ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները դադարեցվել են

Դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները դադարեցվել են

Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները դադարեցվել են: Աս մասին օգոստոսի 1-ին տեղեկություն է հրապարակվել Բարձրագույն դատական խորհրդի կայքում: «Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանի կողմից 2023 թվականի հուլիսի 21-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2023 թվականի օգոստոսի 1-ից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանի լիազորությունները համարել դադարած»,-ասվում է ԲԴԽ որոշման մեջ:
20:12 - 01 օգոստոսի, 2023
ԲԴԽ նիստին լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ ՄԻ պաշտպան ուսումնասիրություններ է իրականացրել

ԲԴԽ նիստին լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ ՄԻ պաշտպան ուսումնասիրություններ է իրականացրել

ԲԴԽ նիստին լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուսումնասիրություններ է իրականացրել. ներկայացվել են առաջարկություններ: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։ «Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի հուլիսի 3-ի նիստին լրագրողների մասնագիտական գործունեության առերեվույթ սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ։ Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ սույն թվականի հուլիսի 3-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի դռնփակ քննության արդյունքով որոշումը հրապարակելու դռնբաց նիստ, որին արգելվել է լրագրողների մուտքը նիստերի դահլիճ։ Միևնույն ժամանակ, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում լրագրողների համար առանձնացվել է առանձին սենյակ՝ նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակումը դիտելու նպատակով։ Հրապարակումների և միջազգային փորձի ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել խնդիրներ, որոնց հաղթահարման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվում են առաջարկություններ։ Ամբողջական փաթեթին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։ Պաշտպանը հատուկ ընդգծում է. դատական իշխանություն – լրագրող փոխգործակցության պատշաճ մշակույթի առկայության պայմաններում է միայն հնարավոր լիարժեքորեն երաշխավորել դատական իշխանության գործունեության թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը, լրագրողական գործունեության անխոչընդոտ իրականացումն ու պետական մարմինների բնականոն գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:28 - 28 հուլիսի, 2023
Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին
 |armeniasputnik.am|

Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ԲԴԽ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանը որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Նա միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, և պատրաստ են «բացառիկ հնարավորություն» տալ Տոնոյանին, որ իրենց արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնի։ Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյաննու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
15:17 - 26 հուլիսի, 2023
Ինչպես Սամվել Ուզունյանին հաջողվեց լքել Հայաստանը․ գործով քննիչի ու քննչականի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը մնացել է անփոփոխ
 |factor.am|

Ինչպես Սամվել Ուզունյանին հաջողվեց լքել Հայաստանը․ գործով քննիչի ու քննչականի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը մնացել է անփոփոխ |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, կազմով՝ դատավորներ Արշակ Վարդանյանի և Արսեն Նիկողոսյանի, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի գործով քննիչին և գործը քննած Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պետրոսյանին արդարացնելու որոշումը։ Հիշեցնենք, որ Լեռնիկ Ստեփանյանի և Էդգար Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանք գործի վարույթը կարճելու որոշումը կայացրել է Երևանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ առանց դատաքննություն նշանակելու։ 2019 թվականին Սամվել Ուզունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել կաշառք ստանալու և ենթադրյալ այլ հանցավոր արարքներ կատարելու հոդվածներով, սակայն մինչ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվեր դատարան, լքել է Հայաստանը։ Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը։ Ուզունյանը ԲԴԽ-ում իր վերաբերյալ այս հարցերի քննությանը չի մասնակցել, և այն բանից հետո երբ Խորհուրդը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու համաձայնություն է տվել, Երևան-Մոսկվա չվերթի տոմս է գնել և Զվարթնոց օդանավակայանով լքել Հայաստանը։ Դրանից հետո պաշտոնեկան անփութության մեղադրանք է առաջադրվել քննիչ Լեռնիկ Ստեփայանին և Էդգար Պետրոսյանին։ Հատկանշական է այն հանգամանքը, որ քրեական գործի հարուցումից հետո՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին, երբ Ուզունյանը դեռևս գործով մեղադրյալի կարգավիաճկ չի ունեցել, քննիչ Լեռնիկ Ստեփանյանը գրություն է ուղարկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ սահմանը հատելու նկատմամբ հսկողություն իրականացնելու, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նախքան սահմանը հատելը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու պահանջով։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Հովսեփյանը 03.12.2019 թվականի գրությամբ պատասխանել է, որ Սամվել Ուզունյանի սահմանահատումների նկատմամբ հսկողության սահմանելու և վերջինիս կողմից ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նախքան սահմանը հատելը այդ մասին վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու պահանջը հնարավոր չէ բավարարել, քանի որ ՀՀ ոստիկանությունը անձանց սահմանային տեղաշարժը հսկելու լիազորություն չունի և նման գործառույթ չի իրականացնում։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Զվարթնոցում Ուզունյանի ուղեբեռը ստուգելիս նրա մոտ հայտնաբերվել է փամփուշտ, սակայն նախկին դատավորը բերման չի ենթարկվել, հետագայում այս դեպքի առթիվ ապօրինի ռազմամթերք պահելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ինչում են մեղադրվում Էդգար Պետրոսյանը և Լեռնիկ Ստեփանյանը Այն բանից հետո, երբ քննիչ Լեռնիկ Ստեփայանը համարել է, որ առկա է ապացույցների բավարար համակցություն՝ Սամվել Ուզունյանին մեղադրանք առաջադրելոեւ համար, քրեական գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի քննարկվի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու հարցը: 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ներկայացված երկու վերոհիշյալ միջնորդությունները բավարարվել են և նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ Սամվել Ուզունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Էդգար Պետրոսյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, հաշվի առնելով որոշման պահանջները կատարելու՝ մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց կիրառելու հրատապությունը, հեռախոսազանգով անմիջապես տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին՝ հայտնելով գործով քննիչի կողմից նշված որոշման, ինչպես նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումների օրինակներն ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններն անհապաղ կատարելու անհրաժեշտության մասին: Նույն պահին Էդգար Պողոսյանն այդ մասին տեղեկացրել է ՀԿԳ ավագ քննիչ Լեռնիկ Ստեփանյանին, սակայն ինչպես վերջինս, այնպես էլ Էդգար Պողոսյանն, ըստ մեղադրանքի, հրաժարվել են անմիջապես միջոցներ ձեռնարկել որոշումները ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները կատարելուց՝ հայտնելով, որ որոշումները կստանան հաջորդ օրը: Ժամեր անց՝ դեկտեմբերի 21-ին, Սամվել Ուզունյանը մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, գնել է ժամը 02։50-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս և պատրաստվել թռիչքի: Այդ մասին տեղեկացել է ՀՀ ԱԱԾ աշխատակից Ավագ Մարգարյանը և ժամը 01։45-ին, զանգահարել է Էդգար Պողոսյանին՝ հայտնելով, որ Սամվել Ուզունյանը պատրաստվում է լքել ՀՀ տարածքը: Տեղեկանալով այդ մասին՝ Էդգար Պողոսյանը ժամը 01։50-ին զանգահարել է Լեռնիկ Ստեփանյանին՝ հայտնելով, որ Սամվել Ուզունյանը գտնվում է օդանավակայանում և պատրաստվում է մեկնել ՀՀ-ից: Ըստ մեղադրանքի՝ Էդգար Պողոսյանը, ի պաշտոնե հանդիսանալով քննչական բաժնի պետ, պետական պաշտոնատար անձ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի համաձայն՝ հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելուն, իրավունք ունի մասնակցել իրեն անմիջականորեն ենթակա քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից, դրսևորել է անգործություն՝ հանցավոր ինքնավստահություն և մինչ Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ-ից մեկնելը, հստակ տեղեկացված լինելով վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայության, ինչպես նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդի կողմից կայացված որոշման մասին, միջոցներ չի ձեռնարկել դրանք անհապաղ ստանալու և դրանից բխող անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու համար, այն պարագայում, երբ իրեն անմիջականորեն ենթակա քննիչի կողմից քրեական գործով դատախազություն ներկայացված միջնորդությամբ, ի թիվս այլնի, նշվել է նաև Սամվել Ուզունյանի կողմից քննությունից թաքնվելու բարձր հավանականության մասին: Այսպիսով, ըստ մեղադրանքի, Էդգար Պետրոսյանը դրսևորել է հանցավոր ինքնավստահություն, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել՝ չցանկանալով գիշերային ժամերին կատարել անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ, ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ, միջոցներ չի ձեռնարկել Ուզունյանի փախուստը կանխելու ուղղությամբ, քննիչ Ստեփանյանին ցուցում չի տվել Ուզունյանի նկատմամբ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու և այսպիսով նրա ելքը ՀՀ տարածքից սահմանափակելու ուղղությամբ։ Լեռնիկ Ստեփանյանի մեղադրանքում ևս նշվում է, որ վերջինս, դրսևորելով հանցավոր ինքնավստահություն՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք, այն է՝ չցանկանալով գիշերային ժամերին կատարել անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ,տեղեկացվելով, որ իր վարույթում քննվող քրեական գործով ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Սամվել Ուզունյանը պատրաստվում է հեռանալ ՀՀ-ից՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից ու սպասվելիք պատժից, և ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ, միջոցեր չի ձեռնարկել, որի հետևանքով Ուզունյանը լքել է ՀՀ-ն։ Ըստ մեղադրանքի՝ Լեռնիկ Ստեփանյանի և Էդգար Պետրոսյանի անգործությունը անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ այն է հեղինակազրկվել է ՀՀ պետական իշխանության մարմին հանդիսացող իրավապահ համակարգն, ինչպես նաև ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ տարածքը՝ այդ կերպ թաքնվել է քննությունից՝ խուսափելով քրեական պատասխանատվության ենթարկվելուց, ինչի արդյունքում տևական ժամանակ կյանքի չի կոչվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը և ոտնահարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության խնդիրները: Պաշտպանը միջնորդել է կարճել քրեական գործի վարույթը 2022 թվականի ապրիլի 25-ին Ստեփանյանի և Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Կարեն Ֆարխոյանին։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
15:55 - 20 հուլիսի, 2023
Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։ Հաջորդ ժողովի օրվա և ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Հիշեցնենք, որ այսօր Դատավորներն ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք է առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներն են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։ ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցագրեր են ստացել միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները, թեև ԲԴԽ անդամ ընտրվելու չափանիշին համապատասխանում են նաև այլ դատավորներ։
18:42 - 19 հուլիսի, 2023
ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցվել են միայն ՀՀ մարզերի դատավորները. Դատավորների միության հայտարարությունը

ԲԴԽ անդամի ընտրության համար ծանուցվել են միայն ՀՀ մարզերի դատավորները. Դատավորների միության հայտարարությունը

Դատավորների միությունը հայտնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր անդամի ընտրության համար ծանուցել է բացառապես ՀՀ մարզերի դատարանների դատավորներին՝ կրկին անտեսելով խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքը: «2023 թվականի հուլիսի 19-ին կայանալու է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված է նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրելու և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմնի օրինական ձևավորման գործընթացը կրկին վտանգված է: Թեկնածուների ընտրությունը օրենքի պահանջներին հակառակ սահմափակվել է՝ մասնավորապես, ոչ անկախ մարմին հանդիսացող Դատական դեպարտամենտը ծանուցել է բացառապես ՀՀ մարզերի դատարանների դատավորներին՝ կրկին անտեսելով խորհրդի անդամի չափանիշներին համապատասխանող Երևան քաղաքի քրեական դատարանի դատավորների՝ ընտրվելու, իսկ դատավորներին իրենց անկախությունը երաշխավորող պատշաճ մարմին ձևավորելու իրավունքը:  Նշված շարունակական և անօրինական գործելակերպը լի է պետության համար բացասական մարտահրավերներով: Ավելի վաղ՝ 2022 թվականի մարտի 22-ին ևս հայտարարվել էր Սահմանադրության համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդ ձևավորելու հնարավորությունը դեպարտամենտի կողմից խախտելու մասին: Ուստի, կոչ ենք անում դատավորներին տեր կանգնել իրենց իրավունքներին և Սահմանադրության ճիշտ կիրառմանը՝ քանզի Դատական դեպարտամենտը չի կարող ըստ իր հայեցողության կամ այլոց թելադրմամբ մեկնաբանել, կանխորոշել և ձևավորել սահամանադրական անկախ մարմինը, որը պետք է երաշխավորի դատական իշխանության անկախությունը, իսկ վերոհիշյալ գործելաոճի բացասական հետևանքների կրողը դատավորներն են ու արդարադատության շահառուն՝ հանրությունը»,- ասաված է հաղորդագրության մեջ։ 
09:47 - 18 հուլիսի, 2023
Լրագրողական կազմակերպությունները անընդունելի են համարում մասնակցությունը ձեւական նախաձեռնություններին․ հայտարարություն՝ ԲԴԽ որոշման նախագծի մասին

Լրագրողական կազմակերպությունները անընդունելի են համարում մասնակցությունը ձեւական նախաձեռնություններին․ հայտարարություն՝ ԲԴԽ որոշման նախագծի մասին

Լրագրողական կազմակերպությունները ԲԴԽ որոշման նախագծի մասին հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստբրեւ.  «Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումների արտաքին եւ ներքին սպառման օրակարգերում առկա հակասությունների առնչությամբ։ Մասնավորապես, լրագրողական մի քանի կազմակերպություններ տեղեկացվել էին, որ մինչեւ ս․թ․ հուլիսի 14-ը կարող են առաջարկություններ ներկայացնել «Լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի, ԲԴԽ դատարանների եւ դատավորների փոխհարաբերության կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։ Վերոհիշյալ փաստաթուղթը պարունակում է մի շարք խոստումնալից դրույթներ, օրինակ այն, որ «Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերին եւ աշխատանքային խորհրդակցություններին կարող են ազատորեն ներկա գտնվել լրատվության միջոցների ներկայացուցիչները, կատարել տեսա-լուսանկարահանումներ, այդ թվում՝ անմիջապես ուղիղ եթեր հեռարձակմամբ»: Փաստորեն, այն ժամանակահատվածում, երբ լրագրողական հանրության ներկայացուցիչները պետք է առաջարկություններ մշակեին որոշման նախագծի վերաբերյալ, հուլիսի 3-ին տեղի ունեցավ աղմկահարույց դեպք՝ ԲԴԽ-ն լրագրողներին չթույլատրեց ներկա լինել իր՝ նախապես հայտարարված դռնբաց նիստին, որտեղ քննարկվում էր հանրային հետաքրքրության առաջացրած հարց։ Դրան հաջորդած օրերին, երբ մենք եւ մեր բազմաթիվ գործընկերներ տարբեր հարթակներից քննադատեցինք այդ միջադեպը եւ սպասում էինք տեղի ունեցածի մասին Բարձրագույն դատական խորհրդի բացատրություններին, ինչպես նաեւ ապագային միտված հետեւություններին, ավաղ, ոչ մի արձագանք չեղավ, ինչը չէր կարող չստիպել՝ գտնել երկու գործընթացների միջեւ առկա հակասության գաղտնիքը։ Հիմքեր ունենք եզրակացնելու, որ ԲԴԽ որոշման նախագծի բովանդակության լայնախոհությունը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ այն ստեղծվում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ ծրագրի շրջանակներում եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ինչի համար միայն շնորհակալ ենք։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 3-ի նիստը տեղի էր ունենում մեր ներքին իրականությունում, միջազգային հանրության աչքից հեռու։  Այս հայտարարությամբ մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են միջազգային համագործակցության օրակարգերում եւ երկրում «բարեփոխումների» պրակտիկայում գոյություն ունեցող նման անջրպետները։ Մեր սկզբունքային մոտեցումն է՝ նպաստել Հայաստանի տարբեր ոլորտների ինստիտուցիոնալ առաջընթացում լրատվամիջոցների դերի բարձրացմանն ուղղված քայլերին, սակայն անընդունելի ենք համարում մեր մասնակցությունը ձեւական, ցուցափեղկային նախաձեռնություններին։ Կոչ ենք անում նաեւ ՀՀ պետական կառույցների միջազգային գործընկերներին հետեւողական լինել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացների արդյունավետությանը, որպեսզի թղթի վրա հայտարարագրված բարեփոխումներն իրենց համարժեք անդրադարձն ունենան իրական կյանքում»։ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ–ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
11:40 - 17 հուլիսի, 2023
Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Փաստաբանները կպահանջեն Կարեն Անդրեասյանի հրաժարականը

Փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ս․թ․ հուլիսի 11-ին բողոքի ակցիան են իրականացնելու՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ «Իրավապահ մարմիններում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ կապված ՀՀ ոստիկանության կողմից մեր գործընկերների դեմ ուժ կիրառելու, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած հայտնի դեպքերով՝ փաստաբաններիս իրավունքներն ակնհայտ խախտելու, իսկ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանին՝ իր նախընտրած փաստաբանների միջոցով պաշտպանվելու իրավունքը խախտելու մասով, ակնհայտորեն վկայում են նրա մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի հարգում փաստաբանի և նույնիսկ դատավորի և դատավորների իրավունքները, իսկ այդ պայմաններում ուրիշ մարմիններից որևէ բան ակնկալելն անհեռանկար է։ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, 06․07․2023 թվականի հայտարարությամբ, հայտնել է իր մտահոգությունը՝ արձանագրելով, որ․ «․․․ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ, և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել: ․․․Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը: ․․․ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը: Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները»: Այս ամենը, ինչպես նաև երեկ, համացանցում Դավիթ Հարությունյանի գործով տարածված ձայնագրությունը՝ փաստաբանների իրավունքների կոպիտ խախտման մասին վկայում են առ այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի, ռեալ սպառնալիք է մեր պետության իրավական անվտանգությանը և դատական իշխանությանը, ով ամեն ինչի պատրաստ է՝ իր քմահաճույքները բավարարելու համար։ Ցավոք, այդ ամենը շուտով խիստ բացասական ազդեցություն և հետևանք է առաջացնելու մեր պետության հեղինակության և մեր բոլորիս համար։ Նշված հանգամանքով պայմանավորված, երեքշաբթի օրը, 11․07․2023 թվականին, ժամը 12։30-ին բոլորիդ հրավիրում եմ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի դիմաց՝ բողոքի ակցիայի, պահանջելու Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ Սույն կոչս ուղղված է նաև լրագրողներին (ում իրավունքները ևս կոպտորեն խախտեց ԲԴԽ-ն), գործող և նախկին դատավորներին, ովքեր, արդեն առանց կաշկանդվելու իրենց վարքագծի կանոնագրքով, կարող են օգնել դեռևս գործող իրենց գործընկերներին՝ օր առաջ ազատվելու դատական իշխանությունը քանդող, իրավական պետության հիմքերը խարխլող Կարեն Անդրեասյանից։ Վստահ եմ, որ միայն Ձեր և փաստաբաններիս համատեղ պայքարը կարող է կանգնեցնել իրենց։ Միասնական ճակատով պետք է պայքարենք, հակառակ դեպքում՝ հաջորդը հենց Դուք եք լինելու, իսկ մենք և մեր վստահորդները՝ մնալու ենք առանց լավ դատավորների կողմից մեր գործերի քննության հնարավորության»։
11:58 - 08 հուլիսի, 2023
ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությունը ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությունը ԲԴԽ-ի կողմից դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի,  Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով: ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից վերոհիշյալ գործերով սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ,  և այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել: Դեռևս տարեսկզբին դադարեցվել էին ևս երեք դատավորների լիազորություններ: Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը: Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.‑ի նոյեմբերի 17‑ին ընդունված Դատավորի համընդհանուր խարտիայի 3.1. հոդվածը սահմանում է ներքին անկախության սկզբունքը, որի համաձայն դատական պարտականություններն իրականացնելիս դատավորը ենթակա է միայն օրենքին և պետք է հաշվի առնի միայն օրենքը: Դատական համակարգի այնպիսի հիերարխիկ կառուցվածքը, որ դատավորը դատական ակտեր կայացնելիս ենթարկվի դատարանի նախագահին կամ ավելի բարձր ատյանի դատարաններին, բացառությամբ կարծիքների փոխանակման դեպքերի, կդիտվի որպես դատավորի անկախության սկզբունքի խախտում: Դատավորի անձնական ինքնուրույնության պահանջը սահմանող 3.2. հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է իշխանության որևէ ճյուղի կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն, ճնշում, սպառնալիք կամ միջամտություն: Հատկանշական է, որ Փաստաբանների պալատը դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների շրջանում ծավալված քննարկումներին ներկայացրել էր դիրքորոշումը խնդրահարույց համարելով ԲԴԽ կազմում ներկայիս համամասնությունը՝ առաջարկելով դատավորների մեծամասնությամբ կազմավորել ԲԴԽ-ն: Փաստաբանների պալատը դա դիտարկել էր որպես դատական իշխանության անկախությունը վտանգող հանգամանք: Ցավոք, վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները: Վերահաստատելով միջազգային չափանիշներով սահմանված պահանջները՝ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով: Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը: Վերոգրյալի համատեքստում՝ Խորհուրդը ուշադրություն է հրավիրում առկա միջազգային  չափանիշներին, տե՛ս օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 17-րդ հոդվածը, որը սահմանում է իր վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին պատասխանելու և դրանց արդարացի քննության դատավորի իրավունքը:  Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները: Այս առումով Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային և անօտարելի տարրերից է՝ անկախ անձի կարգավիճակից և իրավական գիտելիքներից: Այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները հանգեցնում են անձի արդար դատաքննության իրավունքի խաթարման: Առանձին քննարկման առարկա է թույլ տրված ենթադրյալ խախտումների և դրանց համար նշանակված պատասխանատվության ամենախիստ միջոցների կիրառման առերևույթ անհամաչափությունը: Պետք է նկատել, որ դատավորի լիազորությունները, նույնիսկ կարգապահական խախտման հիմքով, դադարեցնելու հարցում միջազգային հանրաճանաչ փաստաթղթերը սահմանում են շատ բարձր չափանիշներ: Մասնավորապես, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 18-րդ հոդվածի համաձայն՝ դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով: Ամփոփելով վերոգրյալը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը, կարևորելով դատավորների անկախ գործելու երաշխիքների ապահովումը, որպես անձանց արդար դատաքննության իրավունքի իրացման պայման, իր մտահոգությունն  է հայտնում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական մեկնաբանման և կիրառման, ինչպես նաև ընտրվող կարգապահական տույժերի անհամաչափության վերաբերյալ:
15:42 - 06 հուլիսի, 2023
«ԲԴԽ գործողությունները սպառնալիք են դատական իշխանության անկախության համար». Դատավորների միության նախագահի հայտարարությունը

«ԲԴԽ գործողությունները սպառնալիք են դատական իշխանության անկախության համար». Դատավորների միության նախագահի հայտարարությունը

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի դատավորներ, իմ կողմից ավելի վաղ արված հայտարարություններով անդրադարձ է կատարվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ մինչև սույն թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածի անօրինական գործողություններին՝ 20-ից ավելի դատավորների պաշտոնավարման դադարեցում, սեփական շահերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունում, ԲԴԽ դատավոր անդամի ընտրություններին միջամտություն և այլն: 2023 թվականի ապրիլից հուլիսի 3-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ֆինանսական անքակտելի կապերով փոխկապակցված ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ համակատարմամբ, այլ անձանց ներգրավմամբ ու օժանդակությամբ շարունակել են սահմանադրական կարգի, դատական իշխանության դեմ ոտնձգությունները, որպիսի  գործողությունները դրսևորվել են հետևյալում. Այսպես՝   Կ.Անդրեասյանը, շարունակել է Արդարադատության նախարար Գ.Մինասյանի հետ (ինչպես նաև մերձավոր ազգականների անուններով) տնօրինել ֆինանսական միջոցներ և գույք, միջազգային համընդհանուր (օրինակ՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ու հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում (ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) առանձնակի հանդգնությամբ ու հրապարակային կիսելով տնտեսական գործունեության շահույթը (ինչը հաստատել են սեփական ստորագրություններով), որն առերևույթ գերազանցել է վերջիններիս պետական աշխատավարձի առնվազն կրկնապատիկը, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռնամուխ են եղել նախկինում և տվյալ ժամանակահատվածում տարբեր եղանակներով դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք  դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն ու իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող դատավորների լիազորությունները դադարեցնելուն: Մասնավորապես՝ ապրիլին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթներ են հարուցվել դատավորներ Ա.Խառատյանի, Տ.Պետրոսյանի, Ա.Բարսեղյանի և Ս.Թադևոսյանի նկատմամբ ՄԻԵԴ որոշումների արդյունքում ենթադրյալ խախտումների հիմքով, այն պայմաններում, երբ նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եղել է Կարեն Անդրեասյանի կողմից «Եվրոպայի իմաստություն» որակված Վենետիկի հանձնաժողովի՝ իր իսկ կողմից հայցած, սակայն խիստ բացասական արձագանքի արժանացած կարծիքը՝ պետությանը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով մարտահրավերների առջև կանգնեցնելու անխուսափելի վտանգի մասին (տես` Opinion No 1074/2021 CDL-AD(2022)002): Կարեն Անդրեասյանը և մյուսները չխորշելով պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու վտանգից՝ դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել են վարույթները և դադարեցրել լիազորությունները ընտրել են կամայական եղանակով՝ չպահպանելով որևէ օրինաչափություն, այդպիսով ևս հաստատվել է խտրական վերաբերմունքը նշված դատավորների նկատմամբ: Բարձրագույն դատական խորհրդում վարույթների վերաբերյալ  գործի քննությունն իրականացվել է դատավորների իրավունքների կոպիտ խախտումներով: Առնվազն աննախադեպ է եղել տևական ստացիոնար բուժման մեջ գտնվող ու բժշկական փաստաթուղթ ներկայացրած դատավորին հիվանդանոցում ծանուցագիր հանձնելն ու նիստին ներկայանալու՝ նույնիսկ քրեական վարույթներով չհանդիպող պարտադրանքը: Վարույթների ընթացքում ի թիվս այլ սահմանադրական երաշխիքների, սկզբունքների խախտումների, առանձնահատուկ հանդգնությամբ են դրսևորվել լիազոր մարմնի՝ նախարարի ու ԲԴԽ նախագահի՝ ո՛չ գործնական, ո՛չ աշխատանքային հանդիպումներն ու համատեղ հանգստի մեկնելը, ինչը բացահայտվել է ոչ թե իրենց կողմից դատական նիստի ընթացքում (ի հակադրումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի), այլ՝ մամուլի կողմից: Հարկ է նկատել, որ դատավորների նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստն արձանագրվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին: ԿԿՀ-ն առաջարկել է նախարարությանը ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը զսպելու, հանրային վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով սահմանել վարույթների հարուցման առաջնահերթությունները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ, հակասահմանադրական ուժ տալու առումով: Այս կապակցությամբ պետք է նշել, որ նույնիսկ հանձնաժողովի առաջարկությունները դատավորների լիազորությունները դադարեցնելուց հետո ընդունելու դեպքում, հաստատվելու են միայն խտրական վերաբերմունքի առկայությունը ու դրա հնարավոր չեզոքացումը հետագայում, մինչդեռ նույնիսկ դա չի վերացնելու պետության համար վերահաս մարտահրավերները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ հակասահմանադրական կիրառման առումով: Հուլիսի 3-ին դադարեցվել են նաև դատական իշխանությանը վերաբերող հարցերի մասին արտահայտվելու իրավասությունը պարբերաբար իրացրած դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: ԲԴԽ-ն առանց դատավորի կարծիքը հաշվի առնելու նախարար Մինասյանի միջնորդության հիման վրա ազատ խոսքի իրացման սահմաններին վերաբերող գործի քննությունը դռնփակ իրականացնելու մասին որոշում է կայացրել՝ նախապես հրապարակելով վերագրվող խախտման բնույթը դռնբաց դատական նիստում: Դատավորին զրկել են վերագրվող խախտման ու մյուս հարցերի վերաբերյալ  հրապարակային դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Տվյալ պահին չանդրադառնալով աննախադեպ խախտումներին՝ հարկ է նշել, որ վարույթի քննությունն իրականացվել է ԲԴԽ ոչ օրինական կազմով՝ 4 ոչ դատավոր անդամի և 2 դատավոր անդամի մասնակցությամբ՝ Կարեն Անդրեասյանի սահմանած ու ընթացքում փոփոխվող կամայական կանոններով: Ավելին՝ միայն նիստերի արձանագրությամբ մասնավորապես՝ ապացուցվել է Կարեն Անդրեասյանի կողմից դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն վարույթին ներգրավված փաստաբաններին դատական նիստին մասնակցելու արգելք սահմանելու հրամանի արձակումը, իսկ նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավի արտահայտումը՝ դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն «շնորհելով» դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու՝ բոլոր փուլերը 17 րոպեում ավարտելու հնարավորություն: Կարեն Անդրեասյանն ամբողջ վարույթի ընթացքում դատավորին զրկելով վերագրվող խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ԲԴԽ անդամների թողտվությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել նաև վերջիններիս նկատմամբ՝ նրանց բնորոշելով որպես ոչ ինքնուրույն՝ հանելով նրանց տված հարցերը և առաջարկությունները: Արդյունքում ԲԴԽ նախագահն ու մյուսները հավանաբար հիմք են ընդունել դատավորի՝ դատական համակարգին վերաբերող մտահոգությունների կապակցությամբ բազմիցս գրավոր և հրապարակային արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ բացառապես ֆինանսական գործընկերոջ՝ վարույթ հարուցելու որոշմամբ արված մեկնաբանությունը: Հարկ է նշել նաև, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամները, ովքեր չեն նշանակվել կամ ընտրվել թափանցիկ, արժեքային (որակավորման) չափանիշների հիման վրա և նշանակումներն անհամատեղելի են եղել Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականի հետ, ինչն արձանագրվել է նաև դատավորների Եվրոպական միության հունիսի 2-ի հայտարարությամբ, գործնականում ապացուցում են հեղինակավոր կառույցների մտահոգությունները. գործընթացներում դրսևորում են ոչ բարձր մասնագիտական պատրաստվածություն ու անկախության ցածր մակարդակ: Առավել մտահոգիչ է առանձին դատավոր անդամների վարքագիծը՝ անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանելու գործընթացում: Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, առանձին անդամների վարքագիծը ոչ թե երաշխավորում են դատավորների անկախությունը և օրինակ հանդիսանում, այլ սպառանալիք են դատական իշխանության անկախության համար՝ տարածելով նաև ահաբեկման մթնոլորտ համակարգում: Դատավորների նկատմամբ վրեժխնդրությունն իրացնելուց զատ Կարեն Անդրեասյանը հուլիսի 3-ին հանդուգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ՝ օրենքի ուժով դռնբաց դատական նիստում ակտերը հրապարակելու պարտականության ընթացքում դատական նիստերի դահլիճը պարտադրանքով փորձել են լցնել ԲԴԽ աշխատակազմի, ԲԴԽ անդամների օգնականներով և դեպարտամենտի աշխատակիցներով, իսկ դեպի նիստերի դահլիճ տանող ճանապարհն արգելափակել են կարգադրիչների երկշարք պատնեշով՝ լեփ լեցուն դահլիճի կեղծ պատրվակով արգելել են ներկա բոլոր լրատվամիջոցների և դատավորի ներկայացուցիչներից մեկի մուտքը դատական նիստերի դահլիճ: Ամփոփելով՝ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ, և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են ու հանրությունը, ուստի այսօր՝ Սահմանադրության օրը, կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես երկրի գլխավոր օրենքին համահունչ և կասկածելի ու հանցավոր արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքին մանրադրամ չդառնալ»։
11:25 - 05 հուլիսի, 2023
Դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքների առերեւույթ խախտումների հիմքով գանգատ կներկայացվի ՄԻԵԴ

Դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքների առերեւույթ խախտումների հիմքով գանգատ կներկայացվի ՄԻԵԴ

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանական թիմը գանգատ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կարգապահական վարույթի ընթացքում Հարությունյանի իրավունքների առերեւույթ խախտումների հիմքով։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Զորայր Հարությունյանն այսօր ասաց՝ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումը, ըստ ամենայնի, անհետեւանք կթողնի՝ նկատի ունենալով, որ կարգապահական վարույթն ավարտվել է, եւ անգամ բավարարելու դեպքում որեւէ գործուն հետեւանք այլեւս չի կարող լինել, իսկ բոլոր այն խախտումները, որոնց մասին իրենք բարձրաձայնել են, կներկայացվեն բուն գանգատով․ «Եվ վստահաբար կարող եմ ասել, որ այն բավարարվելու է, վարույթը վերաբացվելու է, եւ Դավիթ Հարությունյանը վերականգնվելու է իր գործին», – նշեց նա՝ մանրամասնելով, որ խախտումները վերաբերում են արդար դատաքննության եւ ազատ խոսքի իրավունքին, այսինքն՝ թե՛ ընթացակարգային են, թե՛ բովանդակային։ Հիշեցնենք՝ Բարձրագույն  դատական խորհուրդն այսօր բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելով դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Ըստ Նախարարության՝ Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ որոշակի քննադատության ենթարկելով ԲԴԽ–ին։ Փաստաբան Զորայր Հարությունյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը սխալ է ընկալել Հարությունյանի հրապարակային խոսքը, սակայն իրենք այդպես էլ հնարավորություն չունեցան դրա վերաբերյալ մեկնաբանություն ներկայացնել, քանի որ սահմանափակվեց թե՛ պաշտպանության իրավունքը, թե՛ Հարությունյանի՝ նիստին մասնակցելու հնարավորությունը․ «Դավիթ Հարությունյանին վերագրվում է խախտում, իբրեւ թե նա քննադատել է ԲԴԽ մեկ կամ մի քանի որոշում, որոնցով դադարեցվել են այլ դատավորների լիազորություններ, սակայն Դավիթ Հարությունյանը երբեւէ չի քննադատել ԲԴԽ որոշումները, որոնք Խորհուրդը որպես դատարան է կայացրել, քննադատել է այն օրենսդրական փաթեթը, որը հանգեցրել է նրան, որ համապատասխան քանակի դատավորների լիազորություններ դադարեցվել կամ կասեցվել են, այսինքն՝ Արդարադատության նախարարությանն ու ԲԴԽ–ին քննադատել է այնքանով, որքանով օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը այդ երկու մարմնին էր պատկանում, մասնավորապես, Գրիգոր Մինասյանին եւ Կարեն Անդրեասյանին»,– ասաց նա։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ԲԴԽ–ն պետք է դատավորների համար օրինակ ծառայեր, բայց լրիվ հակառակն է լինում Ինքը՝ Դավիթ Հարությունյանը, այն կարծիքին է, որ ԲԴԽ–ն գոնե փորձ չկատարեց՝ իմիտացիա ստեղծելու, որ իր վերաբերյալ կարգապահական վարույթի ընթացքում որեւէ բան օրենքով է արվում. «Առաջին իսկ օրվանից ասել եմ, որ անսպասելի ոչինչ չկար. Կարեն Անդրեասյանից որեւէ այլ՝ օբյեկտիվ ակնկալիք ունենալ հնարավոր չէր»,-որոշման հրապարակումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Հարությունյանը՝  հավելելով, որ ԲԴԽ-ն պետք է դատավորների համար օրինակ ծառայեր, բայց լրիվ հակառակն է լինում։ Որոշման եզրափակիչ մասը ընթերցելիս Կարեն Անդրեասյանը չասաց՝ այն ովքեր են ստորագրել, ուստի պարզ չէ՝ հատուկ կարծիք ներկայացնող դատավոր եղե՞լ է թե՞ ոչ։ Ըստ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի՝ ԲԴԽ անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք ԲԴԽ-ի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ, ինչի մասին որոշման մեջ ստորագրությամբ նշում է արվում։ Անդրադառնալով այդ հանգամանքին՝ Դավիթ Հարությունյանն ասաց՝ չի բացառում, որ մեկ կամ երկու կամ երեք անդամ դեմ եղած լինեն, բայց մեկ է, նման որոշում հրապարակվեր։ Նշենք, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար, ըստ Դատական օրենսգրքի, անհրաժեշտ էր, որ դրան կողմ քվեարկեր Խորհրդի անդամների առնվազն կեսը, այսինքն՝ հինգ անդամ։ Միջնորդության քննությանը տվյալ դեպքում մասնակցել է Խորհրդի վեց անդամ։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, չնայած նրան, որ որոշման հրապարակումը դռնբաց էր, դատական կարգադրիչները թույլ չտվեցին ԶԼՄ ներկայացուցիչներին բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է։ Դավիթ Հարությունյանը, սակայն, ընդգծեց՝ նիստերի դահլիճում Դատական դեպարտամենտի աշխատակիցներն էին, այսինքն՝ այն արհեստականորեն էր լցված․ «Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, փորձի ընդհանրապես բացակայությունը փորձում են նմանատիպ միջոցներով լրացնել»,- ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ այդ ընթացքում որպես գործիք օգտագործվում են Դատական դեպարտամենտի բարեխիղճ աշխատակիցներ․ «Այդ անձնավորությունը դատավարության նույնիսկ կողմ, ներկայացուցիչ չի եղել, էլ ո՞ւր մնաց դատավոր, դատավոր չեն դառնում՝ պատմուճան հագնելով կամ հրամանագիր ստորագրելով»,- նշեց Հարությունյանը։ Հարցին, թե ինչից է սկիզբ առել Անդրեասյանի եւ դատավորների միջեւ այս լարվածությունը, Հարությունյանը պատասխանեց՝ սկիզբ է առել այն ժամանակ, երբ Անդրեասյանը դեռ Արդարադատության նախարար էր եւ շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, որով անձի վիճակը վատթարացնող օրենքին առաջարկվում էր հետադարձ ուժ տալ․ «Նախագիծը ուղարկեցին մեզ, մի շարք դատավորներ դրա վերաբերյալ կարծիք հայտնեցին, դրան չարձագանքեցին, հրապարակեցինք, վերջում կանգնեց, ասաց, թե դատավորներն իրեն ճնշում են, մեղադրեց քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նշեց, որ դիմել է Վենետիկի հանձնաժողով, այնտեղից ստացվեց ավելի խիստ քնադատական կարծիք, որի հետ ինքը հաշվի չնստեց՝ նշելով, որ Հանձնաժողովը չի արգելել այդպիսի փոփոխություն կատարել, մինչդեռ Հանձնաժողովը նշել էր, որ նման փոփոխությամբ պետությունը կանգնեցնելու են մարտահրավերների առջեւ»,- ասաց Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ Անդրեասյանը, փաստորեն, մարտահրավերի առաջ կանգնելուց չի խորշում, չի վախենում կամ ընդհանրապես դրա մասին չի մտածում։ Նշենք՝ խոսքն օրենսդրական այն փոփոխության մասին է, որը հնարավորություն է ընձեռում ՄԻԵԴ վճռի հիման վրա դատավորներին պատասխանատվության ենթարկել։ Անդրադառնալով իր երեկ ներկայացրած միջնորդությանը, որով Հարությունյանը խնդրել էր վերսկսել իր վերաբերյալ վարույթի քննությունը՝ դատավորն ասաց՝  դա ԲԴԽ–ին տրված վերջին փորձն էր, որը, սակայն, մնաց անարձագանք։ Հիշեցնենք՝ դատական վերջին նիստի արձանագրություններն ու նյութերը վերանայելուց ու ուսումնասիրելուց հետո Հարությունյանը պարզել էր, որ փաստաբանների վերադարձի պահին նիստն իրականում ավարտված չի եղել, իսկ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին եւ մուտք գործել շենք (տվյալ նիստը փաստաբանների՝ նախապես հայտարարված գործադուլի օրն էր, ինչով պայմանավորված՝ փաստաբաններն ի սկզբանե դրան չէին մասնակցում)։ Այդ վարքագծով, ըստ Հարությունյանի, ԲԴԽ նախագահը ցույց է տվել, որ չի հարգում ԲԴԽ մյուս անդամներին․ «Ընդ որում, Անդրեասյանը միակ մարդը չի եղել, որ այդ մասին իմացել է, սղագրություններից երեւում է, հետագայում փորձաքննության եզրակացությունն էլ կտա պատասխանը, թե ով էր երկրորդ մարդը, որ եւս այդ խոսակցության ընթացքում հստակ գիտեր, որ փաստաբանները ժամանել են եւ ցանկանում են բարձրանալ վերեւ»։ Դատավորի խոսքով՝ քննարկում են կատարվածի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը։ Քրեական դատավարության ոլորտում աշխատանքային 20 եւ որպես դատավոր 12 տարվա փորձառություն ունեցող Հարությունյանը հիշեցրեց՝ իր վերաբերյալ երբեւէ վարույթ չէր նախաձեռնվել, խրախուսանքներից բացի անգամ բանավոր նկատողության չի արժանացել։ Մեր հարցին, թե որն է իր խորհուրդը իրավաքաղաքական այս իրավիճակում սկսնակ դատավորներին՝ Հարությունյանը պատասխանեց․ «Պետք է առաջնորդվեն Սահմանադրությամբ, օրենքով եւ իրենց սեփական խղճով ու մինչեւ վերջին հնարավորությունն այդպես վարվեն, որպեսզի չամաչեն սերունդերի մոտ երեւալ»։   Միլենա Խաչիկյան
22:20 - 03 հուլիսի, 2023
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը․ Սաթիկ Սեյրանյան

Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը․ Սաթիկ Սեյրանյան

Այսօր նախապես հայտարարված դռնբաց նիստերը լուսաբանելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գնացած լրագրողները չեն կարողացել կատարել իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները: Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ, ուր պետք է հրապարակվեին մի շարք դատավորների նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ «Կենդանի պատ կազմած կարգադրիչները, երբեմն լրագրողների վրա իրենց ձայնը բարձրացնելով, արգելել են վերջիններիս բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղերը լրացած են, և նստելու տեղ չկա: Թեպետ նիստերի դահլիճում տեղերն ըստ էության լրացված են եղել Դատական դեպարտամենտի աշխատակիցներով ու Կարեն Անդրեասյանի և նրա թիմի մտերիմներով, քանի որ 11:00-ին նշանակված առաջին նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ ԲԴԽ գնացած որևէ լրագրող կուտակում չի տեսել ԲԴԽ շենքի մուտքի մոտ, այնուամենայնիվ, լրագրողները համաձայն էին բարձրանալ նիստերի դահլիճ ու կանգնած լուսաբանել նիստը, սակայն Դատական դեպարտամենտն անդրդվելի էր: Եվ սա այն դեպքում, երբ լրագրողն ընդամենը հանդիսատես չէր, ու Դեպարտամենտը պարտավոր էր ապահովել աշխատելու համար ԲԴԽ եկած լրագրողների անխոչընդոտ մուտքը նիստերի դահլիճ:  Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը: Առաջիկայում պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առերևույթ փաստի առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ։ 
22:04 - 03 հուլիսի, 2023
ՄԻՊ-ում իրականացվում է ԲԴԽ նիստի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում

ՄԻՊ-ում իրականացվում է ԲԴԽ նիստի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում են Բարձրագույն դատական խորհրդի սույն թվականի հուլիսի 3-ի նիստի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում և ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։ «Մասնավորապես, խնդրի առնչությամբ իրականացվում է միջազգային չափանիշների ու ներպետական օրենսդրական կարգավորումների համակողմանի ուսումնասիրություն՝ լրագրողների գործունեության անխոչընդոտ իրականացման ու պետական մարմինների հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև պետական մարմինների բնականոն գործունեության երաշխավորման իրավական պահանջների հաշվառմամբ: Ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն դրանք ամփոփելուց հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:05 - 03 հուլիսի, 2023
ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները

ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ընթերցեց որոշումը՝ հայտնելով, որ Արդարադատության նախարարության միջնորդությունը բավարարվել է։ Թեեւ որոշման հրապարակումը դռնբաց էր, դատական կարգադրիչները թույլ չտվեցին ԶԼՄ ներկայացուցիչներին բարձրանալ նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է։ Սակայն առավոտից դատարանի բակում գտնվող լրագրողները որևէ բազմություն չէին նկատել։ Ընդհակառակը, նիստին ներկա գտնվել ցանկացող քաղաքացիները, որոնց թվում, ի դեպ, մի շարք փաստաբաններ եւ դատավորներ էին, որ եկել էին՝ Դավիթ Հարությունյանին աջակցություն հայտնելու, մնացին փակ դռներից այս կողմ։ Հաշվի առնելով, որ խոչընդոտվեց նաեւ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը՝ մենք փորձեցինք կապ հաստատել ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։ Դատական դեպարտամենտից եւս որեւէ մեկը չեկավ եւ լրագրողերին պարզաբանում չտվեց։ Արդյունքում դռնբաց նիստին մասնակցելու նպատակով հավաքված քաղաքացիները որոշման հրապարակմանը հետեւեցին մեկ այլ աշխատասենյակից՝ էկրանների միջոցով։  Նշենք, որ ԲԴԽ 9-հոգանոց կազմից միջնորդության քննությանը մասնակցել են 6 անդամներ՝ դատավորներ Արթուր Աթաբեկյանը եւ Քրիստինե Մկոյանը (որը Կարեն Անդրեասյանի սանիկն է), ինչպես նաեւ գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցը (Անդրեասյանի ՄԻՊ եւ Արդարադատության նախարար եղած ժամանակ նրա տեղակալն է եղել), Հայկ Գրիգորյանը (Քննչական կոմիտեի նախկին նախագահն է) եւ Վիգեն Քոչարյանը: Արդեն նախկին դատավոր անդամ Մեսրոպ Մակյանը միջնորդության քննության մեկնարկից օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել, դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկ էր հայտնել` նշելով, որ Հարությունյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, դատավոր անդամ Արշակ Վարդանյանին Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն էին բացարկի միջնորդություն ներկայացրել՝ պատճառաբանությամբ, որ նա ընկերական հարաբերություններ ունի Դավիթ Հարությունյանի հետ, ինչը բավարարվել էր, իսկ գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է) երկրորդ նիստից սկսած գտնվել է գործուղման մեջ։ Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ համարելով, որ Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։  Մասնավորապես, ըստ Նախարարության, Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ եւ 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաեւ զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը եւ անաչառությունը։ Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել այս տարվա ապրիլի 7-ին դատավոր Դավիթ Հարությունյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում նա անդրադարձել է ԲԴԽ գործունեությանը՝ ի թիվս այլնի, քննադատության ենթարկելով օրենսդրական փոփոխությունների արդյունքում շուրջ 20 դատավորի լիազորություն դադարեցնելու փաստը։ Նա նաեւ սահմանադրական կոլեգիալ մարմնին ոչ հարիր էր որակել ԲԴԽ՝ այդ ժամանակվա անդամ Մեսրոպ Մակյանի այն հայտարարությունը, թե ԲԴԽ-ում առկա է բացարձակ կոնսենսուս, ինչպես նաեւ արդար ընտրություն կատարելու հնարավորության խաթարում էր համարել այն, որ Դատական դեպարտամենտը ԲԴԽ նոր անդամի թեկնածության դիմում ներկայացնելու համար չի ծանուցել Առաջին ատյանի բոլոր դատարանների դատավորներին, ինչը, նրա խոսքով, պարտավոր էր անել։ ԲԴԽ–ում նիստերի առաջին իսկ օրվանից Դավիթ Հարությունյանը բարձրաձայնել է իր նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի եւ Խորհրդի կողմից առերեւույթ խախտումների մասին։  Մասնավորապես, նախ հայտնի դարձավ, որ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Խորհուրդը նիստը վերսկսել է առանց Դավիթ Հարությունյանի մասնակցության եւ հրապարակել վարույթը դռնփակ անցկացնելու մասին որոշումը, ապա չի անդրադարձել նրա՝ ընդմիջում հայտարարելու եւ հաղորդում ներկայացնելու հնարավորություն տալու միջնորդությանը, որից հետո սահմանափակել է իր ցանկացած թվով փաստաբաններ ունենալու իրավունքը, ինչպես նաեւ Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու ժամանակը։ ՀՀ–ում փաստաբանների նախապես հայտարարած գործադուլի օրը նիստ նշանակելով՝ ԲԴԽ–ն շարունակել էր միջնորդության քննությունը միայն դատավորի մասնակցությամբ, որի ընթացքում նաեւ սանցկիա էր կիրառել վերջինիս նկատմամբ՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից։ Փաստացի, միայն Արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակելով նիստը՝ ԲԴԽ–ն ավարտել էր միջնորդության քննությունը՝ հեռանալով խորհրդակցական սենյակ։ Այդ ընթացքում, թեեւ փաստաբանները շտապել էին ԲԴԽ՝ ցանկություն հայտնելով մասնակցել նիստին, նրանց տեղեկացրել էին, որ այն արդեն ավարտվել է։ Factor.am-ը, սակայն, երեկ հաղորդեց, որ Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ անդամներին՝ բացառությամբ Անդրեասյանի, քանի որ դատական նիստի արձանագրություններն ու նյութերը վերանայելուց ու ուսումնասիրելուց հետո իրեն պարզ է դարձել, որ փաստաբանների վերադարձի պահին նիստն իրականում ավարտված չի եղել, իսկ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին եւ մուտք գործել շենք։ Կարգապահական վարույթի ընթացքում առերեւույթ խախտումների հիման վրա փաստաբանական խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով։ Հավելենք, որ ըստ helpcourt  համակարգի այս պահի գնահատականի՝ Դավիթ Հարությունյանը ՀՀ–ի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է։ Կարգապահական վարույթի ողջ ընթացքում թե՛ ԲԴԽ-ում, թե՛ սոցիալական հարթակներում նրան սատարել են փաստաբանական համայնքի բազում անդամներ։ Նա դատական համակարգում էր 2011 թվականից։   Միլենա Խաչիկյան
12:24 - 03 հուլիսի, 2023
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին՝ դադարեցնելով նրանց լիազորությունները։ Միաժամանակ ԲԴԽ-ն որոշեց կարճել Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի վերաբերյալ վարույթը` հաշվի առնելով, որ վերջինս նախքան վարույթի ավարտը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վարույթի հիմքում, հիշեցնենք, 14 տարի առաջ կայացված մի վճիռ է: ՄԻԵԴ-ը 4 տարի առաջ՝ 2019-ին, այս գործով արձանագրել է Հայաստանի կողմից դատարանի մատչելության իրավունքի խախտման փաստը:  Մասնավորապես, «Շոլց ԱԳ» ընկերությունը դիմել է ՄԻԵԴ՝ նշելով, որ զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից, քանի որ սովորական դատարանները եւ Արբիտրաժային տրիբունալը հրաժարվել են քննել իր հայցերը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է դիմումատուի իրավունքների խախտումը՝ նշելով, որ դիմումատու ընկերությունը փորձել է իր հայցը ներկայացնել երեք տարբեր դատարաններ կամ տրիբունալներ, եւ դրանցից ոչ մեկը գործը չի ընդունել քննության, եւ դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ի դեմ ներկայացված իր քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ զրկվել է ցանկացած դատարանի կամ տրիբունալի մատչելիությունից։  Ընդ որում, ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դիմումատու ընկերության հայցը ընդատյա է եղել քաղաքացիական դատարանին։   Միլենա Խաչիկյան
11:32 - 03 հուլիսի, 2023
Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին
 |factor.am|

Դավիթ Հարությունյանն իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը վաղը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, պետք է հրապարակի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական գործի վերաբերյալ որոշումը, սակայն դատավորը գործի քննությունը վերսկսկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն Դատական Խորհրդին, որի պատճեներն ուղարկել է գործի քննությանը մասնակցող բոլոր անդամներին՝ բացի Կարեն Անդրեասյանից: Գործի դատական նիստերի արձանագրությունն ու նյութերը վերանայելուց,  ուսումնասիրելուց հետո, ըստ դատավորի,  ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Հարությունյանի վերաբերյալ գործի քննության ընթացքում խորհուրդը որոշել է դատավորին  հեռացնել ԲԴԽ նիստերի դահլիճից, փաստաբանները, որոնք այդ օրը գործադուլ էին անում ու չէին ներկայացել նիստին, դատավորին նիստերի դահլիճից հեռացնելուց անմիջապես հետո դատական կարգադիչներին տեղյակ են պահել, որ ցանկանում էր ներկայանալ նիստին, սակայն դրանից րոպեներ անց կարգադրիչները հայտնել են, որ նիստն ավարտված է: Factor.am-ին հասանելի է դարձել դատավորի միջնորդության բովանդակությունը ԲԴԽ-ին:  Դրանում դատավորը նշել է, որ իր՝ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնց մասին խորհուրդը, խորհրդի անդամները, կարող էին տեղեկացված չլինել: Ստորև ներկայացնում ենք միջնորդության բովանդակությունը, որում, ըստ դատավորի, բառացիորեն մեջբերված է, թե դահլիճում ներկաներից ով ինչ է խոսել, ինչ քննարկումներ են եղել: Մասնավորապես՝ Հարությունյանը, միջնորդության մեջ նշել է. «Կարեն Անդրեասյանը, դատական նիստում խորհրդին, գործի քննությամբ զբաղվող, հարցուպատասխանի մեջ գտնվող անդամներին տեղյակ չի պահել, չի արձանագրել, որ դատավորի հեռանալուց հետո դատական նիստին մասնակցելու ցանկություն են հայտնել ԲԴԽ ժամանած փաստաբաններ Երեմ Սարգսյանը և Միքայել Շխիմյանը, որոնց Կարեն Անդրեասյանի հրահանգով չեն թողել մուտք գործել շենք՝ դատական նիստերի դահլիճ: Նշվածն ավելի վաղ, առնվազն,  հիմնավորվել էր ներկա գտնվող լրատվամիջոցների տեսաձայնագրություններով և զուգահեռ ընթացող դատական նիստի ձայնագրության կրիչի իրական ժամանակների պարզ համադրության արդյունքում: Սակայն, դատական նիստի պաշտոնական ձայնագրության (այս պահին նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ)  վերարտադրումից առավել հստակեցվում է, որ հնարավոր չէ մեղքը զուտ բարդել հրամաններ կատարող կարգադրիչների վրա և աներկբայորեն ապացուցվում է, որ Կարեն Անդրեասյանը դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն հրամայել է վարույթին ներգրավված փաստաբաններին արգելել մասնակցել դատական նիստին, մուտք գործել շենք, իսկ դատական նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավ է հայտնել դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն շնորհելով դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու  հնարավորություն:Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ factor.am-ում։
20:15 - 02 հուլիսի, 2023