Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

«Նոր հարցեր՝ պատասխանների փոխարեն»․ Ազատ գյուղի կացարանում տեղի է ունեցել քննչական գործողություն ՓԾ աշխատակիցների ու զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ

«Նոր հարցեր՝ պատասխանների փոխարեն»․ Ազատ գյուղի կացարանում տեղի է ունեցել քննչական գործողություն ՓԾ աշխատակիցների ու զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով երեկ դեպքի վայրում տեղի է ունեցել կարևորագույն քննչական գործողություն, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև զոհված զինծառայողների ծնողները։ Այս մասին հայտնում է տուժողոների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։ «Բնականաբար, ձեռնպահ մնալով քննչական գործողության մանրամասները հրապարակելուց՝ հարկ եմ համարում արձանագրել, որ իրականացված գործողության արդյունքները նոր հարցեր են առաջացրել պատասխանների փոխարեն, որոշակի առևերևույթ հակասության մեջ են գտնվում քրեական վարույթի ընթացքում իրականացված այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հետ։ Հարկ ենք համարում մեկ անգամ ևս ընդգծել, որ եթե այս գործով պետք է պատասխան տան «Սլաքավարները», իսկ հիմնական պատասխանատուները խուսափեն պատժից, մենք գործ կունենանք հերթական ներկայացման հետ, որը հերթական անգամ կջարդի մեր ժողովրդին բարոյապես ու հոգեպես։ Այս գործում պատասխանատուների շղթան ավելի մեծ է, ուստի բոլորը պետք է իրենց չափով պատասխան տան իրենց արարքների համար։ Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ տուժողները չեն հավատում պաշտոնական վարկածին, ունեն խոր անվստահություն, չեն բացառում ցանկացած այլ վարկած, այդ թվում՝ իրենց երեխաներին դիտավորյալ կյանքից զրկելու վարկածը, չենք բացառում նաև, որ հրդեհն իրականում արվել է՝ ինչ-որ հետքեր թաքցնելու, վերացնելու և այս ողբերգության իրական հանգամանքները պարզելուց հանրության ուշադրությունը իրական հանցագործության հետքից [շեղելու համար]։ Զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու մինչև վերջ՝ այս մեծագույն հանցագործության իրական հանգամանքները բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Նորիկյանը։
12:45 - 12 հունիսի, 2023
Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ աշխատանքային այց է կատարել Սևանի կայազորի զինվորական դատախազություն: Այս մասին հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կայազորի դատախազության դատախազները զեկուցել են տևական ժամանակ քննվող և առավել բարդություն ներկայացնող քրեական վարույթները: Քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարություններ՝ արդյունավետ քննություն կատարելու ուղղությամբ:  Աննա Վարդապետյանն անդրադարձել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների քննությանն ու ընդգծել վարույթների ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:  Այնուհետև գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս, որտեղ քննարկումներ են ունեցել բանակային կորպուսի հրամանատարի և անձնակազմի հետ:  Բանակային կորպուսի հրամանատարը գլխավոր դատախազին է ներկայացրել առկա խնդիրներն ու սահմանում տիրող իրավիճակը:  Վարդապետյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ և ծանոթացել շփման գոտում տիրող իրավիճակին:
12:32 - 10 հունիսի, 2023
«Սոթքի հանքը մասնակի աշխատում է»․ Գեղարքունիքի մարզպետ |hetq.am|

«Սոթքի հանքը մասնակի աշխատում է»․ Գեղարքունիքի մարզպետ |hetq.am|

hetq.am: Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, իսկ սահմանամերձ համայնքերի բնակիչները զբաղված են իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքներով։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Անդրադառնալով Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հարցին՝ մարզպետը նշեց, որ Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները պետք է առաջիկա ամիսների ընթացքում դադարեցվեին, սակայն Ադրբեջանի կողմից հրետակոծությունների հետևանքով հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը որոշեց հիմա դադարեցնել աշխատանքները։ Միևնույն ժամանակ, Գեղարքունիքի մարզպետը շեշտեց, որ Սոթքի հանքի փակ հատվածում աշխատանքներ կատարվում են, և հանքը մասնակի գործում է։ Կարեն Սարգսյանը չկարողացավ նշել, թե հանքի մասնակի շահագործման հետևանքով քանի մարդ է հարկադիր պարապուրդի մատնվել, բայց ասաց շուտով քննարկելու են նրանց այլ աշխատանքի տեղավորելու հարցը։
13:18 - 06 հունիսի, 2023
Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով

Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Այս մասին հայտնում է զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ «Մեր կողմից ս․թ․ ապրիլի 30-ին ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը. 1. Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։ 2. Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։ 3. Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցութունը։ 4. Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է և նշանակվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։ Միաժամանակ հայտնում եմ, որ, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով»,-նշված է Նորիկյանի՝ մամուլին ուղարկած հաղորդագրության մեջ։
11:07 - 25 մայիսի, 2023
Նախկին Աստղաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքին 10 մլն դրամի վնաս պատճառելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նախկին Աստղաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքին 10 մլն դրամի վնաս պատճառելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և մի քաղաքացու միջև 2008 թ․ փետրվարին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինիս 25 տարի ժամկետով, տարեկան 2520 դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրվել է համայնքի վարչական տարածքում գտնվող «Թոփ Դար» տարածքի գյուղատնտեսական նշանակության 0.1 հա մակերեսով հողատարածքը։Դրանից ընդամենը 2 ամիս անց վարձակալը,  նշված հողատարածքից 200 քմ մակերեսով գյուղատնտեսական գործառնական նշանակության հողատարածքը ամսական 70.000 դրամ վարձավճարով (տարեկան 840.000 դրամ) համապատասխան պայմանագրով հանձնել է ենթավարձակալության հեռահաղորդակցական գործունեություն ծավալող ընկերությանը, որը նշված հողատարածքում, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխման, տեղադրել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և շահագործել այն։Քննությամբ պարզվել է, որ 2008 թ․ հոկտեմբերից մինչև 2021 թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նշված համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձը տեղյակ է եղել վերոնշյալի, այդ թվում՝ հողատարածքը ենթավարճակալության տրամադրվելու և դրանից հետո հողային օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու, այն կապի ենթակառուցվածքի օբյեկտի շահագորման համար օգտագործելու մասին, սակայն, համապատասխան հիմքերի առկայության պայմաններում, չի լուծարել  վարձակալության պայմանագիրը, միջոցներ չի ձեռնարկել համայնքի խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև` օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ։ Արդյունքում` Աստղաձոր համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, համայնքը զրկվել է ֆինանսական այդ աղբյուրից շուրջ ավելի քան 10 մլն դրամի չափով օգտվելու հնարավորությունից:Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասին):Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։Վարույթն իրականացնող մարմնի և դատավարական ղեկավարում իրականցնող դատախազի կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված գույքային վնասի փոխհատուցումը երաշխավորելու նպատակով մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու ուղղությամբ։Մարտունի խոշորացված համայնքի կողմից (որում ընդգրկված է նաև Աստղաձոր բնակավայրը) ձեռնարկվել են միջոցներ՝ վարձակալության պայմանագիրը լուծելու և համայնքի խախտված իրավուքնները վերականգնելու ուղղությամբ։  Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:06 - 24 մայիսի, 2023
Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկները կօգնեն վարորդներին՝ չափելու ապակիների լուսաթափանցելիության աստիճանը

Պարեկային ծառայության ստեղծման և կայացման ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ստորաբաժանման հիմնական նպատակներից է ոչ միայն վարչական իրավախախտումների հայտնաբերումն, այլ նաև իրավախախտումների դեմ պայքարում հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն ու ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։   Հիմք ընդունելով այս սկզբունքը՝ պարեկայինծառայությունը մայրաքաղաքում և մարզերում կիրականացնի իրազեկման միջոցառումներ։ Վարորդները հնարավորություն կունենան պարեկային ծառայության կարգախմբերի օգնությամբ ստուգել մեքենաների ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։   Իրազեկման միջոցառումների ժամանակացույցը ստորև՝   Երևան Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջան, «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարևանությամբ, Մայիսի 22-ից 28-ը՝ ժամը 11.00-ից 16.00-ն, Կենտրոն վարչական շրջան, Շահումյանի հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արաբկիր վարչական շրջան, Կիևյան 2 Ա, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աջափնյակ վարչական շրջան, Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դավիթաշեն վարչական շրջան, Տ. Պետրոսյան փողոցից Եղվարդի խճուղի հատված, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Շենգավիթ վարչական շրջան, Շիրակի փողոց, Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Էրեբունի վարչական շրջան, Էրեբունու թանգարանի հրապարակ, Մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ավան վարչական շրջան, Ավանի թաղապետարանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Նորք վարչական շրջան, Նոր Նորքի թաղապետարանի հարակից տարածք։   Շիրակի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Գյումրի, Կայարանամերձ հրապարակ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ախուրյան, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Արթիկ, Սասունցի Դավթի փողոց, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Անի համայնք, Հրանտ Շահինյան փող. 1   Լոռու մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Վանաձոր, Հայքի հրապարակ, Թումանյան շրջանաձև խաչմերուկ, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Սպիտակ, Ալեք Մանուկյան 5, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ստեփանավան, Մարշալ Բաղրամյան 19, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Տաշիր, Երևանյան 136, Մայիսի 27-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ալավերդի, Թումանյան 3   Կոտայքի մարզ Մայիսի 22-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Աբովյան, Ռոսիայի փողոց, Սուրբ Հովհաննես եկեղոցու հարևանությամբ, Մայիսի 23-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարակից տարածք, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Եղվարդ, Երևանյան թաղամաս 1, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 25-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոր Հաճն, Չարենցի փողոց, ոստիկանության բաժանմունքի հարևանությամբ, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Չարենցավան, Ստեփան Շահումյան փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք, Մայիսի 27-ի, ժամը 11.00-ից 16.00-ն, Հրազդան, Օգոստոսի 23-ի փողոց, համայնքապետարանի հարակից տարածք, Մայիսի 28-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ծաղկաձոր, Խաչատուր Կեչառեցու փողոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք   Գեղարքունիքի մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Սևան, Կենտրոնական հրապարակ, Մայիսի 23-ից 24-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Գավառ, Կենտրոնական հրապարակ, Մայիսի 24-ից 25-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Մարտունի, Մյասնիկյան փողոց, Երաժշտական դպրոցի հարակից տարածք, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Վարդենիս, Լեոնիդ Ազգալդյան փողոց, Հայփոստի հարակից տարածք, Մայիսի 26-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Ճամբարակ, Գարեգին Նժդեհի փողոց, ոստիկանության բաժնի հարակից տարածք   Արագածոտնի մարզ Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Ապարան, Մարշալ Բաղրամյան 26 Մայիսի 22-ից 28-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Թալին, Գայի 1   Տավուշի մարզ Մայիսի 22-ից 23-ը, ժամը 11.00-ից 16.00-ն, Իջևան, Արցախյան 4, Մայիսի 24-ին, և մայիսի 27-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Դիլիջան, Օղակաձև խաչմերուկ, Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Նոյեմբերյան, Բարեկամության 4 Մայիսի 24-ին, ժամը 11.00-ից 16.00-ն, Բերդ, Լևոն Բեկի 14   Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: Հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
16:50 - 20 մայիսի, 2023
Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են 

 |aravot.am|

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են |aravot.am|

aravot.am: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների մի մասի կրճատումները կսկսվեն ամռանը։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե այսօր ինչ իրավիճակ է «Գեոպրոմայնինդ գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրում, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով աշխատանքները մշտապես խաթարվում են, ի՞նչ վնասներ են կրում պետությունն եւ տնտեսվարողը։ Հարությունյանն ասաց, որ տնտեսվարողը նախատեսում էր բաց հանքում աշխատանքներն ավարտել անցած տարվա աշնան վերջին․ «Մեր բանակցությունների եւ մեր պնդմամբ դրանք շարունակվում էին, աշխատողների մեծ մասին պահելու են մինչեւ այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսեն կրճատումները։ Այսինքն, մոտ հինգ-վեց ամիս երկարաձգվել է ժամկետը, եւ այդ ընթացքում աշխատողները աշխատավարձ պետք է ստանան հարկադիր պարապուրդի չափով։ Եթե մեր միջամտությունը չլիներ՝ արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի, որ բաց հանքի աշխատանքներն այլեւս ավարտվել էին եւ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»։ Փոխնախարարի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ տեղում հրաձգություններ են տեղի ունենում, որոնք խաթարում էին բաց հանքի վերջնական՝ փոքր ծավալների աշխատանքները․ «Տնտեսվարողը մեզ հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում։ բաց հանքում փոքր ծավալի, մեկ ամսվա աշխատանք է մնացել եւ կարծում եմ, որ օրերի ընթացքում այդ հարցի կարգավորման արդյունքում դա էլ կիրականացվի, ու բաց հանքը կդադարեցվի, պաշարները սպառված կլինեն»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:56 - 12 մայիսի, 2023
Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա․ Գեղարքունիքի մարզպետ
 |hetq.am|

Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա․ Գեղարքունիքի մարզպետ |hetq.am|

hetq.am: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասում է, որ Սոթքի բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա։ Այսօր՝ մայիսի 11-ի առավոտյան, ՊՆ-ն հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը հրետանային և ականանետային միջոցներից կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Խոսելով գյուղում տիրող իրավիճակից՝ մարզպետն ասաց․ «Որևէ վտանգավոր կամ տագնապային բան չկա այս պահի դրությամբ»։  Կարեն Սարգսյանը հայտնեց նաև, որ ինքը Վարդենիսում է և Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններին հավելելու ոչինչ չունի։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: ՊՆ հաղորդմամբ՝ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է,  իրադրության լարվածությունը նվազել է։ Հայկական կողմը այս պահի դրությամբ ունի 4 վիրավոր:
11:29 - 11 մայիսի, 2023
Ադրբեջանական կողմը առավոտից կրակում է Սոթքի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից 2 վիրավոր կա

Ադրբեջանական կողմը առավոտից կրակում է Սոթքի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից 2 վիրավոր կա

Այսօր վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը մի շարք հաղորդագրություններ է տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ։ «Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  Հայկական կողմն ունի 2 վիրավոր:  Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:  ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ», ասվում է ՊՆ հաղորդագրությունների մեջ։ Նշվում է նաև, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:
08:00 - 11 մայիսի, 2023
Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրեր

Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։ ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանի այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ հավաքագրելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։ Կատարված այցի արդյունքում հավաքագրված տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները շարունակում են դրսևորել ագրեսիվ վարքագիծ, սպառնալիքներ ներկայացնում գյուղացիներին զենքի ցուցադրմամբ, հաճախակի կրակոցներ են արձակում բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ Խիստ մտահոգիչ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված լինելու հանգամանքը։ Պաշտպանի առաջին կանգառը Գավառ համայնքն էր: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Անահիտ Մանասյանին ներկայացրել է մարզում առկա խնդիրները: Պաշտպանը վստահեցրել է, որ այցի շրջանակում արձանագրված մարդու իրավունքների խախտումները կներկայացվեն իրավասու մարմիններին և միջազգային կառույցների գործընկերներին՝ խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով: Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վարդենիս խոշորացված համայնք: Կայացել է հանդիպում համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ, ով Պաշտպանին է ներկայացրել առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները: Այնուհետև Պաշտպանն այցելել է սահմանամերձ բնակավայրեր՝ Վերին Շորժա, այդ թվում՝ Սարատեղի, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական: Անահիտ Մանասյանը զրուցել է վերը նշված բնակավայրերի բնակիչների հետ։ Նրանք մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ ստեղծված պայմաններում դժվարացել է անասնապահությամբ զբաղվելու և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի բնակիչներին ահաբեկելու նպատակ։ Ինչպես վերը նշված, այնպես էլ հավաքագրված մյուս փաստերն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն իրավասու միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։ Ավելի վաղ՝ ապրիլի 14-ին, Անահիտ Մանասյանն աշխատանքային այց էր կատարել Սյունիքի մարզի Տեղ համայնք:
11:56 - 03 մայիսի, 2023
Ազատի կացարանի գործով Նորիկյանը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել
 |news.am|

Ազատի կացարանի գործով Նորիկյանը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել |news.am|

news.am: Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը միջնորդություն է ներկայացրել Քննչական կոմիտե դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու համար։ «Այս պահին ստացված պատասխանները որոշակի հակասություններ են առաջացնում մեզ համար, որոնք ճշտելու համար դիմել ենք նախաքննական մարմնին։ Հարցեր ենք ուղղել Քննչական կոմիտեին, որոնք այս պահին չեմ ցանկանում հրապարակայնացնել։ Սպասում ենք նաեւ համալիր փորձաքննությունների պատասխաններին։ Ստանալուց հետո կորոշենք կրկնակի փորձաքննություն պահանջելու հարցը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Նորիկյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող: 7 զինծառայող վիրավորվել էր: Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։
16:34 - 02 մայիսի, 2023
Սոթքի հանքը փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում. Գեղարքունիքի մարզպետ
 |news.am|

Սոթքի հանքը փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում. Գեղարքունիքի մարզպետ |news.am|

news.am: Սոթքի հանքավայրը փակելու վերաբերյալ հանքավայրի աշխատակիցների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցումասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Մենք խոսել ենք անվտանգ շահագործման մասին, մեր քննարկման հիմնական թեման եղել է անվտանգ շահագործումը: Հանքի փակվելու վերաբերյալ տեղեկութունը իրականությանը չի համապատասխանում: Կրակոցների արդյունքում է  այս իրավիճակը ստեղծվել, երբ անվտագային խնդիրը լուծվի, հանքը կշահագործվի, չնայած, որ այս պահին հանքը մասնակիորեն շահագործվում է»,-ասաց նա: Ավելի վաղ  մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին և տեղեկացրել, որ հանաքավայրի աշխատանքը կասեցվելու է՝ հանքն այլևս չի աշխատելու: Ավելի վաղ հայտնել էինք,որ ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրը 10 օրից ավելի է ինչ չի գործում:
20:44 - 25 ապրիլի, 2023