ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալը փաստահավաք առաքելությամբ ժամանել է Հայաստան

ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալը փաստահավաք առաքելությամբ ժամանել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ  անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նշելով, որ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով` վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:
15:07 - 31 մայիսի, 2023
ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականներ Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականներ Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը

ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականներ հայտարարություն են հրապարակել, որում Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կատարել ՄԻԵԴ-ի ու ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները: Հայտարարության մեջ օրենսդիրները նշում են, որ Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը և տեղի 120 հազար բնակչի համար ստեղծել մարդասիրական ծանր հետևանքներ: «Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը: Մենք պահանջում ենք Ադրբեջանին վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը և վերականգնել մարդկանց ազատ տեղաշարժն ու բեռների տեղափոխումը: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և թույլատրել փաստահավաք այցերը Լեռնային Ղարաբաղ»,- գրել են պատգամավորները և Եվրոպայի խորհրդին կոչ են արել գործել՝ պաշտպանելով տարածաշրջանի ժողովրդի իրավունքները:
20:29 - 05 մայիսի, 2023
Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող կոչերը․ Դավիթ Խաժակյան

Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող կոչերը․ Դավիթ Խաժակյան

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։ Խաժակյանը Լաչինի միջանցքի շրջափակմանն անդրադարձել է ճգնաժամերի նկատմամբ քաղաքների դիմադրողականության կոնտեքստում՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին, իսկ այդ պայմաններում մայրաքաղաք Ստեփանակերտի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ճգնաժամին դիմագրավելու համար։ Խաժակյանն ասել է, որ բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին և դադարեցնել Լաչինի շրջափակումը, իսկ Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը։ «Լեռնային Ղարաբաղի բնակիչները պայքարում են ճգնաժամի դեմ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Քաղաքական խնդիրների լուծման նպատակով Ադրբեջանը փակ է պահում այդ ճանապարհը և հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնում ԼՂ 120 հազար բնակչությանը։ Համաձայն ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություններում, մանկական հիվանդանոցներում, մանկապարտեզներում և դպօրոցներում հայլևս հնարավոր չէ ապահովել երեխաների հատուկ սննադակարդը շրջափակումից առաջացած  մի շարք մթերքների բացակայության պատճառով։ Արդեն երկար ժամանակ է՝ սնունդն այնտեղ բաժանվում է կտրոնների միջոցով, քաղաքում իրականացվում են էներգախնայողության տարբեր ծրագրեր»,- ասել է Խաժակյանը։
15:56 - 03 մայիսի, 2023
Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն․ ՀՀ ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |hy.armradio.am|

Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն․ ՀՀ ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |hy.armradio.am|

hy.armradio.am: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է: Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, այն կարող է նաեւ դառնալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աղբյուր, խախտել երիտասարդների մասնավոր կյանքի գաղտնիությունը, խթանել անօրինական բովանդակության տարածումը, այս հարցերի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի մեզ համար՝ որպես ազգային խորհրդարանների անդամների: Շատ կարեւոր է, որ երիտասարդները լավ տեղեկացված լինեն այս կանոնակարգերի մասին: Ավելին, թվային էկոհամակարգում, կիբերբուլինգը, առցանց վիրավորանքն ու կիբերագրեսիան հանդիպում են տարատեսակ դրսեւորումներով: Երիտասարդները պետք է պաշտպանված լինեն նման վարքագծից: Պետությունների, կարգավորող ու կրթական մարմինների, քաղաքացիական հասարակության ու մասնավոր կառույցների պարտականությունն է ապահովել, որ ապագայում երիտասարդները լավ տեղեկացված լինեն, իսկ մեծահասակները՝ պատասխանատու: Մենք պետք է միասին աշխատենք, որ երաշխավորենք թվային միջավայրի անվտանգությունը ու երիտասարդների համար ապահովենք առողջ զարգացում»,- ասել է Սոնա Ղազարյանը:
12:00 - 02 մայիսի, 2023
Զելենսկին ողջունում է ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է
 |azatutyun.am|

Զելենսկին ողջունում է ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևը, որում ասվում է՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է։ Բանաձևը կոչ է անում երեխաներին անվտանգ վերադարձնել Ուկրաինա՝ հավելելով, որ երեխաների տեղափոխման փաստագրված ապացույցները «համընկնում են ցեղասպանության միջազգային սահմանմանը»։ Իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին այս բանաձևը որակել է կարևոր որոշում, որը կօգնի «Ռուսաստանին և նրա առաջնորդներին պատասխանատվության ենթարկել»: Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է այցելել Ուկրաինա և օգնություն խնդրել հազարավոր երեխաների հայրենիք վերադարձնելու համար, որոնք տեղափոխվել են Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ Մոսկվայի ներխուժումից հետո:
10:56 - 28 ապրիլի, 2023
«Ցավոք, միջազգային  արդարադատությունը դանդաղ է աշխատում». Վլադիմիր Վարդանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

«Ցավոք, միջազգային արդարադատությունը դանդաղ է աշխատում». Վլադիմիր Վարդանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին  ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Շնորհակալություն, տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել եւ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստաթիույին այս զեկույցի համար: Ես ցանկանում եմ տալ մեկ հռետորական հարց: Ինչո՞ւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ այս կազմակերպության գոյությունից 70 տարի հետո դեռ մենք շարունակում ենք քննարկել ՄԻԵԴ-ի որոշումների կատարման, ավելի ճիշտ` չկատարելու հարցը: Ինչու՞ դա դեռ տաբու չէ: Ինչո՞ւ մենք դեռ չենք կարող պետություններին ասել, գիտե՞ք, եթե դուք չեք հետեւում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, որը տաբու է, ապա ձեր վերջին օրերն են այս կազմակերպությունում: Շատ հաճախ մենք իսկապես վախենում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններից: Չեմ ցանկանում անդրադառնալ այս կամ այն երկրի չիրականացրած քաղաքականությանը, ես ավելի շուտ կցանկանայի անդրադառնալ այն հարցին, թե որքան երկար ենք մենք պատրաստվում հանդուրժել մի իրավիճակ, երբ մենք` որպես քաղաքական գործիչներ, մեր անգործությամբ խաթարում ենք միջազգային դատական համակարգի գոյությունը: Ինչո՞ւ ենք մենք կենտրոնացած վերջնական դատավճռի վրա: Ցավոք, միջազգային  արդարադատությունը դանդաղ է աշխատում, եւ շատ հաճախ իրական արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է միջանկյալ միջոցներ կիրառել, որոնք շատ հաճախ հիմք են հանդիսանում այս կամ այն վերջնական որոշման համար: Ցավոք, Նախարարների կոմիտեն չի ցանկանում մասնակցել այդ գործընթացին, քանի որ դա լրացուցիչ գլխացավանք է: Հիշում եք, հարգելի' գործընկերներ, մի քանի բանաձեւերի շրջանակներում մենք բարձրացրել ենք այդ հարցը: Շատ կարեւոր է չհիշատակել միայն մեկ դեպք: Պարոն Քրիստոֆեր Չոուփը նշեց, որ Օսման Քավալայի գործը շատ կարեւոր է: Պարոն Քրիստոֆեր Չոուփ, պետք է նշել նաեւ այլ դեպքեր: Ընդամենը մի քանի օր առաջ Արդարադատության միջազգային դատարանը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունեցին միջանկյալ միջոցներ Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ` Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերսկսել երթեւեկությունը Լաչինի միջանցքում: Արդյո՞ք մենք ունենք որեւէ արձագանք կամ որեւէ պատշաճ արձագանք: Քաղաքական գործիչների անգործությունը խաթարելու է միջազգային դատական համակարգի գոյությունը: Իսկ առանց միջազգային դատական համակարգի մենք չենք կարող առաջ շարժվել, քանի որ մեր կազմակերպությունը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության համար: Սա մեր կազմակերպության լրացուցիչ արժեքներից մեկն է: Եթե մենք շարունակաբար ունենայինք այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրների թույլ տրվեր չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, չհետեւել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունած միջանկյալ միջոցներին, դա ոչ միայն դատարանի, այլեւ մեզանից յուրաքանչյուրի եւ մեր երկրների ժողովուրդների համար շատ կարեւոր այս հարգելի կազմակերպության գոյության վերջը կլիներ: Շնորհակալ եմ»,- իր ելույթում  ասել է Վլադիմիր Վարդանյանը:
22:59 - 27 ապրիլի, 2023
«Արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ»․ Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

«Արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ»․ Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 25-ին  ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  «Ես առաջարկում եմ մեկ րոպե տրամադրել եւ հայացքն ուղղել մեզ` մեր ուղղությամբ` որպես մի կազմակերպության, որը համախմբված է ժողովրդավարական արժեքների շուրջ եւ հարցնենք ինքներս մեզ, թե որքան անկեղծ ենք մենք մեզ հետ, մենք, ովքեր գովաբանում ու պայքարում են մարդու իրավունքների, խոսքի ազատության ու ժողովրդավարական արժեքների համար: Որքա՞ն հաճախ ենք սկսել տեսնել, որ անդամ պետությունները չեն հարգում օրենքի գերակայությունը, չեն կատարում ՄԻԵԴ վճիռները եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: Բավականին հաճախ: Եվ նրանք բավարար պատասխանատվության չեն ենթարկվում: Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք առերեսվում ենք ժողովրդավարության հետընթացի հետ, արդյո՞ք մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ: Եկեք մտածենք, թե ինչպես է վերը նշվածը վնասում կազմակերպությանը եւ նրա նախաձեռնություններին»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:
13:10 - 26 ապրիլի, 2023
Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Դունյա Միյատովիչ |aysor.am|

Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Դունյա Միյատովիչ |aysor.am|

aysor.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նշել է, որ փորձել է այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն չի հաջողվել: «Խնդիրն այն չէ, որ ոչ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող գնալ այնտեղ։ Ես մի քանի անգամ փորձել եմ: Մեկ ամիս առաջ էլ եմ փորձել, բայց փաստն այն է, որ չեմ կարող գնալ այնտեղ։ Եվ երբ Դուք ինձ հարցնում եք՝ ինչո՞ւ այնտեղ չեք, չեք այցելում այդ տարածք, ես կպատասխանեմ, որ դա ձեր պատճառով է, այն անդամ պետությունների պատճառով, որոնք չեն համագործակցում հանձնակատարի հետ, որպեսզի նրա մուտքը հնարավոր դարձնեն»,- նշել է Միյատովիչը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե երբ են Եվրոպային խորհրդի պաշտոնյաները պատրաստվում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Նա նշել է, որ փորձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին նայել մարդու իրավունքների տեսանկյունից: «Ես հենց այս պահին էլ պատրաստ եմ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, բայց չեմ կարող, քանի որ պետք է պետությունները կամ պետությունը աշխատեն, որ դա ապահովեն։ Ես կարող եմ գնալ անգամ պատերազմական գոտիներ, բայց չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ։ Ուստի երբ Դուք հարցնում եք՝ ինչու այնտեղ չեք, դա նշանակում է, որ չեմ կարող, ոչ թե չեմ ուզում։ Այդ հարցի պատասխանը պետք է տան անդամ պետությունները»,- նշել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։
13:20 - 25 ապրիլի, 2023
Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու Բայրաքթարները, Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու Բայրաքթարները, Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

armenpress.am: 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր ոչինչ չի փոխվել. արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու «Բայրաքթարները», Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունը մնացել է նույնը: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  ԵԽԽՎ լիագումար նիստի արձանագրության մեջ ներառված իր ելույթը, որը ներկայացնում ենք ստորև։ «Ելույթս կսկսեմ մի պատմությամբ։ Ես դպրոցական էի, երբ առաջին անգամ կարդացի հայ ազգային հերոս, փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Շատ տարիներ անց, երբ ես դարձա Հանրապետական կուսակցության անդամ, որի գաղափարախոսությունը ներշնչված է Նժդեհի փիլիսոփայությամբ, ինքս ինձ մտածում էի, որ վերը նշված միտքն արդեն ակտուալ չէ, քանի որ մեր օրերում գոյություն ունեն միջազգային կազմակերպություններ, միջազգային իրավունք ասվածը և այսպես շարունակ։ Ես վստահ էի, որ այդ ինստիտուտներն ավելի քան բավարար են փոքր ազգերի իրավունքները պաշտպանելու համար։ Ավաղ, ես չարաչար միամտաբար սխալվում էի: Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես ևս մեկ անգամ գիտակցեցի, որ ոչինչ չի փոխվել։ Երեկ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին Լաչինի միջանցքի մոտ ապօրինի անցակետի տեղադրման գործընթացը։ 120.000 մարդ 4 ամիս է, ինչ շրջափակման մեջ է, կան միջազգային համաձայնագրեր, Արդարադատության միջազգային դատարանի որոշում, միջազգային մի շարք կառույցների կողմից արված հայտարարություններ, բայց չկա արդյունք։ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պարզվում է կարող են արհամարել մարդու հիմնարար իրավունքները, միջազգային իրավունքները, անտեսել միջազգային հանրության պահանջը։ Ի՞նչ իմաստ ունեն այդ դեպքում մեր ելույթները և հայտարարությունները։ Տալի՞ս են արդյոք դրանք որևէ օգուտ։ Ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր։ Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու Բայրաքթարները, Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը. Եվրոպայում այս պահին տեղի են ունենում էթնիկ զտումներ, և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են դրա համար, նստած են այս դահլիճում՝ քրիստոնեա-դեմոկրատական արժեքների խորանի մոտ։ Վստահ եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես կգան իմ ասածը ժխտող ելույթներով։ Ես գերազանց հասկանում եմ, որ մեր փոխադարձ մեղադրանքները մեր հարգարժան գործընկերների համար աղմուկի պես մի բան են դարձել, բայց վտանգված են մարդկային կյանքեր։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես լուռ նստեմ, աշխարհի այլ հատվածում մահերը սգամ ՝ նայելով, թե ինչպես են սպանում իմ ժողովուրդին ու ստիպում լքել իրենց հայրենիքը կամ գերեվարում ու խոշտանգում Բաքվի բանտերում։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանն ու Արցախը կկարողանան անցնել այս ամենի միջով։ Դա մեր արյան մեջ է։ Մենք պայքարով ենք ստացել ու պահպանել այն ամենը ինչ ունենք։ Բայց մենք և պատմությունն ինքնին կհիշենք ոչ միայն նրանց, ովքեր կողք-կողքի մեզ հետ պայքարում էին, այլ նաև նրանց, ովքեր այս ծանր ժամանակներում նախընտրեցին մնալ լուռ։ Ես անշնորհակալ չեմ. մենք իրապես գնահատում ենք բոլոր հայտարարությունները, սակայն ծայրահեղ դժվար է այդ թղթերով պաշտպանել անմեղ հայրենակիցներին կրակոցներից և հրետակոծություններից։ Գիտեք, հերոս լինելը կամ պատմություն կերտելը բավական դյուրին է։ Պարզապես պետք է ճիշտ վարվել՝ կանգնել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և թույլ տալ նրանց իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը։ Խոսելու ժամանակը սպառվել է, ժամանակն է գործելու»։
20:13 - 24 ապրիլի, 2023
Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին |1lurer.am|

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ԵԽԽՎ ամբիոնից զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից  հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը: «Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները», և պաշտոնական Բաքուն դրա հետ ոչ մի կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնապես փակեց այդ ճանապարհը»,- ասել է նա: Ռուբինյանը զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին: «Արդեն մի քանի նիստում ես խոսում եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի կյանքը վտանգված է: Ես չեմ խոսում նրանց քաղաքական կամ մարդու իրավունքների մասին, ես խոսում եմ իրական ցեղասպանության վտանգի մասին: 120 հազար քաղաքացի դարձել է  Ադրբեջանի պատանդը, մի երկրի, որն ատում է նրանց։ Հուսով եմ՝ միասին կկանխենք այս և հետագա այլ վայրագությունները»,- ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
19:27 - 24 ապրիլի, 2023
ԵԽԽՎ զեկուցողը ցանկանում է այցելել Լաչինի միջանցք․ Փոլ Գավանը հայտարարություն է տարածել

 |factor.am|

ԵԽԽՎ զեկուցողը ցանկանում է այցելել Լաչինի միջանցք․ Փոլ Գավանը հայտարարություն է տարածել |factor.am|

factor.am: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ, «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցով զեկուցող Փոլ Գավանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, որում ասում է, որ մայիսի վերջին այցելելու է Հայաստան ու Ադրբեջան։ Նա նաև հույս է հայտնել այցելել Լաչինի միջանցք՝ սեփական աչքերով իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։ Փոլ Գավանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․ «2023 թվականի ապրիլի 23-ին ինձ տեղեկացրին, որ Լաչինի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետ է տեղադրվել։ Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և Հայաստանի միջև միակ բաց հաղորդակցության ճանապարհի խոչընդոտման շուրջ ընթացիկ աճող լարվածության պայմաններում: Բաց և անվտանգ մուտքն այս միջանցք հաստատվել և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ։ Խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևել է այս իրավիճակին, այդ թվում՝ հունվարին տեղի ունեցած ընթացիկ հարցերի քննարկման ժամանակ ներկայացվել է ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա, SOC) և Բորիանա Աբերգի (Շվեդիա, EPP/CD) զեկույցները, մարտին հրապարակվել է Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հայտարարությունը։ Բյուրոյի որոշմամբ՝ 2023 թվականի մարտի 15-ին Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով կոմիտեի կողմից նշանակվել եմ Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների լուծման հարցերով զեկուցող: Նախկինում ես զեկույց էի պատրաստել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին»։Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի ճանապարհը համակարգված և լայնածավալ չարաշահվում է անօրինական նպատակներով՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության, որը, ըստ նրա, անվտանգության սպառնալիք է: Առանց տարածք մուտք գործելու հնարավոր չէ ստուգել այս պնդումները: Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի բնակիչների տառապանքը և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են։ Ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հռետորաբանության, այլև փաստացի մտահոգիչ էսկալացիայի ականատեսն ենք: Պարտադիր է, որ երկու կողմերն էլ նպաստեն Լեռնային Ղարաբաղում ապրող այդ մարդկանց վիճակի վատթարացումը կանխելուն։ Իրավիճակի վերաբերյալ իմ զեկույցը պետք է պատրաստվի առանց հապաղելու։ Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ես մտադիր եմ մեկնել Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ խնդրո առարկա տարածաշրջան։ Իմ այցի ընթացքում, որը պետք է ներառի Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկություններ, ես պատրաստ եմ հանդիպել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ: Չնայած վերջին օրերի լարվածության ցավալի աճին՝ ես վստահ եմ, որ կկարողանամ հույս դնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից համագործակցության և բարի կամքի վրա։ Իմ նպատակն է՝ կազմել արդար, ճշգրիտ և ազնիվ զեկույց, որը դժվար կլինի, եթե ինձ թույլ չտան սեփական աչքերով տեսնել՝ արդյո՞ք Լաչինի միջանցք մուտքն ազատ է և անվտանգ, ինչպես նախատեսված է 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»։  
17:59 - 24 ապրիլի, 2023
ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ
 |tert.am|

ԵԽԽՎ հանձնաժողովն Ադրբեջանին հորդորել է անհապաղ կատարել միջազգային դատարանների որոշումները՝ կապված Լաչինի միջանցի ապաշրջափակման հետ |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը խիստ  անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական խոչընդոտման  պատճառով առաջացող հումանիտար ճգնաժամով: Այս մասին ասվում է հանձնաժողովի հայտարարությունում:«Այս միջանցքը կենսական ուղի է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ապրողների միջև, և Հանձնաժողովն ամբողջությամբ աջակցում է Խորհրդարանական վեհաժողովի Մշտադիտարկման հարցերով հանձնաժողովի համազեկուցողների կողմից արված հրապարակային հայտարարությանը...՝ կոչ անելով ձեռնարկել «անհապաղ գործողություններ» և «անհապաղ դադարեցնել անօրինականությունը և Լաչինի միջանցքի ապօրինի խոչընդոտումը»։Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումները, որոնցում ընդգծվում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը, այն է` երաշխավորելու Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը», - ասվում է հայտարարությունում:
14:28 - 23 մարտի, 2023
ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումները

 |factor.am|

ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումները |factor.am|

factor.am: ՀՀ-ում մոնիթորինգային առաքելության համազեկուցողներ Կիմմո Կիլյունեն (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգ (Շվեդիա) Գաղտնազերծված տեղեկատվական գրության մեջ կիսվել են փետրվարի 17-19-ը Հայաստան այցելության ժամանակ ԵԽԽՎ Մոնիթորինգային խմբի բացահայտումներով։ Նրանց այցի նպատակն էր՝ գնահատել իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Հայաստանում գտնվելու ընթացքում առաքելության անդամները եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում ու դրանց մերձակայքում, հանդիպել են տեղի պաշտոնյաների, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով Գորիսում մնացած տեղի պաշտոնյաների ու Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։ Նրանց դիտարկումների համաձայն՝ միջանցքով տեղաշարժը «խիստ խոչընդոտված է», ինչն անհնարին է դարձնում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։ Այս իրավիճակը շուտով կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։ Անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությանը՝ զեկուցողները կոչ են արել Ադրբեջանին թույլ տալ իրավիճակի անկախ գնահատում։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ թույլատրել անկախ փաստահավաք այցը, նաև թույլատրել անկախ լրագրողներին ազատ գործունեություն ծավալել ամբողջ տարածքում»:
18:02 - 22 մարտի, 2023
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ |azatutyun.am|

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ |azatutyun.am|

azatutyun.am: «Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ»,- ընդգծել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) երեկ տարածած հայտարարության մեջ: «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատորեն դուրս գալ տարածաշրջանից։ Միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ռուս խաղաղապահների մեքենաներին է թույլատրվում երթևեկել այդ միջանցքով, ինչը ակնհայտորեն անբավարար է բնակչության կարիքները բավարարելու համար։ Ավելին՝ կենսականորեն կարևոր է, որ ապրանքները կարողանան ժամանակին հասցվել ցանքի սեզոնին»,- ասված է հայտարարությունում: Համազեկուցողները, վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ընդգծում են՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի: Անդրադառնալով գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներին՝ ԵԽԽՎ համազեկուցողները նշել են, որ դա հանգեցրել են բնակիչների իրավունքների ոտնահարման. «Շատ մարդիկ արդեն կորցրել են իրենց աշխատանքը, իսկ երեխաները զրկվել են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակվել»: Նրանք հիշեցրել են 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ իրենց համատեղ հայտարարությունը, որը կոչ էր անում վերականգնելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ինչպես նաև ՄԻԵԴ-ի 2022թ․ դեկտեմբերի 21-ի որոշումը, որը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել ծանր հիվանդների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ ընդգծելով նաև, որ ի գիտություն են ընդունում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, որում ասվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ համազեկուցողները կոչ են արել երկու կողմերին առաջ մղելու սահմանների սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվելու սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլի: Նրանք նաև ողջունել են սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը` նշելով նախորդ առաքելության զգալի ազդեցությունը լարվածության նվազման գործում: Այցի ընթացքում համազեկուցողները եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում, ինչպես նաև Լաչինի միջանցքի մուտքում՝ հայկական կողմից։ Նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաներին և Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։
12:52 - 25 փետրվարի, 2023