ԿԱՐԴԱԼԻՔ

Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները պատկերող ամենօրյա թարմացվող գործիք

Հայ-ադրբեջանական սահմանային սրացումները պատկերող ամենօրյա թարմացվող գործիք

Այս գործիքը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սրացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները՝ ամենօրյա թարմացմամբ։ Տվյալները վերցված են երկու երկրների Պաշտպանության նախարարությունների կայքերի անգլերեն բաժիններում հրապարակված հաղորդագրություններից։  Պաշտոնական հաղորդագրությունների վերլուծության արդյունքում եզրահանգել ենք, որ խոշոր էսկալացիաներին հաճախ նախորդում են տեղեկատվական արշավները։ Հետևապես գործիքը հնարավորություն է տալիս կատարել իրական ռազմական գործողությունների վերաբերյալ կանխատեսումներ և արդեն առկա տվյալների հիման վրա վերլուծություններ։    Ինչպես ենք հաշվել Լեզվական մոդելի միջոցով ընտրել ենք միայն այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են սահմանային սրացումներին, ինչպիսիք են կրակահերթերը, ռազմական տեխնիկայի կուտակումները, սադրանքները, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը, մարտական ​​գործողությունները, հրետակոծությունը, տեխնիկայի ոչնչացումը կամ պարզապես սրացումների մասին մյուս կողմի տարածած լուրերը հերքող հաղորդագրությունները։  Այնուհետև զտել ենք միայն այն լուրերը, որոնք ուղիղ նշում են Ադրբեջանը՝ որպես հակառակորդ կամ Արցախի պաշտպանության բանակը՝ որպես Հայաստանի դաշնակից, իսկ Հայաստանի և Արցախի պաշտպանության ուժերը՝ որպես Ադրբեջանի հակառակորդ։ Ընտրված հաղորդագրություններն այնուհետև բաշխել ենք՝ ըստ հրապարակման օրվա, որը թույլ է տվել հստակ պատկեր ստանալ ժամանակի մեջ միտումների մասին։ Ընդհանուր միտումը ցույց է տալիս սրացումների վերաբերյալ հաղորդագրությունների քանակն ըստ օրերի՝ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից: Ամիսներն ու տարիները բաշխված են X առանցքում, հաղորդագրությունների քանակը՝ Y առանցքում, իսկ գծապատկերի կետերը արտացոլում են երկու երկրների ՊՆ-ների հաղորդագրությունների թիվը: Գրաֆիկի գծերը ցույց են տալիս սրացումների մասին հրապարակումների միտումները՝ հարթեցված 10 օրվա միջին ցուցանիշով:   Հեղինակ՝ Յուրի ԱգաֆոնովԳիտաշխատող, Երևանյան միջազգային կրթության կենտրոն (YCIE), Scrapalyze Lab
22:06 - 30 սեպտեմբերի, 2024
Պատերազմից 4 տարի անց. կողմերի հռետորաբանության մասին տվյալների վերլուծություն

Պատերազմից 4 տարի անց. կողմերի հռետորաբանության մասին տվյալների վերլուծություն

44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, և մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանն անհանգիստ է: Ժամանակակից զինված հակամարտություններում գործողությունները ծավալվում են ոչ միայն «դաշտում», այլ նաև տեղեկատվական միջավայրում։ Երբեմն տեղեկատվական պատերազմն ավելի նշանակալի է լինում՝ էապես ազդելով կողմերի կարողությունների վրա: 2020 թվականի իրադարձությունները և ավելի ուշ սահմանային սրացումները բազմաթիվ հետքեր են թողել տեղեկատվական դաշտում՝ լրատվական և պաշտոնական հաղորդագրությունների տեսքով։ Թեև պաշտոնական հաղորդագրությունները հաճախ կողմնակալ են՝ ուղղված հասարակական կարծիքի ձևավորմանը և տեղեկատվական քարոզարշավներն աջակցելուն, բայց դրանք շարունակում են արժեքավոր աղբյուր մնալ երկարաժամկետ միտումները դիտարկելու, և կողմերի հռետորաբանական ռազմավարությունները վերլուծելու տեսանկյունից: Պատերազմին նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին հավաքված տվյալներն արդեն մեզ թույլ են տալիս հետահայաց և ավելի խորքային անդրադառնալ կողմերի հռետորաբանությանը՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների պաշտոնական հայտարարությունների վրա։ Սահմանային սրացումների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների ամենօրյա հրապարակումների քանակը՝ հարթեցված 10-օրյա միջին ցուցանիշով Այս գործիքը թույլ է տալիս հետևել սահմանային սրացումներին՝ ամենօրյա ռեժիմով։ Գործիքին առանձին հասանելիություն կարող եք ունենալ այստեղ։  Այս գծապատկերը ներառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զինված հակամարտությունների, սահմանային սրացումների և սադրանքների մասին բոլոր պաշտոնական հայտարարությունները (տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդաբանության մասին կարդացեք ստորև՝ «Ինչպես ենք հաշվարկել» բաժնում): Հորիզոնական կետագիծը ներկայացնում է Ադրբեջանի ՊՆ կողմից 2018 թվականից մինչ օրս հրապարակված հաղորդագրությունների միջին թիվը, որը կիրառվում է նաև որպես սկզբնակետ, քանի որ վերջին տարիներին ադրբեջանական կողմն է նախաձեռնել մի քանի խոշոր ռազմական բախումներ։ Գծապատկերը ցույց է տալիս, որ Ադրբեջանն էապես գերազանցում է Հայաստանին տեղեկատվական դաշտում՝ հատկապես առանցքային իրադարձությունների ժամանակ։ 2020 թվականի պատերազմի և 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի ՊՆ կայքում պաշտոնական հաղորդագրությունների թիվը գերակշռում է: Հայաստանն Ադրբեջանից առաջ է անցնում միայն մի քանի ուշագրավ դեպքերում. 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին և 2023 թվականի մայիսին հայ-ադրբեջանական սահմանային սրացումների և Սոթքի մերձակայքում տեղի ունեցած բախումների ժամանակ։  Ավելին, Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններին հաճախ նախորդում են ավելի փոքրամասշտաբ բռնկումներ կամ տեղեկատվական արշավներ։ Այդ արշավների նպատակը, մեծ մասամբ, հասարակական կարծիք ձևավորելն է, ռազմական ագրեսիան արդարացնելը, զորքերի տեղաշարժը քողարկելը կամ հարձակման պլանավորված ուղղությունից հակառակորդի ուշադրությունը շեղելը: Այս օրինաչափությունը հաստատում են նաև ակադեմիայում հրապարակված և ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերը՝ այդ թվում հայաստանյան:  2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի հարձակմանը, օրինակ, նախորդել է տեղեկատվական արշավը, որը մեղադրում էր Հայաստանին սադրանքների մեջ։ Միևնույն ժամանակ, 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ-ի վրա հարձակումից առաջ գործի դրվեց ինչպես տեղեկատվական արշավը, այնպես էլ իրական ռազմական գործողությունները: Պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունների վերլուծությունը նաև կարևոր է, քանի որ այն արտացոլում է երկու կողմերի պաշտոնական հռետորաբանությունը։ Այս վերլուծությունը բաղկացած է երկու մասից՝ առաջինն ընդգրկում է 2018-ից 2020 թվականների՝ 44-օրյա պատերազմին նախորդող և հաջորդող իրադարձությունները, իսկ երկրորդն արտացոլում է 2021 թվականից հետո ընկած ժամանակահատվածը՝ արտացոլելով ստատուս քվոյի փոփոխության հետևանքով հակամարտության դինամիկայի և հռետորաբանության փոփոխությունները։ Նկար 2-ում ներկայացված բառային ամպերը ցույց են տալիս երկու երկրների ՊՆ-ների հռետորաբանության մեջ գերակշռող թեմաները՝ 2018-ից 2020 թվականներին: Հայաստանի (ձախից) և Ադրբեջանի (աջից) հիմնական հռետորաբանությունը պատկերող բառային ամպեր, 2018-2020 թթ. Հայաստանի ՊՆ հռետորաբանության բառային ամպը մինչև 2020 թվականը հիմնականում արտացոլում է 44-օրյա պատերազմին առնչվող թեմաներ։ Այն արծարծում է երեք հիմնական թեմա՝ ադրբեջանական զինուժի գործողություններն ու կրած կորուստները, Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը և հանրությանը վստահեցնելու ջանքերը, որ իրավիճակը կայուն է, բայց լարված: Շոշափվում է նաև անօդաչու թռչող սարքերի թեման, որն այս պատերազմում Ադրբեջանին նշանակալի ռազմական առավելություն տվեց։ Ի հակադրություն սրա՝ Ադրբեջանի ՊՆ նույն ժամանակահատվածի բառապաշարն ավելի շատ կենտրոնացած է հարձակողական գործողությունների վրա: Հրապարակումներում գերակշռում են Արցախի ՊԲ ստորաբաժանումների ոչնչացման, ճշգրիտ հարվածների, ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին տեղեկությունները։ Բացի այդ, Ադրբեջանը հաճախ է գրում այն մասին, որ հայկական զինուժը հրետակոծում է իր տարածքը՝ օգտագործելով այդ տեղեկությունը՝ արդարացնելու իր պատասխան ռազմական քայլերը։ Բառային ամպերի համեմատությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ամպը զգալիորեն ավելի խիտ բառերից է բաղկացած, քան Հայաստանինը, ինչն էլ ամրապնդում է Ադրբեջանի գերիշխանությունը տեղեկատվական տարածքում: Հայաստանի ՊՆ-ն ավելի քիչ թվով, կարճ և ընդհանրական հրապարակումներ է արել, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է հաճախակի թարմացվող և մանրամասն տեղեկություններ պարունակող հայտարարություններ։ Քանի որ վերլուծված նյութերը վերցված են ՊՆ կայքերի անգլերեն բաժիններից, կարելի է ենթադրել, որ դրանք հիմնականում արտաքին լսարանին ուղղված տեքստեր են: Այսպիսով, Ադրբեջանի հռետորաբանությունը կարծես թե ավելի լավ է մշակված միջազգային լսարանի համար, մինչդեռ հայկական կողմի հաղորդագրություններն ավելի շատ նման են ներքին լսարանի համար պատրաստված տեքստերի ուղղակի թարգմանության, որոնք հարմարեցված չեն արտաքին համատեքստին: Հայաստանի (ձախից) և Ադրբեջանի (աջից) հիմնական հռետորաբանությունը պատկերող բառային ամպեր, 2021-2024 Երկու երկրների պաշտպանության նախարարությունների հռետորաբանության մեջ սկսում են նմանություններ նկատվել 2020 թվականի պատերազմից հետո։ Ինչպես նկատելի է 2021-2024 թվականների բառային ամպերից, երկու կողմերն էլ հաճախ են նշում սահմանային զինված բախումների և զորքերի կողմից փոքր զենքերի օգտագործման մասին: Հայաստանի ՊՆ-ն հաճախ հերքում է Ադրբեջանի հաղորդագրությունները՝ դրանք անվանելով ոչ ճշգրիտ, մինչդեռ Ադրբեջանը հետևողականորեն իր գործողությունները որակում է Հայաստանի կողմից  սադրանքների պատասխան։ Հետաքրքիր է, որ Հայաստանի ՊՆ հաղորդագրություններում հաճախ է նշվում ադրբեջանական զինուժի կողմից 2023 թվականի ամռանը Երասխի մետալուրգիական գործարանի գնդակոծման մասին։ Այս միջադեպի վրա շեշտադրումը, ըստ երևույթին, Հայաստանի համար ռազմավարական քայլ է՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և դիվանագիտական ​​աջակցություն ստանալու համար, քանի որ հատկապես ընդգծվում է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով օտարերկրյա ներդրողների շահերը վնասվել են։ Այս հռետորաբանական փոփոխությունը կարող է վկայել Հայաստանի տեղեկատվական ռազմավարության զարգացման մասին՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ ներգրավել արտաքին դերակատարներին, ինչը դժվար մարտահրավեր էր 2020 թվականին։ Սահմանային սրացումների և բախումների մասին պաշտոնական հաղորդագրությունների վերլուծությունը ոչ միայն ընդհանուր միտումներն է օգնում բացահայտել, այլև ուսումնասիրում է տարբեր իրադարձությունների միջև կապը: Օրինակ, հատկապես հետաքրքիր է համեմատել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների դինամիկան նրանց իրականացրած զորավարժությունների ֆոնին: Այս համեմատությունը տեղին է՝ հաշվի առնելով, որ զորավարժությունները հաճախ նպատակաուղղված են զորքերը հատուկ գործողությունների նախապատրաստելու և անհրաժեշտ ռեսուրսները թաքնված կերպով կենտրոնացնելու համար: Մինչ վերլուծելը պետք է հաշվի առնել մի քանի նկատառում. նախ, յուրաքանչյուր զորավարժության վերաբերյալ սովորաբար հրապարակվում է մի քանի հաղորդագրություն, ուստի մի իրադարձության մասին մի քանի հրապարակումները կարող են ստեղծել տեղեկատվական խիտ հոսք՝ ավելացնելով հիշատակումների հաճախականությունը: Երկրորդ, հավանական է, որ որքան կարևոր և բազմատեսակ է զորավարժությունը, այնքան ավելի շատ  հաղորդագրություններ կլինեն դրա վերաբերյալ: Երրորդ, իրական մարտի ժամանակ զորավարժությունների մասին հաղորդագրությունները սովորաբար նվազում են կամ ամբողջությամբ անհետանում, քանի որ առաջնահերթությունը տրվում է առաջնագծի իրադարձություններին, նույնիսկ եթե զորավարժությունները շարունակվում են ռազմական գործողություններին զուգահեռ: Չնայած այս նկատառումներին՝ մենք կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունների նվազումը, հավանաբար, վկայում է դրանց բացակայության մասին՝ հնարավոր ռազմական գործողությունների նախապատրաստման կամ մեկնարկի պատճառով: Կարելի է նաև հակառակ տրամաբանությամբ դիտարկել. զորավարժությունների ակտիվացումը կարող է վկայել ինչպես զորքերի, այնպես էլ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին: Վերջին պատերազմների ընթացքում բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, երբ զորավարժությունները քողարկել են զորքերի նախապատրաստումն ու դիրքավորումը հակամարտության համար: Կարելի է հիշել 2008 թվականին Ռուսաստանի պատերազմը Վրաստանի դեմ կամ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկը։ Այս համատեքստում մենք համեմատել ենք սահմանային սրացումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունների դինամիկան ադրբեջանական բանակի զորավարժությունների և Ադրբեջանի տարածքում ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մասին հաղորդագրությունների հետ։ Արդյունքները պատկերված են ստորև ներկայացված գծապատկերում: Սահմանային սրացումների և զորավարժությունների վերաբերյալ հաղորդագրությունների ամենօրյա համեմատություն՝ հարթեցված 10-օրյա միջինով Ինչպես հստակ երևում է Ադրբեջանի ՊՆ տվյալների հիման վրա կազմված այս գրաֆիկից, յուրաքանչյուր խոշոր ռազմական բախմանը նախորդել է ինտենսիվ զորավարժությունների շրջան։ Մինչև 2020 թվականի պատերազմը Ադրբեջանն իր ստորաբաժանումներով ակտիվորեն վարժանքներ էր անցկացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները այդ ամառ նույնպես լցված էին զորավարժությունների մասին լուրերով` մատնանշելով ամառ-աշունը՝ որպես զորքերի լայնածավալ պատրաստության տրամաբանական շրջան: Սակայն, երբ սա դիտարկում ենք այն համատեքստում, որ Ադրբեջանի յուրաքանչյուր խոշոր ռազմական գործողությանը նախորդել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները Ադրբեջանի տարածքում, զորավարժությունների և սահմանային սրացումների միջև կապը դժվար է անտեսել: Այդ մասին է վկայում նաև թուրքական զորամիավորումների, մասնավորապես F-16 կործանիչների և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի առկայությունը Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ժամանակ։   Ամփոփում:  Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սրացումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս. Հայաստանի հետ համեմատած՝ Ադրբեջանը կայուն գերիշխել է տեղեկատվական տարածքում՝ հրապարակելով ռազմական գործողությունների մասին մանրամասն և արտաքին լսարանին թիրախավորող հաղորդագրություններ։ Խոշոր էսկալացիաներին հաճախ նախորդել են ավելի փոքրամասշտաբ միջադեպեր կամ տեղեկատվական արշավներ։ Օրինակ՝ մինչև 2020-ի պատերազմը և 2023-ին ԼՂ վրա հարձակումը Ադրբեջանը ծառայեցնում էր հայկական սադրանքների մասին համակարգված հռետորաբանությունը՝ որպես իր ռազմական գործողությունների արդարացում և օրինականացում: 2020-ից հետո երկու կողմերն էլ փոփոխել են իրենց հռետորաբանությունը. Ադրբեջանը հարձակողական շեշտադրումներից անցել է իր ռազմական գործողությունները հայկական սադրանքներով պայմանավորելուն և պաշտպանական դիրք ստանձնելուն: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության վրա կենտրոնացումից անցել է ադրբեջանական հաղորդագրությունների հերքման և միջազգային հանրության համար կարևոր նշանակություն ունեցող միջադեպերի ընդգծման քաղաքականությանը՝ Ադրբեջանի գերակայությանը դիմակայելու համար ավելի շատ հիմնվելով միջազգային դիվանագիտության վրա: Զորավարժությունները, մասնավորապես՝ Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները, հաճախ համընկնում են խոշոր ռազմական գործողությունների նախապատրաստման հետ: 2020 թվականի պատերազմի ժամանակ թուրքական F-16-ների և «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի առկայությունը վկայում է այն մասին, որ Ադրբեջանն օգտագործում է այդ զորավարժությունները ոչ միայն ուսուցողական, այլ նաև ռազմական գործողությունների նախապատրաստման նպատակով։ Բաց աղբյուրների վրա հիմնված տվյալների այս վերլուծությունը ցույց է տալիս ռազմական գործողությունների, տեղեկատվական պատերազմի և դիվանագիտական ​​մանևրումների բարդ փոխազդեցությունը Հայաստան-Ադրբեջան շարունակվող հակամարտությունում: Թեև Ադրբեջանի գերիշխանությունը ինչպես ռազմական, այնպես էլ տեղեկատվական հարթակներում ակնհայտ է, սակայն Հայաստանն էլ  փոխել է իր ռազմավարությունը՝ ուղղելով այն դեպի հակամարտության միջազգայնացմանը՝ հատկապես շեշտադրելով արտաքին շահերի վրա ազդող միջադեպերի մասին տեղեկությունները։ Ռազմական սրացումների դինամիկան, ամենայն հավանականությամբ, կշարունակի փոխկապակցված մնալ տեղեկատվական պատերազմին, և երկու կողմերն էլ կշարունակեն պայքարել հանրային ընկալումները վերահսկելու և դիվանագիտական ​​աջակցության ստանալու համար: ___________________________________________________________________________________________ Ինչպես ենք հաշվարկել Այս վերլուծությունը հիմնված է բացառապես բաց տվյալների վրա, ինչը նշանակում է, որ կիրառվող տեղեկությունը սպառիչ չէ և չի կարող լիարժեք անկողմնակալ համարվել: Օրինակ՝ մի զորավարժության մասին կարող են հրապարակված լինել մի քանի պաշտոնական հաղորդագրություններ, որոնցից յուրաքանչյուրն ընդգծում է նույն զորավարժության տարբեր ասպեկտներ՝ այդպիսով ավելացնելով հրապարակման հաճախականությունը: Կամ որոշ հաղորդագրություններում հակառակորդի կողմի հրետակոծությունը կարող է ընդգծվել, մինչդեռ սեփական ուժերի կողմից պատերազմի կանոնների խախտումների վերաբերյալ տեղեկությունը` նվազագույնի հասցվել։ Չնայած այս սահմանափակումներին՝ բաց կոդով տվյալները մեզ հնարավորություն են տալիս տեսնել ավելի լայն միտումներ և պատկերացում կազմել, թե ինչպես է կազմակերպվում տեղեկատվական պատերազմը և դրա հռետորաբանությունը: Սահմանային սրացումների դինամիկան  Սահմանային սրացումների դինամիկան վերլուծել ենք՝ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-ների անգլերեն բաժիններում հրապարակված հաղորդագրությունների վրա։ Լեզվական մոդելի միջոցով ընտրել ենք միայն այն հաղորդագրությունները, որոնք վերաբերում են սահմանային սրացումներին, ինչպիսիք են կրակահերթերը, ռազմական տեխնիկայի կուտակումները, սադրանքները, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը, մարտական ​​գործողությունները, հրետակոծությունը, տեխնիկայի ոչնչացումը կամ պարզապես սրացումների մասին մյուս կողմի տարածած լուրերը հերքող հաղորդագրությունները։  Այնուհետև զտել ենք միայն այն լուրերը, որոնք ուղիղ նշում են Ադրբեջանը՝ որպես հակառակորդ կամ Արցախի պաշտպանության բանակը՝ որպես Հայաստանի դաշնակից, իսկ Հայաստանի և Արցախի պաշտպանության ուժերը՝ որպես Ադրբեջանի հակառակորդ։ Ընտրված հաղորդագրություններն այնուհետև բաշխել ենք՝ ըստ հրապարակման օրվա, որը թույլ է տվել հստակ պատկեր ստանալ ժամանակի մեջ միտումների մասին։ Ընդհանուր միտումը ցույց է տալիս սրացումների վերաբերյալ հաղորդագրությունների քանակն ըստ օրերի՝ սկսած 2018 թվականի հունվարի 1-ից: Ամիսներն ու տարիները բաշխված են X առանցքում, հաղորդագրությունների քանակը՝ Y առանցքում, իսկ գծապատկերի կետերը արտացոլում են երկու երկրների ՊՆ-ների հաղորդագրությունների թիվը: Գրաֆիկի գծերը ցույց են տալիս սրացումների մասին հրապարակումների միտումները՝ հարթեցված 10 օրվա միջին ցուցանիշով: Բառային ամպերը Բառային ամպերը ստեղծվել են երկու ՊՆ-ների կայքերից զտված նույն հաղորդագրությունների հիման վրա, որոնք օգտագործվել են սրացումների դինամիկան վերլուծելու համար: Ամպը ստանալու համար օգտագործվել է հաղորդագրությունների ամբողջական տեքստը։ Նախապես հաղորդագրությունները դասակարգվել են ըստ լեզվական մոդելի կողմից կիրառվող թեմաների: Այնուհետև յուրաքանչյուր թեմայի ամենահաճախակի օգտագործվող 10 բառերն ընտրվել են՝ կառուցելու վերջնական բառային ամպը: Երկու կողմերի հաղորդագրություններից էլ բացառվել են ստոպ բառերը և բնակավայրերի անվանումները՝ կենտրոնանալու հռետորաբանության, այլ ոչ թե վայրերի վրա: Զորավարժությունների և սրացումների համեմատականը Ադրբեջանական բանակի կողմից անցկացված զորավարժությունների վերաբերյալ տվյալները հավաքագրվել և ձեռքով զտվել են Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրություններից։ Ընդգրկվել են միայն ադրբեջանական բանակի զորավարժությունների մասին հաղորդագրությունները, որոնք Ադրբեջանի տարածքում առանց օտար երկրների մասնակցության են անցկացվել։ Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների համար դիտարկվել են միայն Ադրբեջանի տարածքում երկու երկրների մասնակցությամբ ուսուցողական միջոցառումների մասին հաղորդագրությունները: Յուրաքանչյուր հաղորդագրություն հաշվի է առնվել որպես մեկ զորավարժություն, թեև մի զորավարժության վերաբերյալ հաճախ լինում էին մի քանի հաղորդագրություններ: Հատկանշական է, որ զորավարժություններին առնչվող հանդիսավոր միջոցառումները, համաժողովները և ընդունելությունները բացառվել են վերլուծությունից՝ կենտրոնանալով բացառապես մարտական ​​պատրաստության կամ զորամասերի ստուգումների վերաբերյալ հաղորդագրությունների վրա:   Հեղինակ՝ Յուրի ԱգաֆոնովԳիտաշխատող, Երևանյան միջազգային կրթության կենտրոն (YCIE), Scrapalyze Lab Գլխավոր լուսանկարը՝ Կատյա Մամյանի
21:38 - 30 սեպտեմբերի, 2024
«Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին

«Խաղողի տնկարկների ռեեստրը» դեռ չկա՝ չնայած 2017-ից խոսվում է այս մասին

Անցյալ տարի «Ինֆոքոմն» անդրադարձել էր խաղողի մթերման գների անկման թեմային։ Կոնյակի սպիրտի արտահանման ծավալների նվազման արդյունքում ընկել էր խաղողի մթերման գինը, ինչի հետևանքով գյուղացիները սկսել էին քանդել իրենց այգիները։ Էկոնոմիկայի նախարարությունից դեռ անցյալ տարի մեզ հայտնել էին, որ խնդիրը կլուծվի  «Խաղողի տնկարկների ռեեստրը» ստեղծելուց հետո։  Դեռևս 2017 թվականին Ազգային Ժողովի նիստերից մեկում գյուղատանտեսության նախարար Իգնատի Առաքելյանը խոսել էր խաղողագործների ռեեստր ստեղծելու գաղափարի մասին։  Ռեեստրը ստեղծելու համար Էկոնոմիկայի նախարարության «Խաղողագործության և գինեգործության» հիմնադրամի հետ համատեղ 2020 թվականից սկսել են «Խաղողի տնկարկների ռեեստրի» ստեղծման աշխատանքները։  Հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել էր, որ ռեեստրի ստեղծման համար տվյալների 75%-ը արդեն հավաքագրված է։ «Կարծում եմ՝ 75 %–ը բավարար է, որպեսզի մենք արդեն իսկ ընթացք տանք հաջորդ փուլին։ Համակարգ ստեղծելուց հետո անընդհատ թարմացնելու ենք այն, և այդ մնացած մասը, որը բացակայում է, կավելացնենք»,- ասել էր Մուրադյանը։  Ըստ Հիմնադրամի տնօրենի՝ դեռ անցյալ տարի տեղեկատվական համակարգը ստեղծող ընկերության մրցույթ էր հայտարարվել։ Միևնույն ժամանակ, պլանավորվում էր օրենսդրական փոփոխություն մտցնել, պիլոտային համակարգը գործարկել տարածաշրջաններից մեկում.։ «…եթե պիլոտը հաջող ընթանա, կարծում եմ, որ 2025 թվականից կարող ենք արդեն տարածել բոլոր տարածաշրջանների համար»,- նշել էր Մուրադյանը։ Մոտ մեկ տարի անց՝ «Ինֆոքոմը» հետաքրքրվել է, թե  ինչ փուլում են գտնվում ռեեստրի գործարկման աշխատանքները, և ինչ արդյունքեր է գրանցել պիլոտային տարբերակը։  Հիմնադրամից պատասխանել են, որ ռեեստրը չի գործարկվել, քանի որ ծրագիրը դեռ պատրաստ չէ։ Հիմնադրամից հայտնել են նաև, որ այս տարվա մայիսից մեկնարկել է «Խաղողի տնկարկների ռեեստր» միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով գնման ընթացակարգը՝ Գնումների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ երկփուլ ընթացակարգով։  «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու՞ է ուշացել Խաղողի տնկարկների ռեեստրի գործարկումը, նշենք, որ ռեեստրի գործարկման համար հստակ ժամկետ սահմանված չի եղել»,- նշված է պատասխանում։   Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
19:31 - 28 սեպտեմբերի, 2024
44-օրյա պատերազմը՝ ամփոփ

44-օրյա պատերազմը՝ ամփոփ

Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ, հոկտեմբերի 8, 2020թ․ 4 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։  2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։ Դեռ սեպտեմբերի առաջին տասնօրյակում՝ մինչեւ պատերազմի մեկնարկը, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանը դուրս է եկել բանակցային գործընթացից»։ Այս հայտարարություններին զուգընթաց՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում էր տվյալներ, համաձայն որոնց՝ միայն սեպտեմբերի երկրորդ շաբաթում Ադրբեջանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 300-ից ավելի անգամ, երրորդ շաբաթում՝ 295 անգամ, չորրորդ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 330 անգամ։ Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ինտենսիվ պարապմունքներ եւ ուսումնական վարժանքներ են իրականացնում։ Դիտարկելով տարածաշրջանային իրավիճակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հանդիպման առաջարկ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցություններ վերսկսկելու նպատակով։ Այդ հանդիպումը, սակայն, չի կայանում։ Բանակցություններ վերսկսելու առաջարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի է դառնում, որ ադրբեջանական կողմի կրակի հետեւանքով Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային եւ բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Այդ դեպքից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը հաղորդում է, որ Հայաստանի սահմանի մոտ ամրաշինական աշխատանքներ իրականացնելու նպատակով ադրբեջանական բանակն օգտագործում է տարբեր տրամաչափի զենքեր՝ «չեզոքացնելու մեր դիրքապահների եւ դիրքերի առավելությունն ու գերակայությունը»։ Տոնոյանը հայտարարում է, որ այդ իրավիճակը երկու շաբաթ է՝ շարունակվում է, բայց հայկական կողմը «տեղեկատվական զսպվածություն է ցուցաբերել»։ Դրա նախորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարել էր ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին։  Օրեր անց՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ կան տեղեկություններ, որ ահաբեկիչներ են հավաքագրվում՝ Ադրբեջան տեղափոխվելու համար։ Մոտ տասը օր անց, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Reuters գործակալությունը հրապարակում է հոդված, որտեղ փաստեր է ներկայացնում Անկարայի կոորդինացմամբ Ադրբեջան տեղափոխվող սիրիացի ջիհադիստների մասին։ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ միանգամից հայտարարելով, թե հայկական կողմն է դիմել սադրանքի։ Առավոտյան 8-ի մոտակայքում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հաղորդում է, որ հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Ադրբեջանը հարվածում է ոչ միայն մարտական դիրքերին, այլ նաեւ թիրախավորում բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։  Թուրքիան միանգամից աջակցություն է հայտնում Ադրբեջանին․ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարում է, թե դատապարտում են «հայկական կողմի հարձակումը»։ Միջազգային կազմակերպությունների եւ տարբեր պետությունների ներկայացուցիչները ռազմական գործողությունները դադարեցնելու եւ անհապաղ բանակցությունների վերադառնալու կոչերով են հանդես գալիս [1, 2, 3, 4]։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ կոչերին զուգահեռ՝ նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արցախում եւ Հայաստանում հայտարարվում է զորահավաք եւ ռազմական դրություն։ Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվում սեպտեմբերի 28-ի կեսգիշերից։  Պատերազմի երկրորդ օրվանից Ադրբեջանը փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը դեպի Հայաստանի Հանրապետության տարածք՝ սեպտեմբերի 29-ին հրետակոծելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի գյուղերը։ ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի «ՍՈՒ-25» եւ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածների իրականացման ընթացքն ապահովում էին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնք օդ էին բարձրացել Ադրբեջանի Գյանջա օդանավակայանից։ Այդ կործանիչները չէին վերադարձել Թուրքիա ադրբեջանաթուրքական զորավարժությունների ավարտից հետո։ Սեպտեմբերի 29-ին ՀՀ օդային տարածքում Թուրքիայի F-16-ը խոցում է ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի «ՍՈՒ-25» գրոհիչը, օդաչուն զոհվում է։ Լեռնային Ղարաբաղում ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները նաեւ Հայաստանի ուղղությամբ՝ հետախուզական չորս անօդաչու թռչող սարք ուղարկելով ՀՀ Կոտայքի մարզ [1, 2, 3]։  Պատերազմի 44 օրերի ընթացքում հրադադարի 3 պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Առաջին համաձայնությունն ընդունվում է Ռուսաստանի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 10-ին։ Կողմերը համաձայնում են կեսօրից մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխ լինելը եւ պայմանավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ լինել առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Հրադադարի հաստատման ժամից 5 րոպե անց Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը՝ գրոհ ձեռնարկելով։ Նույն օրը հրթիռային հարվածներ է հասցնում նաեւ ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ։  Մեկ շաբաթ անց կրակի դադարեցման երկրորդ համաձայնությունն է ձեռք բերվում Ֆրանսիայի միջնորդությամբ․ Հայաստանն ու Ադրբեջանը որոշում են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00։00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս զինադադարը տեւում է ժամեր․ վաղ առավոտյան հայկական եւ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ։ Ռազմական գործողությունները շարունակվում են՝ տարբեր տեղամասերում՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այդ ողջ ընթացքում քննարկվում են հակամարտության լուծման ելքեր, արցախցի պաշտոնյաները, տարբեր քաղաքական գործիչներ բարձրացնում են Արցախի միջազգային ճանաչման հարցը։ Հոկտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ «միջազգային հանրությունը, այո, պետք է կիրառի անջատում հանուն փրկության բանաձեւը»։ Արցախի անկախության ճանաչման մասին հայտարարում են միայն տարբեր երկրների առանձին քաղաքներ, իսկ «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին խոսակցությունները մնում են միայն հայտարարությունների դաշտում։ Ադրբեջանը հայտարարում է նոր տարածքների գրավման մասին, հայկական կողմը որոշ դեպքերում հերքում է, որոշ դեպքերում՝ հաստատում այդ հայտարարությունները։ Պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվում է նաեւ տեղեկատվական պատերազմով։ Հրադադարի երրորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվում հոկտեմբերի 26-ին։ ՀՀ արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ եւ վերահաստատում երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու եւ պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները: ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը պայմանավորվում են հումանիտար հրադադար հաստատել հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին: Հրադադարի հաստատումից 10 րոպե անց Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, Արցախի ՊԲ-ն միանգամից հերքում է այդ լուրը՝ հայտարարելով, որ զինված ուժերը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմին։ Րոպեներ անց ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։ Հոկտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակում է ռազմական գործողությունների քարտեզ, որում երեւում է, որ հակառակորդը հարավից ավելի է խորացել, եւ արդեն մարտեր են ընթանում Ավետարանոց եւ Սղնախ գյուղերի մոտակայքում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ մարտական գործողությունների մասին Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի թիրախում է հայտնվում Ստեփանակերտի ծննադատունը։  2 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ մեկնարկում է ՀՀ ԱԳ այն ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը Ժնեւում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերում: Թեեւ Երեւանն ու Բաքուն այդ հանդիպմանը վերահաստատում են նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, հաստատում, որ դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա եւ այլն, մարտադաշտում իրադրությունը չի փոխվում։ Դեռ ավելին, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայկական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանը զանգվածային ոչնչացման ֆոսֆորային զինամթերք է օգտագործում Լեռնային Ղարաբաղի՝ քաղաքացիական բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառներում։  Նոյեմբերի առաջին օրերին Ադրբեջանը սկսում է առավել ինտենսիվորեն մեղադրել Հայաստանին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հայկական կողմը հերքում է բոլոր այդ պնդումները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. նոյեմբերի 3-ի դրությամբ մարտական գործողությունների մասին Նոյեմբերի առաջին շաբաթվա լուրերը ցույց են տալիս, որ մարտական գործողություններն ընդլայնվում են դեպի խորք։ Նոյեմբերի 6-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ մարտերը Շուշիի մերձակայքում են։ 2 օր անց՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Շուշին գրավված է։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույն օրը երեկոյան պնդում է, որ Շուշիում ծանր մարտեր են ընթանում՝ այդպիսով հերքելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Շուշին ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո է։  Նոյեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 18։30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ թիրախավորում է ՀՀ տարածքը՝ հրթիռային կայանքի կիրառմամբ խոցելով Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի ՄԻ-24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետեւանքով զոհվում է 2 անձ, եւ մարմնական վնասվածք ստանում եւս մեկը։ Այս դեպքի առնչությամբ սկսվում է հետաքննություն, Հայաստանը հայտարարում է, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել ՌԴ-ին այդ հարցում։ Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են, երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ ՀՀ վարչապետի գրառումից ժամեր անց հայտնի է դառնում, որ պատերազմն ավարտվել է 9-կետանոց հայտարարության ստորագրությամբ։ Նոյեմբերի 9-ի կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը գրառում է անում իր կատարած «ծանր որոշման» մասին՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»:  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ինքը եւս պատերազմը կանգնեցնելու համաձայնություն է տվել։ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ըստ այդ հայտարարության՝ նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-ից, Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, օրերի ընթացքում Ադրբեջանին են վերադարձվում Աղդամի շրջանը, Քելբաջարի շրջանը, Լաչինի շրջանը, ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորախումբ, դրան զուգահեռ ԼՂ-ից դուրս են բերվում հայկական զինված ուժերը եւ այլն։ Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը ռուս խաղաղապահ ուժերը բերվում են Լեռնային Ղարաբաղ: Խաղաղապահները այստեղ մնում են մինչեւ 2023թ․ սեպտեմբերի 19-ը, երբ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախի քաղաքական ղեկավարությունը ստորագրում է Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, եւ երբ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվում է։ 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվածների թիվը ՀՀ ՆԳՆ քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունից «Ինֆոքոմի» ստացած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 92 հազար 265 անձ, որոնցից 60 հազար 930-ը՝ կին, 31 հազար 335-ը՝ տղամարդ։ 84 հազար 502-ը եղել է չափահաս, 7 հազար 763-ը՝ 0-19 տարեկան։ ԼՂ-ից տեղահանվածների վիճակագրությունը՝ ըստ շրջանների՝ Ասկերանից՝ 8997 անձ, Հադրութից՝ 9317 անձ, Մարտակերտից՝ 12002 անձ, Մարտունուց՝ 13726 անձ, Շահումյանից՝ 2779 անձ, Շուշիից՝ 4170 անձ, Ստեփանակերտից՝ 32050 անձ, Քաշաթաղից՝ 8969 անձ: 2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները և պատրաստել եզրակացություն։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։ Հայկական կողմի կորուստները 2020թ․ դեկտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրեց ցանկ, թե պատերազմի հետեւանքով Արցախի որ համայնքներն ու բնակավայրերն են անցել ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հայկական կողմը պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացրել է զոհերի մասին տվյալներ։ Պատերազմի ավարտից հետո էլ տարբեր պաշտոնայներ ներկայացրել են ամփոփ տվյալներ։ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի՝ նշելով, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ, նա պնդել է, որ մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի:  Արդեն 2022թ․ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Այս հայտարարությունից մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր 3822 թիվը։ Ըստ Կոմիտեի՝ 2022թ․ մարտի 21-ի դրությամբ անհայտ է եղել 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2024թ․ հունվարի 4-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ այդ պահի դրությամբ Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման հայտարարությունը՝ հերքում։ «Ինֆոքոմը» ՀՀ քննչական կոմիտեից այս տարվա սեպտեմբերի 16-ին տեղեկություններ է հայցել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի զոհերի, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների թիվը, խնդրել հայտնել զոհված զինծառայողների զինվորական կոչումները եւ այլն։  Նշելով, որ պատերազմին առնչվող մի շարք հոդվածներով շարունակվում են նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունները՝ Քննչական կոմիտեն մերժել է տեղեկության տրամադրումը՝ պնդելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։ Ադրբեջանական կողմի կորուստները 2020թ․ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակեց իր զոհերի թիվը․ ըստ այդ օրվա տվյալների՝ զոհվել էր Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող, անհետ կորած էր համարվում 100-ը, իսկ 1245 վիրավոր բուժում էր ստանում։  2021թ․ մարտի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է զոհերի 2881 թիվը, նշել, որ անհետ կորած է համարվում 28 զինծառայող։ Մինչդեռ հայկական կողմը նոյեմբերի 8-ին՝ պատերազմի նախավերջին օրը, ներկայացրել է տվյալ, ըստ որի՝ Ադրբեջանն ունի անձնակազմի 7630 կորուստ։ Կան հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է, որ Ադրբեջանի կորուստներն ավելին են, քան պաշտոնապես հայտնում են։ 44-օրյա պատերազմի վերաբերյալ մանրամասն կարդալու համար կարող եք օգտվել «Ինֆոքոմի» «44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» մոնիթորինգային գործիքից, որը ներառում է 44-օրյա պատերազմը եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները՝ շուրջ 11 հազար լուր։ Հայարփի Բաղդասարյան
20:20 - 27 սեպտեմբերի, 2024
Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել

Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել

«Ես՝ Համլետ Լեւոնյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում երեկ այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի հարցաքննությունը։ Հրամանատար Համլետ Լեւոնյանը առանցքային վկա է նույն կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։ Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ հենց Համլետ Լեւոնյանի ղեկավարած ստորաբաժանումն է, որը, ըստ մեղադրանքի, այդ նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։ Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է գրեթե մեկ տարի եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ներկայանալով դատարանին՝ Համլետ Լեւոնյանը հայտնեց, որ ունի բարձրագույն զինվորական կրթություն, զինվորական ծառայություն մոտ 25 տարվա փորձ, Հովիկ Գաբրիելյանին ճանաչում է ծառայության բերումով, նրա հետ անձնական կամ թշնամական հարաբերություններ չունի։ Նա պատմեց, որ իր ղեկավարած ստորաբաժանման հետ անցել է պաշտպանության պատերազմի առաջին իսկ օրվանից։ Քանի որ այդ օրվա դրությամբ բանակային կորպուսի որոշ հրամանատարներ, այդ թվում՝ Հովիկ Գաբրիելյանը, «Կովկաս 2020» զորավարժությանը մասնակցելու նպատակով գտնվել են Ռուսաստանում, Լեւոնյանի 2 ստորաբաժանումը տեղակայվել է բացակա անձնակազմի պաշտպանության ներքո գտնվող հատվածներում՝ առաջնագծում, իսկ իր ստորաբաժանումը, որպես համազորային ռեզերվ, խնդիր է ստացել հարձակման դեպքում տեղակայվել Ջրականի «Պապին» կոչվող հատվածում՝ երկրորդ էշելոնում։։ Լեւոնյանը մանրամասնեց իրադարձությունները՝ սկսած հոկտեմբերի 4-ից՝ նշելով, որ այն կարեւոր օր էր իրենց գումարտակի համար․ առաջին անգամ հակառակորդի հետ մտել էին անմիջական մարտի մեջ։ Հոկտեմբերի 4-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակահատվածը նա բաժանեց 3 հիմնական մասերի՝ 4-ի կեսօրի գրոհ, գիշերվա գրոհ եւ 5-ի լուսաբացի գրոհ։ Հոկտեմբերի 4-ի կեսօրի գրոհը Հոկտեմբերի 4-ին վերադաս հրամանատարության ցուցումով Լեւոնյանի ղեկավարած անձնակազմը զբաղեցրել է Ջրականի «վիշկա» կոչվող տարածքներից դեպի «միլիցու պոստ» կոչվող տարածքով մինչեւ Ջրականի մարտավարական դաշտի տարածքը։ Իրենից ձախ գտնվել են հատուկ նշանակության զորքերը՝ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ, նրանցից ձախ էլ՝ զրահատանկային գումարտակը՝ Հովիկ Գաբրիելյանի գլխավորությամբ․ «Նախնական հետախուզական տվյալներով գիտեինք, որ տանկային ստորաբաժանումների կողմից լինելու է այդ ուղղությամբ հարձակում։ Վերադասավորվել ենք եւ պատրաստ սպասել՝ դիմավորելու հակառակորդին։ Հակառակորդն ունեցել է հետեւակ, տանկային ստորաբաժանումներ։ Մի քանի զրահատեխնիկայի կորուստ կրելով՝ նահանջել է, իսկ երեկոյան մութը ընկնելուն պես շարունակել հարձակողական գործողությունները։ Մարտը դադարել է, երբ հակառակորդի մի քանի տանկ խոցել ենք, մեծ կորուստներ հասցրել»,– պատմեց վկան՝ նշելով, որ ունեցել է 1 զոհ, որը եղել է վարորդ։ Հակառակորդի նահանջից հետո ենթադրել են, որ հաջորդ հարձակումը կլինի առավոտյան եւ սկսել են պատրաստվել դրան․ «Եղանակը սկսեց ամպել, անձրեւ, ամպրոպ, մառախուղ․․․ Առաջ քաշած այն հատվածներից, որտեղ զրահատեխնիկաները դարձել էին խոցելի, փորձեցինք հետ բերել, որպեսզի նախապատրաստվենք հաջորդ մարտին»,– ասաց նա։ – Ես ճի՞շտ հասկացա՝ ի սկզբանե այդ տեխնիկան չպետք է լիներ այդտեղ, սակայն Դուք որոշել եք մի փոքր առաջ կանգնեցնել, եւ երբ գրոհը ավարտվել է, հետ եք քաշել, թե՞ ի սկզբանե  է որոշված եղել, որ պետք է տեղակայվի այդ վայրում, եւ այդ դեպքում ինչո՞ւ եք հետ քաշել,– հարցրեց մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։ – Ոչ, գումարտակի հրամանատարին տրված է եղել անցնել պաշտպանության «ա» կետից «բ» կետ, ես եմ, որպես հրամանատար, որոշում կայացնում, թե որ տանկը որտեղ կդնեմ, դա իմ խնդիրն է, դրանով կորպուսի ճակատը չի փոխվել, դա չի եղել կորպուսի ճակատ, այլ գումարտակին տրված հատված,– պարզաբանեց վկա Լեւոնյանը։ Գիշերվա գրոհը Լեւոնյանի ստորաբաժանումից դեպի աջ՝ մոտ 2 կմ հեռավորության վրա, տեղակայված են եղել յուրային հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Նրանց ուղղությամբ գիշերն է հարձակում եղել։ Ի վերջո, հակառակորդին հաջողվել է գրավել նրանց բարձունքը։ –Դա կոնկրետ Ձեր բնագծի հետ կապ ունեցե՞լ է,– հարցրեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։ – Ոչ,– պատասխանեց Համլետ Լեւոնյանը։ – Այսինքն՝ եթե այդ բարձունքը վերցրել են, կարելի՞ է ասել, որ Ձեր բնագիծը ճեղքել են։ – Ոչ, որովհետեւ դա բնագծից այն կողմ է եղել։ Մեղադրողի այս հարցը պայմանավորված էր նրանով, որ ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ նահանջից առաջ՝ գիշերը, իրենց բնագծի ուղղությամբ գրոհ է եղել, եւ իրենք այլեւս ի վիճակի չեն եղել դիմակայելու։ Լեւոնյանը, սակայն, պնդեց՝ իրենք կապի խնդիր չեն ունեցել, վերադասության հետ կապը լսելի է եղել բոլոր հրամանատարներին, եւ եթե իրենց ձախ ուղղությամբ գրոհ լիներ, եւ դա զեկուցվեր կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին, իրենք միանշանական կիմանային այդ մասին․  «Չէր կարող մեկը սուսուփուս մարտ վարել, ասել՝ վարեցի, վերջացրի, ու դա այն դեպքում, երբ տարածքը մեծ է ու լռություն»,– ասաց նա։ Հետագայում պարզվել է, որ այդ գիշեր զոհվել են նաեւ Լեւոնյանի հրամանատարության ներքո, բայց այլ հատվածում գտնվող երկու ժամկետային զինծառայող՝ Վաղարշակ Բաղդասարյանն ու Դավիթ Խաչատրյանը։ Վաղարշակի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, հարցեր հղեց վկային․ Ձախից՝ Դավիթ Խաչատրյանի, Վաղարշակ Բաղդասարյանի հայրերը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը – Ինչքանով տեղեկացված եմ, իրենք հրամանատար չեն ունեցել, ճի՞շտ է։ – Հակատանկային դասակի հրամանատար, որպես այդպիսին, չի եղել, բայց երբ մարտի  մեջ են մտել, իրենք եղել են անձամբ իմ գլխավորությամբ։ – Վաղարշակենց անհետացման լուրը ե՞րբ եք ստացել։ – Գիշերը իրենց չենք տեսել, մարդ ենք ուղարկել․․․ Երբ լուսադեմին սկսել են մարտական գործողությունները, այդ ժամանակ չի ճշտվել որեւէ մեկի մասին, ոչ էլ իմացել ենք, որ զոհված են կամ էդտեղ են։ – Ի՞նչն էր պատճառը, որ մարմինները հնարավոր չէր հանել, անկեղծ պատասխանեք՝ հնարավո՞ր էր թե՞ չէ։ – Շատ լավ տեղեկացված եք․․․ Իմ բոլոր զինծառայողների մարմինները ես եմ հանել, որովհետեւ տեղում եմ եղել կամ պատմածներով իմացել եմ՝ որտեղ կլինեն։ Այդ ժամանակ հնարավոր չէր, որպես հրամանատար՝ ես չէի կարող կրակի տակ․․․ Եթե 1 զոհի փորձեի հանել, պիտի 4 կենդանի զինվոր ուղարկեի այդ կրակի տակ, ես այդ որոշումը չեմ ընդունել։ Լեւոնյանի խոսքով՝ որոնողական աշխատանքների ժամանակ է պարզվել, որ տղաները զոհվել են խրամատում՝ ինչ–որ բանի պայթյունից։ Դրա անունը վկան չկարողացավ նշել, ասաց՝ իրենց համար անծանոթ սարք էր։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խուճապ եղել է, վկան ասաց․ «Բոլորի մոտ այն տպավորությունն էր, որ Լեւոնյանի զորքը զորավարժություն է իրականացնում․․․ Կոնկրետ մի զինվորի մոտ է եղել, ինքն իր ոտքին է խփել, հիմա գործ կա հարուցված»։ Գաբրիելյանի մեղադրականի մեջ դեպքի հետ կապ չունեցող զոհերի անուններ կան Համլետ Լեւոնյանի պնդմամբ՝ Վաղարշակն ու Դավիթը զոհվել են հոկտեմբերի 4-ի գիշերը, ինչը, ըստ նրա, ոչ մի կապ չունի Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ․ «Ամսի 4–ի ոչ մի զոհ կամ վիրավոր չի կարող կապվել 2–րդ գումարտակի՝ ամսի 5–ի նահանջի հետ, դա հստակ կարող եմ ասել, որովհետեւ այդ օրը հարձակումը իմ վրա եղել է ճակատից, ինչ վիրավոր ունեցել ենք, ունեցել ենք ճակատային հատվածից, շրջանցում ես չեմ ունեցել․․․ Այ, ամսի 5–ի գործողությունների մասին կպատասխանեմ ուրիշ ձեւ»։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ուշադրություն հրավիրելով, որ Վաղարշակի եւ Դավիթի անունները ներառված են Գաբրիելյանի մեղադրական եզրակացության մեջ․ «Կողմերը տեղյակ են, որ մեղքի զգացումը, այդ ամենը շատ կարեւոր են մեզ համար, հատկապես՝ մեղադրյալի բարոյահոգեբանական վիճակի համար․․․ Մահվան ցուցակի մեջ գրված է, որ Վաղարշակը եւ Դավիթը զոհվել են ամսի 4–ին»,– ասաց նա՝ խնդրելով դատարին թույլատրել հրապարակել զոհված մյուս զինծառայողների անունները՝ նրանց մահվան փաստը Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ կապված լինել–չլինելու հարցը վկայից ճշտելու համար։  Ձախից՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը Զինծառայողներից շատերին, որոնց անունները հրապարակվեցին, վկան չէր ճանաչում, նրանք Մեղրու՝ օգնության հասած զորքից էին, մյուս զինծառայողների  անունները լսելիս ասում էր՝ «իմն ա»՝ հստակ նշելով՝ ով որ օրն է զոհվել եւ որ հատվածում։ 25 զինծառայողի անունները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ նրանցից եւս մեկը՝ Հակոբ Գեւորգյանը, զոհվել է աջակողմյան հատվածում, այլ ոչ թե ձախակողմյան, որտեղից հակառակորդը ճեղքել էր բնագիծը Գաբրիելյանի նահանջից հետո։ Փաստացի, մեղադրական եզրակացության մեջ ներառվել են առնվազն 3 զինծառայողների անուններ, որոնց մահը, ըստ Համլետ Լեւոնյանի, կապ չունի Հովիկ Գաբրիելյանի հետ։ Հոկտեմբերի 5-ի լուսաբացի գրոհը Համլետ Լեւոնյանի խոսքով՝ հոկտեբերի 4-ին հակառակորդը չէր սպասում, որ իրենք այդքան միանգամից կդիմավորեին նրանց, ուստի դա մարտական հաջողություն էր, որից հետո  զորքի բարոյահոգեբանական վիճակը բավականին բարձր էր․ «Մի ողջ գիծ «Հայր մեր»–ն էր ասում մթին, անձրեւին, ու թեեւ բոլորս թրջված էինք, ջուր էինք, բայց դա էդքան մեզ վրա չէր ազդում»,– պատմեց նա։ Լուսաբացին արդեն, ինչպես եւ սպասում էին, հակառակորդը դարձյալ գրոհել է․ «Երբ խփել են  մեր տանկերին, մտել ենք մարտի մեջ․․․ Ընթացքում արդեն ձախ թեւից, որտեղ իմ տանկիստներն էին, զեկուցեցին, որ թիկունքից խփում են, շատ վիրավորներ կան, ասում եմ՝ չի կարող տենց բան լինել, որովհետեւ թիկունքից խփելու համար մեր ձախ թեւը պիտի անցնեին, ունեինք Ասատրյան Վահագի ստորաբաժանում, դրանից ձախ՝ Հովիկ Գաբրիելյանի․․․ Միանգամից անցնում ենք շրջանաձեւ պաշտպանության, ունենում եմ 8 զինվորի, 3 սպայի կորուստ եւ 40-ին մոտ վիրավոր։ Մինչեւ Մեղրու զորքն է գալիս օգնության՝ գնդապետ Արգամի գլխավորութամբ։ Եթե մի 20 րոպե հետո գային, գուցե արդեն ուշ լիներ, որովհետեւ իմ ստորաբաժանումը հիմնականում զրահատանկային էր, ու պատրաստված՝ տանկից ու ՀՄՄ–ից մարտ վարելու համար, բայց այդ ժամանակ արդեն հատուկ խմբեր թույլ չէին տալիս տանկից օգտվել»,– պատմեց Լեւոնյանը՝ նշելով, որ հետագայում է իմացել, որ Գաբրիելյանի անձնակազմը այդ ժամանակ տեղում չի եղել։ – Ումի՞ց եք տեղեկացել այդ մասին,– հարցրեց հանրային մեղադրողը։ – Ինչքան հիշում եմ՝ Հադրութի դատախազից, ու զարմանքս եղավ, որ․․․  Պարզվում է, որ Խնձորեսկի գումարտակը տեղում չի եղել, եղել է Հադրութում, այսինքն՝ գիշերվա ընթացքում դուրս է եկել Հադրութ։ – Հադրութը այդ պահի դրությամբ մտե՞լ է 1–ին բանակային կորպուսի պաշտպանության տարածքի մեջ։ – Ոչ, ոչ մի կապ չի ունեցել։ – Այդ դեպքում կարո՞ղ եք դատարանին հայտնել՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հադրութ։ – Հարցին, կարծում եմ, պարոն Գաբրիելյանը պիտի պատասխանի։ – Չէ, դուք պարզե՞լ եք ի վերջո։ – Հովիկ Գաբրիելյանի հետ առերեսման ժամանակ ենք այդ հարցը պարզել, հարցրել եմ՝ ինչի՞ ես 40 կմ գնացել Հադրութ, եթե կարող էիր մի քանի կմ գալ դեպի մեզ, ասել է, որ ինֆորմացիա ուներ, որ ճեղքել են էդտեղ, հետո էլ, թե՝ անձնակազմիս տարել եմ էնտեղ, որ լողանային, չորանային, պատսպարվեին, հստակ չեմ հիշում արդեն։ – Լողանալու պատրվակը Ձեզ ճշմարտանմա՞ն է թվացել։ – Ինձ համար, որպես զինվորականի, դա պարզապես ծիծաղելի է։ Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը Համլետ Լեւոնյանը պնդեց, որ եթե նախապես իմանար Գաբրիելյանի զորքի նահանջի մասին, զորքը այնպես կվերադասավորեր, որ վտանգից հնարավորինս խուսափեին։ – Մինչեւ Հովիկ Գաբրիելյանենց դուրս գալը ռադիոկապով լսե՞լ եք, որ նա ժիրայր Պողոսյանից կամ նրա տեղակալ, շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանից օգնություն խնդրած լինի՝ մարդուժի, զինամթերքի, եւ մերժած լինի։ – Նման բան ես չեմ լսել, եւ հավելեմ, որ չեմ կարծում՝ մեկը վերադասին դիմեր խնդրով,, ասեին՝ չկա կամ չենք տալու։ Երբ ես պաշտպանություն էի իրականացնում բնագծում,  բոլոր տեղակալները միշտ եղել են մեզ հետ, անձամբ գեներալը ինձ հետ է եղել, հրետանու պետը եկել է, իրար հետ բարձրացել ենք վիշկա, իջել, նենց չի, որ հեռվից ղեկավարել են, ու դա կարող են փաստել հարյուրավոր մարդիկ։ Այս դրվագի վերաբերյալ վկային հարցեր հղեց նաեւ մեղադրյալի պաշտպանը․ –Լսե՞լ եք կորպուսի հրամանատարի կամ շտաբի պետի խոսակցություն Հովիկ Գաբրիելյանի հետ։ – Չեմ կարող հիշել, որ ասեք՝ ինչպիսի խոսակցություն։ – Լսե՞լ եք, որ զեկուցի, ասի ուզում եմ դուրս գալ, ասեն՝ չէ, դուրս մի արի։ – Ոչ։ – Մեկ այլ կոնտեքստ՝ որ Հովիկը իր զորքին վերադասավորի, կորպուսի հրամանատարը կապնվի, ասի՝ ինչ ես անում, ասի զորքն եմ վերադասավորում։ – Չէ։  – Իսկ տեղյա՞կ եք, որ երբ դիրքերից հետ է քաշվել 1-2 կմ, կրկին կապնվել, ասել՝ էստեղ եմ, ի՞նչ անեմ։ – Չեմ լսել նման խոսակցություն։ – Իսկ հնարավո՞ր է, որ եղած լինի, սակայն լսած չլինեք կամ ուշադրություն դարձրած չլինեք։ – Երբ խնդիրը դրվում էր վերադասի կողմից, մենք ականջներս ութ արած լսում էինք, թե ինչ է եղել։ Սաղս իրար լսել ենք։ Եթե կապնված լինեն, ասեն՝ ինչ կա, ոնց ես, հա, դա չես ֆիքսում, բայց եթե խնդիր է, հարձակում է, արդեն ֆիքսում ես, ուղեղդ հիշում է։  Եթե խոսքը գնար զինվորի մասին, շարժ լիներ, ավտո պայթեր, մենք արթուն ենք եղել, ամեն ծպտուն որ լինում էր, հասկանում էինք, իսկ նմանատիպ հրավտանգ խոսակցություն, զեկույցներ չեն եղել։ – Չի՞ եղել դեպք, որ ռացիան տաք ուրիշին։ –Ոչ, չի եղել մի րոպե, որ ռացիան իմ վրայից բացակայի։ –24 ժամ հանգիստ չեք ունեցել։ – Ոչ։ Վկա Համլետ Լեւոնյանը Պաշտպանը խնդրեց նաեւ հայտնել իր կարծիքը Հովիկ Գաբրիելյանի՝ որպես հրամանատարի մասին․ «Պատերազմը ցույց տվեց՝ այն մարդիկ, որոնք խաղաղ պայմաններում լրիվ ուրիշ էին, պատերազմի ժամանակ լրիվ ուրիշ մարդ են դառնում․․․․Վախկոտ կամ ամաչկոտ զինվորը կարող է նենց բոյ տա, որ դու զարմանաս, միշտ լավ զգացած զինվորը փախնի, մտնի պատերի արանքը, նույն ձեւ էլ սպաները, դրա համար ես չեմ կարող ասել»։ Դատավորի ճշտող հարցին, թե Գաբրիելյանը կոնկրետ ինչպիսին է եղել, նա պատասխանեց․  «Ես իրեն անձամբ չեմ տեսել, կապով եմ լսել, դրա համար չեմ կարող ասել՝ վախեցած է վարել, թե ոնց, ինքը ինձնից լավ գիտի՝ ոնց է վարել մարտը»։ Պատասխանելով Խաչիկյանի հարցին՝ նա ասաց՝ տեղյակ եղել է, որ Հովիկ Գաբրիելյանի զրահատանկային գումարտակը, ի տարբերություն մյուս 2 գումարտակի, տանկեր չի ունեցել․ «Իմ հիշելով՝ երբ ՌԴ–ից եկել են, տանկերը կիրառման շրջան դեռ չէին բերվել, թե ինչու, չեմ կարող ասել»։ – Առանց տանկերի զրահատանկային գումարտակը, որպես այդպիսին, լիարժեք իր առջեւ դրած խնդիրները կարո՞ղ է իրականացնել,- հարցրեց պաշտպանը։ – Ի՞նչ խնդիր է դրված, ի՞նչ կազմ է, ի՞նչ գրոհ է եղել, պիտի իմանամ, որ պատասխանեմ։ –Դիցուք՝ ամսի 4–ին որ հարձակվեցին, եթե նույն քանակությամբ, նույն տեխնիկայով առավոտյան հարձակվեին, առանց ականանետային դասակի, առանց տանկերի  կարող էր պաշտպանություն իրականացրել։ Դատավորը հանեց հարցը՝ չթույլատրելով պատասխան դրան․ – Մի պատասխանեք, ենթադրական հարց Է՝ ենթադրական պատասխանով, այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։ Պաշտպանն էլ պարզաբանեց՝ Գաբրիելյանը մեղադրվում է նրա համար, որ զորքը հետ է քաշել, իսկ նա բազմաթիվ անգամ շեշտել է՝ իմ զորքը կզոհվեր՝ էդտեղ մնալով։ Հարցեր հղեց նաեւ մեղադրյալը Վկա Համլետ Լեւոնյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը։ Վկան, մեղադրյալը, ուղեկցող ոստիկանը – Լսե՞լ եք, որ հոկտեմբերի 5-ի գիշերը՝ 3-ին մոտ, շտաբի պետին զեկուցել եմ, որ ունեցած միջոցներս, անձնակազմի վիճակը այդ պահի դրությամբ բավարար չէ, մարտ վարելու ի վիճակի չեմ։ – Չեմ լսել տենց բան։ – Եթե զապիսները կան, ֆիքսել են,  էլ ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ չեք տրամադրում կամ տեղն ասում, վերցնենք։ – Ես անձամբ չեմ տեսել կամ գիտեմ, այլ լսել եմ, որ ասել են՝ էդ մարտերը նկարվել է։ – Ուզում եմ ասել՝ որ ունենաք, կտա՞ք։ – Անպայման։ – Մարտի ժամանակ զինվորները պիտի տանկի մեջ լինեին, ո՞նց են զոհվել դրսում,– հարցրեց Գաբրիելյանը։ – Դա ձեր գործը չէ, պարոն Գաբրիելյան,– պատասխանեց Լեւոնյանը։ Դատավորը տեղեկացրեց, որ վկան կարող է չպատասխանել հարցին, եթե միայն գիտի կամ ենթադրում է, որ դա կարող է օգտագործվել իր դեմ։ – Այսպես պատասխանեմ․ քանի որ անձրեւ էր, տեխնիկան ծածկած էր, պատսպարվում էին։ – Ըստ կանոնակարգի՝ երբ կա վտանգ, որ հակառակորդը կարող է հարձակվել, պիտի գտնվեի՞ն տանկի մեջ թե՞ իրավունք ունեին չգտնվելու,– ճշգրտող հարց տվեց պաշտպան Խաչիկյանը։ – Փորձը ցույց տվեց, որ ԱԹՍ–ները հիմնականում խոցում էին տանկերին։ Մինչ հոկտեմբերի 4-ը ես  զոհ չեմ ունեցել, որովհետեւ որոշում եմ կայացրել, որ իմ զինվորները գտնվում են դրսում, այլ ոչ տանկերի ներսում,– պատասխանեց Համլետ Լեւոնյանը։ Վկայի հարցաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 9-ին։   Միլենա Խաչիկյան
18:30 - 27 սեպտեմբերի, 2024
Գնդապետ Մանուկ Բադալյանը չի հիշում Ջրականի 5-րդ գումարտակի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին

Գնդապետ Մանուկ Բադալյանը չի հիշում Ջրականի 5-րդ գումարտակի բարոյահոգեբանական վատ վիճակի մասին

Չորս տարի է անցել արցախյան 44-օրյա պատերազմից, եւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մինչ օրս շարունակվում է այդ ընթացքում Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին առնչվող դեպքերի քննությունը։ Դատարանը, Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, վկաների հարցաքննության փուլում է։  Խուռհատ սարի գործով ամբաստանյալի աթոռին է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Նա մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում ստացած թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով իշխանության անգործություն դրսեւորելու եւ կապի միակ միջոցը վերցնելով՝ մարտադաշտը ինքնակամ լքելու մեջ։ Վահանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Դատարանում այսօր ցուցմունք էր տալիս ՊԲ N զորամասի դիվիզիայի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով նախկին տեղակալ Մանուկ Բադալյանը։ Նա այն սպան է, որը մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեղադրվում է 2020 թվականի պատերազմի ընթացքում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության սիմուլյացիա դրսևորելու մեջ։ Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ նա ասաց, որ ճանաչում է մեղադրյալ Իշխան Վահանյանին, նրա հետ ունեցել է ծառայողական հարաբերություններ։ Բադալյանը, ի պատասխան դատավորի հարցի, ասաց, որ մոտավորապես գիտի, թե ինչ քրեական գործով է ներգրավված որպես վկա։ Նա նշեց, որ նախաքննության փուլում հարցաքննության չի կանչվել։ Բադալյանը պատմեց, որ մարտական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 9-ին խոցվել է իրենց դիվիզիայի հրամանատարական կետը, եւ կազմին տեղափոխել են այլ վայր՝ Մելիքաշեն, որը Հադրութի շրջանի գյուղերից է․ «Ամսի 9-ին, 10-ին եղել եմ Մելիքաշենում, այդ օրը վիրավորվել եմ, եւ քանի որ ոչ միայն Ջրականի զորամասն է եղել ենթակայության [տակ], եղել են մի քանի զորամասեր, նաեւ զբաղվել ենք մնացած զորամասերի խնդիրներով։ Ես շատ տեղեկություն չունեմ»,- ասաց վկան՝ հավելելով, որ շատ ժամանակ է անցել՝ 4 տարի, ու նորից շեշտեց, որ քիչ տեղեկություն ունի։  Վկան տեղյակ չի եղել՝ ինչ մարտական խնդիր է առաջադրված եղել 5-րդ ուսումնական գումարտակին Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը Բադալյանից հետաքրքրվեց՝ նա տեղյակ եղե՞լ է հոկտեմբերի 10-ին ինչ մարտական խնդիր է առաջադրվել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմին։ Վկան ասաց, որ տեղեկացված չի եղել, քանի որ ամսի 10-ին, ժամը 11-ին արդեն փոխված հրամանատարական կետը նույնպես ենթարկվել է հրետակոծության՝ «Սմերչ» կայանից։ Բադալյանի խոսքով՝ ինքն այդ օրը երկրորդ անգամ է վիրավորվել։ Մեղադրողը նկատեց, որ մարտական խնդիրն առաջադրվել է հոկտեմբերի 8-ին, այսինքն՝ Բադալյանի նկարագրած իրադրությունը չի եղել այդ ժամանակ։ «Ես իմ գործառույթներով չէի կարող իմանալ, դա իմանում են հրամանատար, շտաբի պետ օղակները, ես եղել եմ բարոյահոգեբանական ապահովան գծով տեղակալ, իմ պարտականությունների մեջ չէի կարող իմանալ, հետագայում ինչ-որ տեղեկացել եմ, ես վիրավորումից հետո վերադարձել եմ Արցախ նորից, ինչ-որ տեղեկացել եմ, կոնկրետ ծառայակիցներից, ոչ մանրամասն»։ Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ «ոչ մանրամասն» ի՞նչ է տեղեկեցել, եւ Բադալյանն ասաց, որ իմացել է, որ տարբեր ստորաբաժանումների տարբեր խնդիրներ են առաջադրված եղել, բայց առանձին չի տեղեկացել 5-րդ գումարտակին առաջադրված խնդրի մասին․ «Չեմ հիշում հատուկ, ժամանակ ա անցել բավականին»։  Այս դատավարության ընթացքում ամենաքննարկված հարցերից մեկն այն է, թե արդյոք նորակոչիկները, որոնցից ոչ բոլորն էին անգամ հասցրել զինվորական երդում տալ, կարո՞ղ էին ներգրավվել մարտական գործողությունների։ Հանրային մեղադրողը վկային հարցրեց՝ նա գիտի՞՝ կա՞ նման արգելք։ Բադալյանն ասաց, որ նորակոչիկների՝ մարտական գործողություններին ներգրավումը ցանկալի չէ, բայց չմտաբերեց արգելող կոնկրետ իրավական նորմ․ «Բայց երբ հարձակվել են չափից ավելի զորքեր, եւ խնդիրը մեծ ծավալով է, էդ ժամանակ արդեն․․․ Երկրում, որ հայտարարվում ա պատերազմական իրավիճակ, բոլոր քաղաքացիները, ընդհուպ 18 տարին լրացված, կարող են համալրվել։ Ինչ վերաբերում է խնդրի կատարմանը՝ երբ տեսնում ես, որ մնացած զինծառայողներն ունեն աջակցման կարիք, դա արդեն հրամանատարը որոշում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից»,- ասաց նա։  Հանրային մեղադրողը խնդրեց հայտնել, թե ի պաշտոնե ինչ գործառույթներ է ունեցել Բադալյանը։ Վերջինս ասաց, որ իր գործառույթը եղել է անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ապահովումը, սակայն իրենք էլ չեն պատկերացրել, որ այդչափ վիրավորներ ու զոհեր կարող են լինել․ «Բավականին մեծ շեշտադրում էր արվում, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչքան ենք կորուստներ ունենում․․․ Կարողանալ ժամանակին հասցնել, ղեկավար կազմի մարտակոչերը, արագ հաշվառել այն աչքի ընկած զինծառայողներին, որոնք սխրանքներ են գործել, զոհվածների մասին անմիջապես տեղեկացնել զինկոմիսարիատներին, բազմաթիվ պարտականություններ կան․․․»։ - Երբ զորքի բարոյահոգեբանական վիճակը վատ է, դրա ուղղությամբ գործողություններ կատարելը Ձեր պարտականությունների մեջ մտնո՞ւմ է,- հարցրեց Գեւորգ Ավետիսյանը։ - Մտնում ա, քանի որ ես ունեցել եմ տվյալ, տարբեր զորամասերում հոգեբան, գումարտակի հրամանատարի՝ բարոյահոգեբանական վիճակի գծով տեղալներ․․․ Խնդիրները կոնկրետ զինվորների հետ կատարել են իրենք, եւ ըստ անհրաժետության փորձել ենք ապահովել, եւ էդ զորամասում 1-ին, 4-րդ գումարտակն այնպես ա մարտնչել․․․ Մարտական ոգին շատ բարձր էր, եւ մինչեւ պատերազմի ավարտը կարողացել են խնդիրը մեծ ծավալով կատարել։ Այսինքն, ընդհանուր զորամասի բարոյահոգեբանական վիճակի հարցն այնպիսին չի եղել, որ ես գնայի ըտեղ աշխատեի։ Բադալյանի պնդմամբ՝ անմիջական հրամանատարներն են զինվորներին ավելի լավ ճանաչում, եւ նրանք կարող են ընկալել՝ ինչ խոսել զինվորի հետ, որ նրա մարտական, բարոյահոգեբանական ոգին բարձրանա։ Վկայի պնդմամբ՝ դիվիզիա օղակը չի կարող բոլոր տղաներին ճանաչել։ Բադալյանն ասաց, որ ինքն ավելի շատ աշխատել է մոբի հետ, քանի որ նրանք «դրսից» են եկել․ «Իրանց հետ եմ աշխատել, բարոյահոգեբանական վիճակը բարձրացրել, նկարագրել՝ մեր տղաներն ինչ օգնության կարիք ունեն, ուղարկել զորամասեր»։ Կոնկրետ 5-րդ գումարտակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վատ լինելու մասին Բադալյանը չի հիշում։ Նա բնական է համարում, որ երբ մարդ տեսնի՝ ընկերը զոհվեց, ընկճվում է, բայց, ըստ վկայի, դա ժամանակավոր բնույթ է կրում։ Բադալյանը հիշում է, որ դիվիզիայի շենքը մոտ է եղել այն դպրոցին, որտեղ տեղակայված է եղել 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմը։ Նա ասաց, որ զորամասն ունեցել է բարոյահոգեբանական գծով տեղակալ եւ հոգեբան, նրանք զեկուցել են, որ շատ բարդություններ չկան։ Վկան ասաց, որ չորս տարի անց լավ չի մտաբերում, բայց հիշում է, որ երբ հակառակորդը տիրել է որոշակի դիրքերի, անձնակազմը նահանջով է բերվել այդ դպրոց։ Հանրային մեղադրողը նկատեց, որ մինչ այս հարցաքննված անձինք տեղեկություններ են հայտնել, որ ուսումնական գումարտակի մոտ նաեւ բարոյահոգեբանական լուրջ խնդիրներ են ունեցել, եւ նահանջը նաեւ դրա հետ կապված է եղել։ Բադալյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, որ բարոյահոգեբանական վիճակի համար նահանջ իրականացվի։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հավելեց, որ նաեւ նահանջի արդյունքում կարող էր վատանալ բարոյահոգեբանական վիճակը, ինչին վկան դարձյալ արձագանքեց, որ ինքը նման տեղեկություն չունի։ - Դուք անձնապես խոսակցություն ունեցե՞լ եք [զորքի հետ],- հարցրեց մեղադրողը։ - Հա, ես եղել ա, որ դպրոցում հանդիպեմ, բայց տենց որ ինչ-որ քաոս տիրեր, տենց բան ես չեմ հիշում։ - Ըստ Ձեր գնահատման՝ այդ անձնակազմն ի վիճակի՞ էր շարունակել մարտական գործողությունները։ - Իհարկե, քանի որ տղաները գիտեին, որ իրենց առջեւում իրենց ծառայակից ընկերներն են մարտի մեջ, ես բազմաթիվ զինվորներ եմ հիշում, որ մոտեցել ասում էին՝ բա մենք չենք գնալո՞ւ, ուրախացել էին, նաեւ լեյտենանտի կոչում են տվել, դասակ են ղեկավարել էդ տղաները։ Ընկճված տղաներ կարան լինեն, բայց մեկ կամ մի քանիսի համար ընդհանուր գնահատական տալը սխալ է։ Վկան չի հիշում, որ մեկ վաշտ լքել է մարտական դիրքը Հանրային մեղադրողը հարցրեց՝ եթե կապի միջոց ունեցող հրամանատարը վիրավորվում է կամ ինչ-ինչ պատճառով պետք է դուրս գա մարտից, պարտավո՞ր է կապի միջոցները փոխանցել ենթականերին կամ զեկուցել վերադաս հրամանատարին, թե ով է շարունակելու պարտականությունների կատարումը։ «Իհարկե»,- պատասխանեց Բադալյանը, «օրինակ ես երկու անգամ եմ վիրավորվել, երբ վիրավորվում ես, էդ պահին մինիմալ գիտակցություն կա, բացարձակ անգիտակից չես, որեւէ հաշվառած թուղթ, կապի միջոց փոխանցում ես քեզ մոտ գտնվող տեղակալին կամ թեկուզ էդ պահին մեկ զինվոր լինի, զինվորին էլ տաս, ասես տուր․․․»։ Իսկ արդյոք հրամանատարը պարտավո՞ր է նահանջող զորքին հստակ ու կոնկրետ նշել այն ուղղությունը, որով պետք է նահանջ կատարվի, եւ վերջնական բնագիծը, որը պետք է զբաղեցվի նահանջի արդյունքում։ Վկան ասաց, որ երբ նախնական նախանշված տեղում ես խնդիր կատարում, գիտես տարածքը, բայց եթե անծանոթ տեղանքում ես, այլ խնդիր է։ Հանրային մեղադրողը դարձյալ հարցրեց՝ ամեն դեպքում նահանջող զորքին հստակ ուղղություն պե՞տք է նշվի, թե՞ ոչ, Բադալյանն ասաց, որ պետք է նշվի, բայց ունենաս տվյալ, որ նշած տեղում խնդիր չի առաջանա։ Իսկ եթե տվյալ չունես, իրավիճակից է կախված․ «Դրանք վայրկյաններ են, մարտի դինամիկան է որոշում»։ Անդրադառնալով Բադալյանի վիրավորման թեմային՝ հանրային մեղադրողը հետաքրքրվեց, թե ինչ մարմնական վնասվածք է ստացել նա։ Վկան սկզբում չուզեց պատասխանել այդ հարցին՝ ասելով, որ այդ առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթ կա, եւ ինքը դեռ ցուցմունք չի տվել, այնուհետեւ նշեց, որ թեթեւ վնասվածք է եղել։ Պատասխանելով Գեւորգ Ավետիսյանի հարցին՝ նա ասաց, որ առաջին վիրավորման ժամանակ նա գիտակցություն ունեցել է եւ շարունակել է մասնակցել մարտական գործողություններին, եւ իր կյանքը փրկել է մի զինվորը, որն իրեն մի քանի կմ շալակած տարել է։ Իսկ երկրորդի ժամանակ անգիտակից է եղել։ Բադալյանն ասաց, որ բացասական է վերաբերում այն իրավիճակին, երբ սպան թեթեւ մարմնական վնասվածքը պատրվակ է դարձնում մարտի դաշտը լքելու համար։  Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը վկային հարցեր տվեց պատերազմի առաջին օրերի վերաբերյալ։ Վկան ասաց, որ սեպտեմբերի 27-ին եղել է հրամանատարական կետում, նաեւ իմացել է, որ 5-րդ գումարտակում եղել են նորակոչիկներ։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Բադալյանը որեւէ զեկուցագիր ներկայացրե՞լ է վերադաս հրամանատարությանը, որ հնարավոր չէ նորակոչիկներին մեկ գումարտակով ուղարկել մարտական գործողության։ Բադալյանն ասաց, որ բոլորն այդ ժամանակ ունեցել են աշխատանքային պլաններ եւ առաջնորդվել են դրանցով, ուստի ինքը նման զեկուցագիր չի գրել ու կարծիք չի հայտնել․ «Զեկուցագիր գրելու համար ես պետք է ունենամ հիմք, իսկ դա պետք է գար զորամասից, եթե գա, որ կա նման խնդիր, դա պետք է իմ համար հիմք հանդիսանար, որ ես զեկուցեի վերադաս հրամանատարությանը»։ Բադալյանը չմտաբերեց, որ իրեն հայտնած լինեն անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի խնդրի մասին։ - Դուք, որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ՝ բարոյահոգեբանական վիճակի գծով, պարտավոր չէի՞ք ճշտելու։ - Մենք դա ամեն օր ենք ճշտում առավոտյան զեկույցների ժամանակ (խոսքը խաղաղ պայմանների մասին է,-հեղ․), եւ նման զեկույց չի եղել։ - Բա որ ճշտել եք, չեք ասե՞լ, որ չի կարելի անփորձ գումարտակը միանգամից ուղարկել մարտի։ - Դուք խաղաղ պայմանների մասին հարցրիք, իսկ պատերազմական գործողությունների ժամանակ․․․ - Խաղաղ պայմաններում զեկուցել են, պատերազմական պայմաններում․․․ Ասում եք՝ ամեն օր զեկուցում են, ամեն օր զեկուցում են՝ պատերազմական պայմաններում Դուք Ձեր կարծիքը չեք հայտնե՞լ։ - Բոլոր տեղերում էլ խոսել ենք, էդ խոսելն այլ բան ա, երբ ասում եք՝ զեկուցագիր գրե՞լ եք, ես ասում եմ՝ չեմ գրել, որովհետեւ տենց զեկուցագիր ներքեւից վերեւ ա գալիս, գրելու կարիք չի եղել։ - Բանավոր ճշտելու, հրամանատարին զեկուցելու, բանավոր հայտնելու․․․ Գումարտակի հրամանատարին կանչե՞լ եք, ասել՝ էս վիճակն ա, հրաման տվե՞լ եք, ասե՞լ եք, որ էս վիճակն ա։ - Ես իմ աշխատանքը կազմակերպել եմ բարոյահոգեբանական գծով տեղակալների հետ, ես գումարտակի հրամանատարի հետ չեմ խոսել, որովհետեւ կխանգարեի։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը հարցրեց՝ Բադալյանը լսե՞լ է, որ ամբողջ մի վաշտ թողել է իր մարտական դիրքը եւ դիմել փախուստի։ Վկան ասաց, որ դա էլ չի հիշում։ Գրիգորյանը զարմացավ այս պատասխանից․ «Դուք զորամասի դիվիզիայի հրամանատարի տեղակալն եք բարոյահոգեբանական վիճակի գծով, Ձեր ենթակայության տակ գտնվող գումարտակներից մեկի ամբողջ վաշտը թողնում, փախնում է դիրքը, ասում եք՝ չեմ լսել։ Ո՞նց կարող է, Ձեր անմիջական ենթակայության տակ է, Ձեր զինվորներն են»։ - Զինվորներն ունեցել են դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարություն, բայց ավելի մեծ անհրաժեշտություն էր, որ մոբին զինենք, ու կարողանանք տանել զինվորներին փոխարինելու, ու քանի որ իմն օպերատիվ օղակն էր, ես ավելի շատ զբաղվել եմ մոբի անձնակազմով- ասաց Բադալյանը։ - Երբեւէ «9 կմ-ում» եղել ե՞ք, 5-րդ գումարտակի նահանջից հետո,- հարցրեց Գրիգորյանը - Եղել եմ։ - Զորքի վիճակը տեսել ե՞ք։ - Այո։ - Խոսել ե՞ք հետները։ - Այո։ - Այնտեղ է՞լ ոչ մի խոսակացություն չի եղել թռնողերի, սխալի, ծանր վիճակի մասին։ - Չեմ հիշում։ - Իսկ 5-րդ գումարտակի սպաների մեջ եղած տարաձայնության մասին ի՞նչ տեղեկություն ունեք։ - Բոլոր ուսումնական գումարտակներում գերթե նույն ձեւի են եղել խնդիրները, Հադրութի ուսումնական գումարտակում էլ ա եղել․․․ - Ես Հադրութից չեմ խոսում։ Գալիս եմ ամսի 27-ից՝ չեք հիշում, գալիս եմ ամսի 2-ին՝ չեք հիշում․․․ «Չեմ հիշում, որ տռագեդիոն խնդիր բարձրանար համազգեստի համար» Հաջորդիվ հարցեր հնչեցին նաեւ, թե ինչ խնդիրներ կարող էին ընկճել զինվորներին։ Խոսվեց նաեւ այն մասին, թե արդյոք զինվորներն ունեցե՞լ են համազգեստների, պաշտպանիչ բաճկոնների խնդիր եւ այլն։ Բադալյանն ասաց, որ չի հիշում, թե «բռոնի ժիլետի» պակաս եղած լինի, իսկ ինչ վերաբերում է համազգեստին, ապա, նրա խոսքով, պատերազմական պայմաններում դրանք ավելի շուտ էին մաշվում․ «Բայց չեմ հիշում, որ տռագեդիոն խնդիր բարձրանար համազգեստի համար»,- ասաց նա։ Վկայի այս պատասխանները վրդովեցրին զոհվածների հարազատներին։ Նրանցից Արսեն Ղուկասյանը տեղից գոռաց՝ դիմելով Բադալյանին․ «Երեխեքին պատերազմի ժամանակ ասում էր ձեզ կդատեն ֆորմի համար, գիտես չեմ ասելո՞ւ, սաղ տեղերն եմ ասելու, մարդասպան, էդքան երեխեքին էս [վիրավորական բառ] ա ուղարկել, էն մի [վիրավորական բառ] հանձնարարությունն արել ա»։ Ղուկասյանին հեռացրին նիստերի դահլիճից։ Բադալյանը շարունակեց, որ եթե բարոյահոգեբանական վիճակը վատ է եղել, ապա դրա ամենամեծ պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ հակառակորդն անբացատրելի, աննկարագրելի շատ էր կիրառում հրետանի ու անօդաչուներ։ Գուրգեն Գրիգորյանը հիշեց, որ զորամասի օպերատիվ բաժնի պետ Ռյուրիկ Սեմյոնովը ցուցմունքում ասել էր, որ պատերազմի սկսելուց մի քանի օր հետո արդեն սովորել էին կռվել անօդաչուների դեմ․  - Սո՞ւտ է ասել Սեմյոնովը,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։ - Ես չեմ ուզում իրա ասածին գնահատական տամ, ամեն պաշտոնատար անձ փորձել ա արագ սովորեցնել։ Ինչը փորձել են, ստացվել ա, շարունակել են, դա էլ ա մարտական ոգին բարձրացրել։ Գրիգորյանը նորից հետաքրքրվեց՝ ի պաշտոնե՝ Բադալյանն ի վերջո ինչ գործողություններ է արել զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրանելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց, որ վերադասությունը ժամը մեկ ուզել է զինվորների սխրանքների մասին տեղեկություններ, զոհերի անուններ, եւ այլն, եւ այդ հաշվառումը պետք է իրականացներ ինքը։ - Դուք գնդապե՞տ եք։ - Այո։ - Բա էդ զորքն ո՞վ պետք ա կառավարեր, որ Դուք մենակ ցուցակներով էիք զբաղվում։ - Զորքը կառավարում են իրա անմիջական հրամանատարները։ Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Հադրութում եղած ժամանակ զորամասի կամ դպրոցի վրա հրետակոծություն եղե՞լ է։ Վկան ասաց, որ ամբողջ քաղաքի վրա է եղել։ Վտանգավոր չէ՞ր զինվորներին զորամաս կամ դպրոց տանելը։ Վկան պատասխանեց՝ բոլոր տեղերն էին վտանգավոր։ Բայց հարցաքննության ընթացքում պարզվեց, որ Մանուկ Բադալյանը նաեւ տեղյակ չի եղել, որ զորքը նախ զորամասում է տեղակայվել, հետո նոր դպրոցում։ Նա ասաց․ «Կարող ա այլ զորամասի խնդրով զբաղված լինեմ, միանգամից չես կարա բոլոր տեղերի խնդիրներն իմանաս»։ Երբ Բադալյանին հարցրին՝ իսկ դպրոցում նա ի վերջո ճշտե՞լ է, թե անձնակազմին ինչ մարտական խնդիր է առաջադրված եղել, նա պատասխանեց, որ ինքը նման կոնկրետ պարտականություն չի ունեցել։ «Ի՞նչ է նշանակում՝ չունեմ։ Բարոյահոգեբանական աշխատանք, առանց ճշտելու՝ ինչ աշխատանք պիտի կատարեն, բա էդ պարտականությունն ո՞վ ունի, որ Դուք չունեք։ Դուք եթե նման հարցերը չեք ճշտել, չեք իմանում՝ էդ երեխեքն ինչի միջով են անցել, ուր են եկել հասել, որտեղ են գտնվում, բա ո՞նց եք կազմակերպելու Ձեր եւ Ձեր ենթակաների աշխատանքը»,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը ու շարունակեց,- «պետությունն էդքան ծախս ա անում, բարոյահոգեբանական գծով զորամիավորման բազմաթիվ պաշտոններ կան, էդ որ պիտի զորքի հետ կապ չունենաք, բա պետությունը ձեզ ինչո՞ւ ա էդքան ուղարկում սովորելու, տալիս բարձր պաշտոններ, որ գաք, կանգնեք դատարանի առաջ, ասեք՝ ես, բացի երեխեքի հետ խաղաղ ժամանակ քայլելուց հարցնեմ՝ ո՞նց եք, ձեր հաց ու ջուրը տե՞ղն ա, ուրիշ բաների հետ կապ չունե՞մ»։  - Մյուս սպաները զինվորներին թողել, փախել են, խայտառակություն է, այ էդ երեխեքի զոհվելը, կոնկրետ այս դեպքում՝ Խուռհատ սարի, չե՞ք կարծում, որ էդ ամբողջի մեղավորությունը նաեւ դրված է այն հրամանատարական կազմի վրա, որը պիտի բարոյահոգեբանորեն աշխատեր սպաների, զինվորների հետ, որ նրանք չլքեին մարտական դիրքը, զինվորին, զորքին, տեխնիկան։ Չեք գտնո՞ւմ, որ ձեր ղեկավարած կառույցն իր վրա դրված ոչ մի պարտականություն չի կատարել։ Թռել են՝ տեղյակ չեք, թրջված են եղել՝ տեղյակ չեք, սպաները խնդիր ունեն՝ տեղյակ չեք, զորքին հանում են վերեւ՝ տեղյակ չեք։  - Ուսումնական գումարտակները համալրվել են մեր դիրք պահող գումարտակների այն լավագույն սպաներից, որոնք ունեն նորմալ, ավելի լավ փորձ, եւ էդ ընտրությունը, զորամասն առաջարկներն ուղարկում ա, պաշտոնները նշանակվում են ավելի վերադաս ղեկավարներից։ Ընտրելուց հետո մենք ինչ աշխատանքներ ենք կատարել, էդ ամեն ինչը․․․ - Անգամ վախենում եմ հարցնել, եթե ձեր լավագույն սպաները փախել են, զինվորներին լքել են, վատագույններն ինչի՞ են ընդունակ եղել։ Ձեր աշխատանքը պիտի լիներ առաջինը, որ սպան մնար զինվորի հետ․․․։ Դուք ո՞նց եք աշխատել ու ո՞նց պատասխանատվություն չեք կրել,- ասաց Գուրգեն Գրիգորյանը։  «Ես տվյալ չունեմ, որ զինվորներին հրամայել են փոխել հագուստը, թաց շորերը հագնել» Հաջորդիվ վկային հարցեր տվեց նաեւ Իշխան Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը․ - Երբ իմացաք, որ զինվորները թրջված, շորերը՝ շարքից դուրս եկած, իրենք իրենց ուժերով Հադրութում հայթայթեցին հագուստ, փոխվեցին, Ձեր արձագանքը դրան ի՞նչ եղավ, Դուք գովեցի՞ք նրանց։ - Ըտեղ հայթայթելու խնդիր չի եղել, անձամբ բանակի թիկունքի պետը հենց դպրոց բերել ա, էդ նույն րոպեին չէ, բայց բերել, հասցրել են։ - Դուք ոգեւորեցի՞ք, գովեցի՞ք զինվորներին։ - Դա իմ անելիքը չի։ - Դուք ի՞նչ արձագանք տվեցիք, երբ տեսաք, որ էդ երեխեքը թրջված շորերը փոխել են նոր շորերով, իրենց ուժերով։ - Մենք պրոբլեմներն անմիջապես վերադասությանը զեկուցել ենք, խնդրել, որ կան ապահովման հարցեր, բերեն, ապահովեն։ - Իսկ դուք տեղյակ եղա՞ք, որ էդ զինվորներին հրաման տվեցին փոխած շորերը փոխել, նորից թաց շորերը հագնել, նոր շորերը վերադարձնել։  - Ես տենց տվյալ չունեմ։ - Ոչ էլ լսել եք։ - Ոչ։ Այս դեպքի մասին խոսեց նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գայանե Հովակիմյանը, եւ, դիմելով վկային, ասաց, որ նախաքննության ժամանակ զինվորների տված ցուցմունքներ կան, որոնցում ասված է, որ երբ զինվորները կարողացել են հագուստ հայթայթել խանութից, ինքը՝ Բադալյանը, ստիպել է հանել համազգեստները․ - Ի՞նչ կասեք այս մասին, ես հստակ ասում եմ՝ կան ցուցմունք տված զինվորներ, որոնք ողջ են։ - Իմ տեղեկությունով մոբի տղաներից ծխախոտ չեն ունեցել, տեսել են, որ պատուհանը ջարդված ա խանութի, ջարդել են դուռը, բացել՝ ծխախոտ վերցնելու համար, տեսել են մեր զինվորներին, իրանք են մեր զինվորներին առաջարկել, մեր զինվորները հաստատ չէին գնա ընդեղ էլի։ Հետո կողքի խանութում էլ համազգեստ ա եղել, էդ էլ են բացել, հագել, ոստիկանությունը տեղեկացել ա, որ խանութներ են բացում, ասել են՝ խնդրում ենք ուշադրություն դարձրեք, մենք էլ ասել ենք՝ չի կարելի, էլի։ Զոհված զինծառայողի ծնող Գեղամ Ղազարյանը մանրամասներ հարցրեց վկայի վիրավորման հանգամանքներից։ Բադալյանն ասաց, որ երբ այրվածքով վիրավորում է ստացել, դիվիզիայի սպաներն են տարել իրեն․ - Բայց ձեր ֆերշելին (բժշկին,-հեղ․) տեսել եմ, խոսել եմ, ասել ա՝ ինքն իրա ոտով ա եկել։ Հիշում ե՞ս, Ստեփանակերտում ասում էիր՝ Գարիկն (նկատի ունի գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանին) ու Իշխանյանն են մեղավոր, որ Գարիկին կանչիր, բերին, ասում էիր՝ դու ես մեղավոր, էնի ասում էր՝ էնի, քցում էիք իրար վրա։ - Էդ օրը վեճ ա եղել մեր մեջ, ես ուրիշ մանրամասներ չեմ հիշում,- ասաց վկան։ - Երեխեքին շարել ե՞ս Հադրութի դպրոցում, ասել՝ բարոյալքված եք, պատրաստ չեք պատերազմի, հետո հրաման ես տվել Վարդերեսյանի հետ, ասել, որ ով հետ գա՝ գյուլլեք։ - Չի եղել տենց բան,- հերքեց Բադալյանը։ Վկան այդ օրերին չի իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել Հնչած հաջորդ հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ վկա Մանուկ Բադալյանը այդ օրերին չի իմացել, որ զորքը շրջափակման մեջ է ընկել, չի իմացել նաեւ, թե ինչու է Գարիկ Վարդերեսյանին փոխարինել Իշխան Վահանյանը, նույնիսկ այն ժամանակ, երբ Վահանյանին հանդիպել է դպրոցում, չի հարցրել այդ մասին։ Դատավոր Ջոն Հայրապետյանը, դիմելով վկային, ասաց, որ չի եղել գրեթե մի վկա, իսկ նրանք գրեթե 40-ն են եղել՝ զինծառայողներ, սպաներ, մեղադրյալ Իշխան Վահանյանը, որը չասի, որ զորքն ունեցել է բարոյահոգեբանական վիճակի խնդիր․ «Այդպիսի մարդ չի եղել, որ հակառակն ասի։ Դուք ցուցմունք եք տալիս, ասում՝ ինձ չի զեկուցվել։ Պարզ է՝ Դուք դիվիզիայի օղակն եք, բայց մենք կընդունեինք Ձեր ասածը, եթե Դուք անձամբ ներկա չգտնվեիք դպրոցում, այսինքն՝ Ձեր ստորադասներն իրենց պարտականությունը լավ կատարած չլինեին, բայց դուք անձամբ այնտեղ եք եղել, ո՞նց եղավ, որ դուք չնկատեցիք, որ 5-րդ գումարտակը շատ վատ բարոյահոգեբանական վիճակի մեջ է, բոլորը զանգել են տներ, ծնողներին ասել են՝ մենք վատ վիճակում ենք, դիրք են ուզում տանեն եւ այլն»։  - Դիվիզիայի մասնաշենքը, ճիշտ ա, խփված էր, բայց 30 տոկոսով գործում էր, կապի հանգույցն աշխատում էր, ես ավելի շատ կապի հանգույցից ներքին հեռախոսով խոսալու համար եմ եղել այդ շենքում, ես ասում եմ՝ բոլոր ուսումնականներում էլ բարոյահոգեբանական վիճակի հարց եղել ա, բայց որ առանձին ասեմ․․․ Մանուկ Բադալյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին։ Գլխավոր լուսանկարում՝ Մանուկ Բադալյանը, լուսանկարը՝ ՊՆ-ի Հայարփի Բաղդասարյան
23:15 - 26 սեպտեմբերի, 2024
Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում

Պատերազմից 4 տարի անց զոհերի, գերիների, անհայտ կորածների թիվը ՔԿ-ն գաղտնիք է համարում

2020թ․ 44-օրյա պատերազմից անցել է չորս տարի, սակայն մինչ օրս հայկական կողմի զոհերի մասին ամբողջական տվյալներ չկան։ Թեեւ նախորդ տարիներին տարբեր պաշտոնյաներ հնչեցրել են թվեր, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդ տեղեկությունը պաշտոնապես համարում է նախաքննական գաղտնիք։ Քանի՞ զոհ է ունեցել հայկական կողմը պատերազնի ընթացքում, նրանցից քանի՞սն է եղել ՀՀ ԶՈՒ կամ Արցախի ՊԲ զինծառայող, քանի՞սն է եղել պահեստազորային, քանի՞սը՝ կամավորական, քանի՞սը՝ խաղաղ բնակիչ․ ահա այս եւ մի շարք այլ հարցերով սեպտեմբերի 16-ին դիմել ենք Քննչական կոմիտե, որը մերժել է տեղեկության տրամադրումը՝ հղում անելով Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին հոդվածին։ Քննչական կոմիտեն նշել է միայն, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում շարունակվում է քրեական վարույթի նախաքննությունը, որը նախաձեռնվել է հետեւյալ հոդվածներով՝ - Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ագրեսիվ պատերազմ սանձազերծելը եւ վարելը,  - ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելը,  - պատերազմ վարելու արգելված մեթոդներ եւ միջոցներ կիրառելը, - քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելը եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելը, մասնավորապես՝ խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելը եւ հրետակոծելը,  - միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելը,  - ահաբեկչությունը, ահաբեկչության ֆինանսավորումը, միջազգային ահաբեկչությունը: Հայկական կողմը՝ ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն, 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացնում էին զոհերի տվյալները։ 2020թ․ դեկտեմբերի վերջից զոհերի ցուցակներ սկսեցին չհրապարակվել։ Հետագայում ինչպես Քննչական կոմիտեն, այնպես էլ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ ընդհանրական տվյալներ հաղորդեցին։ Օրինակ՝ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի: Այդ օրը նա ասաց, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ պնդեց, որ զոհերի թիվը 4000-ից չի անցնի:  Ամփոփ տվյալներ էր հայտնում նաեւ Քննչական կոմիտեն։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին ՔԿ-ն հրապարակել էր 3781 թիվը եւ նշել, որ այդ օրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի եւ 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ 2022թ․ հունվարի 19-ին ՔԿ-ն հրապարակել էր զոհերի 3809 թիվը։ Այդ հաղորդագրության էջը ՔԿ պաշտոնական կայքից հեռացված է։ 2022թ․ մարտի 21-ին ՔԿ-ն հայտարարել է, որ զոհերի թիվը 3822 է։ Դրանից մեկ ամիս անց՝ ապրիլի 13-ին, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Սա զոհերի ամփոփ թվի վերաբերյալ, ըստ էության, վերջին հայտարարությունն է եղել։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 483-րդ հոդվածի համաձայն՝ քրեական վարույթի տվյալներն առանց իրավասու մարմնի թույլտվության հրապարակելը համարվում է հանցանք։ Հարց է ծագում՝ եթե Նիկոլ Փաշինյանը կամ այլ պաշտոնատար անձինք ունեցել են վարութային տվյալներ հայտնելու թույլտվություն, ապա ինչո՞ւ քննչական մարմինն առնվազն այդ նույն տեղեկությունը չի տրամադրվում լրատվամիջոցին։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի ունեցել իրավասու մարմնի թույլտվությունը, ապա ինչո՞ւ այդ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող անձանց թվին, ապա այս մասին վերջին անգամ խոսել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ այս տարվա հունվարի 4-ին։ Այդ պահի դրությամբ, ըստ Քյարամյանի հայտնած տվյալների, Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման մասին հայտարարությունը՝ հերքում։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։ Այժմ դատարաններում քննվում են մի շարք գործեր, որոնք առնչվում են 44-օրյա պատերազմի հանգամանքներին։ Այդ գործերը վերաբերում են նաեւ զինծառայողների զոհվելու դեպքերին։  Այդ գործերի մասին կարող եք կարդալ «Ինֆոքոմում»՝ 1, 2, 3, 4, 5, 6 հղումներով։Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից, 44-օրյա պատերազմից Հայարփի Բաղդասարյան
19:10 - 26 սեպտեմբերի, 2024
«Բունկերի Շահենը»․ Արցախի բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց

«Բունկերի Շահենը»․ Արցախի բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց

Ուշադրություն․ նյութում կան այրվածքների կադրեր «Ընկածս տեղից ցատկեցի ու սկսեցի վազել, մեկ էլ մի հոգի կանգնեցրեց, ասաց՝ վառվում ես, շորերս հանեց, ու էդտեղ լսվեց երկրորդ պայթյունը»,– 24-ամյա Շահեն Հայրիյանի վերջին հուշերն են՝ Արցախում անցկացրած վերջին օրվանից։ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թ․ սեպտեմբերի 25-ին, 9-ամսյա շրջափակումից եւ ադրբեջանական զինված ուժերի հարձակումից հետո տուն-տեղ թողած արցախցիները փորձում էին գոնե Հայաստան հասնելու համար վառելիք գտնել։ Բռնի տեղահանմանը, սակայն, մի նոր աղետ էր ավելացել․ պայթել էր Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհին հարակից բենզինի պահեստը։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհվել է 218, վիրավորվել՝ 120, անհետ կորել՝ 21 անձ։ ՀՀ իրավապահները դեռ քննում են դեպքի հանգամանքները Պայթյունից հետո սկսել էին շրջանառվել դրա պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ՝ ադրբեջանական ահաբեկչությունից մինչեւ սովորական անփութություն։ Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ (ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մաս)։ 2024 թ․ տարեսկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր՝ Պաշտպանության բանակը հիշյալ պահեստը հանձնել էր Արցախի ղեկավարությանը, դեպքի վայրում ծառայություն էր իրականացրել ոստիկանության 2 աշխատակից։ Արցախի ղեկավարության հնարավոր հարցաքննությունների, քննության առարկա դարձած վարկածների, տուժած անձանց թարմացված տվյալների եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ մեր գրավոր հարցմանը Քննչական կոմիտեն չի պատասխանել՝ դրանք նախաքննական գաղտնիք որակելով (հրաժարվել է նաեւ բանավոր հարցազրույցից)։ Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են միայն, որ վարույթի շրջանակում որեւէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ. «Իրականացվել եւ շարունակվում են իրականացվել բազմաթիվ ապացուցողական եւ վարութային գործողություններ, մասնավորապես՝ հանցագործությունից տուժած մի շարք անձինք ձեռք են բերել տուժողի դատավարական կարգավիճակ, կատարվել են վկաների եւ տուժողների հարցաքննություններ, նշանակվել են դատագենետիկական, դատաբժշկական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացությունները ստացվել են»,– նշված է պատասխանում։ Նկարները թերթելով՝ կարելի է տեսնել պաշտոնական մյուս տվյալները ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացել ենք՝ հիվանդանոցային պայմաններում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն եւ սպասարկում է տրամադրվել այրվածքով 243 բուժառուի, որոնցից 10-ը ներկայումս վերականգնողական բուժում է ստանում «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում։ Շահեն Հայրիյանը վերականգնողական բուժում ստացող անձանցից է, որն արդեն 20-ից ավելի վիրահատության է ենթարկվել։ Դեպքից կես տարի անց՝ մեր առաջին հանդիպման ժամանակ, նա, ամբողջովին բինտերով փաթաթված, պառկած էր հիվանդանոցում։ Այսօր արդեն ինքնուրույն քայլում է, սնվում, ամեն օր հաստատակամ այցելում թերապիաների՝ հավատով, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու։ «Հերթը հասավ ինձ՝ չհասցրի․ պայթյունը եղավ» Շահեն Հայրիյանը Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր։ Ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ որպես վարորդ կամավորագրվել Մարտակերտի հոսպիտալում։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ նույն հաստիքով աշխատել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունում։ Հարձակումից կարճ ժամանակ անց պաշտոնյաների համար նախատեսված բունկերին են խփել․ զոհեր և վիրավորներ են եղել։ Շահենը հոր եւ քեռու հետ շտապել է այնտեղ՝ վիրավորներին օգնելու։ Հենց այդտեղ էլ «Բունկերի Շահեն» մականունն է ստացել։   «Ամսի 20-ին կռիվը որ վերջացել է, սաղին ասել են, որ պիտի դուրս գան։ Ամեն մեկը իր հոգսն էր քաշում՝ վեշ, բենզին․․․ Մենք էլ էինք գնացել՝ բենզինի հոգս քաշելու։ Շատ մարդ կար, շատ–շատ։ Սաղ քաղաքը էնտեղ էր՝ մեծ, երեխա, կնանիք։ Ասենք՝ ընտանիքում 5 հոգի ա եղել, միասին գնացել են, որ գոնե մեկը կարողանա բենզին վերցնել։ Ինչ–որ մեկը նույնիսկ ավտոմատով էր եկել, որ առանց հերթի բենզին վերցնի»,– պատմում է Շահենը։ Նա պահեստ էր գնացել եղբոր, հարեւանների եւ ընկերոջ հետ․ «Իրար կողք կողքի մի 5 հատ չան ա եղել (խոսքը բենզինի տարայի մասին  է,–հեղ․), ոնց որ սենյակներ լինի ու մեջը չան։ Պայթյունի ժամանակ սաղս էլ չանի կողքին կանգնած էինք։ Սաղ տարիքով մարդիկ էին, մեջների ջահելը ես եմ եղել, ես եմ օգնել։ Սկսել եմ իրենց конестор-ները լցնել, դե ծանր էին։ Հերթը հասավ ինձ՝ չհասցրի․ պայթյունը եղավ։ Էն որ ականջներդ խլանում են, ոչ մի բան չես հասկանում է․․․ Մենակ հասցրի դեմքս փակել, ուրիշ ոչ մի բան։ Փորձեցի շունչ քաշել, հասկացա, որ մեջքս վառվում ա, շունչս պահեցի։ Մեկ էլ ինձ գցեց գետնին, փորձեցի բարձրանալ, գետինը փլուզվեց, ընկա փոսի մեջ»։  Արթնանալուց հետո Շահենը տեսել է շուրջբոլորը պառկած մարդիկ․ կեսը գիտակից, կեսը՝ անգիտակից․ «Երբ կանգնեցի, ցավ չէի զգում, սաղ շորերս կպած էին, մի հատ երկաթի կտոր տեսա, բռնեցի, ինձ քաշեցի վերեւ։ Էդտեղ արդեն ձեռքերս արյունոտ էին, վառված։ Նկատեցի, որ չանն արդեն եռում ա, ոտքերս կպնում են, կոշիկներս՝ հալվում։ Պիտի ցատկեի դեպի վեր, ուրիշ տարբերակ չկա, ցատկեցի ու անկախ ինձնից՝ սկսեցի վազել»,– պատմում է Շահենը՝ հավելելով, որ եղբորը գտնելուց հետո նստել են մեքենան ու մի կերպ հասել հիվանդանոց։ Շահենը սկզբում անճանաչելի է եղել․ մայրը 3 անգամ հիվանդանոցի հարկերով իջել–բարձրացել է, նրան չի գտել․ «Մի քանի բժիշկ էր, ու շատ հիվանդ, չէին հասցնում։ Ոնց կարողացան, առաջին օգնությունը ցույց տվեցին, մաման վիրակապեց․․․ Երբ բժշկին պատմեցի, որ սկզբի րոպեներին ցավ չէի զգում, բայց կողքիս մարդիկ լաց էին լինում, բժիշկն ասաց՝ քո վիճակը էնքան էր վատ, որ օրգանիզմդ չէր հասկանում, որ քեզ ցավում ա, պիտի ռեակցիա տա․․․ Հետո աչքերս փակվեցին, ու ոչ մի բան չէի տեսնում, լսում, խոսում, հասկանում էի, բայց ընդհանրապես չէի տեսնում․․․ Հետո հիշում եմ ուղղաթիռ դնելու պահը։ Մի երկու փոքր դրվագ՝ ուղղաթիռի մեջ, երբ ինչ–որ մեկը ինձ ծածկում ա, խմելու բան տալիս։ Շատ ցուրտ էր, դողալուց մի քանի անգամ արթնացա․․․ Թե հետո ուղղաթիռը ուր գնաց, ինձ ոնց հասցրին «Միքայելյան» հիվանդանոց, արդեն էլ չեմ հիշում»։ Երեւան տեղափոխելուն արդեն երկարատեւ բուժումն է հաջորդել, դեմքի ուռածությունը իջնելուն զուգահեռ աստիճանաբար տեսողությունը սկսել է վերականգնվել․ «Ահավոր վիճակ էր, կողքս սաղ տենց վառված մարդիկ էին։ Հետո իմացա, որ ամենաշատ տուժածը, ում այրվածքի մակերեսը շատ-շատ մեծ ա, ես եմ եղել»,- նշում է Շահենը։ «Անվտանգության տարրական կանոնները չեն պահվել» Պայթյունից հետո Շահենը նիհարել է 40 կգ–ով։ Ցավերը սկսել են ի հայտ գալ առաջին վիրահատությունից հետո, երբ խոր այրվածքներով մաշկը հեռացրել են, որպեսզի կարողանան դրա տակ եղած հատվածները մաքրել․ «Եթե էդ մահացած մաշկը՝ միկրոզը, չեն հեռացնում, տարածվում ա։ Ու միանգամից էլ չի կարելի հեռացնել․․․ Առաջ դիմանալու էր, նույնիսկ 3 շաբաթ հրաժարվել էի ամեն տեսակի ցավազրկողից, բայց վիրահատությունից հետո ահավոր ցավեր են սկսել։ Ցավում ու մեկ էլ քոր էր գալիս։ Ավելի լավ էր՝ ցավի, քան քոր գա։ Այ էդ վիճակն էր․․․ Վիրահատությունից վիրահատություն մի փոքր դզվում եմ, կաշի են դնում, մաքրում»։ Շահենը նաեւ մաշկի փոխպատվաստման կարիք է ունեցել, եղբայրը 2 անգամ նրան դոնոր է եղել․ «Եթե ինքը դոնոր չլիներ, ամեն ինչ վատ ավարտ կունենար․․․ Ես ամառային շորերով էի, իսկ ինքը տաք էր հագնվել, դրա համար երբ իր սվիտրը սկսել ա վառվել, ինքը նկատել ա, կարողացել ա հանգցնել։ Իսկ իմ հագին որ սաղ բարակ էր, ինչ վառվել ա, կպել ա ջանիս․․․ Երբ ինձ տեղափոխեցին «Այրվածքաբանական», 50 օր ռեանիմացիայում պառկեցի․․․ Փորիս հատվածից կաշի վերցրին, դրեցին ձեռքիս, դեմքիս ու կամաց–կամաց սկսեցինք ֆիզիոթերապիան»,– պատմում է Շահենը։ Փետրվար, 2024 թ․ Օրեցօր Շահենը փոփոխություն է նկատում, ասում՝ սկզբում միշտ պառկած էր, չէր կարողանում շարժվել, հիմա արդեն քայլում է, իր ձեռքով սնվում։ Թե որտեղից է իր մեջ պայքարի այդ ուժը գտնում, դժվարանում է պատասխանել․ «Մի տեղից գտնվում է էլի, չգիտեմ»,– ասում է նա։ Վերականգնող թերապիստ Արենուհի Պողոսյանն էլ հուշում է՝ արցախցի է, այդ ուժը նրա հող ու ջրից է գալիս, ուղղակի նա դա չի գիտակցում։ Պայթյունի պատճառը, ըստ Շահենի, անվտանգության կանոնները չպահպանելն է եղել․ «Տարբերակները շատ են, բայց անվտանգության տարրական կանոնները չեն պահվել, սաղի շորերից բենզինի հոտ էր գալիս, սաղ չանի կողքերը ծխում էին։  Մարդ  կա՝ ասում ա՝ ԱԹՍ ա եղել, բայց դե, մարդ էլ կա՝ ասում ա՝ բենզինի հոտից վատանում էինք, անընդհատ գլուխներս բարձրացնում էինք, որ շնչեինք, եթե տենց բան լիներ, կտեսնեինք։ Մարդ կա՝ ասում ա՝  տեսել են, թե ոնց են դռելով ծակում, որ չանից բենզին հանեն, չանի տակից էլ են բենզին վերցրել, մեջն էլ են մտել․․․ Բայց ես տենց բան չեմ տեսել։ Ում տեսել եմ, իմ պես конестор-ով էր»։ «Էնքան եմ ֆորմա հագել, որ ինձ առանց դրա չեմ պատկերացնում» Շահենի խոսքով՝ իր համար անսովոր է ոչ մի բան չանելը, ուզում է վերադառնալ ծառայությանը, բայց գիտի, որ չի կարողանա․ «Մինչև պայթյունը գիտեի, որ աշխատանք կա, ստեղծած ամեն ինչ կա, մնում էր մենակ մի աղջիկ ճարել, ամուսնանալ ու վերջ, հիմա դեռ չգիտեմ, պիտի դուրս գրվեմ, հասկանամ՝ ինչ ա կատարվում։ էն ամենամանր բաները, որոնց, հնարավոր ա, ուշադրության չէիր դարձնում, հիմա արդեն խնդիր ա։ Իմ մեջ տրաքվում եմ, որ սենց պարապ պիտի պառկիմ։ Պարապ լինելը ինձ շատ է խանգարում, ես միշտ գործ եմ արել։ Էդ ֆոռման էնքան եմ հագել, որ ինձ էլ չեմ պատկերացնում առանց դրա։ Ծառայությունը դուրս գալիս ա։ Համ էլ 44-օրյա պատերազմին որ մասնակցեցի, մեջս մի բան փոխվեց․․․ Բայց դե, էս վիճակում էլ չեն վերցնի։ Որ բինտերը հանեն, դուրս գրվիմ, մի աշխատանք պիտի գտնիմ»։ Զինվորական համազգեսը ընտանիքը չի այրել, թաղել է տան բակում՝ իրար կողք կողքի՝ Շահենինը, եղբորինը եւ հորինը։ Մայրը հուշում է՝ դա էլ է խուճապի պատճառով եղել․ խոսակցություններ կային, թե իբր ադրբեջանցիները մտնելու են, տները ստուգեն։ Մտածել են անգամ տունն այրել, բայց չեն համարձակվել․ իսկ ի՞նչ, եթե չթողնեն անցակետով անցնել․ «Երազելու բան չկա, երազանքը Ղարաբաղ հետ գնալն ա, բայց էդ էլ չգիտեմ՝ լինող բան ա թե չէ»,- անկեղծանում է Շահենը։ Օգոստոս, 2024 թ․ Այժմ նա տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, նպատակ ունի ուսումն ավարտել։ Թե ինչ կլինի հետո, դեռ հստակ չէ։ Փոխարենը հստակ են կարոտի հասցեները․ «Աչքիս ամենից շատ մեր հանգստյան գոտին ա գալիս։ Ես եմ սարքալ պապիս հետ։ Մեծ բասեին, մեծ բիսետկեք․․․ էդքան տարի սարքել ենք, եկել ա պահը, որ պիտի վայելենք, թողալ ենք, եկալ․․․ Ասկերանում գարեջրի գործարան էլ ունեինք, ռեմոնտը արել ենք, արդեն եկել էր պահը, որ պիտի սկսեինք գործ անել, էլի նույն ձեւով թողալ ենք, եկալ․․․Ու էդ սաղ 2020 թ․-ից հետո էինք սարքալ, երբ շատերը թողալ, ծախալ, դուրս էին եկալ»։ Շահենի ներկայիս զբաղմունքը գիշերները մեքենա քշելն է։ Առայժմ դժվարանում է, բայց փորձում է վերականգնել նախկին արհեստավարժությունը։ Իսկ առջեւում նոր վիրահատություններ են, որոնց համար հարազատի տանը ժամանակավորապես բնակվող ընտանիքը ֆինանսական աջակցության կարիք ունի․  «Թող պինդ լինեն, հուսահատվեն ոչ, սաղ էլ անցողիկ ա»,– իր հայրենակիցներին դիմելով՝ ասում է Շահենը։   Հեղինակներ՝ Միլենա Խաչիկյան, Ջուլիետտա Հովհաննիսյան, Անի Բալայան
12:42 - 25 սեպտեմբերի, 2024
Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից

Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից

Գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի և Ծաղկահովիտ համայնքի չորս պաշտոնյաներ 2022 և 2023 թվականներին եկամուտ են ստացել առցանց խաղատներից։ Այս մասին պարզ է դառնում հայտարարատու բոլոր պաշտոնյաների՝ 2021-2023 թվականներին հայտարարագրած եկամուտների ուսումնասիրությունից։ Մասնավորապես, ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության - վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 9 բաժնի՝ արդեն նախկին գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Մելքումյանը 2023 թվականի տարեկան հայտարարագրում 255 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել «ինտերնետ տոտալիզատորներից», իսկ 2024 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրում՝ նույն աղբյուրից հայտարարագրել է 309 հազար դրամ եկամուտ։  Մեզ հետ զրույցում Դավիթ Մելքումյանը նշեց, որ օրական երկու անգամ ինտերնետ տոտալիզատորները անվճար «պտտելու» (սփին) հնարավորություն են տալիս, որից էլ օգտվում է. «Ամիս կա՝ կարա 10 հազար դրամ լինի, ամիս կա՝ 50 հազար դրամ։ Մեկ էլ անվճար սպորտային մրցաշարեր կան, կարամ դրանով էլ շահեմ»։ Մելքումյանը շեշտում է, որ  առանց գումար ներդնելու է մասնակցում և երբեմն շահում. «Էդքան խելքս հերիքում ա էլի, որ գումար չդնեմ, իմաստ չկա, որովհետև էդ թակարդ ա։ Ով որ գումար ա դնում, պարտվում ա, ասում ա՝ սպասի էլի խաղամ՝ գոնե պարտվածս հետ բերեմ ու տենց ընկնում ա ծուղակը»,- նշում է ՊԵԿ նախկին գլխավոր հարկային տեսուչը՝ ավելացնելով, որ բացարձակ կախվածություն չունի ու չի էլ կարող ունենալ, որովհետև արդեն տասը տարուց ավելի է՝ օգտվում է ինտերնետ տոտալիզատորներից, ու այսքան տարում կախվածություն չի առաջացել։ Անդրադառնալով խաղատների ու շահումով խաղերի բացասական կողմերին՝ Դավիթ Մելքումյանը նշում է, որ շատ ծանոթներ ունի, որոնք կախվածության մեջ են և կարծում է, որ այս ոլորտը պետք է կարգավորվի. «Եթե ընդհանրապես այդ ոլորտը վերացնեն, շատ ավելի լավ կլինի։ Գյուղացիներից լիքը մարդ եմ անձամբ ճանաչում՝ արևի տակ գնում, բանվորություն են անում, աշխատում են, տանում են սաղ կազինոներում թողնում, դուրս են գալիս»,- ասում է նախկին գլխավոր հարկային տեսուչը։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի աշխատակազմի քարտուղար Արայիկ Ավետիսյանը 2023 թվականին 449 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել «Տոտոգեյմինգից»։  Արայիկ Ավետիսյանը մեզ հայտնեց, որ դա միանվագ շահում չէ, այլ տարեկան ընթացիկ շահումների ընդհանուր արժեքն է։ Նշում է, որ ցածր հաճախականությամբ է օգտվում առցանց շահումով խաղերից, պարզապես ժամանց է իր համար, կախվածություն չունի։ Հարցին՝ արդյո՞ք օրինակելի արարք է համարում, պատասխանեց. «Դե օրինակելի չէ, ուղղակի ժամանցի հետ կապված հիմնականում ֆուտբոլային մրցաշարերի հետ կապված էլի։ Սպորտային խաղերի խաղադրույքներ են»։ 2022 թվականի տարեկան հայտարարագրում ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վլադիմիր Անտաշյանը 4 մլն 106 հազար դրամ է հայտարարագրել «Վիվառոյից»։  Հարցում էինք ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու արդյո՞ք դա միանվագ շահում է, ի՞նչ հաճախականությամբ է պաշտոնյան օգտվում առցանց խաղատներից կամ շահումով խաղերից և արդյո՞ք առցանց խաղատնից գումար շահելը օրինակելի արարք է համարում: ՊԵԿ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ մեր նշած փաստերն ու հարցադրումները պարզելու նպատակով Վլադիմիր Անտաշյանի նկատմամբ նախաձեռնվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահան Հարությունյանը 2022 թվականի տարեկան հայտարարագրում 10 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել «Վբեթ»-ից՝ որպես «Մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահում (մրցանակ)»։ Փորձեցինք կապ հաստատել Վահան Հարությունյանի հետ՝ ճշտելու ի՞նչ մրցույթի է մասնակցել և ինչպե՞ս է շահել իր այդ տարվա աշխատավարձը գերազանցող գումարը։ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ հարցումը պետք է ուղարկենք Դատախազություն։ Ուղարկված հարցմանը պատասխան, սակայն, այդպես էլ չստացանք ո՛չ Գլխավոր դատախազությունից, ո՛չ Վահան Հարությունյանից։ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշում է, որ հանրային պաշտոնյաների՝ խաղատներում կամ շահումով խաղերում ներգրավումը խնդրահարույց է մի շարք պատճառներով․  «Ենթադրաբար հարկատուների հաշվին ապրող պաշտոնյաների ներգրավումը խաղատներում հարցականի տակ է դնում նրանց կողմից ներդրվող գումարների ծագման օրինականությունը: Այդ գումարները, օրինակ՝ կարող են լինել կողմնակի եկամուտի (ապօրինի բիզնես, կաշառք) արդյունք։ Խաղատների (հատկապես առցանց) բիզնեսը առհասարակ կոռուպցիայի տեսանկյունից խոցելի է, քանի որ դրանց միջոցով անհատների միջև կարող են փոխանակվել, շրջանառվել խնդրահարույց գումարներ, օրինակ՝ փոխանցվի կաշառք, լվացվեն կեղտոտ փողեր»։ Սոնա Այվազյանը նշում է, որ խաղատներից կամ առցանց շահումով խաղերից օգտվելը, ընդհանուր առմամբ, չի արգելվում, սակայն հանրային ծառայողների՝ խաղերի մեջ ներգրավումը կարող է հարցականի տակ դնել ինչպես պաշտոնյայի օրինավորությունը, նրա կողմից կատարվող աշխատանքի որակը, այնպես էլ համապատասխան կառույցների հեղինակությունը և դրանց նկատմամբ վստահությունը։ Ըստ ԹԻՀԿ գործադիր տնօրենի՝ հատկապես խնդրահարույց է վերահսկող և արդարադատություն իրականացնող կառույցների պաշտոնատար անձանց ներգրավումը։   Լյուսի Մանվելյան
20:28 - 24 սեպտեմբերի, 2024
Ալավերդին՝ ջրհեղեղից 4 ամիս անց

Ալավերդին՝ ջրհեղեղից 4 ամիս անց

Սեպտեմբերյան փափուկ եղանակին Դեբեդն իրեն այնպես է պահում, կարծես ինքը չէ, որ չորս ամիս առաջ ափերից դուրս էր եկել։ Գետը հիմա հոսում է անվրդով, համբերատար։ Հիմա Ալավերդին խոր ցեխից մաքրված է, ջրհեղեղից տուժած հիմնական ճանապարհներն ու կամուրջները որոշակիորեն նորոգված են, բայց աղետի հետեւանքները կարճ ժամանակում ամբողջությամբ չեն վերացել, դեռ բազմաթիվ խնդիրներ կան՝ կորցրած տների փոխհատուցումից մինչեւ վնասված ջրատարներ եւ այլն։ Ալավերդու Սանահին կայարանն այն թաղամասերից է, որը լուրջ վնասներ է կրել մայիսյան հեղեղումներից։ Ջրհեղեղի հաջորդ օրը, երբ «Ինֆոքոմի» թիմն աշխատում էր այս թաղամասից, փողոցներն անանցանելի էին ջրի ու ցեխի պատճառով, մարդիկ դեռ փորձում էին հասկանալ իրենց հետ պատահածը։  Այսօր արդեն ոչ մարդաշատ այս թաղամասի նեղլիկ փողոցներից լսվում են շինարարական աշխատանքների ձայներ։ Մարդիկ փորձում են վերադառնալ իրենց բնականոն կյանքին՝ համակերպվելով այն մտքին, որ բնության հետ կռիվ անել չես կարող։ Սանահին կայարան թաղամասի 16-րդ շենքում են ապրում Արմինե եւ Վահրամ Կոլոլյանները։ Փողոցից երեւում է նրանց բնակարանի բաց պատուհանի կողքին աշխատող Վահրամը՝ պատի խոնավացած սվաղն է պոկում, որ նորոգի։  Մինչ նա լուռ իր գործն է անում, քույրը՝ Արմինեն, կես կատակ-կես լուրջ մտահոգվում է՝ բա որ բնությունը որոշի՝ այստեղ պետք է ծով լինի․ «Տպավորություն ա, որ անընդհատ ինչ-որ բան պետք ա կորցնես»,- ասում է նա։ Ջրհեղեղի գիշերը Կոլոլյանները դրսից եկող ջրի ձայնից են արթնացել։ Արմինեն պատուհանից նայել-տեսել է՝ ջուրը հասել է գոգին։ Արմինե Կոլոլյանը «Դուռը բաց արինք, ջուրը մի հետից (միանգամից,-հեղ․) լցվեց տուն։ Մենակ դակումենտները հասցրի վերցնեմ, մեզ Սեւանի փրկարարները հանեցին»,- պատմում է նա։ Տան ցեխը մաքրել են, հիմա պետք է պատերը, հատակը սարքեն, փչացած գույքը փոխեն։ Բարերարների աջակցությամբ կարողացել են լվացքի մեքենա ու սառնարան գնել, որոնք շարքից դուրս էին եկել ջրի մեջ մնալուց։ Կոլոլյանները դիմել են նաեւ պետության կողմից տրամադրվող փոխհատուցման համար եւ առաջիկա օրերին սպասում են դրա հաստատմանը։  Ինչպես Կոլոլյանների, այնպես էլ առաջին հարկի մյուս բնակիչների տան տակ նկուղներ կան։ Ջրհեղեղի ժամանակ ամբողջ գետնահարկը ծածկվել է ցեխով ու ջրով։ Ջուրը հիմա մաքրվել է, բայց խոնավությունն ու ցեխը մնացել են, ինչի պատճառով բորբոս ու սնկեր են գոյացել այնտեղ։ Խոնավության ու բորբոսի՝ քիթ ծակող սուր հոտը տարածված է ամբողջ տնով, չնայած լուսամուտներն անընդհատ բաց են։  Բնակիչները չեն պատկերացնում՝ ինչպես պետք է մաքրեն նկուղները, որ այդ հոտը վերանա։ Հիմա նրանք ապրում են վերեւի հարկի դատարկ բնակարաններից մեկում՝ վարձով (վարձը փոխհատուցվում է), իսկ ներքևի հարկը միայն կոմունալ կարիքների համար են օգտագործում։  Ինչպես անշարժ գույքի վնասի, այնպես էլ բնակության վայրի գույքի եւ տեխնիկայի փոխհատուցման համար կառավարությունը ծրագրեր է մշակել։ Դրանք որոշակի բաժանում ունեն՝ հաշվի առնելով բնակավայրը, աղետի հասցրած վնասի չափը եւ այլն։  Ջրհեղեղի հետեւանքով, ընդհանուր առմամբ, վնասվել, հեղեղվել կամ փլուզվել է 263 տուն եւ բնակարան։ Վնասված եւ փլուզված տների ու բնակարանների բնակիչներին պետությունը նախ սոցիալական աջակցություն է տրամադրում։ 263 բնակելի տարածքներում փաստացի բնակվել է 854 անձ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը հուլիսի 4-ին հայտնել է, որ նրանցից 490-ին տրամադրվելու է 60-հազարական դրամ, իսկ մնացածին՝ 40-հազարական՝ կախված, թե որ գոտում են բնակվում՝ առավել կամ պակաս տուժած։ Փոխհատուցումը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համայնքապետարան, իսկ դիմումների ընդունման ժամկետը սեպտեմբերի 30-ն է։ Ինչ վերաբերում է բնակարանին/տանը եւ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման ծրագրին, ապա շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում անձին տրամադրվում է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (տուն) ձեռք բերելու նպատակով:  Բնակարանի կամ տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում վերանորոգման համար փոխհատուցումը տրվում է ըստ բնակության համար նախատեսված տարածքի հեղեղված մասի յուրաքանչյուր քառակուսի մետրի, (բայց ոչ ավել, քան 80 քառակուսի մետրը, եւ կախված, թե որ գոտում են բնակվում՝ առավել կամ պակաս տուժած, 40 հազար կամ 60 հազար դրամ՝ քառակուսի մետրի դիմաց)։  Բնակարանի կամ տան կորստի դեպքում կենցաղային առաջնային գույքի փոխհատուցումը տրամադրվում է հավասար հիմունքներով, յուրաքանչյուր ընտանիքին կենցաղային առաջնային գույքի մեկական կազմով՝ անկախ կենցաղային գույքի կորստի չափից։ Կենցաղային առաջնային գույքի մեկ կազմի փոխհատուցման արժեքը կազմում է 1 մլն 200 հազար դրամ։  Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քանի որ հետահայաց չեն կարող ստուգել՝ ինչ գույք է ունեցել ընտանիքը, եւ քանի որ չարաշահումների լայն դաշտ կարող է ստեղծվել, փոխհատուցման նույնական սկզբունք է ընտրվել՝ ըստ աղետի գոտիների։ Ի դեպ, փոխհատուցման մեծ մասը պետք է ծախսվի անկանխիկ, մի մասը կարող է տրամադրվել կանխիկ՝ օրինակ՝ վերանորոգման վրա աշխատող վարպետներին վճարելու համար։ Սանահին կայարանի 16-րդ շենքի բնակիչ Արմինե Կոլոլյանը զանգում է հարեւանուհուն՝ Էլմիրա Գեւորգյանին, որի բնակարանը եւս Սանահին կայարանի 16-րդ շենքի առաջին հարկում է ու վնասվել է ջրհեղեղից։ Էլմիրան էլ է հիմա բնակվում վերին հարկերի տներից մեկում։ Նրա բնակարանի դռան փականը վնասվել է, ներս մտնել չենք կարողանում, բայց Էլմիրան իր հեռախոսում ունի տան վնասների բոլոր նկարներն ու չի զլանում դրանք հատ-հատ ցույց տալ, ինչպես ցույց է տվել բոլոր իրավասու մարմիններին։   Էլմիրան էլ է մտահոգ նկուղի հարցով։ Նրա խոսքով՝ համայնքային աշխատողներն ասել են՝ կառավարության տրամադրելիք փոխհատուցումն այնքան է, որ կբավականացնի նաեւ նկուղի մաքրման աշխատանքներին։ Բայց, շենքի բնակչի խոսքով, եթե կառավարությունը բնակարանների պատերի կրած վնասը հաշվել է 1 մետրով, ապա իր տան պատը մինչեւ առաստաղ վնասվել է ջրից, խոնավությունից․  «Իմ պատը հիմա քանդված ա 3,65 մետր, այսինքն՝ մի ամբողջ պատ էդ խոնավությունից փլվել ա։ Բոլոր հարեւանները գիտեն, աշխատակցիներն եկել, տեսել են։ Արթուր Մանուկյանն (համայնքի ղեկավարի օգնականը,-հեղ․) եկել, տեսել ա, երբ ես ասել եմ տեղյակ պահի քաղաքապետին, ասաց՝ էնքան գումար ենք տալիս, որ ի վիճակի եք բոլոր հարցերը լուծել»,- ասում է Էլմիրան։  Նա նշում է, որ շենքի հատկապես առաջին հարկում ապրողները չեն կարող սեփական ուժերով նկուղները կարգի բերել․ նախ՝ բնակիչներից ոմանք միայնակ կանայք են, երկրորդ՝ վնասն այն աստիճանի է, որ առանց հատուկ միջոցների մաքրել հնարավոր չէ․ «Սրանք օգտագործվող պադվալներ չեն է, շենքի հիմքն են։ Սյուներ են դրված, դրանք քայքայվել են էս հարյուր տարվա ընթացքում (շենքը մոտ 100 տարեկան է,-հեղ․)։ Վերջը՝ [համայնքապետարանը] խոստացել է մաքրել պադվալները, շենքի արտաքին տեսքը նորոգել, շքամուտքերը, տանիքը, ասել էին՝ կհանձնենք շատ լավ շենք։ Անցան ամիսներ, ոչ շքամուտքի մասին խոսք եղավ, ոչ՝ նկուղների»,- ասում է Էլմիրան։ Էլմիրայի հետ բարձրանում ենք վերնահարկ, որտեղ նա ցույց է տալիս շենքի տանիքի ոչ բարվոք վիճակը։ Էլմիրան ասում է, որ համայնքապետարանին խնդրել են տանիքը նորոգել այս տարի, բայց պատասխան են ստացել, որ հնարավոր չէ։ Ալավերդու համայնքապետարանում այս շենքի ինչպես տանիքի, այնպես էլ մյուս խնդիրներին քաջատեղյակ են, վստահեցնում է համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը։  Լոռու մարզպետարանն ու Ալավերդու համայնքապետարանն են զբաղվում ջրհեղեղից տուժած քաղաքացիների դիմումների ընդունման հարցերով, կազմակերպում փաստաթղթերի հավաքումը, տվյալների փոխանցումը պետական իրավասու մարմիններին եւ այլն։ Փոխհամայնքապետ Հարություն Ձավարյանն «Ինֆոքոմին» հայտնեց, որ վնասված բնակարան կամ տուն ունեցող 135 շահառուից սկզբնական փուլում կարողացել են ընդունել 63 դիմում։ Դա պայմանավորված է եղել նրանով, որ շատերը չեն ունեցել բնակարանի սեփականության վկայական կամ փաստաթղթերի հետ կապված այլ խնդիրներ են եղել։ Ընդունված դիմումներն այժմ 120-ից ավելի են, որոնցից առնվազն 110-ի դեպքում փաստաթղթային խնդիրները կարգավորվել են։ Ձավարյանն ասում է, որ Կառավարության հետ եկել են համաձայնության՝ մինչեւ քաղաքացիները կարգավորեն իրենց փաստաթղթերը, համայնքապետարանը շարունակի ընդունել նոր դիմումներ, որ ջրհեղեղի հետեւանքով տուժած որեւէ մեկը փոխհատուցման ծրագրից դուրս չմնա դիմումի ներկայացման ժամկետի ավարտի պատճառով։ Հարություն Ձավարյանը (լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից) Շահառուների փոխհատուցման գործընթացը շարունակվում է։ Կան քաղաքացիներ, որոնք ներկայացրել են դիմումներ, բայց դեռ չեն ստացել նախատեսված դրամական աջակցությունը, քանի որ կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Ձավարյանը վստահեցնում է, որ իրավասու մարմինները մշտական կապի մեջ են շահառուների հետ, նրանց ոչ միայն տեղեկացնում են ընթացքի մասին, այլ նաեւ պարբերաբար ճշտում, թե որ փուլում է դիմում չներկայացրած անձանց փաստաթղթերի կարգավորման գործընթացը։ Փոխհամայնքապետի խոսքով՝ փոխահտուցման տրամադրումից հետո շահառուները տեղեկացնում են առաջին փուլով ստացած դրամական աջակցության ծախսի մասին, հետո մարզային եւ համայնքային աշխատակիցները այցելում են բնակարան/տուն, կատարված նորոգման աշխատանքի, գնած պարագաների եւ տրամադրված փոխհատուցման համարժեքության մշտադիտարկում իրականացնում, անցնում փոխհատուցման մյուս փուլին։ Փոխհամայնքնապետը, արձագանքելով շահառուների մտահոգություններին, մասնավորապես Սանահին կայարան թաղամասի 16-րդ շենքի նկուղային հարկը մաքրելու աշխատանքները բնակիչների ուսերին թողնելու մասին դժգոհություններին, ասում է, որ համայնքապետարանն ամենեւին նման մոտեցում չի որդեգրել, եւ որ իրենք պատրաստակամ են անդրադառնալ բոլոր խնդիրների լուծմանը․ «Իրականում պետությունը բավականին ծանր ու մեծ աշխատանք է անում։ Երբ ասում ենք աղետ, ընկալում ենք միայն Դեբեդի ավերածությունները, բայց բացի դրանից սարերից իջնող մեր առվակներն այդ օրերին գետեր էին դարձել, գյուղերում էլ էին շատ վնասներ հասցրել։ Մեր աշխատակիցները նաեւ դրանով են ծանրաբեռնված»,- մանրամասնում է Ձավարյանը։ Նա նաեւ ակնկալում է, որ բնակիչները կփորձեն պակաս բարդ խնդիրները լուծել ինքնակազմակերպման միջոցով։ Նկուղների մաքրման հարցը, ըստ Ձավարյանի, հենց այդ պակաս բարդ խնդիրներից է։  Անդրադառնալով 16-րդ շենքի տանիքի խնդրին՝ փոխհամայնքապետը ասում է, որ Ալավերդու քաղաքային խնդիրներից մեկը, որպես այդպիսին, տանիքների հարցն է, եւ 16-ի տանիքը դրանց թվում է։ Միայն թե այն այս տարի անհապաղ փոխել հնարավոր չէ․ «Այդ շենքը վնասվածությամբ առաջնային ցանկում չէ, բայց խոստացել ենք, որ կսարքենք»,- ասում է մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով նաեւ, որ քաղաքի հետաղետային վիճակն ավելի լավ է լինելու, քան աղետից առաջ։ Լուծման ենթակա խնդիրները Ալավերդիում քիչ չեն․ դրանք կապված են թե ջրհեղեղի հետեւանքների հետ, թե առկա են եղել երկար ժամանակ։ Այժմ առաջնայինը սանիտարական վիճակն է․ «Եթե խոսենք կոմունալ եւ կապիտալ գործողությունների մասին, ապա պետք է լուծել կոյուղագծերի, խմելու ջրագծերի, նաեւ ասֆալտի հարցը։ Բայց համայնքն, ընդհանուր առմամբ, այլ խնդիրներ էլ ունի, ինչպես օրինակ ներհամայնքային տրանսպորտը, ոռոգման ջրագծերը եւ այլն»,- թվում է Ձավարյանը։ Նա ընդունում է, որ իրավասու մարմիններն էլ կարող են թերացումներ ունենալ, բայց վստահեցնում է, որ աշխատում են դրանք շտկել։  Արմինեի ու Էլմիրայի հարեւանները՝ 16-րդ շենքի առաջին հարկի բնակիչներ Մարինե Սարգսյանն ու նրա ամուսինը, պետական փոխհատուցման առաջին մասն արդեն ստացել են եւ զբաղված են վերանորոգման աշխատանքներով։  Սա Մարինեի հայրական տունն է, նրանք բնակարանի ամեն քմ-ի համար ստանալու են 60 հազար դրամ։ Կահույքի համար եւս գումարի մի մասը ստացել են, բայց, Մարինեն ասում է, մինչեւ չնորոգեն, չեն կարող անհրաժեշտ իրեր գնել, տեղ չունեն․ «Պետք ա անենք գործ, չի լինի չանենք»,- ասում է նա։ Այս շենքի դիմաց ալավերդցի Մարգարիտա Մնացականյանի արհեստանոցն է․ նա դերձակ է եւ կարի մեքենայով ինչ-որ բան է կարում, երբ այցելում եմ։ Փոքրիկ այս արտադրամասը ջրհեղեղի հասցրած վնասներից անմասն չի մնացել․ պատերը մեկ մետրի չափ խոնավ են, դրանց վրա Մարգարիտան կտոր է կապել, որ կարվելիք կտորները չխոնավանան։  Մարգարիտա Մնացականյանը Մարգարիտայի կարի մեքենաները ջրի մեջ մնալուց փչացել են, դրանցից երկուսը նա նորոգել է, բայց ասում է՝ այդքան էլ լավ չեն աշխատում։   Մարգարիտան առաջիկայում պետք է փոխհատուցում ստանա արհեստանոցի, վնասված ավտոտնակի ու ավտոմեքենայի համար։ Կարի մեքենաների համար կստանա, թե ոչ՝ դեռ չգիտի։ Կատակում է՝ «ում տեսնում եմ, ասում եմ՝ ինձ համար մի [կարի] մեքենա առեք, ոչ ոք չառավ»։  Փչացել են Մարգարիտայի ասեղնագործող եւ ամրակցման (օվեռլոկ) մեքենաները․ «Բայց ես լավն եմ ուզում»,- ժպտալով անկեղծանում է նա ու միացնում իր հին մեքենան, որի աղմուկի տակ իրար լսելը դժվար է,- «լա սրա ձենին»,- ասում է։ Մարգարիտայի բնակարանի փաստաթղթերի հետ կապված խնդիր կա, նրա խոսքով՝ համայնքապետարանից ժամանակ են տվել դրանք կարգավորելու, որ համապատասխան փոխհատուցման ծրագրից օգտվի։  Դեբեդ գետի վարարման պատճառով ամենից շատ տուժած շինություններից է Սանահին կայարան թաղամասի 12-րդ շենքը։ Այս բազմաբնակարանը բաղկացած է 16 բնակարանից։ Ջրհեղեղի ժամանակ տուժել են առաջին հարկի 6 բնակարանները։ Բայց այս շենքն ամբողջությամբ է վնասված, վթարային է այն աստիճանի, որ պետք է քանդվի։  Այս հարցը քննարկվել է Հայաստանի կառավարության՝ հուլիսի 4-ի հերթական նիստի ժամանակ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ այդ պատճառով նոր բնակարան գնելու վկայագրեր կստանան ոչ միայն առաջին հարկում գտնվող բնակարանների սեփականատերերը, այլ նաեւ 2-րդ եւ 3-րդ հարկի տասը բնակարաններում ապրողները։ Այս շենքի առաջին հարկի բնակիչները այժմ վարձակալել են նույն շենքի վերին հարկերի դատարկ բնակարանները։ Վարձավճարը փոխհատուցում է պետությունը, ինչպես այն բնակարանների սեփականետերի դեպքում, որոնք մինչեւ իրենց տների նորոգումը ստիպված են ապրել այլ վայրում։ Այս շենքի մոտ է եղել այն կամուրջը, որը Դեբեդը փլուզել էր։ Հիմա նոր կամուրջ է կառուցվել։ Ժամանակավոր կամրջի բացման արարողությունը կայացել է սեպտեմբերի 7-ին։ Այն Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Կամուրջը տանում է դեպի այն թաղամաս, որի բնակիչները գետի ափին այգիներ են ունեցել։ Վարարած ջուրն այստեղից քշել-տարել է տնկիներ, արմատախիլ արել ծառեր, տեղը ցեխ ու ավազ լցրել։ Բայց տեղացիները նոր այգի են սարքել։ Այս հատվածն ալավերդցիները կոչում են Կամչատկա՝ իբրեւ կենտրոնից հեռու մի վայր։  Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։  Հովիկ Շեկվարդանյանը Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։  Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ Հայկուշ Շեկվարդանյանը Գյուղատնտեսական վնասները իրավասու մարմիններն արձանագրել են, Շեկվարդանյանները դիմել են փոխհատուցման համար, բայց մինչ աջակցությունը կլինի, չեն զլացել, իրենց միջոցներով նորից այգի են տնկել․ «Լրիվ քշել էր, բայց մենք վերականգնեցինք, նորից այգի ստեղծեցինք, էս ձեւի սարքեցինք, չհուսահատվեցինք»,- ասում է Հովիկը՝ գոհունակությամբ նայելով իրենց աշխատանքի արդյունքին։  «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։ Հայարփի Բաղդասարյան
21:42 - 23 սեպտեմբերի, 2024
ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ

ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ

«Ինֆոքոմը» հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ էին ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը։ Պարզել էինք, որ որոշ դեպքերում քաղաքացիները նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենք ՔՊ-ին նվիրատվություն են արել։ Որոշ նվիրատուներ էլ տեղյակ էին, որ իրենց անունով նվիրատվություն է կատարվել, սակայն փոխանցված գումարը իրենց չի պատկանել։ Այս տարվա մայիսի 31-ին հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2023 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, որին կից հրապարակվել է նաև անկախ աուդիտորի եզրակացությունը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) էլ արդեն ավարտել է պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ այդ թվում ՔՊ-ի, հաշվետվությունների ստուգումը։ Ստուգման արդյունքում, սակայն, իշխող կուսակցության հաշվետվության մեջ Հանձնաժողովն արձանագրել է որոշ խախտումներ՝ աչք փակելով նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերի վրա։  Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովը կրկնել է անկախ աուդիտորի կողմից արդեն իսկ արձանագրված խախտումները.   Կուսակցության հաշվից եղել են կանխիկացումներ, որն արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով։ ԿԿՀ-ն որոշում կայացնելու նպատակով կուսակցությունից պահանջվել է ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ ու փաստաթղթեր:  Կուսակցությանը նվիրատվություններ են կատարել իրավաբանական անձիք (ևս արգելված է «Կուսակցությունների մասին» օրենքով), որը կուսակցությունը օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին։ Յուրաքանչյուր անձ մեկ տարվա ընթացքում կուսակցությանը առավելագույնը կարող է փոխանցել 2.5 մլն դրամ։ ԿԿՀ-ն հայտնաբերել է, որ կուսակցությանը կատարվել են նվիրատվություններ, որոնք գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն չափը, և կուսակցության կողմից օրենքով սահմանված ժամկետում չեն փոխանցվել պետական բյուջե կամ նվիրատուներին։ Այս դեպքերի առթիվ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ, իսկ կուսակցությանը նվիրատվություն կատարելու` օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցելու ենթադրյալ դեպքի առթիվ գործի նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն։ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված առավելագույն չափը խոշոր չափերով գերազանցող նվիրատվության համար նվիրատուն պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Նվիրատվության օրենքով սահմանված առավելագույն չափը 2.5 մլն դրամն է, իսկ այն գերազանցող խոշոր չափ է համարվում 1 մլն դրամը գերազանցող գումարը։ Այսպիսով, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունները ստուգող մարմինը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի թիվս այլ պետական մարմինների, անտեսում է 2023 թվականին ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման էական ապօրինությունները։ Լյուսի Մանվելյան
20:26 - 19 սեպտեմբերի, 2024
ԳԱԱ ինստիտուտները կներառվեն համալսարաններում․ հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԳԱԱ ինստիտուտները կներառվեն համալսարաններում․ հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Կառավարությունն առաջարկում է Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտները ներառել համալսարաններում,  ԳԱԱ-ն դարձնել խորհրդատվական մարմին և արգելել ակադեմիական քաղաքի տարածքից դուրս բուհական ենթակառուցվածքների կառուցումը։ Լրամշակման տևական փուլից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄԱՆ) հանրային քննարկման է ներկայացրել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը։ Հիշեցնենք, որ կառավարությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումներ է նախաձեռնել, որոնց շրջանակում նախատեսվում է՝ բուհերի խոշորացմամբ և գիտական կազմակերպությունների հետ միավորմամբ ստեղծել 6 մեծ համալսարաններ կամ, այսպես կոչված, կլաստերներ՝ Դասական, Կրթական, Արվեստների, Տեխնոլոգիական, Սպայական և Բժշկական, կառուցել ակադեմիական քաղաք և սկզբում՝ կլաստերներից 4-ը, ապա բոլոր կլաստերները տեղափոխել այնտեղ։ Գիտական համայնքն ու շահագրգիռ կողմերը ոչ միանշանակ են ընդունել կառավարության այս որոշումները՝ գործընթացի վերաբերյալ հնչեցնելով մի շարք մտահոգություններ։ Կառավարությունն էլ խոստանում է որոշումների կայացման հիմքում դնել համայնքի հետ քննարկումները։ Այս պահին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի համակարգմամբ ձևավորված են 6 աշխատանքային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը քննարկում է կլաստերներից կամ համալսարաններից մեկի կառուցվածքը։ Իսկ մինչ այդ «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ այն, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական համակարգը կառավարության պատկերացմամբ։   Հայաստանի գիտական և բարձրագույն կրթական համակարգը  «Բարձագույն կրթության և գիտության մասին»  օրենքի լրամշակված նախագծով սահմանվում է, որ և՛ բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհ) և գիտական կազմակերպությունները լինելու են երեք տեսակի՝ հանրային (պետական), միջպետական և  մասնավոր (տե՛ս Հոդված 3)։ Ըստ նախագծի՝ համալսարանն ավելի լայն գործառույթներ ունեցող բուհ է, որը, բացի կրթական ենթակառուցվածքներից, ունի մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, կարող է ունենալ մասնագիտական, հանրակրթական (ավագ դպրոց) ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ։ Համալսարանի գործառույթներից են՝  Հայաստանի տնտեսության և պետական այլ գերատեսչությունների կարիքների համար գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների իրականացումը, իր կողմից ստեղծված գիտելիքի առևտրայնացումը և ստացված եկամուտի տնօրինումն առաքելությամբ սահմանված նպատակների համար (տե՛ս Հոդված 6): Նշենք, որ նախագծում համալսարանի մասին ձևակերպումը համընկնում է ակադեմիական քաղաքում տեղակայվելիք կլաստերների՝ մինչ այս պահը հնչած նկարագրություններին։ Այսպիսով, կարող ենք պնդել, որ բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման արդյունքում ստեղծվելիք 6 կլաստերները հենց համալսարաններ են կոչվելու։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ունենալ երեք տեսակի հանրային գիտական կազմակերպություններ՝ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություն՝ գիտական գործունեության բոլոր տարատեսակներով, ինչպես նաև նորարարական մշակումներով զբաղվող ինքնուրույն կառուցվածքային միավոր, գերատեսչական պատկանելիության հետազոտական կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է կիրառական գիտական հետազոտություններ, փորձարարական մշակումներ ինչպես նաև նորարարական գործունեություն միայն տվյալ գեատեսչության խնդիրների շրջանակներում, հետազոտական հիմնարկներ՝ հանրային այլ կազմակերպության (թանգարաններ, առողջապահական հաստատություններ, արտադրական կազմակերպություններ) կազմում գործող, հիմնարկի կարգավիճակ ունեցող հետազոտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հիմնադրող կազմակերպության հետազոտական խնդիրներով: Առաջարկվում է նաև, որ համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպությունները մասնակցեն համալսարանների կրթական ծրագրերին՝ ապահովելով որոշակի կրեդիտներ ուսանողների հետազոտական և ակադեմիական մոդուլների մասով: Գիտական կազմակերպությունները նաև կարողանալու են այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական և գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով  (տե՛ս Հոդված 8)։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկած բարեփոխումնեի համատեքստում մեկ անգամ չէ, որ խոսվել է գիտության կազմակերպման ձևերի բազմազանության անհրաժեշտության մասին։ Գիտությունների ազգային ակադեմիան, օրինակ, առաջարկում է ունենալ գիտական կազմակերպություններ և՛ Ակադեմիայի կազմում, և՛ դրանից դուրս, և՛ համալսարանների կազմում։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծից պարզ է դառնում, որ կառավարությունը չի բացառում համալսարաններից դուրս գիտական գործունեություն ծավալող կառույցների գոյությունը։ Սակայն կարևոր է նշել, որ նախագծով հստակ սահմանված է, թե երբ է հնարավոր համալսարաններից դուրս գիտական կազմակերպություններ հիմնադրել։ «Համալսարանի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվում է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում: Ընդ որում՝ դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը»,- ասվում է նախագծում: Հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունների ստեղծումը ևս, ըստ նախագծի, պետք է հիմնավորված լինի հիմնադրող կազմակերպության առանձնահատկությամբ (տե՛ս Հոդված 25): Սահմանվում է նաև, որ  համալսարանների կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների ցանկը հաստատելու է կառավարությունը (տե՛ս Հոդված 33)։ Նախագծի ձևակերպումներից կարող ենք եզրակացնել, որ համալսարանների կազմում ներառվելու են առնվազն Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող ավելի քան 30 գիտական կազմակերպությունները։ Եզրափակիչ և անցումային դրույթներում, մասնավորապես, նշվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից Ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելության, «մինչև կառավարության որոշմամբ և սույն օրենքի կարգավորումներով համապատասխան խոշորացված հանրային համալսարանների կազմում ներառվելը»: Ստացվում է, որ գիտական գործունեություն իրականացնող կառույցների գերակշիռ մեծամանսությունն, այնուամենայնիվ, ներառվելու է համալսարաններում, իսկ դրանցից դուրս գերատեսչական գիտական կազմակերպություններ կամ գիտական հիմնարկներ կարող են հիմադրվել միայն այն դեպքում, եթե դրանց անհրաժեշտությունը հիմնավորվի։    Գիտությունների ազգային ակադեմիան Ինչպես արդեն նշեցինք, նախագիծը սահմանում է, որ երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժի մեջ մտնի, Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպություները կփոխանցվեն ԿԳՄՍՆ-ին։ Նախագծից պարզ է դառնում, որ Ակադեմիան իր կազմում գիտական կազմակերպություններ չի ունենալու, իսկ կառույցի առաքելության մաս են կազմելու քննարկումների և համաժողովների կազմակերպումը, գիտության հանրայնացումը, ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրումը և այլն։ Առաջարկվում է, որ Ակադեմիան ունենա ընդհանուր ժողով, որը 5 տարի ժամկետով ընտրի նախագահություն, իսկ նախագահության կազմը հաստատի կառավարությունը։ Ակադեմիայի նախագահությունն էլ, ըստ նախագծի, ակադեմիկոսների թվից բաց մրցույթի արդյունքում ընտրելու է Ակադեմիայի նախագահին։ Նշենք, որ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքով կամ Ակադեմիայի կանոնադրությամբ այժմ նախատեսված չէ, որ նախագահության կազմը հաստատում է կառավարությունը։ Օրենքի ընդունումից հետո, սակայն, «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն ուժը կորցնելու է։ Նախագծով նաև առաջարկվում է, որ Ակադեմիայի նախագահության և գործադիր մարմնում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվեն նրա 75 տարին լրանալուն պես (տե՛ս Հոդված 9): Վերջին կետը, փաստորեն, Ակադեմիայի նախագահության միակ առաջարկն է, որը կառավարությունը ներառել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում (այս փոփոխության անհրաժեշտության մասին Ակադեմիան խոսում էր դեռ 2022-ից)։  Իսկ Ակադեմիայի՝ այս տարվա ապրիլին կայացած արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված առաջարկները կառավարությունը մեծամասամբ անտեսել է։ Ակադեմիան, մասնավորապես, առաջարկում էր․ ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրել այն բուհերը և գիտական կազմակերպությունները/դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացնել փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորել գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են համագործակցել բուհերի հետ, գիտական, տեխնոլոգիական, պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվել հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ։ Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գիտության ոլորտում այժմ գործում է Գիտությունների ազգային ակադեմիայի՝ խորհրդային ժամանակաշրջանին հատուկ կառավարման մոդելը, որտեղ «գիտական խորհրդատվական գործառույթները համադրված են վարչարարական անվերահսկելի և հաշվետվողականությունից ազատ միջավայրի հետ»:  «Գիտական կազմակերպությունների կառավարումն իրականացվում է ԳԱԱ լիակատար ֆինանսական, գիտական և կառավարչական հսկողության ներքո, ինչը նվազեցնում է մրցակցայնությունը և մասնակցայնությունը: Միևնույն ժամանակ, գիտության կազմակերպման ակադեմիական համակարգը հնարավորություն չի տալիս ֆինանսավորման առավել արդյունավետ ուղղորդմանը: Այսպես՝ համակարգում ներգրավված յուրաքանչյուր՝ ավելի քիչ, քան 2 գիտական աշխատակցին զուգահեռ ներգրավված է 1 վարչական կամ սպասարկող աշխատակից: Գիտության ոլորտին հատկացվող բազային ֆինանսավորման 73%-ը ուղղորդվում է ԳԱԱ համակարգի կազմակերպություններին, սակայն Միջազգային «Վեբ Օֆ Սայնս» գիտական տեղեկատվական համակարգում ինդեքսավորվող գիտական պարբերականներում հրապարակումների միայն 32%-ն է տպագրվել ԳԱԱ համակարգի կազմակերպությունների աշխատակիցների կողմից»,- ասվում է հիմնավորման մեջ: Հիշեցնենք, սակայն, որ Գիտությունների ազգային ակադեմիայի՝ ընդհանուր ժողովում ընդունված և կառավարությանը ներկայացրած առաջարկում խոսվում է նաև Ակադեմիայի դերի փոփոխության անհրաժեշտության մասին․ «Անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Ավելին, արդեն մի քանի տարի է, ինչ Ակադեմիան ներկայացրել է բարեփոխումների ծրագիր, որը ենթադրում էր գիտական կազմակերպությունների օպտիմալացում և դրանց հենքի վրա գերազանցության կենտրոնների ստեղծում (մանրամասները կարող եք կարդալ ԳԱԱ նախագահի հետ մեր հարցազրույցում): Ակադեմիան սեպտեմբերի 10-ին՝ օրենքի նախագծի հրապարակումից առաջ, հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրենքի դրույթներին։  «Տարակուսելի է, որ գիտության ոլորտի համար առաջարկվող մեխանիզմները չեն քննարկվել գիտական հանրույթի և ՀՀ ԳԱԱ-ի հետ: Բովանդակային քննարկումները հնարավորություն կտային մշակել գիտական հանրության կողմից ընդունելի մոտեցումներ և գտնել այնպիսի լուծումներ (կարգավորումներ), որոնք ուղղված կլինեին տասնամյակների ընթացքում ՀՀ գիտության ոլորտում ձևավորված ավանդույթների, ինչպես նաև համաշխարհային գիտական տարածքում մեր ունեցած դիրքի պահպանմանն ու հետագա զարգացմանը: ․․․․ Համոզված ենք, որ գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես անցնեին բովանդակային քննարկումներ բնագավառի ներկայացուցիչների հետ, իսկ պետական կառավարման մարմինների քննարկումներին պետք է ներկա լիներ ՀՀ ԳԱԱ-ն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահի»- ասված է Ակադեմիայի հայտարարության մեջ:   Բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարումը Ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհի կառավարման մարմիններն են լինելու հոգաբարձուների խորհուրդը, ակադեմիական խորհուրդը և ռեկտորը։ Առաջարկվում է, որ համալսարանները, բացի թվարկվածներից, ունենան նաև կառավարման հետևյալ մարմինները՝ կառավարման (կամ տնօրենների) խորհուրդ,  բուհի կառուցվածքային միավորների գիտական խորհուրդներ, բուհի կառուցվածքային միավորների գործադիր մարմին՝ տնօրեն։ «Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման գործադիր մարմնում ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար»,- ասվում է նախագծում  (տե՛ս Հոդված 24): Նախագիծը սահմանում է, որ՝  Բուհի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 20 անդամից։ Հոգաբարձուների խորհրդի անդամներ կարող են լինել գիտության և կրթության ինչպես նաև հումանիտար, արվեստների կամ գործարար միջավայրի՝ բարձր հեղինակություն վայելող և պատասխանատու պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձիք, այդ թվում՝ Սփյուռքի կամ այլ երկրի ներկայացուցիչներից (դրույթները կիրառելի չեն ուսանողության ներկայացուցիչների համար)՝ պահպանելով որոշակի համամասնություն։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից 10-ին առաջադրում է լիազոր մարմինը (ԿԳՄՍՆ)։ Հոգաբարձուների խորհրդի անդամներից 10-ին ներկայացնում է բուհը՝ 5-ին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից)՝ հնարավորինս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը, և 5-ին՝ ուսանողական ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներից: Հոգաբարձուների խորհուրդն, ըստ նախագծի, ունենալու է  իրավասությունների բավականին լայն շրջանակ, այդ թվում՝ ընտրելու է ռեկտորին և գիտական կազմակերպության տնօրենին, իրականացնելու է նրանց պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումը՝ թեկնածուների վերաբերյալ ակադեմիական խորհրդի եզրակացության քննարկմամբ, հաստատելու է բուհի տարեկան բյուջեն ու դրա փոփոխությունները (ներառյալ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների բյուջեն)։ Հոգաբարձուների խորհրդի նախագահին իրենց կազմից ընտրելու են խորհրդի անդամները՝ բացառությամբ բուհի ակադեմիական կազմի և ուսանողության ներկայացուցիչների (տե՛ս Հոդված 26): Ըստ նախագծի՝ համալսարաններն, ինպես արդեն նշեցինք, ունենալու են նաև կառավարման խորհուրդ, որտեղ ընդգրկվելու են ռեկտորը, ակադեմիական ուղղությունների համար պատասխանատու պրոռեկտորները և համալսարանի կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների տնօրեններն ու ակադեմիական միավորների ղեկավարները (տե՛ս Հոդված 30): Առաջարկվում է նաև, որ  բուհում վարչական, ինչպես նաև ակադեմիական ղեկավար պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական պաշտոնում (ներառյալ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավար պաշտոնները) նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվեն 65 տարին լրանալուն (տե՛ս Հոդված 21): Ըստ նախագծի՝ գիտական կազմակերպության վարչական և սպասարկող աշխատանքներն իրականացվելու են կենտրոնացված, համալսարանի հետ համատեղ, եթե չկան սահմանված առանձնահատկություններ։ Նախագիծը սահմանում է, որ գիտական կազմակերպության կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը, գիտական խորհուրդը և տնօրենը: Համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունները, սակայն, համալսարանից առանձին հոգաբաձուների խորհուրդ չեն ունենալու․ դրանց հոգաբարձուների խորհուրդը նույնն է լինելու, ինչ համալսարանինը (տե՛ս Հոդված 25)։ Գիտական խորհուրդը հաստատելու է գիտական կազմակերպության զարգացման ռազմավարությունը, որը համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում պետք է չհակասի համալսարանի ընդհանուր ռազմավարությանը (տե՛ս Հոդված 28)։ Նախագծով, առաջարկվում է, որ գերատեսչական գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակի տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվի գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ։ Իսկ հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունների կառավարման կառուցվածքն, ըստ նախագծի, կարգավորվելու է հիմնադրի կողմից (տե՛ս Հոդված 25)։   Բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարիչները Բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում մեկնարկած բարեփոխումների համատեքստում քննարկվող հարցերից մեկը հետևյալն է․  համալսարանի և գիտական կազմակերպության ղեկավարը պիտի լինի գիտնակա՞ն, թե՞ կառավարիչ։ Օրենքի նախագիծը պատասխանում է նաև այս հարցին։ Բուհի ռեկտոր, ըստ նախագծի, կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական կամ գիտական գործունեության և կրթության կամ գիտության ոլորտում կառավարման փորձ։ Ռեկտորի թեկնածուին ներկայացվող լրացուցիչ պահանջներ կարող են սահմանվել բուհի կանոնադրությամբ և հոգաբարձուների խորհրդի կողմից: «Հանրային բուհի ռեկտորը պետք է ունենա աշխարհի առաջատար բուհերի կողմից տրամադրվող՝ ոլորտի կառավարման որակավորում կամ առնվազն սերտիֆիկացված ծրագիրը լավ կամ գերազանց ամփոփած լինելու վկայական կամ այլ հավաստող փաստաթուղթ»,- ասվում է նախագծում։ Նշվում է նաև, որ բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ և պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն ու չեզոքություն (տե՛ս Հոդված 29): Գիտական կազմակերպության տնօրենի համար ևս ակադեմիական աստիճան ունենալը պարտադիր է լինելու։ Նախագծով նաև առաջարկվում է, որ այս պաշտոնը զբաղեցնողն ունենա ոլորտի կառավարման ակադեմիական մոդուլը կամ միկրոորակավորման ծրագիրը լավ կամ գերազանց ամփոփելու վկայական (տե՛ս Հոդված 25): Նախագծով նաև սահմանվում է, որ ԿԳՄՍՆ-ն հաստատելու է գիտության և բարձրագույն կրթության ոլորտների կառավարիչների վերապատրաստման միկրոորակավորման ծրագրերը և վերապատրաստող համալսարանների ցանկը (տե՛ս Հոդված 33)։   Համալսարանների և դրանցում ներառված գիտական կազմակերպությունների ֆինանսավորումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը սահմանում է, որ գիտական կազմակերպությունները տնօրինելու են իրենց բյուջեն, որը ձևավորվելու է հիմնադիրի հատկացված միջոցներից, գիտական դրամաշնորհային ծրագրերից, իրենց գործունեության արդյունքի իրացումից կամ այլ՝ օրենքով չարգելված աղբյուրներից:  «Համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների պարագայում բյուջեն համալրվում է նաև համալսարանի ունեցած եկամուտներից արվող հատկացումներից, որի նվազագույն չափը սահմանվում է համալսարանի ներքին իրավական ակտերով և հաստատվում է ընդհանուր բյուջեի հետ»,- նշվում է նախագծում (Տե՛ս Հոդված 8)։ Ըստ նախագծի՝ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություններն ունենալու են առանձին բանկային ենթահաշիվ և ազատ են լինելու տնօրինել իրենց տրամադրված միջոցները՝ միևնույն ժամանակ դրամաշնորհային և արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին (տե՛ս Հոդված 25)։ Նախագծով նաև սահմանվում է, որ գիտության և բարձրագույն կրթության բյուջետավորումն իրականացվելու է առանձին բյուջետային ծրագրերով (տե՛ս Հոդված 37):   Ակադեմիական քաղաքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում տեղ է գտել նաև ակադեմիական քաղաքը։  «Ակադեմիական քաղաքը ուսումնական, գիտական և հարակից հաստատությունների համալիր է, որը միտված է ապահովելու կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների միջև կապն ու համագործակցությունը՝ համապատասխան բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներով հանդերձ»,- նշվում է նախագծում։ Նախագծով նաև սահմանվում է, որ ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվելու է բուհերի ակադեմիական միավորների ենթակառուցվածքների ստեղծումը, եթե դա պայմանավորված չլինի ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկություններով (տե՛ս Հոդված 40)։   Ակադեմիական բարեվարքությունը Վերջերս «Ինֆոքոմ»-ը գրել էր ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածներում գրագողության դեպքերի մասին։ Թեմայի վերաբերյալ մենք զրուցել էինք ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ, որը հայտնել էր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախածգով սահմանվելու է ակադեմիական բարեվարքությունը, այն քննող մարմին է լինելու, իսկ  ակադեմիական բարեվարքությանը չհամապատասխանելն աշխատանքից ազատելու համար իրավական հիմք է լինելու։ Օրենքի նախագծով սահմանվում է, որ ակադեմիական բարեվարքությունը գիտական և կրթական գործունեության իրականացումն է մասնագիտական էթիկայի և վարքագծի սահմանված կանոններին համապատասխան (տե՛ս Հոդված 3)։ Ըստ նախագծի՝ բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական և գիտական կազմի աշխատողը պարտավոր է՝ պահպանել ազնվության և ամբողջականության սկզբունքը աշխատանքում և պարտականությունների կատարման ժամանակ՝ խուսափելով գրագողությունից, տվյալների կեղծումից կամ այլ ակադեմիական զեղծարարություններից և կանխելով դրանց դրսևորումները, պահպանել բուհի կամ գիտական կազմակերպության սահմանած ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջները (Տե՛ս Հոդված 21)։ Նախագծով առաջարկվում է, որ բուհերում գործի Էթիկայի կոմիտե, որը կլինի մասնակցային ընտրությունների միջոցով ձևավորվող անկախ մարմին և կունենա կանոնադրություն (տե՛ս Հոդված 24)։ Էթիկայի կոմիտեն քննարկելու և դիմումատուին է ներկայացնելու որոշում՝ բուհի բոլոր մակարդակներում ակադեմիական էթիկային ինչպես նաև բարեվարքությանը վերաբերող դիմումների վերաբերյալ: Էթիկայի կոմիտեի որոշումները, ի թիվս այլնի, կարող են լինել՝ տեղեկացնել համալսարանին գիտական աստիճանի շնորհման կամ պաշտոնին նշանակելու որոշումը չեղարկելու անհրաժեշտության մասին՝ աստիճանաշնորհման գործընթացի ժամանակ էթիկայի նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում, հանրայնացնել ակադեմիական էթիկայի և ընթացակարգերի խախտման դեպքերը (տե՛ս Հոդված 31)։ Բուհի ներքին բարեվարքության և վարվեցողության կանոնակարգն, ըստ նախագծի, հաստատելու է հոգաբարձուների խորհուրդը (տե՛ս Հոդված 26)։ Իսկ ԿԳՄՍՆ-ն հաստատելու է ակադեմիական բարեվարքության օրինակելի կանոնակարգը (տե՛ս Հոդված 34)։   Գիտական գործունեությունը Ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի՝ բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական և գիտական կազմի աշխատողները պարտավոր են լինելու իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել ընթերցողների հնարավորինս լայն մասնագիտական շրջանակ ունեցող հեղինակավոր գիտական հարթակներում (Տե՛ս Հոդված 21)։ Նախագծով առաջարկվում է, որ բուհում և գիտական կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող, վերջին 10 տարում առնվազն 8 տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալիս նրանց տրամադրվի ամենամսյա դրամական վճար այն դեպքում, եթե ընդգրկված չլինեն պետական ֆինանսավորման ծրագրերում (Տե՛ս Հոդված 22)։   Կրթական մակարդակներն ու կրթության գործընթացը, գիտական աստիճանաշնորհումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում նշվում է, որ կրթական առաջին երկու՝ բակալավրիատի ու մագիստրատուրայի մակարդակներում ուսումնառությունն ավարտվելու է ամփոփիչ ատեստավորմամբ։ Գիտական աստիճանաշնորհման երկաստիճան (գիտությունների թեկնածու և դոկտոր) համակարգն էլ վերացվելու է․ գործելու է միայն դոկտորի գիտական աստիճանը (տե՛ս Հոդված 11)։ Նախագծով առաջարկվում է նաև, որ բուհերի ուսանողներն իրավունք ունենան կազմելու ուսուցման անհատական պլան՝ ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները (ուսումնական մոդուլները), ինչպես նաև գրանցվելու ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում (Տե՛ս Հոդված 20)։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումներին, «Ակադեմիական քաղաք» ծրագրին, կառավարության հիմնավորումներին ու շահագրգիռ տարբեր կողմերի դիրքորոշումներին կարող եք ծանոթանալ «Ինֆոքոմ»-ի ծավալուն հոդվածում և հոդվածի հիմնական կետերն ամփոփող ֆիլմում։   Հեղինակ՝ Աննա ՍահակյանԳլխավոր նկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
14:22 - 19 սեպտեմբերի, 2024
Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում

Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում

«Ինֆոքոմը» ուսումնասիրել է Երևանի ավագանու անդամների հայտարարագրերը և պարզել, որ ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք անդամների հայտարարագրերում կան անհամապատասխանություններ։   Ազգային առաջընթաց խմբակցություն Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 2 մլն դրամ, իսկ ծախսը՝ 10 մլն 270 հազար։ 98 հազար դրամով էլ ավելացել են վերջինիս դրամական միջոցները։ Ստացվում է, որ տարվա ընթացքում նրա ծախսած ավելի քան 8 մլն դրամի ծագումն անհայտ է։  Իոսիֆ Կուբատյանին խնդրել էինք մեկնաբանել այս անհամապատասպանությունը։ Վերջինս  մեզ հայտնեց, որ դեռևս 2021 թվականին վաճառել էր Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իր բնակարանը, իսկ վաճառքից ստացված գումարը գտնվում էր ՌԴ-ում բնակվող ազգականի մոտ։ «Այդ գումարը ազգականս 2023 թվականին փոխանցել է ինձ: Հայտարարագրում այն արտացոլված չի, քանի որ տարվա սկզբին և տարվա վերջում այդ գումարն ինձ մոտ առկա չի եղել», - պատասխանում նշել է Իոսիֆ Կուբատյանը։ Եթե անգամ ֆիզիկապես այդ գումարն Իոսիֆ Կուբատյանի մոտ չի եղել, սակայն պատկանել է իրեն, այն պետք է հայտարարագրվեր որպես առկա դրամական միջոց։ 2023 թվականի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացներ նաև Իոսիֆ Կուբատյանի կինը՝ Շուշան Ղևոնդյանը։ Վերջինս, սակայն, հայտարարագիր չի ներկայացրել։ Իոսիֆ Կուբատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չեն կարողացել լրացնել կնոջ հայտարարագիրը՝ կապված համակարգի տեխնիկական խնդիրների հետ։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ Շուշան Ղևոնդյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու անհնարինության կամ տեխնիկական խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովում տեղեկություն առկա չէ: «Ազգային առաջընթաց» խմբակցության մեկ այլ անդամ Հայկ Գրիգորյանը 2023 թվականին գնել է տուն՝ 160 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, սակայն տարվա ընթացքում ստացել է ընդամենը 75 հազար դրամ եկամուտ Երևանի քաղաքապետարանից։ Տարվա սկզբին ունեցած դրամական միջոցները տարվա վերջի դրությամբ մնացել են անփոփոխ։   Գրություն էինք ուղարկել Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրում տեղ գտած տարբերությունները, որին վերջինս չի արձագանքել։ Նույն խմբակցության անդամ Սեդա Տեր-Մինասյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 303 հազար դրամ, մինչդեռ ավանդներն ու դրամական միջոցներն աճել են 978 հազար դրամով։ Այսինքն՝ շուրջ 675 հազար դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ Սեդա Տեր-Մինասյանը ևս անպատասխան է թողել մեր գրությունը, որով խնդրել էինք պարզաբանել հայտարարագրի անհամապատասխանությունները։  «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Պետրոսյանը 2023 թվականին ստացել է 33 մլն 957 հազար դրամ եկամուտ, ձեռք է բերել բնակարան 138 հազար ԱՄՆ դոլարով (ավելի քան 53 մլն դրամ), շուրջ 19 մլն դրամով էլ նվազել են կանխիկ միջոցները։ Ստացվում է, որ ծախսված 305 հազար դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։ Տիգրան Պետրոսյանը ևս մեր գրությանը չի արձագանքնել։   «Հանրապետություն» խմբակցություն Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսեյանը, 2023 թվականին ձեռք է բերել հողամաս 12 մլն 316 հազար դրամ արժողությամբ։ Այդ տարի կատարել է այլ ծախսեր ևս.  10 մլն 815 հազար դրամ ուղղել է վարկի մարմանը, իսկ 14 մլն 669 հազար դրամ՝ այլ միանվագ ծախսի։ 2023 թվականին Լիլիթ Մուսեյանի եկամուտը կազմել է ընդամենը 25 542 դրամ, ունեցել է դրամական միջոցներ բանկային հաշիվներին, որոնք չի ծախսել։ Ստացվում է, որ վերջինիս ծախսած ավելի քան 37 մլն դրամի ծագումն անհայտ է։ Արտակ Զեյնալյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինիս 2023 թվականի եկամուտը կազմել է 47 մլն 748 հազար դրամ, դրամական միջոցները նվազել են 21 մլն 328 հազար դրամով։ Տարվա ընթացքում նա 70 հազար ԱՄՆ դոլար ավանդ է դրել, ևս 5 մլն 853 հազար դրամ էլ Արտակ Զեյնալյանը հայտարարագրել է որպես ծախս։  Ստացվում է, որ Արտակ Զեյնալյանն իր միջոցներից միայն շուրջ 36 մլն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Լիլիթ Մուսեյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արտակ Զեյնալյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը շուրջ 1 մլն դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին կամ ծախսերին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։  Սրանից բացի, Արտակ Զեյնալյանի հայտարարագրի համաձայն՝ 2023 թվականին կինն իրեն նվիրատվության կարգով տրամադրել է 28 հազար ԱՄՆ դոլար և շուրջ 1 400 եվրո։ Այս նվիրատվությունները կատարելու փաստի, ինչպես նաև դրանց ծագման մասին տեղեկությունները ևս բացակայում են Լիլիթ Մուսեյանի հայտարարագրից։ «Ինֆոքոմը» գրություն էր ուղարկել Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերի անհամապատասխանությունըլ։ Վերջինս մեր գրությանը չի պատասխանել։   Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանի ամուսնու՝ Վահե Հայրապետյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 1 մլն 920 հազար դրամ։ Մինչդեռ նույն տարում նրա դրամական միջոցներն աճել են ավելի քան 14 մլն դրամով։ Նախորդ տարի Վահե Հայրապետյանն անշարժ կամ շարժական գույք չի վաճառել, աշխատավարձից բացի այլ աղբյուրներից եկամուտ չի հայտարարագրել։ Ստացվում է, որ նրա ունեցած ավելի քան 12 մլն դրամի ծագումն անհայտ է։  Լուսինե Սարգսյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինիս 2023 թվականի եկամուտը կազմել է 3 մլն 701 հազար դրամ, իսկ դրամական միջոցներն աճել են 486 հազար դրամով։ Այսինքն՝ Լուսինե Սարգսյանն իր միջոցներից միայն 3 մլն 215 հազար դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։  Գրություն էինք ուղարկել Լուսինե Սարգսյանին՝ խնդրելով պարզաբանել հայտարարագրերի անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեզ չի պատասխանել։   Մայր Հայաստան խմբակցություն Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի եկամուտը 2023 թվականին կազմել է 882 հազար դրամ, մինչդեռ դրամական միջոցներն աճել են 2 մլն 116 հազար դրամով։ 1 մլն 234 հազար դրամի ծագումն անհայտ է։  Գրիգոր Իսկանդարյանը մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ նախորդ տարի երեխայի ծնունդով պայմանավորված հարազատները կանխիկ գումարներ են նվիրել իրեն, որը չի հայտարարագրել։ Այդ միջոցները, սակայն, ևս ենթակա են հայտարարագրման։ 2023 թվականին հայտարարագիր պետք է ներկայացներ նաև Գրիգոր Իսկանդարյանի կինը՝ Ռեբեկա Առաքելյանը։ Վերջինս հայտարարագիր չի ներկայացրել։ Գրիգոր Իսկանդարյանը մեզ հայտնեց, որ կինը դեռևս չի ներկայացրել տարեկան հայտարարագիր, քանի որ վերջինիս որոշ փաստաթղթեր՝ կապված տան սեփականության վկայականի, հողի սեփականության վկայականի հետ և այլն, գտնվում են Արցախում։  «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 2023 թվականին եկամուտ չի հայտարարագրել։ Տարվա սկզբում ունեցել է 10 հազար եվրո և 45 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, որոնք տարվա վերջում մնացել են անփոփոխ։ Զարուհի Փոստանջյանին գրությամբ խնդրել էինք արձագանքել, թե ինչ միջոցներով է կատարել ընթացիկ ծախսեր, եթե եկամուտ չի ստացել։ Վերջինս մեր գրությունը թողել է անպատասխան։ Ինչպե՞ս են առանց եկամուտ ստանալու ընթացիկ ծախսեր արել, ինչպե՞ս են ունեցած միջոցներից ավելի շատ ծախսել կամ ինչու՞ ընտանիքի անդամները հայտարարագրեր չեն ներկայացրել․ այս հարցերի պատասխանները ստանալու համար գրություններ ենք ուղարկել հայտարարագրերում էական խնդիրներ, անհամապատասխանություններ ունեցող ավագանու 8 անդամի, որոնցից 6-ը չեն արձագանքել։ Պատասխաններ ենք ստացել միայն Ավագանու 2 անդամից՝ Իոսիֆ Կուբատյանից և Գրիգոր Իսկանդարյանից։   Լյուսի Մանվելյան
14:02 - 16 սեպտեմբերի, 2024
Մինչև 2025 թ․ հունվարի 1-ը ուղեվարձի վճարման նոր ձեւեր չեն գործարկվելու

Մինչև 2025 թ․ հունվարի 1-ը ուղեվարձի վճարման նոր ձեւեր չեն գործարկվելու

Մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը Երեւանում գործարկվելու են միասնական տոմսային համակարգի վճարման միայն երկու ձեւ՝ էլեկտրոնային QR տոմս եւ ֆիզիկական QR տոմս։  Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։ Միասնական տոմսային համակարգի ներդրմամբ քաղաքային իշխանությունն ի սկզբանե վճարման բազմազանություն էր խոստանում։ Այսօր, սակայն, նշում է՝ վճարման մնացյալ ձեւերը նպատակահարմար է կիրառել տարբերակված տոմսային փաթեթների առկայության դեպքում։ Տոմսային փաթեթներն էլ, ինչպես հայտնի է, սկսելու են գործել 2025 թ․ հունվարի 1-ից։ Նախատեսվում է նոր ավտոբուսների մի մասը երթուղի մտցնել մինչ 2025 թ․ 2020 թ․-ից քննարկվող եւ 2023 թ․-ից մեկնարկած տրանսպորտային համակարգի այս բարեփոխումը ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ ուղեվարձի նոր սակագներ, որը սահմանում է Երեւանի ավագանին, եւ ուղեվարձի վճարման նոր՝ թվային եղանակներ, որն ապահովում է մասնավոր «Թել-Սել» ընկերությունը։ Ի սկզբանե ավագանին որոշել էր, որ ուղեվարձի նոր սակագները սկսելու են գործել 2024 թ․ սեպտեմբերի 1-ից։ Հետագայում, սակայն, այս ժամկետը հետաձգվեց 4 ամսով՝ պատճառաբանությամբ, որ մինչև ավտոբուսների նոր խմբաքանակը չներկրվի Հայաստան, հնարավոր չէ ապահովել համակարգի ամբողջական ներդնումը։ Այդ ժամանակ հայտնի էր պատվիրված եւ ուշացող 171 ավտոբուսների մասին։ Սակայն մեկ ամիս անց՝ հուլիս ամսվա ասուլիսի ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ դրանցից բացի պետք է ձեռք բերել եւս 250 ավտոբուս։ Օգոստոսի 6-ին ուղարկված Գրավոր հարցմամբ՝ խնդրել էինք հայտնել՝ ի՞նչ փուլում են այդ նոր՝ 250 ավտոբուսների ներկրման աշխատանքները, ի՞նչ ժամկետում պետք է Հայաստանում լինեն եւ ի՞նչ ժամկետում դուրս գան երթուղի թե՛ նախկինում հայտարարված 171, թե՛ այս նոր՝ 250 ավտոբուսները։ Երեւանի քաղաքապետարանը հարցմանը պատասխանել է  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված առավելագույն ժամկետի խախտմամբ՝ սեպտեմբերի 11-ին․ «171 նոր ավտոբուսների մասով արդեն իսկ եղել է մամլո հաղորդագրություն առ այն, որ դրանք Հայաստան գալու ճանապարհին են, եւ նախատեսվում է, որ երթուղի կմտնեն մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը։ Ինչ վերաբերում է 250 նոր ավտոբուսներին, ապա այդ մասով հարցը գտնվում է քննարկման փուլում, եւ այս պահին հստակ ժամկետներ չեն կարող տրամադրվել, սակայն դրանք լինելուն պես այդ մասին հրապարակային կհայտարարվի»։ Ինչ վերաբերում է վճարման եղանակների բազմազանությանը, այն ենթադրում է վճարում տրանպորտային հատուկ՝ աբոնոմենտային քարտերով, բանկային քարտերով, բջջային հավելվածներով, անգամ կրիչների՝ մատանիների եւ ժամացույցների միջոցով։ Ըստ նախնական պայմանագրի՝ տրանսպորտային բոլոր միջոցներում այս բոլոր սարքավորումներով կահավորումը պետք է իրականացվեր մինչ 2024 թ․ մայիսի 14-ը։ Սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտին չհասցնելով՝ Քաղաքապետարանն ու «Թել-Սել» ընկերությունը նույն օրը երկարաձգել էին ժամկետը մինչև հունիսի 15-ը։ Այս ժամկետը, սակայն, եւս չի բավականացրել։  Քաղաքապետարանից մեր ստացած փաստաթղթերի համաձայն՝ կողմերը եւս մեկ անգամ են երկարաձգել պայմանագիրը՝ այս անգամ վերջնաժամկետ սահմանելով օգոստոսի 1-ը։ Ընդ որում, համաձայնագիրը կնքվել է հուլիսի 2-ին, եւ որպեսզի հունիսի 15-ից մինչ հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածը ժամկետի խախտում չհամարվի, համաձայնագրի գործողությունը տարածել են հունիսի 15-ից ծագած իրավահարաբերություններ վրա։ «Թել-Սել» ընկերությունից տեղեկացել ենք, որ  օգոստոսի 1-ին ծրագրային աշխատանքների հանձնումն իրականացվել է, ավարտական ակտի ստորագրումն ընթացքի մեջ է։ Քաղաքապետարանն իրատեսական է համարում համակարգի ամբողջական ներդրումը հունվարի 1-ին Մեր նախորդ զրույցի ժամանակ «Թել-Սել» ընկերությունից հայտնել էին, որ  բանկային քարտով ուղիղ վճարում անել հնարավոր է լինելու ոչ բոլոր փաթեթների, այլ դրանցից միայն 3-ի՝ «Զվարթնոց օդանավակայան», «90 րոպե», «1 օր» տոմսերի ձեռքբերման դեպքում։ Ավագանու՝ դեռեւս ուժի մեջ եղած որոշման համաձայն, սակայն, բանկային քարտով ուղիղ վճարումը հնարավոր է ոչ թե 3, այլ միայն 1՝ «Զվարթնոց օդանավակայան» տոմսի ձեռքբերման դեպքում։ Մեր գրավոր հարցին՝ նախատեսո՞ւմ են արդյոք փոփոխել որոշումը եւ բանկային քարտով ուղիղ վճարումը նախատեսել հիշյալ երկու փաթեթների համար եւս, Քաղաքապետարանից կոնկրետ պատասխան չեն տվել, նշել են՝ անհրաժեշտության դեպքում ավագանու որոշումը կխմբագրվի։ Անդրադառնալով արտոնյալ խմբերի համար (ուսանողներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցողներ եւ այլք) նախատեսվող փաթեթներին՝ Քաղաքապետարանից հայտնել են, որ համակարգի տեխնիկական հնարավորությունները այդպիսի խմբերի առկայություն թույլ տալիս են․ «Արտոնյալ խմբերը քննարկվում են աշխատանքային կարգով եւ նախատեսվում է, որ սահմանվեն ավագանու կողմից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը»։ Քաղաքապետարանից հայտնել են նաեւ, որ այս պահի դրությամբ միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդնումը մինչ սահմանված ժամկետը՝ 2025 թ․ հունվարի 1-ը, իրատեսական է։ Իսկ մինչ այդ քաղաքացիները շարունակում են անհարմարություններ կրել՝ Երեւանի մետրոպոլիտենում ամեն օր  բախվելով հերթերի, իսկ ավտոբուսներում՝ հաճախ չաշխատող վալիդատորների։   Միլենա Խաչիկյան
21:00 - 12 սեպտեմբերի, 2024
Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր

Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր

2023-ի մայիսն էր։ Երևանի պետական հումանիտար քոլեջի շրջանավարտներով Սյունիքի մարզում էինք, շրջում էինք հնագիտական և բնական հուշարձաններով։ Օրն անձրևոտ էր ու մառախլապատ, ուստի ավելի ուշադիր պիտի շուրջբոլորդ նայեիր՝ հասկանալու համար, թե ում է նվիրված Աղիտուի հուշարձանը, կամ ինչի մասին է Որոտնավանքի որմնանկարը։ Երկու օրը շատ քիչ էր Սյունիքը բացահայտելու համար, ուստի ականջներս սրած փորձում էի լսել թե՛ դասախոսներիս, թե՛ ընկերներիս, թե՛ տեղացիներին։  Առաջին օրը ուշադրությունս գրավեց մի բանավեճ, որի բովանդակությունը սկզբում այնքան էլ հասկանալի չէր ինձ համար։ Զորաց քարերի տարածքում էինք, երբ հուշարձանների պատմության դասախոսս ու մեր խմբի ուղեկցորդը քննարկում էին այս հուշարձանի քարերի անցքերի նշանակությունը։ Ցուրտ էր, ու հետս եղած ողջ տաք հագուստը վրաս՝ իջա ավտոբուսից։ Մինչ բուն հուշարձանին հասնելը մի փոքր քայլել էր պետք։ Տեղ հասնելուն պես երևացին հսկա քարերի երկար շարքերը։ Ես ու ընկերներս անցանք գործի․ սկսեցինք քարերի անցքերից լուսանկարել շրջակայքը՝ փորձելով ամեն մի կլոր շրջանի մեջ տեղավորել դիմացի սարերն ու քարերը։ Մինչ ես զարմանում էի Զորաց քարեր հուշարձանի ծավալներով ու այնտեղ տիրող հանգստությամբ, վիճաբանության ձայները գնալով բարձրանում էին։ Զորաց քարերը - Տեսնո՞ւմ եք այս անցքերը։ Պատկերացրեք, որ մի բան կառուցելու համար պիտի մեծ քարեր տեղափոխեք մի կետից մյուսը։ Մեքենաներ չկան․ դուք եք ու ձեր կենդանիները։ Ի՞նչ կանեք,- հարցրեց դասախոսս կողքին կանգնած ուսանողներին՝ ցույց տալով հուշարձանի քարերի մշակված անցքերը։ Մինչ բոլորս կմոտենայինք նրան, ականջիս հասավ աստղադիտարան բառը․ մեր ուղեկցորդը պնդում էր, որ քարերի վրա անցքերը ոչ թե դրանք տեղափոխելու, այլ աստղերին նայելու համար են արվել։  Այդ օրն ինձ մոտ, փաստորեն, տպավորվեցին ոչ միայն Սյունիքի լեռներն ու քարերը, այլև այս հսկայական հուշարձանի շուրջ ծավալվող բանավեճը։ Ես սովորելու, ուսումնասիրելու, հարցնելու ու պատմելու շատ բաներ ունեի․ ի՞նչ կառույց է, ի վերջո, Զորաց քարերը՝ դամբարա՞ն, թե՞ աստղադիտարան։ Պատմությունս պատմում եմ հիմա՝ Սյունիք այցից գրեթե մեկուկես տարի անց։   Քարերի լռությունը Ցից-ցից քարեր, Դիք-դիք քարեր, Քարահունջ, Զորաց քարեր․․․ Սրանք են Սիսիանից հյուսիս գտնվող այս հուշարձանի անվանման հիմնական տարբերակները։ Սակայն պատմությունն առատաձեռն է միայն անունների առումով․ այս մեգալիթյան* կառույցի մասին շատ մանրամասներ հայտնի չեն։ 19-20-րդ դարերում են միայն սկսվել հուշարձանի ուսումնասիրությունները, բայց տվյալների պակասը մասնագետներին փաստի առաջ է կանգնեցրել… Ավելի ճիշտ՝ գրեթե ոչ մի փաստի։ Ուրարտական թագավորներ Սարդուրի Երկրորդի, Արգիշտի Երկրորդի և Ռուսա Երկրորդի  սեպագիր արձանագրություններում (հայտնաբերվել են Վանում, Թանահատի վանքի ավերակներում և Վանա լճում), որոնք պատմում են թագավորների արշավանքների մասին, հիշատակվում է նաև այս տարածաշրջանը, բայց ոչ հուշարձանը։ 2010 թվականին ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հա։ Ներկայումս այն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է։    Զորաց քարերից աստղերի՞ն էին նայում Զորաց քարերի մասին պատմական տվյալների սակավությունը չի խանգարել, որ դրա կառուցվածքի, գտածոների ուսումնասիրության ու համեմատությունների միջոցով տարբեր հետազոտողներ առաջ քաշեն հուշարձանի նշանակության մասին իրենց վարկածները։ Փորձեք որոնողական համակարգերում փնտրել «Զորաց քարեր» կամ «Քարահունջ»․ աղբյուրների մի զգալի մասում դուք կկարդաք, որ կառույցը հնագույն աստղադիտարան է։  Հուշարձանի նշանակության երկու՝ դամբարանի և աստղադիտարանի վարկածների մասին 1984-ին խոսել է հնագետ, պատմաբան Օնիկ Խնկիկյանը «Հայաստանի բնություն» գիտամասսայական թերթի «Սիսիանի զորաքարերը» հոդվածում (էջ 33)՝ վերջնականապես չհերքելով կամ չհաստատելով վարկածներից և ոչ մեկը։ Հուշարձանի՝ աստղադիտարան լինելու մասին ենթադրություն առաջ է քաշել նաև աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը (Эльма Парсамян, “О возможном астрономическом назначении мегалитических колец Ангелакота”, 1985)՝ առաջին անգամ հուշարձանի հետ կապելով Քարահունջ անվանումը։ Հետագայում իր հարցազրույցներից մեկում Էլմա Պարսամյանը պատմում էր, թե ինչպես է, հիմնվելով բրիտանական Սթոունհենջի (Stonehenge) վրա, շրջանառել Քարահունջ անվանումը․ «Ինչ վերաբերում է անվանը, ապա այն հետաքրքիր պատմություն ունի: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էի փեսայիս հետ, ով Քարահունջ գյուղից էր: Սեղանին դրված էր նաև Քարահունջի օղի: Եվ ես պատմում էի  «Զորաց քարերի» մասին․ այն, թե ոնց եմ տեսնում, ինչ եմ տեսնում: Սթոունհենջ, Սթոունհենջ..․ Մեկ էլ երկուսս էլ՝ «սթոն»՝ Քարահունջ»: Ավելի ուշ ֆիզիկոս Պարիս Հերունին իր «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում (էջ 19) այս խնդրահարույց ենթադրությունը ներկայացրեց որպես փաստ՝ հուշարձանն անվանելով Քարահունջի աստղադիտարան։ Ըստ աստղադիտարանի վարկածի կողմնակիցների՝ քարերի անցքերն աստղերին նայելու համար են արվել Նույն հարցազրույցում Էլմա Պարսամյանը պատմում էր, որ ինքը չի ընդունում Պարիս Հերունու այն վարկածը, թե հուշարձանն ունի 7 500 տարվա պատմություն, փոխարենն ընդունում է հուշարձանի ուսումնասիրության հնագիտական մեթոդը։ Աստղադիտարանի վարկածի կողմնակիցների խմբին հետագայում միացան մաթեմատիկոսներ, Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներ։ Պ․ Հերունու ուսումնասիրությունների վրա հենվելով՝ նրանք ևս հուշարձանին աստղադիտարանի նշանակություն տվեցին։ Հուշարձանի կառուցվածքը մի խումբ հետազոտողներ նմանեցրին Կարապի (Անգղի) համաստեղությանը՝ խոսելով կառույցի 7500 և ավելի տարեկան լինելու մասին։ Ուսումնասիրողների մի մասն էլ հուշարձանի կառույցներից մեկը համարում է Արևի տաճար։   Մեռյալների ու ապրողների քաղաքը․ հնագիտական բացատրությունը 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում տարբեր մասնագետներ (Ե․ Լալայան, Ստ․ Լիսիցյան, Օ․ Խնկիկյան) ուսումնասիրել են Զորաց քարեր հուշարձանի տարածքը, իսկ 2014 թվականին կառավարության նախաձեռնությամբ սկսված պեղումները միավորել են հուշարձանագետների, հնագետների, աստղագետների, մարդաբանների (նրանցից են պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, հնագետ, մարդաբան Հասմիկ Սիմոնյանը)։ Պեղումների մասնակից գիտնականներն ասում են՝ հուշարձանը մեգալիթյան հնավայր է, որ բաղկացած է բնակավայրից և դամբարանադաշտից: Նրանց խոսքով վաղ շրջանի գրեթե բոլոր հուշարձաններն ունեն լուսատուների հանդեպ որոշակի ուղղվածություն՝ աստղերի ու արևի զորության մասին մարդկանց պատկերացումներից ելնելով, սակայն այս հուշարձանն այլ կիրառություն է ունեցել։ Ըստ աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի՝ հնավայրը աստղադիտարան համարելու որևէ գիտական հիմնավորում չկա․ այն տարածաշրջանի համար եզակի է որպես մեգալիթյան հուշարձան, բայց աստղագիտական նպատակներով չի կառուցվել։ Պեղումներ Զորաց քարերում (նկարը՝ Աշոտ Փիլիպոսյանի արխիվից) Զորաց քարերում իրականացված պեղումների ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը և այլ մասնագետներ խոսում են հուշարձանի մոտ 3500-4000 տարեկան լինելու մասին՝ հիմնվելով հուշարձանից հայտնաբերված գտածոների ուսումնասիրության վրա (ամենահին գտածոները 4000 տարվա պատմություն ունեն)։ Նրանց մեկնաբանմամբ հուշարձանի տարածքի քարերի մշակված անցքերը դրանք պարաններով տեղափոխելու համար են և այլ նշանակություն չունեն։ Ըստ հնագետների՝ հուշարձանը սկզբում միայն դամբարան է եղել, ավելի ուշ այստեղ բնակավայր է կառուցվել։    Թերթի մի հոդվածը՝ պեղումների սկիզբ Հնագետ Աշոտ Փիլիոսյանին հանդիպում եմ իր աշխատասենյակում՝ լի գրքերով, փաստաթղթերով ու արևով։ Նրան պատմում եմ, թե ինչպես սկսեցի հետաքրքրվել այս թեմայով։ Զրուցակիցս էլ Զորաց քարերով հետաքրքրվելու իր պատմությունն ունի։ Ամեն բան սկսվեց, երբ տարիներ առաջ Աշոտ Փիլիպոսյանի աչքով ընկավ «Սովետական Հայաստան» թերթում հնագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ 1930-ականներին հեղինակած մի հոդված, որտեղ հուշարձանը ներկայացվում էր որպես հնագույն դամբարան։ Նկարը՝ Սեդրակ Բարխուդարյանի հոդվածից (Աշոտ Փիլիպոսյանի արխիվից) «Ես մտածեցի, որ դա  շատ հետաքրքիր կառույց է, որովհետև երբ այցելեցի ու տեսա դրա տեսքը, հասկացա, որ դա շատ մեծ դամբարան է»,- հիշում է գիտնականը։ Աշոտ Փիլիպոսյանն ինձ ցույց է տալիս Զորաց քարերի լուսանկարներն ու պատմում, որ հուշարձանից պեղած գտածոները խոսում են Հայաստանի՝ մերձավորարևելյան երկրների հետ ունեցած լուրջ կապերի մասին․ «Հնավայրից հայտնաբերված խեցեղենը, զարդերն ու այլ իրեր տարածաշրջանային տարանցիկ առևտրի ու միջցեղային հարաբերությունների փաստացի վկաներն են»։ Հուշարձանից հայտնաբերված գտածոներից (աղբյուրը) Հնագետն ապա խոսում է հսկայական քարերի՝ այդ տարածք բերելու անհրաժեշտության մասին․ նրա խոսքով քարերով սոցիալական բարձր խավի ներկայացուցիչների համար դամբարաններ են կառուցվել։  «Այդքան հսկայական քարերը համայնիկների** համար չէին»,- մանրամասնում է հնագետն ու հավելում, որ քարերը բերվել են հուշարձանից մոտ 700 մ հեռավորության վրա գտնվող քարհանքից։ Այս վարկածը նա հիմնավորում է այն փաստով, որ քարհանքի տարածքում ևս պեղումների ժամանակ դիտանցման ու հետազոտությունների արդյունքում  անցքավոր քարեր են հայտնաբերվել։  «Տեղափոխման համար են մշակել քարերը, որպեսզի անցքերը անհարթություններ չունենան, ու պարանները երկար դիմանան։ Հետո գերանների օգնությամբ քարերը նպատակակետին են հասցրել»,- ասում է նա։ Պեղումները Զորաց քարերում, վերևում՝ Աշոտ Փիլիպոսյանը (նկարը՝ վերջինիս արխիվից) Անցքավոր քարերը, որոնք հուշարձանի նշանակության վերաբերյալ երկու վարկածների բանավեճերի հիմնական «մեղավորներն» են, միակ զորաքարերը չեն։ Հուշարձանի տարածքում մեծ է նաև այն քարերի թիվը, որոնք առանց անցքերի են։ Հարցին, թե ինչպես են այդ քարերը տեղափոխել, եթե պարաններով քաշելու հնարավորություն չեն ունեցել, Աշոտ Փիլիպոսյանը պատասխանում է՝ դրանք հենց տեղի քարերն են, քարերի մի մասը պարաններով քարհանքից է բերվել, մյուս մասը՝ հենց մոտակա ժայռերից, որոնք շրջապատում են հուշարձանը։ Քարերի մասին հարցերիս վերջ չկա։ Զրուցակցիս հետ քննարկում եմ նաև դրանց տեսքը․ քարերը անցքերի մասում հիմնականում ավելի սուր են, ներքևի մասում՝ ավելի հաստ։  Որոշ քարեր անցքեր չունեն «Դամբարանի ծածկի համար նախատեսված քարերը պիտի վերևի մասում բարակ լինեին, ներքևի մասում՝ հաստ, որ դամբարանի մեջ չընկնեին, իսկ անցքերը արել են հիմնականում հենց այդ բարակ մասերում, որպեսզի պարանով կառավարելը հեշտ լինի։ Ուղղաձիգ տնկված քարերն, ամենայն հավանականությամբ, ամրաշինական ու պաշտպանական գործառույթ են կատարել։ Դրանց միջնատարածքում փոքր քարեր են շարվել, որպեսզի երբ վերջիններս վնասվեն, ավելի արագ ու հեշտ կարողանան պատը վերականգնել»,- պարզաբանում է հնագետը։   Ո՛չ Արևի տաճար, ո՛չ աստղադիտարան, ո՛չ էլ 7500 և ավելի տարվա պատմություն․ - Պարո՛ն Փիլիպոսյան, հուշարձանի նշանակության մեկ այլ տեսակետ կա, ըստ որի՝ այն աստղադիտարան է եղել։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին,- հարցնում եմ զրուցակցիս։ - Այնտեղ աստղագիտական գործիքներ չենք գտել, քարերը շրջանաձև չեն շարված, որ կարողանային երկնակամարը դիտարկել։ Դրա փոխարեն մի շարք դամբարաններ կան տարածքում, քարերը շարված են հնավայրի առավել մատչելի ու անպաշտպան՝ արևելյան հատվածում և մ.թ.ա. 7-6-րդ դարերում պաշտպանական գործառույթ են իրականացրել,- պատասխանում է նա։ - Իսկ Արևի տաճա՞րը։ -Տաճարը վերգետնյա, բարձր պատերով, որոշակի ուղղվածությամբ, որոշակի պաշտամունքային սկզբունքներ ունեցող կառույց է։ Մինչդեռ խնդրո առարկա հուշարձանն ուշբրոնզեդարյան շինարարական ավանդույթների տարածված սկզբունքով կառուցված, արևելք-արևմուտք կողմնորոշմամբ դամբարանային համալիր է։  Աշոտ Փիլիպոսյանը պատմում է, որ 2014-2017 թթ․ պեղումների ընթացքում Զորաց քարերից 170-ից ավելի հնագիտական իրեր են գտել՝ 6 կմախք՝ տարբեր սեռերի ու տարիքների։ Ընդ որում՝ երեխայի կմախքը ամենաուշն է թվագրվում՝ մ․թ․ա․ 6-րդ դար: Հայտնաբերած կմախքների դիրքը ցույց է տալիս, որ գործ ունենք թաղումների հետ։ «Մենք հիմա չենք կարող ասել՝ կոնկրետ ովքեր են թաղված։ Բայց դամբարանի գտածոների օգնությամբ կարող ենք եզրակացնել նրանց՝ սոցիալական համեմատաբար բարձր խմբի պատկանելը»,- նշում է գիտնականը։ Աստղադիտարանի վարկածի կողմնակիցները պնդում են նաև, որ հուշարձանի կառուցվածքը համապատասխանում է Կարապի (Անգղի) համաստեղության կառուցվածքին։ Անդրադառնալով այս պնդմանը` Աշոտ Փիլիպոսյանը նշում է. «Հնագետներից մեկը, եթե չեմ սխալվում, այս հուշարձանից մոտ 2 կմ հյուսիս՝ փորձարարական կայանի մոտ, մի փոքր անոթ է պեղել, որի վրա թռչնանման ինչ-որ զարդանախշ կա, և դրա մերձակայքում չորս կիսագնդիկ  կա ամրացված, իսկ տակը կա չորս կետ։ Այս պատկերն են նմանեցնում Կարապի համաստեղությանը, բայց այն ինչ ասես կարող է լինել։ Ոչ մեկս հերքել կամ հաստատել չենք կարող»։ Հայտնաբերված անոթը (նկարը՝ Աշոտ Փիլիպոսյանի արխիվից) Մեռյալների մասին բավականին շատ խոսեցինք․․․ Իսկ բնակավայրում ապրողների մասին խոսելու շատ բան, պարզվում է, չկա։ Պեղումների ընթացքում հայտնաբերած տնտեսական հորերը, ուղղանկյուն կառույցներն ու թաքստոցները գիտնականների համար հիմք են դարձել ենթադրելու, որ Զորաց քարերը նաև բնակատեղի է եղել։ Աշոտ Փիլիպոսյանը դեռ չի ուսումնասիրել բնակտարածքը․ ասում է՝ դրա համար ֆինանսական ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ։  Գիտնականը նշում է, որ դամբարաններից մեկի պեղումները կիսատ է թողել։ Նայում է համակարգչի էկրանին, որտեղ  Զորաց քարերի նկարներն են, ու անկեղծանում․ «Սրտիս պարտք է մնացել, որ այդ դամբարանի ուսումնասիրությունը կիսատ եմ թողել․ անպայման շարունակելու եմ»։ Հաջորդ տարի գիտնականը նախատեսում է վերսկսել պեղումները, իսկ մինչ այդ արդեն որոշակի վարկածներ ունի դամբարանի մասին․ հույս ունի՝ իր պեղած  խմբային թաղումներով դամբարանների ցանկին մեկն էլ ավելացնել։  Զորաց քարերի դամբարաններից մեկը Հարցին, թե ինչու է ենթադրում թե դամբարանում կարող էին խմբային թաղումներ եղած լինել, նա պատասխանում է․ «Դամբարաններ կան, որտեղ կենտրոնական հանգուցյալին ուղեկցում է սպասավորների համախումբը: Վերջիններիս մարմինները դրված են բարձրաստիճան հանգուցյալի ոտքերի մոտ, դամբանախցի անկյուններում և այլուր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք միաժամանակյա ակտով արված խմբային թաղումներ են, երբ ցեղի մահացած առաջնորդի, զորահրամանատարի կամ նահապետի հետ նույն դամբանախուցն են իջեցվել նրա անդրաշխարհի ուղեկից սպասավորները։ Եթե ընդունենք, որ մեր նախնիները հավատացել են անդրաշխարհային կյանքին, ապա երևի նաև ենթադրել են, որ իրենց այնտեղ մարդիկ են պետք»։ Հնագետը հույս ունի, որ Զորաց քարերի այդ դամբարանն էլ այդպիսին կլինի։ Սակայն սա դեռևս ենթադրություն է։ Զորաց քարերի պեղումների արդյունքները Աշոտ Փիլիպոսյանը շարադրել  է “Aegean World and South Caucasus: Cultural Relations in the Bronze Age” ժողովածուում առանձին հոդվածի ձևաչափով (Վրաստան, 2016)։   Անունների կռիվն ու լեզվաբանության ասելիքը Պատմագիտական աղբյուրներում հուշարձանի մասին տեղեկությունները սահմանափակ են: Թեև ժողովրդի մոտ հուշարձանը տարբեր անուններ ունի, կարիք կար հուշարձանին պաշտոնական անվանում տալու։ Կառավարութան 2004 թվականի որոշմամբ հուշարձանի կառույցներից մեկը (Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ կենտրոնական դամբարանը) «Քարահունջի աստղադիտարան» անունն էր ստացել, ավելի ուշ՝ 2017 թվականին, այդ անվան ուժը կորցնելու մասին որոշում ընդունվեց։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական էջում հուշարձանն անվանվում է «Զորաց քարեր»։ Լեյդենի համալսարանի գիտաշխատող, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը հիշում է՝ թեև վաղուց էր լսել Քարահունջ-Զորաց քարեր հակամարտության մասին, նրա համար որոշիչ դարձավ այն պահը, երբ ատլասներից մեկում կարդաց հետևյալ ձևակերպումը․ ««Զորաց Քարեր» կամ «Քարահունջ»՝ հնագույն աստղադիտարան (Ք.Ա. VII հզրմ.), «Zorats Karer» or «Karahunj» (Stonehanj) – Ancient observatory (VII mln B.C.)»։  Անգլերեն «Stonehenge» բառի «Stonehanj» գրության ձևը տարօրինակ թվաց լեզվաբանին, ու նա որոշեց՝ պետք է ուսումնասիրել թեման ու գիտահանրամատչելի-հրապարակախոսական հոդված գրել այդ մասին։ Սթոունհենջ-Քարահունջ կապի մասին, ինչպես նշեցինք, առաջինը խոսեց Էլմա Պարսամյանը։ Հրաչ Մարտիրոսյանը նշում է՝ նա կատակով հուշարձանը կոչեց Քարահունջ, որն իրականում բոլորովին այլ վայրերի անվանում է։  «Ապա այդ անվանումն ամրացրեց Պարիս Հերունին՝ ներկայացնելով այն հիմնազուրկ մեկնությունը, թե Քարահունջ բառի երկրորդ բաղադրիչը հունչ արմատն է»,- ասում է լեզվաբանը։ Հրաչ Մարտիրոսյանը նշում է՝ տեղանունների մասով հատուկ զգուշավորություն է պետք ցուցաբերել, քանի որ դրանց զգալի մասի բնիմաստները համաժամանակյա կտրվածքով մեզ հայտնի չեն․ «Բայց Քարահունջի դեպքում բախտներս գոնե մի քիչ բերել է, քանի որ հանգիստ կարելի է վերլուծել»։  Հրաչ Մարտիրոսյանը պատմում է, որ դեռևս 5-րդ դարում Փավստոս Բուզանդը կիրառել է «ունջ» բառը՝ բերդի ունջ կամ բերդի տակ արտահայտությամբ։  «Գերմանացի լեզվաբան, հայագետ Հայնրիխ Հյուբշմանի տեղանունների բառարանում հստակ գրված է՝ «քարունջ» նշանակում է քարի տակ, ինչպես արփունջ՝ արևի տակ։ Ուրեմն՝ բերդահունջ՝ բերդի տակ»,- ասում է նա։  Լեզվաբանի խոսքով մի շարք գյուղեր անվանվել են Քարահունջ մասնավորապես այն պատճառով, որ քարերով ու ժայռերով են շրջապատված։ Քարունջից Քարահունջ անցումն էլ, ըստ նրա, այսպես է եղել․ «ա»-ն որպես հոդակապ միացել է բառին, «ա» և «ու» տառերը իրար հետևից արտասանելը դժվար է եղել, ուստի, ամենայն հավանականությամբ, ներմուծվել է «հ», հորանջ*** է տեղի սւնեցել, ինչպես հետևյալ օրինակներում՝ «գի-հ-ի», «էրկու-հ-ինջի****» և այլն։ Հրաչ Մարտիրոսյանը բացատրում է, որ «Զորաց քարեր»-ը հուշարձանի հին անվանումը չէ, այն  խորհրդային շրջանում թուրքերեն տարբերակի՝ «Ղոշուն Դաշ»-ի (Koşun taş)՝ մասնագիտական բառապաշար  ներմուծված թարգմանությունն է։   «Հուշարձանի անվանումը չի վկայվել մատենագրական հին աղբյուրներում։ Տեղեկություններ կան, որ հուշարձանը կոչվել է նաև Ցից քար, թեև սա նույնպես հին վկայություններ չունի։ Բայց սա բացարձակապես չի նշանակում, թե մենք դաշտ ենք բացում թուրքերեն տարբերակի համար։ Ղոշուն Դաշը ոչ մի օրգանական ու խորքային կապ չունի հնավայրի բնույթի ու բովանդակության հետ, օտար ու լուսանցքային անվանում է, ուստի Հայաստանում այն տեղ չունի։  Զորաց քարեր կամ Զորաքարեր անունը դեռ խորհրդային հանրագիտարանում և այլուր գործածված պաշտոնական անվանում է, ուստի հիմա հանգիստ կարելի է շարունակել այն գործածել։ Բայց Քարահունջ անունը պետք չէ գործածել, քանի որ այն սխալմամբ է տրվել հնավայրին և անքակտելիորեն զուգորդվում է հակագիտական պնդումների մի մեծ թնջուկի հետ»,- ասում է լեզվաբանը։ Խոսելով հուշարձանների լեզվաբանական ուսումնասիրության մասին՝ Հրաչ Մարտիրոսյանը նշում է․ «Հուշարձանների՝ պատմահամեմատական լեզվաբանության տեսանկյունից ուսումնասիրումը հնարավորություն է տալիս բացահայտել այս կամ այն երևույթի՝ ծեսի, ավանդության անվանումը, դրա բացատրությունը, եթե հայտնի է այն։ Ամեն երևույթ էլ անուն ունի․ կախված, թե որ ժամանակից է ու որտեղից՝ կարող ենք հայերենի համապատասխան շրջանի բառապաշարն ու կառուցվածը ուսումնասիրել, փնտրել դրա իմաստը»։ Նրա խոսքով տեղանունների ստուգաբանական ուսումնասիրման բարդ աշխատանքը պահանջում է հավելյալ զգուշավորություն և մասնագիտական խիստ մեթոդաբանություն․ «Ու ամենից առաջ, իհարկե, պետք է չմոռանալ հայկական տեղանունների՝ մեր ձեռքի տակ եղած միակ գիտական ստուգաբանական բառարանը՝ «Հին Հայոց տեղւոյ անունները» (1904/1907)։ Մենք պարզերես ենք պատմության առաջ և, ի տարբերություն մեր թշնամիների, պատմություն կցմցելու և մեր լեզուն, մշակույթն ու քաղաքակրթությունը հակագիտությամբ գունազարդելու և դրանով մեզ պատվազրկելու կարիք չունենք»։    *** Գիտնականների հետ զրույցներից հետո փորձում եմ հավաքածս տեղեկությունները դարակներում դասավորել ու հասկանալ՝ ի վերջո մենք բավարար չափով գիտելիքներ ունե՞նք Զորաց քարերի մասին։  Թեև շատ բաներ դեռ հստակ չեն, բայց դամբարան-բնակավայր վարկածի կողմնակիցները շարունակում են ուսումնասիրությունները, և գուցե հետագա պեղումների արդյունքում հնարավոր դառնա բացահայտել Զորաց քարերի իրական պատմությունն ու նշանակությունը։   *Մեգալիթ - մեծ, կոպիտ քարեր, որոնք օգտագործվում էին նախապատմական ժամանակաշրջանում։ **Համայնիկ - գյուղական համայնքի անդամ։ ***Հորանջ -  հավելում երկու (կամ ավելի) ձայնավորների միջև։ ****Էրկուհինջի - երկրորդ (արցախյան բարբառ)։   Հեղինակ՝ Անի ԽաչատրյանԼուսանկարները՝ Արթուր Գալստյանի Հոդվածը պատրաստվել է «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացի շրջանակներում
23:14 - 10 սեպտեմբերի, 2024
Վկայի ենթադրությամբ՝ պետք էր, որ Քիմիկների զորախումբը մարտական կորուստ դառնար

Վկայի ենթադրությամբ՝ պետք էր, որ Քիմիկների զորախումբը մարտական կորուստ դառնար

2020 թ․ հոկտեմբերի 21-ին Քիմիկների զորախմբին մարտական օպերացիայի ուղեկցող անձնակազմը տեղյա՞կ էր, թե մինչեւ ուր է պետք ուղեկցել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց Հակակոռուպցիոն դատարանում։ Ցուցմունք էր տալիս Սյունիք համայնքի նախկին ղեկավար Արթուր Մանուչարյանը։ Նա այն անձն է, որի միջոցով Կապանի ինքնապաշտպանական խորհրդի նախագահ, գնդապետ Վարդան Ալեքսանյանը իրականացրել է Գլխավոր շտաբի հրամանի կատարումը՝ կազմակերպել զորախմբի ուղեկցումը օպերացիայի տեղանք։ Ըստ կարգադրության՝ տեղանքը Կիրի հանքն էր, որտեղ իջնելու փոխարեն, սակայն, զորախումբը խորացել է մինչեւ հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Զանգելան եւ ընկել շրջափակման մեջ։ Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Որոշվել է, որ այդ ճանապարհի մի մասը կուղեկցի Ալեքսանյանի վարորդ Համբարձում Փարամազյանը, մյուս մասը՝ համայնքապետի օգնությամբ գտնված կամավոր Արման Նուրիջանյանը։ Թե՛ Վարդան Ալեքսանյանը, թե՛ նրա վարորդ Համբարձում Փարամազյանը հանքն անցնելն ու Զանգելան հասնելը պայմանավորել են երկրորդ ուղեկցողի՝ Արման Նուրիջանյանի անփութությամբ։ Վերջինս, սակայն, դատարանում հայտարարել է՝ որեւէ մեկը երբեւէ իրեն չի ասել, թե զորքին մինչեւ ուր պետք է ուղեկցեր։ Նուրիջանյանի այս խոսքերն այսօր հաստատեց նաեւ համայնքապետ Արթուր Մանուչարյանը․ «Վարդան Ալեքսանյանը եկավ, ասաց՝ ավտոբուսներ, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պետք է ցույց տաք։ Տեղանքի անուն, որտեղ պետք էր կանգնել, չի ասվել, Կիրի հանքը ոչ մի զրույցի ժամանակ չի եղել»,– պնդեց Մանուչարյանը։ Ըստ վկայի՝ Վարդան Ալեքսանյանը երկու տարբեր հրամաններ է տվել Հարցաքննության սկզբում հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը վկային խնդրեց պարզաբանել, թե ինքն ինչ կարգով է ներգրավվել զինվորական ծառայության մեջ․ «Որպես վարչական ղեկավար՝ սկզբում մասնակցել եմ թիկունքային աշխատանքների, ունեցել եմ փախստականներ, որոնց տեղավորել եմ․․․ Երբ ընդհանուր բնագծի պաշտպանության անցնելու հրաման եկավ, սահմանամերձ բոլոր գյուղերի վարչական ղեկավարներն այդ պատասխանատվությունը վերցրին իրենց վրա»,– հայտնեց վկան։ Մեղադրողի ճշտող հարցին՝ զորահավաքային կարգով զորակոչվել, հաշվառվե՞լ է՝ վկան պատասխանեց․ «Հաշվառվելը ո՞րն է, զենքը ես եմ ստացել, իմ պատասխանատվության տակ էին։ Որպես զինվորական՝ ամենաքիչը հաշվետու էի համայնքապետին՝ Գեւորգ Փարսյանին»։ Վկա Արթուր Մանուչարյանը պատմեց, որ դեպքի նախորդ գիշերը ինքը՝ իր 10-հոգանոց ջոկատով, գտնվել է իրենց պաշտպանության տեղամասում, երբ Վարդան Ալեքսանյանը եկել, ինչ–որ անհասկանալի առաջադրանքից է խոսել․ «Գիշերը 1-2-ի կողմերը ինձ արթնացնում են, ասում են՝ Վարդանն է եկել․․․ Վարորդի հետ էր․․․ Ասում եմ՝ ի՞նչ կա, ասում է՝ մարդ է պետք, պիտի գնանք Զավալ (տեղանք է՝ չհասած Կիրի հանք,–հեղ․)․․․ Այնտեղ ականապատում են թե ականապատել են՝ լավ չհասկացա։ Ասացի՝ ես սակրավոր չեմ, տղաներն էլ չեն»,– հայտնեց վկան։ Դատավոր Սարգիս Դադոյանը – Վարդան Ալեքսանյանի ասելով՝ այդ պահի՞ն էր պետք թե՞ առհասարակ,– հետաքրքրվեց մեղադրողը։ – Չասաց, ես չեմ հասկացել։ – Նա սթա՞փ էր։ – Երեւի հա, բայց․․․  Ես հասկացա, որ ճիշտ չի բացատրում, միտքը հստակ չէր։ Հարցին, թե ինչ պիտի անեինք, տարբեր կերպ պատասխանեց, եւ իմ մոտ առաջացավ կասկած։ Ասացի՝ տղաներից ոչ ոք չի շարժվում, ես կգամ, բայց վառելիք չունեմ, տուր, կգամ։ Գնաց–եկավ, գնաց–եկավ, թողեց, գնաց։ Ըստ վկայի՝ այդ խոսակցությունից մոտ կես ժամ անց Ալեքսանյանը նորից եկել է՝ արդեն նոր առաջադրանքով․ «Ժամը 3-ի կողմերը եկավ, բա ավտոբուսներ են գալու, զինվորներ են գալու, Զանգելանի ճանապարհը պիտի ցույց տաք»,– մեջբերեց Ալեքսանյանի խոսքերը։ Դատավարության մասնակիցները խնդրեցին պարզաբանել՝ ինչ է նշանակում ճանապարհը ցույց տալ․  «Ինձ թվաց՝ տղաները, ովքեր գալիս էին, իրենց հանձնարականը պիտի իմանային, սպա գոյություն ունի ի վերջո․․․ Ես պիտի քշեմ, տանեմ, ճանապարհը ցույց տամ․․․ Բայց դա էլ մեկ գիծ էր, տարբեր տեղ դուրս գալու տարբերակ չունես»։ Ի պատասխան դիտարկմանը, որ ուղեկցելը ունենում է սկզբնակետ եւ վերջնակետ, վկան ասաց․ «Իրենք տեղը գիտեին, իրենք ունեին հրաման, թե ինչ միջոցառում պիտի անեին։ Եթե ես լինեի ուղեկցողը, եթե չունենայինք տեխնիկական այդ խնդիրը, գուցե ճանապարհին շատ բան հասկանայի, փոխեի, գուցե եւ չիմանայի, գուցե եւ իմ ծնողն էլ էստեղ նստած լիներ»։ – Իրենք՝ ովքե՞ր,– հարցրեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ – Չենք քննարկել՝ 62 հոգի՞ն թե՞ հրամանատարները, բայց պիտի հրամանատարները [լինեին]։ – Այսինքն՝ հաստատ զինվորները չէին ասելու՝ էստեղ կանգնի կամ էնտեղ կանգնի,– արձանագրեց Ադոյանը։ Համայնքապետի մեքենայի վառելիքի հարցը այդպես էլ չի լուծվել Քանի որ Մանուչարյանի վառելիքի հարցը չի լուծվել, եւ զինվորները դրանից առաջ՝ լուսադեմին, արդեն ժամանել են, որոշվել է, որ ոչ թե ինքը կուղեկցի, այլ տեղացի Արմանը, որը ճանապարհին ծանոթ էր, եւ որի մեքենան համեմատաբար ավելի սարքին էր։ Ընդ որում, զինվորները եկել են դեղին՝ քաղաքացիական ավտոբուսներով, ինչը, ըստ վկայի, եւս հուշել է, որ վտանգ չկա, հերթափոխի պես մի բան է լինելու։ Ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպան Դավիթ Դավիդյանը – Դուք իրավունք ունեի՞ք ԳՇ պետի տեղակալի այդ կարգադրությունը վերահասցեագրելու [Արմանին],– հարցրեց Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը։ – Բոլորն ունեին ստորադաս, եթե ԳՇ պետը ինձ հրամայում է, ես էլ իմ ստորադասին կարող էի հրամայել, պարո՛ն իրավաբան։ Բայց դա հրաման չէր (նկատի ունի՝ իր դիմելը Արմանին,–հեղ․), մենք կանգնած էինք ընկերներով, բոլորս մեկ մարդու նման կատարում էինք աշխատանքներ շատ մարդկանց, այդ թվում՝ գեներալների համար, դա ավելի շատ խնդրանք էր։ Դուք, որպես իրավաբան, իրավական նորմերի մեջ ավելի գրագետ եք, բայց ես մի քիչ ավելի մարդկային առումով եմ այդ ամենը կատարել,– պատասխանեց վկան։ – Պատերազմը բարոյական նորմերով չի վարվում, հարգելի՛ վկա։ – Հրամայել եմ, ասել եմ՝ տանում եք՝ Զանգելանի ճանապարհը ցույց տալու, իրենք տեղը գիտեն,– իր խոսքը վերաձեւակերպեց վկան։ – Եթե վերջնակետի տվյալը չունեք, ուղեկցելը ո՞նց էր ավարտվելու։ – Ուղեկցողի մոտ սպա է նստել, ես տրամաբանել եմ, որ նա․․․ – Եթե սպան տեղանքին ծանոթ չէր, ո՞նց պետք է ուղեկցողին հասկացներ՝ որտեղ կանգ առնել։ – Սպան քարտեզ կարդալ գիտի, չէ՞, հրամանը ստանալու դեպքում քարտեզով տալիս են՝ էս կետում պիտի կանգնես։  Էդ սպան, որ եկել, նստել է ուղեկցողի մոտ, բայց չգիտի իր առաջադրանքը, բա ե՞ս ինչ իմանամ։ Ի պատասխան Արսեն Աբգարյանի հարցին՝ քարտեզի վրա հանքը, որի մոտ պիտի կայանեին, տեսանելի՞ էր, վկան բացասական պատասխան տվեց։ Նա նաեւ նշեց, որ երբ հրամանները տալիս, իրենց հետ մանրամասն չէին քննարկում, եւ քանի որ արտահոսքի խնդիր էլ կար, ինքն էլ հավելյալ հարցեր չի տվել։ Ենթադրեց՝ եթե անձամբ իրականացներ ուղեկցումը, ինքն էլ նույն տեղը կհասներ։ – Երբ ստացել եք խնդիր՝ ուղեկցել Զանգելան, Ձեզ ասե՞լ են՝ ինչ հերթականությամբ,– հարցրեց Անդրանիկ Մակարյանը։ – Ոչ։ – Ստացե՞լ եք խնդիր, որ խումբը պետք է իջնի Կերեն բնակավայրում, որտեղ ոստիկանական հենակետն էր, սպասի հրամանի, դրանից հետո ուղեկցողը գիտի՝ դեպի որ ուղղությամբ տանի։ – Ոչ, չի եղել տենց բան, ես առաջին անգամ  Ձեզնից եմ լսում։ Մանուչարյանի ենթադրությամբ՝ պետք էր, որ իրենք մարտական կորուստ դառնային Մանուչարյանի վկայությամբ՝ իրենցից հետո տեղակայված էին Զանգելանի ոստիկանները, ԱԻՆ աշխատակիցները, բնակիչները, եւ իր համար տարակուսելի էր, որ տեղանքին ծանոթ այդքան անձինք կային, բայց իրենք պիտի ուղեկցումը կազմակերպեին․ «Այսինքն՝ նույն Վարդանը չէր կարողանո՞ւմ ավելի հարմար տարբերակ գտներ, որ եկավ, կանգնեց մեզ վրա․․․ էդ ո՞նց եղավ, որ Զանգելանի տղաները էդ ճանապարհը չէին կարող ցույց տալ, իմ տղաները պիտի ցույց տային»,– հարց հնչեցրեց վկան։ Ձախից՝ հանրային մեղադրողներ Դավիթ Նավասարդյանը, Արշակ Մարտիրոսյանը Ի պատասխան մեղադրողի հարցին, թե ինքը ոնց է դա բացատրում, վկան ասաց․ «Բանակում ասած՝ որպես նորմալ կորուստ պիտի գնայինք, ամենաքիչը իմ ծնողը պիտի էստեղ նստած լիներ, ես այդ եզրահանգմանն եմ գալիս»։ – Այսինքն՝ իրեն պետք էր, որ Դուք մարտական կորուստ լինեի՞ք։ – Ես տենց մտածում եմ, այո։ – Անձնական հարաբերությունները ո՞նց էին Ալեքսանյանի հետ։ – Ես իրեն չեմ էլ ճանաչել։ – Իսկ եթե հարաբերություն չեք ունեցել, ինչո՞ւ պիտի այդպես պետք լիներ։ – Դե, գուցե պատճառն էլ հենց էդ է, որ հարաբերություն չենք ունեցել, գուցե մյուսների հետ ունեցել է անձնական հարաբերություններ։ Օրինակ, ենթադրությունն է էլի։ – Վարդան Ալեքսանյանը ներկայացրել է Ձեզ հետ խոսակցություն, ըստ որի՝ Ձեզ ասել է, որ ուղեկցումը պետք է մինչեւ Կիրի հանք լինի։ – Սուտ է խոսում։ – Եվ ասել է, որ  Զանգելան բառը Ձեզ չի ասվել։ – Սուտ է խոսում․․․ Ես գիտեմ հանքի տեղը, Արմանը գիտի, կբացատրե՞ք՝ տրամաբանությունը ո՞րն է, որ եթե ինձ ասած լինեն Կիրի հանք, ես ասեմ՝ չէ, քշի, գնա Զանգելան։ Ամենաքիչը Արմանի համար պատասխանատու էի, ինչո՞ւ պիտի այդպես ասեի։ – Իսկ ըստ Ձեզ՝ ստելու պատճառը կամ տրամաբանությունը ո՞րն էր։ – Չեմ կարող ասել։ Ես 4 տասնյակից ավելի վարդանալեքսանյաններ եմ հանդիպել, գիտեմ, որ կեսից շատը մեծ–մեծ խոսող, «գալչկա» դնող հրամանատարներ էին, մնացածը իրենց հարցրեք։ –Հետագայում երբեւէ չե՞ք զրուցել նրա հետ։ – Ոչ, ոչ էլ ցանկություն ունեմ, միայն առերեսվել եմ, ինձ համար հաճելի չէ։ – Դուք մեղադրո՞ւմ եք Վարդան Ալեքսանյանին։ – Ես չեմ կարող ասել, թող դատավորը մեղադրի․․․ Ամեն կտոր հիշողություն ինձ համար ծանր է, ես չեմ ուզում այս հարցով․․․ Նենց էլ չէ՝ օլիգարխ եմ, Կապանից 700 կմ գալիս–գնում եմ, բայց սա պետք է, սա իմ պարտքն է, դրա համար երրորդ նիստն է՝ այստեղ եմ,– պատասխանեց վկան։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Արթուր Մանուչարյանը Միլենա Խաչիկյան    
23:00 - 10 սեպտեմբերի, 2024