Գիտություն

Գիտարբուք Սուրեն Մանուկյանի հետ. Ցեղասպանագիտություն. ինչպես նկարագրել աննկարագրելին

Գիտարբուք Սուրեն Մանուկյանի հետ. Ցեղասպանագիտություն. ինչպես նկարագրել աննկարագրելին

Գիտարբուք Սուրեն Մանուկյանի հետ. Ցեղասպանագիտություն. ինչպես նկարագրել աննկարագրելի․ - Ներածություն - Ի՞նչ է ցեղասպանությունը, և ինչպես ստեղծվեց ցեղասպանագիտությունը - Ինչու՞ ուսումնասիրել ցեղասպանությունները - Ցեղասպանության սահմանման խութերը - Արդյո՞ք այն, ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է - Հայոց ցեղասպանությունը՝ որպես առաջին մեծ ինդուստրիալ ցեղասպանություն - Հայոց ցեղասպանության հետևանքները - Ով էր պատասխանատու Հայոց ցեղասպանության համար - Երիտթուրքերի ծագումնաբանությունը - Ո՞ր պարագայում Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, և ի՞նչ հետևանքներ դա կունենա - Արդյոք Իսրայելը Պաղեստինի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն է վարում  - Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միտումները - Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը. Նեմեսիս, Ասալա
13:14 - 08 հունիսի, 2023
Ճանապարհորդություն դեպի նանոաշխարհ․ Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնից ներս

Ճանապարհորդություն դեպի նանոաշխարհ․ Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնից ներս

2020-ի վերջին և 2021-ին Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը միավորեց մի քանի ֆիզիկոսների ու քիմիկոսների, որոնք մինչ այդ իրար չէին ճանաչում․ նրանցից մեկը որոշել էր թողնել գիտությունը, մյուսը նոր էր պաշտպանել ասպիրանտական թեզն ու գիտական հաստատություններ էր փնտրում, որտեղ կարող էր աշխատել․․․ Նրանց բոլորին Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ էր բերել այն, որ այստեղ գիտական նոր կենտրոն էր ստեղծվում։  Բայց այս պատմությունը սկսվել էր շատ վաղուց․ դեռ 2013-ին էր տեսական ֆիզիկոս Մկրտիչ Երանոսյանը որոշել, որ պիտի թողնի տեսական ֆիզիկան ու նանոգիտությամբ զբաղվի։ Նրա այդ որոշումն էր պատճառը, որ տարիներ անց ստեղծվեց Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնը։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան,Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի
22:35 - 03 հունիսի, 2023
Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

Թե ինչպես մի ամինաթթվի պատճառով հիմնարար հետազոտությունները դարձան կիրառական. «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայից» ներս

2015-ին Նիկոլայ Ավթանդիլյանն ու Հայարփի Ջավրուշյանը հիմնարար հետազոտություններ էին իրականացնում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում։ Գիտնականներն ուսումնասիրում էին արգինին կոչվող ամինաթթվի մասնակցությամբ օրգանիզմում կատարվող կենսաքիմիական տարբեր գործընթացներ։ Գիտական գրականության ուսումնասիրությունը նրանց ցույց տվեց, որ արգինինը կարող է անուղղակիորեն որոշակի դեր խաղալ քաղցկեղի զարգացման գործում։ Այդ ժամանակ գիտնականները որոշեցին անցնել կիրառական հետազոտությունների։ Այս հետազոտությունների ընթացքում նրանք սկսեցին գիտափորձեր իրականացնել քաղցկեղի զարգացումը խոչընդոտող մի մեթոդով, որն աշխարհում գրեթե չի կիրառվում։ Իսկ տարիների աշխատանքի շնորհիվ ստեղծվեց «Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիան», որտեղ գիտնականներն այժմ շարունակում են իրենց ուսումնասիրությունները։ Հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Հեղինակ՝ Աննա Սահակյան, Տեսանյութերը և լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի ու Ռոման Աբովյանի  
19:22 - 06 մայիսի, 2023
Գիտուժ. Ակադեմիական քաղաքի, գիտինստիտուտների ապագայի և երկրի պետական նպատակներից ու կարիքներից բխող գիտության զարգացման տեսլականի բացակայության մասին

Գիտուժ. Ակադեմիական քաղաքի, գիտինստիտուտների ապագայի և երկրի պետական նպատակներից ու կարիքներից բխող գիտության զարգացման տեսլականի բացակայության մասին

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 21-ին կառավարության նիստում հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը: Հիմնադրամը վերահսկելու է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացումը՝ քաղաքի նախագծում, ենթակառուցվածքների կառուցում, այլ աշխատանքների համակարգում և ապագայում նաև կառավարում։ Ըստ բովանդակությամբ դեռևս գոյություն չունեցող «Ակադեմիական քաղաք» նախագծի շուրջ ծավալված պաշտոնական զրույցների և հայտարարությունների՝ նախատեսվում է Երևանից դուրս տեղափոխել որոշ պետական համալսարաններ և գիտական ինստիտուտներ, ինչպես նաև միջազգային և միջպետական բուհեր։ Այս հայտարարությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը բարձրաձայնում է «Ակադեմիական քաղաք» նախագծի և գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումների վերաբերյալ իր լրջագույն մտահոգությունները և այն հիմնավոր հարցերը, որոնց պատկան մարմինները պարտավոր են պատասխանել՝ մինչև ցանկացած գործընթաց մեկնարկելը։ Մասնավորապես, այդ մտահոգությունները և հարցերն են. Անընդունելի է գիտությունը դիտարկել միայն կրթությանը սպասարկող, առավել ևս կրթությանը ենթակա բաղադրիչ։ «Ակադեմիական քաղաք»-ը նախատեսված է ստեղծել համաձայն «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի։ Ըստ այդմ էլ նախագծի հեղինակների սահմանած բոլոր թիրախները բխում են կրթության մասին ռազմավարությունից։ Մասնավորապես, նախագծի մասին քննարկումների մեջ բացակայում են երկրի կարիքներից և նպատակներից բխող ԳՀՓԿ (գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական) աշխատանքների պետական պատվերի համակարգի ստեղծման, մասնավոր ԳՀՓԿ աշխատանքները (private R&D) զարգացնելու, Հայաստանի համար գիտության գերակա ուղղությունները վերջապես սահմանելու, մրցունակ գիտնականների քանակն ավելացնելու, գիտությունը տնտեսության հետ կապելու մեխանիզմներ մշակելու մասին հարցերը և թիրախները։ Այսինքն՝ Հայաստանում պարզապես գոյություն չունի գիտության/ԳՀՓԿ աշխատանքների մասին ոչ մի ռազմավարություն, ոչ մի հայեցակարգ որի վրա հնարավոր կլիներ հղում տալով սահմանել գիտության համար թիրախային նպատակները։  Ստացվում է, որ «Ակադեմիական քաղաք» նախագիծը սպասարկում է միայն կրթությունից բխող նպատակները՝ դիտարկելով գիտությունը միայն կրթության որակի բարձրացմանը նպաստող բաղադրիչ։ Բուհերի հետազոտական բաղադրիչի ուժեղացումը, գիտության և բարձրագույն կրթության միջև կապի զարգացումը, անշուշտ, չափազանց կարևոր խնդիր է, սակայն նման մոտեցմամբ կառավարությունը ոչ միայն այն չի լուծում, այլև հարվածի տակ է դնում առանց այն էլ թույլ գիտական էկոհամակարգի հետագա զարգացումը և, անգամ, գոյությունը: Նախագիծ՝ առանց մշակված բովանդակության։ «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին բացի վայրից և ֆիզիկական միջավայրի մասին բավականին մակերեսորեն սահմանված ցանկություններից ոչ մի այլ տեղեկատվություն չկա։ Չգիտենք՝ ո՞ր համալսարաններն են նախատեսում տեղափոխել և ո՞ր գիտական ինստիտուտների կամ գիտական խմբերի հետ են ցանկանում միավորել/ինտեգրել, ի՞նչ սկզբունքի կամ հաշվարկի վրա է այդ ամենը որոշվում։ Շատ կարևոր հարց է՝ ինչպե՞ս և ովքե՞ր են կառավարվելու Ակադեմիական քաղաքը և, հատկապես, դրա գիտահետազոտական բաղադրիչը, ի՞նչ մեխանիզմներ են մշակվելու գիտության անկախությունն ապահովելու և, հարկ եղած դեպքում, իշխանական մարմինների ոտնձգություններից պաշտպանելու համար։ «Գիտուժ» նախաձեռնությունն ահազանգում է ՀՀ գիտական ինստիտուտների և դեռևս մնացած գիտական ներուժի վրա ծառացած վտանգի մասին։ Համալսարանները և պետական գիտական հաստատությունները հանդիսանում են պետական ԳՀՓԿ համակարգի երկու հիմնական դերակատարները։ Գիտական ինստիտուտները համալսարաններին կցելու մտահաղացման հեղինակների քայլերը և մոտեցումները, ցավոք, վկայում են, որ վերջիններս չեն գիտակցում ժամանակակից աշխարհում պետական գիտական հաստատությունների (public research institutions) դերը պետականաշինության և պետության մրցունակության ապահովման գործում։ Նման փոփոխություններ ձեռնարկելուց առաջ կառավարությունը պարտավոր է հանձնառություն վերցնել, որ նոր համակարգ չունենալով ոչ մի դեպքում չի քանդելու և չի խանգարելու գործող՝ գիտական ինստիտուտների կառավարման ակադեմիական համակարգում բարեփոխումներին ու ռազմավարական ներդրումներին։ Եթե ԳԱԱ նախագահությունը չի կարող բարեփոխումների իրատեսական ծրագիր առաջարկել կառավարությանը, ապա կառավարությունը՝ որպես ԳԱԱ հիմնադրի՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմին, պարտավոր է ապահովել նոր՝ ավելի երիտասարդ և միջազգայնորեն մրցունակ գիտնականների մուտքը ԳԱԱ նախագահություն, այլ ոչ թե քանդել այն։ Գիտական ինստիտուտներն ու բուհերը մասնակցու՞մ են «Ակադեմիական քաղաք» նախագծի մշակմանը կամ քննարկումներում։ Այս ամիսների ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության անդամները բազմաթիվ հանդիպում-քննարկումներ են ունեցել պետական բուհերի ռեկտորների ու պրոռեկտորների, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտական ինստիտուտների տնօրենների և առանձին գիտնականների հետ։ Քննարկումների ընթացքում շահագրգիռ կողմերը կիսվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի վերաբերյալ իրենց տարաբնույթ մտահոգություններով, բողոքել անորոշ իրավիճակից և գործընթացի մեջ անգամ քննարկումների մակարդակում ներգրավված չլինելուց։ Նաև հանդիպել ենք ԿԳՄՍՆ-ի և ԳԿ-ի ներկայացուցիչներին։ Վերջիններս մեզ հավաստիացրել էին, որ գիտությանը վերաբերող ցանկացած արմատական փոփոխություն անելուց առաջ լայն քննարկումներ են սկսելու շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Հարց է առաջանում. ե՞րբ են սկսելու պաշտոնյաների կողմից խոստացած այդ քննարկումները և ի՞նչ ֆորմատով։ Սեպտեմբերին արդեն ուշ է լինելու, քանի որ նախագծի մեկնարկն արդեն տրվել է, իսկ հայեցակարգը, ըստ եղած տեղեկատվության, արդեն վերջնականացման փուլում է։ Ի՞նչ միջոցներով է ՀՀ կառավարությունը ֆինանսավորելու Ակադեմիական քաղաք նախագիծը։ Կարծում ենք ոչ միայն շահագրգիռ կողմերին, այլև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետք է տեղեկացնել, թե իրենց երկրի կառավարությունն ի՞նչ միջոցներով է պատրաստվում իրականացնել այսպիսի մեծ նախագիծը և ի՞նչ պայմաններով են այդ միջոցները տրվելու Հայաստանին: Ապագայում հաշվետվողականության ի՞նչ մեխանիզմներ են ապահովելու։ Ինչպես բազմիցս նշել ենք, առանց երկրի նպատակներն ու կարիքները սահմանելու և դրանցից բխող պետական պատվերի վրա հիմնված ԳՀՓԿ աշխատանքների համակարգ ստեղծելու, գիտությանը վերաբերող ցանկացած նախագիծ լինելու է ոչ ռազմավարական և բերելու է ռեսուրսների աննպատակ վատնման։ «Գիտուժ» նախաձեռնությունն ամենայն ուշադրությամբ հետևելու է գործընթացներին և նախատեսում է բաց և փակ քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում նաև տարբեր հանրային դաշտերում։ Լիահույս ենք, որ գիտության քաղաքականության համար պատասխանատուները, գիտակցելով գործընթացների թափանցիկության ապահովման, կառուցողական դաշտում քննարկումների և օբյեկտիվ գնահատականներ տալու կարևորությունը, չեն հրաժարվի մասնակցել նշված քննարկումներին»։
11:36 - 03 մայիսի, 2023
Երբ չգիտես՝ ընտրել կենսաբանությո՞ւնը, թե՞ մաթեմատիկան, ապա ընտրիր կենսաինֆորմատիկան

Երբ չգիտես՝ ընտրել կենսաբանությո՞ւնը, թե՞ մաթեմատիկան, ապա ընտրիր կենսաինֆորմատիկան

Ամեն ինչ սկսվեց դպրոցում կենսաբանության դասերից։ Սիրաս Հակոբյանը կենսաբանության լավ ուսուցիչ ուներ և շատ էր սիրում այդ առարկան։ Միևնույն ժամանակ, նրան հետաքրքրում էին մաթեմատիկան ու համակարգչային գիտությունները։  Երբ նա արդեն ավարտում էր դպրոցն ու պիտի մասնագիտություն ընտրեր, կենսաբանության ուսուցիչը խորհուրդ տվեց ընտրել կենսաինֆորմատիկան, որտեղ և՛ կենսաբանություն, և՛ մաթեմատիկա, և՛ համակարգչային գիտություններ կան։ Հետևելով նրա խորհրդին՝ Սիրասն ընդունվեց կենսաբանության ֆակուլտետի կենսաինֆորմատիկայի բաժին։ Բակալավրի երրորդ կուրսում էր, երբ մեկնեց ծառայության, իսկ զորացրվելուց հետո վերադարձավ համալսարան։ «Բանակից երբ վերադարձա, սկսեցի աշխատել ապակու վերամշակման արտադրամասում, որի տնօրենի տղան Գերմանիայում զբաղվում էր կենսաինֆորմատիկայով»,- պատմում է նա։ Սիրաս Հակոբյանը Այդ ժամանակ Սիրասը բակալավրի ավարտական աշխատանքի ղեկավարի էր փնտրում։ Նա հիշում է, որ տնօրենի առաջարկով կապ հաստատեց վերջինիս որդու հետ, որն էլ Գերմանիայից ղեկավարեց իր ավարտական աշխատանքը։ Այդ ընթացքում Սիրասը հասցրեց նաև ծրագրավորում սովորել։ Բակալավրն ավարտելուց հետո էլ ուսանողներից մեկի միջոցով բացահայտեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, որտեղ կենսաինֆորմատիկայի խումբ էր գործում։ Սկզբում նա սկսեց որպես կամավոր աշխատել ինստիտուտի կենսաինֆորմատիկայի խմբում, իսկ հետո արդեն դարձավ խմբի լիարժեք անդամ ու մինչև օրս շարունակում է գիտական գործունեությունը գենոմային կենսաինֆորմատիկայի ոլորտում։   Ինչ տվյալների հետ են աշխատում գենոմային կենսաինֆորմատիկները Դասական կենսաբանությունում գիտնականները փորձեր են իրականացնում ու այդ փորձերի հիման վրա տվյալներ ստանում։  «Կենսաբանները մինչև նոր տեխնոլոգիաների առաջանալը առանց ծրագրավորման, առանց մաթեմատիկայի աշխատել են տվյալների հետ, տեսել են ինչ-որ բան մանրադիտակով, աչքով, ինչ-որ ենթադրություններ են արել։ Բայց հիմա ինֆորմացիան այնքան է շատացել, որ հնարավոր չէ դա աչքով անել, ու պետք է որոշակի համակարգչային, թվային մեթոդներ, ալգորիթմներ կիրառես»,- ասում է Սիրաս Հակոբյանը։ Հենց այս պատճառով էլ առաջացել է գիտության մի նոր ուղղություն՝ կենսաինֆորմատիկան, որը ներառում է կենսաբանությունը, մաթեմատիկան և համակարգչային գիտությունները։ Կենսաինֆորմատիկայի այն ուղղությունը, որն ուսումնասիրում է գենոմին վերաբերող տվյալները, կոչվում է գենոմային կենսաինֆորմատիկա։ Մինչև կհասկանանք, թե ինչ հետազոտություններով են զբաղվում այս ուղղության գիտնականները, նախ փորձենք բացատրել՝ ինչ է գենոմը, և ինչպիսի տվյալներ կան այստեղ, որ կարող են ուսումնասիրության առարկա դառնալ։ Մեր օրգանիզմում կատարվող գրեթե բոլոր գործընթացների համար պատասխանատու են սպիտակուց կոչվող մոլեկուլները։ Պատկերացնենք, որ մեր օրգանիզմը մի մեծ կազմակերպություն է, որտեղ կան բազմաթիվ աշխատանքներ, և յուրաքանչյուր աշխատանքի համար պատասխանատու են համապատասխան մասնագետները։ Տվյալ դեպքում «մասնագետները» սպիտակուցներն են․ սպիտակուցների մի խումբ պատասխանատու է, որ մենք տեսնենք, մեկ այլ խումբ, որ խոսենք, մեկ ուրիշը, որ մեր օգանիզմում նյութափոխանակություն տեղի ունենա, և այսպես շարունակ։ Հենց այդ պատճառով էլ մեր օրգանիզմն արտադրում է տարբեր սպիտակուցներ, որոնցից ամեն մեկն իր պարտականություններն ունի։ Երևի շատերին է հայտնի ԴՆԹ անունը։ Այս անունով մենք կոչում ենք մեր բջիջներում գտնվող մեկ այլ կարևոր մոլեկուլի, առանց որի սպիտակուցները չէին արտադրվի։ ԴՆԹ-ն երկար շղթա է, որը կազմված է առանձին հատվածներից` գեներից։ Այս գեներից յուրաքանչյուրը կարծես անձնագիր լինի որոշակի սպիտակուցի համար և տեղեկություն է պարունակվում այդ սպիտակուցի կառուցվածքի մասին։ Այսինքն` որպեսզի մեր օրգանիզմն իմանա, թե ինչպես է պետք ստեղծել այս կամ այն սպիտակուցը, նախ պետք է կարդա, թե ինչ է գրված համապատասխան գենում այդ սպիտակուցի կառուցվածքի մասին։ Գեները և ԴՆԹ շղթայի մյուս հատվածները միասին կազմում են մեր գենոմը, այստեղից էլ՝ գենոմային կենսաինֆորմատիկա անվանումը։ Իսկ ինչպե՞ս է ԴՆԹ-ում պահվող ինֆորմացիայի հիման վրա սպիտակուց ստեղծվում։ Քանի որ ԴՆԹ-ն բջջի կորիզում է, իսկ սպիտակուցներն արտադրվում են բջջի այլ հատվածում, ապա պետք է «պատճենել» կամ «արտագրել» սպիտակուցների մասին գեներում պահվող տեղեկությունն ու հասցնել բջջի համապատասխան հատված, որտեղ էլ կարտադրվեն սպիտակուցները։ Հենց այստեղ է, որ օգնության են հասնում ինֆորմացիոն ՌՆԹ կամ ի-ՌՆԹ կոչվող մոլեկուլները։ Այս մոլեկուլների միջոցով սպիտակուցի կառուցվածքի մասին գենում պահվող տեղեկությունն «արտագրվում» և տեղափոխվում է բջջի համապատասխան վայր, որտեղ էլ սկսվում է արտադրվել տվյալ սպիտակուցը։ Կենսաինֆորմատիկները երկար ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց Արդեն նշեցինք, որ մեր օրգանիզմում գրեթե ամեն ինչի համար պատասխանատու են սպիտակուցները։ Կարևոր է նաև նշել, որ այդ սպիտակուցների քանակական կամ որակական փոփոխությունները կարող են բերել որոշ հետևանքների։ Օրինակ, եթե որևէ սպիտակուցից մեր օրգանիզմում արտադրվել է ավելի շատ, քան դրա կարիքը կար, ապա հնարավոր է, որ դա առաջացնի ինչ-որ հիվանդություններ։ Հենց այդ պատճառով էլ գենոմի ուսումնասիրությունը կարևոր է։ Բայց խոսքը ահռելի տվյալների մասին է։ Սիրաս Հակոբյանը նշում է, որ մարդն, օրինակ, ունի մոտ 20 հազար սպիտակուց կոդավորող գեն։ Հենց այդ պատճառով էլ կենսաինֆորմատիկները դիմում են համակարգչային ծրագրերի օգնությանը, որպեսզի այդ բոլոր տվյալները մշակեն, վերլուծեն և կարողանան դրանց հիման վրա որոշակի եզրահանգումների գալ։ Ինչ կարելի է պարզել գենոմային կենսաինֆորմատիկայի միջոցով Այժմ հասկանանք, թե ինչ կարող է տալ գենոմային տվյալների ուսումնասիրությունը գիտնականներին։ Եթե, օրինակ, գիտնականները փորձում են գտնել որևէ տեսակի քաղցկեղի առաջացման պատճառները, ապա նրանք կհամեմատեն առողջ և քաղցկեղային բջիջները, որպեսզի հասկանան, թե քաղցկեղային բջիջների գենոմում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կարող էին հիվանդության առաջացման պատճառ դառնալ։ «Դասական դեպքում, եթե մենք ուզում ենք տեսնել՝ քաղցկեղի բջիջներում ինչն է փոփոխված նորմալ հյուսվածքի համեմատ, օրինակ՝ նորմալ թոքն ինչով է տարբերվում թոքի վրա գտնվող քաղցկեղի ուռուցքից, վերցնում ենք քաղցկեղի ուռուցքը, վերցնում ենք առողջ թոքի հյուսվածք, երկուսի մոտ նայում ենք ի-ՌՆԹ-ների կոնտենտը։ Այսինքն, բջիջներից անջատում ենք ի-ՌՆԹ-ն, որն այդ պահին ԴՆԹ-ից արտադրվել է, որ դառնա սպիտակուց, հետո չափում ենք դրանց քանակները։ Եթե բջջում կա 100 ինչ-որ սպիտակուց կոդավորող ի-ՌՆԹ, կարելի է մոտավորապես ենթադրել, որ մոտ 100 հատ այդ սպիտակուցից կսինթեզվի, որն ինչ-որ ֆունկցիա կկատարի։ Համեմատելով քաղցկեղի ու առողջ հյուսվածքի միջև այս սպիտակուցների քանակը՝ կարելի է հասկանալ, թե քաղցկեղային  բջիջներում ենթադրյալ որ սպիտակուցներն են փոփոխված՝ ավելացած կամ քչացած։ Սա էլ կարող էր, օրինակ, բերել բջջի արագ բաժանման, որն էլ առաջացնում է քաղցկեղ (բջիջների արագ և անոմալ բաժանումը քաղցկեղի առաջացման պատճառներից մեկն է,- խմբ․),- ասում է Սիրաս Հակոբյանը։ Սակայն գենոմային կենսաինֆորմատիկայի խմբում կատարված հետազոտություններից մեկի ընթացքում, որը Սիրասն իրականացրել է Հայաստանի և Գերմանիայի համաղեկավարների  հետ,  նա այս հարցին մոտեցել է մի փոքր այլ տեսանկյունից։ Վերևում արդեն նկարագրել ենք, որ սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկությունը պահվում է գեներում։ Երբեմն այնպես է ստացվում, որ մի գենում պահվող տեղեկության հիման վրա հնարավոր է լինում սինթեզել տարբեր ֆունկցիաներ ունեցող սպիտակուցներ։  Բան այն է, որ գենն իր հերթին բաժանված է հատվածների, և այս հատվածների մի մասը պարունակում է ինֆորմացիա սպիտակուցի մասին, իսկ մյուս մասը՝ ոչ։ Երբ գենից արտագրվում է սպիտակուցի կառուցվածքը, այն հատվածները, որոնք սպիտակուցի մասին ինֆորմացիա չեն պարունակում, հեռացվում են։ Արդյունքում ի-ՌՆԹ-ում իրար են միանում միայն ինֆորմացիա պարունակող հատվածները։ Երբեմն պատահում է, որ ինֆորմացիա պարունակող որոշ հատվածներ ևս դուրս են մնում ի-ՌՆԹ-ից։ Այս գործընթացի հետևանքով մեկ գենից կարող են առաջանալ տարբեր կառուցվածքով ի-ՌՆԹ-ներ, որոնք կոչվում են իզոֆորմներ։ Գործընթացն ավելի լավ պատկերացնելու համար կարող եք դիտել անիմացիան (կարմիրով նշված են սպիտակուցի մասին ինֆորմացիա պարունակող հատվածները, կապույտով՝ չպարունակող)։ Սիրաս Հակոբյանը նշում է, որ մի գենից կարող է սինթեզվել միջինում 7 ի-ՌՆԹ։ Կառուցվածքային այսպիսի փոփոխությունները կարող են ազդել նաև սպիտակուցների հատկությունների ու գործառույթների վրա, քանի որ, ինչպես հիշում ենք, սպիտակուցները սինթեզվում են ի-ՌՆԹ-ների հիման վրա։ Հենց ի-ՌՆԹ-ների տարբերակների ուսումնասիրության վրա էլ կենտրոնացել են Սիրասն ու գործընկերները։  «Երբ, օրինակ, ունենք մի գեն, որը հավասար քանակով արտադրված է թե՛ քաղցկեղային, թե՛ առողջ բջջում, երբ որ իրեն համեմատենք, կարող է՝ տարբերություն չտեսնենք, այսինքն՝ երկու դեպքում էլ բջիջներում 100 ի-ՌՆԹ գտնված լինի, որը նույն գենին է պատկանում։ Բայց եթե ավելի մանրամասն նայենք, կարող ենք տեսնել, որ որոշ դեպքերում նույն գենի տարբեր իզոֆորմներ են արտադրվում, որոնք կարող են պոտենցիալ տարբեր ֆունկցիա ունեցող սպիտակուցներ կոդավորել։ Այսինքն, մինչև այս եթե դիտարկվում էր ընդհանուր գենին պատկանող ի-ՌՆԹ-ների քանակը՝ որպես չափորոշիչ՝ քանակապես համեմատելու քաղցկեղային բջիջն առողջի նկատմամբ, մենք փորձել ենք ավելի խոր գնալ, տեսնել՝ եթե արտադրված ի-ՌՆԹ-ի քանակը նույնն է, արդյո՞ք ֆունկցիոնալ առումով սպիտակուցները նույնն են, թե ոչ։ Ու գտել ենք գեներ, որտեղ իզոֆորմները տարբերվել են, այսինքն՝ ունեցել ենք գեների հավասար քանակ, բայց նույն գենի տարբեր իզոֆորմներ»,- ասում է Սիրաս Հակոբյանը։  Գենոմային կենսաինֆորմատիկան նման տվյալների վերլուծությամբ հեշտացնում է կենսաբանների գործը, որովհետև վերջիններս իրենց փորձերում արդեն կարող են կենտրոնանալ որոշակի գեների, սպիտակուցների վրա, փորձեր իրականացնել, պատճառահետևանքային կապեր գտնել։   Ոչ միայն քանական տվյալների, այլև փոխհարաբերությունների ուսումնասիրություն Վերջերս Սիրաս Հակոբյանը մասնակցել է Cold Spring Harbor Laboratory ինստիտուտում անցկացված միջազգային կոնֆերանսներից մեկին։ Միացյալ Նահանգներում գործող այս ինստիտուտի ուսումնասիրությունները կենտրոնացած են քաղցկեղի, գենոմիկայի և այլ ուղղությունների վրա։ Այս կոնֆերանսի ընթացքում Սիրասը ներկայացրել է մի հետազոտություն, որի շրջանակում հետաքրքիր մեթոդով ուսումնասիրել է գենոմային տվյալները։  Արդեն նշեցինք, որ մեր օրգանիզմում գրեթե բոլոր գործընթացների համար պատասխանատու են սպիտակուցները։ Բայց սպիտակուցներն աշխատում են ոչ թե առանձին-առանձին, այլ՝ տարբեր ֆունկցիոնալ խմբերում միմյանց հետ համագործակցելով։  «20 հազար գեները, որոնք դառնում են սպիտակուց, սպիտակուցների խմբեր, որպեսզի ինչ-որ ֆունկցիա կարողանան իրականացնել բջջում, պիտի իրար հետ փոխազդեն։ Առանձին մի սպիտակուց, շատ քիչ դեպքերում է, որ մի մեծ ֆունկցիա է կատարում»,- նշում է Սիրաս Հակոբյանը։  Սա կարծես մի մեծ ցանց լինի, որտեղ սպիտակուցները բաշխված են՝ ըստ իրենց դերերի։ Կան սպիտակուցներ, որոնք ավելի կարևոր են, և որոնցից կախված է այլ սպիտակուցների աշխատանքը, և կան սպիտակուցներ, որոնք պակաս կարևոր են։ Հենց այդ է պատճառը, որ Սիրասն իր հետազոտության ընթացքում կենտրոնացել է ոչ միայն թվային տվյալների վրա (այսինքն, թե քաղցկեղային բջջում որ սպիտակուցը կամ սպիտակուցի որ տարբերակն է ավելի շատ), այլև փորձել է հասկանալ, թե այդ սպիտակուցն ինչպես կդրսևորեր իրեն ցանցում, ինչպես դրա մեծ քանակները կազդեին նրա հետ համագործակցող սպիտակուցների ընդհանուր աշխատանքի վրա։  Սիրասի հետազոտության առանձնահատկությունն այն է, որ նա ուսումասիրության այս մեթոդը կիրառել է առանձին բջիջների վրա։ Սովորաբար համեմատություններ իրականացնելիս գիտնականները վերցնում են առողջ ու հիվանդ հյուսվածքներ, դրանց բջիջներից ստանում գենոմային տվյալներ, որոնք միջինացված են։ Պատճառն այն է, որ առանձին բջիջներից ԴՆԹ կամ ՌՆԹ անջատելը բարդ գործընթաց է։ Սիրասն այս հետազոտության շրջանակում վերցրել է հենց առանձին բջիջների գենոմային տվյալները, այնուհետև տարբեր հյուսվածքների առանձին բջիջներում հաշվարկել սպիտակուցային փոխազդեցության ցանցերի ակտիվությունը։ «Այստեղ համեմատությունն իրականացվում է արդեն փոխազդեցությունների համատեքստում և ոչ թե բացարձակ թվային արժեքների։ Միայն գենի շատ արտահայտված լինել-չլինելը չէ, կարևոր է՝ այդ ֆունկիցոնալ խմբերում (նկատի ունի միևնույն ֆունկցիան կատարող սպիտակուցների խմբերը,- խմբ․) ինչ փոխհարաբերություններ կան»,- ասում է Սիրաս Հակոբյանը։ Նա նշում է, որ սովորաբար կենսաինֆորմատիկայի մեթոդներով ստացված տվյալները ստուգելի են և՛ կենսաբանական փորձերով, և՛ այլ հետազոտողների ստացած արդյունքներով։    Ազգագրական պարեր՝ գիտական գործունեությանը զուգահեռ Բացի գիտական գործունեությունից՝ Սիրասն, արդեն ավելի քան տասը տարի է, հետաքրքրված է ազգային երգ ու պարով։ Նա պարում է «Լեռնապար» խմբում, համերգների մասնակցում։ Սիրասն առանձնահատուկ վերաբերմունք ունի նաև ազգային երգերի հանդեպ, որոնց հետքերով հաճախ է գնում, աղբյուրներ, արխիվներ փնտրում։ Նա նշում է, որ իր սիրելի երգերից մեկի՝ Վարդաբլուրի գութաներգի մասին անգամ Կոմիտասի հեղինակած մի գիտական հոդված է գտել, որը շատ է հետաքրքրել իրեն։ «Լեռնապար» խումբը/նկարը՝ Սիրաս Հակոբյանի արխիվից «Ազգագրական պարն այնքան է միացնում մարդկանց․ մեր ազգագրական խմբում կա բիզնեսմենից մինչև գիտնական, ես միակ գիտնականը չեմ»,- ասում է Սիրասը։ Չնայած երբեմն աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է լինում, Սիրաս Հակոբյանը կարողանում է ժամանակ գտնել նաև երգ ու պարի համար։   Հեղինակ՝ Աննա Սահակյան,Կենսաբանական տերմինների և հասկացությունների բացատրությունը՝ Սիրաս Հակոբյանի,Անիմացիան՝ Ռոման Աբովյանի
22:19 - 27 ապրիլի, 2023