Շվեդիա

Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ
 |azatutyun.am|

Վաղը Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆինլանդիան երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վաղը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացվի Ֆինլանդիայի դրոշը։ Դա լավ նորություն է Ֆինլանդիայի, Հյուսիսային Եվրոպայի պետությունների, մեր ողջ դաշինքի համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունն «ավելի անվտանգ կդարձնի նաև հարևան Շվեդիան»։ Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին վերջին խոչընդոտները հաղթահարվեցին անցած շաբաթավերջին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց այս երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագիրը։ Ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցում, Անկարայի առարկությունները շարունակում են ուժի մեջ մնալ։
16:08 - 03 ապրիլի, 2023
Հայաստանի ձգտումն է՝ բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի ձգտումն է՝ բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների դինամիկ զարգացումը: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում և, իհարկե, նաև նախագահի նստավայրում: Այս առիթն օգտագործելով՝ ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ համագործակցության և աջակցության համար: Այս երեսուն տարիների ընթացքում հայ-շվեդական հարաբերություններն իրենց զարգացումն են ապրել, որոնք հիմնված են եղել հստակ սկզբունքների և արժեքների վրա, դրանք ժողովրդավարական ինստիտուտներն են, մարդու իրավունքները և, իհարկե, ազատությունների պահպանումը: Ես համոզված եմ, որ այսօրվա ձեր այցելությունն էլ կնպաստի և մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, և, իհարկե, դուք ևս մեկ անգամ հնարավորություն կունենաք շփվելու երկրի ղեկավարության և ձեր գործընկերների հետ: Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանությունների ձգտումը մեկն է՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և բանակցությունների միջոցով վերջնական խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ»,- ասել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բյորն Սյոդերն իր խոսքում նշել է. «Շնորհակալություն ընդունելության համար, մեզ համար պատիվ է Ձեզ հետ հանդիպել: Ինչպես գիտեք, մենք ներկայացնում ենք Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը, որը նախկինում համեմատաբար փոքրաթիվ էր: Խորհրդարանական ընտրություններից հետո մեր բարեկամական խումբը համալրվեց նոր անդամներով: Կարծում եմ՝ սա վկայում է Շվեդիայում Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: Անշուշտ, մենք նաև շատ ենք կարևորում միջխորհրդարանական համագործակցությունը»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հայ-շվեդական փոխգործակցության օրակարգի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, այնպես էլ Եվրամիության հարթակում երկու երկրների համագործակցության սերտացման ուղիներն ու հեռանկարները: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին, շվեդ խորհրդարանականներին մանրամասներ է հայտնել ավելի քան երեք ամիս ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման վերաբերյալ: Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման հեռանկարին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ առանց նախապայմանների բարիդրացիական հարաբերությունների հաստատման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանների բացման իր դիրքորոշմանը:
16:04 - 03 ապրիլի, 2023
Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում. Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում. Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԺ-ից։ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: «Միշտ հիշենք եւ երբեք չմոռանանք: Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար». այսպիսի գրառում է կատարել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պատվիրակության կազմում է նաեւ ազգությամբ հայ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Անրի Կարապետը, որը նույնպես գրառում է կատարել հուշամատյանում. «Մենք երբեք չենք մոռանա, մենք պետք է միշտ հիշենք եւ պահանջենք»:
17:15 - 01 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հասնել մինչև հուլիս, երբ Վիլնյուսում տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը։ Այդ մասին հաղորդում է POLITICO թերթում հրապարակված հարցազրույցը: «Իմ նպատակը նախկինի նման այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո (խմբ.՝ մայիսին), բայց մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, մենք կարողանանք վավերացնել նաև Շվեդիայի անդամակցությունը», - ասել է նա։ Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի: POLITICO-ն նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը շատ տարիների ընթացքում առաջին անգամ սպառնալիքի տակ է հայտնվել: Ստոլտենբերգը շեշտել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիան: Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցությունը, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտն է հանդիսանում Թուրքիան: Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները բարդացել են Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպի պատճառով: Ըստ Ստոլտենբերգի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության բնակչության 96%-ը կապրի ՆԱՏՕ-ի երկրներում։ Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը միաձայն վավերացրել է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այսպիսով՝ ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով 2022թ. հուլիսի 5-ին մեկնարկած ընթացակարգերը հասան վերջնակետին՝ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ է։ ՆԱՏՕ-ին միանալու համար ընթացակարգեր է սկսել նաև Շվեդիան, սակայն վերջինիս անդամակցությունը չի վավերացրել 2 երկիր՝ Հունգարիան և Թուրքիան։
13:52 - 31 մարտի, 2023
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն |shantnews.am|

Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն |shantnews.am|

shantnews.am: Ֆինլանդիայի նախագահ և վարչապետ Սաուլի Նիինիստոն և Սաննա Մարինն ասել են, որ սպասում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Ուրբաթ գիշեր ՆԱՏՕ-ի 30 երկրներից վերջինը՝ Թուրքիան, վավերացրել է դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը։ «ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները վավերացրել են Ֆինլանդիայի անդամակցությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանցից յուրաքանչյուրին վստահության և աջակցության համար: Ֆինլանդիան կլինի ուժեղ և ունակ դաշնակից, որը հավատարիմ է Դաշինքի անվտանգությանը: Ֆինլանդիան այժմ պատրաստ է միանալ ՆԱՏՕ-ին: Մենք անհամբեր սպասում ենք ողջունելու Շվեդիային, որը կմիանա մեզ որքան հնարավոր է շուտ»,- գրել է Նինիստյոն Twitter-ում։ «Ֆինլանդիայի դիմումն արդեն վավերացվել է բոլոր անդամ երկրների կողմից, և Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Շնորհակալություն բոլոր երկրներին գործընթացի ընթացքում աջակցության համար: Որպես դաշնակիցներ մենք ստանում և ապահովում ենք անվտանգությունը: Մենք պաշտպանում ենք միմյանց: Ֆինլանդիան այժմ և ապագայում աջակցում է Շվեդիային և աջակցում է երկրի անդամակցության դիմումին», – գրել է Սաննա Մարինը թվիթերում։ Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, հեռացան երկար տարիների ռազմական չեզոքությունից և 2022 թվականի մայիսի 17-ին դիմեցին ՆԱՏՕ-ին։ 2023 թվականի սկզբին ՆԱՏՕ-ի 30 երկրներից 28-ը հաստատել են երկու հայտերը, սակայն Հունգարիան և Թուրքիան ցանկանում էին շվեդական հայտը դիտարկել ֆիննականից առանձին։
11:00 - 31 մարտի, 2023
ԵՄ-ում քննարկում են Շենգենյան գոտում էլեկտրոնային վիզաներ տրամադրելու հարցը

 |aravot.am|

ԵՄ-ում քննարկում են Շենգենյան գոտում էլեկտրոնային վիզաներ տրամադրելու հարցը |aravot.am|

aravot.am: Եվրամիության անդամ երկրների դեսպաններն այսօր համաձայնեցրել են ԵՄ Խորհրդի բանակցային մանդատը՝ վիզային ռեժիմի թվայնացման առաջարկի վերաբերյալ: Առաջարկը ենթադրում է վիզայի համար առցանց դիմելու հնարավորություն և ներկայումս գործող սոսնձվող վիզան փոխարինվում է թվային վիզայով: Այս քայլը նպատակ ունի ավելի արդյունավետ դարձնել վիզայի դիմումի ընթացակարգը և բարելավել Շենգենյան գոտու անվտանգությունը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ: «Թվային Շենգենյան վիզան կհեշտացնի օրինական ճանապարհորդների համար դիմելու գործընթացը և միևնույն ժամանակ կօգնի առավել անվտանգ դարձնել Շենգենյան գոտին: Առցանց դիմումները կնվազեցնեն ճանապարհորդների համար դեպի հյուպատոսություն այցելությունների քանակը և կհեշտացնեն գործընթացը ազգային վարչակազմերի համար: Միևնույն ժամանակ, թվային վիզան վերջ կդնի սոսնձվող վիզայի կեղծման և գողության ռիսկին»,- ասել է Շվեդիայի միգրացիայի հարցերով նախարար Մարիա Մալմեր Շտեներգարդը: Առաջարկվող նոր կանոնների համաձայն կստեղծվի վիզայի դիմումների հարթակ։ Շենգենյան վիզաների համար բոլոր դիմումները կկատարվեն այդ հարթակի՝ մեկ կայքի միջոցով, որը դրանք կուղարկի համապատասխան ազգային վիզային համակարգեր։ Այդ հարթակում վիզայի դիմորդները կկարողանան ներկայացնել բոլոր համապատասխան տվյալները, բեռնել իրենց ճանապարհորդական և օժանդակ փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները և վճարել վիզայի վճարները: Նրանք նաև կտեղեկացվեն վիզայի վերաբերյալ որոշումների մասին: Հյուպատոսություն անձամբ ներկայանալը անհրաժեշտ կլինի միայն առաջին անգամ դիմողների համար, այն անձանց համար, որոնց կենսաչափական տվյալներն այլևս վավեր չեն, ինչպես նաև նոր ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձանց համար:Շարունակությունը՝ aravot.am-ում
13:24 - 29 մարտի, 2023
Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ
 |armenpress.am|

Հայաստանի և Արցախի դրոշներ, Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով պաստառ՝ Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ |armenpress.am|

armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Շվեդիա-Ադրբեջան հանդիպման ժամանակ հանդիպմանը ներկա հայ երկրպագուներն ակցիա են իրականացրել՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու պահանջով։ Խաղի ընթացքում երկրպագուները Հայաստանի և Արցախի դրոշներ են պարզել, ինչպես նաև մեծ պաստառ, որի վրա գրված է եղել․ «Դադարեցրեք Արցախի շրջափակումը»։ Ի դեպ, այդ խաղում Ադրբեջանի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել։ Շվեդիայի հավաքականը 5 անպատասխան գնդակ է ուղարկել ադրբեջանցիների դարպասը։ 38-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Էմիլ Ֆորսբերգը, 65-րդ րոպեին Բեհլուլ Մուսատաֆազադեն դարձել է ինքնագոլի հեղինակ, 79-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձրել Վիկտոր Գյոկերեսը, 88-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Յասպեր Կարլսոնը, մեկ րոպե անց էլ աչքի է ընկել Անտոնի Էլանգան։  Ադրբեջանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն էր կրել նաև որակավորման փուլի առաջին խաղում՝ 4-1 հաշվով զիջելով Ավստրիայի հավաքականին։  
10:30 - 28 մարտի, 2023
Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան այսօր Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ին Սկանդինավյան երկրների անդամակցության հարցը

 |factor.am|

Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան այսօր Բրյուսելում կքննարկեն ՆԱՏՕ-ին Սկանդինավյան երկրների անդամակցության հարցը |factor.am|

factor.am: Բրյուսելում այսօր տեղի կունենա ՆԱՏՕ-ին Ստոկոլմի և Հելսինկիի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը, գրում է almayadeen-ը։ Թուրքիան և Հունգարիան մնում են ՆԱՏՕ-ի միակ անդամները, որոնք դեռևս չեն վավերացրել Սկանդինավյան երկրների հայտերը։ Ստոկհոլմում թուրքական ղեկավարության դեմ ցույցերը և Ղուրանի այրումը յուղ լցրեցին կրակի վրա՝ է՛լ ավելի խորացնելով խզումն ու լարվածությունը Թուրքիայի և Շվեդիայի միջև:  Անկարան դատապարտեց միջադեպը և հայտարարեց, որ չի աջակցի Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում՝ դադարեցնելով բանակցությունները, մինչդեռ Ֆինլանդիայի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը կարող է տարբեր լինել, եթե այդ երկիրը միայնակ դիմի դաշինքին անդամակցության հարցով։ Բացի այդ, Անկարան երկու երկրներից պահանջում է արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը փոքր-ինչ մեղմացավ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո։ Փետրվարի վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ պայմանավորվել են վերսկսել բանակցությունները։
17:09 - 09 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ

Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում գրանցված ձեռքբերումներին և այդ համատեքստում ընդգծել ՀՀ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության դերը, որի տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվեց ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության հարցեր։ Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրամայականը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կարևորությունը:
18:59 - 03 մարտի, 2023
Բլինքենը վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին
 |armenpress.am|

Բլինքենը վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին: Անկարայում նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր չէ: Մենք աջակցում ենք նրանց հնարավորինս շուտ անդամակցությանը դաշինքին… Նրանց զինված ուժերն առանց ձգձգումների փոխգործակցում են դաշինքի ուժերի հետ: Մենք վստահ ենք, որ շուտով կողջունենք այս երկու երկրներին դաշինքում: Երբ դա տեղի ունենա, ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի անվտանգությունը կամրապնդվի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի», - հայտարարել է Բլինքենն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացված մամուլի ասուլիսում։ Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հասկանում Է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվության հետ կապված Անկարայի անհանգստությունը և աշխատելու է այդ ուղղությամբ։ Բլինքենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցություն ցուցաբերել Թուրքիային երկրաշարժերի հետևանքները վերացնելու գործում այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին տեղեկացրել էր Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունն առանձին քննարկելու պատրաստակամության մասին: «Նախագահ Էրդողանն անցյալ շաբաթ Ստոլտենբերգին հայտնել Է, որ մենք կարող Էինք այլ դիրքորոշում ունենալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության նկատմամբ», - ասել է թուրք դիվանագետը։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան անցած մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել դաշինքին միանալու վերաբերյալ։ Սկզբում Թուրքիան արգելափակել Է այս հայտերի քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան:
17:17 - 20 փետրվարի, 2023
Հելսինկին հույս ունի, որ արդեն Վիլնյուսի գագաթնաժողովին Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին |azatutyun.am|

Հելսինկին հույս ունի, որ արդեն Վիլնյուսի գագաթնաժողովին Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն կարծում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ մինչև Վիլնյուսում այս հուլիսին կայանալիք դաշինքի գագաթնաժողովը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Հելսինկիում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Հելսինկին և Ստոկհոլմը կատարել են դաշինքին միանալու բոլոր պահանջները, որոնք առաջ է քաշել Թուրքիան, որն արգելափակել է հյուսիսային երկու երկրների մուտքը ՆԱՏՕ և դեռ չի վավերացրել նրանց հայտերը։ «Այժմ մենք սպասում ենք արագ վավերացման գործընթացին, որը Ֆինլանդիային և Շվեդիային թույլ կտա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ Վիլնյուսի գագաթնաժողովում», - ասել է նա։ Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու 2022 թվականի մայիսին, սակայն Անկարան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով այս երկու երկրներից ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպությունները և արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։ Թուրքիայի և Շվեդիայի հարաբերությունները սրվել են հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրումից հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումին։ Այս պահին շվեդական հայտի վավերացման հետ կապված գործընթացը կասեցված է։
10:20 - 14 փետրվարի, 2023
ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում շվեդական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր: Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Swedish International Development Cooperation Agency - SIDA) փորձառությունը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել փոխհամագործակցության հնարավորությունը վաղ մանկության, համընդհանուր ներառական և միջին մասնագիտական կրթության զարգացման ուղղություններով: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ հայ-շվեդական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացը կատարելագործելու և կայուն զարգացումն ապահովելու նպատակով նախարարն առաջարկել է ընդլայնել «Erasmus+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հատկապես ընդգծվել է «ArtNexus» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ մշակութային քաղաքականության զարգացման և Հայաստանի, Շվեդիայի և լայն առումով եվրոպական երկրների հետ մշակութային երկխոսության ու մշակութային կապերի զարգացման համատեքստում։  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում դեսպանին առաջարկել է շվեդական համալսարաններից մեկում հայագիտական կենտրոն ունենալու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ մատնանշելով, որ նախարարությունը հետևողական գործունեություն է ծավալում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ. «Այսօր  արտերկրում գործող շուրջ մեկ տասնյակ հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստանում են ֆինանսավորում»: Դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհավորելով Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և կառուցողական զրույցի համար: Դեսպանը բարձր է գնահատել նախարարի նախանշած ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ շվեդական կողմը միշտ պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա՝ նշելով, որ խախտվել է ավելի քան 30.000 երեխաների կրթության իրավունքը: Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ընդգծված բացասական հետևանք է բոլոր ոլորտների վրա: Այս համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ միջազգային կառույցները հասցեական քայլեր կձեռնարկեն՝ խնդիրն օր առաջ կարգավորելու համար: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
15:44 - 03 փետրվարի, 2023