Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Ինչու է փոխվել ANIF-ի ղեկավար կազմը․ Քերոբյանի պատասխանը
 |civilnet.am|

Ինչու է փոխվել ANIF-ի ղեկավար կազմը․ Քերոբյանի պատասխանը |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ղեկավար կազմի փոփոխությունները պայմանավորված են Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) կողմից իրականացրած ստուգումներով: Հունվարի 8-ի ասուլիսում՝ պատասխանելով Սիվիլնեթի հարցին, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 1,5 ամիս առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը կառավարող Վահան Քերոբյանը ANIF-ի տնօրենների խորհրդից հեռացրել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ու նրա աշխատակազմի նախկին անդամներ Սոնա Թևանյանին և Անետա Բաբայանին։ Իսկ հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Վերջինիս այդ պաշտոնում փոխարինել է Տիգրան Ղազարյանը, նա ֆոնդի աշխատակիցներից էր։ Ղազարյանը գործարար է, ունի զբոսաշրջային ընկերություններ։ Անցած տարվա մայիսին Սիվիլնեթը էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամը խնդիրներ է արձանագրել ANIF-ում՝ կապված հաշվետվողականության, թափանցիկության, կորպորատիվ կառավարման հետ։ Հիմնադրամը նաև հայտնել էր, որ ANIF-ն ունի ըստ էության չորոշակիացված անսահմանափակ մանդատ, հստակ չափանիշներ չկան, թե որտեղ կարող է ներդրումներ իրականացնել ֆոնդը, որտեղ չի կարող կատարել ներդրումներ։ ANIF-ում 2023-ին ուսումնասիրություններ է անցկացրել նաև Պետական վերահսկողական ծառայությունը։ Դրա արդյունքների մասին տվյալներ սակայն դեռ չկան։ Վահան Քերոբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է հայտնաբերվել ֆոնդում ՊՎԾ-ի ստուգումներով․ «Ես չեմ ուզում հիմա կոնկրետ գնահատականներ տալ, խոստանում եմ մի փոքր անց այդ կոնկրետ գնահատականները կտամ, որովհետև հիմա չունենք ամբողջական տեղեկատվություն, այդ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունն էլ հուսամ կբարձրանա»,- ասաց նա։ Վահան Քերոբյանը անցած ամիս չէր հաստատել նաև ANIF-ի 2022-ի տարեկան հաշվետվությունը։ Ըստ նրա՝ հաշվետվությունը չէր արտացոլում ֆոնդի իրական ֆինանսական դրությունը. «Մենք այնուամենայնիվ համարել ենք, որ աուդիտի արդյունքները ճշգրիտ չեն արտացոլել ընկերության իրական վիճակը ու դիտողություններ ենք ուղարկել ANIF-ի մենեջմենթին։ Դրանից հետո կոլեգիալ որոշում է կայացվել, որ պիտի փոփոխություններ լինեն ANIF-ի մենեջմենթում»,- նշեց Քերոբյանը։ Նրա խոսքով՝ ֆոնդի մանդատի փոփոխություն էլ է եղել, ֆոնդն իր ջանքերը պետք է կենտրոնացնի տնտեսապես բարդ ապրանքների արտադրության ու արտահանման ուղղություններում։ Նախկինում պետական ֆոնդի կողմից իրականացրած ներդրումներին, սակայն, ոչինչ չի սպառնում, այն մնալու է ANIF-ի պորտֆելում։ «Մեր նպատակն այն է, որ ANIF-ը լինի բյուրեղյա մաքրության ու թափանցիկության ընկերություն»,- ասաց Վահան Քերոբյանը։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը 2021-ից մինչև 2022-ի վերջը կառավարում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությանը պատկանող բաժնետոմսերը։ Ֆոնդը համասեփականատեր է նաև «Ֆլայ Արնա» ավիաընկերությունում, համատեղ արևային էլեկտրակայան կառուցելու ծրագիր է իրականացնում «Մասդար» ընկերության հետ։ ANIF-ը համատեղ ծրագիր է իրականացրել նաև հայտնի գործարար Դավիթ Երեմյանի հետ՝ 500 000 դոլարի չափով ներդրում կատարելով բարձրորակ անասնակեր աճեցնելու և գյուղտեխնիկա ձեռք բերելու ուղղություններով։ Երեք տարվա ընթացքում ֆոնդի հետ համատեղ կատարվել է 214 միլիոն դոլարի ներդրում։  
17:41 - 09 հունվարի, 2024
ՀՀ-ում անասնաբուծությունը նվազել է 4 տոկոսով. պաշտոնյան ամփոփել է գյուղատնտեսության ոլորտում տարվա արդյունքները
 |news.am|

ՀՀ-ում անասնաբուծությունը նվազել է 4 տոկոսով. պաշտոնյան ամփոփել է գյուղատնտեսության ոլորտում տարվա արդյունքները |news.am|

news.am: 2023 թվականի 9 ամիսների տվյալներով՝ գյուղատնտեսության աճը կազմել է 1,7 տոկոս։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Նա պարզաբանեց, որ աճը տեղի է ունեցել բուսաբուծության ոլորտում (աճը կազմել է 5,9%), իսկ անասնաբուծության ոլորտում գրանցվել է 4% անկում։ Հայաստանում արտադրված գյուղմթերքի ընդհանուր ծավալը կազմել է 619 մլրդ դրամ, ասաց պաշտոնյան։ «2023 թվականին ֆերմերները ապահովագրական ծրագրով ստացել են 2,6 մլրդ դրամի փոխհատուցում։ 2022 թվականին աշնանացան ցորենով ցանքատարածություններն ավելացել են 15 հազար հեկտարով։ Համապատասխան ծրագրի շրջանակներում պետության կողմից փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 4,6 մլրդ դրամ։ Շուրջ 23 հազար գյուղացիական տնտեսություններ դարձել են շահառու. Լիզինգի ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 435 միավոր գյուղտեխնիկա։ 2023 թվականին մթերվել է 160 հազար տոննա խաղող և 86 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։ Միջազգային գործընկերների հետ 4-5 տարվա ընթացքում իրականացվող ծրագրի բյուջեն 100 մլն դոլար է»,- ընդգծեց Խոջոյանը։
17:44 - 08 հունվարի, 2024
2023-ի տնտեսական աճը կլինի 8,3-8,5 տոկոսի միջակայքում. Քերոբյան
 |civilnet.am|

2023-ի տնտեսական աճը կլինի 8,3-8,5 տոկոսի միջակայքում. Քերոբյան |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content"> 2023-ի համար Հայաստանում տնտեսական աճը կլինի 8,3-8,5 տոկոսի միջակայքում։ Այդ մասին հունվարի 8-ին՝ 2023-ի ամփոփիչ ասուլիսին, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Մենք ենթադրում ենք, որ տնտեսական աճը 2023 թվականին 8,3-8,5 տոկոսի միջակայքում կլինի»,- ասաց նա։ Քերոբյանի խոսքով՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պլանավորվում է, որ 2023-ի համար կկազմի 8 280 դոլար: Նա հիշեցրեց, որ 2017-ին Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 196 երկրի մեջ եղել է 122-րդը, 2020-ին՝ 112-րդը և 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 86-րդը: Նախարարը տեղեկացրեց, որ 2023-ի վերջի դրությամբ ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 743 հազար, իսկ միջին աշխատավարձը հասել է 260 հազար դրամի։ 2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշներով գործազրկությունը կազմել է 11,7 տոկոս՝ 2020-ի վերջի 18,2 տոկոսի համեմատ։ Քերոբյանը նաև ակնկալում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի դրությամբ աղքատության մակարդակի էական կրճատում կարձանագրվի․ «2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում մեր միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի: Բայց մեր կառավարության առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն չթողեցինք, որ աղքատության մակարդակը աճի, այլ նաև ապահովեցինք մի փոքր կրճատում: Այսինքն՝ աղքատությունը 26.5 տոկոսից կրճատվեց մինչև 24.8 տոկոս: 2023 թվականի համար, սակայն, մենք ունենք կրկին բարձր տնտեսական աճ, սակայն ցածր գնաճ, ինչը մեզ թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023 թվականին դրությամբ»,- ասաց նա:  
17:02 - 08 հունվարի, 2024
ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի փոփոխություններ

ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի փոփոխություններ

ԱՆԻՖ-ը տեղեկացնում է, որ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի, այդ թվում՝ տնօրենների խորհրդի փոփոխություններ։ «Ինչպես հայտնի է, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենը, որը ԱՆԻՖ- ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահ։ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ` նրան տնօրենների խորհրդի պաշտոնում փոխարինել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Անի Իսպիրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ․ սեպտեմբերից։ Դրանից առաջ 2020-2021 թթ․ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում։  ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։  Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկից հետո խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհդրի մեկ այլ երկարամյա անդամ Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է, Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու է: Պարոն Լուչիոլան նույնպես ստեղծման օրվանից եղել է ԱՆԻՖ- ի տնօրենների խորհրդի անդամ, աջակցել է Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրերի իրականացմանը։ Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուի և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը։ 2019-ից ի վեր ԱՆԻՖ-ը տնօրենների խորհրդի և ղեկավար կառույցի հիմա արդեն նախկին կազմով իրականացրել է մի շարք ռազմավարական ծրագրեր, այդ թվում` այս պահին Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագիրը՝ ԱՄԷ Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» -ը, և էյր Արաբիայի հետ համատեղ՝ Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը։  Մինչ օրս ԱՆԻՖ- ի իրականացրած ծրագրերի համառոտ նկարագրությունը՝ թվերով. Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներգրավում՝ ընդհանուր առմամբ 84,6 մլրդ դրամ ծավալով (09.11.2023 փոխարժեքով) կամ 210 մլն ԱՄՆ դոլար որից ` Ֆլայ Արնա` 10 մլն ԱՄՆ դոլար, ԱՅԳ-1` 200 մլն ԱՄՆ դոլար,  Ներքին շուկայում ներդրումներ (ՆՇՆ) «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ծրագրի միջոցով 2021-2023 թթ.՝ 7,8 մլրդ դրամ` ԱՆԻՖ-ի կողմից ուղղակիորեն ներդրված գումար, 900 մլն դրամ` մասնավոր գործընկերների կողմից համաներդրված գումար, 1,931 մլրդ դրամ՝ առևտրային բանկերից ներգրավված գումար: Վճարված հարկեր 2021-2022 թթ.՝ 837 մլն դրամ: Վճարված հարկեր 2023թ. 9 ամիսներին՝ 3,3 մլրդ դրամ, Վճարվելիք հարկեր 2023-2024 թթ.՝ 8,9 մլրդ դրամ (ներառյալ 2023թ. 9 ամիսներին փաստացի վճարված հարկերը), Ստեղծված աշխատատեղեր՝ 800-ից ավելի, Միջին աշխատավարձ՝ ԱՆԻՖ-ի ստեղծած ծրագրերում 2023թ. դրությամբ՝ 558 հազ դրամ, երբ ՀՀ միջին աշխատավարձն է՝ 263 հազ. դրամ: Ներդրումների ներգրավման համակարգային լուծում՝ ARFI (Armenia Financed) աշխարհում առաջին առցանց պետական քրաուդինվեսթինգի հարթակի ստեղծում, որը համակարգային ձևով լուծում է սփյուռքից հայրենիք նեդրումների կայուն հոսք ապահովելու խնդիրը: 1,76 մլրդ դրամ (մոտ 4,5 մլն դոլար) զուտ հաշվապահական շահույթ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ։ ԱՆԻՖ-ի հեռացող տնօրեն Դավիթ Փափազյանն ասել է. «Ինձ համար պատիվ էր ղեկավարել Հայաստանի նորաստեղծ ինքնիշխան ֆոնդը հիմնադրման օրվանից՝ 2019-ից ի վեր։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացել են մեր առաքելությանը, մեր տեղական և միջազգային գործընկերներին, բոլոր նրանց, ումից այս շփումների ընթացքում շատ բան եմ սովորել և այդ գիտելիքը ինձ հետ տանելու եմ իմ հաջորդ աշխտանքային փուլ։ Էկոնոմիկայի նախարարությանը մաղթում եմ հաջողություն՝ իրենց հանձնված ժառանգության վրա ավելին կառուցելու գործում»,- ասված է հաղորդագրությունում:  
19:44 - 07 հունվարի, 2024
Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության․ էկոնոմիկայի նախարար

Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության․ էկոնոմիկայի նախարար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: Անցած տարին լի էր կորուստներով և ձեռքբերումներով, որոնցից յուրաքանչյուրը մեր սեփական աշխատանքի կամ դրա բացակայության արգասիքն էր։ Պարզ է՝ մեր պետության և մեր ու մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է և մեր կամքի, հայրենիքին նվիրվածության, առաջադիմության և բարձր արտադրողական աշխատասիրության արդյունքն է լինելու։ 2023 թվականի արդյունքում Հայաստանի մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն կհասնի մոտ 8280 ԱՄՆ դոլարի, Հայաստանին դասելով 196 երկրների մեջ 86-րդ տեղում (2017-ին եղել ենք 122-րդ տեղում, իսկ 2020-ին՝ 112-րդ)։ Միաժամանակ, աշխատանքի արտադրողականությունն հասել է 9.8 դոլարի (մեկ մարդու մեկ ժամվա արտադրած ՀՆԱ)։ Այնուամենայնիվ, թե մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, թե աշխատանքի արտադրողականությամբ մենք ավելի քան 10 անգամ զիջում ենք աշխարհի ամենազարգացած երկրներին։ Աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ է միայն հնարավոր հասնել համընդհանուր բարեկեցության։ Դա պետք է անել ակտիվ համագործակցության ու փոխադարձ վստահության, նորագույն տեխնոլոգիաների, շարունակական նորարարության և անընդհատ կրթության, ինչպես նաև բիզնեսում գիտության դերի էական բարձրացման շնորհիվ։ Մաղթում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը իր խելացի աշխատասիրությամբ հեծնի հաջողության ալիքը՝ նպաստելով մեր պետության ամրապնդմանն ու մեր ժողովրդի բարեկեցությանն ու երջանկությանը»,-ասվում է շնորհավորական ուղերձում:
16:43 - 01 հունվարի, 2024
Արդյունաբերության աճի զրոյական ցուցանիշները պայմանավորված են երկու պատճառով. էկոնոմիկայի նախարար |news.am|

Արդյունաբերության աճի զրոյական ցուցանիշները պայմանավորված են երկու պատճառով. էկոնոմիկայի նախարար |news.am|

news.am: Արդյունաբերության ոլորտի ցուցանիշներն անհանգստացնող են։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հավաստիացրել է, որ այդ խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Նախարարը նշել է, որ Կենտրոնական բանկի զսպող քաղաքականությունը՝ գնաճի դեմ արդյունավետ պայքարի նպատակով, հանգեցրել է այն բանին, որ հայկական դրամի ռեվալվացիայի ֆոնին արտահանողների դրությունը վատացել է։ «Դա հանգեցրել է այն բանին, որ տնտեսության արագ աճի ֆոնին արդյունաբերական սեկտորը չի աճում, ցուցանիշները գրեթե զրոյական են»,- ավելացրել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ աճի բացակայության մյուս պատճառը տնտեսության արդիականացման գործընթացն է։ «Ընկերություններին ժամանակ է պետք, որպեսզի նրանք սկսեն զգալ իրենց ձեռնարկությունների վերազինման արդյունքները»,- ընդգծել է Քերոբյանը։
12:57 - 20 դեկտեմբերի, 2023
Մենք կբացառենք Հայաստանում այն մեքենաների երկարատեւ վարումը, որոնք ԵԱՏՄ երկրների համարանիշներով չեն. նախարար |news.am|

Մենք կբացառենք Հայաստանում այն մեքենաների երկարատեւ վարումը, որոնք ԵԱՏՄ երկրների համարանիշներով չեն. նախարար |news.am|

news.am: Ժամանակավոր ներկրված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձեւակերպման աջակցման ծրագրի ավարտից հետո կներդրվեն նոր նորմեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 20-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշել է, որ այդ նորմերը պետք է բացառեն Հայաստանում այն մեքենաների երկարատեւ վարումը, որոնք այն երկրների համարանիշներով են, որոնք ԵԱՏՄ անդամ չեն։ «Եթե կա օրենք, այն պետք է պահպանվի»,- նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիները, որոնք Հայաստան են ներմուծել ավտոմեքենա ժամանակավոր օգտագործման համար, կարող են մինչեւ 2023թ. դեկտեմբերի 30-ը մաքսային ձեւակերպում կատարել 40 տոկոս զեղչով՝ մինչեւ 5 տարեկան մեքենաների համար։ Այդ արժեքը կփոխհատուցի Հայաստանի կառավարությունը։ 5 տարեկանից բարձր մեքենաների համար զեղչը կկազմի 70 տոկոս։ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի վերջին տվյալներով՝ ձեւակերպում ստացել են 1 700 ժամանակավոր ներմուծված մեքենաներ։
11:53 - 20 դեկտեմբերի, 2023
Ադամանդի արտահանումը կտրուկ մեծացել է մեր լավ աշխատանքի արդյունքում. Քերոբյան
 |news.am|

Ադամանդի արտահանումը կտրուկ մեծացել է մեր լավ աշխատանքի արդյունքում. Քերոբյան |news.am|

news.am: Ադամանդի արտահանումը կտրուկ մեծացել է մեր լավ աշխատանքի արդյունքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Անդրադառնալով Վերին Լարսում առաջացած խնդիրներին, ինչպես նաեւ դրանց լուծմանը, նախարարն ասաց, որ օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրներն առայժմ լուծված են․ «Այս պահին եղանակային խնդիր կա, բայց դրանք, հաշվի առնելով այն, որ էապես ընդլայնվել է թողունակությունը, դրանք կարճաժամկետ խնդիրներ են, առանձնապես ազդեցություն չեն ունենա մեր առեւտրային ռեժիմի վրա»։ Հարցին՝ արդյո՞ք ապրանքների արտահանման ստանդարնտների հետ կապված խնդիրները լուծվել են, Քերոբյանն ասաց․ «Չեմ կարող ասել, որ ամբողջությամբ այդ խնդիրները հասցեավորված են, եւ Հայաստանի արտադրանքը մի գիշերվա մեջ դարձել է աշխարհի ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, բայց ինքներս էապես խստացրել ենք մեր արտահանման նկատմամբ վերահսկողությունը, այսինքն՝ սահմանային հսկողությունը արտահանվող գյուղմթերքի նկատմամբ, որը նախկինում պարտադիր չէր։ Այս տարի մենք ամբողջությամբ ռեֆորմի ենք ենթարկել որակի ենթակառուցվածքների հետ կապված ամբողջ օրենսդրական փաթեթը, որը մենք մշակել ենք եվրոպացի գործընկերների հետ։ Նպատակն այն է, որ Հայաստանի որակի ենթակառուցվածքը համահունչ լինի եվրոպական 765 դիրեկտիվին, նաեւ ԵՏՄ համապատասխան կարգավորումներին»։ Ճշտող հարցին՝ այժմ հայկական այդ ապրանքները արտահանվո՞ւմ են Ռուսաստան, Քերոբյանը պատասխանեց․ «Այդ գյուղմթերքն ամեն օր արտադրվում է, փոխվել են նաեւ ներսում աշխատելաոճը, նաեւ աշխատանքային պրոցեսները, որպեսզի ավելի բարձր ստանդարտի ապրանքներ արտահանեն»։ Քերոբյանի խոսքով՝ 2023 թվականին Վերին Լարսը բաց է եղել ավելի շատ օրեր, քան երբեւիցե․ «Առաջ եղանակային կամ այլ խնդիրներով տարեկան 30-40 օր Վերին Լարսը փակ է եղել, իսկ այս տարի ընդամենը 1 շաբաթ, գումարած 1-2 օր էլ եղանակային պայմաններով»։ Հարցին՝ Լարսի՝ փակվելը արդյո՞ք իր մեջ քաղաքական ենթատեքստ ուներ, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ասել, որ կա քաղաքական ենթատեքստ։ Ինձ համար կարեւոր է, որպեսզի հայկական ապրանքը լինի այնքան լավը, որ ունենա հասանելիություն բազմաթիվ շուկաների, եւ մենք որեւէ կախվածություն չունենանք որեւէ երկրի շուկայից»։ Նախարարն ասաց, որ ԵՏՄ-ի հետ առեւտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 41 տոկոսով, ինչը, ըստ Քերոբյանի, բարձր ցուցանիշ է․ «Մոտավորապես 5,7 մլրդ դոլարի է հասել, որը էական բարձր թիվ է»։ Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է մասնակցի ԵՏՄ միջկառավարական նիստին, նախարարն ասաց, որ հայկական կողմը պետք է բոլոր երկրների հետ ձեւավորի գործնական, իր շահերից բխող քաղաքականություն․ «Այդ տեսանկյունից, բնականաբար, հարաբերությունները գլխավոր առեւտրային գործընկերների հետ պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա»։
17:10 - 18 դեկտեմբերի, 2023
Ներդրումային ծրագրերը՝ ԵԱՏՄ երկրների միասնական հարթակում. ԱԺ-ում քննարկվում է նոր հայեցակարգ
 |armenpress.am|

Ներդրումային ծրագրերը՝ ԵԱՏՄ երկրների միասնական հարթակում. ԱԺ-ում քննարկվում է նոր հայեցակարգ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «ԵԱՏՄ շրջանակներում գործարար միջավայրում համագործակցության ապահովման «Հնարավորությունների պատուհան» նոր հայեցակարգի ներդրման հարցը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը  նշեց, որ ենթադրում է միության անդամ երկրների Էկոնոմիկայի նախարարությունների կողմից այդ երկրներում անհրաժեշտ ներդրումային ծրագրերի հավաքագրում և մեկ միասնական հարթակում ներկայացում: Միասնական հարթակը կարող է լինել ինչպես էլեկտրոնային ձևաչափով, այնպես էլ ֆիզիկական կառույցի տեսքով: «Հավաքագրվելու են ներդրումային ծրագրեր՝ հագեցած գործարար ծրագրին բնորոշ տվյալներով, երկարաժամկետ ֆինանսատնտեսական հաշվարկներով, ներդրումների հետգնման ժամկետներով: Այս ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու դեպքում լիազոր պետական գերատեսչությունների կողմից իրականացվելու է պետական աջակցություն, որի ծավալն ու ձևաչափը կորոշի կառավարությունը»,-ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալը: Ըստ Հակոբյանի՝ գաղափարը նոր է, սակայն հավակնոտ: Այն կարող է Հայաստանին ապահովել հատկապես մշակող արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային նախագծերի իրականացմամբ, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ և տեղական արտադրության կազմակերպմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և տնտեսական աճով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ փաստեց՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճում է: Քերոբյանը նաև հիշեցրեց. «2024 թվականի հունվարի 1-ից գործարկվելու է մշակող արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման աջակցության ծրագիրը: Իմաստն այն է, որ, եթե մի քանի երկրների ներդրողներ կամ ընկերություններ միմյանց հետ համագործակցում են, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծածկելու է այդ ներդրումային ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ծախսերի զգալի մասը»:
14:41 - 18 դեկտեմբերի, 2023
Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ
 |civilnet.am|

Երասխի գործարանը կտեղափոխվի Արարատ գյուղ |civilnet.am|

civilnet.am: Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, կառավարության դեկտեմբերի 14-ի որոշմամբ կտեղափոխվի։ Գործարանը կկառուցվի Արարատի մարզի Արարատ գյուղում։ «ՀՀ կառավարությունից ակնկալվում է գործուն և արագ արձագանք գործարանի կառուցման վայրի տեղափոխման, արդեն իսկ կատարված ներդրումերի փոխհատուցման, բանկային ֆինանսավորման աջակցության և հնարավոր տեղափոխման արդյունքում առաջացող վարչարարության հարցերում: Ըստ այդմ, առանձնացնում ենք հետևյալ խնդիրը՝ 8,9 հեկտար արտադրական հողատարածքի տրամադրում Արարատ խոշորացված համայնքում»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության նախագծում։ Խոսք անգամ չկա, սակայն, որ գործարանը տեղափոխվում է անվտանգային նկատառումներից ելնելով։ Երասխի գործարանը կառուցվում էր շփման գծից 800 մետրի վրա։ Կառուցման առաջին իսկ օրից ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում էր դադարեցնել շինարարական աշխատանքները՝ հիմնավորելով, որ գործարանը բնապահպանական խնդիրներ է առաջացնելու։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր անգամ քննադատել Հայաստանին՝ կոչ անելով «հրաժարվել վտանգավոր պրակտիկայից»։ Հայտարարություններին զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, հունիսի 14-ին կրակոցների հետևանքով վիրավորում էին ստացել կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված՝ Հնդկաստանի երկու քաղաքացիներ։
13:17 - 14 դեկտեմբերի, 2023
Վահան Քերոբյանը Կանադայի դեսպանին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները

Վահան Քերոբյանը Կանադայի դեսպանին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթություններն ու ոլորտի արդիականացման նպատակով կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Այնուհետև քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Կանադայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 77․8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2․4 անգամ։
10:41 - 14 դեկտեմբերի, 2023
11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը Հայաստանի համար բացարձակ ռեկորդ է. Վահան Քերոբյան
 |news.am|

11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը Հայաստանի համար բացարձակ ռեկորդ է. Վահան Քերոբյան |news.am|

news.am: ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացած՝ Զբոսաշրջության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը էական բարեփոխում է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեագրել բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են զբոսաշրջության ոլորտի զարգացման առջև, ինչպես նաև իրացնել այն հնարավորությունները, որոնք տալիս է վերոնշյալ ոլորտը աշխարհում՝ մասնավորապես Հայաստանում: «Ներկայումս Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային բնագավառի զարգացման ճանապարհին առկա են մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել: Դրանց շարքում առաջնային տեղ են զբաղեցնում ծառայությունների որակի բարելավումը, քաղաքացիների սպառողական իրավունքների լիակատար պաշտպանությունը, ոլորտում տվյալների և վիճակագրության բարելավման անհրաժեշտությունը»,- ասաց նախարարը: Նախագծերի փաթեթը նպատակ ունի հասցեագրել հետևյալ հարցերը՝ զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների հստակեցման և վերահսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով զբոսաշրջային ծառայություններ մատուցողների գործունեության որոշ տեսակներ դառնում են ծանուցման ենթակա, սահմանվում են հստակ չափանիշներ և պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար, հստակեցվում են զբոսաշրջային բնագավառում կարգավորման շրջանակը, Կառավարության և պետական լիազորված մարմնի լիազորություններն ու գործառույթները, զբոսաշրջային բնագավառում ներդրվում են զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան և զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրերի կնքում, երաշխիքների, այդ թվում՝ ֆինանսական երաշխիքների տրամադրում և այլն: Որակական չափանիշներն ապահովելու նպատակով ներդրվում են միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ, ներդրվում է զբոսաշրջային ավտոբուսներով ուղևորափոխադրողների որակավորման համակարգ, հստակեցվում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններին ներկայացվող պահանջները և ապահովվում անհրաժեշտ մեխանիզմներ այդ կազմակերպությունների պատշաճ գործունեության համար: Պատասխանելով պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ զբոսավարների ոլորտում կարգավորման շրջանակին առնչվող հարցին՝ Քերոբյանը տեղեկացրեց, որ  ներկայացված նախագծով զբոսավարի գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, և զբոսավարները պետք է որոշակի չափանիշներին համապատասխան ատեստավորումից հետո ստանան, ըստ էության, նաև լիցենզիա, որը ծանուցման ենթակա գործունեություն է: Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց նաև, որ երկու օր առաջ հրապարակվել են ամսվա զբոսաշրջային տվյալները: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը Հայաստանի համար բացարձակ ռեկորդ է»,- ուրախությամբ ասաց էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը նաև հայտնեց, որ ներկայումս Հայաստանը ՀԲ-ի հետ հասցեավորում է Կառավարության միջոցառումների ծրագրով 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման միջոցառումը, և նախատեսվում է կնքել մոտ 150 միլիոն դոլարի պայմանագիր՝ ուղղված վերոնշյալ 20 կլաստերների զարգացմանը և ենթակառուցվածքների մեջ ներդրմանը:
16:18 - 08 դեկտեմբերի, 2023
Զբոսավարները պետք է որակավորվեն. ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել զբոսաշրջային ոլորտը կարգավորող նախագիծ
 |armenpress.am|

Զբոսավարները պետք է որակավորվեն. ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել զբոսաշրջային ոլորտը կարգավորող նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Զբոսաշրջության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը նպատակ ունի կանոնակարգել զբոսաշրջության ոլորտը: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Այս փաթեթն էական ռեֆորմ է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեավորել այն բոլոր մարտահրավերները, որոնք առկա են մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման առջև, նաև իրացնել զբոսաշրջության ոլորտի տված հնարավորությունները»,- ասաց Քերոբյանը: Զբոսաշրջությունը, ըստ նախարարի, տնտեսության գերակա ճյուղ է՝ փոխկապակցված տնտեսության մյուս ճյուղերի հետ: Եվ օրենսդրական փաթեթը նպատակ ունի հասցեավորել մի շարք կարևոր հարցեր: Զբոսաշրջային ծառայություն մատուցողների գործունեության որոշ տեսակներ դառնում են ծանուցման ենթակա: Սահմանվում են հստակ չափանիշներ և պահանջներ՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար: Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրերի կնքում, ֆինանսական երաշխիքների տրամադրում և այլն: «Այսօր գոյություն չունի զբոսավարների ծառայության որակի վերահսկողության համակարգ: Ներկայացված նախագծերի փաթեթով զբոսավարի գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա: Զբոսավարները պետք է որոշակի ստանդարտներին համապատասխան ատեստավորումից հետո ստանան լիցենզիա»,-ասաց նախարարը: Ըստ նախագծի՝ զբոսաշրջային ավտոբուսները, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները, զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային փորձառությունների որակավորումը կամավոր է: Քերոբյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է:
16:03 - 08 դեկտեմբերի, 2023
Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ |aysor.am|

aysor.am: Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից, հանքը մասնակի է աշխատում։ Աշխատողներն ունեն խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, որը փոխանցել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ Առաջիկայում նախարարի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք այդ հարցերը կարգավորել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Մարզպետը նշեց, որ աշխատողներն ասել են, թե իրենց համար ներկա պահին բաց հանքում աշխատանքը, հանքը շահագործելը այդքան էլ օգտակար չէ, և հիմա փակ հանքում են աշխատում․ «Աշխատողների շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիրը լուծել ենք, բայց դեռ բավականին խնդիրներ ունենք»,-ասաց նա։ Խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին մարզում կեցավայրով ապահովելու մասին՝ Սարգսյանը նշել է, որ այդ հարցերը կարգավորել են, սակայն մի շարք անձինք ունենք հոգեկան խնդիրներ, որոնց մասով ևս աշխատանքներ են տարվում։
12:49 - 07 դեկտեմբերի, 2023