Հնդկաստան

Գնել Սանոսյանը և Հնդկաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են համագործակցության խնդիրներին

Գնել Սանոսյանը և Հնդկաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձել են համագործակցության խնդիրներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարարն ընդգծել է՝ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և ներկայում, տարբեր ոլորտներում այդ հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով, առկա է էլ ավելի մեծ ներուժ․ «Հայաստանում շատ բարձ է գնահատվում Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելու այս բարձր տեմպը։ Ինչպես ՀՀ Կառավարությունը, այնպես էլ ՏԿԵ նախարարությունը պատրաստ են մեծ ներդրում, մասնակցություն ունենալ այս գործընթացում»,- ասել է Սանոսյանը։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ իր հերթին ընդգծելով հայ-հնդկական ջերմ հարաբերությունների, փոխգործակցության զարգացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցերի։ Կարևորվել է հայաստանյան տարբեր շինարարական մրցույթներում հնդկական ընկերությունների ներգրավման անհրաժեշտությունը։  
16:26 - 31 հուլիսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում «զենք չվաճառել Հայաստանին»
 |azatutyun.am|

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում «զենք չվաճառել Հայաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ։ Հաջիևը նշել է, որ Բաքուն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Նա խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումների մասին, որոնց համաձայն, «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան»: Հաջիևն ասել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»: Դա, ըստ Հաջիևի, խոչընդոտում է կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։ Դեսպանը խոստացել է ադրբեջանական կողմի արծարծած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը և կարևորել է երկու երկրների երկխոսությունը ծագող խնդրահարույց թեմաների քննարկման համար։ Նշենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ՝ նշելով, թե, իբր, Հնդկաստանը Իրանի տարածքով Հայաստանին զենք է մատակարարում։ 
17:31 - 26 հուլիսի, 2023
Հնդկաստանի անձրևներից առաջացած հեղեղաջրերը հասել են Թաջ Մահալի պատերին
 |armenpress.am|

Հնդկաստանի անձրևներից առաջացած հեղեղաջրերը հասել են Թաջ Մահալի պատերին |armenpress.am|

armenpress.am: Յամունա գետի ափերից դուրս հորդած հեղեղաջրերը Հնդկաստանի Ագրա քաղաքում հասել են Թաջ Մահալ դամբարանային համալիրի պատերին։ Այս մասին տեղեկացնում է Times of India պարբերականը։ Վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ հեղեղաջրերը ողողել են Թաջ Մահալի մերձակայքի այգին, որը գտնվում է Յամունայի ափին։ Ըստ դամբարանի պահպանման համար պատասխանատու Հնդկաստանի հնագիտական հետազոտությունների ինստիտուտի՝ ջուրը չի ներթափանցել Թաջ Մահալի նկուղային հարկաբաժիններ, ինչը կարող էր վտանգ ստեղծել 17-րդ դարի կեսերին կառուցված սպիտակ մարմարե շինության համար։ 1978 թվականին Յամունայի հորդացման ժամանակ Թաջ Մահալի 22 հարկաբաժիններ լցվել էին ջրով և ծածկվել գետի տիղմով։ Դրանից հետո գետի կողմից կառուցվեցին հատուկ շինություններ՝ դամբարանը հեղեղաջրերից պաշտպանելու նպատակով։ Սակայն Յամունայի հորդացումն այժմ վտանգ է ստեղծում Ագրայի այլ ճարտարապետական ​​և պատմական հուշարձանների համար: Ներկայում Յամունայի մակարդակը Մատհուրայի շրջանում հասել է 167,28 մ-ի, ինչը բարձր է 166 մ անվտանգ մակարդակից։ Հորդացման պատճառ են դարձել անձրևները, ինչպես նաև ջրի բացթողումը ջրամբարներից, որոնք հյուսիսային Հնդկաստանում մոլեգնած հզոր մուսոնային անձրևների պատճառով չափից ավելի են լցվել:
12:53 - 18 հուլիսի, 2023
Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան

Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի եւ աշխատակազմի ղեկավար դոկտոր Վարուն Սուտրայի հետ: Այս մասին հայտնել են Հայաստանի Ազգային ժողովից։   Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ: «Մեր պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը պատիվ ունեմ ես ղեկավարելու»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա տեղեկացրել է, որ վերջերս պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ մասնակցել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած «Ռաիսինա երկխոսություն» («Raisina Dialogue») 8-րդ միջազգային համաժողովին: «Տպավորված եմ այցից, որի շրջանակում նաեւ հանդիպել եմ Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլայի հետ: Այցի ընթացքում տեղի են ունեցել նաեւ մի շարք արդյունավետ եւ կառուցողական հանդիպումներ: Պետք է ասեմ, որ այցը բովանդակալից էր, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը` հավելելով, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ պրոֆեսոր Աչուտա Սամանտայի այցը նույնպես, ի թիվս բազում ծրագրերի, կնպաստի երկու երկրների միջեւ կրթության ոլորտում նորանոր միջբուհական միջոցառումների եւ ծրագրերի իրականացմանը: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով Հայաստանն ու Հնդկաստանն արդյունավետորեն համագործակցում են կրթության ոլորտում: Հնդիկ ուսանողներն ուսանում են Երեւանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Հայաստանի ագրարային համալսարանում: Հնդկաստանի Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի (KIIT) եւ սոցիալական գիտության (KISS) համալսարանի հիմնադիր պրոֆեսոր Աչուտա Սամանտան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության կարեւորությունը, որն ուղղված է հայ եւ հնդիկ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Հակոբ Արշակյանը ներկայացրել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքները, ստեղծված իրավիճակը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում: Նա խոսել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ գործողությունների, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին` նշելով, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ եւ Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում խաղաղ օրակարգի քաղաքականություն է որդեգրել: Պրոֆեսոր Աչուտա Սամանտան ներկայացրել է մասնագիտական ուսուցման առաջադեմ կենտրոնների` Կալինգայի արդյունաբերական տեխնոլոգիայի եւ Սոցիալական գիտությունների համալսարանների գործունեությունը: ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Ծովինար Վարդանյանը, տեղեկացնելով, որ վերջերս մասնակցել է Բուբանեսվարում կայացած G20 համաժողովի շրջանակում անցկացվող Y20 երիտասարդական համաժողովին, շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Աչուտա Սամանտային ընձեռված հնարավորության համար: Նա նշել է, որ երկու պետությունների միջեւ կրթական ոլորտում համագործակցության ընդլայնման համար առկա են մեծ հնարավորություններ: «Համաժողովի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ նշանավոր անձանց, տեսել եմ ձեր կատարած անգնահատելի աշխատանքը, որը ոգեշնչում է բոլորին: Ձեր նվիրվածությունն  աշխատանքին եւ այն բոլոր բարին, որ անում եք բացառիկ համեստությամբ կարիքավորների համար, անգնահատելի է»,- նշել է Ծովինար Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ այս այցը հնարավորություն կտա գտնելու ամուր կամուրջներ, որոնք կծառայեն երկու երկրներին: «Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները սկիզբ են առել քաղաքակրթության սկզբից: Երկու երկրներն էլ անցել են շատ դժվար ժամանակներ: Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, եւ այդ հարաբերությունները զարգանում են մեծ ակտիվությամբ: Հայաստանն այսօր դեռ գտնվում է իր անվտանգության խնդիրների լուծման գործընթացում: Ինչպես գիտեք, մեր կառավարության հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելն է, եւ չնայած բոլոր դժվարություններին` մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է մեր միջազգային գործընկերների աջակցությունն այս գործընթացում»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ պատիվ ունի մեծ պատասխանատվությամբ ընդունելու KIIT եւ KISS համալսարանների միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ դառնալու առաջարկը: Ծովինար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հայ ուսանողներին KIIT-ում լիարժեք կրթաթոշակով սովորելու ընձեռված հնարավորության համար:
16:21 - 11 հուլիսի, 2023
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հուլիսի 3-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության պետ Սումիթ Սեթի գլխավորած պատվիրակությանը: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակա խնդիրները, երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գերատեսչությունների կազմում գործող քաղաքականության մշակման և պլանավորման վարչությունների հիմնական գործառույթներին: Կողմերն ընդգծել են երկկողմ բարեկամական հարաբերությունների աճող դինամիկան, քննարկել հայ-հնդկական բարձր մակարդակի շփումների, միջգերատեսչական կապերի ակտիվացման և քաղաքական երկխոսության օրակարգի կարևորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ ջանքեր ներդնել պետությունների միջև հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ինչպես նաև երկկողմ տնտեսական, մշակութային, կրթական կապերի ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկրների միջև հաղորդակցության կապուղիների հաստատման խթանմանը: Նախարարի տեղակալ Սաֆարյանը հնդկական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից վերջին շրջանում և առ այսօր իրականացվող ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի շուտափույթ հաղթահարման կարևորությունը։
16:40 - 03 հուլիսի, 2023
ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

ՊԵԿ նախագահը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ

Հունիսի 22-ից 24-ը Բրյուսելում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի 141-րդ և 142-րդ տարեկան նստաշրջանների շրջանակում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի, Ճապոնիայի և ԱՄՆ գործընկերների հետ։ Այս մասին հատնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։ «ՀՀ ՊԵԿ նախագահը և Հնդկաստանի կառավարության անուղղակի հարկերի և մաքսերի կենտրոնական խորհրդի նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր։ Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում կողմերի միջև մաքսային բնագավառում փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանման համար։  Ճապոնիայի ֆինանսների նախարարության Մաքսային և սակագնային բյուրոյի գլխավոր տնօրեն Քենջի Սուազոնոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ճապոնական կողմը ներկայացրել է ուղևորային մաքսային հսկողության նորարարական մեթոդները և փոստային առաքանիների նկատմամբ մաքսային վարչարարության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը տարածաշրջանում կանխելու գործում Ճապոնիայի մաքսային ծառայութան շնագիտական կենտրոնի գործունեությանը և փորձին։  ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBP) պատվիրակության հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մաքսային մարմինների  փոխադարձ օգնության մասին համաձայնագրի փոխհամաձայնեցման ընթացքը և կարևորել վերջինիս շուտափույթ ստորագրման անհրաժեշտությունը, ինչպես նաև ուրվագծել հետագա համագործակցության հեռանկարները: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը ՀՄԿ շրջանակում հետագա փոխգործակցության  ընդլայնման ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում։
11:38 - 26 հունիսի, 2023
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է տիկին դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նրա ակտիվ գործունեության արդյունքում հայ-հնդկական հարաբերությունները տարբեր ուղղություններով կշարունակեն զարգանալ: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հնդկաստանի հետ կապերի ընդլայնմամբ, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է Երասխում ադրբեջանական կրակի հետևանքով օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի կառուցման շինաշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացու վիրավորվելու դեպքին և շուտափույթ ապաքինում մաղթել նրանց: Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Երասխում վիրավորված Հնդկաստանի քաղաքացիների առողջական խնդիրներին հետամուտ լինելու և ցուցաբերված ուշադրության համար: Զրուցակիցները քննարկել են բիզնես կապերի ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և սերտ կապերի ամրապնդումը:
17:11 - 16 հունիսի, 2023
Հնդկաստանը Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին
 |hetq.am|

Հնդկաստանը Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել մասնակցելու G-20-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Հնդկաստանը, որպես G20-ը նախագահող երկիր, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել մասնակցելու քսանյակի գագաթնաժողովին, որն այս տարի սեպտեմբերին կկայանա Նյու Դելիում։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։   «Ոչ»,- ասել է հնդիկ քաղաքական գործիչը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանը Զելենսկուն հրավիրել է քսանյակի գագաթնաժողովին։ «Մեր կարծիքով, G20-ի գագաթնաժողովին մասնակցում են G20-ի անդամ երկրները և երկրներ ու կազմակերպություններ, որոնց մենք հրավիրել ենք։ Մենք հրավիրվածների ցուցակը հայտարարեցինք G20-ում նախագահությունը ստանձնելուց անմիջապես հետո»,- նշել է Ջայշանկարը։ Նա ընդգծել է, որ «դա այն հարցը չէ, որը վերանայվում է»։ «Եվ դա այն հարցն է, որը մենք որևէ մեկի հետ չենք քննարկել»,- հավելել է հնդիկ նախարարը։ Հնդկաստանը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից նախագահում է G20-ը։ Թվով 18-րդ գագաթնաժողովը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 9-10-ը Նյու Դելիում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանի առաջնորդի մասնակցության մասին որոշումը կընդունվի լրացուցիչ, բայց Պուտինը կարող է մասնակցել այդ հանդիպմանը։  G20-ի պաշտոնական կայքում նշված է, որ բացի մասնակից երկրների առաջնորդներից, գագաթնաժողովին հրավիրվել են նաև ևս 9 երկիր, որոնց թվում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Մավրիկիոսը, Նիդերլանդները, Նիգերիան, Օմանը, Սինգապուրը, Իսպանիան և ԱՄԷ-ն։
10:36 - 09 հունիսի, 2023