Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

«Լսել եմ, որ Վահանյանն ինքն իրեն ոտքից վիրավորել է ու փախել»․ Խուռհատ սարի գործով տուժողների հարցաքննությունը

Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր դատարան էին ներկայացել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ նույն գումարտակի ժամկետային զինծառայողներ, ավագ հրաձիգ Արթուր Հարությունյանն ու գնդացրորդ Կարեն Մանուկյանը։ Ինչպես հայտնի է, 2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը 4 սպաների հետ միասին կարողացել է դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ Հադրութում արդեն հակառակորդն է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։  Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել․ Արթուրն ու ծառայակից 5 ընկերները 70 օր թաքնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վանք գյուղի տներում եւ անտառներում եւ դեկտեմբերի 20-ին կապի դուրս գալով՝ հրաշքով փրկվել, իսկ Կարենը, որ Վանք գյուղի այլ տան մեջ է եղել, իր 4 զինծառայակիցների հետ նոյեմբերին գերեվարվել է, ամիսներ անց՝ վերադարձել հայրենիք: Ըստ քրեական գործի՝ նահանջի սկզբում գումարտակի հրամանատարը վիրավորման պատրվակով թողել է զորքին ու հեռացել` իր հետ տանելով վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը։ Այժմ նա մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ եւ մեղադրանքը չի ընդունում։ Ըստ Արթուր Հարությունյանի՝ Ջրականից Հադրութ նահանջի հրամանը Հայկազ Գրիգորյանը վերադասության հետ չի համաձայնեցրել Արթուր Հարությունյանը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 6-ին, մինչ պատերազմը 2 անգամ է կրակայինի մասնակցել, ավելի շատ բան, ըստ իրեն, պատերազմի ընթացքում է սովորել։  Արթուրը պատմեց, որ պատերազմի առաջին իսկ օրից իրենք ներգրավված են եղել մարտական գործողությունների մեջ սկզբում Ջրականի, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութի տարածքում։ Խոսելով այդ, պայմանական ասած, առաջին նահանջի մասին՝ Արթուրը բացատրեց՝ իրենց վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանը տեսել է, որ իրենց ահռելի զորք է մոտենում՝ ահռելի սպառազինությամբ, եւ կարծելով, որ իրենք չեն կարողանա դիմակայել՝ նահանջի հրաման է տվել․ – Այսինքն՝ անմիջապես հարձակում տեղի ունեցա՞վ թե՞ կարծեցիք, որ հնարավոր է՝ նման հարձակում լինի,–հարցրեց մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը։ – Երկրորդը,– պատասխանեց տուժողը։ – Իսկ վերադաս հրամանատարությունը տեղյա՞կ էր նահանջի մասին։ – Եթե ճիշտ եմ հիշում, փորձել էր ռացիայով կապ հաստատել, բայց չէր ստացվել ,– պատասխանեց տուժողը՝ մանրամասնելով, որ իրենցից առաջ՝ առաջին գծում, եղել են հայկական ստորաբաժանումներ, որոնք հենց կռվի մեջ են եղել թշնամու հետ, բայց ընթացքում հարվածներ նաեւ իրենց ուղղությամբ են եղել, ընդհուպ մինչեւ զոհ են ունեցել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ իրենք պատկերացում ունեի՞ն, որ իրենց դուրս գալով՝ ճեղքում է առաջանում, եւ դիրքերը բացվում են թշնամու առաջ, ինչին ի պատասխան՝ տուժողն ասաց՝ իրենց հրաման է տրվել, իրենք այն կատարել են։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը – Եթե ձեզնից առաջ գտնվող մեր ստորաբաժանումները դեռ չեն ոչնչացվել, ձեզ մոտ հարց չառաջացա՞վ, թե ինչու եք դուք նահանջում, – հետաքրքրվեց դատավոր Ջոն Հայրապետյանը։ – Հարց առաջացավ, – պատասխանեց տուժողը։  – Հայկազ Գրիգորյանը ինչի՞ց եզրակացրեց, որ դուք այդ դիրքը պետք է թողնեք։ – Ինձ թվում է՝ ավելի լավ է Հայկազ Գրիգորյանին նման հարցեր տաք, – պատասխանեց նա։ Նշենք, որ Հայկազ Գրիգորյանն արդեն իսկ հարցաքննվել է դատարանում եւ այս դրվագի մասին խոսելիս ասել է, որ շրջափակման մեջ են եղել, բայց թե ում հրամանով են նահանջել, չի կարողացել նշել։ Տուժողի խոսքով՝ Վահանյանն իրենց հավասար նահանջելիս է եղել, մեկ էլ հանկարծ ասել է, որ վիրավոր է ու սկսել կաղալ Դրանից հետո զորքը գնացել է Հադրութի զորամաս, հաջորդ օրը՝ դպրոց, որտեղ էլ Արթուրն առաջին անգամ տեսել է Վահանյանին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահանյանն այդ ժամանակ ոտքից վիրավոր է եղել, սակայն թե՛ Արթուրը, թե՛ նախկինում հարցաքննված բազում զինծառայողներ նրա քայլքի մեջ փոփոխություն, որեւէ վերք չեն նկատել․ «Որոշ ժամանակ դպրոցում մնալուց հետո ասացին, որ գնում ենք մարտական դիրքեր, մեր ստորաբաժանումը բաժանվեց մասերի, երկու մասով գնացինք, սարի վրա զուտ դիրքավորված սպասում էինք մարտական հրամանների, բայց երբ սկսեցին կրակոցներ, տարբեր ուղղություններով խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց», – պատմեց տուժողը՝ նշելով, որ դիրքավորվելու հրամանը Վահանյանն է տվել, այլ կոնկրետ հրամաններ չեն եղել։ Նա հիշեց՝ մինչեւ մարտը սկսվելը Վահանյանը սարի երկայնքով գնում–գալիս էր, սկսվելու պահին որտեղ է եղել՝ չի տեսել, մեկ էլ նահանջի ժամանակ է նրան հանդիպել։ Ձախից՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը – Ո՞ւմ հրամանով է նահանջը տրվել, – հարցրեց մեղադրողը։ – Եթե ճիշտ եմ հիշում, Վահանյանի, բայց վստահ չեմ։ – Իսկ կոնկրետ ասել է՝ ո՞ւր նահանջեք։ – Ավելի շուտ ցույց տալով․․․ Սկզբում մեր հետ էր քայլում, բայց հետո ասաց՝ վիրավոր եմ, չեմ կարող քայլել, եւ մեքենայով գնաց, ես էդ ժամանակ իրեն շատ մոտ էի, մոտավորապես 2 մետր, եւ հենց էդ ընթացքում ասաց, որ վիրավոր է։ – Իսկ այդ ընթացքում ձեր ուղղությամբ կրակ նկատե՞լ եք։ – Այո։ – Ի՞նչ տեսակի զենքից՝ հրաձգայի՞ն թե՞ հրետանային։ – Հրաձգային, – ասաց տուժողը՝ ենթադրելով, որ եթե իրենց ուղղությամբ հրետանային կրակ լիներ, հնարավոր չէր, որ Վահանյանը բեկորային վիրավորում ստանար, իսկ ինքը՝ ոչ։ – Ըստ քրեական գործի՝ Վահանյանի վիրավորումը բեկորային է, այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք, որ այդ վիրավորումը կարող էր ստանալ այդ պայմաններում։ – Այն ընթացքում, որ ես իրեն մոտ էի, բացառում եմ, բայց դրանից առաջ եղել է թե ոչ, չեմ կարող ասել։ – Բայց ինքը ասաց, որ այդ պահի՞ն է վիրավորում ստացել։ – Ինքը ասաց՝ վիրավոր եմ, պետք է գնամ։ – Բայց մինչ այդ վիրավորման մասին որեւէ հայտարարություն չէ՞ր հնչել։ – Ոչ․․․ Կամ ես չեմ լսել։ – Այդ ընթացքում նրա մարմնի վրա որեւէ վիրավորում, արյան հետք նկատե՞լ եք։ – Քայլքի փոփոխություն նկատել եմ, կաղալ եմ նկատել,  բայց վիրավորում, արյուն ընդհանրապես չեմ նկատել ,– ասաց տուժողը՝ ընդգծելով, որ կաղալը սկսվել է վիրավոր լինելու հայտարարությունից հետո։ – Այսինքն՝ մինչ էդ ձեզ հետ հավասար նահանջում էր մոտ 2 մ հեռավորության վրա, հայտարարությունից հետո սկսեց կաղա՞լ։ – Այո, – պնդեց տուժողը։ – Եվ ի՞նչ գործողություն կատարեց։ – Ասաց՝ վիրավոր եմ–վիրավոր եմ, մեքենա նստեց, որը չեմ տեսել, մարդիկ շատ էին, ու նենց չի, որ իրեն էի հետեւում, եւ հիշում եմ, որ իր հետ այլ վիրավոր զինծառայող նստեց (ըստ տուժողի՝ Արտակ Արսենյանը,–հեղ․), ու գնացին, – պատասխանեց Հարությունյանը՝ հավելելով, որ կապի միջոցը կամ պարտականությունները այլ սպայի փոխանցելու դրվագ ինքը չի նկատել։ Տուժողը աբսուրդ որակեց սպաների խոսքերը, թե զինծառայողները հրամանները ընկալելուն ունակ չեն եղել Արթուր Հարությունյանի խոսքով՝ դրանից հետո շարունակել են նահանջել դեպի մեկ այլ սար, բայց ընթացքում բաժանվել են երկու մասի․ մի մասը արագ էր քայլում եւ հասցրեց անցնել սարի մյուս կողմ, իսկ իրենք կամավորական քեռու եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ մոտ 90 հոգով հետ մնացին։  Արթուրի հիշելով՝ հետ մնացած անձնակազմով նահանջելիս են եղել Հադրութից հարավ, բայց Հովհաննես Մուրադյանը հեռախոսակապով խոսել է ինչ–որ մեկի հետ, որը ասել է, որ նահանջեն դեպի Հադրութ, որովհետեւ այնտեղ զինվորներ կան, թեեւ չգիտեն՝ հայ թե ադրբեջանցի։ Այդ նահանջի ընթացքում էլ արդեն ադրբեջանցիները մոտեցել են իրենց, եւ հարձակում է սկսվել։  Ձախից՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, տուժող Արթուր Հարությունյանը Ինչպես հայտնի է, հարձակման ընթացքում նորակոչիկների անձնակազմի հետ մնացած միակ սպա Հովհաննես Մուրադյանը, նաեւ՝ այդ կամավորական քեռին, զոհվել են։ Դրանից հետո ողջ մնացած անձնակազմը՝ մոտ 21 հոգի, թաքնվել է գյուղի տներում, կապ հաստատել զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հետ․ «Ասաց՝ ինչ–որ ձեւ գտեք, դուրս եկեք, ասում էինք՝ վիրավորներ ունենք, ասում էր՝ ծանր է, հասկանում եմ, բայց ձեւ գտեք, այսինքն՝ չի ասել, որ մեր հետեւից գալու են կամ ճանապարհ ցույց չի տվել»,– հայտնեց Արթուրը։ Տուժողի իրավահաջորդներից Հրանտիկ Հարությունյանը խնդրեց արձանագրել, որ Քարամյանը, փաստորեն, իրենց խաբել է՝ ասելով, թե տղաներին ճանապարհ է ցույց տվել։ Նշենք, որ այս դրվագի շուրջ հարցաքննվելիս Արթուր Քարամյանը դատարանում հայտնել է, որ մեկ անգամ խոսել է շրջափակման մեջ գտնվող զինծառայողներից մեկի հետ, ասել, որ եթե համարձակվեն դուրս գալ, ինքը ուղղությունը կբացատրի, սակայն այդ մեկ զանգից հետո նրանց հետ կապը կորել է։ Դրանից հետո, ըստ Քարամյանի ցուցմունքի, տղաների մասին տեղեկացրել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը տուժողին տեղեկացրեց, որ հրամանատարական կազմը նշել է, թե զորքը գտնվել է այնպիսի խուճապային վիճակում, որ արդյունավետ չէր հրամաններ տալը, որովհետեւ, մեկ է, ի վիճակի չէին ընկալելու․ «Իմ համար դա ուղղակի աբսուրդ է, նույնիսկ եթե էդպես է, հրամանատարները պատասխանատու են զորքի համար եւ պարտավոր են մինչեւ վերջին պահը կազմակերպել այնպես, որ զորքը չմնա առանց սպայի եւ չզոհվի»,– ասաց Հարությունյանը։ Կարեն Մանուկյանի տեղեկություններով՝ Վահանյանն անձամբ է ինքն իրեն վիրավորել Հարցաքննված մյուս տուժողը՝ Կարեն Մանուկյանը, որ բանակ է զորակոչվել 2020 թ․ հունիսի 14-ին, նույն հետագիծն է անցել․ սկզբում եղել է Ջրականում, այնտեղից նահանջից հետո՝ Հադրութում։ Մանուկյանը, սակայն, Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ վաշտում չի եղել, այլ Վահագ Բարսեղյանի, եւ Գրիգորյանենց հետ չի նահանջել։ Ավելին, նա կարծիք հայտնեց, որ հենց այդ առաջին նահանջի հետեւանքով է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իրենք թշնամու հետ մարտի են բռնվել, թեեւ իրենցից առաջ դեռ յուրային ստորաբաժանումներ են եղել․ ենթադրեց՝ այդ հատվածն է բացվել, թշնամին ներթափանցել է։ Իրենց վաշտի հրամանատարն էլ, ըստ տուժողի, լիարժեք չի տիրապետել տեղանքին․ «Վաշտիս հրամանատարը եղել է Բարսեղյան Վահագը, բայց պատերազմի ընթացքում, որպես էդպիսին, ենթարկվել եմ Սեւան Ղազարյանի հրամաններին, նենց չի, որ Վահագը հրաման տար, չէի անելու, ուղղակի ես իրեն չէի ճանաչում որպես նորմալ սպա, տենց դեպքեր եղել են․․․ Հոկտեմբերի 5–ին անձրեւոտ իրիկուն էր, զորքը նահանջ էր տվել, մենք մնացել էինք շրջափակման մեջ, Վահագը տարածքին ծանոթ չէր, մենք ենք տրամաբանորեն գտել դեպի «9–րդ կմ» գնացող ճանապարհը, էն ճանապարհով, որով մեզ սնունդ է եկել, գնացել ենք, հասել մեր զորքին»։ Կարեն Մանուկյանը Մանուկյանը եւս Վահանյանին Հադրութի դպրոցում է հանդիպել, քայլքի փոփոխություն չի նկատել։ Նրա խոսքով՝ դպրոցում զինծառայողների եւ սպաների միջեւ վիճաբանություն է եղել, զինծառայողները համապատասխան սպառազինություն են պահանջել․ «Հադրութը, ուր պիտի բարձրանայինք, անտառային տարածք էր, իսկ մեզ մոտ համապատասխան սպառազինություն չկար, էդ պահին Բադալյան Մանուկին եմ հիշում, Վահանյանին, Գարիկին (գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանն է), ասում էին՝ կլինի, ոչինչ, բարձրանանք, կերեւա, իսկ մենք ուզում էին՝ զենքը լիներ, նոր բարձրանայինք, ոչ թե բարձրանայինք, սպասեինք»։ Ի վերջո, ըստ տուժողի, առանց համապատասխան զենքերի են բարձրացել, միայն հագուստն են փոխել։ Խոսելով արդեն Խուռհատ սարում տեղի ունեցած իրադարձություններից՝ տուժողը ասաց՝ անձամբ չի տեսել, բայց լսել է Վահանյանի փախուստի մասին․ «Պատերազմը սկսելու օրվանից Իշխան Վահանյանի գործողություններին ծանոթ չեմ եղել, կոնկրետ տեսել եմ Հադրութում էն ժամանակ, երբ բարձրացել ենք սարը, դիրքավորվել ենք, դրանից հետո ուղղակի լսել եմ, որ ինքը իրեն ոտքից անձամբ վիրավորել է ու փախուստի դիմել»։ Տուժողը նաեւ տրամաբանական չհամարեց այդտեղ բեկորային վիրավորում ստանալը։ Նաեւ նշեց՝ հրամանները իրար փոխանցելով էին ստանում։ Թե ենթադրյալ փախուստից հետո ինչպես է զորքը կիսվել, Մանուկյանը դժվարացավ հստակ ասել․ «Չեմ կարող կոնկրետ ասել, խառնաշփոթ էր տեղի ունենում, որովհետեւ հակառակորդը խաչաձեւ կրակ էր բաց թողնում, տարբեր ուղղություններից կրակում էր, ու ստորաբաժանումը չէր հասկանում՝ ով որտեղից ոնց արժե նահանջ տալ, ու դրա պատճառով տարբեր ուղղությամբ են նահանջել, տարբեր տղերքի բախտ տարբեր ձեւ է եղել»,– ասաց Կարենը՝ հավելելով, որ ինքն իրենից կախված ամեն ինչ արել է․ «Ֆիզիկապես ունակ եղել եմ, բարոյահոգեբանորեն՝ առավել եւս»։ Ըստ նրա՝ Հադրութ գնալու խորհուրդը տվել է այլ ստորաբաժանման մի ծառայող, որի հետ բջջայինով են կապ հաստատել։ Կարենը շրջափակման մեջ մնացած 21 հոգու կազմում է եղել․ «Սկզբում տան մեջ 20–ից ավելի էինք, բայց մնացածը, որ վիրավորում չունեին, ասացինք՝ գնացեք, հրամանատարներին ասեք, որ մենք էստեղ ենք, մնացինք 9 հոգով․․․ Հետո մենք էլ անձամբ զանգեցինք Գարիկին, ինքն էլ ասաց՝ մի երկու ժամից էդտեղ կլինեմ, տեղներդ չփոխեք, բայց տենց էլ չեկավ․․․ Պիտի Վահանյան Իշխանը տեղում լիներ, որ բանը չհասներ նրան, որ մենք շրջափակման մեջ ընկնեինք», – ասաց նա՝ հավելելով, որ կատարվածը դավաճանություն է։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
23:55 - 11 օգոստոսի, 2023
Մեկնարկելու է «Կյանքի պուրակի» շինարարությունը. աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը
 |news.am|

Մեկնարկելու է «Կյանքի պուրակի» շինարարությունը. աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը |news.am|

news.am: Երևանի Բուսաբանական այգում 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող «Կյանքի պուրակի» ստեղծման աշխատանքների մեկնարկի համար կառավարությունը 250 միլիոն դրամ է հատկացրել։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։ Ըստ որոշման՝ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագրից» 250 միլիոն դրամը վերաբաշխվեց պուրակի շինարարությունը սկսելու համար։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ իրականացվել է մրցութային գործընթաց, ամբողջ աշխատանքների համար նախատեսվում է 4 միլիարդ 510 մլն դրամ։ Աշխատանքներն իրականացնելու համար ժամկետ է սահմանվել 900 օրը: Նախատեսվում է 32 հա տարածքում տնկել 7000 ծառ, մոտ 12 հազար թուփ, կառուցվելու են հանդիպումների հրապարակներ, հիմնական ծառուղիներ, զբոսանքի պուրակներ, աստիճաններ, լճակ և հանգստի այլ գոտիներ։ «Նախագծային մակարդակում ստացել ենք մի բան, որն իսկապես պատեհ է մեր նահատակների հիշատակը հավերժացնելու և նրանց հարգանքի տուրք մատուցելու այս հայեցակարգին` ապրելով, զարգանալով, ուժեղ պետություն ունենալով»,– ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:52 - 11 օգոստոսի, 2023
«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»․ Էրդողան |armtimes.com|

«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»․ Էրդողան |armtimes.com|

armtimes.com: «Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ այդպիսով հաստատելով Անկարայի մասնակցությունը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։ Էրդողանը նաև հայտարարել  է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ «Թուրքիան մեր ժամանակներում դարձել է մի երկիր, որի մասնակցությունը շատ կարևոր հարցերում դարձել է անհրաժեշտություն։ Մեր նպատակն է երկխոսության և դիվանագիտության միջոցով մեր երկրի շուրջ ստեղծել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի»,- ասել է Էրդողանը:
09:55 - 09 օգոստոսի, 2023
Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են
 |armeniasputnik.am|

Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախյան պատերազմների մասնակիցները Երևանում` Հանրապետության հրապարակում, բողոքի ակցիա են անում հաջակցություն Արցախի։ «Արցախը մերն է եղել, հիմա էլ մերն է ու մերն էլ մնալու։ Արցախը ոչ ոք չի կարող կտրել մեզնից։ Այս երկրի տերը մենք ենք` կռվողն էլ, մեռնողն էլ մենք ենք։ Պահանջում ենք, որպեսզի հենց այսօրվանից թույլ տան սնունդը տեղափոխել Արցախ։ Մեր պայքարի միակ հասցեատերն Արցախն է, Արցախը տանք` հետո Սյունիքն է լինելու։ Այսօր մեր ինքնասիրությունը վերցնում են մեր ձեռքից, պետք է գնանք մեր ինքնասիրության հետևից»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Մեկ այլ անձ էլ շեշտեց, որ իրենք կարող են և պատրաստ են պայքարելու ու պահելու Արցախը, Լաչինի միջնացքը բացելու, միայն թե պետք է կառավարությունն իրենց զինի։ Դիտարկմանը` իշխանությունները պնդում են, թե ուժերն անհավասար են, ակցիայի մասնակիցները միաձայն պատասխանեցին, որ դա սուտ է ու ցանկացած պահի, երբ պատերազմ սկսի, իրենք կարող են ապացուցել դա։ «Հիմա բոլորը միանում են մեզ, իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը, բոլոր ռեսուրսները բաժանում ենք մարդկանց ու բոլոր հարցերը լուծում ենք»,– նշեց ակտիվիստը։ Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։ Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
13:41 - 08 օգոստոսի, 2023
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օգոստոսի 5-ին հանդիպել է «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինվորների ծնողների հետ |news.am|

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օգոստոսի 5-ին հանդիպել է «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինվորների ծնողների հետ |news.am|

news.am: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը օգոստոսի 5-ին հանդիպել է «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինվորների ծնողների հետ: Այս մասին NEWS.am-ին պատմեց ծնողներից մեկը: Անհետ կորած զինծառայողի ծնողն ասաց, որ որեւէ արդյունք չկա իրենց որդիներին վերադարձնելու գործընթացում: «Աբազյանն ասում է՝ սպասեք սեպտեմբեր մինչեւ, մենք էլ չգիտենք, թե այդ ժամանակ ի՞նչ պետք է լինի: Նախ նա մեկ օր առաջ ասում էր՝ կհանդիպենք, հետո մեզ հետ մոտ 2 ժամ հանդիպել է Սանամյանի տեղակալ՝ Խաչատրյան Աշոտը։ Այնքան ձգձվեց խոսակցությունը, որ ծնողներից մեկը վատացավ, շտապ օգնություն կանչեցինք, մենք էլ ասացինք՝ եթե Աբազյանը չի ընդունելու, ապա լրագրողներին ենք կանչելու, արագ հանդիպում կազմակերպեցին նրա հետ: Աբազյանը բերանը ջուր է առել, ասում է՝ դե ժողովուրդ ջան պիտի սպասեք: Կրկին փափուկ բարձ դրեցին մարդկանց գլխի տակ»,- պատմեց ծնողը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ զինծառայողների մարմինների ԴՆԹ հետազոտությանը. «Ասացին՝ կա 80 թե 90 հոգանոցի ԴՆԹ, որոնց ԴՆԹ-ները չեն վերցրել, ես էլ ասացի՝ ինչպե՞ս կարող են վերցնել, եթե մենք ապացույցներ ունենք, որ մեր որդիները չեն: Ես ասացի՝ կարո՞ղ է մեկն ապացուցի, որ նա իմ որդին է»: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը: Նշենք, որ օրեր առաջ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի մոտ, այնուհետեւ ԱԺ-ում, պահանջելով հանդիպումները պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:
21:16 - 07 օգոստոսի, 2023
Վաշտի հրամանատարը 2020-ի նոյեմբերի 2-ին դիրքի անձնակազմին հրամայել է նահանջել. գործն ուղարկվել է դատարան

Վաշտի հրամանատարը 2020-ի նոյեմբերի 2-ին դիրքի անձնակազմին հրամայել է նահանջել. գործն ուղարկվել է դատարան

ՊԲ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար Վ.Հ.-ն, ռազմական դրության ժամանակ, մարտական գործողությունների պայմաններում՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ին, չունենալով զբաղեցված մարտական դիրքերից նահանջելու վերաբերյալ ավագ պետի հրամանը կամ թույլտվությունը, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմին անհիմն հրամայել է նահանջել, ինչի հետևանքով անձնակազմը լքել է մարտական դիրքերը: Այս մասին տեղեկացնում են Դատախազությունից: «Այնուհետև, Վ.Հ.-ն, «ձախ ծնկան հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, այտուցի ձևով» թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք ստացած լինելու պատրվակով, դիմել է բուժօգնության և մի քանի օրով ազատվել ծառայողական պարտականությունների կատարումից: Ապաքինվելուց և շարք վերադառնալուց հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, Վ.Հ.-ն, տեղեկանալով, որ վաշտի անձնակազմի հետ մեկնելու է մարտական առաջադրանք կատարելու, փորձել է համոզել սերժանտ Ա.Մ.-ին՝ արհեստական եղանակով վնաս պատճառել իր առողջությանը. սերժանտ Ա.Մ.-ից մերժում ստանալուց հետո՝ Վ.Հ.-ն որոշել է ինքնուրույն անդամախեղում կատարել: 2020 թվականի նոյեմբերի 6-ին, դեպի մարտական դիրքեր տանող ճանապարհով ընթանալու ժամանակ, Վ.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է իր աջ ազդրին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: ՀՀ ՊԲ հրամանատարի 2021 թվականի փետրվարի 16-ի հրամանով՝ Վ.Հ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 2023 թվականի հուլիսի 22-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) և 363-րդ հոդվածի 5-րդ մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը): 2023 թվականի օգոստոսի 1-ին դատախազը քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:36 - 04 օգոստոսի, 2023
ԼՂ-ում ապրող մարդիկ պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, թե հեռանալ․ Իլհամ Ալիև

ԼՂ-ում ապրող մարդիկ պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, թե հեռանալ․ Իլհամ Ալիև

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը իրականում կայուն խաղաղություն չէր ապահովում․ դա խաղաղության պայմանագիր չէր։ Այս մասին Եվրոնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  «Ես կարծում էի, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իրավիճակն այլ է լինելու։ Մենք պատրաստ էինք խաղաղության և, փաստորեն, որոշ ժամանակ սպասում էինք, որ միջազգային խաղացողները նոր առաջարկներ անեն, բայց մենք հասկացանք, որ դա մի տեսակ անորոշ է։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ անել: Եվ իրավիճակը, որով մենք ունեինք 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը, իրականում կայուն խաղաղություն չէր ապահովում։ Դա խաղաղության պայմանագիր չէր: Դա հռչակագիր էր»,- ասել է Աիլևը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը առաջ քաշեց խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային սահմանների փոխադարձ ճանաչումը, սահմանների սահմանազատումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: Պատասխանելով հարցին, թե արդյոք իրատեսական են խաղաղության բանակցությունների հերթական փուլից հետո կայուն խաղաղության հասնելու հույսերը, Ալիևը ասել է, որ պետք է հույս ունենալ [կայուն խաղաղության]։ Նա ընդգծել է, որ խաղաղության բանակցությունները իրականացվում են արտգործնախարարների մակարդակով, իսկ ինքը [Իլհամ Ալիևն] և ՀՀ վարչապետը հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։ «Խաղաղության պայմանագրի կետերի վրա հիմնական կենտրոնացումը կատարվում է արտգործնախարարների կողմից։ Ես կարծում եմ՝ մեր հանդիպումները պարզապես ստեղծում են լավ մթնոլորտ»,- ասել է նա։  Ինչ վերաբերում է բանակցությունների ընթացքին, Ալիևի խոսքով՝ դրանք թույլ են տալիս «շոշափել զգայուն հարցեր», ինչպես օրինակ՝ սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցեր, քանի որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը դեռ որոշված չէ։  «Ինչպիսի՞ն կլինի սահմանը: Ինչպիսի՞ն կլինի հաղորդակցությունների [բացման] հետ կապված իրավիճակը։ Որովհետև Հայաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պարտավորություն է ստանձնել՝ թույլ տալ մեզ մուտք գործել մեր էքսկլավային Նախիջևան, բայց, այնուամենայնիվ, դա տեղի չի ունենում․․․«Եթե մենք տեսնենք հայկական կողմից կառուցողական մոտեցում, և եթե նրանք լիարժեք մի կողմ դնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց ձգտումները, այդ ժամանակ մենք կարող ենք գտնել խաղաղ լուծում շատ արագ, անգամ մինչև տարեվերջ»,- ասել է Ալիևը։  Անդրադառնալով ԵՄ միջնորդության մասին հարցին և թե ինչ նոր բան են նրանք բերել բանակցություններին, Իլհամ Ալիևը նշել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի և ԵՄ-ի, Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության մակարդակը, ԵՄ-ի կողմից բանակցություններում ակտիվ լինելը բնական է։ Ալիևի խոսքով՝ հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Մինսկի խումբը չէր գործում և փաստորեն, այն այլեւս չի գործում, ինչ-որ միջազգային ինստիտուտ պետք է լիներ։ «Ես մտածում էի, որ ԵՄ-ն կարող է լավագույնը լինել, քանի որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և շահի վրա։ Այսպիսով, այս նախաձեռնությունն այժմ վերածվում է երկխոսության շատ ակտիվ ձևաչափի»,- ասել է Ալիևը՝ հիշեցնելով, որ ԵՄ միջնորդությամբ հանդիպումները միայն Բրյուսելում չեն լինում, այդպիսի հանդիպում է եղել նաև, օրինակ, Քիշնևում․ «Կարծում եմ՝ դա կարևոր է, քանի որ մենք թույլ չենք տալիս, որ իրավիճակը լճանա, որովհետև եթե իրավիճակի լճացում լինի, եթե նորից նրանց [հայկական կողմի] հետ կապը խզվի, ապա  չկան երաշխիքներ, որ վտանգավոր սցենարներ չեն լինի»։ Հայ-ադրբեջանական բանակցություններում ՌԴ միջնորդական դերի մասին խոսելիս Ալիևը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին հրադադարի հայտարարության միջնորդը հենց Ռուսաստանն էր․  «Դա ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն չէին: Հայ գործընկերոջս [Նիկոլ Փաշինյանի] հետ մեր առաջին հանդիպումները կազմակերպել էր Ռուսաստանը։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակը փոխվել է։ Սկսեցինք տեսնել, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ակտիվացան։ Մեզ համար իրականում էական տարբերություն չկա, թե ով է կառաջնորդի բանակցային գործընթացը կամ ով ինչ-որ չափով կմենաշնորհի այն։ Կարևոր է հասնել արդյունքի։ Որ դերակատարը հանդես գա խաղաղության համաձայնագրի հանգեցնող նախաձեռնություններով, մենք կաջակցենք դրանց։ կարող է հանդես գալ նախաձեռնություններով, որոնք կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի, մենք կաջակցենք դրան․․․ Իհարկե, մենք հասկանում ենք աշխարհաքաղաքական որոշակի մրցակցությունները, որոշ խաղացողների՝ ավելի ակտիվ լինելու փորձերը։ Մենք կարող ենք ընդունել միայն այն դեպքում, եթե լինի առողջ մրցակցություն, որը դրական արդյունքների կհանգեցնի»: Լրագրողը հետաքրքվել է նա Լաչինի իջանցքում այժ տիրող իրավիճակով, ինչին ի պատասխան Իլհամ Ալիևը պնդել է, թե Լաչինի միջանցքը երբևէ փակ չի եղել ազատ տեղաշարժի համար։  Հիշեցնելով հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպը, Ալիև նշել է, թե այդ միջադեպից հետո որոշ ժամանակ հետաքննության համար ճանապարհը փակվել է, իսկ հետո կրկին բացվել է, բայց ԿԽՄԿ-ի միջոցով մաքսանենգության փորձ է արվել։  Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այնուհետև Ադրբեջանը ԿԽՄԿ-ին մի քանի անգամ թույլ տվեց Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան, սակայն հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքով երթևեկությունը առհասարակ դադարեցրեց՝ որպես պատճառ նշելով այն, թե հայերը ԿԽՄԿ մեքենաների միջոցով փորձել են բենզին, ծխախոտ և այլ ապրանքներ տանել Արցախ։  Ալիևը նշել է, թե այս դեպերքից հետո Կարմիր Խաչից խնդրել են Ադրբեջանի հետ ավելի կառուցողական աշխատել։ «Ցավոք սրտի, մինչ այսօր ԿԽՄԿ գրասենյակը Ղարաբաղում ենթակա է եղել ոչ թե Բաքվին, այլ երեւանյան գրասենյակներին։ Սա ընդունելի չէ, որովհետև ամբողջ աշխարհը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Անգամ Հայաստանի վարչապետը բազմիցս ասել է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Դա մեր օրինական հարցադրումն է, թե ինչու Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը ոչ թե Բաքվի, այլ Երևանի գրասենյակի ենթակայության տակ է»,- ասել է Ալիևը։  Լրագրողը հարցին, թե արդյոք խաղաղության պայմանգրի հիմնական խոսչընդոտը Լաչինի միջանքում ստեղծված իրավիճակն է, Ալիևը պատասխանել է՝ իր կարծիքով՝ այդ երկու հարցերը փոխկապակվցված չեն։  «Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին իրավիճակը փոխվեց ապրիլի 23-ին, երբ սահմանային անցակետ հիմնեցինք։ Մինչ այդ մենք երկուսուկես տարի ժամանակ ունեինք խաղաղության համաձայնության հասնելու համար։ Միակ խոչընդոտն այն էր, որ Հայաստանը չէր ցանկացնում պաշտոնապես Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչել։ Այո, դա արել են բանավոր հայտարարություններով, ինչը նույնպես դիրքորոշում է, բայց նրանք պետք է ստորագրեն փաստաթուղթը։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ այս երկու հարցերը փոխկապակցված են։ Ես հուսով եմ, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները կավարտվեն հաջող սցենարով և առաջիկա ամիսներին»։  Հաջորդիվ լրագրողը հարց է հնչեցրել, թե որն է եղել Իլհամ Ալիևի՝ որպես Ադրբեջանի նախագահի, հիմնական առաքելությունը․ պատերազմում հաղթե՞լը, թե՞ Հայաստանի հետ խաղաղության հասնելը։  «Պատերազմում հաղթելը իմ կյանքի, իմ քաղաքական կյանքի առաքելությունն էր, որը հաջողությամբ ավարտվեց»,- պատասխանել է Ալիևը՝ նշելով, թե դա թիվ մեկ առաքելությունն էր, որը հաջողությամբ Ադրբեջանը ավարտել է, իսկ հիմա խոսում է խաղաղության մասին։ «Այժմ խաղաղությունը մեր օրակարգում է: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, որովհետև մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Եվ մենք չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան Ադրբեջանի նկատմամբ։ Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում՝ այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, որպես էթնիկ փոքրամասնություն, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնություն, որոնցով Ադրբեջանը հարուստ է, թե հեռանալ։ Այսպիսով, սա նրանց ընտրությունն է։ Դա նրանից չէ, որ մենք ուզում ենք, որ նրանք հեռանան, կամ, ինչպես մեզ մեղադրում է Հայաստանը, մենք էթնիկ զտումներ ենք կազմակերպում։ Ոչ, մենք նրանց ընտրության հնարավորություն ենք տալիս: Ինչպե՞ս կարող են նրանք ապրել մեր տարածքում որպես Հայաստանի քաղաքացի՝ առանց որևէ օրինական թույլտվության, կամ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», որը ոչ ոքի կողմից ճանաչված չէ։ Այնպես որ, կարծում եմ՝ սա լեգիտիմ մոտեցում է, ինչը համահունչ միջազգային պրակտիկային»,- ասել է Իլհամ Ալիևը։  Ալիևը, նշելով, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի ու խաղաղություն է ուզում հաստատել Հայաստանի հետ, ասել է․ «Կարծում ենք, երբ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կկարգավորվեն ու դիվանագիտական հարաբերություններ կհաստավեն երկու երկրների միջև, Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիները իրավունք ունեն վերադառնալու Հայաստան»։  Ադրբեջանի նախագահը Հայաստանին նաև կոչ է արել հստակ գիտակցել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի հարաբերակցությունը։ «Կարծում եմ՝ չպետք է ընդդիմանալ միջազգային հանրության խաղաղ նախաձեռնություններին։ Նրանք [հայերը] պետք է հասկանան, որ եթե խաղաղության պայմանագիր չստորագրեն Ադրբեջանի հետ, ապագայում իրավիճակը անկանխատեսելի կլինի։ Աշխարհաքաղաքական իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, ինչպես տեսնում ենք, շատ կտրուկ փոխվում է։ Եվ նրանց [հայերի] անվտանգային հույսերի մի մասն ամբողջությամբ հօդս ցնդեց։ Այժմ նրանք փնտրում են անվտանգության նոր երաշխավորներ։ Ո՞վ է պատրաստ այս տարածքում պատերազմի դաշտում բախում ունենալ Ադրբեջանի հետ, հատկապես այն բանից հետո, ինչ մենք ցույց տվեցինք պատերազմի ժամանակ և երբ պատերազմից հետո բարձրացրինք մեր պաշտպանունակությունը։ Կա՞ որևէ մեկը, որը պատրաստ է պայքարել մեր դեմ հայերի համար։ Ես կասկածում եմ»,- ասել է Ալիևը։ 
14:56 - 02 օգոստոսի, 2023
Դավիթ Տոնոյանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ ձևաչափով նիստին․ ընդդիմությունը կրկին ներկա չէ

Դավիթ Տոնոյանը մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ ձևաչափով նիստին․ ընդդիմությունը կրկին ներկա չէ

Այսօր շարունակվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, բայց արդեն փակ ձևաչափով․ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանում է Դավիթ Տոնոյանը։  Նիստին ներկա չէր զոհված զինծառայողի հրավիրյալ ծնողը, որի հարցերին ցանկանում էր պատասխանել Տոնոյանը, ուստի միանգամից մեկնարկեց նիստի փակ հատվածը։ Այսօր ևս ընդդիմադիրները նիստին ներկա չեն։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն երեկ Ազգային ժողովում էր՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ․Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ Դավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովի նիստում հորդորել էր ընդդիմությանը գոնե հանձնաժողովի փակ նիստին ներկայանալ, ի պատասխան Գեղամ Մանուկյանը նշել էր՝ Դավիթ Տոնյանը չի կարող որոշել ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։ Նա նշել էր, որ այս հանձնաժողվի աշխատանքները լոկ միտված են պատերազմի և պարտության հանգամանքները, ռազմաքաղաքական կառավարման ձախողումները կոծկելուն, ոչ թե դրանք քննելուն։
11:57 - 02 օգոստոսի, 2023
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Եվրոնյուզին

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Եվրոնյուզին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև. Euronews – Պարոն վարչապետ, իմ առաջին հարցը Լեռնային Ղարաբաղի մասին է, որը Հարավային Կովկասում վերջին շրջանում գտնվում է մի կատաղի փուլում։ Լարվածությունը չի մարել նույնիսկ 2020 թվականի խաղաղության գործարքից հետո։ Որո՞նք են շարունակական մարտական գործողությունների պատճառները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ պիտի ասեմ, որ այնուամենայնիվ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կամ, ինչպես Դուք անվանեցիք, խաղաղության գործարք չէ իր իրավական կողմով: Բայց ոչ այնքան դե յուրե, որքան դե ֆակտո նրա մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են, որովհետև, այո, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ դա կարող է լինել և է խաղաղության ապագա ճարտարապետության վերաբերյալ որոշակի պատկերացում: Ցավոք, օրինակ, շատ դրույթներ պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից և խախտված են: Դուք Ձեր հարցը նշեցիք՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, և դա հասկանալի է բոլորին: Բայց, օրինակ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը, և Ադրբեջանի նախագահն էլ ստորագրել է այդ հայտարարության ներքո: Ավելին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, որը սահմանված է եռակողմ հայտարարության 7-րդ կետով: Ավելին՝ նույն հայտարարության 7-րդ կետով սահմանված է, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո: Ադրբեջանը, ցավոք, մինչև օրս այդ պարտավորությունը և այդ իրավունքը չի ապահովել: Ավելին՝ պատերազմի ընթացքում հայաթափված մի շարք գյուղերում իրականացնում են շինարարական աշխատանքներ, և Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքները վերաբնակեցնելու է ադրբեջանցիներով: Էլ չեմ ասում, որ ի հեճուկս եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա վերադարձված չեն գերիները, պատանդները, այլ պահվող անձինք. Հայաստանի Հանրապետությունից, հայկական կողմից մինչ այժմ, մինչև վերջերս 33 գերի կար, վերջերս էլ 2 հոգի առևանգվեցին: Լաչինի միջանցքը, որ էլի սահմանված է Ձեր հիշատակած եռակողմ հայտարարությամբ և որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ և որի համաձայն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ստորագրության, պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ընդ որում՝ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ միայն, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, այլ նաև 5 կիլոմետրանոց լայնությամբ տարածություն, ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից: Euronews – Լաչինի միջանցքին դեռ կանդրադառնանք։ Այժմ ուզում եմ հարց տալ ներկայիս խաղաղության բանակցությունների մասին։ Դուք հենց նոր եք վերադարձել Բրյուսելից, որտեղ հանդիպեցիք Ադրբեջանի նախագահի հետ։ Մի քանի անգամ ևս հանդիպել եք նաև ԵՄ միջնորդությամբ։ Խաղաղության այս բանակցությունները շատ մարդկանց տևական խաղաղության հույս են տվել։ Որքանո՞վ է խաղաղությունը հնարավոր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի: Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ: Ես կարող եմ սկսել նախավերջին մեր բրյուսելյան հանդիպումից, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քմ Հայաստանի դեպքում և 86 600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում: Մենք նաև պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, հիմնական քաղաքը, պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել: Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն: Euronews – Ի՞նչ կասեք ԵՄ միջնորդության մասին։ Բազմաթիվ միջազգային դերակատարներ փորձել են միջնորդել այս ճգնաժամին լուծում գտնելու համար՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, և հիմա ԵՄ-ն էլ ավելի մեծ դերակատարում է ստանձնել։ Ի՞նչ նոր բան են նրանք բերել բանակցություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նախ ես կուզեի ընդգծել, որ ընդհանրապես միջնորդության առավելությունները վաղուց և բոլորին հայտնի են, բայց բոլոր միջնորդություններն էլ ունեն որոշակի թերություններ: Ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը, և եթե թույլ կտաք, ես կխոսեմ թերության մասին: Օրինակ, տեսեք, բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետևյալ խնդիրը, և այն շարունակական է, որ մենք սեղանի շուրջ պայմանավորվում ենք, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Եվ եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ: Ես Ձեզ կարող եմ բերել կոնկրետ օրինակ՝ իմ ներկայությամբ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռևս անցյալ տարեվերջին խոստացել է, պարտավորվել, որ առաջիկա մի շաբաթից 15 օրվա ընթացքում, դա դեռ անցյալ տարի է եղել, ազատ կարձակվեն 10 գերիներ: Մինչև հիմա այդ պարտավորությունը չի կատարվել: Բայց մյուս կողմից՝ ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ: Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է: Euronews – Դուք նկատի ունեք, որ Բրյուսելը հետամուտ չի՞ լինում բանակցությունների ընթացքում կողմերից մեկի թերությունների վերացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե առանց դիվանագիտության՝ այո: Euronews – Արդյոք կարծո՞ւմ եք՝ այն փաստը, որ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան, առավել մեծ դերակատարություն են ստանձնել այստեղ, դա զայրացրե՞լ է ավանդաբար տարածաշրջանային տերությանը՝ Ռուսաստանին, թե՞ հակառակը, այն փաստը, որ Ռուսաստանը լծված է ուկրաինական հարցով, տարածություն է տվել այլ դերակատարներին գալ և փորձել օգնել ձեզ և Ադրբեջանին գտնել ընդհանուր եզրեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում այդպիսի դրվագներ լինում են, երբ պատկերավոր ասած, աշխարհաքաղաքական խանդի որոշակի տեսարանների ականատես ենք լինում: Բայց ես նաև ուրախությամբ պետք է նկատեմ, ընդ որում՝ տարբեր կողմերից, ոչ միայն մի կողմից, այլ տարբեր կողմերից, այդպիսի երևույթներ նկատվել են պարբերաբար, որ կարծես թե, արդեն այլևս որոշակի շեշտադրումների փոփոխություններ կան: Եվ այդ փոփոխությունը հետևյալն է. մենք տարբեր կողմերից լսում ենք հայտարարություններ, որ ցանկացած հարթակ, որը բարենպաստ կլինի խաղաղության գործընթացի համար, իրենք դա ողջունում են և կողջունեն: Եվ սա շատ կարևոր է: Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ այդ տեսարաններն իրականում մեզ հետ ուղիղ չեն կապված, որովհետև գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն էր գործում, որը ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հասցեագրման համար, բայց 2022 թվականի ուղիղ փետրվարի 24-ից համանախագահները փաստացի ֆիզիկապես դադարեցրին իրենց շփումները: Նրանց մի մասը որոշեց, որ չի ուզում շփվել մյուս մասի հետ: Եվ այդտեղ առաջացավ նման խնդիր: Իրականում Ձեր նշած որոշակի, կամ իմ անվանած աշխարհաքաղաքական խանդի ժանրն ի հայտ եկավ այդ ամսաթվից հետո, որովհետև մինչև այդ, ըստ էության, նման ժանր չկար: Բայց մյուս կողմից իհարկե առավել արդյունավետ կլինի, եթե միջազգային գործընկերները մեկտեղեն իրենց ջանքերը: Վերջերս կան նշաններ, որ նրանք, այնուամենայնիվ, այս տրամաբանության նկատմամբ՝ երկրորդ տրամաբանության նկատմամբ, որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են: Euronews – Նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ձեզ և Ադրբեջանի նախագահին Մոսկվա՝ բանակցությունների նոր փուլի համար։ Ի՞նչ կարող եք ասել այս տարածաշրջանում Ռուսաստանի ներկայիս ազդեցության մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ հրավերի մասին՝ ես դեռ որևէ հրավեր չեմ ստացել, սա պիտի ընդգծեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ներկայությանը, գիտեք իհարկե Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական խաղացողների ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ նվազում է, որովհետև գործնականում Ուկրաինան ամբողջ միջազգային ուշադրությունը կենտրոնացնում է իր վրա: Եվ, իհարկե, այդ գործոնը կա: Բայց Ռուսաստանը մեր տարածաշրջանում ներկա է, ներկա է Լեռնային Ղարաբաղում, ներկա է Հայաստանի Հանրապետությունում, բայց ներկա է նաև Եվրամիությունը. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր գործոն է: Իհարկե, առաքելությունը պետք է լիներ երկու կողմից, որովհետև ի սկզբանե այդպիսին էր պայմանավորվածությունը, որը ձեռք բերվեց Պրահայում 2022թ. հոկտեմբերի 6-ին քառակողմ հայտարարության ընթացքում, համենայնդեպս այդ ժամանակ էր, որ առաջին անգամ Եվրամիության առաքելությունը եկավ մեր տարածաշրջան և ի սկզբանե կարծես կար համաձայնություն, որ պետք է երկու կողմից սահմանին ներկա գտնվեն Եվրամիության առաքելության ներկայացուցիչները, բայց ինչ-ինչ պատճառներով հընթացս Ադրբեջանը կարծես թե դրանից հրաժարվեց: Euronews – Եկեք խոսենք տեղում իրավիճակի մասին։ Դուք նշեցիք Լաչինի միջանցքը։ Արդարադատության Միջազգային Դատարանը, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, բոլորը պահանջել են երաշխիքներ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերաբերյալ։ Ի՞նչ է տեղի ունենում այս առումով, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հանդիսանում է վճռորոշ դարպաս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ես կուզենայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը տարանջատել Ձեր թվարկած մյուս գործոններից, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր իրավական ուժ, այսինքն՝ դա միջազգային բարձրագույն դատական ատյանն է, որի որոշումներն ունեն բարձրագույն իրավական ուժ և այդ դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա սույն թվականի փետրվարի 22-ին ընդունել է որոշում, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրեն հասու բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, ապրանքների և քաղաքացիների երկկողմանի շարժն ապահովելու համար, և հուլիսի 6-ին այդ որոշումը վերահաստատել է: Սա շատ կարևոր է նաև միջազգային իրավակարգի տրամաբանության տեսակետից, որովհետև Միջազգային իրավունքի բարձրագույն դատական ատյանի որոշումը չի կատարվում: Դա ընդհանրապես օրենքի և օրինականության տեսակետից, կարծում եմ, գլոբալ առումով վատ մեսիջ է և մտածելու նյութ՝ միջազգային հանրության համար, համենայնդեպս, մենք աշխատելու ենք այս խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու համար: Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է: Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ. Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես սնունդ չի մատակարարվում, արտաքին մատակարարման սնունդ չկա, չկան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, չկա մանկական սնունդ, չկա դեղորայք, չկան հիգիենիկ պարագաներ, չկան առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, վառելիքի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից: Եվ այս առումով մենք այնտեղ սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած, առողջապահական խնդիրների և այլն, և այսպես շարունակ: Euronews – Ադրբեջանը շարունակաբար հերքում է, որ նրանք են դա անում։ Նրանք պնդում են, որ Աղդամի ճանապարհը հասանելի է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և որը պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Սկզբունքորեն, գիտեք, կներեք մի քիչ աբսուրդ բան ասեմ, բայց լուսնից դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհը բաց է, ոչ մի անցագրային կետ չկա, բայց ես չեմ կարող խոսել ինձ անհայտ ինստիտուտների մասին, թե դա ինչ ճանապարհ է՝ Մարսից, լուսնից: Ես խոսում եմ նրա մասին, ինչը փաստաթղթավորված հասկացություն է: Հիմա այդ ճանապարհը փակ է, եթե որևէ մեկը կասկածում է, Դուք կարող եք հենց հիմա փորձել գնալ դեպի Լեռնային Ղարաբաղ: Իմիջիայլոց, երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու բերումով ինքը չունի հնարավորություն հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է՝ նախ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում չէր ասի, որ ես չեմ կարող օգնություն հասցնել, և երկրորդը՝ արձանագրում է, որ ինքը դա չի կարող անել և երրորդը՝ չի կարող անել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով: Սրան հետևեց նաև, եթե չեմ սխալվում, «Freedom house» միջազգային կազմակերպության արձագանքը՝ կոչով, որ պետք է ապահովել հումանիտար բեռների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ: Հայաստանի կառավարությունը երեկ որոշում է կայացրել և այսօր ճանապարհին է այդ օգնությունը՝ 400 տոննա հումանիտար բեռ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Տեսնենք՝ կգնա՞ Լեռնային Ղարաբաղ այդ օգնությունը, թե՝ ոչ: Այսինքն, ըստ եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, այդ հումանիտար օգնությունը պետք է տեղ հասնի: Հիմա կտեսնենք՝ տեղ կհասնի՞, թե՝ ոչ: Վերադառնալով հումանիտար ճգնաժամին, հետևյալն ասեմ. իհարկե, Լեռնային Ղարաբաղում, մանավանդ այս սեզոնին, որոշակի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվում են, բայց Ադրբեջանի զինվորականները կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, գյուղատնտեսական տեխնիկայի վրա: 2020 թվականից այս կողմ մենք դեպքեր ունենք, երբ տրակտորիստը սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Բայց հիմա տրակտոր էլ չի աշխատում, որովհետև վառելիք չկա: Եվ վառելիքի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում բերքահավաք իրականացել, եթե ինչ-որ հրաշքով բերքահավաք են իրականացնում, ասենք օրինակ՝ հացահատիկի, այդ բերքը հնարավոր չէ կրկին վառելիքի բացակայության պատճառով հասցնել ալրաղացներ, եթե ինչ-որ հրաշքով ալյուր են ստանում՝ կրկին վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չէ հասցնել հացի թխման արտադրամասեր, եթե ինչ-որ հրաշքով ալյուրը հասցնեն՝ էլեկտրաէներգիայի, գազի բացակայության պատճառով հնարավոր չէ արտադրական ծավալներով հաց արտադրել, եթե ինչ-որ ձևով հնարավոր է հաց արտադրել՝ կրկին տրանսպորտի բացակայության պատճառով այդ հացը դժվար է կամ հնարավոր չէ խանութ հասցնել: Եթե հնարավոր է խանութ հասցնել՝ հասարակական և մասնավոր տրանսպորտ չի գործում կրկին վառելիքի բացակայության պատճառով, որպեսզի մարդիկ գնան և այդ հացը ձեռք բերեն խանութից: Եթե ինչ-որ ձևով նրանց հաջողվի հասցնել խանութ, այս բլոկադայի պատճառով բոլոր ձեռնարկությունները փակվել են, բոլորը կորցրել են իրենց աշխատանքը և մարդիկ չունեն եկամուտներ խանութից հաց ձեռք բերելու համար: Եթե ինչ-որ հրաշքով ունեն հաց ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտ՝ հերթերն այնքան մեծ են, իսկ ապրանքն այնքան քիչ, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով այդ խանութի մոտ հասնելով այդ վաճառվող քիչ, հրաշքով, հրաշքի շղթայով խանութ հասած ապրանքն իրենց կարող է ուղղակի չհասնել: Եվ այսպես նույն տրամաբանությամբ նայենք՝ մանկական սնունդ. պատկերացրեք՝ երիտասարդ մայրերը չունեն հնարավորություն երեխաներին կերակրել մանկական սնունդով: Ընդ որում, նրանցից շատերը, գուցե հենց սկզբից բնական ճանապարհով չեն կերակրել երեխաներին, և սկսել են մանկական սննդով կերակրել և մի օր ուղղակի մանկական սնունդն անհետացել է: Euronews – Ես Ստեփանակերտում գտնվող լրագրողի հետ եմ խոսել, ով գրեթե նույն ցավալի իրավիճակը ներկայացրեց։ Ուզում եմ խոսել 2020 թվականի մասին։ Հազարավոր մարդիկ են զոհվել՝ զինվորներ և քաղաքացիական անձիք։ Ես այստեղ էի, Հայաստանում, ու գնացի Լեռնային Ղարաբաղ այդ ընթացքում, խոսեցի զոհված զինվորականների մայրերի հետ, ես նաև մյուս կողմում ցավի ու ավերածությունների ականատեսը եղա իմ գործընկերների՝ Ադրբեջանում կատարած աշխատանքի արդյունքում։ Բայց ես հիշում եմ մայրերից մեկին Հայաստանում, ով իր որդու մահվան մեջ մեղադրում էր քաղաքական գործիչներին, ովքեր սովորել են դիվանագիտության արվեստը, բայց ընկել էին պատերազմի թակարդը։ Ձեր կարծիքով՝ Ձեր առաքելությունը պատերազմ հաղթե՞լն է, թե՞ բանակցելը հանուն խաղաղության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պատերազմը բոլոր դեպքերում սխալ է, այսինքն եթե կա պատերազմ՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ մի բան սխալ է արել, կամ մի քանի հոգի են ինչ-որ բան սխալ արել։ Եթե մյուս կողմից նայենք, իրականում ի՞նչն է դառնում պատերազմի պատճառը, պատերազմի պատճառը խաղաղությունը պահպանելու կամ երկարաժամկետ խաղաղության հասնելու անհնարինությունից է ծագում։ Իսկ այդ անհնարինությունն ինչքանո՞վ է իրական, ինչքանո՞վ է անկեղծ, ինչքանո՞վ է օրիգինալ, դա մյուս հարցն է։ Դուք խոսում եք ծնողի մասին, մայրիկի մասին, ով խոսում է քաղաքական գործիչների մասին: Ես, իհարկե, հասկանում և ընդունում եմ, և որևէ կերպ չեմ վիճարկում զոհված զինվորի մոր, կնոջ, երեխայի որևէ ասած։ Բայց մենք մոռանում ենք մի հանգամանք, որ քաղաքական գործիչներն էլ են մարդիկ, այնպես չէ, որ նրանք ինչ-որ առանձին գենետիկ վերարտադրությամբ արտադրվող այդպիսի տեսակ են։ Իմ որդին էլ է պատերազմում եղել, իմ կինն էլ է պատերազմում եղել, և այո՛, Դուք հիմա մի հարց եք առաջադրում, որը շատ լուրջ է, որն իհարկե լեգիտիմ հարց է, բայց կարծում եմ՝ այդտեղ շատ խորքեր կան։ Մարդկությունն իր ողջ գոյության ընթացքում խոսել է պատերազմները շրջանցելու, պատերազմներ թույլ չտալու, խաղաղության հասնելու մասին։ Եվ ենթադրենք՝ այս շենքում են վատ քաղաքական գործիչներ, իսկ աշխարհի այն մյուս հազարավոր ուրիշ շենքերո՞ւմ։ Դրա համար շատ հեշտ բացատրություն է՝ կան մարդիկ և կան քաղաքական գործիչներ: Ահա այս վատ քաղաքական գործիչները թույլ չեն տալիս, որ մարդիկ լավ ապրեն, որը ճիշտ է մեծ հաշվով, մի տարընթերցմամբ՝ հաջորդ պահին, մանավանդ ժողովրդավարական հասարակության մեջ, կարող են տեղերով փոխվել՝ քաղաքական գործիչը կարող է դառնալ մարդ, մարդը կարող է դառնալ քաղաքական գործիչ և իշխանավոր, և խնդիրն այն է, որ այդ ցիկլերը հազարավոր տարիներ կրկնվում են։ Euronews – Դուք մի շատ կարևոր բան նշեցիք այստեղ։ Այս տարածաշրջանում առկա է շատ կոնկրետ ու ողբերգական ցիկլ, որտեղ մեկի հաղթանակը կարող է արձանագրվել միայն ու միայն մյուսի կապիտուլյացիայի միջոցով։ Այսօր ես խոսեցի մի երիտասարդ հայի հետ, ով ինձ ասաց, որ նա անկախության սերնդի ներկայացուցիչ է և որ դեռ շատ փոքր էր՝ հայ և ադրբեջանցի երեխաների միջև երկխոսություններ էին կազմակերպվում Վրաստանի միջնորդությամբ։ Եվ նա ասաց, որ շատ բարյացակամորեն է դա հիշում։ Ի՞նչ եք կարծում, եթե խաղաղությանը հնարավոր լինի հասնել, նկատի ունեմ խաղաղության պայմանագիր կնքվի, հնարավոր կլինի՞ այն իրագործել այսքան ցավի մեջ, թե՞ ընդհակառակը, խաղաղությունը պետք է կառուցվի ներքևից դեպի վերև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛, իհարկե հավատում եմ։ Ես ուզում եմ իմ խոսքին ի շարունակություն հետևյալ մի նյուանսի վրա Ձեր ուշադրությունը հրավիրել։ Քաղաքական գործիչներն իրականում և՛ հանրային տրամադրություններ ստեղծողներ են, և՛ հանրային տրամադրություններ կրողներ են, և՛ հանրային տրամադրության վրա ազդողներ են, և հանրային տրամադրությունից ազդվողներ են։ Դա շատ բարդ համակարգ է, բայց քանի որ Դուք խոսեցիք երիտասարդության մասին, հիշում եմ 2018 թվականին ես մի այդպիսի գաղափար առաջ քաշեցի։ Ես տեսնում էի, թե սոցիալական ցանցերում հայ և ադրբեջանցի օգտատերերն ինչպիսի ագրեսիվ բառամթերք են օգտագործում։ Եվ իմ հրապարակային ասուլիսներից մեկում կոչ արեցի, որպեսզի սոցիալական ցանցերի հայ և ադրբեջանցի օգտատերերը, որոնք հիմնականում յութուբում նույն տեսանյութի տակ մեկնաբանություններ էին գրում, որպեսզի այդ հարթակն օգտագործեն խոսելու, ոչ թե հայհոյելու համար։ Ես կոչ արեցի այդ ժամանակ, բայց այդ կոչն, իհարկե, ինչպես հետո պարզվեց, բավարար արդյունք չեղավ կամ գուցե մենք բավարար հետևողականությամբ չաշխատեցինք այդ ուղղությամբ։ Պատերազմի տրամաբանության մեջ, ես ուզում եմ հետևյալն ասել, որ մենք երբեք չպետք է մոռանանք, պայմանական ասած, առաջին արյունի գործոնը, երբ որևէ տեղ զոհ է եղել, արյուն է հեղվել, սա շատ խորը հոգեբանական, սոցիալական, հանրային և քաղաքական պահ է։ Շատ դժվար է և՛ հանրության, և՛ քաղաքական գործիչների համար, իրականում այդպիսի բաժանում չկա։ Ես էլի եմ ասում, միշտ իմացեք, որ այո՛, քաղաքական գործիչներն ազդում են հանրության տրամադրության վրա, բայց ազդվում են նաև հանրության տրամադրությունից և հակառակը։ Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել: Սա բոլոր տեղերում այդ պրոբլեմը կա ու երբեք այդ պրոբլեմը մի տեղ, մի կողմից չէ։ Տեսեք, Դուք խոսում եք զոհվածի մոր մասին, պատկերացրեք, թե դա ակնհայտորեն ինչ կարևոր գործոն է, որ Դուք հիմա մեր զրույցում դա դարձրել եք քննարկման նյութ։ Բայց դրանից առաջ կամ դրանից հետո էլ կարող է հարց հնչել, եթե հիմա դուք գնում եք այսպիսի զիջումների կամ փոխզիջումների, բա մեր երեխաներն ինչի՞ զոհվեցին, և այդ հարցի պատասխանը ոչ մեկ չունի, ոչ մեկ չի կարող տալ, երբեք։ Եվ այս հարցն իմացեք՝ ցանկացած քաղաքական գործչի սեղանին դրված է։ Նույնիսկ եթե մարդը հասկանում է ապագայում զոհեր թույլ չտալու անհրաժեշտությունը, ինքը միշտ գիտի, որ պիտի երկրորդ հարցի պատասխանն էլ ստանա, բա նախկինում զոհվածներն ինչո՞ւ զոհվեցին, ուրեմն անիմա՞ստ էր այդ զոհողությունը։ Ուրեմն կրկին քաղաքական գործիչներն ուղղակի տարան այդ մարկանց սպանեցին և վերջ, ուրիշ որևէ իմաստ, բովանդակություն, նպատակ, առաքելություն այդ ամեն ինչի մեջ չկա՞։ Եվ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ գիտեք՝ Ձեր որդին կամ դուստրը զոհվել են հանուն ապագա խաղաղության, ինչպե՞ս բացատրել մարդուն, որ կարելի է զոհվել հանուն խաղաղության, եթե մեր ողջ նպատակը խաղաղությունն է։ Euronews –Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնում ե՞ք։ Այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքը Ձեզ հանգիստ չի տալիս, այդպես չէ՞։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը մի պահ մի կողմ դնել և զբաղվել ուղղակի առօրյա աշխատանքով։ Euronews – Պրն, վարչապետ, և վերջին հարցը։ Արդյոք ինչ-որ ուղերձ ունեք ուղղված մյուս կողմին, բայց ոչ թե քաղաքական առաջնորդներին, ում հանդիպում եք բանակցությունների բերումով, այլ Ադրբեջանի ժողովրդին։ Ուղերձ ունե՞ք նրանց, ովքեր հնարավոր է նայում են մեզ հենց հիմա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես կարծում եմ դա լավ ժանր չէ, որովհետև երբ երկու քաղաքական գործիչներ խոսում են իրար հետ, ըստ էության, խոսում են երկու ժողովուրդներ, որովհետև մի կողմից խոսում է այդ ժողովրդի կողմից ընտրվածը, այս կողմից խոսում է այս ժողովրդի կողմից ընտրվածը։ Հետևաբար, այն՝ ինչ մենք խոսում ենք, իհարկե միջազգային հարթակ է, դա նաև ուղղված է այդ ժողովրդին, բայց եթե որևէ բան կա ասելու, կարելի է ասել այն, ինչ ես առաջին վայրկյանից ասում էի՝ ուղղված էր նաև Ադրբեջանի ժողովրդին։ Նման դեպքերում կան հերթապահ նախադասություններ՝ասում են, որ մենք երկար ժամանակ ապրել ենք այստեղ և դեռ երկար ժամանակ պետք է ապրենք, կարծում եմ բոլոր խոսքերն ասված են։ Իմիջիայլոց, կա թերևս մի բան, որն ուղղված է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը, որովհետև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից։ Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ և խաղաղություն, ճկունություն և հմտություն այդ պահանջը իրականացնելու։ Euronews – Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Հուսով եմ հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:
09:09 - 02 օգոստոսի, 2023
Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի խնդրանքն էր ինձ․ Դավիթ Տոնոյան

Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի խնդրանքն էր ինձ․ Դավիթ Տոնոյան

Հստակ հիշում եմ, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գտնվելը Արցախում՝ թե՛ հրամանատարական կետում, թե՛ այլ վայրում, ՊԲ հրամանատարի անձամբ ինձ խնդրանքն էր։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ «Նա [Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը] ինձ դիմել է, որ ՊԲ նախկին հրամանատարը, ԳՇ նախկին պետը գտնվի [Արցախում] եւ աջակցի ՊԲ հրամանատարին։ Կարող եք ճշտել այդ հարցը Ջալալ Հարությունյանից։ Ռազմական գործողությունների ընթացքում հնարավոր է՝ գործուղման հետ կապված փաստաթղթավորման խնդիրներ [եղած լինեն], բայց դա կարող եք ստուգել, ես հիմա չեմ կարող ասել»,- ասաց Տոնոյանը։ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ ի պաշտոնե իրավասո՞ւ էր արդյոք ՊՆ վերահսկողական ծառայության պետը [որն այդ ժամանակ Մովսես Հակոբյանն էր] գտնվել ՊԲ հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում, ժամանակավոր փոխարինել ՊԲ հրամանատարին եւ տալ առաջարկություններ կամ ընդունել որոշումներ՝ օպերացիա վարելու վերաբերյալ։ Դավիթ Տոնոյանն ասաց, որ տվյալ դեպքում Հակոբյանը գտնվել է ՊՆ ուղիղ ենթակայության տակ, եւ իր գտնվելը ՊԲ-ում պայմանավորված է եղել ՊԲ հրամանատարի խնդրանքով․ «Չէր կարող ինքը հրամանատարական ուղղահայացում որեւէ հրաման իջեցնել, ես կարծում եմ՝ ինքը դա չի էլ արել, բայց խորհրդատվություն տրամադրելու առումով չեմ բացառում։ Բացի դրանից՝ նա հետո, եթե չեմ սխալվում, հիվանդացել է կովիդով, հետագայում շարունակել է իր գործունեությունը ՊՆ-ում։ Դա եղել է սկզբնական փուլը, ամեն դեպքում Ջալալ Հարությունյանի պաշտոնավարման սկզբնական փուլում»։ Դավիթ Տոնոյանն առաջարկեց քննիչ հանձնաժողովում լսել նաեւ ՊԲ հրամանատար ՄՄիքայել Արզումանյանին։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ խնդիրն այն է, որ նրա վերաբերյալ գործը դատարանում է։ Տոնոյանն արձագանքեց, որ կարելի է միջնորդել, քանի որ անհրաժեշտություն կա․ «Էն շահարկումները, որ կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, եւ ես կարծում եմ՝ ինքը պետք է խոսի»։ Քոչարյանն ասաց, որ առաջարկը քննարկման առարկա կդարձնի։
16:25 - 01 օգոստոսի, 2023
Դավիթ Գալստյանը ՀՀ-ի մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում մատակարարումների կազմակերպման կարողություններ ուներ․ Տոնոյան

Դավիթ Գալստյանը ՀՀ-ի մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում մատակարարումների կազմակերպման կարողություններ ուներ․ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ Մարտական կառավարման կենտրոնը չի սահմանափակվում մեկ դահլիճով, այնպիսի անձինք, որոնք որոշումների կայացման վրա ազդելու իրավունք չունեն կամ տեղեկություններ իմանալու իրավունք չունեն, գտնվում են հատուկ կահավորված դահլիճում, որտեղ իրականացվում են նաեւ նկարահանումներ, ընդ որում՝ հակառակորդին մոլորության մեջ գցելու, մեր ԶՈՒ եւ հանրության բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու։ Այն սենյակներում, որտեղ կայացվում էին որոշումներ, այդ սենյակներում այլ անձինք ներկա չեն եղել։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ 2020թ․ սեպտեմբերին Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ինչ պաշտոն է զբաղեցրել ՊՆ-ում։ Դավիթ Տոնոյանը միանգամից ասաց, որ Դավիթ Գալստյանը չի եղել իր խորհրդականը [մամուլում Դավիթ Գալստյանն այդպես է ներկայացվել]․ «Նա եղել է այն անձը, որն անհրաժեշտ էր, եւ ես չգիտեի՝ 44 օր է տեւելու, ինչքան է տեւելու, նա եղել է այն անձը, որը հնարավորություն եւ կարողություններ ուներ մատակարարումների կազմակերպման՝ ՀՀ-ի մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում, որը եւ իրականացրել է։ Եթե ձեզ անհրաժեշտ է [իմանալ], թե քանի թռիչքներ են եղել կամ ցամաքային ուղիներով, կներեք, «աճպարարության» շրջանակներում է հայտնվել սպառազինությունը ՀՀ-ում, կխոսենք փակ նիստի ժամանակ։ Այդ անձը որեւէ ձեւ չի մասնակցել որոշումների կայացմանը եւ ներկա չի եղել քննարկումներին»,- ասաց Տոնոյանը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ թե ԳՇ պետի հետ զրույցը, թե այլ տեղեկություններ իրենց հանգեցրել են այն մտքին, որ պատերազմի օրերին Հայաստան մտած սպառազինությունը եղել է չնչին քանակի։ Ալեքսանյանը Տոնոյանին հարցրեց՝ սա հաստատո՞ւմ է, թե՞ հերքում։ Վերջինս ասաց, որ ծավալի վերաբերյալ հարցին էլ կպատասխանի փակ նիստի ժամանակ․ «Խնդիրը պահանջարկի մասին չէ, որովհետեւ ԶՈՒ-ն պահանջարկ է ձեւավորում, իրենց համար, իհարկե, բավարար չէր, բայց ապահովման առումով արվել է համարյա թե անհնարինը, որի վերաբերյալ հակառակորդ երկրի նախագահը երկու անգամ հրապարակային բողոքել է»,- ասաց նախկին նախարարը։
15:55 - 01 օգոստոսի, 2023
Տոնոյանը ներկայացրեց, թե որն է եղել պատերազմի օրերին Մեղրիում լինելու պատճառը

Տոնոյանը ներկայացրեց, թե որն է եղել պատերազմի օրերին Մեղրիում լինելու պատճառը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ 44-օրյա պետրազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող Դավիթ Սանասարյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրեց մանրամասնել, թե հոկտեմբերի 21-29 ինչու էր Մեղրիում, արդյոք հիմնավո՞ր էր այդ օրերին ոչ թե ՊՆ-ում, այլ Մեղրիում գտնվելը։ Տոնոյանն ասաց, որ Մեղրիում գտնվելու հիմնավորության գնահատականը պետք է տա այդ ժամանակվա իր վերադասը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակեց, որ այդ ժամանակ Մեղրու մոտ՝ ՀՀ պետական սահմանի ընդամենը 2-3 կմ-ի վրա արդեն ունեինք բավականին մեծ թվով զոհեր ինչպես զինծառայողների, այնպես էլ զորահավաքային ռեսուրսի, կամավորական ջոկատների շրջանում, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, վիրավորված էր Մեղրու գնդի հրամանատարը․ «Ձեւավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալ Գյոզալյանը։ Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի հայտնվելը Մեղրիում բավականին լուրջ ազդեցություն ունեցավ եւ բնակչության, եւ ԶՈՒ սոտրաբաժանումների վրա, որոնք առաջնագծում խնդիրներ էին կատարում»,- ասաց Տոնոյանը։  Նախկին նախարարի խոսքով՝ կան եւ փաստական, եւ տեսագրական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող են գործել այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին․  «Ես ինքս իմ աչքերով տեսա, թե ինչպես էր գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը, ինքս եմ նկարահանել։ Դա եղել է հրապարակային, դրա վերաբերյալ եղան մեր հրապարակային արձագանքները։ Նաեւ ունեի այլ գործառույթ՝ հստակ համագործակցություն տեղի ՌԴ սահմանապահ ուժերի հետ։ Այնպես ստացվեց, որ ՌԴ սահմանապահներն անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի, գնդակոծման, հրետակոծման շատ հասանելի տարածքում էին գտնվում։ Կազմակերպչական որոշ խնդիրներ կային մոբիլիզիացիոն, տարածքային պաշտպանության կազմակերպման առումով»,- ասաց նա՝ միաժամանակ բարձր գնահատելով ԱԱԾ, ոստիկանության, ԱԻՆ աշխատակցիների ծառայությունը տեղում․ «Աշխատում էր մի կուռ թիմ։ Հետո հետ եմ կանչվել վարչապեի կողմից՝ ըստ երեւույթին իրավիճակի գնահատման առումով»։   Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղեկություններ կան, որ Տոնոյանը Մեղրիում զրույց է ունեցել հարավային թեւում մեր խմբավորման հիմնական ղեկավար Տիրան Խաչատրյանի հետ։ Տոնոյանի մտաբերմամբ՝ այդ ժամանակ Տիրան Խաչատրյանը վիրավոր է եղել, եւ ղեկավարը եղել է Փիլոյանը [ըստ ամենայնի նկատի ունի Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին, որն Ազգային հերոսի կոչում էր ստացել, իսկ այժմ մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար]։
15:21 - 01 օգոստոսի, 2023
Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի․ Գեղամ Մանուկյան

Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի․ Գեղամ Մանուկյան

Դավիթ Տոնյանը չի կարող որոշել՝ ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության ընդդիմության վերաբերյալ։ «ԱԺ Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ մեր դիրքորոշումն եղել է խորքային, համակարգային, եւ պայմանավորված չի եղել որեւէ անձով, որեւէ մեկի ցուցմունքով կամ տեղեկություն ստանալու անհրաժեշտությամբ, քանի որ ամեն դեպքում, այս հանձնաժողովը չունի հանրային լեգիտիմություն, եւ վերջնարդյունքը պարզ է ու հայտնի։ Այս հանձնաժողվի աշխատանքները լոկ միտված են պատերազմի և պարտության հանգամանքները, ռազմա-քաղաքական կառավարման ձախողումները կոծկելուն, ոչ թե դրանք քննելուն։ Դավիթ Տոնյանը չի կարող որոշել ինչ ձեւաչափով գործի ընդդիմությունը եւ ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։ Առնվազն հրապարակային խոսքում Դավիթ Տոնյանը այդպես էլ չասաց, թե շարունակու՞մ է պնդել 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում արտահայտած իր կարծիքը, երբ դեմ էր հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին ու քննադատում ընդդիմությանը։ Ու վերջապես, կրկին շեշտեմ՝ բոլորին հարցեր, ու շատ հարցեր տալու հերթը դեռ գալու է, երբ ձեւավորվի իրոք անկախ, հանրային վստահություն ունեցող ու բոլորը հարցերի պատասխանը ստանալ ցանկացող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Մինչ այդ շարունակում ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը չեն կարող անաչառորեն քննել իրենց իսկ արաքները։ Հ.Գ. Կմաղթեմ միայն, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաեւ իշխանության թիրախում հայտնված, պատանդի կարգավիճակում պահվող բոլոր զինվորականները հնարավորինս շուտ լինեն ազատության մեջ», - գրել է պատգամավորը։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ժամանակ կոչ էր արել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, իսկ հակառակ դեպքում այլև հրապարակային հայտարարություններ չանեն իր գործունեության վերաբերյալ։ «Ես խնդրում եմ, որ գոնե փակ նիստի ժամանակ ընդդիմության մասնակցությունը լինի, առնվազն երկու ուժի մասնակցությունը՝ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի: Հակառակ դեպքում ես կխնդրեի այդ կուսակցությունների ներկայացուցիչներին այլեւս հրապարկային չարտահայտվել առնվազն իմ գործունեության հետ կապված հարցերում»,- նշել է Տոնոյանը:
15:06 - 01 օգոստոսի, 2023
Առաջին բանակային կորպուսի կրճատման հաշվին ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ․ Դավիթ Տոնոյան

Առաջին բանակային կորպուսի կրճատման հաշվին ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց, թե ում առաջարկով եւ ինչ հիմնավորումներով են նրա որոշմամբ նախքան պատերազմն սկսվելը կրճատվել ՀՀ ԶՈՒ հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը։ Տոնոյանն ասաց, որ այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնա փակ նիստում, բայց նշեց, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին տարբեր կորպուսներում ձեւավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ․ «Դրա հիմնավորումը եղել է ԶՈՒ կոլեգիալ հիմնավորումը, ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծումը եւ այլ հատուկ ստորաբաժանումներ ստեղծումը շատ ավելի կարեւոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ափսոսանք է հայտնել, որ իր նշանակումից առաջ այդպիսի որոշում է եղել․ այդ ժամանակ ԳՇ պետը եղել է Արտակ Դավթյանը։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ ե՞րբ էր սկսվել այդ զորամասերի կրճատման գործընթացը։ Տոնոյանն ասաց, որ ժամանակաշրջանը եղել է պատերազմի նախորդող ժամանակաշրջանը, ավարտվել ռազմական գործողությունների սկսելուց մեկ տարի առաջ։ Նա ընդգծեց, որ դրանում որեւէ դավադրություն տեսնելու կարիք չկա։ Թե ինչ գնահատական կտա Տոնոյանը ՊՆ-ին եւ ԶՈՒ կառավարման ողջ համակարգին, մասնավորապես իր պաշտոնավարման ընթացքում, նախկին նախարարն ասաց, որ խաղաղ պայմանների համար կառավարման համակարգը գործում էր, թեեւ, ունեցել է իր թերությունները․ «Թերությունները մենք շտկում էինք, բայց եւս մեկ անգամ կրկնեմ՝ պաշտպանությանը վերաբերող հարցերն անընդհատ փոփոխության մեջ են, այդ մարմինն անընդհատ մոդեռնիզացվում է, վերաձեւակերպվում է, սպառազինվում է։ Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար այդ աստիճանի եւ ծավալի ռազմական գործողություններ վարելու առումով»։
14:42 - 01 օգոստոսի, 2023
Այդ հաշվարկը մեր կողմից թերի է եղել, չենք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամնեը 25-45կմ հեռավորության վրա․ Տոնոյան

Այդ հաշվարկը մեր կողմից թերի է եղել, չենք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամնեը 25-45կմ հեռավորության վրա․ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին հիշեցրեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրը ՀՀ անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ ՀՀ ԶՈՒ-ն ունակ չէ կանգնեցնել թշնամու ագրեսիան, եւ պնդել է, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։ Քոչարյանը Տոնոյանին խնդրեց մանրամասնել այս մասին։ Նախկին նախարարը, նշելով, որ ինքն այս պահին դատական գործընթացում է, ասաց, որ կարող է շատ զգույշ պատասխանել․ «Ես հաստատ հիշում Եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է ԱԽ-ում։ Չգիտեմ՝ որ մասն է հրապարակել ԱԽ-ն, այդպիսի խոսակցություն եղել է նաեւ այլ ձեւաչափերով, եւ դրա վերաբերյալ առաջին զեկույցը սպասել եմ ես։ Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դու չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին եւ ԱԽ-ին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ երրորդ կողմը Թուրքիան է եղել․ «Այդ ներգրավումն իրականացվում էր ոչ թե նախիջեւանյան ուղղությամբ կամ ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով արցախյան թատերաբեմում։ Այդ հաշվարկը մեր կողմից թերի է եղել, մենք չենք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի զինված ուժերն անմիջապես կարող են հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամնեը 25-45կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ ինչի՞ց է բխել այն կանխատեսումը, որ Թուրքիան կարող է չներգրավվել, գուցե դրա պատճառը մեր ռազմավարական դաշնակցի դիրքորոշումներն ու քննարկումնե՞րն են եղել․ «Ես վստահ եմ՝ այդպիսի քննարկումներ պետք է որ եղած լինեին տարբեր մակարդակներում, ի՞նչն էր մեզ այդքան հանգիստ պահել, որ մենք չենք ունենալու մի իրավիճակ, որ Թուրքիան ամբողջությամբ կներգրավվեր այս խնդրի մեջ»,- հարցրեց պատգամավորը։ Տոնոյանն ասաց՝ հանգիստ չեն եղել, անհանգիստ են եղել․ «Երկրորդը՝ երկու շրջափուլ ռազմավարական վերանայման գործընթացի եւ սպառնալիքների հնարավորինս ճշգրիտ գնահատման պրոցես է իրականացվել 2008-10 եւ 2016-18 թվականներին։ Սպառնալիքների գնահատման ընթացքում մենք գնահատում ենք մեր դաշնակցային հարաբերությունները։ Ինչ վերաբերում է իրական վիճակին, ինչը կատարվեց, վերջին սպառնալիքների գնահատման շրջափուլի ընթացքում աշխարհաքաղաքական այդպիսի պրոցեսներ չէին ընթանում»,- նշեց նախարարը՝ ասելով, որ մնացյալը կասի փակ նիստում։ Նա եւս մեկ անգամ նշեց, որ հաշվի են առել դաշնակցի հանգամանքն ու այն դաշինքը, որում եղել ենք։ Տոնոյանը նաեւ հավելեց, որ ռազմական գործողությունների սկսումը միշտ գնահատվել է կամ լիովին հավանական կամ խիստ հավանական․ «Հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի եւ նրա դաշնակցի հայտարարությունների առումով [ռազմական գործողությունների սկսումը] սկսեց գնահատվել խիստ հավանական։ ԶՈՒ ԳՇ-ն, խիստ հավանական գնահատելով ռազմական գործողությունների վերսկսումը, իրականացրել է համապատասխան միջոցներ՝ բավականին ծավալուն, ես հուսով եմ, որ ԳՇ պետն այդ գործողությունները ներկայացրել է»։
14:13 - 01 օգոստոսի, 2023