Համբարձում Մաթևոսյան

Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետն է։ 

Ծնվել է 1992 թ․-ի նոյեմբերի 18-ին Գյումրիում։ 

2009-2012 թթ.  սովորել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժնում, 2012-2015 թթ.՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետում՝ համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ։

2011-2012 թթ. աշխատել է  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնում՝ որպես համակարգող, 2013-2014 թթ. աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու։
2013-2015 թթ.  եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական։
2016-2018 թթ. աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական
2018-2021 թթ.  զբաղեցրել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը։ 2021 թ. նոյեմբերի 25-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Փոխվարչապետ Մաթևոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսություն ֆրանսիական ներդրումներ ներգրավելու հարցը

Փոխվարչապետ Մաթևոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի տնտեսություն ֆրանսիական ներդրումներ ներգրավելու հարցը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Փոխվարչապետը ողջունել է դեսպանին, շնորհավորել հայ և ֆրանսիացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ օրեր առաջ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում անձնական ներդրման և, ընդհանրապես, Ֆրանսիայի ժողովրդին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Վերջինի համատեքստում, Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է Ֆրանսիայի դերը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո իրականացնելու առումով: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տնտեսության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ նախորդ տարի ստորագրված հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հինգ տարվա ճանապարհային քարտեզի իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցչության բացման կարևորությանը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի տնտեսություն ֆրանսիական ներդրումներ ներգրավելու հարցը, ինչպես նաև հայկական և ֆրանսիական համայնքների միջև փոխգործակցության զարգացման ծրագրերը՝ այդ համատեքստում անդրադարձ կատարելով հունիսին Լիոնում կայանալիք միջոցառմանը Հայաստանի մարզերի ծրագրերն ու հետաքրքրությունները ներկայացնելու անհրաժեշտությանը։ Դեսպան Լույոն շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ վերջին 30 տարիների ընթացքում համատեղ շատ աշխատանքներ են իրականացվել, իսկ առաջիկա տարիներին՝ հատկապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, անելիքներն ավելի շատ կլինեն։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
16:32 - 28 փետրվարի, 2022
COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել ապաքինվելուց 14 օր անց. փոխվարչապետը ներկայացրել է համաճարակի ներկա իրավիճակը

COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել ապաքինվելուց 14 օր անց. փոխվարչապետը ներկայացրել է համաճարակի ներկա իրավիճակը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ Այս մասին տեղեկացնում եմ փոխվարչապետի գրասենյակից; Վերջինի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանձնաժողովին ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակն ու Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։ Անդրադառնալով այն փաստին, որ «Օմիկրոն» շտամի պարագայում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում, նախարարն ընդգծել է, որ դա պայմանավորված է պատվաստումներով և շեշտել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` խթանիչ (բուստեր) դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: Կրկին, անդրադառնալով հանրությանը հետաքրքրող այն հարցին, թե կորոնավիրուսային հիվանդությունից հետո անձը ե՞րբ կարող է պատվաստվել, նախարար Ավանեսյանը տեղեկացրել է, որ պատվաստվել կարելի է հիվանդության կլինիկական ախտանշաններն անցնելուց 14 օր հետո: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանձնարարել է շարունակել պատվաստումների իրականացման վերաբերյալ հանրային իրազեկումը և ակտիվացնել վերահսկողական միջոցառումները։
17:52 - 25 փետրվարի, 2022
ՀՀ փոխվարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Ժոզե Ա․ Բետանկուրին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Ժոզե Ա․ Բետանկուրին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը ողջունել է արքեպիսկոպոսին և վերահաստատել Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Արժևորելով 2021 թվականին Երևանում Առաքելական նվիրակություն բացելու Սուրբ Աթոռի որոշումը՝ փոխվարչապետն ընդգծել է, որ այն փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող կարևորությունը։ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ 30 տարվա գործակցությունը հիմնված է 2000-ամյա բարեկամական հարաբերությունների վրա։ Զրույցի ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Սրբազան քահանայապետի հղած ուղերձները՝ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման մարդասիրական օգնության մասին կոչերը և խնդրել, որպեսզի Ֆրանցիսկոս Պապը շարունակի իր աղոթքներում ու ուղերձներում հիշատակել հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենիք վերադառնալու հարցը։      Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանության, պահպանման ու վերականգնման աշխատանքներում Սուրբ Աթոռի ներգրավվածության հնարավորությանն ու կարևորությանը։  
14:44 - 21 փետրվարի, 2022
Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածները միմյանց կապող Բաբաջանյան փողոցը

Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածները միմյանց կապող Բաբաջանյան փողոցը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ փետրվարի 17-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը։ Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք ուղղված են քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի սահուն ընթացքի ապահովմանը: Մասնավորապես, ի թիվս այս թեմաների, քննարկվել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի վերակառուցման հարցը։ Թեև այն ներառված չի եղել Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցման շրջանակներում, սակայն փողոցն ունի կարևոր նշանակություն։ Շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ կերկարաձգվեն նաև ճանապարհահատվածի կառուցման վերահսկողության պայմանագրի ժամկետները:
17:04 - 17 փետրվարի, 2022
Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։  Փոխվարչապետը, անդրադառնալով Ծրագրի կարևորությանն ու ակնկալվող արդյունքներին, նշել է, որ Սիսիան–Քաջարան հատվածի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է։ «Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը, նպաստել դրանց տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը։ Օրակարգային թեմայի շրջանակում նիստի մասնակիցները քննարկել են մրցութային գործընթացի պատշաճ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել II–րդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որոնցից ամենաերկարը` Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ:  Արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58 կմ-ով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել և սահմանել շուրջ 100 կմ/ժ, երթևեկության տևողության ժամանակը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, ինչպես նաև բարձրացնել հարմարավետությունն ու անվտանգությունը։ Նշենք նաև, որ Ծրագիրը ներառված է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշ 2–ում, որի շրջանակներում կառավարությունն արդյունավետ համագործակցում է Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ գործընկերների հետ՝ Ծրագրի հետագա ֆինանսավորման և իրագործման ուղղությամբ։ 
10:10 - 11 փետրվարի, 2022
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ս. թ. փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։ Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ Համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը: Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց Խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը իրեն վստահելու համար և խոստացավ անել առավելագույնը՝ Համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար։ Անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ Խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի Կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրեց՝ ինքն առաջին երաշխավորն է լինելու, որպեսզի Համալսարանի գործունեությունը լինի ապաքաղաքական։ Համբարձում Մաթևոսյանը, կրկին շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին վստահության համար, բոլորին մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք։ Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից հետո գումարվեց երկրորդ նիստը, որի ընթացքում ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրեց ԲՊՀ-ի 2021 թվականի գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, այնուհետև հաստատվեց 2022 թվականի գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստիքացուցակը:
15:49 - 04 փետրվարի, 2022
Փոխվարչապետն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելին

Փոխվարչապետն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 3-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին։ Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նա, անդրադառնալով Հիմնադրամի կողմից տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում իրականացվող ծրագրերին, ընդգծել է հատկապես  հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության ծրագրի կարևորությունը։ Հիմնադրամի ներկայացուցիչ Թոմաս Շրապելը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի կառավարության առավելությունը մի շարք այլ երկրների նկատմամբ բաց և թափանցիկ գործելաոճն ու ոլորտային բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման առումով ցուցաբերած պատրաստակամությունն է։ Հանդիպման ընթացքում կողմերը նախանշել են նաև համագործակցության ընդլայնման ուղղությունները՝ պետական ծառայողների համար տեխնոլոգիական նոր կրթական  ծրագրերի իրականացման, տեխնոլոգիապես զարգացած երկրներ ուսուցողական այցերի կազմակերպման, ինչպես նաև մի շարք ոլորտների՝ իրավաբանների, բժիշկների, ճարտարագետների և այլ մասնագետների  համար տեխնոլոգիական կրթության ծրագրեր նախատեսելու վերաբերյալ։
17:06 - 03 փետրվարի, 2022
ԼՂ կարգավիճակի հետ կապված գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո․ ԱՄՆ դեսպան

ԼՂ կարգավիճակի հետ կապված գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո․ ԱՄՆ դեսպան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը: Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է՝ 1991 թվականի անկախացումից ի վեր: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցությունը՝ ուղղված ավելի բարեկեցիկ և ժողովրդավար հասարակության ամրապնդմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև դատական և ոստիկանության բարեփոխումների կյանքի կոչմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում փոխվարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերն ու առաքելությունը։ Դեսպան Թրեյսին փոխվարչապետի հետ համակարծիք է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ աշխատանքային հարաբերությունների սերտացմանն ու   երկկողմ կապերի զարգացմանը:
17:52 - 31 հունվարի, 2022
Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը

Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին հաղորրդում է փոխվարչապետի գրասենյակը: Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։ Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը ու համակարծիք եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներին, տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցերը քննարկելիս՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է շվեդական ընկերությունների ներկայությունը հայաստանյան տնտեսությունում, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացներում, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացումը՝ դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։
13:59 - 26 հունվարի, 2022
Ավելի մեծ նախանձախնդրություն՝ հանուն կոռուպցիայից զերծ հասարակության. Համբարձում Մաթեւոսյան

Ավելի մեծ նախանձախնդրություն՝ հանուն կոռուպցիայից զերծ հասարակության. Համբարձում Մաթեւոսյան

Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ուղղությամբ իր որդեգրած քաղաքականությունը շարունակելու է իրագործել ավելի մեծ նախանձախնդրությամբ՝ հանուն կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար հասարակության։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ արձագանքելով այն հանգամանքին, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը համարվել է հաջողության օրինակ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հրապարակվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը: 180 երկրների շարքում Հայաստանը, կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից՝ վերջին հինգ տարիների առումով, համարվել է հաջողության օրինակ: Հիշեցնեմ, որ Հայաստանը 2020 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում զգալիորեն աճ էր գրանցել, և 7 միավորով բարելավել էր 2019 թվականի արդյունքը, իսկ 2017 թվականից սկսած՝ Հայաստանը վաստակել է 14 միավոր՝ ընդհանուր թիվը հասցնելով 49-ի»,- նշել է ՀՀ փովարչապետը:
21:28 - 25 հունվարի, 2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Երևանի քաղաքապետի հետ քննարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է քաղաքապետին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ ի շահ մայրաքաղաքի բնակիչների բարեկեցության։ Հանդիպման օրակարգը վերաբերել է Երևանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի ու աշխատանքների կենսագործմանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջադրել էր քաղաքապետին վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Քննարկման առանցքում եղել են նաև «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրի ծրագրի իրականացմանը, հուշարձան շենքերի պահպանությանը զուգահեռ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատմանը, ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանն ու մանկապարտեզաշինությանը, ինչպես նաև մայրաքաղաքի մաքրության ապահովման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ նման ձևաչափով քննարկումները կկրեն շարունակական բնույթ, իսկ մայրաքաղաքի զարգացման ծրագրերի իրականացումը կգտնվի իր ուշադրության կենտրոնում։
17:24 - 25 հունվարի, 2022
2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր. փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտե­սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այս մասին հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական ու շոշափելի արդյունքներ է գրանցում։ Մասնավորապես, 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել բնակավայրերի փողոցների կառուցմանը, խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նորոգմանը, փողոցային լուսավորության կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանն ու մանկապարտեզների կառուցմանը։ Վերջինի առումով, կարևորելով Կառավարության որդեգրած քաղաքականությունը, առաջարկվել է բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը՝ մինչև 80 տոկոս: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2021 թվականին Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած, սակայն չիրականացված մի շարք ծրագրերը 2022 թվականին իրականացնելու հարցին, ինչպես նաև առաջարկվել է սահմաներձ բնակավայրերում պետական բյուջեի համաֆինանսավորման չափերն առանձին սահմանել և, ըստ այդմ՝ հստակեցնել ոլորտային առաջնահերթություններն ու բյուջեից համաֆինանսավորման չափերը։ Փոխվարչապետ Մաթևոսյանը հանձնարարել է յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում՝ ի հայտ եկած խնդիրները բացահայտելու ու դրանց լուծում տալու նպատակով։
09:51 - 11 հունվարի, 2022
Մեր խնդիրը պետք է լինի համարժեքորեն նախապատրաստվել և դիմակայել մարտահրավերներին. Համբարձում Մաթևոսյան

Մեր խնդիրը պետք է լինի համարժեքորեն նախապատրաստվել և դիմակայել մարտահրավերներին. Համբարձում Մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ: Անցնող 2021թ. Հայաստանի համար, իր հակասականությամբ հանդերձ, քաղաքական ճգնաժամի հաղթահարման տարի էր: Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջացած լարումը հնարավոր եղավ հաղթահարել կայացած ժողովրդավարություններին բնորոշ գործիքի՝ ընտրությունների միջոցով: Այս առումով Հայաստանի քաղաքական ուժերը կամք և քաղաքացիական հավաքական հասունություն դրսևորեցին՝ ներքաղաքական տարաձայնությունները հարթելու համար դիմելով ժողովրդին և ապավինելով նրա իմաստությանը: Հանրության ազատ կամարտահայտությունն ու կայացած քվեարկությունն ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտն աշխատում է արդյունավետորեն՝ իշխանության ձևավորումն իրականացնելով բացառապես քաղաքացու քվեով և որոշմամբ: Այդ ինստիտուտի անխափանության հավաստումն էին նաև կայացած ՏԻՄ ընտրությունները, որոնք ամբողջացրին համայնքների միավորման բարեփոխումների վերջին փուլը: 2020թ. կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը էական բացասական ազդեցություն ունեցան մեր պետության սոցիալ-տնտեսական դրության վրա: Այս տարին, սակայն, թույլ տվեց կայունացնել իրավիճակը և երկրի սոցիալ-տնտեսական կարգը վերադարձնել զարգացման և աճի ռելսերի վրա: Հարաբերական կայունության և կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում տնտեսության բնագավառում ստեղծված դրությունը ներկայումս իրական ակնկալիքներ է ստեղծում՝ գալիք տարում հավակնոտ թիրախներ սահմանելու և դրանց հասնելու համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Ժամեր անց մուտք ենք գործում 2022թ.՝ ինչպես հնարավորությունների, այնպես էլ մարտահրավերների տարի: Մեր խնդիրը պետք է լինի համարժեքորեն նախապատրաստվել և դիմակայել մարտահրավերներին, ինչպես նաև հետևողականորեն ու հաշվարկված օգտվել ընձեռված հնարավորություններից՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, բարձրացնելու մեր ժողովրդի բարեկեցությունը և ձևավորելու խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայր: Ամանորը մեզանում միշտ կապվել է ընտանիքի, ջերմության ու մտերմության հետ: Այս կապակցությամբ մաղթում եմ, որ բոլորիդ ընտանիքներում միշտ վառ լինի հույսի լույսը, առարկայական լինեն նվաճումները և հասանելի լինի հաջողության նպատակակետը: Ցանկանում եմ, որ գալիք տարում իրականանան ձեր նվիրական երազանքները, հաջողությունը լինի ուղեկից, դժվարությունը՝ հեշտ անցանելի: Վերջապես, թող 2022թ. մեր պետության ու ժողովրդի համար առանձնանա խաղաղությամբ, ապահովությամբ, առողջությամբ և բարեկեցությամբ: Շնորհավո՛ր Նոր տարի»,-ասված է ուղերձում:
19:37 - 31 դեկտեմբերի, 2021
Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ ըմբռնում. փոխվարչապետ Մաթևոսյան

Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ ըմբռնում. փոխվարչապետ Մաթևոսյան

Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ ըմբռնում՝ բացահայտել դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործել դրանից բխող հնարավորությունները: Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ ելույթ ունենալով Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում։ Այն դեկտեմբերի 20-ին կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան աշխատանքային այցի շրջանակում։ «Մեծարգո՛ պարոն վարչապետ Փաշինյան,Մեծարգո՛ պարոն վարչապետ Ղարիբաշվիլի, Հարգելի՛ գործընկերներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարեկամ Վրաստանի վարչապետ, Նորին Գերազանցություն Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը` ջերմ ընդունելության համար: Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստի անցկացումը ամենաբարձր մակարդակով խոսում է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ պատրաստակամության մասին»,- ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի տեղեկացմամբ՝ նշել է նա ՝ հավելելով, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակը բացասական ազդեցություն ունեցավ համաշխարհային տնտեսության վրա՝ չշրջանցելով նաև Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական հարաբերությունները: Սակայն, մեր երկրների հակահամավարակային ռազմավարության ու իրականացված միջոցառումների շնորհիվ 2021թ. ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մենք արձանագրել ենք երկկողմ առևտրաշրջանառության ավելի քան 40% աճ: Այս դինամիկան, անշուշտ, լավատեսություն է ներշնչում՝ փաստելով, որ որդեգրված ուղենիշերն արդարացված են և համահունչ ծառացած մարտահրավերներին: «Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման և խորացման հարցում կա փոխադարձ ըմբռնում՝ բացահայտել դեռևս չիրացված ներուժը և առավել արդյունավետորեն օգտագործել դրանից բխող հնարավորությունները: Հետևապես, միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում զգալի տեղ է վերապահված փոխադարձ ներդրումների խթանմանը, գործարար կապերի ամրապնդմանը, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը, միջգերատեսչական փոխգործակցությանը և տնտեսական համատեղ ծրագրերի մշակմանն ուղղված հարցերին»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և մեծապես կարևորել երկու երկրների տրանսպորտային կապերի և հաղորդակցության ուղիների զարգացումը, որտեղ հաջող արդյունքներ ունենք՝ նկատի ունենալով 2021թ. մարտ ամսից Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթների վերականգնումը, հունիս ամսից ուղևորատար երկաթուղու վերագործարկումը, 2020թ. համեմատությամբ 2021թ. նույն ժամանակահատվածում ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման ծավալների ավելացումը: Նա կարևորել է նաև տարածաշրջանային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը: Այս հարցում կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային ծրագրերում անհրաժեշտ ներգրավվածություն, ինչպիսի օրինակ է Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը Հյուսիս-հարավ, Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքների ծրագրերում: «Այսօրվա նիստի օրակարգային հարցերից է համագործակցությունը էներգետիկ բնագավառում՝ հաշվի առնելով վերջինիս տնտեսական և անվտանգային բաղադրիչները: Հրամայական է դառնում նաև Հայաստանի և Վրաստանի գործակցության զարգացումը թվայնացման, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներում: Երկկողմ միջգերատեսչական համագործակցությունը և այսօրվա նիստի շրջանակներում անցկացվող քննարկումները, վստահ եմ, կհանգեցնեն երկուստեք ցանկալի արդյունքների: Հարգելի՛ ներկաներ, Կորոնավիրուսի համավարակը կրկին փաստեց, որ այն հաղթահարելի է միայն փոխադարձ աջակցության ու ջանքերի մեկտեղման միջոցով: Մենք առաջնորդվել ենք այդ գիտակցությամբ՝ համագործակցելով միջազգային բոլոր գործընկերների, այդ թվում՝ Վրաստանի հետ: Աշխատանքները սերտորեն շարունակելու մեր պատրաստակամության համատեքստում՝ այսօրվա նիստի օրակարգում է առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության առավել խորացումը, այդ թվում՝ համավարակի հաղթահարմանն ուղղված համատեղ մեխանիզմների ու գործիքակազմերի մշակումն ու արդիականացումը: Մեր երկրների տնտեսությունների հեռանկարային ուղղություններից են զբոսաշրջությունն ու գյուղատնտեսությունը: Այդ ասպարեզներում փոխգործակցությանը նոր զարկ տալու մղումով էլ մեր վրացի գործընկերների հետ քննարկվում են առկա ծրագրերի ընթացքն ու ապագային միտված նախաձեռնությունները: Միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ոչ պակաս կարևորություն են ներկայացնում նաև շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի և սոցիալական, սպորտի և երիտասարդության հարցերը»,- նկատել է ՀՀ փոխվարչապետը և ավելացրել, որ ներկայումս մրցունակ, զարգացող շուկայական տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտակրթական և մշակութային ներուժի վրա: Այդ տեսանկյունից նա անհրաժեշտ է համարել նշյալ ոլորտներում լավագույն փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ փոխգործակցության խթանումը և մասնագիտական կանոնավոր շփումների շարունակականությունը: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նաև շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներն ընդգրկող մի քանի տասնյակ միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ, որոնք երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ պարբերաբար ընդլայնվում և նորացվում են: Նա նշել է, թե հավատացած է, որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերվող պայմանավորվածությունները կհարստացնեն հայ-վրացական բազմոլորտ գործակցության օրակարգը նոր բովանդակությամբ և տեսլականով:
20:33 - 20 դեկտեմբերի, 2021