Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, որ համապատասխան առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով. վարչապետ

Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, որ համապատասխան առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:  Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերը նշված պետական ծրագրում լրամշակման արդյունքում իրականացված փոփոխություններին, ծրագրի տեսլականին և նպատակներին: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագրի հիմնական խնդիրն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող, մրցունակ կրթություն: Նշվել է, որ ծրագիրը մշակվել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթների ներկայացման համատեքստում կարևորվել է բուհերի կողմից որակյալ կրթության տրամադրումը, վերջիններիս՝ սահմանվելիք հստակ չափորոշիչներին համապատասխանեցումը և բուհական համակարգում առկա խնդիրների հետևողական լուծումը: Անդրադարձ է կատարվել բուհերի լիցենզավորման, հավատարմագրման գործընթացներին, գերատեսչական բուհերի հետագա գործունեությանը, աշխատաշուկայի մասնագիտական պահանջներին համապատասխան որակյալ կադրերի պատրաստմանը, մասնագիտությունների նոր ամբողջական ցանկի մշակմանը վերաբերող մի շարք հարցերի: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Փաշինյանն առանձնակի կարևորել է կրթության որակի բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը և նշել, որ մարդն իր ստացած կրթության արդյունքում պետք է կարողանա հոգալ կարիքները: «Մարդուն պետք է մանկությունից օժտել գիտելիքով, հմտություններով, որպեսզի նա կարողանա սեփական երկրում կառուցել արժանապատիվ կյանք: Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, որ համապատասխան առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով բուհերի զարգացման միջոցառումների հստակ ծրագիր ունենալը, որը թիրախային կլուծի առկա խնդիրներն ու կնպաստի բուհական համակարգի զարգացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է բուհերում հետազոտական բաղադրիչի առկայությունը, գիտության և բարձրագույն կրթության կապի ապահավումը: «Կրթության զարգացումը կապված է մեր երկրի  ապագայի հետ, այն մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,- նշել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների շարունակումը՝ դրանք վերջնական տեսքի բերելու նպատակով:
20:05 - 26 ապրիլի, 2022
Վահրամ Դումանյանը ՌԴ գործընկերոջը հրավիրել է Հայաստան. Երևանում կանցկացվի հայ-ռուսական երիտասարդական ֆորում

Վահրամ Դումանյանը ՌԴ գործընկերոջը հրավիրել է Հայաստան. Երևանում կանցկացվի հայ-ռուսական երիտասարդական ֆորում

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2021 թվականի ապրիլին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայ-ռուսական համալսարանի գործունեության արդիական հարցերը քննարկելու նպատակով: 2022 թվականի փետրվարին Երևանում կայացել է համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայ-ռուսական համալսարանի արդյունավետ գործունեության ու կայուն զարգացման հնարավոր և հիմնարար պայմանները, ինչպես նաև կանոնադրական որոշ հստակեցումները: Նախարարը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ հայկական կողմը մեկնարկել է համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացը, և շահագրգիռ մարմինների առաջարկությունները և դիտողություններն ամփոփելուց հետո նախագիծը կներկայացվի ռուսաստանյան կողմի փոխհամաձայնեցմանը: Առաջարկվել է նաև ընդլայնել միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը, որը կներառի նաև բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում համատեղ միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզու և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը: Նախարար Վալերի Ֆալկովը կարևորել է նախաձեռնությունը և դրան առավելագույնս աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ցուցաբերելով կազմակերպական օժանդակություն և տրամադրելով ուսումնամեթոդական աջակցություն՝ ըստ առարկաների: Ի պատասխան Վ. Դումանյանի նկատառմանն առ այն, որ ՀՀ դպրոցներում դասավանդելու համար անհրաժեշտ է ունենալ մանկավարժի որակավորում, կարևորվել է հատկապես նմանօրինակ համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի մանկավարժական մասնագիտությամբ բուհերում: Ֆալկովը հայտնել է, որ ուրախ կլինի ձևավորել մի շարք բուհերի ռեկտորների աշխատանքային խումբ և առաջարկել է դիտարկել ռեկտորների խմբի հանդիպումը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը՝ ծրագրի իրագործման քայլերը քննարկելու նպատակով: Կարևորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու և ռուսերենով դասավանդելու համար: Վալերի Ֆալկովը հավաստիացրել է, որ մայիսյան տոներից հետո ռուսաստանյան կողմը կներկայացնի ծրագրային առաջարկ: Երկու կողմերը կարևորել են համապատասխան մասնագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրի շրջանակներում մասնակիցների փոխադարձ այցերի կազմակերպման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում և Ռուսաստանում իրականացնել մանկավարժական և առարկայական ծրագրեր ռուսերեն և ռուսերենով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար: Անդրադարձ է կատարվել նաև ամենամյա հայ-ռուսական երիտասարդական ֆորումի անցկացմանը: Կողմերը համաձայնել են այն կազմակերպել Հայաստանում 2022 թ. երրորդ եռամսյակում: Հանդիպման ավարտին Վահրամ Դումանյանը Վալերի Ֆալկովին հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով նաև, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում:
09:36 - 20 ապրիլի, 2022
Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության շրջանակում տարիներ շարունակ իրականացվող անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրերը։ Նախարարը փաստել է՝ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել դեռևս հեռավոր 1992 թվականին՝ Հայաստանի համար առավել բարդ շրջանում, և աջակցել մի շարք դժվարությունների հաղթահարմանը: Վահրամ Դումանյանի խոսքով՝  Խաղաղության կորպուսի գրոծունեության կարևորությունը սկսում է անվանումից՝ խաղաղություն, որի կարիքն այսօր գլոբալ առումով առկա է ողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ՝ հույս հայտնելով, որ իրականացվող համատեղ ծրագրերը կնպաստեն գլոբալ խաղաղության հաստատմանը, քանի որ անվտանգության գլխավոր երաշխիքը, ըստ նախարարի, կրթությունն է: Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ 2018 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող անգլերենի ուսուցման ծրագրերին՝ կարևորելով լեզվի միջոցով միջմշակութային երկխոսությունը: Ջոան Ֆեյրլին իր հերթին նշել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը գնահատում է ԿԳՄՍ նախարարության աջակցությունը մի շարք ծրագրերի իրականացման գործում: Նա նշել է, որ այս տարի լրանում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու 30 տարին, և այս ընթացքում շուրջ 1100 կամավորներ աշխատել են հայաստանյան ծրագրերում: Ջոան Ֆեյրլին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև ներկա և առաջիկա ծրագրերը, որոնք ներառում են ՀՀ բոլոր մարզերը: Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականից դադարեցվել է կամավորների աշխատանքը բոլոր երկրներում, սակայն Հայաստանում իրականացվող ծրագրերը կանգ չեն առել: Կամավորներն իրականացրել են անգլերենի ուսուցման 15 առցանց դասընթացներ՝ 150 երիտասարդների և 20 ուսուցիչների մասնակցությամբ: Նա նաև ընդգծել է, որ կորպուսի իրականացրած երիտասարդական ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին. դրանք ուղղված են կյանքի հմտությունների և ձեռնարկատիրական ոլորտում Գավառի և Իջևանի երիտասարդների վերապատրաստմանը: Ջոան Ֆեյրլին հույս է հայտնել, որ 2023 թվականից կվերսկսվի կամավորների աշխատանքը Հայաստանում. դրա շրջանակում նախատեսվելիք ծրագրերը կներառեն չորս մարզ՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի: Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև երիտասարդական զարգացման ծրագրերի շրջանակում համայնքային կենտրոնների և կառույցների հետ աշխատանքը՝ ոչ ֆորմալ կրթական միջավայր ապահովելու տեսանկյունից:
17:08 - 15 ապրիլի, 2022
Սրբուհի Գևորգյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր
 |1lurer.am|

Սրբուհի Գևորգյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանի ընտրության արդյունքները: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100 տարին. «Ցանկանում եմ նշել, որ 100-ամյա ավանդույթներ ունեցող բուհը առաջին անգամ ռեկտոր է ընտրել կին. շատ խորհրդանշական է, որ ընտրության արդյունքները հաստատվում են այսօր՝ ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը»: «Մեծարգո վարչապետ, Կառավարության հարգարժան անդամներ, թույլ տվեք նախևառաջ խորին շնորհակալություն հայտնել բարձր վստահության  համար, և հավաստիացնել, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը քաջ գիտակցում է իր պատասխանատվությունների տիրույթը ժամանակակից մարտահրավերների ներքո բարձրագույն մանկավարժական կրթության ոլորտում, և պատրաստակամ է շատ կոնկրետ որակական գործընթացներ և շարժընթացներ ապահովելու առումով»,- ասել է Սրբուհի Գևորգյանը:
17:12 - 07 ապրիլի, 2022
Կառավարությունը կհատկացնի 67 մլն դրամ Սյունիքի 13 բնակավայրերում դպրոցների կառուցման նախագծեր մշակելու համար |armenpress.am|

Կառավարությունը կհատկացնի 67 մլն դրամ Սյունիքի 13 բնակավայրերում դպրոցների կառուցման նախագծեր մշակելու համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ավելի քան 67 միլիոն դրամ կհատկացնի Կապան խոշորացված համայնքի 13 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Կառավարությունը նման որոշում ընդունեց մարտի 17-ի հերթական նիստում։ «Դրանք են Աճանանի, Օխտարի, Արծվանիկի, Գեղանուշի, Սյունիքի, Եղեգի, Ծավի, Ճակատենի, Ներքին Հանդի, Շիկահողի, Վերին Խոտանանի, Դավիթ Բեկի և Եղվարդի միջնակարգ դպրոցները, որտեղ նախատեսվում է ունենալ արդիական շենքային և գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ պայմաններով, որտեղ կկազմակերպվեն դպրոցական, նախադպրոցական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր, օրինակ՝ արհեստագործական, ըստ համայնքների կարիքների»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նա նշեց, որ այդ արդիական պայմանները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային, սպորատային, ժամանցային միջավայր՝ դառնալով համայնքային ժամանակակից կենտրոններ։ Նախագծով նախատեսվում է նաև գումար հատկացնել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես ԲԳԿ) 2022 թվականի բյուջեն ավելացնել 67,125.1 հազար դրամ գումարով՝ (60,060.0 հազար դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով և 7,065.1 հազար դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով): Նախագծով նախատեսվում է 60,060.0 հազար դրամ գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված թվով 13 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
12:45 - 17 մարտի, 2022
Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և տիկին Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները: Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար գրականագետ Անահիտ Եղիշեի Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով: Տիկին Չարենցը շնորհակալություն է հայտնել վարչապետին գնահատանքի և մշակույթի նկատմամբ կառավարության ցուցաբերած մեծ ուշադրության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
16:23 - 13 մարտի, 2022
Դադարեցվել են «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաները

Դադարեցվել են «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների, ինչպես նաև սովորողների՝ նախատեսվող սահմանային տեղերի թվի խախտումները: Ըստ այդմ` ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի N 308-Ա/Ք հրամանի հիմքով տրված բակալավրի և մագիստրոսի լիցենզիաները: Համաձայն ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ հրամանի` նախարարության լիցենզավորման գործակալությունը, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը ստացել են հանձնարարական «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում կազմակերպելու, սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Միաժամանակ տեղեկացվում է նաև, որ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 23-ի N 1875-Ա հրամանի, իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի՝ փետրվարի 18-ի նիստում, և կայացվել է լիցենզիայի դադարեցման որոշումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի մյուս հրամանով՝ կասեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թվականի մարտի 17-ի N 148-Ա/Ք հրամանով տրված միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը: Կասեցման որոշումը կայացվել է լիցենզավորման կարգերով սահմանված պարտադիր պայմանների և պահանջների խախտումների հիմքերով:
15:10 - 24 փետրվարի, 2022
Ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, դիտարկվում է վրացերենի հարցը․ նախարար |azatutyun.am|

Ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, դիտարկվում է վրացերենի հարցը․ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Դպրոցներում ադրբեջաներեն դասավանդելու ծրագիր այս պահին չկա, փոխարենը դիտարկվում է վրացերենի հարցը, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Այսօր, կոնկրետ հենց այսօր չի էլ պատրաստվում ադրբեջաներենի հարցը, այսօր մենք ծրագիր ունենք, համենայն դեպս, շատ ենք ցանկանում, որ վրացերեն մենք կարողանանք որոշ դպրոցներում ուսուցանել՝ զուտ տարածաշրջանային լեզուներին, մշակույթին ծանոթ լինելու առումով։ Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա։ Այս պահին մենք վրացերենի հարցն ենք դիտարկում, բայց ոչ համատարած, պարտադիր», - ասաց նախարարը։ Ինչո՞վ է պայմանավորված հենց վրացերենի դասավանդումը, Դումանյանը հարցն անպատասխան թողեց։ «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել», - ասաց նախարարը։ 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան տարբեր հարթակներում քննարկվում էր դպրոցներում ադրբեջաներենի դասավանդման կարևորությունը։
13:29 - 23 փետրվարի, 2022
Պետք է գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը թե՛ վարձատրության, թե՛ աշխատանքային պայմանների տեսանկյունից․ Անդրեասյան

Պետք է գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը թե՛ վարձատրության, թե՛ աշխատանքային պայմանների տեսանկյունից․ Անդրեասյան

Տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Նախարարությունը տեղեկացնում է, որ օրակարգային հարցերն էին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի աշխատակարգը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, և «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, որի շրջանակում աշակերտներին հուզող հարցերին պատասխանել են նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  Ինչպես Ժ. Անդրեասյանն է ներկայացրել, խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 45 աշակերտներ, այդ թվում՝ ոչ պետական դպրոցներից: Համաձայն աշխատակարգի՝ սահմանված է աշակերտական խորհրդի նիստ գումարել տարվա մեջ 2 անգամ, ինչը, ըստ Անդրեասյանի, ամենևին չի սահմանափակում հրատապ և հուզող հարցերի քննարկման հնարավորությունները: «Մենք շատ կարևորում ենք աշակերտական խորհրդի դերը, քանի որ կարծում ենք, որ այստեղ ներգրավված աշակերտներն էլ իրենց գործառույթն ունեն՝ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին իրազեկել իրենց միջավայրում՝ դպրոցում՝ համագործակցելով այլ դպրոցների աշակերտական խորհուրդների հետ»,- ասել է փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կկազմակերպվի առանձին հանդիպում, որտեղ «Ջինիշյան» հիմնադրամը կներկայացնի աշակերտական խորհրդի զարգացման վերաբերյալ առաջարկներ:  Փոխնախարարն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հետ առանցքային անելիքը նաև այն է, որ վերջինիս հետ քննարկվում են ոլորտին առնչվող հիմնարար փաստաթղթերը:  ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է աշակերտական խորհրդի նոր կազմին, մաղթել արդյունավետ աշխատանք և իրազեկել ներկայում շրջանառվող կարևոր փաստաթղթի՝ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին: Նախարարը խորհուրդ է տվել ծանոթանալու նախագծին և ընդգծել է, որ 2 սկզբունքային հարց է դրված նախագծի հիմքում. առաջինը՝ յուրաքանչյուր ոք օժտված է որոշակի տաղանդով, և պետք է գտնել ճանապարհը՝ ստեղծելու ինքնաբացահայտման պայմաններ:  «Ինքնաբացահայտման լավագույն ճանապարհը կրթությունն է, հիմնարար գիտելիքը: Միայն այս տարբերակով կկարողանանք բացահայտել, հասկանալ մեր կարողությունների սահմանը»,- ասել է նախարարը:  Նա ներկայացրել է նաև երկրորդ սկզբունքը. «Սկսած նախադպրոցականից մինչև բուհական կրթություն՝ բոլոր փուլերում կրթությունը պետք է լինի որակյալ և մրցունակ, հիմնված լինի ազգային արժեքների վրա, և այդ ամենը նպաստի մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին: Գիտելիքը պետք է նպաստի ճիշտ մտածելակերպի ձևավորմանը: Եթե ճիշտ մտածենք, ճիշտ որոշումներ կկայացնենք և արդյունքում կլինենք նաև անվտանգ»:  Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշակերտական խորհրդի անդամներին ներկայացրել է ռազմավարության հիմնական թիրախները. «Փորձելու ենք ավելի համապարփակ մոտեցումներով այսօրվա դպրոցի խնդիրները 2030 թ.-ին տեսնել լուծված ենթակառուցվածքների, լաբորատոր հագեցվածության, գույքի, ռեսուրսների հասանելիության առումով»:  Երկրորդ թիրախը, ըստ փոխնախարարի, ուսուցիչների աշխատանքային պայմաններն են, վարձատրության համակարգը, ինչն էապես պետք է բարելավվի՝ ստեղծելով մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմ: Ժ. Անդրեասյանն ընդգծել է. «Պետք է գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը թե՛ վարձատրության, թե՛ աշխատանքային պայմանների տեսանկյունից, որպեսզի երիտասարդները ձգտեն՝ դպրոց մտնելու, մանկավարժությամբ զբաղվելու»: Երրորդ կարևոր ուղղությունը դպրոցների կառավարման և ֆինանսավորման մոդելի փոփոխությունն է. վարչատնտեսական կառավարումը կառանձնացվի բովանդակային կառավարումից: Աշակերտների թվով պայմանավորված ֆինանսավորումից անցում կկատարվի դեպի դասարանների թվով պայմանավորված ֆինանսավորում՝ ավելի քիչ թվով երեխաներով դասարաններ ունենալով և բարձրացնելով կրթության որակը:  Որպես որակական ցուցանիշ՝ սահմանվել է, որ բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ՝ գրանցելով միջինից բարձր բավականին հավակնոտ ցուցանիշներ: Փոխնախարարը կարևորել է նաև արտադպրոցական գործունեությունը՝ նշելով, որ առանձին որակական ցուցանիշներ են սահմանվել երեխաների ստեղծագործական և ֆիզիկական ակտիվություն ենթադրող աշխատանքը և հանրային նշանակություն ունեցող նախագծերի իրականացումը: Փոխնախարարի՝ ռազմավարության հիմնական ուղղություններն ու թիրախները ներկայացնելուց հետո աշակերտները նախարար Վահրամ Դումանյանին և տեղակալ Ժաննա Անդրեասյանին ուղղել են իրենց հուզող հարցերը թե՛ ռազմավարության, թե՛ առհասարակ կրթության ոլորտի վերաբերյալ: Հարցերը վերաբերել են հիմնականում դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավմանը, «ՆԶՊ» առարկայի դերի բարձրացմանը, հեռավար ուսուցման ցածր արդյունավետությանը և այլն:  Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանն աշակերտներին կոչ է արել անպայման ուսումնասիրել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրա վերաբերյալ առաջացած հարցերն ուղղել պատկան մարմնին՝ համագործակցաբար դրանք քննարկելու և համարժեք լուծում տալու նպատակով:
13:37 - 22 փետրվարի, 2022
Գործն ընթացքի մեջ է. Վահրամ Դումանյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին |1lurer.am|

Գործն ընթացքի մեջ է. Վահրամ Դումանյանը՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը չբացառեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը կարող է փակվել: «Դիտարկվում է հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Ինքնանպատակ չէ ունենալ մի կառույց, անունը դնել բուհ, բայց բովանդակությունը չհամապատասխանի բուհին, կամ չբավարարեն ռեսուրսները, որպեսզի այդ կառույցը գործի»,- ասաց Դումանյանը: Դումանյանը կարևորեց կրթության որակը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ գործընթացը սկսելու նախաձեռնությունը ներկայացրել է բուհը:  «Բուհի ղեկավարությունից ծավալուն տեղեկանք ենք ստացել. կադրային, ֆինանսական, նաև ուսանողների քանակի հետ կապված խնդիրներ կան այնտեղ: Նախաձեռնությունը եկել է բուհից, ներկայացված հիմքերը բավականին հիմնավոր են, գործն ընթացքի մեջ է»,- ասաց Դումանյանը:
12:56 - 21 փետրվարի, 2022
Մշակույթով ու կրթությամբ միայն կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները. Վահրամ Դումանյան

Մշակույթով ու կրթությամբ միայն կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները. Վահրամ Դումանյան

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գրքի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և նախարարության աշխատակիցների հետ այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Նախարարը թանգարանի տնօրեն Անի Եզիազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, մանրամասն ծանոթացել Թումանյանի անձնական գրադարանում պահվող գրքային հավաքածուին, հուշային հատվածին, քննարկել թանգարանին առնչվող հարցեր: Օրվա խորհրդի համաձայն՝ նախարարը թանգարանին է նվիրել «Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը» աշխատությունը: Թումանյանի թանգարանի տնօրենն էլ նախարարին է փոխանցել «Հովհաննես Թումանյան. Մտքեր» թանգարանի հրատարակած գիրքը: Միջոցառմանը ներկա Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը միջոցառմանը ներկայացել էր «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. Մատենագիտություն» նորատիպ գրքով, որը նվիրել է նախարարին և Թումանյանի թանգարանին: Այնուհետև նախարարը մասնակցել է թանգարանում բացված «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց- Թումանյան» խորագրով ցուցադրության բացմանը: Ցուցադրությունն իրականացվում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ: Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի տեղեկացմամբ՝ Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը բացառիկ են և երբևէ չեն ցուցադրվել: Թումանյան-Չարենց առնչությունները ներկայացրել են Ե. Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, և գրականագետ Ազատ Եղիազարյանը: Ցուցադրությանը ներկայացված էին հայ մեծանուն բանաստեղծների՝ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի անձնական գրադարաններում պահվող, համապատասխան ընծայագրերով գիրք-մասունքները, հետաքրքիր դրվագներ՝ նրանց բարեկամության և կյանքի մասին: Անդրադառնալով մեկ հարթակում ներկայացված հայ գրականության մեծություններին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հրաշալի են Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործությունները, սակայն իր համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը»: Խոսելով Գիրք նվիրելու օրվա խորհրդի մասին՝ նախարարը նշել է, որ այն խորը իմաստ ունի, և ցանկանում է, որպեսզի տոնը ծառայի իր մեծ նպատակին: «Այս գեղեցիկ տոնն ինքնանպատակ չէ․ այն միտված է գրքի միջոցով հարստացնելու հանրության հոգևոր աշխարհը: Ուզում եմ, որ մարդիկ շփվեն, հաղորդակցվեն այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանը, Չարենցը և մեր մյուս մեծերը: Շփման այդ մշակույթը կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելք և հզորություն: Այդ ամենի հիմքում, ի վերջո, դրված է կրթությունը: Մշակույթը կրթության անբաժանելի մասն է: Կարծում եմ՝ նման միջոցառումները, տոները թողնում են իրենց դրական ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա՝ մանուկներից մինչև մեծերը: Հոգևոր հարստացման միջոցով՝ մշակույթով ու կրթությամբ միայն կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու խնդիրները: Հոգևոր ներդաշնակությամբ մենք ունենք լավ ապագա, ես հավատում եմ»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը: Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարարը ներկա է գտնվել նաև Թումանյան թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախմբի համերգին, որի ընթացքում հնչել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ: 
17:29 - 20 փետրվարի, 2022
Մարզերում մի քանի տասնյակ կրթական հաստատություններ կկառուցվեն ու կբարեկարգվեն. կատարվեց բյուջեի վերաբաշխում |armenpress.am|

Մարզերում մի քանի տասնյակ կրթական հաստատություններ կկառուցվեն ու կբարեկարգվեն. կատարվեց բյուջեի վերաբաշխում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակներում կատարել վերաբաշխում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ դա ուղղված է կրթական հաստատությունների վերանորոգմանը: «Մասնավորապես, 4 միջին մասնագիտական հաստատությունների պայմանների բարելավում, 10 մանկապարտեզի մոդուլային շենքերի կառուցում, 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախագծում, 21 մոդուլային դպրոցների կառուցում, ինչպես նաև 10 մոդուլային շենքերի նախագծում, 2 դպրոցի նոր մասնաշենքի կառուցում, 17 կրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների կառուցում և 5 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում, 1 բուհի շենքի հիմնանորոգում, երկու մարզադպրոցի կառուցում, 1 թանգարանի ջեռուցման համակարգի ապահովում, 4 հուշարձանի վերականգնում»,-ասաց Վահրամ Դումանյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս նախագիծը մեծ նշանակություն ունի: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ունի մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ  աշխատանքային վիճակի բերելու պարտավորություն: «Պետք է այս հարցում ուշադիր լինենք, որ ճիշտ գրաֆիկով առաջ գնանք: Որտեղ հնարավոր է դա առաջանցիկ պետք է իրականացնենք: Համոզված եմ կկարողանանք դա անել, մեխանիզմը, որ կօգնի մեզ պատշաճ ժամկետում իրականացնել, սկսել է աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 
13:37 - 17 փետրվարի, 2022
Վահրամ Դումանյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու հարցը

Վահրամ Դումանյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ երկու նախարարների առաջիկա հանդիպումն արդեն կանցկացվի դեմ առ դեմ: Նախարարը նշել է, որ երկու օրից լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այն լավ առիթ է առկա համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու տեսանկյունից: «Հաճելի է զարգացած ու սերտ հարաբերություններ ունենալ բարեկամական և եղբայրական հարևանի հետ: Ծանոթ եմ Իրանի ուսանողների նվաճումներին, մասնավորապես` ծրագրավորման ոլորտի համաշխարհային մրցույթներում նրանց գրանցած հաջողություններին: Այդ առումով կարևորում եմ բարեկամ Իրանի ուսանողների հետ շփումը և առաջարկում եմ դիտարկել Միջազգային ուսանողական ծրագրավորման համաշխարհային հեղինակավոր մրցույթի (ICPC) շրջանակում ուսանողական թիմերի միջև համագործակցության հնարավորությունը: Մենք բարձր ենք գնահատում նաև Իրանի գիտնականների նվաճումները և կարևորում Հիմնարար գիտությունների հետազոտական ինստիտուտի հետ համագործակցություն ծավալելու հնարավորությունը, ինչպես նաև մաթեմատիկայի և քիմիայի ոլորտում նոր կապերի ստեղծումը»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ առաջարկելով խթանել համագործակցությունը նաև դպրոցների մակարդակում՝ համատեղ ամառային ճամբարների անցկացման և լեզուների ուսուցման շրջանակում: ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև գիտական, հասարակական և մշակութային համագործակցության առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ Իրանում գործում են 44 համալսարան, որոնք համաշխարհային սանդղակում զբաղեցնում են բավականին բարձր տեղեր, տեխնոլոգիական բազմաթիվ պարկեր և գիտելիքահենք ընկերություններ: ԻԻՀ նախարարի փոխանցմամբ՝ Իրանի բուհերի դասախոսները և գիտնականները կարող են տարբեր ոլորտներում համագործակցել ՀՀ բուհերի հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով օգտվել Հայաստանի գիտական և մարդկային ներուժից: «Մենք բարեկամական և եղբայրական ձեռք ենք մեկնում Հայաստանին ու պատրաստ ենք սերտ համագործակցություն ծավալել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, փոխադարձ օգտագործել նորարարությունների ներուժը՝ իրագործելով բոլոր կառուցողական առաջարկները»,- փաստել է Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլը: Կողմերը քննարկել են նաև համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու և համապատասխան մասնագետներ պատրաստելու, երկու երկրների ուսանողների շարժունության, դիպլոմների փոխճանաչման և փոխայցերի կազմակերպման վերաբերյալ հարցեր: 
17:05 - 07 փետրվարի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ բարեփոխումներ են իրականացրել նախադպրոցական կրթության, հանրակրթության, գիտության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում: Նախարարն ասաց, որ նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացման նպատակով  20 բնակավայրում մոդուլային մանկապարտեզներ են կառուցվել: «Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ են ներդրվել 10 բնակավայրերում՝ յուրաքանչյուրին տրամադրելով շուրջ 7,8 մլն դրամ դրամաշնորհ։ Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգ է հաստատվել»,-տեղեկացրեց Վահրամ Դումանյանը: Նա կարևորեց նաև նախադպրոցական կրթության բովանդակային բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախադպրոցական կրթության չափորոշչն է հաստատվել և դրա հիման վրա նախադպրոցական կրթական ծրագրեր են մշակվել: Անդրադառնալով հանրակրթությանը Դումանյանն ասաց, որ 2021 թվականին ԿԳՄՍ բյուջեով տարբեր ծրագրերով կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներում ընդգրկված է եղել 88 դպրոց, ավելի քան 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել՝ չհաշված լաբորատոր սարքավորումների և գույքի գնման աշխատանքները։ 107 ավագ դպրոցների բնագիտական առարկաների գծով տրամադրվել են ընդհանուր առմամբ 335 լաբորատորիաներ: Ներկայում ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը՝ նոր չափորոշիչների փորձարկմանն ու ներդրմանն ընդառաջ։ Կառավարության որոշմամբ՝ Կապան խոշորացված համայնքի բնակավայրերի դպրոցներում կստեղծվեն 14 ինժեներական լաբորատորիաներ։ Խոսելով գիտության մասին՝ նախարարը հիշեցրեց, որ 2021-ի մայիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով փոփոխություններ են կատարվել Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգում: Որոշման համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից սկսած՝ մինչև 2025 թվականը աստիճանաբար զգալիորեն կբարձրանա գիտական կադրերի որակավորում անցած գիտաշխատողների բազային աշխատավարձը: Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը հաշվարկվելու է աղյուսակով՝ տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի (66 140 դրամ) արտադրյալով:  Նախարարության ուշադրության կենտրոնում է եղել նաև մշակույթը: 2022 թվականին մշակույթին հատկացված գումարը հասցվել է այդ ոլորտի՝ 2020 թվականի հատկացումներին՝ կազմելով 1 մլրդ 589 մլն 13 հազար դրամ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցել է սփյուռքի հետ՝ տարբեր ծրագրերով նպաստելով սփյուռքի կրթօջախների ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր՝ հեռավար ձևաչափով: 18 երկրների 100-ից ավելի կրթօջախներին տրամադրվել է շուրջ 44 000 կտոր գրականություն:
17:36 - 28 դեկտեմբերի, 2021