«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով միանալ change.org  հարթակում՝ հրապարակված պահանջագրին: Այս մասին տեղեկացնում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» խումբը։ «Արցախցի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում գործուն քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:  «Համոզված ենք, որ որպես ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ձեր կողմից ևս կարևորվում է այս պահանջների կատարումը, ուստի կոչ ենք անում ձեզ՝ միանալ  ստորագրահավաքին և ձեր համակիրներին ևս հորդորել միանալ նախաձեռնությանը՝ կանխելու համար արցախահայերի հայրենազրկումը»,- նշվում է նախաձեռնողների՝ խմբակցություններին ուղղված նամակում: Պահանջագիրն առցանց հարթակում արդեն մոտ 15 հազար ստորագրություն է հավաքել: Նախաձեռնող խմբի կողմից ստորագրահավաք է կազմակերպվել նաև Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Երեկվա դրությամբ պահանջագրին միացած ստորագրությունների ընդհանուր թիվը գերազանցում է 40 հազարը:  Նախաձեռնության աջակիցների կողմից այսօր Երևանում ևս տեղադրվել են կետեր՝ ստորագրահավաքին մասնակցելու համար:  Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու պահանջագիրը հնարավոր է ֆիզիկապես ստորագրել Երևանում՝ Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում:  «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում ստորագրահավաք է նախաձեռնել նաև ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:  Ստորագրահավաքին առցանց հնարավոր է միանալ change.org  հարթակում՝ այս հղումով»,-նշված է հաղոդագրությունում։
16:38 - 04 մայիսի, 2023
Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում. նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել. Թագուհի Թովմասյան

Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում. նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել. Թագուհի Թովմասյան

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների՝ մասնավորապես անդրադարձել է Վաշինգտոնում ընթացող բանակցություններին եւ քննարկման դրված փաստաթղթի հնարավոր կետերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  Պատգամավորի համոզմամբ չպիտի ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կարող է Արցախը որեւէ կարգավիճակով թողնել Ադրբեջանի կազմում, էթնիկ փոքրամասնության կամ այլ կարգավիճակով արցախցիների հարցը քննարկել ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության համատեքստում: «Խաղաղ համագոյակցությունն Ադրբեջանի հետ չեմ պատկերացնում: Նրանք հրադադարի պայմաններում բազմաթիվ ներխուժման ու հարձակման փորձեր են արել, սպանություններ են իրականացրել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում եւ նրանց հետ խոսել խաղաղության մասին՝ աբսուրդ է: Հետեւաբար, չեմ կարող ասել՝ ինչ փաստաթուղթ պիտի լինի, բայց այդ փաստաթուղթը չպիտի պարունակի Արցախն Ադրբեջանի կազմում թեկուզ տեսական ձեւակերպում»,- ասել է նա: ԱՄՆ-ն այդ բանակցությունների առաջընթացի մասին է խոսել, սա ի՞նչ կարող է նշանակել. լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Թագուհի Թովմասյանը կարծիք է հայտնել, որ առաջընթացը վերաբերում է բանակցությունների կայացմանը: «Մեզ համար առաջընթաց կարող էր լինել, եթե կարողանայինք Արցախի ինքնորոշման հարցը ներառել այդ փաստաթղթում: Եթե մենք կարողանանք մեր միջազգային գործընկերների քաղաքական խոսույթը վերածել իրավական ձեւակերպումների, մենք կունենանք առաջընթաց: Ուրիշ առաջընթացի մասին ես չեմ կարող արձանագրել»,- նշել է պատգամավորը: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերին, խոսել 44-օրյա պատերազմի հետեւանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության մասին, նշել, որ արդյունավետ չէ իշխանության կողմից այդ գործընթացի իրականացումը: Նա ՀՀ դատախազության 2022 թվականի գործունեության տարեկան հաղորդման համատեքստում անդրադարձել է մարտի մեկի դեպքերի բացահայտմանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի խոստումը չի կատարվել, եւ մինչ օրս այդ գործն ամբողջությամբ բացահայտված չէ: Պատգամավորը տեղեկացրել է նաեւ իր նախաձեռնած ստորագրահավաքի մասին, որով աջակցություն է հայտնում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին: «Մենք պահանջում ենք, որ Բերձորի միջանցքից հեռացվի ապօրինի տեղադրված անցակետը, եւ վերանայվի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքների վրա»,- ընդգծել է Թագուհի Թովմասյանը:
13:17 - 04 մայիսի, 2023
Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է սկսել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը հեռացնելու պահանջով
 |armenpress.am|

Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է սկսել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը հեռացնելու պահանջով |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ստորագրահավաք է նախաձեռնել Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը հեռացնելու պահանջով։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թովմասյանը նշեց, որ այս ձևով իր աջակցությունն է հայտնում  «ՈՉ՝ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժմանը։ «Մենք պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը հեռացվի և Ադրբեջանի  ցեղասպան քաղաքականությանը վերջ տրվի։ Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հստակ իրողությունների վրա։ Մայիսի 3-ին մենք շատ կարճ ժամանակում ստորագրահավաքի ընթացքում 200-ից ավելի ստորագրություն ենք հավաքել, այսօր ավելի երկար ժամանակ կտրամադրեմ ակցիային։ Մայիսի 4-ին ժամը 12։00-ից լինելու եմ Շառլ Ազնավուրի հրապարակում մինչև 20։00-ն։ Նպատակ ունենք ավելի շատ ստորագրություններ հավաքել, որպեսզի համայն աշխարհին ապացուցենք, որ Հայաստանը և Հայաստանի քաղաքացին միասնական է և մենք չենք կարող երբևէ պատկերացնել կամ ընդունել այն տեսակետը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն։  Մենք այդ անհամաձայնությունն ենք հայտնում նաև փաստարկված, թղթի վրա։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի առնվազն պատասխանատվությունն է, որպեսզի  իր դժգոհության ձայնը բարձրացնի մեր հայրենակիցների նկատմամբ տեղի ունեցող իրավունքների խախտումների վերաբերյալ»,-ընդգծեց Թովմասյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ Արցախի 120 հազար քաղաքացի 4 ամսից ավելի գտնվում են պատանդի վիճակում, խախտված է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, կենսական ամենակարևոր իրավունքները, մատակարարումները պատշաճ տեղի չեն ունենում։ «Նույնիսկ թերսնման խնդիր կա երեխաների, ծերերի և հղի կանանց շրջանում, ինչը խայտառակ իրողություն է 21-րդ դարում։ Մենք պետք է շարունակենք մեր բողոքի ձայնը բարձրացնել ի լուր աշխարհի»,- եզրափակեց Թովմասյանը։
12:30 - 04 մայիսի, 2023
44-օրյան քննող հանձնաժողովը միայն պատերազմի հետևանքներից Փաշինյանին մաքրելու ուղղությամբ է աշխատում․ Թագուհի Թովմասյան
 |tert.am|

44-օրյան քննող հանձնաժողովը միայն պատերազմի հետևանքներից Փաշինյանին մաքրելու ուղղությամբ է աշխատում․ Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունն ուղիղ առնչվում է Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու իրողության ու ցանկության հետ։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Բոլոր հնարավոր ձևերով այդ հանձնաժողովի գործունեությունը նպաստում է և միտված է, որպեսզի Նիկոլ Փաշինյանին պատերազմի բոլոր հնարավոր հանցանքներից մաքրի։ Չի կարող իշխանությունը քննել իր ենթադրյալ հանցագործության վարկածը։ Սա ուղղակի աբսուրդ է», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սովորաբար քննիչ հանձնաժողովները գործիք են լինում ընդդիմության ձեռքին և ոչ թե իշխանության։ Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած տարեկան զեկույցին՝ Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ վերջին 5 տարիների ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել «Մարտի 1»-ի գործի բացահայտման հարցում։ «Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ դա «ուչաստկովի» մակարդակի բացահայտման գործ է, և հենց երկրում եղավ իշխանափոխություն «Մարտի 1»-ի գործն անխուսափելիորեն կբացվի», - նշեց Թովմասյանը՝ հավելելով, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, սակայն տվյալ գործն այդպես էլ չբացահայտվեց։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:03 - 04 մայիսի, 2023
Հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան |aysor.am|

Հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցային գործընթացը չի կարող բխել Արցախի շահերից: «Ադրբեջանը մոտենում է իր օրակարգով, որը չի բխում Հայաստանի ու Արցախի շահերից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ չկա այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի տարանջատելով Արցախյան հակամարտությունը հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ ստանալ բարենպաստ լուծում. անհնար է: «Եթե նայեք այսօրվա կառավարիչների խոսույթը՝ բոլորը  փորձում են առաջ տանել հետևյալ թեզը՝  Հայաստանը  որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում,  Հայաստանի հետ հարց չունեք, գնացեք, Ստեփանակերտի հետ խոսեք:  Հիմա հրապարակային ասում են՝  ձեռքերը լվանում են Արցախից», - նշեց Մամիջանյանը: Ըստ նրա ՝ հիմա բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը պնդում է՝ ղարաբաղյան  հակամարտությունը երբևէ չի հանդիսացել տարածքային վեճ, ՀՀ որևէ ղեկավար երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում:
12:47 - 02 մայիսի, 2023
Խնդիրը շատ հստակ է՝ անցակետ չպետք է լինի, ու վերջ. Աբրահամյան

Խնդիրը շատ հստակ է՝ անցակետ չպետք է լինի, ու վերջ. Աբրահամյան

Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Խնդիրը շատ հստակ է՝ անցակետ չպետք է լինի ու վերջ: Այդպես է գրված նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթում: Իսկ քննարկումներն այն մասին, թե անցակետում ինչպես պետք է բաշխվի ռուսական և ադրբեջանական գործառույթները, ով, որ դեպքում ինչպես պետք է գործի, առհասարակ հայկական կողմի համար չարիք են: Այդ թեմայով բանակցելու բան չկա: Միգուցե այլ թեմաներում փոխզիջման հնարավորություն կա, սակայն կոնկրետ անցակետի հարցում պետք է լինել անզիջում, որովհետև եթե այն սկսեց գործել, ապա ամեն ինչ արագ կավարտվի»,- գրել է Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
10:18 - 26 ապրիլի, 2023
Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում ՀՀ-ում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում
 |armenpress.am|

Պատգամավորը ԵՄ քաղաքականության փոփոխություն է ակնկալում ՀՀ-ում տեղակայված դիտորդների զեկույցների արդյունքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ընդգծում է, որ ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա: Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ապրիլի 11-ին ադրբեջանական ուժերի հերթական սադրանքի պահին Հայաստանում տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները տեղում չեն եղել: «Որևէ մեկի մոտ տպավորություն թող չստեղծվի, թե ես դեմ եմ ԵՄ դիտորդական առաքելությանը, բացարձակապես ոչ, ես կողմ եմ ցանկացած միջազգային երաշխիքի, որը Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնում է»,-ասաց Մամիջանյանը: Սակայն նա ընդգծեց, որ նախորդ անգամ ԵՄ՝ 2-ամսյա դիտորդական առաքելության ընթացքում եղել են 15-ից ավելի հրադադարի ռեժիմի խախտումներ: «Դրանց արտացոլումը կամ արձանագրումը մենք չենք տեսել որևէ հրապարակային փաստաթղթում: Դրա արդյունքում քաղաքականության փոփոխություն մենք չենք տեսել»,-ասաց պատգամավորը: Եվ հենց այդ պատճառով ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի միջխորհրդարանական ձևաչափի ընդունած հայտարարության մեջ Մամիջանյանի առաջարկով ներառվել է հետևյալ կետը, որ ԵՄ քաղաքականության որոշումը պետք է իրագործվի դիտորդական առաքելության տրված զեկույցների հիման վրա: «Եթե այդ զեկույցները հրապարակային չեն, ապա մենք առնվազն պետք է տեսնեինք, որ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այլևս չի գովաբանի Ադրբեջանի իշխանություններին: Եվրոպական Միության որոշում կայացնողները, քաղաքական պաշտոնյաներն առնվազն իրենց բանավոր խոսքի և քաղաքականության մշակման մեջ կարտացոլեն այն փաստը, որ իրենց իսկ դիտորդական առաքելության արձանագրմամբ՝ ադրբեջանական կողմը, ինչպես նաև նախորդ 30 տարիների ընթացքում, հանդիսանում է ագրեսոր»,-նշեց Մամիջանյանը:
14:44 - 14 ապրիլի, 2023
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ Հայկ Մամիջանյանը, ողջունելով դեսպանին, կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: «Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են` Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը: Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
09:38 - 07 ապրիլի, 2023
Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան Աբրահամյան
 |azatutyun.am|

Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում․ Տիգրան Աբրահամյան |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի կողմից Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում, նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ գուցե Ադրբեջանի կոշտ դիրքրոշման հակառակը Բաքվի հետ երկխոսություն սկսելն է: Ադրբեջանի գերակայության պայմաններում համարել, որ Արցախը կարող է գնալ և հավասարը հավասարի հետ նստել բանակցել, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պարզապես տրամաբանական չէ։ Աբրահամյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Պարոն Աբրահամյան, Ադրբեջանը կոշտացնում է դիրքորոշումը, և գուցե դրա հակառակը երկխոսությունը սկսե՞լն է․ արդեն երկրորդ անգամ են Բաքու հրավիրում արցախյան պատվիրակությանը։ Աբրահամյան․ - Արցախի կողմից Բաքու գնալն ուղղակի կնշանակի Արցախի եղած այս խախուտ սուբյեկտայնության վերացում։ «Ազատություն»․ - Թե՞ հակառակը՝ գնալու են կլոր սեղանի շուրջ նստեն որպես սուբյեկ բանակցեն, ո՞ւմ հետ են բանակցելու, Արցախի իշխանությունների։ Աբրահամյան․ - Եղած պայմաններում՝ Ադրբեջանի գերակայության պայմաններում, համարել, որ Արցախը կարող է գնալ և հավասարը հավասարի հետ նստել, բանակցել, պարզապես տրամաբանական չէ։ Ավելին՝ այն օրակարգը, որ Ադրբեջանն է առաջ քաշում, դա որևէ ձևով չի խոսում Արցախի սուբյեկտայնության մասին, որովհետև Ադրբեջանը պարզ լեզվով նաև Հայաստանի հետ բանակցություններում ասում է, որ «Արցախի հետ կա քննարկելու մեկ հարց, դա Արցախի ադրբեջանացումն է», այսինքն՝ ինտեգրացիա ասվածը, հենց Արցախի ադրբեջանացմանն է վերաբերում, և պարզորոշ ձևով նշվում է, որ Արցախի հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։ Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է Բաքվում մեծ շոու կազմակերպել և իր հայտարարությունները փորձելու է փաթաթել արցախյան պատվիրակության վզին, և այստեղ ես պատահական չեմ համարում, որ արցախցիներն ամեն գնով դիմադրում են և փորձում են թույլ չտալ որևէ ձևի հանդիպում կամ ֆորմատ, որը կարող է տեղի ունենալ Բաքվում։ «Ազատություն»․ - Ուղղակի հակառակի՝ որևէ միջազգային աջակցությունն էլ չկա, հայկական կողմը, Դուք տեսնում եք, չի ստանում այդպիսի աջակցություն, էլ չեմ ասում ինքնորոշման իրավունք և այլն, այսինքն՝ աստեղ փակուղի է մտնում գործընթացը։ Աբրահամյան․ - Մեկ բան է, որ Հայաստանը չի ստանում, կամ հայ ժողովուրդը չի ստանում հավաքական առումով, մեկ այլ բան է հարցադրումը՝ թե իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը, որպեսզի այն, ինչ-որ ակնկալում ենք, որոշակի առումով բավարարվի։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
12:00 - 06 ապրիլի, 2023
Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի։ Նա նշեց, որ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։ Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։
13:28 - 05 ապրիլի, 2023
Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասարյանի թեկնածությունը, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։  Էդգար Ղազարյանը իր ելույթի ժամանակ ՔՊ-ին անվանեց «հանցավոր ռեժիմ», ինչը վրդովվեցրեց ՔՊ պատգամավորներին։ Վերջիններս կոչ արեցին Թագուհի Թովմասյանին ապահովելու նիստի բնականոն ընթացքը և թույլ չտալու նման որակավորումներ տալ։ Ելույթը մոտ տասը րոպե ընդհատվեց։ Թովմասյանը նշում էր, որ եթե Ղազարյանի ելույթում ՔՊ-ի համար վիրավորական արտահայտություն է եղել, պետք է դիմել դատարան։ Երբ Ղազարյանին հնարավորություն տրվեց շարունակելու ելույթը, նա ասաց․ «Գիտեմ, որ ԱԺ-ն ինստիտուցիոնալ մակարդակով է ղեկավարվում խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից․․․»։ Ինչից հետո ՔՊ պատգամավորները դարձյալ միջամտեցին։ Նրանց բողոքը ուղղված էր Թովմասյանին, քանի որ վերջինս չէր ընդհատում Ղազարյանի ելույթը, երբ վերջինս, ըստ իրենց, վիրավորում էր ՔՊ խմբակցությունը։ Թովմասյանը կոչ արեց Ղազարյանին որակավորումներ չտալու։ Ղազարյանը, դարձյալ սկսելով իր ելույթը, նշեց․ «Հիմա մենք ուղղակի ականատեսն ենք անհավասարակշիռ պահվածք դրսևորող խմբի դրսևորման․․․»։ Ելույթը դարձյալ ընդհատվեց, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով ԱԺ այս ծաղրածուին»։ «Այս իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։ Նման հայտարարություն արեց ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը՝ ավարտելով իր ելույթը, որտեղ ներկայացրեց, իր խոսքով, մի շարք ապօրինությունները, որոնք իրականացրել է իշխանությունը։ Նիստին ներկա իշխանական բոլոր պատգամավորները աղմուկ բարձրացրին՝ կոչ անելով Ղազարյանին ներողություն խնդրելու ժողովրդից։ «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։ Էդգար Ղազարյանը բացատրեց իր հայտարարությունը․ «2018թ․-ին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելը նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, ովքեր շահել են այդ իրադարձությունների արդյունքում։ 2018թ․-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարում, այսինքն՝ մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ներկայացված են այստեղ, տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը, այնուհետև այդ իշխանությունը շարունակում են պահել ապօրինական գործողությունների, բռնություններին, ինչպես ականատեսն ենք նաև, նման խուլիգանական վարքագծի հետևանքով, որը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին ու իրենց անձնական բարեկեցությանը։ Հետևաբար այդ զանգվածային խաբեությունը ես համարում եմ ՄԻՊ ընտրվելու իմ հիմնական առաքելություններից մեկը»։ Ապա Ղազարյանը նշեց, որ հենց մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզի «5000 մարդու մահվան պատճառը», ինչին ի պատասխան՝ ՔՊ-ից հորդորեցին զոհերի թիվը չավելացնել, ապա որոշեցին դուրս գալ նիստերի սենյակից, մինչ Ղազարյանը կավարտի իր ելույթը։ ՔՊ պատգամավորների դուրս գալուց հետո Ղազարյանը ասաց․ «Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր ամբողջ ժողովուրդը՝ Ազգային ժողովից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով, և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ»։
12:09 - 04 ապրիլի, 2023
Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

«Ո՞ւր է ընդդիմությունը»,- նման հարց ուղղեց Թագուհի Թովմասյանին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։  Թագուհի Թովմասյանն ընթերցեց ընդդիմության միակ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի կենսագրությունը, ինչից հետո էլ հարց ուղղեց Արթուր Հովհաննիսյանը։ Հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց, որ ընդդիմությունն ԱԺ-ում է, իր տեղում է, և եթե ՔՊ խմբակցության կեսը տվյալ դահլիճում է, որևէ լավ բանի մասին չի խոսում։ Արթուր Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ ՔՊ խմբակցությունում 71 պատգամավոր կա, բայց կեսը այդ սենյակում չէ։ Նա խայտառակություն որակեց այն, որ ընդդիմությունը ներկա չէ նիստին։ Գևորգ Պապոյանն էլ հարց ուղղեց, թե ով է գրել կենսագրության տեքստը։ Թովմասյանն ասաց, որ այն գրել է Էդգար Ղազարյանը, Պապոյանն էլ ասաց, որ իրա համար պարզ էր, քանի որ «նարցիզիզմով տառապող մարդու տեքստ էր դա, իսկ այս սենյակում, իր տպավորությամբ այդ հոգեվիճակում գտնվող մեկ մարդ կա»։ Այս արտահայտությանը տեղից արձագանքեց Էդգար Ղազարյանը, ինչը վրդովվեցրեց Արթուր Հովհաննիսյանին, և նա Թովմասյանին կոչ արեց «հավաքելու իրենց թեկնածուին», ինչից հետո լեզվակռիվ սկսվեց Թովմասյանի ու Հովհաննիսյանի միջև։ ՔՊ խմբակցության պատգամավորները, մասնավորապես, համաձայն չէին այն պնդման հետ, որ Ղազարյանին քաղաքական հայացքների համար հեռացրել են բուհից։ Հարց հնչեց, թե հնարավո՞ր է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորների բացակայությունն այն պատճառով է, քանի որ կոնսենսուս չկա՝ Էդգար Ղազարյանի թեկնածության շուրջ։ Թովմասյանը պատասխանեց, որը Զեմֆիրա Միրզոևան ԱՄՆ-ում է՝ գործուղման, իսկ Արեգնազ Մանուկյանը երեկ էլ ներկա չէր, գուցե հիվանդ է։
11:46 - 04 ապրիլի, 2023
ՀՀ ԱԺ ընդդիմադիր և Արցախի ԱԺ պատգամավորները հեռավար քննարկել են ստեղծված իրավիճակը և մարտահրավերները

ՀՀ ԱԺ ընդդիմադիր և Արցախի ԱԺ պատգամավորները հեռավար քննարկել են ստեղծված իրավիճակը և մարտահրավերները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի եւ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մասնակցությամբ մարտի 31-ին տեղի է ունեցել հեռավար քննարկում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ-ն։ Հեռավար քննարկմանը մասնակցել են Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, ԱԺ «Արցախի ժողովրդավարական» կուսակցություն խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը: Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակին եւ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
12:18 - 01 ապրիլի, 2023
Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան
 |news.am|

Ադրբեջանը պլացդարմ է ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար. Տիգրան Աբրահամյան |news.am|

news.am: Վերջին օրերին Սյունիքի հետ կապված մի կողմից բավական հակասական տեղեկատվություններ կան, մյուս կողմից իշխանությունը փորձում էր իրականությունը խեղաթյուրել. Ըստ էության, ապրիլի 1-ից տեղի է ունենալու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի երթուղու փոփոխություն: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Եթե 44-օրյա պատերազմից հետո Արցախից Հայաստան մուտքը Տեղ գյուղից էր, եւ այնտեղ 5 կմ-անոց միջանցքային տրամաբանությամբ բուֆերային գոտի էր ձեւավորված, որտեղ ադրբեջանական կողմը դիրքեր չուներ, նաեւ հայկական կողմը դիրքեր չուներ, ապա Կոռնիձորով ճանապարհի պարագայում Ադրբեջանը ժամկետից 2-3 օր առաջ եկել է եւ մեկնարկային առումով առավելություններ ստանալով դիրքավորվում է»,-ասաց նա: Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը սահմանագծի հատվածում դեպի Հայաստան 100-300 մետր առաջ է եկել, Աբրահամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ թե խնդիր է դրել 100 կամ 200 մետր մխրճում ապահովել, այլ եկել դիրքավորվել է այն հատվածներում, որն իր համար բարենպաստ է եւ իրեն հնարավորություն է տալու ինչպես ընթացիկ մարտական հերթապահության իրականացման,  այնպես էլ մարտական այլ խնդիրների իրականացման համար, այսինքն՝ հնարավոր պլացդարմ ձեւավորել հետագայում պլանավորվելիք գործողությունների համար: Ադրբեջանը դաշտ է նախապատրաստում բոլոր սցերաների համար: Այստեղ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ իշխանությունները, պարզապես հղում անելով Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություններին, սպասել են մինչեւ ապրիլի 1-ին, որ կարողանան իրար հետ ձեւավորել առաջնագիծը: Սա այն դեպքում, երբ հայտնի է, որ Ադրբեջանը նույնիսկ իր գրավոր պարտավորությունները չի կատարում: Օբյեկտիվ առումով որեւէ իշխանություն չէր կարող վստահություն ունենալ, որ Ադրբեջանը բանավոր պայմանավորվածությունը կկատարեր»:
14:43 - 31 մարտի, 2023
«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածություններն ու մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ: «Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետերում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում: Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»: Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր: Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի: Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նախընտրելի ու բարենպաստ հատվածներում: ԱԱԾ-ն նաև նշել է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», իսկ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ: Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը ՆՈՐՄԱԼ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ, համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 
11:39 - 31 մարտի, 2023
Էդգար Ղազարյանը ցանկանում է հանդիպել ՔՊ-ական պատգամավորների հետ

Էդգար Ղազարյանը ցանկանում է հանդիպել ՔՊ-ական պատգամավորների հետ

Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Էդգար Ղազարյանը։  «Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը»,- նշել է Ղազարյանը։  Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
12:42 - 30 մարտի, 2023