվյալները, բաց, անկաշկանդ համագործակցելու խնդրո առարկային վերաբերող ցանկացած հարցի շուրջ: ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բացահայտման և քրեաիրավական գնահատականների արժանացման ուղղությամբ իրականացվող քննությունների հիմնական ուղղությունները: Նա հատուկ շեշտադրել է այն հանգամանքը, որ նմանատիպ հանցագործությունները շարունակվել ոչ միայն բուն ռազմական գործողությունների ընթացքում, այլ նաև 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Դրանք կապված են ինչպես հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարումների, դրանից հետո նրանց նկատմամբ կատարված խոշտանգումների, սպանությունների, այնպես էլ՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքները, կոթողները, հայերի գերեզմանները դիտավորյալ և պլանավորված կերպով պղծելու, վնասնելու, ոչնացնելու հետ: Դրանց վերաբերյալ ապայցուցողական տվյալները կփոխանցվեն ԵԽԽՎ զեկուցողին:  Գավանը նշել է, որ շահագրգիռ է պատերազմի և նրա հումանիտար հետևանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման հարցում: Նա ափսոսանք է հայտնել առայժմ Ադրբեջան այցելելու անհնարինության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ բացը կլրացվի: Փաստահավաք առաքելության և դրա արդյունքների օբյեկտիվության տեսանկյունից  ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է զեկուցողի կողմից Ադրբեջան այցելելու, այնտեղ ապօրինաբար, միջազգային հումանիտար իրավունքի, հրադադարի հաստատաման եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախպտմամբ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ Ադրբեջանից հստակ տվյալներ ստանալու, այդ անձանց իրական վիճակին, պահման պայմաններին, նրանց իրավունքների խախտումներին ծանոթանալու կարևարությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ադրբեջանական կողմը, չնայած ՀՀ դատախազության կողմից ներկայացված ապացույցներին, շարունակում է թաքցնել իր տիրապետության տակ գտնվող կոնկրետ անձանց գտնվելու հանգամանքը, ավելին շինծու, ապօրինի քրեական  գործեր են հարուցվել նրանց նկատմամբ և այդ անձանց խնդիրը ծառայեցվում է այլ նպատակների: Պոլ Գավանը տեղեկացվել է նաև պատերազմի ընթացքում Թուրքիյի օժանդակությամբ դեպի Ադրբեջան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղափոխման, արցախի բնակչության դեմ ահաբեկչական նպատակներով նրանց ներգրավման, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ  ռազմական ագրեսիան մասշտաբային ձևով նախապատրաստելու, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառության վերաբերյալ հայկական կողմի ունեցած ապացույցների և դրանք ևս անհրաժեշտության դեպքում տրամադրելու պատրաստակամության մասին:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազության և ԵԽ երևանյան կառույցի միջև աշխատանքային կարգով անհրաժեշտ հաղորդակցության ապահովման ուղղությամբ:  
19:53 - 20 մայիսի, 2021
Առաջիկա ընտրությունների հետ կապված գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ

Առաջիկա ընտրությունների հետ կապված գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը.  «Նկատի ունենալով ընտրական ողջ գործընթացն առանց հանցավոր խախտումների, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը՝ աշխատանքային խումբը կղեկավարի անձամբ ՀՀ գլխավոր դատախազը: Խմբում ընդգրկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ինչպես նաև դատախազության և վերջինիս աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, որոնք ունեն գործառույթներ կապված ընտրական հանցագործություններով իրականացվող քրեական վարույթների, տեղեկատվության հավաքագրման և մշակման հետ:       Աշխատանքային խումբն իրականացնելու է ընտրական գործընթացների վերաբերյալ ԶԼՄ-ների և տեղկատվական-համացանցային այլ ռեսուրսների հրապարակումների լայնածավալ մշտադիտարկում, ուսումնասիրելու է արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ վերոնշյալ մշտադիտարկմամբ, ինչպես նաև այլ եղանակներով ստացված հաղորդումները բավարար հիմքերի դեպքում ընթացքավորման, ենթակայության հարցերի որոշումը, աջակցություն է ցուցաբերելու դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս: Խմբի խնդիրների մեջ է մտնում նաև կատարվող վերոնշյալ աշխատանքների և դրանց ընթացիկ արդյոնքների վերաբերյալ պարբերաբար և օպերատիվ կերպով լուսաբանում ապահովելը:  Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունում կգործարկվի թեժ գիծ՝ ընտրություններում ներգրավված սուբյեկտների ահազանգերին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով, որի մասին կիրազեկվի լրացուցիչ:  Ընտրական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում աշխատանքային խումբը սերտորեն համագործակցելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ միջազգային և տեղական կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների, ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների հետ: Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներիի և դատախազների առջև խնդիր է դրվել ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել, դրանց ընթացք տալու և քրեական վարույթների շրջանակներում դատազական գործառույթներն իրացնելու հարցերը լուծել հնարավոր ամենաբարձր օպերատիվությամբ և ընդգծված հետևողականությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:39 - 12 մայիսի, 2021
Դավաճանության վերաբերյալ մեկ քրգործ արդեն ուղարկվել է դատարան. գլխավոր դատախազ |armenpress.am|

Դավաճանության վերաբերյալ մեկ քրգործ արդեն ուղարկվել է դատարան. գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: Պատերազմի ընթացքում դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Անդրադառնալով հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով կա՞ն անձինք, որ անցնում են քրեական գործերով՝ գլխավոր դատախազն ասաց, որ անցնում է նախկին զինծառայող: «Դավաճանության վերաբերյալ մեկ քրեական գործ արդեն ավարտվել, ուղարկվել է դատարան»,-ասաց Դավթյանը:  Նա ճիշտ չհամարեց հրապարակել այն գործերը, որոնք դեռ նախաքննության փուլում են: Դավթյանը դեռ վաղ համարեց, որ ամեն նման կոնկրետ դեպքը գնահատի պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցությամբ: «Արդեն քննվում է շուրջ 1650 քրեական գործ: Յուրաքանչյուր քրգործի կամ դրանց հիմնական հատվածի քննության արդյունքներով, երբ կունենանք իրավական գնահատականներ, կանդրադառնանք նաև դրանց ազդեցությանը՝ պատերազմի ելքի վրա»,-ասաց գլխավոր դատախազը:
14:10 - 07 մայիսի, 2021
Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավետ հետախուզում չի կարողանում իրականացնել․ մեր ձեռնարկած հակաքայլերը արդյունք են տվել. Արթուր Դավթյան |tert.am|

Մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանն արդյունավետ հետախուզում չի կարողանում իրականացնել․ մեր ձեռնարկած հակաքայլերը արդյունք են տվել. Արթուր Դավթյան |tert.am|

tert.am: Մեր ամենօրյա աշխատանքի լրջագույն մասն են համարվում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները, այդ առումով Ռուսաստանի գլխավոր դատախազն ամբողջությամբ ներգրավված է այս գործընթացում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Այդ խողովակը օգտագործելով՝ հնարավորություն է ընձեռվում և՛ ցուցակների ճշգրտումներ իրականացնել, և՛ հակառակորդի կողմից իրականացված խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ հիմնավոր տեղեկություններ փոխանցել, և՛ հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ: Այդ բոլոր փաստական հանգամանքները քրեական գործերով են արձանագրվում: Ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսվում ենք մեր ռուս գործընկերների հետ և նրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև  ապահովվել նրանց հետևողականությունը, ձևակերպել, արձանագրել, որպեսզի Ադրբեջանը գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը»,– ասաց նա: Հարցին, թե թշնամու քանի հրամանատարների նկատմամբ ենք հետախուզում հայտարարել, Դավթյանը պատասխանեց, որ ունենք բազում հետապնդումներ, սակայն այդ մասին այս պահին հրապարակային խոսելն  արդարացված չէ: Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանի նկատմամբ, հակառակորդը հետախուզում հայտարարել էր, գլխավոր դատախազը պատասխանեց, որ եթե իրենք խոսում են, մենք չպետք է նույն կերպ վարվենք: «Խնդրին վերաբերվում ենք իրավական հարթության մեջ և մենք մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատելով՝ գալիս ենք հետևության, որ դրա մասին հրապարակայնորեն խոսելը չի օգնի, ընդհակառակը՝ կվնասի: Իսկ այն, ինչի մասին իրենք խոսել են կամ այլ եղանակով մեզ հայտնի է դարձել, մենք միշտ հակաքայլերը ձեռնարկել ենք, և այդ հակաքայլերը արդյունք են տվել և նրանք որևէ արդյունավետ հետախուզում մեր քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել»: Անդրադառնալով հարցին, թե դավաճանության և լրտեսության մեղադրանքով արդյո՞ք կան գործող կամ նախկին պաշտոնատար անձինք, Դավթյանը նշեց, որ գործով նախկին զինծառայող է անցնում:
12:40 - 07 մայիսի, 2021
2020-ին 2019-ի համեմատ հանցագործության դեպքերը նվազել են. ԱԺ-ն քննարկում է դատախազության նախորդ տարվա գործունեության հաղորդումը |1lurer.am|

2020-ին 2019-ի համեմատ հանցագործության դեպքերը նվազել են. ԱԺ-ն քննարկում է դատախազության նախորդ տարվա գործունեության հաղորդումը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում ներկայացրեց դատախազության 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:  2020 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 468 դեպք: Նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4 տոկոսով: Միայն 2020 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել շուրջ 1356 անձ, ընդ որում՝ այս թիվը գերազանցում է 2019 թվականի արդյունքները 7.3 տոկոսով: 2020 թվականին ձեռնարկված միջոցներով կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, ինչը շուրջ 105 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքները: Դրական շարժ է գրանցվել նաև վնասի վերականգնման մասով. 2020 թվականի ընթացքում այդ գործերով վերականգնվել է շուրջ 14.2 մլրդ դրամի վնաս, այն դեպքում, երբ 2019 թվականին վերականգնվել էր 12.4 մլրդ դրամի վնաս՝ նշեց Դավթյանը:
17:34 - 06 մայիսի, 2021
Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

Ցեղասպանության համար պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ. Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ՝ նշելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ամենաողբերգական էջի՝ 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակում և ողջակիզված իր զավակների հիշատակը ոգեկոչում է իրեն պարտադրված գոյաբանական պատերազմի վերապրումի, պատերազմի ողբերգական հետևանքների ծանր բեռի տակ։ «Պատերազմ, որ սանձազերծվեց էթնիկական ատելության, իր ազգային պատկանելության բերումով հայ բնակչության նկատմամբ պետականորեն տասնամյակներով սնուցված թշնամանքի և անհանդուրժողականության հողի վրա և ուներ անթաքույց նպատակ՝ իր պատմական կենսատարածքում ֆիզիկապես ոչնչացնելու արցախահայությանը և նրան զրկելու իր հայրենիքում ապրելու, արարելու և զարգանալու իրավունքից։ Պատերազմ, որի ընթացքում ցեղասպանական նկրտումներին հագուրդ տալու նպատակով, ինչպես 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության ներսում, գործի են դրվել վարձկան ահաբեկիչների ու մարդասպանների ոհմակներ, դիտավորյալ և պլանավորված կերպով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, հանրային ու սոցիալական ենթակառուցվածքները, միտումնավոր և վայրենի կերպով ոչնչացվել են հայկական պատմամշակութային ժառանգությունն ու արժեքները՝ ակնհայտորեն նպատակ ունենալով վերացնելու հայկականության հետքերը, պատմական հիշողությունն ու հայկական ինքնության վկայությունները։ Նման մոտիվներով պատերազմի սանձազերծումն ու իրագործումը հնարավոր դարձավ նաև ու հատկապես այն պատճառով, որ աչք փակելով պատմական արդարության և դրա վերականգնման անհրաժեշտության հանդեպ, միջազգային լայն հանրության կողմից անգամ 106 տարի անց դեռևս հավուր պատշաճի չեն տրվել անհրաժեշտ քաղաքական, պատմական և մանավանդ իրավական գնահատականները ինչպես ինքնին հայերի ցեղասպանության, ունեզրկման և հայրենազրկման փաստին, այնպես էլ այդ անհերքելի իրողության հանդեպ թուրքական շարունակվող և ահագնացող ժխտողականությանը։ Չնայած բազմաթիվ երկրների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման իրողությանը՝ քաղաքական և աշխարհաքաղաքական այսօրեական շահերին տրվող նախապատվության պայմաններում Հայոց Ցեղասպանության իրավական գնահատումը մնում է օրակարգային՝ հատկապես նոր ցեղասպանությունների կանխարգելման, այս առումով առանձին պետությունների մոտ սեփական անպատժելիության ընկալումների ու համոզմունքների ակնառու ամրապնդումը թույլ չտալու տեսանկյունից՝ ոչ միայն հայ ժողովրդի համար այսօր էլ ակնհայտ գոյապահպանական մարտահրավերը խորությամբ գիտակցելու, այլ նաև իբրև  սերունդների առջև մարդկության պատասխանատվության գերխնդիր։   Խոնարհվելով հայ ժողովրդին պատուհասած 20-րդ դարի մեծագույն ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի առջև՝ անհրաժեշտ ենք համարում ամրագրել, որ ցեղասպանության, որպես մարդկության դեմ ամենավտանգավոր հանցագործության համար պատասխանատվությունը, ոչ միայն բարոյական, այլ նաև միջազգային իրավունքի տեսակյունից չունի վաղեմության ժամկետ։ Ելնելով առաջին հերթին իր անվտանգության առաջնայնություններից՝ հայ ժողովորդն ինստիտուցիոնալ իր բոլոր կառույցներով հետամուտ է պատմական արդարության վերականգնմանը, պատմական փաստերին, սեփական ամոթալի անցյալին  ժխտողականության առաջամարտիկների առերեսմանը՝ ունենալով մարդասիրության իրական արժեքներ դավանող, ազգային թշնամանքը, ատելությունը, ֆաշիզմի բոլոր տիպի դրսևորումները մերժող առաջադեմ մարդկության անվերապահ աջակցությունը։ Որպես ցեղասպանության դժոխքներով անցած ու վերածնված, 21-րդ դարասկզբին նույն մոտիվներով սանձազերծված պատերազմի բովով անցած ժողովուրդ՝ այս նպատակին հասնելու, ի հեճուկս մեր թշմանիմների՝ հայրենիքի այս սուրբ կտորի վրա մեր գոյության ու զարգացման իրավունքը վերահաստատելու և ազգային պահանջներին տեր կանգնելու համար  անհրաժեշտ է հրաժարվել ներքին կործանարար բաժանարարներից, համախմբվել ազգապահպանության ամենակարևոր հենասյուների՝ հայոց պետականության գաղափարի և պետության հարատևության կոնցեպտի շուրջ, անմնացորդ և անվերապահ կերպով նվիրվել մեր վերքերի ամոքմանը, մեր անայլընտրանք հզորացման նախադրյալների վերարժևորմանը։ Սա է լինելու Հայոց Ցեղասպանության զոհերի հշատակի ոգեկոչման, նրանց սպասումների իրագործման ամենաշոշափելի և նվիրական  արդյունքը»,- ասված է Դավթյանի ուղերձում:
11:30 - 24 ապրիլի, 2021